1922 թվականին արդեն իշխանության եկած և այլ երկրներում ֆաշիստական շարժումների համար օրինակ դարձած իտալական ֆաշիզմի փորձի հիման վրա կարելի է նկարագրել ֆաշիզմի ծագման, կառուցվածքի և գործառույթի բնորոշ գծերը։ Անգլիացի պատմաբան Սեթոն-Վաթսոնի «Իտալիան՝ լիբերալիզմից դեպի ֆաշիզմ, 1870-1925» (Italy from Liberalism to Fascism 1870-1925)1 ուսումնասիրությունը, չնայած ուղղակիորեն առաջ չի քաշում որևէ տեսություն, սակայն անուղղակիորեն ներկայացնում է նման տեսության սահմանման համար կարևոր մի շարք նախադրյալներ։ Չնայած հետազոտությունը դիմում է պատմագիտական հին գործիքների օգնությանը, արդյունքում կենտրոնանալով քաղաքական իրադարձությունների վրա և միայն որոշ առիթներով անդրադառնալով սոցիալ-տնտեսական հարցերին,2 այդուհանդերձ, այն հանգում է ֆաշիզմի պատճառների և գործառույթների մասին բավականին հստակ պնդումների։
1․ Իտալական իմպերիալիզմը, ինչպես գերմանականը, գտնվում էր առանձնահատուկ վիճակում, քանի որ ուշացել էր աշխարհի բաժանման գործընթացից․ «ԱՄՆ-ը վերցրել էր Իսպանիայից համաշխարհային տերության դերը, Մեծ Բրիտանիան հպատակեցրել էր բուրերին (սպիտակամորթ աֆրիկացիներին), երիտասարդ և կենսունակ ճապոնացիները հաղթել էին Ռուսաստանին, իսկ ֆրանսիացիները դանդաղորեն յուրացնում էին Մարոկկոն … այս զարգացումից Իտալիետտան ետ էր մնացել» (էջ 349)։
Թեև, հեղինակը, չի կարողանում համակարգային ձևով հիմնավորել կապիտալիզմից դեպի իմպերիալիզմ անցումը, սակավ դեպքերում դիմելով տնտեսական կատեգորիաների օգնությանը, և բնութագրում է այն որպես մոդայիկ հոսանք («Imperial expansion was the fashion», էջ 349), սակայն նա շատ դիպուկ նկարագրում է դրա արդյունքում 19-րդ դարի վերջից ի վեր Իտալիայում ի հայտ եկած քաղաքական և գաղափարախոսական հետևանքները՝ զանգվածներին ուղղված ազդեցիկ «պրոլետարական ազգի» գաղափարախոսությունը, որը ստիպված էր պատերազմի միջոցով սեփական կենսատարածք ստեղծել, 1-ին աշխարհամարտում իտալական կառավարության իմպերիալիստական ծրագիրը, որի թիրախը նախևառաջ բալկանյան տարածաշրջանն էր (իսկ այնուհետև Աֆրիկայի հյուսիսը) և տիրապետող դասակարգի ու մոլեռանդությամբ տարված զանգվածների մեծ հիասթափությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ նպատակներին հնարավոր չեղավ հասնել, չնայած 1915 թ. Լոնդոնի համաձայնագրում արևմտյան տերությունների կողմից արված վստահեցումներին։
2. Հատկապես զորացրված զինվորներն ու սպաները և միջին խավի երիտասարդները վերոնշյալի պատճառով 1918-1919 թվականներին ձևավորեցին զինված ազգայնական միավորումներ, որոնք սկզբնական փուլում իմպերիալիստական և հակակոմունիստական սկզբունքները խառնում էին անորոշ հակակապիտալիստականի հետ, սակայն այնուհետև այս միավորումներն արագորեն սկսեցին ծառայեցվել տիրապետող դասակարգին․ «Արդյունաբերությունն ու խոշոր հողատերերը հանձինս նման խմբերի տեսնում էին ավելի ազդեցիկ հակահեղափոխական ուժ, քան լիբերալների առաջնորդ Ջոլիտտիի, որի անգործությունը ֆաբրիկաների գրավման ժամանակ (1920) նրանց շոկի էր ենթարկել ․․․ Խոշոր հողատերերը ֆաշիստական «սևշապիկավորներին» (squadristi) ընկալում էին որպես իրենց մասնավոր ոստիկանական ուժեր և սիրով օգտագործում էին գործադուլներն ընդհատելու, աշխատավարձերն իջեցնելու կամ նոր աշխատանքային պայմանագրեր պարտադրելու համար» (էջեր 570, 574)։ Համապատասխանորեն իր քաղաքական քարոզչությունը արդիականացնում էր նաև Մուսոլինին․ «Արդեն իսկ 1921 թ․ հունվարին նա սկսեց արժևորել կապիտալիզմը ․․․» (էջ 473)։
Աշխատության մեջ պարզ ձևակերպված է ֆաշիստական կուսակցության սոցիալական գործառույթը, որն Իտալիայում հստակ երևում էր դեռ մինչև ֆաշիստական համակարգի հաստատումը: Ուրվագծվում են նաև սեփական սոցիալական բազայի ու նախնական կողմնորոշման հանդեպ այդ գործառույթի ստեղծած հակասությունները։ Նույն կերպ ձևակերպված են այն պատճառները, թե ինչու տիրապետող դասակարգին այլևս չէին բավարարում նախկին բուրժուական կուսակցությունները և պառլամենտական իրավական պետության հաստատությունները՝դրանք ի վիճակի չէին բավարար էներգիայով հակազդել աշխատավորական շարժմանը։
3․ Այսպիսով, վերոշարադրյալից բխում է ֆաշիզմի հաղթանակի էական պայմաններից մեկը. այն կարող է գրավել քաղաքական իշխանությունը միայն այն դեպքում, եթե տիրապետող դասակարգի ֆրակցիաների զգալի մասն ու նշված դասակարգի քաղաքական և գաղափարախոսական ներկայացուցիչները ցանկանում են դա։ Իտալական ֆաշիզմին բնորոշ այս հանգամանքը համոզիչ կերպով հիմնավորում է նաև Սեթոն-Վաթսոնը։ Խոշոր արդյունաբերությունն ու խոշոր հողատերերը, պետական ապարատը, միապետությունն ու Վատիկանը միասնաբար էին գործում բուրժուական իրավական պետությունը վերացնելու և ֆաշիզմն իշխանության բերելու համար։ Մուսոլինիի «ուժեղ կառավարության և կարգապահության մասին խոսքերը ․․․ քաղցր էին հնչում խոշոր արդյունաբերողների միության՝ Կոնֆիդուստրիայի ականջներում, որոնք դառնացած էին տարբեր լիբերալ կառավարությունների կողմից աշխատողներին ընդառաջելու քայլերից ․․․ Եվ նրանց ներկայացուցիչները պառլամենտում օգտագործում էին իրենց ամբողջ ազդեցությունը՝ հակաֆաշիստական կոալիցիայի կայացումը թույլ չտալու համար» (էջ 598)։ «Ֆաշիզմն առանց պետական մարմինների հանդուրժողականության երբեք չէր կարողանա նման արագությամբ զարգանալ։ Շատ նահանգապետներ, ոստիկանական և զինվորական հրամանատարներ, սակայն, սոսկ հանդուրժողականությունից շատ ավելի հեռուն էին գնում» (էջ 576)։ «Բանակի դիրքորոշումը որոշիչ կշիռ ուներ ․․․ Զինվորական շրջանակներում մեծ էր ֆաշիզմի նկատմամբ համակրանքը» (էջ 615)։ Վերջապես, Վատիկանը նույնպես դաշինք կազմեց ֆաշիզմի հետ և վերահաստատեց այդ գիծը կաթոլիկ Ժողովրդական կուսակցության տեսքով (Popolari)․ «Պոպոլարիից շատերը, ինչպես նաև շատ լիբերալներ ավելի շուտ համագործակցում էին, քան դիմադրում ․․․ Նոր Հռոմի պապ Պիուս 9-րդի ազդեցությունը ծառայեցվեց ի օգուտ կուսակցության աջ թևի» (էջ 600)։
4․ Այդպիսով, որպես հակաֆաշիստական պատվար, բացի Ժողովրդական կուսակցության մի քանի ձախական խմբերից, հանդես եկավ միայն կազմակերպված աշխատավոր դասակարգը։ Վերջինիս մասնատումը և քաղաքական սխալ կողմնորոշումը կարող է բնութագրվել որպես ֆաշիզմի հաջողության ևս մեկ հիմնական նախապայման։ Իտալացի կոմունիստները մերժում էին «Կոմունիստական ինտերնացիոնալի» առաջ քաշած՝ սոցիալիստների հետ միասնական ճակատ ձևավորելու առաջարկը և պառլամենտարիզմի ու ֆաշիզմի միջև ընտրության հարցը համարում էին ներբուրժուական, այն է՝ աշխատավոր դասակարգի համար անկարևոր բանավեճ։ Սոցիալիստների, այսպես կոչված, մաքսիմալիստական ֆրակցիան «հանդես էր գալիս հեղափոխական ճառերի և պրակտիկ անգործության ավանդական գործելաոճով» (էջ 601), իսկ աջակողմյան առաջնորդները խորհուրդ էին տալիս հանգստություն պահպանել և սադրանքների չտրվել (էջ 575)։ Արդյունքում, արդեն իսկ 1922 թ․ օգոստոսի սկզբին մեծամասշտաբ գործադուլը տապալվեց, ինչի պատճառը առաջ քաշված չափազանց սահմանափակ նպատակներն էին («պառլամենտի կողմից սահմանադրական ազատությունները պաշտպանելու պահանջը», էջ 609)։ Իսկ աշխատավորների առանձին փորձերը, որոնք ուղղված էին զինված պայքարի միջոցով ֆաշիստական բռնապետության դադարեցմանը, մնացին ապարդյուն (հմմտ․ էջ 629)։
5․ Ֆաշիստական համակարգի սոցիալական գործառույթն արդեն իսկ բխում էր այն դաշինքի դասավորությունից, որի վրա այն հենվում էր՝աշխատավոր դասակարգի կազմակերպությունները մասնատվեցին, քաղաքացիական ազատություններն ու իրավական պետության երաշխիքները վերացվեցին, աշխատավարձերը մինչև 1924թ․ իջեցվեցին 11 տոկոսով (հմմտ․ էջ 638), վարձերի վերահսկումը վերացվեց, Կոնֆինդուստրիան ճանաչվեց որպես արդյունաբերության միակ ներկայացուցիչ (էջ 637), հողային բարեփոխումների շարժումը լռեցվեց, իսկ եկեղեցուն տրվեց արտոնությունների և ազդեցության հնարավորությունների մի ամբողջ շարք «Ամեն տեսանկյունից ֆինանսական շրջանակները և ունևոր դասակարգերը երախտապարտ լինելու պատճառներ ունեին» (էջ 636)։
Ֆաշիստական համակարգի այս սոցիալական գործառույթը պետք չէ շփոթել տնտեսական քաղաքականության հետ։ Թե ինչ քաղաքականություն է այն որդեգրվում՝ պետականացման, թե մասնավորեցման, միմիայն բխում է և կախված է ազդեցիկ մենաշնորհների կոնկրետ պահանջներից, ոչ թե որևէ ֆաշիստական տնտեսական դոկտրինից, որն ամենևին էլ գոյություն չունի։ Իտալական ֆաշիզմն իր առաջին փուլում մասնավորեցրեց մի շարք շահութաբեր հանրային ձեռնարկություններ՝ այդ կերպ գերշահույթներ ապահովելով որոշ ընկերությունների համար։ Դա վերաբերում էր, օրինակ, հեռախոսային համակարգին և կյանքի ապահովագրության ոլորտին։ Քանի որ կան հեղինակներ, ովքեր չեն ըմբռնում ֆաշիզմի սոցիալական գործառույթի և կոնկրետ տնտեսական քաղաքականության միջև նշված տարբերությունը, ապա նրանք ոչ տեղին հիմնավորումներ են բերում ֆաշիստական տնտեսական քաղաքականության իրական էության մասին և այդպիսով հանգում են ֆաշիստական պետական իշխանության՝ խոշոր կապիտալից անկախ լինելու վերաբերյալ սխալ եզրակացությունների։3
Սեթոն-Վաթսոնն իր աշխատության վերջին գլխում ուրվագծում է իտալական ֆաշիզմի հետագա զարգացումը և դրանով անդրադառնում է նաև ֆաշիստական համակարգին հատուկ տիրապետության կառուցվածքին, ինչը կարևոր նշանակություն ունի ֆաշիզմի տեսական ընկալման համար։ Արդեն իսկ նախորդ մեջբերումներից բխում է, որ Սեթոն-Վաթսոնի կարծիքով չի կարող խոսք լինել այն մասին, որ ֆաշիստական պետական իշխանությունը նույն չափով է ենթարկեցնում իրեն բոլոր դասակարգերին։ Կորպորատիվ համակարգը կառուցված էր այնպես, որ այն պետք է հիմնված լիներ «արտադրական գործոնների սոլիդարության՝ կապիտալի ու աշխատանքի հավասարության» վրա։ Սակայն փաստերն այլ էին․ «Գործարարների միությունները պահպանում էին որոշակի ինքնուրույնություն, իսկ աշխատողների շահերը պաշտպանող միավորումները պետության բյուրոկրատական գործակալներ էին» (էջ 699), ինչից Սեթոն-Վաթսոնը որպես սոցիալական արդյունք եզրակացնում է․ «Դասակարգային բաժանումն ընդարձակվում էր» (էջ 706)։
Սույն ախտորոշումը, որն, ըստ էության, տարածվում է նաև ֆաշիստական Գերմանիայի վրա, առավել խորն է բնորոշում ֆաշիզմի սոցիալական բնույթը, քան այն մեկնաբանությունները, որոնք, միգուցե ակամից ֆաշիստական համակարգը դիտարկում են որպես բոլոր դասակարգերի դեմ ուղղված քաղաքական բռնապետություն, որը կայացել է «ժողովրդական համայնքի» կողմից։4 Սեթոն-Վաթսոնը ֆաշիստական համակարգը նկարագրում է որպես փոխզիջումային համակարգ կամ որպես մի յուրօրինակ կրկնակի տիրապետություն՝ միկողմից ֆաշիստական ղեկավարության, և մյուսկողմից՝ ավանդաբար տիրապետող դասակարգի։ Օգտագործելով «իշխանության բաժանման» (էջ700), «հաստատությունների զուգահեռ երկակի հիերարխիաների» (էջ 702), «դիարխիայի» կամ «երկտիրապետության» (էջ 702) հասկացությունները՝ նա փորձում է վերծանել համակարգի էությունը, իհարկե, առանց որոշակիացնելու իշխանության տարբեր գործոնների փոխադարձ կապը։ Սակայն, կարծես, նա վստահությամբ արձանագրում է, որ «չնայած ֆաշիզմը գոյություն ունեցավ 20 տարի, բայց այդպես էլ առաջ չբերեց նոր տիրապետող դասակարգ ․․․ Իրական իշխանության կրողները համաձայնության եկան Մուսոլինիի հետ նույն կերպ, ինչպես նրանք պայմանավորվել էին Կավուրի ու 1860 թ․-ից հետո վերջինիս հաջորդածների հետ» (էջ 702)։
Այս պնդումն իր մեջ միաժամանակ հորդոր է պարունակում՝ ճանաչել քաղաքական թատերաբեմում տեղի ունեցող իրադարձությունների ետևում գործող «իրական իշխանության կրողներին» և այդ իրադարձությունների պատճառ հանդիսացող հասարակական շահերն ու տիրապետությանխմբերը։ Ինքը՝ Սեթոն-Վաթսոնն, այդ հորդորին միայն մասամբ է հետամուտ լինում։ Սակայն, քանի որ նա առանձնահատուկ խորաթափանցությամբ է հետևում քաղաքական իրադարձություններին, և նրա համար տաբու չեն այնպիսի հասկացություններն, ինչպիսիք են դասակարգը, դասակարգային շահը, կապիտալը և այլն, նրան հաջողվում է զգալի չափով տեսանելի դարձնել այդ իրադարձություններն ու հասարակական շարժիչ ուժերը։ Նա, փաստորեն, որպես ելման կետ ընտրում է այն, ինչը տեղի է ունենում քաղաքական թատերաբեմում, և դրանից հետևություններ անում գործող հասարակական ուժերի համար՝ հենվելով, իհարկե, առանձին դեպքերի և ոչ հետևողական մեթոդի վրա։ Օրինակ՝ նրա բնութագրության մեջ անընդհատ խառնվում են անդրադարձից զուրկ անհատական և կոլեկտիվ հոգեբանական տարրեր, ինչպես, օրինակ, «Մուսոլինիի փափկությունը» (էջ 703), ինչը իտալական ֆաշիզմին թույլ չի տվել դառնալ այնքան բիրտ, ինչպիսին դարձավ գերմանականը։ Կամ էլ նշվում է «իտալական բնավորության» մասին (էջ 702), որի «անարխիկ անհատապաշտության» ազդեցությանարդյունքում իտալական ֆաշիզմն իր «անարդյունավետության շնորհիվ մեղմացել էր» (էջ 702)։ Տերմինաբանության մեջ նույնպես անհետևողականություններ են նկատվում։ Կասկած է հարուցում՝ արդյո՞ք առանց որևէ վերապահման կարելի է «դեմոկրատական» համարել քաղաքացիական սահմանադրական պետության այն նույն համակարգը, որից սկիզբ էր առել և քաղաքական իշխանության հասել ֆաշիզմը (էջ 706, 709, 711), հատկապես, երբ Սեթոն-Վաթսոնն ինքն է հստակ մատնանշում, որ դա է պարարտ հող հանդիսացել ֆաշիզմի համար։
Արդյունքների տեսանկյունից ավելի հետևողական կարող էր լինել այնպիսի մեթոդ, որը, հակառակ Սեթոն-Վաթսոնի, չի բխում քաղաքական երևույթներից, այլ ելնում է հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքից, որից էլ կարող են առաջանալ հասարակական ուժերն ու շահերը։ Այդպիսով, քաղաքական և գաղափարական խմբավորումները հանդես չեն գալիս որպես համակարգի պատահական մասեր և արտահայտչաձևեր, չնայած կարևոր են նաև քաղաքական և տնտեսական առանձին ոլորտներն ու «սուբյեկտիվ գործոնի» հարաբերական կշիռը։
Սակայն հեղինակը մասամբ շոշափում է ֆաշիզմի կարևորագույն հիմնախնդիրները։ Հաջորդող վերլուծությունները ցույց կտան, որ ֆաշիզմի մասին բազմաթիվ տեսություններ առանձնանում են նրանով, որ կամայականորեն կենտրոնանում են խնդիրներից միայն մեկի վրա՝ դրանից ածանցելով ֆաշիզմի էությունը։ Այդ տեսությունների միայն մի մասն է համարժեք կերպով արտացոլում խնդրո առարկայի ներքին բարդությունը։
1․ Ch. Seton-Watson, Italy from Liberalism to Fascism 1870-1925, Frome, London 1967.
2․ Տես՝ «Ֆաշիզմի տեսություններ» գրքի նախաբանը, էջ IX։
3․ Տես՝ Wippermann, Faschismustheorien, a.a.O.։
4․ Տես՝ D. Schoenbaum, Die braune Revolution. Eine Sozialgeschichte des Dritten Reiches, Köln/Berlin (West) 1968։
Այս հոդվածը հատված է Ռայնհարդ Քյուհնլի՝ 1979 թվականին հրատարակված «Ֆաշիզմի տեսություններ» գրքից:
Ռայնհարդ Քյուհնլը (1936-2014) սովորել է քաղաքագիտություն, պատմագիտություն և սոցիոլոգիա Մարբուրգի և Վիեննայի համալսարաններում։ 1971 թվականից աշխատել է որպես գիտական քաղաքականության պրոֆեսոր Մարբուրգի համալսարանում։ 1970-1980-ական թվականներին Քյուհնլը եղել է Մարբուրգի քաղաքագիտական դպրոցի հայտնի ներկայացուցիչներից մեկը։ 1972 թվականին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Դեմոկրատ գիտնականների միությունը։ Հատկապես ֆաշիզմի ծագման վերաբերյալ նրակարևոր աշխատանքները հրատարակվել են 14 լեզուներով։ Հիմնական աշխատանքներն են՝ «Բուրժուական տիրապետության ձևերը․ լիբերալիզմ-ֆաշիզմ» (1971), «Ֆաշիզմի տեսություններ․ ուղեցույց» (1979), «Ֆաշիզմ․ պատճառներ, տիրապետության կառուցվածք, այժմեականություն» (1983), «Գերմանիան Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր․ ուսումնասիրություններ գերմանական հատուկ ուղու վերաբերյալ» (1996)։
Դիտվել է 2274 անգամ