1945 թվականին գերմանական ֆաշիզմից Եվրոպայի ազատագրումից հետո ծագեց մի մեկնաբանություն, ըստ որի ֆաշիզմի վերելքն ու քաղաքականությունը էապես կապվում էր ֆաշիստական առաջնորդի մտածողության, նրա կամքի և գործունեության հետ։ Նման տեսակետ արտահայտող աշխատությունների թվաքանակը չափազանց մեծ է։ Այս թեզը հատկապես զարգացվում և տարածվում էր գերմանացի այն պատմաբանների կողմից, ովքեր սերում էին հիստորիզմի ավանդույթներից, բայց դա միայն Գերմանիայով չէր սահմանափակվում։ Չնայած նշված թեզն իր գագաթնակետին հասավ 1945 թվականին, այն մինչ օրս պահպանում է իր ազդեցությունը (հատկապես ԳԴՀ-ում), ինչն էլ ավելի պոպուլյար դարձավ 70-ականներին «Հիտլերի կենսագրությունների» մեծ ալիքի ժամանակ։ Վերը նշված հեղինակները՝ Ֆեստը, Ֆաբրին և Գոլո Մանը ընդգծում են առաջնորդի անձի վճռորոշ դերը ֆաշիզմի ձևավորման և կայացման գործում։ (…)
Սակայն, դրանցից ոչ մեկը չի հասել տեսական անդրադարձի այնպիսի մակարդակի, որում համակարգային կերպով հետազոտված կլինեին պատմական ուժերն ու նրանց միջև փոխհարաբերությունը։ Առաջնորդի կարևորության տեսակետների մեծ մասը միամտորեն ելնում է այն հանգամանքից, որ հաստատ և ինքնին հասկանալի է, որ առաջնորդն է որոշել ֆաշիզմի կառուցվածքն ու քաղաքականությունը։ Բայց նման մոտեցումն արժանի չէ «տեսություն» կոչվելու նաև այն պատճառով, որ դրանում չափազանց քիչ է իրականության չափաբաժինը։ Մասնավորապես, այն թույլ չի տվել պարզաբանել մի քանի էական հարցեր։ Ինչպե՞ս է ստացվել, որ 1918 թվականից հետո գրեթե բոլոր կապիտալիստական երկրներում ֆաշիստական շարժումներ են ձևավորվել։ Որտեղի՞ց են եկել ֆաշիզմի կողմից քարոզվող գաղափարախոսական տարրերը (դրանք ամենևին հնարված չէին ֆաշիստական առաջնորդների կողմից)։ Որո՞նք են եղել այն պայմանները, որ ստիպել են բնակչության մի մասին 1918թ.-ից և 1929 թ.-ից հետո դառնալ ֆաշիզմի համակիրներ։ Ինչո՞ւ են հատկապես որոշ սոցիալական խավեր խոցելի եղել ֆաշիստական քարոզչության համար, իսկ մյուսները՝ ոչ։ Ինչո՞ւ են ֆաշիզմի շնորհիվ նպաստավոր պայմաններ ստեղծվել որոշակի սոցիալական շահերի համար, իսկ մյուսները՝ ճնշվել։ Ավելի կոնկրետ՝ ինչո՞ւ են խոշոր արդյունաբերական և բանկային ձեռնարկությունների ղեկավարները հասել իշխանության կառավարման լծակներին, այն դեպքում, երբ աշխատավորական շարժման առաջնորդները նետվել են համակենտրոնացման ճամբարներ և խստացված ռեժիմով բանտեր։ Ի դեպ, դա տեղի է ունեցել ոչ միայն 1933 թ.-ից հետո Գերմանիայում, այլ նաև 1922 թ.-ից հետո Իտալիայում, 1939թ․-ից հետո Իսպանիայում, 1973 թ.-ից հետո Չիլիում և այլն, ինչը, փաստորեն, եղել է ֆաշիստական տիրապետության ընդհանրական հատկանիշ։ Բոլոր այս հարցերին առաջնորդի տեսությունը պատասխաններ չի տալիս։ (…)
Գոյություն ունի առաջնորդի տեսության մի տարբերակ, որը, կարծես թե, հիմնավոր բացատրություն է տալիս առաջնորդի ազդեցիկության պնդմանը։ Այն հետևյալն է՝ առաջնորդը կարողացել է նման իշխանություն շահել և իրականացնել միմիայն այն պատճառով, քանի որ նա կարողացել է մարմնավորել իր ժամանակների մեծ միտումներն ու ամբողջ ազգի կամքը։ Էռնստ Դաուերլայնը գրում է․ «Գերմանացի ժողովուրդը» 1-ին Աշխարհամարտում 1918 թ․-ի ռազմական պարտությունից հետո լի էր «հուսահատությամբ, դառնությամբ և ցինիզմով» և կորցրել էր սեփական բարոյական հենարանը։ (…) Հենվելով պատմաբան Յակոբ Բուրկհարդտի մոտեցումների վրա՝ Ֆաբրին Հիտլերին բնութագրել է որպես պատմական մեծություն, ինչը բխել է «որոշիչ դեր ստանձնած անհատի էգոիզմի և ընդհանուրի կամքի խորհրդավոր պատահականությունից»։
Ֆաշիզմի պատմական արդարացման այս փորձը, սակայն, հաջողվել է միայն պատմության իրական ընթացքը յուրահատուկ կերպով կեղծելու միջոցով։ Ամենևին «ամբողջ դարաշրջանը» չէր, որ տոնել է 1914 թվականի պատերազմի սկիզբը, և բոլորովին էլ «ամբողջ ազգը» չէր, որ հուսահատության մեջ է ընկել 1918 թվականին։ Առաջին հերթին բուրժուազիան էր, որը 1914 թվականին ոգևորությամբ ողջունեց պատերազմը, այն դեպքում, երբ միլիոնավոր աշխատավորներ Գերմանիայում և մյուս եվրոպական երկրներում ցույցեր էին անում պատերազմի դեմ։ Եվ հատկապես գերմանական բուրժուազիան ընկալեց 1918 թվականի նոյեմբերը որպես ոչնչացնող պարտություն, այն դեպքում, երբ աշխատավորությունը Կայսերական Գերմանիայի ռազմական պարտությունն տեսնում էր որպես որոշիչ նախապայման ներքին ազատագրման, իսկ հեղափոխությունը՝ որպես ելք դեպի ավելի լավ ապագա և հենց այդ պատճառով պայքարում էր հեղափոխության համար։ Վերը նշված պատմաբանները, այդպիսով, ոչ միայն վերարտադրում են պատմության ավտորիտար պատկերը, ըստ որի «ազգն» իրենից ներկայացրել է սոցիալական և գաղափարական մեկ միասնություն, այլ նաև պատմությունը շարադրում են բուրժուազիայի հեռանկարից, հետո այդ բուրժուազիան նույնացնում ազգի հետ և, ազգի այդ ընկալումից ելնելով, սահմանում են աշխատավորական շարժումը, իբր այն ընդհանուրի մաս չի կազմել։ Այդ «ազգի թշնամիներին» քաղաքականապես ու մասամբ նաև ֆիզիկապես ոչնչացրած ֆաշիստական բռնատիրության արդարացումը դառնում է նման տեսանկյյան կոպիտ, բայց տրամաբանական հետևանքը։ Դա վերաբերվում է ինչպես Գերմանիայում դեմոկրատիա հաստատելուն նպաստած նոյեմբերյան հեղափոխությունը որպես «սպանությունների, թալանի և հրկիզումների ալիք» արժեզրկելուն ու նաև ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծմանը։ 1932 թ․-ին տեղի ունեցած վերջին ազատ ընտրությունների ժամանակ բոլորովին էլ «գերմանացի ժողովրդի մեծ մասը չէր կանչել» Հիտլերին, այլ նրան ընտրել էր 33,1 տոկոս կազմող փոքրամասնությունը, որն էլ ներկայացված էր ոչ թե «գերմանացի ժողովրդի», այլև, ինչպես դա պարզ կդառնա «միջին խավի տեսություններ» բաժնից, հատկապես միջին խավի ներկայացուցիչների կողմից։
Այն զգացումներն ու գաղափարական միտումները, որոնք այս հեղինակների կողմից վերագրվել են «գերմանացի ժողովրդին» կամ «մի ամբողջ դարաշրջանի», այդպիսով, պետք է վերագրված լինեին գերմանական բուրժուազիային, մեկնաբանված լինեին վերջինիս դիրքերից և քաղաքական ավանդույթից, և քննարկված լինեին հակադիր միտումների լույսի ներքո։ Սակայն դա կպահանջեր կատարել հասարակության կառուցվածքի վերլուծություն և տեսանելի կդարձներ Հիտլերին ու ֆաշիզմը՝ որպես որոշակի սոցիալական ուժերի և շահերի ներկայացուցիչներ։ Սակայն վերոնշյալ հեղինակները մթագնել են հենց այս փոխկապակցվածությունը։ Ընդհակառակը՝ եզրահանգում է արվում, որ «գերմանացի ժողովուրդն» է եղել ֆաշիզմի և դրա բոլոր հետևանքների պատասխանատուն, և որ իրական չարիքը կայանում է ժողովրդական զանգվածների կողմից քաղաքականությանը միջամտելու՝ չափից շատ դեմոկրատիայի մեջ։ Սակայն, քանի որ, ըստ այդ մեկնաբանության, «մարդիկ պահանջ ունեն կարգուկանոնի», ինչը շատ ավելի կարևոր է, քան «մտավորականների ազատության երազը», ապա զարմանալի չէ, որ այդ՝ չափազանց շատ դեմոկրատիան վերածվել է բռնատիրության։ Ֆեստը խոսում է Հիտլերի կողմից «դեմոկրատիայի և անարխիայի միջև նկատած մութ կապի մասին, ըստ որի իրական ու չկեղծվող ժողովրդական տիրապետությունն արտահայտվում է քաոսային իրավիճակների տեսքով, իսկ օրենքը՝ վերածվում կամայականության։»
Ֆաշիզմի հարցում նման մոտեցման միջոցով ոչ միայն կեղծվել է պատմությունը, այլև այն եղել է մի ամբողջ քաղաքական փիլիսոփայության գլխավոր թեզը։ Ըստ երևույթին, այստեղ պատմության նման նկարագրության միջոցով արվում է եզրահանգում՝ ի օգուտ դեմոկրատիայի վերացման և ավտորիտար պետության ստեղծման, որի պատճառաբանությունն այն է, որ հասարակ ժողովուրդն ի վիճակի չէ ինքնորոշվելու, նման փորձերը մշտապես հանգեցրել են քաոսի կամ բռնատիրության (ինչպես իբր ցույց են տվել բոլոր հեղափոխությունները՝ Ֆրանսիականից և Ռուսականից մինչև Նոյեմբերյան և գաղութային հեղափոխություններ), և այդ պատճառով էլ ավտորիտար պետությունը ֆաշիզմը կանխելու լավագույն արգելքն է։ Զանգվածների անկարողության մասին այս թեզը տիրապետություն և ճնշում հաստատելու ամենահին գաղափարական արդարացումներից մեկն է, բայց ինչպես երևում է, այն դեռևս այսօր էլ շատ այժմեական է։ Մեկ այլ հատվածում Ֆեստը դիպուկ կերպով նշում է․ «Մտահոգիչ է տեսնել, թե շատերը որքան քիչ դասեր են քաղել անցյալի աղետներից»։ Ժողովրդի տիրապետությունը որպես չարիք ներկայացնող այս թեզի արդի գաղափարախոսա-պատմական համատեքստը հանգում է ամբողջատիրության տեսությանը։ Վերջինիս գլխավոր բանաձևը հետևյալն է․ Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր ձևավորված և ժողովրդական զանգվածների ակտիվացման վրա հենվող դեմոկրատիան հանդիսացել է ժամանակակից ամբողջատիրության պատճառը և դրա համար պարարտ հող դարձել։ (…)
Պլեխանովը բերում է Նապոլեոնի օրինակը։ Ֆրանսիական խոշոր բուրժուազիան 1794 թվականին Յակոբինյանների անկումից հետո հանդիսանում էր հասարակության ամենաազդեցիկ ուժը։ Այն փնտրում էր մի «հարմար սուսեր» (ինչպես Սիյեսն էր ասում), որն ի վիճակի կլիներ երկարաժամկետ կայունացնելու այդ խավի տիրապետությունը։ Սկզբում ֆավորիտը Ժորդանն էր, սակայն հետո նա ընկավ։ Եթե նա կենդանի մնար ու ղեկավար պաշտոններ զբաղեցներ, միգուցե Նապոլեոնը մնար որպես անհայտ մի սպա։ Բայց այն բանից հետո, երբ Նապոլեոնը ստանձնեց այդ դիրքը, նա փակեց դեպի գագաթ տանող ճանապարհը բոլոր այն գեներալների համար, որոնք օժտված էին նման տաղանդներով։ Այդ է պատճառը, որ Նապոլեոնի կերպարը հանդես գալիս որպես առանձնահատուկ մի բան, քանի որ նրան նմանվող մյուս ուժերը անցում չկատարեցին «հնարավորությունից դեպի իրականություն»։ (…)
Եթե Հիտլերի վերելքը ևս մեկ անգամ դիտարկենք վերը նշված տեսանկյունից, ապա 1918 թվականին, սկսելով իր քաղաքական կարիերան, նա հայտնաբերեց Գերմանիան որոշակի սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարական վիճակում, ինչը պայմանավորված էր երկար պատմական զարգացման գործընթացներով և անմիջականորեն տեղի ունեցած իրադարձություններով․ համաշխարհային պատերազմ, պարտություն, նոյեմբերյան հեղափոխություն և Վերսալի պայմանագիր։ Այդպիսով դրվել էին շրջանակային պայմաններ, որոնք որոշում էին տվյալ ելման դիրքը և գործունեության ու զարգացման այլընտրանքների սահմանները։ Նախևառաջ ներքին կյանքում հստակեցված չէին իշխանական փոխհարաբերությունները, մի կողմից՝ մինչ այդ առկա արդյունաբերության ղեկավար խավերի, խոշոր հողատերերի և զինվորականության (որոնց իշխանությունը զգալիորեն թուլացել էր ռազմական պարտության և նոյեմբերյան հեղափոխության արդյունքում) և մյուս կողմից՝ աշխատավորական դասակարգի միջև, որը հեղափոխության արդյունքում տապալել էր վերնախավային պետությունը՝ փորձելով սեփականության փոխհարաբերություններն ուղղորդել սոցիալիստական ուղղությամբ և մասնակի անհաջողության մատնվելով։ Փաստորեն, տիրապետող դասակարգի տեսանկյունից «պահանջված էին» բոլոր այն ուժերը, որոնք զինվորական ուժի (օրինակ՝ ազատ կորպուսների և Ռայխի զինված ուժերի) կամ էլ քաղաքական քարոզչության միջոցով ի վիճակի էին մոբիլիզացնել ինչ որ ներուժ ձախականության դեմ և աշխատավորական շարժման հեղափոխական հատվածի տապալման համար։ Այդ իսկ պատճառով այդ տարիներին ծաղկում ապրեցին զանազան աջ-ծայրահեղական, ռեակցիոն-ռազմականացված կազմակերպություններ։ (…)
Այն հանգամանքը, որ ֆաշիզմի հիմնավորումը առաջնորդի անձնավորության միջոցով, չնայած գիտական տեսանկյունից դրա թերություններին, որոշակի արժանահավատություն է ձեռք բերել, տարբեր պատճառներ ունի․ առաջինը՝ տիրապետողները անցյալում, Հին Արևելքում դասակարգային հասարակության ձևավորումից ի վեր, մշտապես աշխատողների զանգվածներին սովորեցրել են, որ ամբողջ հասարակությունը կախված է առաջնորդների գործունեությունից և բոլոր որոշումներն ու փոփոխությունները գալիս են նրանց էներգիայից և հանճարեղությունից։ Պատմության այս մեկնաբանությունը, որը կոչված էր զանգվածներին պահել անլեզու և հնազանդ վիճակում, արտահայտվել է նաև փիլիսոփայության (օրինակ՝ Պլատոնի մոտ) և գրականության (օրինակ՝ Մենենիուս Ագրիպայի հանրահայտ առակում) մեջ։ Եվ չնայած զանգվածները ժամանակ առ ժամանակ շատ ակնառու կերպով միջամտել են պատմության ընթացքին՝ նորագույն պատմության ընթացքում հատկապես բուրժուական հեղափոխությունների, նախկին գաղութներում ազատագրական շարժումների, աշխատողների շարժումների և 1917թ․ սոցիալիստական հեղափոխության տեսքով, այուհանդերձ, այսօր էլ պառլամենտական դեմոկրատիայի առօրյան տպավորություն է ստեղծում, թե բոլոր կարևոր որոշումներն ընդունվում են քաղաքական առաջնորդների ազատ հայեցողությամբ։ Արդյունաբերության և բանկային աշխարհի ուժեղները, որոնց իշխանությունը որոշիչ ու ավելի տևական է տնտեսության և, դրանով իսկ, ամբողջ հասարակության կենսապայմանների համար, ընդհանուր առմամբ նույնքան քիչ են երևան գալիս, որքան այն առաջնորդող խմբերը, որոնք տիրապետում են պետական բյուրոկրատիային և ռազմական ուժային ապարատին և նույնիսկ պառլամենտական դեմոկրատիաներում ամենևին էլ ժողովրդի կամ նրա կողմից ընտրված մարմնի իրական հսկողության տակ չեն գտնվում։ Ֆաշիզմի ծագումը առաջնորդի տեսությամբ հիմնավորելու հաջողությունը կապված է նաև ֆաշիզմի մեկ այլ՝ կառուցվածքային պատճառի հետ։ Առաջնորդի վրա հիմնված գաղափարախոսությունը համապատասխանում է ֆաշիստական կուսակցության և համակարգի ինքնաընկալմանը։ Եթե ֆաշիզմի ինքնաներկայացումն ընդունենք որպես ճշմարտություն, ապա առաջնորդն իսկապես գլխավոր շարժիչ ուժն էր և որոշումների ընդունման անվիճարկելի ատյանը։ (…)
Պատմությունը որպես ճակատագիր ընկալելու և բուրժուական պատմագիտության մի զգալի մասի կողմից այն հենց այդպես ներկայացնելու հանգամանքն, ըստ էության, հիմնավորվում է բուրժուական հասարակության հատկանիշներով։ Սակայն դա չի բացառում, որ տիրապետողների կողմից ճակատագրի գաղափարախոսությունն օգտագործվել է որպես մանիպուլյացիոն գործիք՝ զանգվածներին անլեզու և ենթակա վիճակում պահելու և պլանային իրագործված պատմական դեպքերի պատճառները քողարկելու համար։ Ինչպես օրինակ՝ ֆաշիստական համակարգի հաստատման և 2-րդ աշխարհամարտի սանձազերծման (ընդ որում նաև 1922/23 թթ․ ինֆլյացիայի) դեպքում։
Եթե պատմագիտությունը չի ցանկանում սկզբից ևեթ անձնատուր լինել իռացիոնալիզմի առջև, ապա պետք է հրաժարվի այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են «ճակատագիրը» կամ «պատահականությունը», պատմությունն ընկալի որպես մարդկային գործունեության արդյունք և հետազոտի ֆաշիզմի հաջողության իրական նախապայմանները։
Այս հոդվածը մի հատված է Ռայնհարդ Քյուհնլի 1979 թվականին հրատարակված «Ֆաշիզմի տեսություններ» գրքից:
Ռայնհարդ Քյուհնլը (1936-2014) սովորել է քաղաքագիտություն, պատմագիտություն և սոցիոլոգիա Մարբուրգի և Վիեննայի համալսարաններում։ 1971 թվականից աշխատել է որպես գիտական քաղաքականության պրոֆեսոր Մարբուրգի համալսարանում։ 1970-ից 80-ական թվականներին Քյուհնլը եղել է Մարբուրգի քաղաքագիտական դպրոցի հայտնի ներկայացուցիչներից մեկը։ 1972 թվականին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Դեմոկրատ գիտնականների միությունը։ Հատկապես ֆաշիզմի ծագման վերաբերյալ նրա կարևոր աշխատանքները հրատարակվել են 14 լեզուներով։ Հիմնական աշխատանքներն են՝ «Բուրժուական տիրապետության ձևերը․ Լիբերալիզմ -Ֆաշիզմ» (1971), «Ֆաշիզմի տեսություններ․ Ուղեցույց» (1979), «Ֆաշիզմ․ Պատճառներ, տիրապետության կառուցվածք, այժմեականություն» (1983), «Գերմանիան Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր․ ուսումնասիրություններ գերմանական հատուկ ուղու վերաբերյալ» (1996)։
Դիտվել է 1294 անգամ