Նախկինում գրառում էի արել առ այն, որ եկամտահարկի նախատեսվող փոփոխությունների հիմքում դրված թեզը շատ թույլ է, քանի որ պատճառահետևանքային կապ չկա ստվերի և եկամտահարկի ու շահութահարկի տոկոսադրույքների մեծությունների միջև (որոշակի կորելացիա հնարավոր է լինի, սակայն դա չի նշանակում որ տոկոսները փոխելով ստվերի վրա ուղղակի ազեցություն ենք ունենալու): Նաև նշել էի, որ շատ մեծ ռիսկեր կան, մասնավորապես սրա արդյունքում պետական բյուջեի եկամուտների նվազման մասով: Սա հիմնավորելու համար պարզ ֆինանսական հաշվարկ էի արել, որով ցույց էի տալիս, թե ինչու չի աշխատում առաջադրված թեզը:
Հիմա այս ամենը փորձել եմ քննել տնտեսագիտական տեսանկյունից և ուսումնասիրել եմ մի քանի թվային շարքեր: Քանի որ պատկերները ցայտուն և խոսուն են, կարծում եմ, անգամ ընդարձակ մեկնաբանության կարիք չկա: Միայն ասեմ հետևյալը. ինչքան շատ եմ խորամուխ լինում, այնքան ավելի եմ համոզվում, որ առաջարկվող փոփոխությունները այս խառը և դժվար շրջանում ոչ այլ ինչ է, քան արկածախնդրություն:
Հարկային փոփոխությունների քաղաքականության առաջարկը մշակողներին խորհուրդ եմ տալիս կիսվել իրենց հաշվարկ-հիմնավորումներով, քանի որ շատ թվեր հասանելի չեն հանրությանը և գուցե մենք սխալ ենք հաշվում: Այլապես, հանրային քննարկման տրամաբանությունը չեմ հասկանում, եթե հանրության հետ հիմնավորումներով չեք կիսվում: Եթե առաջիկայում թվեր, հաշվարկներ և սրանց վրա հենված հիմնավորումներ չտեսնեմ, ապա իրավունք ունեմ մտածելու, որ պետական հատվածում նման վերլուծությունների գործիքների և մեթոդաբանության, ինչպես նաև թվային հետազոտական տվյալների չեն տիրապետում:
Ստորև ներկայացնում եմ մի քանի գծապատկեր։ Ուշադրություն դարձրեք, որ գծապատկերները ունեն երկու ուղղահայաց առանցքներ իրենց առանձին միավորներով: Տվյալների աղբյուրները` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջ և ՀՀ պետեկամուտների կոմիտե։
Առաջին գծապատկերը ցույց է տալիս պետական հարկային եկամուտների աճի, պետական պարտքի աճի և բնակչության թվաքանակի նվազման միտումները: Մենք տեսնում ենք, որ բնակչության թիվը նվազում է։ 2018թ. ցուցանիշը դեռ հայտնի չէ և այդ պարագայում էական փոփոխության մասին խոսել առայժմ չի կարելի։ Սա նշանակում է, որ առկա է հարկման բազայի խնդիր։ Հարկային մուտքերի և պետական պարտքի կորերի թեքությունը նույնպես մտածելու տեղիք է տալիս։
Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս հարկային եկամուտներում յուրաքանչյուր հարկատեսակի կշիռը: Ուշադրություն դարձրեք ոչ թե թվերին, այլ միտումներին: Այստեղ երևում է, որ հավաքվող եկամտահարկի աճը բավականին թույլ է, իսկ շահութահարկը անգամ դեպի ներքև է թեքվել։ Հատկանշական է, որ հարկային եկամուտների գրեթե կեսը հավաքագրվում է ավելացված արժեքի հարկի հաշվին, ինչը մեծապես վճարում են սպառողների լայն զանգվածները։
Երրորդ գծապատկերում ՀՆԱ մեջ արդյունաբերության և հանքարդյունաբերության թվային շարքերն են և դրանք ներկայացված են շահութահարկի և էլեկտրաէներգիայի թվային շարքերի հետ: Այս ցուցանիշների համադրումը մի շարք հետաքրքիր հանգամանքներ է բացահայտում։ Արդյունաբերությունն աճում է, բայց շահութահարկի ցուցանիշը` ոչ։ Գոյություն ունի տնտեսության ստվերի գնահատման ևս մի եղանակ։ Ըստ այդմ, էլեկտրաէներգիայի սպառման աճի տեմպը համադրելով ՀՆԱ աճի տեմպի հետ կարելի է մոտավորապես որոշել ստվերի չափը, քանի որ այս երկու ցուցանիշների միջև 1-ի ձգտող էլաստիկություն կա (electricity/GDP elasticity):
Այս վերջին գծապատկերը հատկապես ակնհայտ է դարձնում, որ գոյություն ունի հարկային վարչարարության լուրջ խնդիր։ Իսկ եկամտահարկի և շահութահարկի դրույքների փոփոխությունը առանց ստվերի և տնտեսական միտումների հետ ունեցած պատճառահետևանքային կապի և համապատասխան թվային շարքերի խորը վերլուծության կարող է հանգեցնել էական կորուստների պետական բյուջեի համար։
Հաշվի առնելով այս տվյալները` հարկ է առաջ քաշել հետևյալ սկզբունքային հարցերը.
- Արդյոք կատարվել է մանրակրկիտ հետազոտություն և գնահատվել է տնտեսության ստվերի չափը։
- Արդյոք պարզվել է, թե ինչպիսի պատճառահետևանքային կապ գոյություն ունի եկամտահարկի և շահութահարկի տոկոսադրույքների և ստվերի միջև։
- Արդյոք արվել է հարկային փոփոխությունների ռիսկերի և ազդեցության գնահատում վերը նշված տնտեսական միտումների համատեքստում։
Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ այս հաշվարկները բացահայտում են որոշակի պատկեր, այդուհանդերձ, ավելի խորը ուսումնասիրության կարիք կա։ Անհրաժեշտ են ավելի շատ թվեր և հաշվարկներ։ Դա թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել արդեն իսկ այս գծապատկերներից բխող խնդիրների մասին։ Այս համատեքստում եկամտահարկի համահարթեցումը չի կարող հանգեցնել ոչ մի լավ բանի։
Հովհաննես Ավետիսյանը ծնվել է 1978 թվականին։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ բաժինը։ 2014 թ.-ին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի հանրային կառավարում մասնագիտությամբ մագիստրատոսական ծրագիրը: Հայաստանում Եվրամիության տեխնիկական աջակցության ծրագրերի հանրային ֆինանսերի կառավարման փորձագետ է և ՄԱԶԿ ֆինանսական փորձագետ։
Դիտվել է 600 անգամ