Կլիենտելիզմն առաջացել է լատիներեն «cliens» բառից, որը հին Հռոմում գործածվում էր ծառայություններ մատուցող, մասնակի ազատություն ունեցող թիկնապահի, իսկ հետո ավելի աղքատացած հռոմեացու համար, ով միանում էր հարուստ հովանավորին (պատրոնին)՝ որպես վերջինիս «clientela»-ի («պահապան բարեկամության») մի մասը: Բառի ծագումնաբանությունը վիճելի է: Տարբերակներից մեկում անդրադարձ է կատարվում «cluere» բառին, որը նշանակում է «կոչվել, անվանվել, գովերգել», որը, սակայն, հին ժամանակներում հավանաբար հետևյալ կերպ է մեկնաբանվել՝ «մեկին անսալ, լսել»՝ հիմք ընդունելով վերջինիս արմատի հունական ծագումը՝ «klúō» բայարմատը: «Clientela» բառի հիմնական իմաստը կախվածություն բնորոշող անձնային խառը հարաբերությունն է:
Այս բառը կարող է նաև կոլեկտիվ/հավաքական նշանակություն ունենալ: Այսպես օրինակ՝ գյուղերը, քաղաքներն ու «պետությունները» կարող են կլիենտային հարաբերություններ ունենալ [1]՚՚: «Cliens» բառի մեկ այլ մեկնաբանությամբ այն ծագել է «clinare» (ճկել, կորացնել կամ հենել) բայից: Համաձայն այս տեսության՝ «cliens» է անվանվում նա, ով մեկ այլ մարդու՝ ավելի ուժեղի առջև «խոնարհվում է» կամ «հենվում է» ուժեղի վրա: Տվյալ շեշտադրումով այս հասկացությունը գործածության մեջ է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1970-ական թվականներին՝ այդուհետ կիրառվելով նաև քաղաքագիտական համատեքստում: Բառի ընդհանրական նշանակությունը գործածվում է «ոչ ֆորմալ ուժային հարաբերությունների վերլուծության ժամանակ՝ հիմք ընդունելով անհավասար դիրքերում գտնվող երկու անձանց կամ երկու կողմերի միջև փոխադարձ զիջումները» (Կաչիալի 1997, 292; հմմտ․ Մեդարդ 1976, 103): «Բարձր դիրք ունեցող անձը»՝ պատրոնը գործի է դնում իր ամբողջ ազդեցությունն ու հնարավորությունները «ցածր դիրք ունեցող անձի»՝ կլիենտի համար պաշտպանություն և առավելություն ստեղծելու նպատակով, ինչի փոխարեն վերջինս աջակցություն և ծառայություններ է մատուցում: […]
Այն ուսումնասիրությունները, որոնք հենվում են նման կատեգորիաներով մոտեցման վրա, առանձնանում են նրանով, որ օգնում են բացահայտել արդիականացման տեսության կողմից հաճախ հերքվող նախապայմանագրային սոցիալական ու քաղաքական հարաբերությունների պետականաստեղծ ֆունկցիոնալությունը։ Բայց այդ ուսումնասիրությունները միաժամանակ խթանում են գիտական գործունեության ներսում և դրանից դուրս տարածված այն միտումը, որով անտեսվում է «կլիենտելիզմ» հասկացությունը տիրապետությունների համատեքստում քննադատաբար կիրառելու արժեքը։
1. Հռոմեական «clientes»—ը կամ որպես «clientela» ինստիտուցիոնալիզացված անձնային հարաբերություններն իրենցից ներկայացնում են տիրապետության իրագործման և դրա լեգիտիմության հին, բայց մինչ օրս հանդիպող պարադոքսը, այն է՝ «ավելի բարձր սոցիալական ստատուս ունեցող ուժեղ հռոմեացիներից կախում ունեցող, բայց ազատ քաղաքացիներին» (Լինտոտ 1997, 3, 32): Ֆուսթել դե Քուլանժը [2] կլիենտներին համեմատում է սեփականություն չունեցող օրավարձով աշխատողների հետ՝ այդպիսով երևույթը դիտարկելով որպես անտիկ աշխարհի քաղաքային իշխանության առանձնահատկություն: Կլիենտների համար բնութագրական է «տիրապետողին տրված հավատարմության երդման (fides) միջոցով տիրոջ մոդիֆիկացված իրավունքը (potestas)» [3]:
Տեր-հավատարմություն-հնազանդություն-պաշտպանություն փոփոխական հարաբերությունների առաջացումը, որպես և՛ անձնական, և՛ հավաքական՝ կոլեկտիվ սոցիալական փաստ, հռոմեական աղբյուրների կողմից հիշատակվում է դեռևս Հռոմի հիմնադրման մասին առասպելներում: Վերջին շրջանում ավելի ու ավելի անձնային դարձած և վերջին փուլերում գործնականացված հարաբերությունների կարևոր աղբյուրներից մեկը ստրուկների ազատ արձակումն է: Կլիենտների շարքերին անցնելը «ըստ ցանկության» էր: Կլիենտի կարգավիճակն, այդուհանդերձ, պետք էր ժառանգել: Մի կողմից՝ Հռոմից դուրս տարածում գտած «clientela»-ի հիմքը անտիկ դարաշրջանում հողակտոր ունեցող ազնվականի ագրարային հաստատուն տնտեսությունն էր, մյուս կողմից էլ՝ կլիենտելան պատերազմական գործողությունների կազմակերպման գործառույթ ուներ: Կլիենտներն իրենց տերերի հետ, որպես վերջիններիս համախոհներ և ծառայողներ, մեկնում էին ճակատ: Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում կայսրի կամ իշխանի համար կլիենտն ուներ կարևոր ռազմական գործիքի նշանակություն:
Բացարձակ հնազանդությունը, քսակը և ունեցվածքը բաժանելու խոստումը ուղեկցում էին միմյանց: Պատրոնի գերիշխանությունը շատ ավելի հեռուն էր տարածվում: Նա կարող էր անգամ ուժով լիովին իշխել իր կլիենտներին: Եվ միայն աստիճանաբար «անձի պարտադիր հնազանդությունը» հնարավոր եղավ մեղմել «տիրոջ մասին հոգալու» պարտականությամբ: Այս մեկն առաջացել է «fides»-ից: Վերջիվերջո, անձնային տիրապետության հիմքը, որն իր ընդհանուր ինստիտուցիոնալ նշանակությունից դուրս քիչ առարկայական բովանդակություն ուներ և Հռոմում մասամբ էր օրինականացված, ցույց տվեց, որ կլիենտային հարաբերությունը հավաքական միավորների դեպքում միայն փոխաբերական իմաստով կարող էր կիրառվել: Հատկապես 19-րդ դարում այն հաճախ ժամանակավրեպ էր դիտարկվում: Այդ մասին կարող ենք տեղեկություններ գտնել Ֆուստել դե Քուլանժի նյութերում, բայց նաև Թեոդոր Մոմսենի Հռոմեական պատմությունը աշխատությունում (1854-1856/1885):
2. Մաքս Վեբերը նկարագրում է «պատրիմոնիալիզմի» ենթատեքստը Տնտեսություն և հասարակություն աշխատանքում. «Նախաբյուրոկրատական կառուցվածքային սկզբունքներից ամենակարևորը, թերևս, տիրապետության նահապետական կառուցվածքն է: Ըստ էության, այն ոչ թե հենվում է առարկայական, ոչ անձնային «նպատակի» համար ծառայելու պարտականության և վերացական նորմերի նկատմամբ հնազանդության վրա, այլ միանգամայն հակառակը՝ խիստ անձնական դիտարկման/հարգանքի արժանի հարաբերությունների վրա: Վերջինիս հիմքը համարվում է տնայնավարական հասարակության մեջ տանտիրոջ հեղինակությունը, որի անձնական ավտորիտար դիրքորոշմանը բնորոշ է գործնական-առարկայական նպատակներին ծառայող բյուրոկրատական տիրապետության գոյության անընդհատականությունը/ շարունակությունը, «առօրյա բնույթը»:
Այնուհետև, երկուսն էլ իրենց ներքին հենարանը գտնում են իշխանությանը ենթարկվողների կողմից «նորմերի» նկատմամբ հնազանդ լինելու մեջ։ Կլիենտային հարաբերությունները ի հայտ են գալիս ոչ միայն հռոմեական ծագմամբ հասարակություններում, այլև «ավանդական տիրապետության» կայուն տնտեսությունների նախաարդիական՝ նախակապիտալիստական և նախապետական հասարակություններում: «Ամբողջ տունը/համայնքը», որը տարբեր՝ հատկապես կրոնական գործառույթներ էր կատարում, այդ թվում նաև քրիստոնեական և իսլամական մշակութային շրջանակներում, իրենից ներկայացնում էր նախնական, ստորին աստիճանի առարկայականացման անձնային հենքը: Այնուամենայիվ, կլիենտ եզրույթը, վերոնշյալ հարաբերությունների իմաստն իր մեջ ներառելով, այդ իմաստով չի կիրառվել: Իր հերթին տարաբնույթ հարաբերություններով աչքի ընկնող ֆեոդալական հարաբերությունները (հմմտ. Բրուներ 1939, 1975, կամ Քուխենբուխ, Միխայել 1977) հիմնական ելակետային տարրերով նման են կլիենտային հարաբերություններին: Հարաբերությունները կլիենտային անվանելու համար պետք է հաշվի առնել նախևառաջ հետևյալ հատկանիշները. անձնային տիրապետական հարաբերություն, իշխան/տեր-ծառա հարաբերության դիալեկտիկա/երկխոսություն (հմմտ․ Հեգել, ՈԵ, Գլուխ 4), որն աչքի է ընկնում մի կողմից ստորադասյալի կողմից հնազանդությամբ ու տիրոջ տրամադրության տակ լինելու պատրաստակամությամբ, մյուս կողմից էլ վերջինիս կողմից եկող պաշտպանությամբ ու որպես պատսպարան հանդիսանալու առանձնահատկությամբ: Իշխանական հարաբերությունների շուրջ էլ ձևավորվեցին նախաարդիական «իրավունքները», որոնք էլ իրենց հերթին բնորոշվում են «բարոյական տնտեսության» ավանդույթներով (Թոմփսոն 1971): Եթե այդ իրավունքները խախտվում էին կամ համարվում էին խախտված, ապա դա «տիրոջ ու ծառայի միջև» կարող էր լուրջ կոնֆլիկտներ հարուցել: Այդ մասին են վկայում օրինակ Գերմանիայում տեղի ունեցած գյուղացիական պատերազմն ու դրան հաջորդող մի շարք կոնֆլիկտներ: Այն, որ նմանատիպ՝ հողի հետ կապված անձային տիրապետական հարաբերությունները, որոնք տեղ էին գտնում «ամբողջ տան մեջ», այսինքն ոչ բուրժուական մեծ ընտանիքի մեջ, կարող էին համահասարակական ազդեցիկ ուժ ունենալ, խոսում է այն մասին, որ դրանք պահանջում էին նախևառաջ ագրարային և նախնական ինքնաբավ տնտեսություններին բնորոշ ստատիկ կառույցների առկայություն՝ մեծ կամ փոքր հզորությամբ առևտրային կապիտալիզմի պայթուցիչով։ (Մարքս, Կ, գլուխ 3, 25/335-49): Այն ժամանակ դեռևս չկային կամ չէին կարող հաստատված լինել ժամանակակից տարածքային պետականության հստակ ձևավորված քաղաքական ձևերը, որոնց հատուկ է ֆիզիկական բռնության մենաշնորհը: Այնտեղ, որտեղ հասարակության վրա ազդող կլիենտային/ֆեոդալական հարաբերություններ կան, չկան միտումնավոր երկկողմանի, այն է՝ սոցիալական «վերացական» կապիտալիստական դասային հարաբերություններ: Կլիենտային հարաբերությունները ֆեոդալականից տարբերվում են երկու հիմնական առանձնահատկություններով՝ առաջինն այն է, որ ֆեոդալական հարաբերություններում ապրող մարդիկ կարող էին, կախվածության մեջ գտնվելով անգամ, ավելի շուտ անկախության հասնել. երկրորդը՝ մի քանի ֆեոդալական տիրապետության շրջաններ կարող են համընկնել մեկ անձի և «որպես այդպիսին» անկախ հողակտորների սահմաններում։ Դրա հետ է կապված այն հանգամանքը, որ ֆեոդալական տիրապետությունն ու դրա կախվածությունները սոցիալ-տարածական ընդգրկում ունեն, ինչը որպես կանոն բացակայում է կլիենտելիստական գերիշխանության հարաբերություններում:
3. Cassels German Dictionary բառարանում (1978) կլիենտը մեկնաբանվում է որպես պատվիրատու կամ հաճախորդ: Սա բնորոշ է ժամանակակից գերմաներենի կիրառությանը: Բառի միակ հիշատակումը վերոնշյալ բառարանում կապված է 1815թ. մարտյան իրադաձությունների հետ: 1824թ. Յոհան Քր․ Ֆրայհեր ֆոն Արեթինը կլիենտ եզրույթը կիրառեց Հռոմում անձնային տիրապետության հարաբերությունները նկարագրող սկզբնական իմաստով՝ խոսելով «բոլոր ատրիբուտներն ու կլիենտներն ունեցող գահի» մասին: Այսօր եզրույթը շարունակվում է կիրառվել, սակայն ոչ իր սկզբնական իմաստով: Իրավաբանները խոսում են իրենց «կլիենտների» մասին (ի դեպ այսպես էին նրանք անվանում այդ հարաբերությունները դեռևս Հին Հռոմում, սակայն այն ժամանակ դրանք որպես կանոն ավելի շատ անձնային կախվածություններ էին), տեղեկատուները նկարագրում են պահանջարկ ունեցող հնարավոր «կլիենտներին» գտնելու ճանապարհը: Սակայն, այնուամենայնիվ, սոցիալական տեսանկյունից գրեթե դատարկ, հաճախորդին ապրանք-փող հարաբերություններին մոտեցնող բնութագրումը պարունակում էր նահապետական մնացորդային շունչ: Վերջինիս անձնային բաղադրիչը, դրա ունեցած հոգատարության խմորով հանդերձ, արհեստավարժորեն ապրանքի ու դրամի ձևով առարկայացել է։
Բառի սոցիալական-գիտական լեզվական կիրառումը, սակայն, պետք է տարբերակել վերը նշված իմաստներից: Զարգացող երկրներն ուսումնասիրող սոցիոլոգիայի մեջ կլիենտ բառը «նեոպատրիմոնիալ» [4] տեսության համատեքստում վերլուծական դասակարգում է ստացել` որքանով ավելի շատ են հետազոտական հետաքրքրություն ներկայացրել ավանդական-պատրիմոնիալ և լեգալ-ռացիոնալ տիրապետության խառը ձևերը (Այզենշտադտ 1973)։ Նեոպատրիմոնիալ կլիենտը էապես տարբերվում է պատմական, պատրիմոնիալ կլիենտից նրանով, որ հովանավորի և կլիենտի միջև եղած «երկակի» հարաբերությունը բազմակողմ փոխկապակցվածությունների ձև է ստանում։ Իշխանություն ունեցող պատրոնը՝ հովանավորը, մեքսիկական կասիկների նման հանդես է գալիս որպես միջնորդ «կենտրոնական իշխանության» և «կլիենտների խավի» միջև: Համապատասխանաբար՝ նեոպատրիմոնիալ կլիենտելիզմի պայմաններում տրամադրվում են ավելի շատ հանրային ունեցվածք և ծառայություններ, ինչպես օրինակ՝ կրթություն, պետական փոխառություններ և վերջապես հանրային պաշտոններ: Պատրոնը վերահսկում է կենտրոն տանող մուտքերը: Նա բաշխում է ռեսուրսները բոլոր այն կլիենտների միջև, ովքեր փոխարենը «վարձահատույց են լինում» պատրոնին իրենց աջակցությամբ կամ ավելի ուշ ընտրական իրավունքի ընդարձակումից հետո՝ իրենց քվեներով։ Քանի որ պատրոնը ցանկանում է խուսափել կոնֆլիկտներից, ապա կլիենտը քաղաքականության և հասարակության արդիականացման ժամանակ այլևս որպես խոչընդոտ չի դիտարկվում, ընդհակառակը, նա համարվում է պետության կառուցման օգտակար գործիք: «Կլիենտը լրացնում է քաղաքական համակարգի բացերը»:[5]
Գաղութային, մասնավորապես հետգաղութային ու նորգաղութային օրինակներից բացի, կարելի է դիտարկել Իտալիան՝ հատկապես վերջինիս կենտրոնական և հարավային հատվածները, որպես նախաարդիական-ագրարային և արդիական տիրապետության խառնուրդ: Միկրո և մակրոքաղաքական առումով նախաարդիական կլիենտային հարաբերությունները որպես մաֆիոզ հարաբերություններ կարևոր դեր էին խաղում: [6] Նասմախերն առանձնացնում է կլիենտի ամենաքիչը երկու հիմնական տեսակ. կոռուպցիայի դեպքում «կլիենտային հարաբերությունները» պայմանավորվում են փողով: Իսկ մաֆիոզ խմբերի դեպքում կլիենտային հարաբերությունները բնութագրվում են բռնության բաղադրիչով: Այստեղ խոսքը գնում է անձնային կախվածության, ծառայություններ մատուցելու, սակայն միաժամանակ նաև հավատարիմ մարդկանց պաշտպանության մասին:
Բյուրոկրատական սոցիալիստական պետություններում կլիենտը դիտարկվում է որպես «հակակշիռ կենտրոնացված պլանային տնտեսությունների դեմ, որտեղ կլիենտի միջոցով կարող են արտահայտվել տեղական քաղաքական և տնտեսական կառույցների առանձին հետաքրքրությունները: [7]
4. «Անհամաժամանակյայի» «միաժամանակությունը» (Բլոխ 1932, 4) անհատապես բնութագրում է մարդուն, բայց այն նաև կոլեկտիվ բնութագրում է հասարակություններին՝ ըստ դրանց սոցիալական տրամաբանության։ Ըստ այդմ, արդի հասարակայնացման ձևերի գերիշխող մասում առկա են պատրիմոնիալ հասարակայնացման և տիրապետության ձևերի բազմաթիվ հետքեր։ Հաճախ փորձ է արվում այդ ձևերին ու բովանդակություններին ավանդական տեսք տալ։ Անձնական պարտավորվածությունները, հավատարմության հարաբերությունները ձգտում են նորմ և սովորույթ դարձնել գործնական հաստատություներում։ Անձնային տիրապետության կլիենտելիստական և ֆեոդալական գծերը «ամենաարդի» հասարակություններում պահանջված են կամ դրանք կարելի է գտնել քիչ կամ շատ, տարբեր խտությամբ, ուժեղ կամ թույլ ազդեցություններով։ Դրանք իրենց ձևով վերաստեղծվում և գործառութականացվում են ըստ տարբերակված, լիովին գործնականացված և ռացիոնալ-նպատակային կապիտալիստական-էտատիստական տիրապետության կառուցվածքի և գործառույթի։ Տիրապետությունը պահանջում է նուրբ «տարբերակումներ» և անձնականացման ձևեր (Բուրդյո 1979)։ Առանց այդպիսի փոխարինող նյութի ամրացված կապիտալի վերացական տիրապետությունն անպատկերացնելի է։ Այդ իսկ պատճառով որոնողական-հետաքննական տեսանկյունից «կլիենտելիզմ» հասկացությունը անհրաժեշտություն է։ […]
Կլիենտելիստական հետքեր կարելի է գտնել ամենուր։ Ընտանիքը՝ որպես սոցիալական միավոր, սկսած տղամարդ-կին հարաբերությունից, իրենից ներկայացնում է մի յուրահատուկ կլիենտելիստական բջիջ։ Ուժեղ կլիենտելիստական գծերն ուղեկցել են ոչ միայն Կոլումբուսի ժամանակներից ի վեր, այլև դրանք կարելի է գտնել նաև հետգաղութականացման շրջանում այսպես կոչված զարգացմանն ուղղված օգնության տեսքով (Բիրշենկ 1998; Շլիխտե 1998)։ Կլիենտելիզմի դրսևորումներ կարելի է գտնել բոլոր այն տեղերում, որտեղ այլ երկրի շահեր սպասարկող քաղաքականությունը համադրվում է վերևից նայողի հայացքով օգնականի ախտանիշի հետ։ Բայց երբ այդ հասկացության բաղկացուցիչ տարր է դառնում անձնային տիրապետությունը, այն այլևս հատուկ իմացություն չի պահանջում։ Այն նույնիսկ արգելափակում է անձնային տիրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական առանձին տեսակների հանգեցումը դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող այն միակ ողջամիտ պատմական ներկա հասկացությանը։
Կլիենտելիզմի մշակութա-մարդաբանական, զարգացման սոցիոլոգիայի և քաղաքագիտական ուսումնասիրություններում վտանգ կա, որ այդ տիրապետության կարևորությունը կարող է լուծվել անհատական փոխադարձ հաշվարկների կամ «արդիականացման համակարգային-գործառութային պահանջների» մեջ։ Տիրապետական կախվածության և փոխադարձ կապվածության դիալեկտիկան անխուսափելի է կլիենտելիզմի հասկացությունն իրականությանը համարժեք ընկալելու համար։ Այլապես փորձառության հիման վրա ուսուցանվող այն մեկնաբանումը, թե կլիենտելիզմն իրենից ներկայացնում է «ճիշտ ընկերներ ձեռք բերելու արվեստ» (Նասմախեր 2002, 263), վերլուծական տեսանկյունից մոլորության մեջ է գցում:
Հասկացությունների պատմական համակարգի մաս համարվող կլիենտելիզմի հռոմեական ծագումնաբանությունը այլևս մեծապես չի բնութագրում ներկայիս հասարակությունները։ Դեռևս սակայն, տիրապետության «ամենաարդի» ձևը սիստեմատիկ կերպով լիարժեքորեն «մարդկայնանում է» անձնային տիրապետության տարրերի շնորհիվ։
[1] Ավելին՝ Գեորգես 1885, 431: [2] Ֆուսթել դե Քուլանժ 1864/1981, 313-352: [3] Պրեմերշտայն 1900, 24: [4] Տիրապետությունների տիպաբանության մեջ Մաքս Վեբերն այս արտահայտությունն օգտագործում է միանձնյա տիրակալի հրահանգներով կաշկանդված վարչական ու ռազմական կառույցներ ունեցող քաղաքական համակարգը սահմանելու համար։ [5] Նասմախեր 2002, 263: [6] Լա Պալոմարա 1964: [7] Կաչիալի 1997, 294:Վոլֆ-Դիթեր Նառը ծնվել է 1937 թվականին։ Սովորել է Վյուրցբուրգի, Թյումինգենի և Էրլանգենի համալսարաններում։ 1971թ․-ից մինչև 2002 թ․որպես քաղաքագիտության դասախոս դասավանդել է Բեռլինի ազատ համալսարանի Օտտո Զուր ինտիտուտում։ Նառի հեռազոտության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքները, գլոբալիզացիան և ժողովրդավարությունը։ Բացի այդ, նա իր հիմնարար համոզմունքներն արտահայտում է նաև քաղաքական գործողությունների միջոցով։
Գրականություն
Th. Bierschenk, »Lokale Entwicklungsmakler. Entwicklungshilfe schafft neue Formen des Klientelismus in Afrika«, in: E + Z. Entwicklung und Zusammenarbeit, 39. Jg., 1998, H. 12, 322-24.
P. Blickle, Deutsche Untertanen. Ein Widerspruch, München 1981.
E. Bloch, »Ungleichzeitigkeit und Pfl icht zu ihrer Dialektik« (1932), GA 4, 104-160.
P. Bourdieu , Die feinen Unterschiede. Kritik der gesellschaftlichen Urteilskraft (1979), Frankfurt/M 1982.
O. Brunner, Land und Herrschaft. Grundfragen der territorialen Verfassungsgeschichte Österreichs im Mittelalter, 4., veränd. A., Baden b. Wien u.a. 1939 (Wien-Wiesbaden 1959); ders., »Feudalismus, feudal«, in: GG 2,1975, 337-50.
M. Caciagli, »Klientelismus«, in: Lexikon der Politik, Bd. 4, hgg. v. D.Nohlen, P.Waldmann u. K.Ziemer, München 1997, 292-97; S.N. Eisenstadt, Traditional Patrimonialism and Modern Neopatrimonialism, London-Beverly Hills/CA 1973.
G. Erdmann u. U. Engel, Neo-patrimonialism Revisited – Beyond a Catch-All Concept, German Institute of Global and Area Studies, Working Papers, Nr. 16, Hamburg 2006.
N.D. Fustel De Coulanges, La Cité antique, Paris 1864 (dt.: Der antike Staat, übers. v. I.-M.Krefft auf d. Grundlage d. Übers. v. P.Weiss [1907], Einl. v. K.Christ, Stuttgart 1981).
K.-E. Georges, Kleines Lateinisch-Deutsches und Deutsch-Lateinisches Handwörterbuch, 5., teilw. umgearb. und verm. Aufl ., Hannover u.a. 1885.
L. Graziano, »A Conceptual Framework for the Study of Clientelistic Behavior«, in: European Journal of Political Research, 4. Jg., 1976, H. 2, 149–74.
L. Kuchenbuch u. B. Michael (Hg.), Feudalismus – Materialien zur Theorie und Geschichte, Frankfurt/M u.a. 1977.
C.H. Lande, »Introduction: The Dyadic Basis of Clientelism«, in: ders. u.a. (Hg.), Friends, Followers and Factions, Berkeley u.a. 1977, xxiii-xxxvii; J. La Palombara, Interest groups
in Italian politics, Princeton/NJ 1964.
R. Lemarchand, »Comparative Political Clientelism: Structure, Process and Optic«, in: ders. u. S.N.Eisenstadt (Hg.), Political Clientelism, Patronage and Development, Beverly Hills-London 1981, 7–32.
A.W. Lintott, »Cliens, clientes«, in: DNP 3, 1997, 32f; W. Mager, »Republik«, GG 5, 1984, 549-651.
J.F. Medard, »Le rapport de clientèle, du phénomène social à l’analyse politique«, in: Revue française de science politique, 26. Jg., 1976, H. 2, 103–31.
Th. Mommsen, Römische Geschichte, Bd. 1-3 u. 5, Leipzig-Berlin 1854-56 u. 1885.
H. Nassmacher, Politikwissenschaft, 4., neubearb. u. erw. A., München-Wien 2002.
A. v . Premerstein, »Clientes«, in: Paulys Real-Encyclopädie der classischen Altertumswissenschaft, Bd. I.7, neue Bearb., hgg. v. G.Wissowa, Stuttgart 1900, 23-55.
T.H. Rygby u. B. Harasymov (Hg.), Leadership Selection and Patron-Client Relations in the USSR and Yugoslavia, London 1983.
K. Schlichte, »La françafrique – Postkolonialer Habitus und Klientelismus in der französischen Afrikapolitik«, in: Z f. intern. Beziehungen, 5. Jg., 1998, H. 2, 309-43.
A. Stille, Citizen Berlusconi, München 2006.
J. Tarkowski, »Patronage in a Centralized, Socialist System: The Case of Poland«, in: Intern. Pol. Science Review, 4. Jg., 1983, H. 4, 495–518.
E.P. Thompson, »Die ›moralische Ökonomie‹ der englischen Unterschichten im 18. Jahrhundert« (1971), in: ders., Plebeische Kultur und moralische Ökonomie. Aufsätze zur englischen Sozialgeschichte des 18. und 19. Jahrhunderts, übers. v. G.Lottes, ausgew. u. eingel. v. D.Groh, Frankfurt/M u.a. 1980, 67-130.
T. Trevisani, »Klientelismus und Klientelismuskritik«, in: Schweizerische Z f. Soziologie, 22. Jg., 1996, H. 2, 415- 31.
Դիտվել է 762 անգամ