Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման է դրել եկամտահարկի բարեփոխման երկու առաջարկ։ Դրանցից մեկը եկամտահարկի համահարթեցումն է (մեկ դրույք բոլորի համար), ինչը հիմնավորվում է ստվերի նվազեցման փաստարկով։ Սակայն հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը հետևյալ համառոտ հաշվարկ-մեկնաբանությամբ ապացուցում է, որ համահարթեցված եկամտահարկը չի հանգեցնում ստվերի նվազման։ Հեղինակը հղում չի անում տեսություններին, այլ ֆինանսական տեսանկյունից ներկայացնում է դրա պրակտիկ ազդեցությունը։ Առաջարկում ենք հարկային բարեփոխումների հանձնաժողովի անդամներին ուսումնասիրել ստորև բերված հաշվարկն ու հատկապես աղյուսակները և հակափաստարկներ ունենալու դեպքում թվերի լեզվով հրապարակային արձագանքել այս պնդմանը։
Հարկային համակարգի բարեփոխումների վերաբերյալ
Քանի որ թեման շատ կարևոր է հարկ եմ համարում մեկ անգամ ևս գրել սրա մասին և համապատասխան անձանց ուշադրությունը հրավիրել այս հարցին:
Իմ պնդումն այն է, որ հարկատեսակների դրույքաչափերի փոփոխությունը պատճառահետևանքային կապի մեջ չէ ստվերային աշխատավարձերի վերացման կամ նվազեցման հետ: Ուստի նախատեսվող փոփոխությունները անհարկի են և ակնկալվող արդյունքը չեն տալու: Ավելին հավանական է, որ դրանք բացասական կազդեն բյուջեի հարկային եկամուտների ձևավորման վրա: Ավելի մանրամասն ներկայացնում եմ ստորև և նաև կցում եմ հաշվարկների ֆայլը:
Ներկայացվող փոփոխությունները հիմնավորվում են հետևյալ կերպ`
ա) ծանր հարկային բեռ է քաղաքացիների համար,
բ) խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացում:
Ներկա իրավիճակ, եկամտային հարկի մասով`
1) մինչև 150,000 -ը ներառյալ` 23%,
2) 150,000-ից մինչև 2,000,000 ներառյալ` 34,500 գումարած 150,000-ը գերազանցող գումարի 28%-ը,
3) 2,000,000-ից ավելիի դեպքում 552,500 գումարած 2,000,000 գերազանցող գումարի 36%-ը
Շահութահարկի մասով հիմնականում ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ կիրառվում է 20%: Շահաբաժիններից (դիվիդենտ)` 5%:
Առաջարկվող փոփոխություններ
Տարբերակ I
Եկամտային հարկ, երկաստիճան պրոգրեսիվ
մինչև 250,000 դրամ` 20%,
250,000 դրամից ավելի` 25%, շահութահարկ և շահաբաժնի հարկ` երկուսի գումարը 25%:
Տարբերակ II
Եկամտային համահարթ տոկոսադրույք 23%,
շահութահարկի և շահաբաժնի հարկի գումարը 23%:
Փոփոխությունների նշվող նպատակ
Ստվերը նվազեցնելու և աշխատավարձերի բարձրացմանը նպաստելու նպատակով առաջարկվում է կիրառել եկամտային հարկի, շահութահարկի և շահաբաժինների հարկի այլ տոկոսադրույքներ, մասնավորապես, դրանք համահարթեցնելու միջոցով:
Հակիրճ և պարզ ֆինանսական վերլուծություն
Ներկա իրավիճակի և առաջարկվող փոփոխությունների ֆինանսական վերլուծությունը (տես նաև կից ֆայլը) ցույց է տալիս, որ նշված հարկատեսակների դրույքաչափերի փոփոխությունը պատճառահետևանքային կապի մեջ չէ ստվերային աշխատավարձերի վերացման կամ նվազեցման և հետևաբար աշխատավարձերի բարձրացման հետ: Ուստի, ցանկացած եկամտային հարկի և շահութահարկի տոկոսադրույքի դեպքում դրանք ազդեցություն չեն կարող ունենալ աշխատավարձերի ստվերայնության նվազման վրա:
Հիմնավորումներ
Ենթադրություններ. Վերացական ձեռնարկության զուտ եկամուտը մինչև աշխատավարձի նվազեցում համարենք` NR (համարենք, որ սա նախքան աշխատավարձի նվազեցումը օրինական եկամուտն է մնացած բոլոր օրինական ծախսերի նվազեցումներ կատարելուց հետո):
Օրինական աշխատավարձը համարենք` S, ստվերային աշխատավարձը` A, իսկ զուտ շահույթը` P:
Հետևաբար ձեռնարկության զուտ շահույթի բանաձևը 20% շահութահարկի պարագայում հետևյալն է.
P = NR – (NR – S) x 0.2 – A => P = 0.8NR + 0.2S — A
Այս բանաձևից երևում է, որ ձեռնարկությունը ավելի քիչ շահույթ է ստանում ստվերային աշխատավարձ վճարելու դեպքում (անկախ գումարի չափից, թեկուզ մեկ դրամ), իսկ ավելի շատ, երբ աշխատավարձը ամբողջությամբ գրանցում է և ճանաչում է ծախսերի (ինքնարժեքի) մաս: Եվ նրան ձեռնտու է, երբ A-ն, այսինքն ստվերային աշխատավարձը 0 է և ոչ թե դրական թիվ:
Այս բանաձևի կիրառությունը (գումարած այլ հաշվարկներ) օրինակներով և տարբեր հարկային տոկասադրույքներով բերված է կից էքսելի ֆայլում (արդյունք նույնն է ցանկացած տոկոսադրույքի համար):
Վերլուծությունը անուղղակիորեն ցույց է տալիս նաև, որ ցանկացած ձեռնարկության ձեռնտու է ստվերային աշխատավարձեր կիրառել, միայն ստվերային եկամուտներ ունենալու դեպքում, այլապես եկամտային հարկի և շահութահարկի (նաև շահաբաժնի հարկի) ցանկացած տոկոսադրույքների դեպքում վերջինիս ձեռնտու է հայտարարագրել բոլոր վճարված աշխատավարձերը:
Հետևություն` Աշխատավարձերի գծով ստվերը նվազեցնելու համար հարկավոր է հարկային վարչարարությունը դարձնել արդյունավետ և հետևել եկամուտների ստվերայնության նվազեցման, որը կհանգեցնի ստվերային աշխատավարձերի նվազեցման և հնարավոր է նաև վերջինիս բարձրացման (սակայն սա պարտադիր պայման չէ, քանի որ այստեղ պատճառահետևանքային կապ չկա): Աշխատավարձերը սովորաբար աճում են արտադրողականության բարձրացմանը զուգընթաց:
Հովհաննես Ավետիսյանը ծնվել է 1978 թվականին։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ բաժինը։ 2014 թ.-ին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի հանրային կառավարում մասնագիտությամբ մագիստրատոսական ծրագիրը: Հայաստանում Եվրամիության տեխնիկական աջակցության ծրագրերի հանրային ֆինանսերի կառավարման փորձագետ է և ՄԱԶԿ ֆինանսական փորձագետ։
Դիտվել է 1367 անգամ