Սույն հոդվածը մարդաբանության և աշխարհագրության ականավոր պրոֆեսոր Դեյվիդ Հարվին գրել է տնտեսական ճգնաժամի բովում (The Right to the City, 2008)։ 2009 թ․, երբ վերահրատարակվեց նրա նշանավոր աշխատությունը՝ «Սոցիալական արդարությունը և քաղաքը» (Social Justice and the City, 1973), հոդվածը գրքում տեղ գտավ իբրև հավելված։ Այդ վերահրատարակությունն է եղել աղբյուրը գրքի հայերեն թարգմանության, որ Քաղաքական դիսկուրս հանդեսը լույս ընծայեց 2022 թ․։ Այս առցանց հրապարակումը վերցված է հենց այդտեղից։
Հոդվածի հայերեն տարբերակին առցանց հասանելիություն ապահովելու առիթը խիստ մտահոգիչ քաղաքային գործընթացներն են, որ տեղի են ունենում հետխորհրդային Հայաստանում․ դեռևս 2000-ականների կեսին Երևանում սկիզբ առած անշրջահայաց կառուցապատումը մինչ օրս շարունակվում է, և այժմ նոր հնչեղություն է ստացել Կոնդ թաղամասի հարցը։
Հարվին համաշխարհային մակարդակում տեղի ունեցող քաղաքային գործընթացների արմատական քննադատ է, և այս գրվածքը գուցե օգտակար լինի տեղական խնդիրների հիմքում ընկած իրական պատճառների վերհանման և ըմբռնման համար։
Դ․ Ս․
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդու իրավունքների իդեալները զբաղեցրել են բեմահարթակի կենտրոնը թե՛ քաղաքական, թե՛ էթիկական առումով: Ահռելի էներգիա է ծախսվում ՝ բարձրացնելու դրանց նշանակությունն ավելի լավ աշխարհ կառուցելու գործում։ Բայց շրջանառվող հղացքները սովորաբար հիմնավորապես չեն վիճարկում գերիշխող ազատական և նորազատական շուկայական տրամաբանությունը կամ օրինականության և պետական գործունեության տիրապետող ձևերը: Վերջին հաշվով մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մասնավոր սեփականության իրավունքները և շահույթի նորմը (rate) գերազանցում են իրավունքի բոլոր մյուս իմաստները: Այստեղ ուզում եմ հետազոտել մարդու իրավունքի մեկ այլ տեսակ՝ քաղաքի նկատամբ իրավունքը:
Արդյոք վերջին հարյուր տարվա ընթացքում քաղաքայնացման ապշեցնող տեմպն ու մասշտաբը նպաստե՞լ են մարդկային բարեկեցությանը: Քաղաքը, քաղաքային սոցիոլոգ Ռոբերտ Փարքի խոսքերով, «մարդու ամենահաջող փորձն է՝ վերակերտելու իր ապրած աշխարհն ըստ սրտի փափագի։ Բայց եթե քաղաքն այն աշխարհն է, որ մարդը ստեղծել է, ապա դա այն աշխարհն է, որտեղ նա այնուհետև դատապարտված է ապրելու: Ուրեմն, անուղղակիորեն և առանց հստակ հասկանալու իր առաջադրանքի բնույթը, քաղաքը կերտելիս մարդը վերակերտել է ինքն իրեն»:[1] Այն հարցը, թե ինչպիսի քաղաք ենք մենք ուզում, չի կարող զատվել այն հարցից, թե ինչպիսի սոցիալական կապեր, բնության հետ հարաբերություններ, ապրելակերպ, տեխնոլոգիաներ և գեղագիտական արժեքներ ենք փափագում: Քաղաքի նկատմամբ իրավունքը շատ ավելին է, քան քաղաքային ռեսուրսների հասանելիության անհատական ազատությունը. այն ինքներս մեզ փոխելու իրավունք է քաղաքը փոխելու միջոցով: Ավելին՝ դա ընդհանուր, այլ ոչ թե անհատական իրավունք է, քանի որ այս փոխակերպումն անխուսափելիորեն կախված է հավաքական իշխանության գործադրումից՝ վերափոխելու քաղաքայնացման գործընթացները: Մեր քաղաքները և ինքներս մեզ կերտելու ու վերակերտելու ազատությունը, ուզում եմ պնդել, մարդու ամենակարևոր իրավունքներից մեկն է, բայց նաև ամենաանտեսվածը:
Ի սկզբանե քաղաքներն առաջացել են հավելյալ արտադրանքի աշխարհագրական և սոցիալական կենտրոնացման շնորհիվ: Ուստի, քաղաքայնացումը միշտ եղել է դասակարգային երևույթ, քանի որ hավելուրդներ կորզվում են ինչ-որ տեղից և ինչ-որ մեկից, մինչդեռ դրանց հատկացման վերահսկողությունը սովորաբար քչերի ձեռքում է: Այս ընդհանուր իրավիճակը, անշուշտ, պահպանվում է կապիտալիզմի ժամանակներում, բայց քանի որ քաղաքայնությունը կախված է հավելյալ արտադրանքի շարժունացումից, սերտ կապ է առաջանում քաղաքայնացման և կապիտալիզմի զարգացման միջև։ Կապիտալիստները հավելարժեք արտադրելու համար ստիպված են արտադրել հավելյալ արդյունք. սա իր հերթին պետք է վերաներդրվի ավելի շատ հավելարժեք ստեղծելու համար: Շարունակական վերաներդրումների արդյունքը հավելյալ արտադրության ընդլայնումն է բաղադրյալ նորմով (compound rate), ուսկից էլ կապիտալի կուտակման պատմությանը կապակցված լոգիստիկական կորերը (փող, արտադրանք ու բնակչություն), որ զուգահեռ են կապիտալիզմի ժամանակ քաղաքայնացման աճի ուղուն:
Կապիտալի հավելյալ արտադրության և կլանման համար շահութաբեր հողեր գտնելու անվերջ կարիքը ձևավորում է կապիտալիզմի քաղաքականությունը: Դա նաև մի շարք խոչընդոտներ է հանդես բերում կապիտալիստի՝ շարունակական և անախորժություններից զերծ ընդարձակման համար։ Եթե աշխատուժը սակավ է, իսկ աշխատավարձը՝ բարձր, կա՛մ հարկավոր է առկա աշխատուժը պատժի ենթարկել (երկու հիմնական մեթոդներն են՝ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ առաջացած գործազրկությունը և հարձակումը կազմակերպված աշխատավորական ուժի վրա), կա՛մ պետք է նոր աշխատուժ գտնել ներգաղթի, կապիտալի արտահանման կամ բնակչության՝ մինչ այդ անկախ տարրերի պրոլետարացման միջոցով։ Կապիտալիստները պետք է նաև հայտնաբերեն նոր արտադրամիջոցներ ընդհանրապես և բնական ռեսուրսներ՝ մասնավորապես, ինչն աճող ճնշում է գործադրում բնական միջավայրի վրա՝ անհրաժեշտ հումույթ ստանալու և անխուսափելի թափոնները կլանելու առումով։ Նրանք պետք է հողեր հայտնաբերեն հումույթի արդյունահանման համար, ինչը հաճախ դառնում է իմպերիալիստական և նորգաղութային ձգտումների նպատակը:
Մրցակցության հարկադրիչ օրենքները նաև ստիպում են շարունակաբար կիրառել նոր տեխնոլոգիաներ և կազմակերպական ձևեր, քանի որ դրանք հնարավորություն են տալիս կապիտալիստներին մրցակցության մեջ հաղթելու հնացած մեթոդներ կիրառողներին: Նորամուծությունները սահմանում են նոր պահանջներ ու կարիքներ, կրճատում կապիտալի շրջանառության ժամանակը և նվազեցնում հեռավորության դիմադրությունը, որը սահմանափակում է այն աշխարհագրական լայնույթը, որի շրջանակում կապիտալիստը կարող է փնտրել աշխատուժի լրացուցիչ պաշարներ, հումույթ և այլն: Եթե շուկայում բավարար գնողունակություն չկա, պետք է գտնել նոր շուկաներ՝ ընդարձակելով արտաքին առևտուրը, առաջ մղելով նոր ապրանքներ ու ապրելակերպեր, ստեղծելով նոր վարկային գործիքներ, իրականացնելով պետական ու մասնավոր ծախքերի պարտային ֆինանսավորում: Ի վերջո, եթե շահույթի նորմը չափազանց ցածր է, ապա «կործանարար մրցակցության» պետական կարգավորումը, մենաշնորհացումը (միաձուլումներ ու ձեռքբերումներ) և կապիտալի արտահանումը ելքեր են տրամադրում։
Եթե վերը նշված խոչընդոտներից որևէ մեկը հնարավոր չէ շրջանցել, կապիտալիստները չեն կարողանում շահութաբեր կերպով վերաներդնել իրենց հավելյալ արտադրանքը: Կապիտալի կուտակումն արգելափակվում է՝ կանգնեցնելով նրանց ճգնաժամի առաջ, որի ընթացքում կապիտալը կարող է արժեզրկվել և որոշ դեպքերում ՝ նույնիսկ ֆիզիկապես ջնջվել: Հավելյալ ապրանքները կարող են կորցնել արժեքը կամ ոչնչանալ, մինչդեռ արտադրողական կարողություններն ու ակտիվները (assets) կարող են դուրս գրվել և անգործության մատնվել. ինքը՝ փողը, կարող է արժեզրկվել գնաճի պատճառով, իսկ աշխատուժը՝ զանգվածային գործազրկության: Ուրեմն ի՞նչպես է այս խոչընդոտները շրջանցելու և շահութաբեր գործունեության գետինն ընդլայնելու անհրաժեշտությունն առաջ մղում կապիտալիստական քաղաքայնացումը: Այստեղ ես պնդում եմ, որ քաղաքայնացումը որոշակի գործուն դեր է խաղացել այնպիսի երևույթի հետ մեկտեղ, ինչպիսին ռազմական ծախքերն են՝ կլանելու հավելյալ արտադրանքը, որը կապիտալիստներն անըհնդհատ արտադրում են իրենց շահույթը հետապնդելիս։
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ
Սկզբում քննության առնենք Երկրորդ կայսրության ժամանակվա Փարիզը։ 1848 թ. բերեց չգործածվող հավելյալ կապիտալի ու հավելյալ աշխատուժի առաջին բացահայտ, համաեվրոպական ճգնաժամերից մեկը: Այն հատկապես ծանր հարված հասցրեց Փարիզին և առաջ բերեց մի ձախող հեղափոխություն՝ մասնակցությամբ գործազուրկ աշխատավորների և այն բուրժուական ուտոպիստների, որոնք սոցիալական հանրապետությունը համարում էին Հուլիսյան միապետությանը բնորոշ ագահության ու անհավասարության հակաթույն: Հանրապետական բուրժուազիան դաժանորեն ճնշեց հեղափոխականներին, բայց չկարողացավ լուծել ճգնաժամի հարցը։ Արդյունքում իշխանության եկավ Լուի Նապոլեոն Բոնապարտը, որը 1851 թ. հեղաշրջում կազմակերպեց և հաջորդ տարի իրեն հռչակեց կայսր։ Որպեսզի քաղաքականապես գոյատևի, նա դիմեց այլընտրանքային քաղաքական շարժումների լայնատարած բռնաճնշման։ Տնտեսության մեջ ձեռնարկեց ենթակառուցվածքային ներդրումների հսկայածավալ ծրագրեր թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Երկրորդ դեպքում դա նշանակում էր երկաթուղիների կառուցում Եվրոպայով մեկ և դեպի Արևելք, ինչպես նաև՝ աջակցություն այնպիսի մեծ գործի, ինչպիսին էր Սուեզի ջրանցքի շինարարությունը: Տանը՝ երկաթուղային ցանցի միավորում, նավահանգիստների ու նավակայանների կառուցում, ճահիճների չորացում։ Բայց առաջին հերթին դա ենթադրում էր Փարիզի քաղաքային ենթակառուցվածքի վերադասավորում: Բոնապարտը 1853 թ. բերեց Ժորժ-Էժեն Oսմանին, որպեսզի նա ղեկավարի քաղաքի վերակառուցումը:
Օսմանը հստակ գիտակցում էր, որ իր առաքելությունն էր քաղաքայնացմամբ նպաստել հավելյալ կապիտալի և գործազրկության խնդրի լուծմանը: Փարիզի վերակառուցումն ընդգրկեց օրվա չափանիշներով հսկայաքանակ աշխատուժ ու կապիտալ և զուգակցվելով փարիզյան աշխատավորների ձգտումների ճնշման հետ՝ դարձավ սոցիալական կայունացման առաջնային միջոց: Օսմանը կանգ առավ Փարիզի վերափոխման ուտոպիական նախագծերի վրա, որոնք 1840-ականներին քննարկել էին ֆուրիեիստներն ու սեն-սիմոնականները, բայց մի կարևոր տարբերությամբ. նա փոխեց քաղաքային գործընթացի պատկերացման մասշտաբները: Երբ ճարտարապետ Ժակ Իգնաս Հիտորֆը Օսմանին ցույց տվեց նոր բուլվարի գծագրերը, Օսմանը հետ շպրտեց դրանք՝ ասելով. «Լայնությունը քիչ է: ….Ձեզ մոտ 40 մետր է, իսկ ես 120 եմ ուզում»: Նա քաղաքին կցեց արվարձանները և վերակառուցեց ամբողջ թաղամասեր, ինչպես օրինակ՝ Les Halles-ը: Սա անելու համար Օսմանին անհրաժեշտ էին նոր ֆինանսական հաստատություններ և պարտային գործիքներ՝ Crédit Mobilier-ը և Crédit Immobilier-ը, որոնք ստեղծվել էին սեն-սիմոնյան մոտեցումների հիման վրա: Այսպիսով, նա օգնեց լուծել կապիտալի հավելուրդից ձերբազատվելու խնդիրը՝ ստեղծելով պարտային ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային քաղաքային բարեկարգումների նախաքեյնսյան համակարգ:
Այդ համակարգը շատ լավ աշխատեց մոտ տասնհինգ տարի և ընդգրկում էր ոչ միայն քաղաքային ենթակառուցվածքների մի փոխակերպում, այլև նոր ապրելակերպի ու քաղաքաբնակի ձևավորում: Փարիզը դարձավ «լույսի քաղաք», սպառման, զբոսաշրջության ու հաճույքի մեծ կենտրոն. սրճարանները, հանրախանութները, նորաձևության արդյունաբերությունը և շքեղ ցուցահանդեսները փոխեցին քաղաքային կենցաղն այնպես, որ այն կարող էր մեծածավալ հավելուրդներ կլանել սպառողականությամբ: Բայց այնուհետ ուռճացած ու սպեկուլյատիվ ֆինանսական համակարգը և վարկային կառույցները փլուզվեցին 1868 թ.: Օսմանը պաշտոնանկ արվեց. հուսաբեկ Նապոլեոն III-ը պատերազմելու գնաց բիսմարկյան Գերմանիայի դեմ և պարտվեց։ Սրան հետևած դատարկությունից ծագեց Փարիզի կոմունան՝ կապիտալիստական քաղաքի պատմության մեջ խոշորագույն հեղափոխական դրվագներից մեկը, որ մասամբ կերտվել էր Օսմանի ավերած աշխարհի հանդեպ կարոտից և նրա գործերի պատճառով ունեզրկվածների՝ քաղաքը հետ նվաճելու փափագից։[2]
Արագ առաջ անցնենք դեպի 1940-ականների Միացյալ Նահանգներ: Պատերազմով պայմանավորված հսկայական շարժունացումը ժամանակավորապես լուծեց կապիտալի հավելուրդից ազատվելու խնդիրը, որն անլուծելի էր թվում 1930-ականներին դրան ուղեկցող գործազրկության հետ: Բայց բոլորը վախվորած էին, թե ինչ կլինի պատերազմից հետո։ Քաղաքական առումով իրավիճակը վտանգավոր էր. դաշնային կառավարությունն իրականում վարում էր ազգայնացված տնտեսություն և դաշինք էր կազմել կոմունիստական Խորհրդային միության հետ, 1930-ականներին էլ ի հայտ էին եկել սոցիալիստական թեքմամբ ուժեղ սոցիալական շարժումներ: Օրվա իշխող դասակարգերը դիմեցին ուժեղ քաղաքական բռնաճնշումների, ինչպես Լուի Բոնապարտի ժամանակաշրջանում. մակքարտիզմի և Սառը պատերազմի քաղաքականության հետագա պատմությունը, որի բազմաթիվ նշաններ արդեն երևում էին 40-ականների սկզբին, նույնպես քաջածանոթ է: Տնտեսական ճակատում մնում էր նույն հարցը՝ ի՞նչպես կարելի է կլանել հավելյալ կապիտալը: 1942 թ. «Ճարտարապետական ֆորում»-ում երևան եկավ Օսմանի ջանքերի մի երկար-բարակ գնահատական: Այդտեղ մանրամասնորեն վավերագրված էր, թե ինչ է նա արել, և փորձ էր արվում վերլուծել սխալները, բայց կար ձգտում ՝ վերականգնեու նրա համբավը՝ իբրև մեկը բոլոր ժամանակների մեծագույն քաղաքաշինարարներից: Հոդվածը գրել էր ոչ այլ ոք, քան Ռոբերտ Մոզեսը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու Յորքի հետ արեց այն, ինչ Օսմանն արել էր Փարիզի հետ:[3] Այսինքն՝ Մոզեսը փոխեց քաղաքային գործընթացի մասին մտածելու մասշտաբը։ Մայրուղիների համակարգի ու ենթակառուցվածքային ձևափոխումների, մերձքաղաքայնացման (suburbanization) և քաղաքից զատ նաև ամբողջ մետրոպոլիական ռեգիոնի ամբողջական վերակառուցման միջոցով նա օգնեց լուծել կապիտալի հավելուրդի կլանման խնդիրը: Այդ նպատակով նա գործի դրեց նոր ֆինանսական հաստատություններ և հարկային կարգավորումներ, որոնք սահմանափակումներից ազատեցին պարտային ֆինանսավորմամբ քաղաքային ընդարձակման վարկավորումը: Տարածվելով դեպի ամբողջ Միացյալ Նահանգների բոլոր խոշոր մետրոպոլիական կենտրոններ (մասշտաբի ևս մեկ փոխակերպում)՝ այս գործընթացը վճռորոշ դեր խաղաց 1945 թ. հետո համաշխարհային կապիտալիզմի կայունացման գործում ՝ մի ժամանակաշրջան, երբ Միացյալ Նահանգները կարող էր իրեն թույլ տալ սնուցել ամբողջ համաշխարհային ոչ կոմունիստական տնտեսությունը՝ բանեցնելով առևտրային պակասորդները։
Միացյալ Նահանգների մերձքաղաքայնացումը սոսկ նոր ենթակառուցվածքների խնդիր չէր։ Ինչպես Երկրորդ կայսրության ժամանակների Փարիզում, այն հանգեցրեց ապրելակերպերի արմատական ձևափոխման՝ իր հետ բերելով նոր ապրանքներ՝ բնակարանից սկսած մինչև սառնարաններ ու օդորակիչներ, ինչպես նաև՝ բակում կանգնած երկու մեքենա և նավթի սպառման ահռելի աճ: Այն նաև փոխեց քաղաքական լանդշաֆտը, քանի որ սուբսիդավորեց սեփական բնակարանի ձեռքբերումը միջին խավերի համար, ինչը փոխեց համայնքի գործունեության ուղղությունը դեպի սեփականության արժեքների և անհատականացված ինքնությունների պաշտպանություն՝ արվարձանների քվեները շրջելով պահպանողական հանրապետականության կողմը: Պարտքով ծանրաբեռնված տանտերերը, ինչպես ասում էին, ավելի քիչ էին հակված գործադուլ անելու: Այս նախագիծը հաջողությամբ կլանեց հավելուրդը և ապահովեց սոցիալական կայունություն, թեև միջնաքաղաքները պարպելու և քաղաքային խռովություն առաջացնելու գնով նրանց շրջանում (հիմնականում ՝ աֆրոամերիկացիներ), ովքեր զրկված էին այս նոր բարեկեցությունից օգտվելու հնարավորությունից:
1960-ականների վերջին սկսեց երևան գալ մեկ այլ տեսակի ճգնաժամ. Մոզեսը, ինչպես և Օսմանը, հեղինակազրկվեց, և նրա լուծումները համարվեցին անտեղի ու անընդունելի: Ավանդապաշտները համախմբվեցին Ջեյն Ջեյքոբսի շուրջ և փորձեցին տեղայնացված թաղային գեղագիտությամբ հակազդել Մոզեսի նախագծերի անողորմ մոդեռնիզմին: Բայց արվարձանները կառուցվել էին, և ապրելակերպի արմատական փոփոխությունը, որ դա նշանավորել էր, թողեց բազմաթիվ սոցիալական հետևանքներ, որոնք դրդեցին ֆեմինիստներին, օրինակ, հայտարարել, թե իրենց հիմնական անախորժությունների աղբյուրն արվարձաններն են: Եթե օսմանականացումն իր դերը խաղաց Փարիզի կոմունայի դինամիկայի մեջ, մերձքաղաքային կյանքի անշունչ նկարագիրն էլ վճռորոշ դեր խաղաց 1968 թ. Միացյալ Նահանգներում տեղի ունեցած դրամատիկական իրադարձություններում: Սպիտակ միջին խավի դժգոհ ուսանողներն անցան ապստամբության շրջան, դաշինքներ որոնեցին լուսանցքայնացված խմբերի հետ, որոնք պահանջում էին քաղաքացիական իրավունքներ, և համախմբվեցին ընդդեմ ամերիկյան կայսերապաշտության, որպեսզի սկիզբ դնեն մի շարժման՝ կառուցելու այլ տեսակի աշխարհ, այդ թվում ՝ այլ տեսակի քաղաքային փորձառություն:
Փարիզում պայքարն ընդդեմ Ձախափնյա արագընթաց մայրուղու կառուցման և ավանդական թաղամասերի ոչնչացման՝ «բարձրահարկ հսկաների» ներխուժմամբ, ինչպիսիք էին Place d’Italie-ն և Tour Montparnasse-ը, ավելի մեծ շունչ հաղորդեցին 1968 թ. ապստամբության դինամիկային: Հենց այս համատեքստում էր, որ Անրի Լեֆևրը գրեց «Քաղաքային հեղափոխությունը» գիրքը, որը կանխատեսում էր ոչ միայն այն, թե քաղաքայնացումն առանցքային նշանակություն ունի կապիտալիզմի գոյատևման համար, հետևաբար, անխուսափելիորեն դառնալու է քաղաքական և դասակարգային պայքարի վճռորոշ կիզակետ, այլև որ այն քայլ առ քայլ ջնջում է քաղաքի ու գյուղի միջև տարբերությունը՝ ինտեգրված տարածություններ ստեղծելով երկրով մեկ, եթե չասենք՝ նաև դրանից դուրս:[4] Քաղաքի նկատմամբ իրավունքը պետք է նշանակեր իրավունք՝ կառավարելու ամբողջ քաղաքային գործընթացը, որն ավելի ու ավելի էր տիրապետում գյուղական վայրերում ՝ գյուղատնտեսական ձեռներեցությունից սկսած մինչև գյուղերում երկրորդ տներ ձեռք բերելը և գյուղական զբոսաշրջություն:
1968 թ. ապստամբությանը զուգահեռ ֆինանսական ճգնաժամ առաջացավ այն վարկային հաստատություններում, որոնք պարտային ֆինանսավորման միջոցով սնուցել էին նախորդ տասնամյակների՝ անշարժ գույքի շինարարության վերելքը: Ճգնաժամը թափ առավ 1960-ականների վերջին, մինչև որ ամբողջ կապիտալիստական համակարգը փլուզվեց՝ սկսած 1973 թ. համաշխարհային գույքի շուկայի փուչիկի պայթելուց, որին հաջորդեց Նյու Յորքի բյուջետային սնանկացումը 1975 թ.։ Ինչպես պնդում էր Ուիլյամ Թաբը, արձագանքը վերջինիս հետևանքներին արդյունավետորեն առաջ մղեց մի նորազատական պատասխան դասակարգային իշխանության տևականացման և հավելուրդներ (որ կապիտալիզմը պետք է արտադրի գոյատևելու համար) կլանելու կարողության վերականգնման խնդրին:[5]
ԵՐԿՐԱԳՆԴԻ ՇՐՋԱԳՈՏՈւՄԸ
Արագ վերադառնանք ներկա իրավիճակին։ Միջազգային կապիտալիզմը թեթևասահ անցնում էր տարածաշրջանային ճգնաժամերի ու անկումների վրայով՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիա 1997‑98 թթ., Ռուսաստան 1998 թ., Արգենտինա 2001 թ., բայց մինչև վերջերս խուսափում էր համաշխարհային անկումից, նույնիսկ կապիտալի հավելուրդից ազատվելու քրոնիկական անկարողության պայմաններում: Ո ՞րն էր քաղաքայնացման դերն այս իրավիճակի կայունացման մեջ։ Միացյալ Նահանգներում ընդունված է համարել, թե բնակարանային ոլորտը տնտեսության կարևոր կայունարար էր, հատկապես՝ 1990-ականների վերջի բարձր տեխնոլոգիական խորտակումից հետո, չնայած որ այն ընդարձակման գործուն մասն էր տասնամյակի սկզբին: Անշարժ գույքի շուկան անմիջաբար կլանում էր մեծ քանակությամբ հավելյալ կապիտալ՝ միջնաքաղաքային և արվարձանային տների ու գրասենյակային տարածքների կառուցման միջոցով, այդ ընթացքում բնակարանային ակտիվի (asset) արագ գնաճը, որը սատարվում էր պատմականորեն ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային վարկերի շռայլ վերաֆինանսավորմամբ, խթանեց սպառողական բարիքների ու ծառայությունների ԱՄՆ ներքին շուկան։ Ամերիկյան քաղաքային ընդարձակումը մասամբ կայունացրեց համաշխարհային տնտեսությունը, քանի որ Միացյալ Նահանգները հսկայական առևտրային պակասորդ ուներ մնացյալ աշխարհի նկատմամբ՝ օրական մոտ 2 միլիարդ դոլար պարտք վերցնելով, որպեսզի ապահովի իր անհագ սպառողականության և Աֆղանստանի ու Իրաքի պատերազմների մատակարարումը:
Սակայն քաղաքային գործընթացը մասշտաբի մեկ այլ փոխակերպում է կրել։ Այն, կարճ ասած, դարձել է համաշխարհային։ Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում, ինչպես նաև շատ այլ երկրներում, անշարժ գույքի շուկայի վերելքն օգնել է սնուցել կապիտալիստական դինամիկան այնպիսի ձևերով, որոնք մեծամասամբ զուգահեռ են Միացյալ Նահանգներում տեղի ունեցածին: Վերջին քսան տարում Չինաստանի քաղաքայնացումը այլ բնույթ է կրում ՝ ուշադրությունը մեծապես սևեռելով ենթակառուցվածքային զարգացման վրա, բայց այն նույնիսկ ավելի նշանակալից է, քան Միացյալ Նահանգների քաղաքայնացումը: 1997 թ. կարճատև անկումից հետո դրա տեմպերը ահռելիորեն աճեցին այն աստիճանի, որ 2000 թ. ի վեր Չինաստանը սպառել է ցեմենտի համաշխարհային պաշարի գրեթե կեսը: Հարյուրից ավելի քաղաքներ այս ժամանակահատվածում հատել են մեկ միլիոն բնակչության սահմանագիծը, իսկ սկզբնապես փոքր գյուղերը, ինչպիսին օրինակ՝ Շենժենն է, վերածվել են 6-10-միլիոնանոց հսկայական մետրոպոլիսների: Ահռելի ենթակառուցվածքային ծրագրերը՝ ներառյալ ամբողջությամբ պարտքով ֆինանսավորված ամբարտակներն ու մայրուղիները, փոխում են լանդշաֆտը: Հետևանքները համաշխարհային տնտեսության և հավելյալ կապիտալի կլանման համար նշանակալի են. Չիլին վերելք է ապրում պղնձի բարձր գնի շնորհիվ, Ավստրալիան բարգավաճում է, նույնիսկ Բրազիլիան ու Արգենտինան մասամբ վերականգնվել են՝ շնորհիվ հումույթի մեծ պահանջարկի, որ առկա է Չինաստանում:
Ուրեմն Չինաստանի քաղաքայնացո՞ւմն է այսօր համաշխարհային կապիտալիզմի առաջնային կայունարարը: Հարկ է պատասխանել՝ մասնակի։ Քանի որ Չինաստանը լոկ էպիկենտրոնն է քաղաքայնացման գործընթացի, որն այժմ դարձել է իսկապես համաշխարհային՝ մասամբ շնորհիվ ֆինանսական շուկաների ապշեցուցիչ ինտեգրման, որոնք օգտագործում են իրենց ճկունությունը՝ պարտքով ֆինանսավորելու քաղաքային կառուցապատումն ամբողջ աշխարհում: Չինաստանի կենտրոնական բանկը, օրինակ, գործուն է Միացյալ Նահանգների երկրորդային հիփոթեքային շուկայում, մինչդեռ Goldman Sachs-ը լայնորեն ներգրավված էր Մումբայի անշարժ գույքի փքվող շուկայում, իսկ հոնկոնգյան կապիտալն էլ ներդրումներ է կատարում Բալթիմորում: Աղքատացած միգրանտների հեղեղի ժամանակ շինարարությունը վերելք ապրեց Յոհանեսբուրգում, Թայպեյում և Մոսկվայում, ինչպես նաև՝ առանցքային կապիտալիստական երկրների այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոնդոնն ու Լոս Անջելեսը: Մերձավոր Արևելքի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Դուբայն ու Աբու Դաբին, ի հայտ են եկել ապշեցուցիչ, եթե ոչ հանցավոր ու անհեթեթ մեգաքաղաքայնացման նախագծեր, որոնք սրբում են նավթային հարստությունից առաջացող hավելուրդը հնարավորինս անթաքույց, սոցիալապես անարդար և շրջակա միջավայրը վատնող եղանակներով:
Այս համաշխարհային մասշտաբը խանգարում է ըմբռնել, որ տեղի ունեցողը սկզբունքորեն նման է այն փոխակերպումներին, որոնց վրա հսկողություն էր իրականացնում Օսմանը Փարիզում: Քանզի համաշխարհային քաղաքայնացման վերելքը կախված է, ինչպես և մյուս բոլորը դրանից առաջ, նոր ֆինանսական հաստատությունների ստեղծումից և այն օժանդակելու համար պահանջվող վարկի կազմակերպումից: Վճռական դեր խաղացին 1980-ականներին գործարկված ֆինանսական նորամուծությունները. տեղական հիփոթեքային վարկերի արժեթղթավորում ու փաթեթավորում ՝ ամբողջ աշխարհի ներդրողներին վաճառելու նպատակով, և նոր գործիքների ստեղծում ՝ գրավով ապահովագրված պարտավորություններ պահելու համար: Դրանց բերած բազմաթիվ օգուտները ներառում էին ռիսկի ցրում և թույլտվություն hավելուրդի խնայողությունները միավորող մարդկանց խմբերին (savings pools)՝ համալրելու բնակարանների հավելյալ պահանջարկը. դրանք նաև նվազեցրին ընդհանուր տոկոսի նորմերը՝ ստեղծելով հսկայական հնարավորություններ ֆինանսական միջնորդների համար, որոնք գործեցին այս հրաշքները: Բայց ռիսկի ցրումը չի վերացնում այն։ Ավելին՝ այդքան լայն տարածելու հնարավորությունը խրախուսում է է՛լ ավելի ռիսկային տեղային վարքագիծ, որովհետև հնարավոր է պատասխանատվությունը փոխադրել որևէ այլ տեղ: Առանց ռիսկերի գնահատման ադեքվատ վերահսկողության՝ ֆինանսականացման այս ալիքն այժմ դարձել է, այսպես կոչված, պակաս հիմնավորված հիփոթեքների (subprime mortgage) և բնակարանային ակտիվների արժեքային ճգնաժամի: Վնասակար հետևանքները կենտրոնացել էին առաջին հերթին ԱՄՆ քաղաքներում և դրանց շրջակայքում ՝ հատկապես լրջորեն ազդելով սակավեկամուտ, միջնաքաղաքում ապրող աֆրիկյան ամերիկացիների և միայնակ կանանց գլխավորած ընտանիքների վրա: Այն նաև ազդել է նրանց վրա, ովքեր, ի վիճակի չլինելով վճարել քաղաքային կենտրոններում կտրուկ աճող գները (հատկապես հարավ-արևմուտքում), ստիպված տեղավորվեցին մետրոպոլիական կիսածայրամասում. այդտեղ նրանք վերցրին սպեկուլյատիվ կերպով կառուցված տիպարային բնակելի տներ՝ սկզբնապես թեթև տոկոսադրույքներով, բայց այժմ բախվում են ճանապարհածախսի աճին, քանի որ նավթի գները բարձրանում են, և հիփոթեքային վճարումներն էլ աճում են, քանի որ շուկայական դրույքաչափերն ուժի մեջ են մտնում:
Ընթացիկ ճգնաժամը քաղաքային կյանքի և ենթակառուցվածքների վրա արատավոր տեղային հետևանքներով նաև սպառնում է համաշխարհային ֆինանսական համակարգի ամբողջ ճարտարապետությանը և կարող է հանգեցնել ծանր անկման: Զուգահեռները 1970-ականների հետ անհավանական են՝ ներառյալ 2007-2008 թթ. Դաշնային պահուստի անհապաղ՝ «հեշտ փողային» արձագանքը, որը գրեթե վստահաբար ոչ հեռու ապագայում կառաջացնի անկառավարելի գնաճի ուժգին ընթացք, եթե ոչ՝ գնաճային լճացում: Ինչևէ, իրավիճակը հիմա շատ ավելի բարդ է, և բաց հարց է, թե արդյոք Չինաստանը կարո՞ղ է փոխհատուցել ԱՄՆ տեղի ունեցած ծանր խորտակումը. նույնիսկ ՉԺՀ քաղաքայնացման տեմպերը կարծես թե դանդաղում են: Ֆինանսական համակարգը նույնպես ավելի ամուր է փոխկապված, քան երբևէ եղել է:[6] Համակարգչով կառավարվող վայրկենական առևտուրը միշտ սպառնում է մեծ տատանումներ ստեղծել շուկայում (այն արդեն իսկ արտասովոր անկայունություն է առաջացնում արժեթղթերի առևտրում), ինչը կհանգեցնի զանգվածային ճգնաժամի, և այս հանգամանքը պահանջում է ամբողջապես վերամտածել այն հարցը, թե ի՞նչպես են աշխատում ֆինանսական կապիտալը և դրամական շուկաները՝ ներառյալ դրանց կապը քաղաքայնացման հետ։
ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԽԱՂԱՂՈւՄ
Ինչպես նախորդ բոլոր շրջափուլերում, քաղաքային զարգացման այս ամենավերջին՝ արմատական ընդարձակումն իր հետ բերել է ապրելակերպի անհավանական փոխակերպումներ: Քաղաքային կյանքի որակը, ինչպես և ինքը՝ քաղաքը, դարձել է ապրանք մի աշխարհում, որտեղ սպառողականությունը, զբոսաշրջությունը և մշակութային ու գիտելիքահենք արդյունաբերությունները դարձել են քաղաքի քաղաքատնտեսության հիմնական կողմերը: Շուկայական խոռոչների ձևավորումը խրախուսելու հետարդիական հակումը (թե՛ սպառողական սովորույթներով, թե՛ մշակութային ձևերով) ժամանակակից քաղաքային փորձառությունը հագեցնում է ընտրության ազատության աուրայով, եթե իհարկե փող ունես: Շատանում են մոլերը, բազմադահլիճ կինոթատրոնները և մանրամեծածախ առևտրի ցանցերը, ինչպես և՝ արագ սնունդն ու արհեստագործական շուկայատեղերը: Տեղի է ունենում, ինչպես ասում է քաղաքային սոցիոլոգ Շարոն Զուկինը, «խաղաղում կապուչինոյի միջոցով»։ Նույնիսկ մերձքաղաքային անփույթ, անհամ ու միապաղաղ տիպարային կառուցապատումը, որ շարունակում է տիրապետել շատ շրջաններում, այժմ իր հակաթույնն է ստանում «նոր քաղաքայնության» շարժման միջոցով, որը պարտադրում է համայնքային և բուտիկային կենսակերպերի վաճառք՝ իրագործելու քաղաքային երազանքները: Սա մի աշխարհ է, որտեղ սեփականատիրական եռանդոտ անհատապաշտության նորազատական էթիկան և զուգահեռ քաղաքական նահանջը գործողութ-յունների հավաքական ձևերից դառնում են մարդու սոցիալականացման կաղապար:[7] Սեփականատիրական արժեքների պաշտպանությունը դառնում է այնպիսի գերակա քաղաքական շահ, որ, ինչպես նշում է Մայք Դևիսը, Կալիֆոռնիա նահանգի սեփականատերերի ընկերակցությունները դառնում են քաղաքական հետադիմության, եթե ոչ հատվածականացված թաղային ֆաշիզմների ապաստարան:[8]
Մեր ապրելու միջավայրն աճողաբար վերածվում է բաժան-բաժան արված և հակամարտությամբ հղի քաղաքային շրջանների: Վերջին երեք տասնամյակում նորազատական շրջադարձը վերականգնեց ունևոր էլիտաների դասակարգային իշխանությունը: Այդ ժամանակից ի վեր Մեքսիկայում ի հայտ է եկել 14 միլիարդատեր, և 2006 թ. այդ երկիրը պարծենում էր երկրագնդի ամենահարուստ մարդով՝ Կառլոս Սլիմով, մինչդեռ աղքատների եկամուտները կա՛մ մնացել էին նույնը, կա՛մ նվազել: Սրա արդյունքներն անջնջելիորեն դրոշմված են մեր քաղաքների տարածական ձևերի վրա, որոնք ավելի ու ավելի բաղադրվում են ամրականացված հատվածներից, արգելափակ համայնքներից և մշտական հսկողության տակ պահվող սեփականաշնորհված հանրային տարածություններից: Զարգացող երկրներում, մասնավորապես, քաղաքը «ճեղճեղվում է տարբեր մասերի՝ բազմաթիվ «միկրոպետություների» բացահայտ ձևավորմամբ: Հարուստ թաղերը, ապահովված ամեն տեսակի ծառայություններով, ինչպիսիք են առաջնակարգ դպրոցները, գոլֆի ու թենիսի խաղադաշտերը և մասնավոր ոստիկանությունը, որ շուրջօրյա պարեկում է տարածքը, միահյուսվում են ապօրինի բնակավայրերի հետ, որտեղ ջուրը հասանելի է միայն հանրային ցայտաղբյուրներում, չկա սանիտարական համակարգ, էլեկտրաէներգիան յուրացնում են քչաքանակ արտոնյալները, ճանապարհները դառնում են ցեխի առուներ, երբ անձրևում է, և որտեղ մի քանի ընտանիքով նույն տանն ապրելը նորմ է: Յուրաքանչյուր հատված կարծես ապրում և գործում է ինքնավար՝ ամուր կառչած մնալով այն ամենից, ինչ կարողացել է ճանկել գոյատևման ամենօրյա պայքարում»:[9] Այս հանգամանքներում քաղաքային ինքնության, քաղաքացիության և պատկանելության իդեալները, որոնք արդեն իսկ վտանգված են նեոլիբերալ էթիկայի տարածվող տկարության պատճառով, շատ ավելի դժվար է դառնում պահպանել: Հանցավոր շրջանակների հսկողությունը վերաբաշխման նկատմամբ սպառնում է անհատական անվտանգությանն ամեն քայլափոխի՝ առաջացնելով ոստիկանական ճնշումն ավելացնելու ժողովրդական պահանջ: Անհավանական է թվում նույնիսկ այն գաղափարը, թե քաղաքը կարող է գործառել իբրև կոլեկտիվ քաղաքական մարմին՝ մի վայր, որտեղ և որից կարող են առաջանալ սոցիալական առաջադեմ շարժումներ: Այդուամենայնիվ, կան քաղաքային սոցիալական շարժումներ, որոնք ձգտում են հաղթահարել մեկուսացումը և վերափոխել քաղաքն ըստ մի պատկերի, որ տարբեր է այն մեկից, որն առաջ են քաշել այն կառուցապատողները, որոնց աջակցում է ֆինանսը, կորպորատիվ կապիտալը և ձեռնարկատիրությամբ ավելի ու ավելի տոգորվող տեղական պետական օրգանը:
ՈւՆԵԶՐԿՈւՄՆԵՐ
Քաղաքային փոխակերպման միջոցով հավելուրդի կլանումն է՛լ ավելի մութ երես ունի: Այն հանգեցրել է քաղաքային վերակառուցման կրկնվող ալիքների՝ «ստեղծագործական ոչնչացման» միջոցով, որը գրեթե միշտ դասակարգային կողմ ունի, քանի որ այս գործընթացից առաջին հերթին տուժում են աղքատները, խտրականացվածներն ու քաղաքական իշխանությունից մեկուսացվածները: Նոր քաղաքային աշխարհի կառուցումը հնի ավերակների վրա բռնություն է ենթադրում: Օսմանը ցաքուցրիվ անելով անցավ հին փարիզյան հետնախորշերի միջով՝ օգտագործելով ունեզրկման լիազորությունները, որ ստացել էր հանուն քաղաքացիների կյանքի բարելավման ու վերակառուցման: Նա դիտավորյալ նախագծեց բանվոր դասակարգի մեծ մասի և այլ անհնազանդ տարրերի հեռացումը քաղաքի կենտրոնից, որտեղ դրանք սպառնալիք էին հասարակական կարգի և քաղաքական իշխանության համար: Նա ստեղծեց քաղաքային ձև, որտեղ հնարավոր կլիներ (1871 թ. պարզվեց, որ այդ ենթադրությունը սխալ էր) հսկողության և ռազմական զսպման բավարար մակարդակ ապահովել՝ երաշխավորելու հեղափոխական շարժումների հեշտ վերահսկումը: Ինչևէ, ինչպես 1872 թ. մատնանշում էր Էնգելսը՝ «Իրականում բուրժուազիան ունի միայն մեկ մեթոդ բնակարանային հարցն իր կարողացածի չափով լուծելու համար, այսինքն՝ լուծելու այնպես, որ լուծումը շարունակաբար նորովի վերարտադրի հարցը: Այս մեթոդը կոչվում է «Օսման»…. Որքան էլ տարբեր լինեն պատճառները, արդյունքն ամեն տեղ նույնն է. ամենախայտառակ խորշերի ու նրբանցքների անհետացումը համարվում է հսկայական հաջողություն և ուղեկցվում բուրժուազիայի բարձրագոչ ինքնագովաբանությամբ, բայց դրանք անմիջաբար նորից ի հայտ են գալիս այլ վայրում…. Նույն տնտեսական անհրաժեշտությունը, որն առաջին տեղում ստեղծեց դրանք, ստեղծում է նաև հաջորդ տեղում»:[10] Հարյուր տարուց ավելի պահանջվեց, որ ավարտին հասնի Փարիզի կենտրոնի բուրժուականացումը՝ իբրև հետևանք իր հետ բերելով վերջին տարիներին երևան եկած ապստամբություններն ու անկարգություններն այն մեկուսացված քաղաքամերձ վայրերում, որոնք ծուղակ են դարձել լուսանցք մղված ներգաղթյալների, գործազուրկ աշխատավորների և երիտասարդության համար: Այստեղ տխուրն իհարկե այն է, որ Էնգելսի նկարագրածը կրկնվում է պատմության ընթացքում: Ռոբերտ Մոզեսը, իր տխրահռչակ խոսքերով ասած, «մսագործի կացինն առած մտավ Բրոնքս»՝ առաջ բերելով թաղային խմբերի և շարժումների ողբն ու կականը: Փարիզի և Նյու Յորքի դեպքում, հենց որ պետական օտարումների լիազորությունը հաջող դիմադրության բախվեց և զսպվեց, ավելի նենգ ու քաղցկեղածին զարգացում տեղի ունեցավ՝ համայնքային ֆիսկալ քաղաքականությամբ, գույքի սպեկուլացումներով և հողօգտագործման դասակարգմամբ ըստ հասութաբերության նորմի դրա «ամենաձեռնտու և լավագույն օգտագործման» համար: Էնգելսը լավագույնս բացատրել է այս ընթացքը. «Արդի մեծ քաղաքների աճը որոշակի վայրերում և հատկապես՝ այնպիսի, որոնք կենտրոնական դիրք են գրավում, հողին տալիս է արհեստական ու մեծ արագությամբ աճող արժեք, այս վայրերում կառուցված շենքերը նվազեցնում են այդ արժեքը՝ բարձրացնելու փոխարեն, քանի որ այլևս չեն համապատասխանում փոփոխված հանգամանքներին: Դրանք քանդում են և փոխարինում ուրիշներով: Դա տեղի է ունենում նախևառաջ աշխատավորների տների հետ, որ գտնվում են կենտրոնում, և որոնց ռենտաները, նույնիսկ սաստիկ գերբնակեցման պարագայում, երբեք չեն կարող կամ կարող են միայն խիստ դանդաղորեն գերազանցել որոշակի առավելագույնը: Դրանք քանդման են ենթարկվում և փոխարենը վեր են խոյանում խանութներ, պահեստներ և հասարակական շենքեր»:[11] Թեև այս նկարագրությունը տրվել է 1872 թ., այն ուղղակիորեն վերաբերում է ժամանակակից քաղաքային կառուցապատմանն Ասիայի մեծ մասում ՝ Դելի, Սեուլ, Մումբայ, ինչպես նաև՝ Նյու Յորքի ջենտրիֆիկացմանը: Տեղահանման գործընթացը և այն, ինչը ես անվանում եմ «կուտակում ունեզրկման միջոցով», ընկած են կապիտալիստական քաղաքայնացման հիմքում:[12] Դա քաղաքային վերակառուցման միջոցով կապիտալի կլանման հայելապատկերն է և դառնում է բազ-մաթիվ հակամարտությունների պատճառ սակավեկամուտ բնակչությունից (որոնք գուցե երկար տարիներ ապրել են այնտեղ) արժեքավոր հողերը խլելու շուրջ:
Ուշադրության առնենք 1990-ականների Սեուլի դեպքը. շինարարական ընկերությունները և կառուցապատողները վարձեցին սումո ըմբշամարտիկների հիշեցնող հրոսակախմբեր՝ քաղաքի բլուրների վրա տեղակայված թաղամասեր ներխուժելու համար: Նրանք ջարդուփշուր արեցին ոչ միայն բնակֆոնդը, այլև ամբողջ ունեցվածքն այն մարդկանց, ովքեր 1950-ականներին կառուցել էին իրենց սեփական տներն այն հողատարածքներում, որոնք այնուհետ բարձր արժեք ստացան: Երկնասլաց աշտարակները, որոնք ցույց չեն տալիս այն դաժանության հետքը, որ ճանապարհ է բացել դրանց կառուցման համար, այժմ ծածկում են այդ բլուրների մեծ մասը։ Մինչդեռ Մումբայում վեց միլիոն մարդ, որոնք պաշտոնապես համարվում են հետնախորշի բնակիչ, առանց փաստաթղթի ապրում է հողի վրա. քաղաքի բոլոր քարտեզներում այս հատվածները դատարկ են թողնված: Մումբայը համաշխարհային ֆինանսական կենտրոն դարձնելու փորձին զուգահեռ (Շանհայի հետ մրցակցելու նպատակով) անշարժ գույքի կառուցումը վերելք է ապրում, և այդ հողը, որ զբաղեցնում են անկոչ կենվորները, դառնում է ավելի արժեքավոր: Դհարավին՝ Մումբայի ամենահայտնի հետնախորշերից մեկը, գնահատվում է 2 միլիարդ դոլար: Այն մաքրելու ճնշումը՝ սոցիալական և շրջակա միջավայրին վերաբերող պատճառաբանություններով, որ իրականում քողարկում են հողի զավթումը, օրեցօր ավելանում է: Ֆինանսական ուժերը, որոնց աջակցում է պետությունը, ստիպողաբար մաքրում են հետնախորշերը՝ որոշ դեպքերում բռնությամբ տիրանալով տարածքին, որի վրա հասակ է առել մի ամբողջ սերունդ: Անշարժ գույքի կառուցմամբ կապիտալի կուտակումը վերելք է ապրում, քանի որ հողը ձեռք է բերվել գրեթե անվճար։
Արդյոք տեղահանվածները փոխհատուցում կստանա՞ն։ Բախտավորները մի քիչ ստանում են։ Թեև Հնդկաստանի սահմանադրության մեջ նշված է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել ամբողջ բնակչության կյանքն ու բարեկեցությունը՝ անկախ կաստայից կամ դասից, և երաշխավորել բնակարանի ու ապաստանի իրավունքը, Գերագույն դատարանը կայացրել է վճիռներ, որոնք վերանայում են այս սահմանադրական պահանջը։ Քանի որ հետնախորշերի բնակիչներն ապօրինի են զբաղեցնում տարածքը, և շատերը գուցե չեն կարող հավաստի կերպով ապացուցել իրենց երկարաժամկետ բնակությունը, նրանք փոխհատուցման իրավունք չունեն: Այդ իրավունքը ճանաչելը, ասում է Հնդկաստանի գերագույն դատարանը, հավասարազոր կլինի գրպանահատներին իրենց արարքների համար պարգևատրելուն: Այսպիսով, տարածքը զբաղեցնողները կա՛մ դիմադրում են և կռվում, կա՛մ տեղափոխվում իրենց սակավաթիվ ինչքով՝ ճամբարելու մայրուղիների եզրերին կամ այլուր, որտեղ կարող են փոքրիկ տարածություն գտնել:[13] Ունեզրկման օրինակներ կարելի է գտնել նաև Միացյալ Նահանգներում, թեև դրանք սակավ դաժան են և իրականացվում են ավելի շատ օրենքից կառչելով. գերակա շահի իրավունքը չարաշահվել է կառավարության կողմից՝ տեղահանելու հաստատված բնակիչներին մատչելի կացարաններից՝ հօգուտ ավելի բարձր կարգի հողօգտագործումների, ինչպիսիք են համատիրությունները (condominium) և մանրամեծածախ խանութները: Երբ դա վիճարկվեց ԱՄՆ Գերագույն դատարանում, դատավորները որոշեցին, որ տեղական արդարադատությունն ըստ սահմանադրական նորմերի է գործել՝ ավելացնելու իրենց գույքահարկի բազան:[14]
Չինաստանում միլիոնավոր մարդիկ զրկվում են տարածություններից, որ զբաղեցրել են երկար ժամանակ, երեք միլիոն՝ միայն Պեկինում: Քանի որ նրանք չունեն մասնավոր սեփականության իրավունք, պետությունը կարող է պարզապես հեռացնել նրանց բնակարանից՝ առաջարկելով չնչին կանխիկ վճար, որպեսզի օգնի նրանց ճամփա ընկնել, նախքան հողը կառուցապատողներին մեծ շահույթով հանձնելը: Որոշ դեպքերում մարդիկ կամովին են տեղափոխվում, բայց կան նաև հաղորդումներ համատարած դիմադրության մասին, որոնց մշտական պատասխանը Կոմունիստական կուսակցության անողորմ բռնաճնշումներն են: ՉԺՀ-ից հաճախ տեղահանվում է գյուղական ծայրամասերի բնակչությունը, ինչը ցույց է տալիս դեռևս 1960-ականներին կանխագիտորեն շարադրված լեֆևրյան փաստարկի կարևորությունը, թե ժամանակին գոյություն ունեցած հստակ սահմանազատումը քաղաքայինի և գյուղականի միջև աստիճանաբար վերանում է՝ վերածվելով անկանոն աշխարհագրական զարգացման ծակոտկեն տարածությունների բազմության կապիտալի ու պետության գերիշխանական տնօրինության ներքո։ Այդպես է նաև Հնդկաստանում, որտեղ կենտրոնական և նահանգային կառավարություններն այժմ օժանդակում են Հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը՝ առերևույթ ուղղված արդյունաբերական զարգացմանը, մինչդեռ հողերի մեծ մասը նախատեսված է քաղաքայնացման համար: Այս քաղաքականությունը հանգեցրեց գյուղատնտեսների դեմ բուռն մարտերի, որոնցից ամենախոշորը 2007 թ. մարտին Արևմտյան Բենգալիայում տեղի ունեցած Նանդիգրամի ջարդն էր, որը կազմակերպել էր նահանգի մարքսիստական կառավարությունը: Ինդոնեզական «Salim Group»-ի համար տարածք բացելու մտադրությամբ իշխող Հնդկաստանի կոմունիստական (մարքսիստական) կուսակցությունը զինված ոստիկանություն ուղարկեց բողոքող գյուղացիներին ցրելու համար. առնվազն 14 մարդ գնդակահարվեց, և տասնյակները վիրավորվեցին: Մասնավոր սեփականության իրավունքն այս դեպքում չպաշտպանեց մարդկանց:
Իսկ ի՞նչ կասեք առերևույթ պրոգրեսիվ առաջարկի մասին՝ մասնավոր սեփականության իրավունք շնորհելու հողը զբաղեցնող բնակչությանը՝ նրանց տրամադրելով ակտիվներ (assets), որոնք թույլ կտան հաղթահարել աղքատությունը:[15] Օրինակ՝ նման սխեմա այժմ քննարկվում է Ռիոյի ֆավելաների համար: Խնդիրն այն է, որ չքավորներին, որոնք նեղություն են կրում եկամուտների սակավությունից և հաճախակի ֆինանսական դժվարություններից, կարելի է հեշտությամբ համոզել՝ վաճառելու այդ ակտիվը համեմատաբար ցածր կանխիկ վճարի դիմաց: Հարուստները սովորաբար ոչ մի գնով չեն զիջում իրենց արժեքավոր ակտիվները, հենց այս պատճառով էլ Մոզեսը կարող էր մսագործի կացինն առած մտնել սակավեկամուտ Բրոնքս, բայց ոչ հարուստ Փարկ Ավենյու: Բրիտանիայում Մարգարետ Թետչերի կողմից սոցիալական բնակարանների սեփականաշնորհման տևական ազդեցությունը եղավ այն, որ մետրոպոլիական Լոնդոնում ռենտայի և գների այնպիսի կառուցվածք ստեղծվեց, որը բացառում է սակավեկամուտ և նույնիսկ միջին խավի մարդկանց մուտքը քաղաքային կենտրոնի մոտակայքում գտնվող կեցավայրեր: Ես գրազ եմ գալիս, որ 15 տարվա ընթացքում, եթե ներկայիս միտումները շարունակվեն, Ռիոյի բոլոր այն սարալանջերը, որոնք այժմ զբաղեցնում են ֆավելաները, կծածկվեն բարձրաձիգ համատիրություններով (condominium)՝ հեքիաթային տեսարաններով դեպի հովվերգական ծովածոցը, մինչդեռ նախկին ֆավելայի բնակիչները արտաքսված կլինեն դեպի ինչ-որ հեռավոր ծայրամաս։
ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈւՄ
Քաղաքայնացումը, կարող ենք եզրակացնել, վճռորոշ դեր է խաղում կապիտալի հավելուրդների կլանման մեջ՝ անընդհատ ծավալվող աշխարհագրական մասշտաբներով, բայց դրա գինը ստեղծագործ ավերման աճուն գործընթացներն են, որ զրկել են զանգվածներին քաղաքի նկատմամբ որևէ իրավունքից: Մոլորակը՝ իբրև շինհրապարակ, բախվում է «հետնախորշերի մոլորակին»։[16] Պարբերաբար դա ավարտվում է ապստամբությամբ, ինչպես 1871 թ. Փարիզում կամ Միացյալ Նահանգներում 1968 թ. Մարտին Լյութեր Քինգի սպանությունից հետո։ Եթե, ինչպես թվում է, ֆիսկալ դժվարությունները սաստկանում են, և քաղաքայնացման միջոցով իրագործվող կապիտալիստական հավելուրդի կլանման՝ մինչև օրս հաջող նորազատական, հետարդիական և սպառողական շրջափուլն ավարտվում է, և սկսվում է ավելի խոր ճգնաժամ, ապա հարց է առաջանում ՝ ո՞ւր է մեր 1968-ը, կամ նույնիսկ ավելի կտրուկ՝ ո՞ւր է Կոմունայի մեր տարբերակը: Ինչպես ֆինանսական համակարգի դեպքում, այստեղ նույնպես ենթադրվում է շատ ավելի բարդ պատասխան հենց այն պատճառով, որ քաղաքային գործընթացն այժմ համաշխարհային բնույթ է կրում: Ապստամբության նշաններն ամենուր են. Չինաստանում և Հնդկաստանում խռովությունները քրոնիկական են, Աֆրիկայում մոլեգնում են քաղաքացիական պատերազմները, Լատինական Ամերիկան խմորումների մեջ է: Այս ապստամբություններից յուրաքանչյուրը կարող է վարակիչ դառնալ: Այնուամենայնիվ, ի տարբերություն ֆիսկալ համակարգի, քաղաքային և մերձքաղաքային ընդդիմադիր սոցիալական շարժումները, որոնք այժմ շատ են ամբողջ աշխարհում, սերտորեն կապակցված չեն. իրոք շատերը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Եվ եթե ինչ-որ կերպ ի մի գան, ի՞նչ պիտի պահանջեն։
Վերջին հարցի պատասխանը սկզբունքորեն բավական պարզ է՝ ավելի մեծ դեմոկրատական վերահսկողություն հավելուրդի արտադրության և օգտագործման նկատմամբ: Քանի որ քաղաքային զարգացումը հավելուրդի գործածման հիմնական ուղին է, դրա քաղաքային բաշխման նկատմամբ դեմոկրատական կառավարում հաստատելն էլ հենց կազմում է իրավունքը քաղաքի նկատմամբ: Կապիտալիստական պատմության ընթացքում հավելարժեքի մի մասը հարկվել է, իսկ սոցիալ-դեմոկրատական շրջափուլերում պետության տրամադրության տակ եղած մասնաբաժինը զգալիորեն աճել է: Նորազատական նախագիծը վերջին երեսուն տարվա ընթացքում ուղղված է եղել այդ վերահսկողության սեփականմանը։ ՏՀԶԿ բոլոր երկրների տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ համախառն արտադրանքի պետության բաժինը 1970-ականներից ի վեր մոտավորապես նույնն է:[17] Ուրեմն, նորազատական գրոհի հիմնական ձեռքբերումը կանխարգելումն է պետական մասնաբաժնի ընդլայնման, ինչպես որ տեղի էր ունենում 1960-ականներին: Նորազատականությունը նաև ստեղծել է կառավարման նոր համակարգեր, որոնք միավորում են պետական ու կորպորատիվ շահերը, և փողի իշխանության կիրառմամբ երաշխավորել, որ պետական մեքենայի միջոցով հավելուրդի հատկացումը նպաստի կորպորատիվ կապիտալին և վերնախավերին քաղաքային գործընթացը ձևավորելիս: Հավելուրդի՝ պետությանը պատկանող մասնաբաժնի աճը դրական ազդեցություն կունենա միայն այն դեպքում, եթե պետությունն ինքը վերադարձվի դեմոկրատական վերահսկողության ներքո:
Մենք ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում, թե ինչպես է քաղաքի նկատմամբ իրավունքը հայտնվում մասնավոր կամ քվազի մասնավոր շահ հետապնդողների ձեռքում: Նյու Յորքում, օրինակ, միլիարդատեր քաղաքապետ Մայքլ Բլումբերգը վերափոխում է քաղաքն ըստ կառուցապատողների, Ուոլ Սթրիթի ու անդրազգային կապիտալիստական տարրերի նախընտրությունների և քաղաքը ներկայացնում իբրև խոշոր բիզնեսների համար լավագույն վայր ու ֆանտաստիկական զբոսաշրջային նպատակակետ։ Ըստ էության՝ նա Մանհեթենը վերածում է հսկայական փակ համայնքի՝ նախատեսված միայն հարուստների համար: Մեխիկոյում Կառլոս Սլիմը սալարկել է քաղաքի կենտրոնի փողոցները զբոսաշրջիկների աչքը շոյելու համար: Ոչ միայն հարուստ անհատներն են, որ ուղղակի իշխանություն են բանեցնում։ Նյու Հեյվեն քաղաքում, որը չունի քաղաքային վերաներդրումների համար ռեսուրսներ, Յեյլն է՝ աշխարհի ամենահարուստ համալսարաններից մեկը, որ ըստ իր կարիքների՝ կանխանշում է քաղաքային հյուսվածքի մեծ մասը: Ջոնս Հոփքինսի համալսարանը նույն բանն անում է արևելյան Բալթիմորում, իսկ Կոլումբիայի համալսարանը ծրագրում է դա անել Նյու Յորքի շրջաններում ՝ երկու դեպքում էլ առաջացնելով թաղային դիմադրական շարժումներ: Քաղաքի նկատմամբ իրավունքը, ինչպես որ այն այժմ հաստատված է, չափազանց սահմանափակ է, շատ դեպքերում հասանելի է միայն քչաքանակ քաղաքական և տնտեսական վերնախավին, որոնք ի վիճակի են քաղաքներն ավելի ու ավելի հարմարեցնելու իրենց փափագներին:
Ամեն հունվար Նյու Յորք նահանգի վերահսկիչ գրասենյակը հրապարակում է նախորդ տասներկու ամսվա ընթացքում Ուոլ Սթրիթի ընդհանուր պարգևավճարների գնահատումը: 2007 թ.՝ ֆինանսական շուկաների համար մի աղետալի տարի ամեն առումով, դրանք կազմել են շուրջ 33,2 միլիարդ դոլար, ինչն ընդամենը 2 տոկոսով է պակաս նախորդ տարվա համեմատ: 2007 թ. միջնամռանը Դաշնային պահուստային համակարգը և Եվրոպական կենտրոնական բանկը միլիարդավոր դոլարի կարճաժամկետ վարկ են ներարկել ֆինանսական համակարգ դրա կայունությունն ապահովելու համար, ինչից հետո Դաշնային պահուստային համակարգը կտրուկ իջեցնում էր տոկոսի նորմերը կամ ներդնում ահռելի քանակությամբ իրացվելի ակտիվներ ամեն անգամ, երբ սպառնում էր Դոուի ցուցանիշի կտրուկ անկում: Մինչդեռ մոտ երկու միլիոն մարդ դարձել է անտուն կամ այդ վտանգի առաջ է գրավազրկման (foreclosure) պատճառով: Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքային թաղերի և նույնիսկ ամբողջ մերձքաղաքային համայնքների պատուհանները տախտակապատվել են և վանդալության ենթարկվել՝ խորտակվելով ֆինանսական հաստատությունների գիշատչական փոխատվության գործելաոճի պատճառով: Այս բնակչությունը չարժանացավ ոչ մի պարգևավճարի: Իրոք, քանի որ գրավազրկումը նշանակում է պարտքերի ներում, ինչը Միացյալ Նահանգներում համարվում է եկամուտ, վտարվածներից շատերի վրա ահռելի եկամտահարկ դրեցին այն փողի դիմաց, որը նրանք երբեք չեն ունեցել: Այս անհամաչափությունն անհնար է համարել ավելի պակաս բան, քան դասակարգային դիմակայության զանգվածային դրսևորումն է: «Ֆինանսական Կատրինա» է թափ առնում, որը սպառնում է հեշտությամբ (հուրախություն կառուցապատողների) ոչնչացնել շատ միջնաքաղաքների՝ կարողական բարձր արժեք ունեցող հողերի վրա գտնվող սակավեկամուտ թաղամասերն անհամեմատ ավելի արդյունավետ կերպով և ավելի արագ, քան կարելի էր անել դրանք հանրային գերկա շահ ճանաչելու միջոցով:
Այնուամենայնիվ, 21-րդ դարում մենք դեռ պետք է տեսնենք հետևողական դիմադրություն այս զարգացումներին: Իհարկե, արդեն կան բազմաթիվ տարաբնույթ սոցիալական շարժումներ, որոնք կենտրոնացած են քաղաքի հարցի վրա՝ Հնդկաստանից ու Բրազիլիայից մինչև Չինաստան, Իսպանիա, Արգենտինա և Միացյալ Նահանգներ: 2001 թ. սոցիալական շարժումների ճնշման տակ Բրազիլիայի սահմանադրության մեջ զետեղվեց քաղաքի վերաբերյալ դրույթ՝ ճանաչելու քաղաքի նկատմամբ հավաքական իրավունքը:[18] Միացյալ Նահանգներում պահանջներ են առաջ քաշել, որ ֆինանսական հաստատություններին հատկացվող 700 միլիարդ դոլարի օգնության մեծ մասը փոխանցվի Վերակառուցման բանկին, ինչը կօգնի կանխել գրավազրկումները և ֆինանսավորել թաղերի վերակենդանացման ու ենթակառուցվածքի նորացման ջանքերը տեղական մակարդակում: Այդ դեպքում միլիոնավոր մարդկանց վրա ազդող քաղաքային ճգնաժամի հաղթահարումն ավելի առաջնահերթ կդառնա, քան խոշոր ներդրողների ու ֆինանսիստների կարիքները: Ցավոք սրտի, սոցիալական շարժումները բավականաչափ ուժեղ կամ շարժունացված չեն, որպեսզի պարտադրեն այս լուծումը: Այս շարժումները նույնիսկ չեն կարողանում ավելի մեծ վերահսկողություն սահմանել հավելուրդի գործածման վրա, էլ չասած դրա արտադրության պայմանների նկատմամբ վերահսկողության մասին:
Պատմության այս պահին առաջին հերթին հարկավոր է պայքարել համաշխարհային ֆինանսական կապիտալի դեմ, քանի որ այժմ քաղաքայնացման գործընթացները զարգանում են համաշխարհային մասշտաբով: Անշուշտ, նման դիմակայություն կազմակերպելը բարդ քաղաքական առաջադրանք է, եթե չասենք անհույս։ Այդուամենայնիվ, հնարավորությունները բազմաթիվ են, քանի որ, ինչպես ցույց է տալիս այս հակիրճ պատմական ակնարկը, քաղաքայնացման գործընթացին զուգահեռ երևան են գալիս հաճախադեպ ճգնաժամեր թե՛ տեղական, թե՛ համաշխարհային մակարդակում, և քանի որ մետրոպոլիսն այժմ վայրն է զանգվածային ընդհարման (կհամարձակվե՞նք այն կոչել դասակարգային պայքար), որի պատճառն է ունեզրկման միջոցով կուտակումը, որ տեղի է ունենում ամենաչքավորների հաշվին, ինչպես նաև՝ կառուցապատման մղումը, որ ձգտում է տարածություն գաղութացնել հարուստների համար: Այս պայքարների միավորմանն ուղղված քայլերից մեկն է քաղաքի նկատմամբ իրավունքի որդեգրումը՝ թե՛ իբրև աշխատանքային կարգախոս, թե՛ իբրև քաղաքական իդեալ հենց այն պատճառով, որ այդ իրավունքը կենտրոնանում է այն հարցի վրա, թե ով է վերահսկում անհրաժեշտ կապը քաղաքայնացման և հավելուրդի արտադրության ու գործածման միջև: Այդ իրավունքի դեմոկրատացումը և լայն սոցիալական շարժման կազմակերպումն իրենց կամքը թելադրելու նպատակով դառնում է հրամայական, եթե ունեզրկվածներն ուզում են վերադարձնել վերահսկողությունը, որ այսքան ժամանակ խլել են իրենցից, և եթե հարկ է, քաղաքայնացման նոր եղանակներ հաստատել: Լեֆևրը ճիշտ էր, երբ պնդում էր, թե չի կարող լինել ուրիշ տեսակի հեղափոխություն, քան քաղաքայինն է՝ բառի ամենալայն իմաստով:
Անգլերենից թարգմանեց Դավիթ Ստեփանյանը
Խմբագիր՝ Հրաչ Բայադյան
Դեյվիդ Հարվին Նյու Յորքի Քաղաքային համալսարանի մարդաբանության և աշխարհագրության պրոֆեսոր է, քննադատական աշխարհագրության հիմնադիրը, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ։ Հարվին ամենահաճախ մեջբերված աշխարհագրագետն է:
[1]. Robert Park, On Social Control and Collective Behavior (Chicago, 1967). 3․
[2]․ Ավելի մանրամասն մեկնաբանության համար տե՛ս David Harvey, Paris, Capital of Modernity (New York, 2003).
[3]․ Robert Moses, “What Happened to Haussmann?” Architectural Forum (77 July 1942): 57-66.
[4]․ Henri Lefebvre, The Urban Revolution (Minneapolis, 2003); and idem,Writings on Cities (Oxford, 1996).
[5]․ William Tabb, The Long Default: New York City and the Urban Fiscal Crisis (New York, 1982).
[6]․ Richard Bookstaber, A Demon of Our Own Design: Markets, Hedge Funds and the Perils of Financial Innovation (Hoboken, N.J., 2007).
[7]․ Hilde Nafstad et al., “Ideology and Power: The Influence of Current Neoliberalism in Society,” Journal of Community and Applied Social Psychology 17, no․ 4 (July 2007)։ 313-27․
[8]․ Mike Davis, City of Quartz: Excavating the Future in Los Angeles (London
and New York, 1990)․
[9]․ Marcello Balbo, “Urban Planning and the Fragmented City of Developing Countries,” Third World Planning Review 15, no. 1 (1993), 23- 35․
[10]․ Friedrich Engels, The Housing Question (New York, 1935), 74-77․
[11]․ Engels, Housing Question, 23․
[12]․ Դեյվիդ Հարվի, «Կուտակում ունեզրկման միջոցով», «Քաղաքատնտեսություն» ժողովածու (Երևան, 2017), 19-64:
[13]. Usha Ramanathan, “Illegality and the Urban Poor,” Economic and Political Weekly, 22 July 2006; Rakesh Shukla, “Rights of the Poor: An Overview of Supreme Court,” Economic and Political Weekly, 2 September, 2006.
[14]. Keb v. New London, Conn., decided on 23 June 2005 in case 545 us 469 (2005).
[15]. (Hernando de Soto, 2000 և քննադատական անդրադարձ՝ Timothy Mitchell, 2005):
[16]. Mike Davis, Planet of Slums (London and New York, 2006).
[17]. OECD Factbook 2008: Economic, Environmental and Social Statistics (Paris, 2008), 225.
[18]. Edésio Fernandes, “Constructing the ‘Right to the City’ in Brazil,” Social and Legal Studies 16, no. 2 (June 2007): 201-19.
Դիտվել է 38 անգամ