Տեքստը 1932/33-ին «Կուսհրատի» կողմից հրատարակված «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» գրքի ներածության թվայնացված տարբերակն է։ Հայտնաբերվել են այդ հրատարակության հետ կապված խմբագրական խնդիրներ, որոնք լրացուցիչ կպարզաբանվեն մեր հրապարակման հանգրվանային տարբերակում։ Առկա են նաև վերը նշվածից բխող անճշտություններ մեր խմբագրակազմի կողմից, որոնք չենք շտապում շտկել, մինչ խնդրի հանգամանալից ուսումնասիրությունը։
«Քաղաքական դիսկուրսի» խմբագրակազմ, 27․12․2016
Սույն տեքստը գրվել է որպես «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» աշխատության ներածություն և կիսատ թողնվել։ Առաջաբանում Մարքսը պարզաբանում է․ «Ընդհանուր ներածությունը, վոր ուրվագծել եյի, բաց եմ թողնում, վորովհետև ավելի յերկար խորհրդածությունից հետո՝ յես տեսա, վոր ցանկալի չե կանխել այն հետևանքները, վորոնք դեռ պետք ե ապացուցվեն, իսկ այն ընթերցողը, վորն ընդհանրապես կամենում ե հետևել իմ շարադրանքին, պետք ե վճռականություն ունենա մասնավորից ընդհանուրին բարձրանալու(…)»: Ընդունելով հեղինակի պնդումը՝ կարծում ենք, այնուամենայնիվ, որ տեքստը բավականին հարմար է օտարականի՝ մարքսյան տիրույթ առաջին անգամ ոտք դնելու համար։
Ընթերցողի դատին հանձնվողը Թադևոս Ավդալբեգյանի թարգմանությունն է, որը տպագրվել է 1932-ին «Կուսհրատի» կողմից։ Այն ի կատար է ածվել 1922-ի ուղղագրական բարեփոխությունից հետո, ուստի տեքստի ուղղագրությունը կարող է փոքր ինչ խորթ թվալ, ինչը, հուսանք, արգելառիթ սահման չի լինի մերօրյա ընթերցողի համար։
Ըստ կարիքի տեքստը համեմատել ենք բնագրի և անգլերեն թարգմանության հետ։
1․ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ
Ներկա ուսումնասիրության առարկան ամենից առաջ նյութական արտադրությունն ե։
Յելակետը, բնականաբար, կազմում ե հասարակության մեջ արտադրող անհատների, հետևապես նրանց հասարակայնորեն պայմանավորված արտադրությունը։ Այն միայնակ ու առանձնակի վորսորդը և ձկնորսը, վորից սկսում են իրենց վերլուծությունը Սմիթն ու Ռիկարդոն, տասնութերորդ դարու ֆանտազիայից զուրկ մտապատկերների թվին են պատկանում։ Դրանք ռոբինզոնադներ են, վոր ամենևին չեն հանդիսանում, ինչպես յերևակայում են կուլտուրայի պատմագիրները, լոկ ռեակցիա ընդդեմ չափազանց նրբակեցության, կամ դարձ դեպի լավ չհասկացված բնակյանքը։ Նույնքան քիչ է նման նատուրալիզմը Ռուսսոյի «Contrat social»[1]-ում, վորը բնությունից անկախ սուբյեկտների փոխհարաբերությունն ու կապը սահմանում ե դաշինքի միջոցով։ Դա թվացումն ե, այն էլ փոքր ու մեծ ռոբինզոնադների գեղագիտական թվացումը միայն։ Դա ավելի շուտ կանխումն ե «բուրժուական հասարակության», վորը տասնվեցերորդ դարուց ծնունդ ե առել, իսկ տասնութերորդ դարում հսկա քայլերով վոտք կոխել իր հասունության շրջանը։ Ազատ մրցման այդ հասարակության մեջ առանձին անհատն ազատագրված ե յերևում բոլոր բնական և այլ կապերից, վորոնք պատմական նախկին դարաշրջաններում նրան դարձնում եյին վորոշ, սահմանափակ մարդկային կոնգլոմերատի բաղկացուցիչ մասնիկը։ Տանութերորդ դարու մարգարեներին, վորոնց ուսերին են դեռ կանգնած Սմիթն ու Ռիկարդոն ամբողջովին, տասնութերորդ դարու այդ անհատը,— վորը մի կողմից ֆեոդալական ձևերի քայքայման, իսկ մյուս կողմից տասնվեցերորդ դարուց սկսած նոր զարգացող արտադրաուժերի արդյունք ե,— պատկերանում ե իբրև մի իդեալ, վորի գոյությունը պատկանում ե անցյալին։ Այդ անհատը վոչ թե պատկերանում է իբրև պատմական հետևանք, այլ իբրև պատմության յելակետ։ Վորովհետև այդ անհատը թվում եր բնական հատկություններով ոժտված և նրա մասին ունեցած մտապատկերը համապատասխանում եր մարդկային բնությանը, ապա այն թվում եր վոչ իբրև պատմականորեն առաջ յեկած, այլ բնությունից սահմանված եյակ։ Այդ մոլորությունը մինչև այժմ հատուկ ե յեղել բոլոր նոր դարաշրջաններին։ Ստյուարտը, վորը՝ իբրև արիստոկրատ՝ շատ կողմերով ավելի յե կանգնած պատմական հողի վրա ընդդեմ տասնութերորդ դարու՝ խուսափել ե այդ սխալանքից։[2]
Վորքան ավելի յենք խորանում պատմության մեջ, այնքան ավելի յե անհատը, հետևաբար նաև արտադրող անհատը թվում վոչ ինքնուրույն, այլ մի ավելի մեծ ամբողջականության պատկանող․ դեռ սկզբում նա կապված ե բնական կապով ընտանիքի և ծավալված, տոհմ դարձած ընտանիքի հետ, իսկ հետագայում՝ տոհմերի բաղխումից և միաձուլումից առաջ յեկած հասարակության զանազան ձևերի հետ։ Միայն տասնութերորդ դարում «բուրժուական հասարակության» մեջ հանդես են գալիս հասարակական կախման տարբեր ձևերն անհատի նկատմամաբ իբրև յուր մասնավոր նպատակների սոսկական միջոց, իբրև արտաքին անհրաժեշտություն։ Սակայն այն դարաշրջանը, վորն առաջ ե բերում այդ տեսակետը— մեկուսացած անհատի տեսակետը, հենց ճիշտ դարաշրջանն ե մինչև այժմ ամենից ավելի զարգացած հասարակական (այսինքն այս տեսակետից՝ ընդհանրական) հարաբերությունների։ Մարդը, տառացի իմաստով, zoon politikon[3] ե, վոչ միայն ընկերային կենդանի յե, այլ նաև մի այնպիսի կենդանի, վորը միայն հասարակության մեջ կարող ե մեկուսանալ։ Մեկուսացած առանձինների արտադրությունը հասարակությունից դուրս,— մի հազվագյուտ հնարավորություն, վոր կարող ե տեղի ունենալ պատահաբար ամայի տեղ ընկած մի քաղաքակիրթ մարդու նկատմամբ, վորն իր մեջ դինամիկորեն արդեն կրում եր հասարակական ուժեր,— մի նույնպիսի անհեթեթություն ե, ինչպես և լեզվի զարգացումը՝ առանց միատեղ ապրող ու իրար հետ խոսող անհատների։ Ուստի և չարժե դրա վրա յերկար կանգ առնել։ Այդ կետը կարելի յեր ամենևին չշոշափել ել, յեթե այն անհեթեթությունները, վորոնք միտք ու իմաստ ունեյին տասնութերորդ դարու մարդկանց համար, կրկին լրջությամբ չմուծվեյին տնտեսագիտության մեջ Բաստիայի, Քերու, Պրուդոնի և մյուսների կողմից։ Պրուդոնի և մյուսների համար, իհարկե, հաճելի յե դիմել պատմափիլիսոփայությանը՝ բացատրելու համար մի տնտեսական հարաբերության սկիզբը, վորի պատմական ծագումը նրան հայտնի չե, առասպելաբանելով, թե Ադամի կամ Պրոմեթեոսի գլխում ծագած պիտի լինի տվյալ իդեան կազմ ու պատրաստ և ապա փոխադրված իրականության մեջ և այլն։ Չկա մի ավելի ձանձրալի և չոր ու ցամաք բան, քան բանդագուշող locus communis[4]-ը։
Հետևաբար, յերբ խոսք ե լինում արտադրության մասին, ապա միշտ խոսքը վերաբերում ե վորոշ հասարակական զարգացման աստիճանի վրա կանգնած արտադրության մասին— հասարակական անհատների արտադրության մասին։ Ուստի կարող ե թվալ, թե ընդհանրապես արտադրության մասին խոսելու համար մենք պետք ե կա՛մ զբաղվեյինք զարգացման պատմական պրոցեսով ու սրա տարբեր փուլերով, կա՛մ հենց սկզբից հայտարարել, թե մենք գործ ունենք մի վորոշ պատմական դարաշրջանի, որինակ՝ արդի բուրժուական արտադրության հետ, վոր և մեր թեման ե հանդիսանում իրոք։ Սակայն արտադրության բոլոր դարաշրջաններն ունեն վորոշ ընդհանուր հատկանիշներ, ընդհանուր վորոշումներ[5]։ Արտադրությունն ընդհանրապես մի աբստրակցիա յե, սակայն մի հասկանալի աբստրակցիա, վորչափով նա իրոք առաջ է քաշում ընդհանուրը, ֆիքսացիայի յե յենթարկում այն և հենց դրանով ել մեզ ազատում կրկնություններից։ Ըստ վորում այդ ընդհանուրը կամ համեմատության միջոցով դուրս հանած ընդհանրականն ինքը բազմիցս անդամատված ե, զանազան վորոշումներով իրարից զատված։ Դրանցից միքանիսը պատկանում են բոլոր դարաշրջաններին, մյուսներն ընդհանուր են միայն միքանիսին։ Միքանի վորոշումներ ընդհանուր են արդի դարաշրջանի, ինչպես և հնագույնի համար։ Առանց այդ վորոշումների չի կարելի պատկերացնել վորևե արտադրություն․ սակայն յեթե ամենազարգացած լեզուներն ունեն որենքներ ու վորոշումներ, վորոնք ընդհանուր են ամենից անզարգացած լեզուների համար, ապա այդ ընդհանրականից և ընդհանուրից շեղված տարբերությունն ե հենց, վոր յերևան է հանում նրանց զարգացումը։ Այն վորոշումները, վորոնք վերաբերում են արտադրությանն ընդհանրապես, պետք ե մի կողմ զատվեն, վորպեսզի նույնությունը, վորը պայմանավորված է հենց նրանով, վոր սուբյեկտը—մարդկությունը և ոբյեկտը—բնությունը հատուկ են բոլոր աստիճաններին, մոռացնել չտա եյական տարբերությունը։ Այդ մոռացման մեջ ե ամփոփված, որինակ, արդի տնտեսագետների վողջ իմաստությունը, վորոնք պնդում են գոյություն ունեցող սոցիալական հարաբերությունների հավիտենականությունն ու ներդաշնակությունը և ապացուցում, որինակ, թե վո՛չ մի արտադրություն չի կարող լինել առանց արտադրագործիքների, թեկուզ այդ գործիքը միայն ձեռքը լիներ, և թե վո՛չ մի արտադրություն հնարավոր չե առանց նախընթաց կուտակված աշխատանքի, թեկուզ այդ աշխատանքը լիներ այն հմտությունը, վոր ամբարել և կենտրոնացրել ե վայրենու ձեռքը՝ կրկնվող վարժությունների միջոցով։ Կապիտալն, ի միջի այլոց, նույնպես արտադրագործիք ե, նախորդ, ոբյեկտիվացած աշխատանք։ Հետևաբար կապիտալը մի ընդհանուր, հավիտենական բնահարաբերություն ե։ Բայց այդպես կարելի յե ասել միայն այն դեպքում, յեթե յես մի կոմ նետեմ հենց ճիշտ այն առանձնահատուկ հատկանիշը, վորը միայն կապիտալ է դարձնում «արտադրագործիքը», «կուտակված աշխատանքը»։ Այդ պատճառով արտադրահարաբերությունների վողջ պատմությունը, որինակ, Կերուն թվում ե կեղծիքների մի շարք, վոր կատարել են չարամիտ կառավարությունները։
Յեթե գոյություն չունի արտադրությունն ընդհանրապես, ապա գոյություն չունի վոչ մի ընդհանուր արտադրություն։ Արտադրությունը միշտ արտադրության մի ուրույն արտադրաճյուղ ե, որինակ՝ յերկրագործությունը, անասնապահությունը, մանուֆակտուրան և այլն, կամ ել մի միասնություն։ Սակայն քաղաքատնտեսությունը տեխնոլոգիա չե։ Տվյալ հասարակական աստիճանի վրա գտնվող արտադրության ընդհանրական վորոշումների հարաբերությունն ուրույն արտադրաձևերի նկատմամբ զարգացնելու յե մի այլ տեղ (հետագայում)։
Վերջապես՝ արտադրությունը վոչ թե մի ուրույն ձև ե, այլ միշտ մի վորոշ հասարակական մարմին, հասարակական սուբյեկտ, վոր գործում ե արտադրական ճյուղերի մեծ թե աննշան միասնության մեջ։ Մենք այստեղ դեռ չենք շոշափում գիտական շարադրության հարաբերությունն իրական շարժման հետ։ Այսպիսով մենք պետք ե իրարուց տարբերենք արտադրությունն ընդհանրապես, ուրույն արտադրաճյուղերը, արտադրության միասնությունը։
Տնտեսագիտության մեջ մոդա յե դարձել ամենից առաջ դնել մի ընդհանուր մաս, և դա հենց այն մասն ե, վոր կրում ե «Արտադրություն» վերնագիրը (տես, որինակ, Ջ․ Ստ․ Միլլ) և վորտեղ քննության են առնվում բոլոր արտադրությունների ընդհանուր պայմանները։ Այդ ընդհանուր մասը կազմված ե լինում կամ իբրև թե պիտի կազմված լինի․
1․ այն պայմաններից, առանց վորոնց արտադրությունը հնարավոր չե, այսինքն՝ այն պայմաններից, վորոնք իրոք կազմում են բոլոր տեսակի արտադրության ամենից եյական մոմենտները։ Իսկ փաստորեն դրանք, ինչպես մենք կտեսնենք, միքանի շատ հասարակ վորոշումներ են, վորոնք հանգում են ճապաղ ու տափակ տավտոլոգիաների․
2․ այն պայմաններից, վորոնք ավելի կամ պակաս նպաստում են արտադրությանը, ինչպես են, որինակ՝ Ադամ Սմիթի կշռադատությունները հասարակության առաջընթաց ու անշարժ կացության մասին։ Վորպեսզի այդ մոմենտները, վորոնք Ադամ Սմիթի աշխատության մեջ թռուցիկ դիտողությունների արժեք ունեն, գիտական նշանակություն ստանալու աստիճան բարձրանան, անհրաժեշտ եյին ուսումնասիրություններ առանձին ժողովուրդների զարգացման ընթացքում գոյություն ունեցած արտադրողականության աստիճանների ժամանակաշրջանների մասին․ այդպիսի ուսումնասիրություն իսկապես դուրս ե մեր թեմայի սահմանից, իսկ վորչափով դա վերաբերում ե մեր թեմային՝ պետք է մուծվի այն գլուխների մեջ, վորոնք խոսում են մրցման, կուտակման և այլն զարգացման մասին։ Խնդիրն ընդհանուր ձևով դնելիս՝ պատասխանը հանգում ե այն ընդհանուր դատողությանը, թե արդյունագործական ժողովուրդն իր գագաթնակետին հասնում ե այն մոմենտին, յերբ նա ընդհանրապես վոտք ե դնում իր պատմության բարձունքը։ Կամ թե, որինակ, վոր վորոշ ռասսայական ընդունակությունները, կլիման, բնապայմանները, ինչպիսիք են՝ յերկրի ծովամերձությունը, հողի արգասավորությունը և այլն, ավելի բարենպաստ են արտադրության համար, քան մյուսները։ Դա նորից հանգում ե տավտալոգիայի, թե հարստությունն այնքան ավելի հեշտ ե ստեղծվում, վորքան ավելի մեծ են նրա սուբյեկտիվ և ոբյեկտիվ տարրերը։ Փաստորեն մենք գտնում ենք, վոր մի ժողովուրդ արդյունաբերական զարգացման գագաթնակետին ե հասնում, քանի դեռ նրա գլխավոր նպատակը վո՛չ թե շահույթն ե (Gewinn) այլ ձեռք բերելու պրոցեսը (das Gewinnen)։ Այդ չափով ել յանկիները բարձր են անգլիացիներից։
Սակայն դա այն բոլորը չե, վորի մասին տնտեսագետներն իրոք խոսում են հիշյալ ընդհանուր մասում։ Արտադրությունը, ընդհակառակը,— տես, որինակ, Միլլի գիրքը,— բաշխումից տարբեր, պատկերացվում ե իբրև բնության հավիտենական որենքների մեջ պարփակված, որենքներ, վորոնք կախումն չունեն պատմությունից։ Յեվ այդպես պատկերացվում ե, վորպեսզի այդ հարմար առիթով ներս խծկեն բուրժուական հարաբերություններն իբրև հասարակության անխախտելի բնական որենքներ in abstracto։ Դա յե այդ ամբողջ հնարագիտության առավել կամ նվազ չափով գիտակցական նպատակը։ Բաշխման ժամանակ, ըստ նրանց, մարդիկ, ընդհակառակը, պիտի ամեն տեսակի քմահաճույք թույլատրեն։ Միանգամայն անկախ նրանից, վոր այդտեղ կոպիտ կերպով բաժանված ե իրարուց արտադրության և բաշխման իրական կապը, հենց սկզբից պետք ե պարզ լինի, վոր ինչքան ել զանազան լիներ բաշխումը հասարակության տարբեր աստիճաններում, դրա մասին նույնպես, ինչպես և արտադրության մասին, կարող են ընդհանրական վորոշումներ տրվել, և նմանապես կարելի յե բոլոր պատմական տարբերությունները ձուլել և լուծել ընդհանուր մարդկային որենքների մեջ։ Որինակ՝ ստրուկը ճորտը, վարձու բանվորը— բոլորն էլ ստանում են վորոշ քանակությամբ սնունդ, վորը նրանց հնարավորություն ե տալիս գոյություն ունենալու իբրև ստրուկ, իբրև ճորտ, իբրև վարձու բանվոր։ Նվաճողը, վոր ապրում ե տուրքով, կամ պաշտոնյան, վոր ապրում ե հարկով, կամ հողատերը՝ ռենտայով, կամ վանականը՝ վողորմությամբ, կամ ղևտացին՝ տասանորդով,— դրանք բոլորն ստանում են հասարարակական արտադրության մի վորոշ քանակ, վորը վորոշվում ե այլ որենքներով, քան ստրկի ու այլոց ստացածը։ Յերկու գլխավոր կետերն են, վոր բոլոր տնտեսագետներն դնում են այդ ռուբրիկայի տակ․ — 1․ սեփականությունը, 2. դրա ապահովումն արդարադատության, վոստիկանության և այլն միջոցով։ Դրան կարելի յե կարճառոտ առարկել.
ad 1. Ամեն մի արտադրություն բնության բարիքների յուրացումն ե անհատի կողմից՝ վորոշ հասարակաձևի սահմաններում ու դրա միջոցով։ Այդ իմաստով տավտոլոգիա կլինի ասելու, թե սեփականությունը (յուրացումը) արտադրության պայմանն ե: Սակայն ծիծաղելի յե այդտեղից մի թռիչք գործել դեպի սեփականության վորոշ ձևը, որինակ՝ դեպի մասնավոր սեփականությունը, (վորը նմանապես յենթադրում ե՝ իբրև պայման՝ հակադիր ձև—անսեփականություն [Nichteigentum] : Պատմությունն, ընդհակառակը, ցույց ե տալիս մեզ հանրային սեփականությունը (որինակ՝ հնդիկների, սլավոնների, հին կելտերի ու այլոց մեջ) իբրև սկզբնական ձև, մի ձև, վորը համայնքային սեփականության կերպարանքով յերկար ժամանակ նշանավոր դեր ե խաղում։ Այստեղ մենք դեռ ամենևին չենք խոսում այն հարցի մասին, թե սեփականության վո՛ր ձևի ժամանակ ե ավելի հաջող զարգանում հարստությունը։ Բայց վոր վո՛չ մի արտադրության, հետևաբար և վո՛չ մի հասարակության մասին խոսք չի կարող լինել այնտեղ, վորտեղ սեփականության վոչ մի ձև գոյություն չունի—դա տավտոլոգիա յե։ Այն յուրացումը, վորը վոչինչ չի յուրացնում, Contradictio in subjecto յե։
ad 2. Սեփականության պաշտպանությունը և այլն։ Յեթե այդ ընդհանուր տեղիները վերածենք իրենց իրական բովանդակության, ապա ավելի շատ բան կասեն, քան հայտնի յե դրանց քարոզողներին։ Այսինքն, վոր արտադրության յուրաքնաչյուր ձև առաջ ե բերում իրեն հատուկ իրավական հարաբերություններ, կառավարության ձևեր և այլն։ Կոպիտ և անիմաստ ըմբռնումը հենց այն ե, վոր որգանապես իրար հետ կապված յերևույթները դրվում են պատահական փոխադարձ առնչության մեջ, շաղկապվում են սոսկ կշռադատությունից բղխող փոխադարձ կախումով։ Բուրժուական տնտեսագետներին միայն թվում ե, թե արդի վոստիկանության որոք կարելի յե ավելի լավ արտադրել, քան, որինակ, բռունցքի իրավունքի որոք։ Նրանք մոռանում են միայն, վոր բռունցքի իրավունքն ել մի իրավունք ե, և վոր ուժերի իրավունքն ել շարունակում ե ուրիշ ձևերով գոյություն ունենալ իրենց «իրավական պետության» մեջ։
Յերբ արտադրության մի վորոշ աստիճանի համապատասխանող հասարակական հարաբերությունները նոր-նոր ծնունդ են առնում կամ յերբ նրանք արդեն վերանում են, բնականաբար տեղի յեն ունենում արտադրության խանգարումներ, թեև տարբեր աստիճանով և տարբեր ներգործությամբ:
Յեզրափակենք․ գոյություն ունեն արտադրության բոլոր աստիճանների համար ընդհանրական վորոշումներ, վորոնք մտածողության կողմից ֆիքսացիայի յեն յենթարկվում իբրև ընդհանուր վորոշումներ, սակայն, ամեն մի արտադրության այսպես կոչված ընդհանուր պայմանները վոչ այլ ինչ են, բայց յեթե այդ վերացական մոմենտները, վորոնց ոգնությամբ չի կարելի հասկանալ արտադրության և վո՛չ մի իրական պատմական աստիճան։
2․ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽՄԱՆ, ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ՀԵՏ
Արտադրության վերլուծությունը շարունակելուց առաջ՝ անհրաժեշտ ե քննության առնել այն զանազան ռուբրիկաները, վոր տնտեսագետները դնում են արտադրության կողքին։
Առաջին մակերևութային պատկերացումը հետևյալն ե․ հասարակության անդամներն արտադրության ժամանակ բնության արդյունքները հարմարեցնում են (արտադրում են, ձևավորում են) մարդկային կարիքներին․ բաշխումը որոշում ե այն հարաբերությունը, վորով անհատը մասնակցում ե այդ արտադրությանը․ փոխանակությունն անհատին ընձեռում ե այն առանձին արդյունքները, վորոնց հետ նա կամենում ե փոխանակել բաշխման միջոցով իրեն ընկած բաժինը․ վերջապես սպառման ժամանակ արդյունքները դառնում են վայելքի, անհատական յուրացման առարկաներ։ Արտադրությունն ստեղծում ե կարիքներին համապատասխանող առարկաներ․ բաշխումը բաժանում ե արդյունքները հասարարկական որենքների համաձայն․ փոխանակությունը վերաբաժանում ե արդեն բաժանածն անհատական կարիքների համեմատ․ վերջապես սպառման ժամանակ արդյունքը դուրս ե գալիս հասարակական շրջանառությունից, դառնում անհատական կարիքի անմիջական առարկա ու սպասարկու և վայելքի միջոցին բավարարում այդ կարիքը։ Այդպիսով արտադրությունը հանդես ե գալիս իբրև յելակետ, սպառումն՝ իբրև վերջնակետ, բաշխումն ու փոխանակությունը՝ իբրև միջին ողակ, վորն ինքը նույնպես կրկնակի յե, ըստ վորում բաշխումը հասարակությունից յելնող մոմենտ ե, իսկ փոխանակությունը՝ անհատներից յելնող մոմենտ։ Արտադրության մեջ ոբյեկտիվանում ե անձնավորությունը, սպառման*[6] մեջ սուբյեկտիվանում ե իրը․ բաշխման մեջ հասարակությունն ստանձնում ե միջնորդություն ընդհանուր իշխող վորոշումների ձևով արտադրության ու սպառման միջև, փոխանակության ժամանակ իբրև միջնորդ հանդես ե գալիս պատահական վորոշությունը։
Բաշխումը վորոշում ե այն հարաբերությունը (քանակը), վորով արդյունքները բաժին են ընկնում անհատին։ Փոխանակությունը որոշում ե այն արդյունքները, վորոնց մեջ անհատը տենչում ե իրեն բաժին ընկած մասը բաշխման միջոցին։
Արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը, սպառումն այդպիսով կազմում են մի իսկական սիլլոգիզմ—արտադրությունը կազմում ե ընդհանրություն, բաշխումն ու փոխանակությունը՝ մասնակիություն, սպառումը՝ եզակիություն, վորը յեզրափակում ե իրմով ամբողջությունը։ Դա, իհարկե, մի կապակցումն ե, սակայն մակերևույթային։ Արտադրությունն ըստ տնտեսագետների վորոշվում ե բնության ընդհանուր որենքներով, բաշխումը՝ հասարակական պատահականությամբ, ուստի բաշխումը կարող ե առավել կամ նվազ չափով նպաստավոր ներգործություն ունենալ արտադրության վրա․ փոխանակությունն ընկնում ե այդ յերկուսի միջև, իբրև ձևական (?) հասարակական պրոցես, իսկ յեզրափակող ակտը—սպառումը, վորը քննվում ե վոչ միայն իբրև վերջնական սահման, այլև իբրև վերջին նպատակ, իսկապես դուրս ե գտնվում տնտեսագիտության շրջանակից, բացառությամբ այն հանգամանքի, վոր նորից ազդում ե յելակետի վրա և կրկին ծնունդ տալիս վողջ պրոցեսի կրկնությանը։
Քաղաքատնտեսների հակառակորդները,— լինեն դրանք այս գիտության մեջ, թե սրանից դուրս,— վորոնք տնտեսագետներին նախատում են, վոր սրանք միասնական ամբողջությունը մասերի յեն ծվատում բարբարոսաբար, կա՛մ նույն հողի վրա յեն կանգնած, ինչ վոր տնտեսագետները, և կա՛մ կանգնած են նրանցից ցած։ Չկա մի ավելի սովորական բան, քան քաղաքատնտեսներին ուղղված այս հանդիմանությունը, թե նրանք արտադրությունը բացառապես նկատի յեն ունենում վորպես ինքնանպատակ։ Իբրև թե բաշխումը ճիշտ նույն չափ մեծ նշանակություն ունի։ Այդ հանդիմանությունը հիմնվում ե հենց ճիշտ այն տնտեսագիտական պատկերացման վրա, վոր իբր թե բաշխումը գոյություն ունի վորպես ինքնուրույն, անկախ սֆերա՝ արտադրության հետ կողք կողքի։ Կամ նրանց նախատում են, թե բոլոր մոմենտները չեն ընդգրկվում իրենց միությամբ։ Կարծես թե այդ ծվատումը վոչ թե իրականությունից ե թափանցել դասագրքերի մեջ, այլ, ընդհակառակը, դասագրքերից ե մտել իրականության մեջ, կարծես թե այստեղ խոսքը վերաբերում ե գաղափարների դիալեկտիկական հաշտեցմանը և վոչ թե իրական հարաբերությունների ըմբռնմանը։
a․ Արտադրությունն ու սպառումը
Արտադրությունն անմիջապես նաև սպառումն ե։ Սպառումը յերկու տեսակ ե—սուբյեկտիվ և ոբյեկտիվ։ Անհատը, վոր զարգացնում ե իր ունակություններն արտադրության պրոցեսում, նույնպես ծախսում ե այդ ունակությունները, սպառում արտադրության ակտի միջոցին։ Ճիշտ այնպես, ինչպես բնական սերումը կենսական ուժերի սպառման մի եղանակ ե։ Յերկրորդ՝ արտադրությունն արտադրամիջոցների սպառումն ե, վորոնք գործածվում են, մաշվում և մասամբ (ինչպես, որինակ, այրման միջոցին) նորից տրոհվում են հիմնական տարրերի։ Նույնն ե տեղի ունենում հումույթի սպառման ժամանակ, վորը չի պահպանում իր բնական կերպարանքն ու հատկությունը, այլ ընդհակառակը կերպարանափոխվում ե։ Այդ պատճառով ել արտադրության ակտն ինքը, իր բոլոր մոմենտներում, նաև սպառման ակտ ե։ Սակայն այդ բոլորի հետ տնտեսագետները համաձայնում են։ Արտադրությունը, վորն անմիջաբար նույնանում ե սպառման հետ, սպառումը, վորն անմիջաբար նույնանում ե արտադրության հետ, նրանք անվանում են արտադրողական սպառում։ Արտադրության ու սպառման այդ նույնացումը հանգում ե Սպինոզայի այն դրույթին, թե Determinatio est negatio[7]:
Սակայն արտադրողական ապառման այդ բնորոշումը սահմանվում ե միայն նրա համար, վորպեսզի հնարավոր լինի արտադրության հետ նույնացող սպառումը տարբերել բուն սպառումից, վորն ավելի շուտ պատկերացվում ե վորպես վոչնչացնող հակադրություն։ Քննենք, ուրեմն, բուն սպառումը։
Սպառումը նաև արտադրություն ե անմիջաբար, ճիշտ այնպես, ինչպես բնության մեջ տարրերի ու քիմիական նյութերի սպառումը բույսերի արտադրումն ե։ Թե, որինակ, սնման միջոցին, վոր սպառման մի ձևն ե, մարդն արտադրում ե իր սեփական մարմինը—դա պարզ ե․ սակայն դա վերաբերում ե սպառման ամեն մի այլ տեսակի, վորն այս կամ այն յեղանակով, այս կամ այն կողմից մարդ ե վերարտադրում։ Դա յել սպառողական արտադրություն ե։ Սակայն,— ասում ե տնտեսագիտությունը,— սպառման հետ նույնացող այդ արտադրությունը յերկրորդ տեսակի արտադրություն ե, վորն առաջ ե գալիս առաջինի արդյունքները վոչնչացնելուց։ Առաջ[ի]նում իրացվում ե (sich versachlichen, овеществлять) արտադրողը, յերկրորդում անձնավորվում ե իրը։ Այդպիսով, այդ սպառողական արտադրությունը, վոր թեև արտադրության ու սպառման անմիջական միությունն ե, եյապես տարբերվում ե իսկական արտադրությունից։ Այն անմիջական միությունը, վորի մեջ արտադրությունը միախառնվում ե սպառման հետ և սպառումն արտադրության հետ, չի խանգարում նրանց անմիջական յերկվությանը։
Այդպիսով արտադրությունն անմիջաբար սպառումն ե, սպառումն ել՝ անմիջաբար արտադրություն։ Յուրաքանչյուրն անմիջաբար իր հակադրությունն ե։ Սակայն միևնույն ժամանակ այդ երկուսի միջև տեղի յե ունենում մի միջնորդ շարժում։ Արտադրությունը միջնորդում՝ հնարավոր ե դարձնում սպառումը, վորի համար նա ստեղծում ե նյութ, այլապես սպառումը չեր ունենա առարկա։ Սակայն սպառումն ել միջնորդում՝ հնարավոր ե դարձնում արտադրությունը, ստեղծելով արդյունքների համար սուբյեկտ, վորի համար ել նրանք արդյունք են հանդիսանում։ Արդյունքը միայն սպառման մեջ ե գտնում իր վերջին ավարտը[8]*: Այն յերկաթուղին, վորով չեն երթևեկում, վորն այդպիսով չի գործածվում, վորը չի սպառվում, յերկաթուղի յե միայն dynamei[9], այլ վոչ թե իրականում։ Առանց արտադրության՝ չկա սպառում, բայց և առանց սպառման՝ չկա արտադրություն, վորովհետև այդ դեպքում արտադրությունն աննպատակ կլիներ։ Սպառումն առաջ ե բերում արտադրություն յերկու կերպ։
Նախ՝ սպառման միջոցին արդյունքը դառնում ե իրական արդյունք, որինակ՝ հագուստն իրական հագուստ ե դառնում այն ժամանակ միայն, յերբ հագնում են։ Այն տունը, վորի մեջ չեն ապրում, իսկական տուն չե իրոք․ այդպիսով արդյունքը, բնության հասարակ առարկայից տարբերվելով, արդյունք ե դառնում սպառման մեջ միայն։ Սպառումը, վոչնչացնելով արդյունքը, դրանով ել հասցնում ե նրան իր ավարտին։ Վորովհետև արդյունքն արտադրության հետևանքն ե վոչ միայն վորպես իրացրած գործունեյություն, այլև միայն վորպես առարկա՝ գործող սուբյեկտի համար։
Յերկրորդ՝ սպառումն առաջ ե բերում արտադրություն, ստեղծելով նոր արտադրության կարիք, այսինքն արտադրության իդեալական, ներքին դրդապատճառ, վորն արտադրության նախապայմանն ե։ Սպառումն առաջ ե բերում արտադրության մղում, ստեղծում ե նաև այն առարկան, վորը՝ իբրև վորոշող նպատակ՝ ազդում ե արտադրության վրա։ Յեվ յեթե պարզ ե, վոր արտադրությունն արտաքուստ առաջադրում ե սպառման առարկա, ապա, հետևաբար, պարզ ե նմանապես, վոր սպառումը դնում ե առարկան իդեալապես ՝ իբրև ներքին մտապատկեր, իբրև կարիք, իբրև դրդապատճառ և իբրև նպատակ։ Սպառումն ստեղծում ե արտադրության առարկա դեռ սուբյեկտիվ կերպարանքով։ Առանց կարիքի՝ չկա արտադրություն։ Բայց հենց սպառումն ե, վոր վերարտադրում ե կարիք։
Արտադրության կողմից դրան համապատասխանում ե այն, վոր արտադրությունը՝
1․ մատակարարում ե սպառմանը[10]* նյութ, առարկա։ Սպառումն առանց առարկայի՝ սպառում չե։ Հետևաբար այդ կողմից արտադրությունն արտադրում ե սպառումն։
2․ Սակայն արտադրությունն ստեղծում ե սպառման համար վոչ միայն առարկա։ Նա ընձեռում ե սպառմանն իր վորոշությունը, իր բնույթը, իր ավարտումը։ Ճիշտ այնպես, ինչպես վոր սպառումը ավարտումն ե ընձեռում արդյունքին՝ վորպես արդյունք, այնպես ել արտադրությունն ե ընձեռում ավարտումն սպառմանը։ Նախ՝ առարկան առարկա չե ընդհանրապես, այլ մի վորոշ առարկա, վորն սպառվելու յե մի վորոշ, հենց արտադրությամբ միջնորդված յեղանակով։ Քաղցը քաղց ե, սակայն այն քաղցը, վորը հագենում ե յեփած, պատառաքաղով ու դանակով կերած մսով, մի այլ քաղց ե, քան այն, վորը հագենում ե ձեռքի, յեղունգների ու ատամների ոգնությամբ կլանվող հում մսով։ Այդպիսով արտադրությունն արտադրում ե վո՛չ միայն սպառման առարկա, այլև սպառման յեղանակը, հետևաբար վոչ միայն ոբյեկտիվորեն, այլև սուբյեկտիվորեն։ Այդպիսով ուրեմն արտադրությունն ստեղծում ե սպառողներ։
3․ Արտադրությունը վոչ միայն նյութ ե մատակարարում կարիքին, այլև նյութին կարիք ե ընձեռում։ Յեթե սպառումը դուրս ե գալիս իր սկզբնական բնական կոպտությունից ու անմիջականությունից,— իսկ այդ աստիճանի վրա յերկար մնալն ինքը կլիներ արտադրության բնական կոպտության ու հետամնացության հետևանք,— ապա նա ինքն առարկայի միջոցով հանդես ե գալիս վորպես ազդակ։ Այն կարիքը, վոր զգում ե սպառումն առարկայի նկատմամբ, առաջ ե գալիս առարկայի ըմբռնության միջոցով։ Արվեստի առարկան, ինչպես և ամեն մի այլ արդյունք, առաջ ե բերում արվեստը հասկացող ու գեղեցկով հրճվելու ընդունակ մարդիկ։ Այդպիսով արտադրությունն արտադրում ե վո՛չ միայն առարկա սուբյեկտի համար, այլև սուբյեկտ՝ առարկայի համար։
Հետևաբար, արտադրությունն արտադրում ե սպառումն, 1. ստեղծելով սպառման առարկա, 2. վորոշելով սպառման յեղանակը, 3. զարգացնելով սպառողների մեջ պահանջ, վորի առարկան ստեղծված արդյունքն ե։
Այդպիսով, արտադրությունն արտադրում ե սպառման առարկա, սպառման յեղանակ, սպառման ազդակ։ Ճիշտ նույն կերպ ել սպառումն ե ստեղծում արտադրողների հակումներ, զարթեցնելով նրանց մեջ պահանջներ՝ իբրև նպատակ։ Հետևաբար՝ սպառման ու արտադրության իդենտիությունը յերևան ե գալիս յերեք կերպ․
1․ Անմիջական իդենտիություն—արտադրությունն սպառումն ե․ սպառումն արտադրություն ե։ Սպառողական արտադրություն։ Արտադրողական սպառումն։ Քաղաքատնտեսներն այդ յերկուսն ել անվանում են արտադրողական ապառումն, դնելով սակայն մի տարբերություն—առաջինը հանդես ե գալիս վորպես վերարտադրություն, իսկ յերկրորդը՝ վորպես արտադրողական սպառումն։ Առաջնի մասին յեղած բոլոր հետազոտությունները վերաբերում են արտադրողական կամ անարտադրողական աշխատանքին, յերկրորդի մասին յեղած հետազոտությունները վերաբերում են արտադրողական ու անարտադրողական սպառմանը։
2․ Այն, վոր դրանցից յուրաքանչյուրը միջոց ե մյուսի համար և կատարվում ե նրա միջնորդությամբ, դրանով ել արտահայտվում ե նրանց փոխադարձ կախումն։ Դա մի շարժում ե, վորով նրանք հարաբերում են իրար, լինելով մեկը մյուսի համար անհրաժեշտ պայման, սակայն մնալով տակավին մեկը մյուսի նկատմամբ արտաքին։ Արտադրությունն ստեղծում ե նյութ, իբրև սպառման արտաքին առարկա․ սպառումն ստեղծում ե կարիք, իբրև ներքին առարկա, իբրև արտադրության նպատակ։ Առանց արտադրության չկա սպառումն․ առանց սպառման չկա արտադրություն,— դա ցուցադրվում ե (?) տնտեսագիտության մեջ բազմազան ձևերով։
3․ Արտադրությունը վոչ միայն սպառումն ե անմիջաբար և սպառումը՝ արտադրություն անմիջաբար․ վո՛չ ել արտադրությունն ե միայն մի միջոց սպառման համար և սպառումը՝ միայն նպատակ արտադրության համար, այսինքն՝ յուրաքանչյուրը մյուսին միայն առարկա չե մատակարարում—արտադրությունը՝ արտաքին առարկա սպառման համար, սպառումը՝ յերևակայական առարկա արտադրության համար։ Դրանցից յուրաքանչյուրը վո՛չ միայն մյուսն ե անմիջաբար, վո՛չ միայն մյուսի միջոցն ե (?), այլ յերկուսից յուրաքանչյուրը, կատարվելով, առաջ ե բերում մյուսը, ստեղծում ինքն իրեն իբրև ուրիշ(?)։ Միայն սպառումն ե, վոր ավարտում ե արտադրության ակտը, արդյունքին տալով արդյունքի վերջնական կերպարանք, վոչնչացնելով այն, սպառելով նրա ինքնուրույն իրային (sachliche) ձևը․ բարձրացնելով կրկնության պահանջով՝ արտադրության առաջին ակտի ժամանակ զարգացած ընդունակությունը մինչև արվեստի աստիճանը, սպառումը, հետևաբար, վոչ միայն յեզրափակող ակտ ե, վորի շնորհիվ արդյունքն արդյունք ե դառնում, այլև այն ակտն ե, վորի շնորհիվ արտադրողը դառնում ե արտադրող։ Մյուս կողմից արտադրությունն արտադրում ե սպառումն, ստեղծելով սպառման վորոշ յեղական, և ապա սպառման գրգիռ, վորն իր հերթին ստեղծում ե սպառման ունակություն՝ իբրև կարիք։ Յերրորդ թվանշանով մատնանշված այդ վերջին իդենտիությունը քաղաքատնտեսության մեջ հաճախ մեկնաբանվում ե պահանջի և առաջարկի, առարկաների և կարիքների, սոցիալական և բնական կարիքների առնչությամբ։
Ըստ այդմ ել մի հեգելականի համար չկա ավելի հասարակ բան, քան արտադրության ու սպառման իդենտիացումը։ Այդպես են վարվում վոչ միայն սոցիալիստական բելլետրիստները, այլև իրենք քաղաքատնտեսները, ինչպես, որինակ, Սեյը, կարծելով, վոր յեթե դիտելու լինենք մի ժողովուրդ կամ ել մարդկությունն in abstracto, ապա նրա արտադրությունը կլինի նրա սպառումը։ Շտորխն ապացուցել ե Սեյի սխալը, հիշեցնելով, վոր ժողովուրդը չի սպառում, որինակ, իր արդյունքն ամբողջովին, այլ ստեղծում ե նաև արտադրամիջոցներ, հիմնական կապիտալ և այլն։ Քննության առնելով հասարակությունն իբրև միակ սուբյեկտ՝ նշանակում ե այն քննել սխալ տեսակետից—սպեկուլյատիվ կերպով։ Առանձին սուբյեկտի նկատմամբ՝ արտադրությունն ու սպառումը միևնույն ակտի մոմենտներն են։ Այստեղ ամենակարևորն այն ե, վոր յեթե մենք քննենք արտադրությունն ու սպառումն իբրև մեկ սուբյեկտի կամ առանձին անհատների գործունեյություն, ապա դրանք հանդես են գալիս համենայն դեպս իբրև մոմենտներ մեկ պրոցեսի, վորի մեջ արտադրությունն իրական յելակետն ե և այդ պատճառով ել գերիշխող մոմենտը։ Սպառումն ինքը՝ իբրև անհրաժեշտություն, իբրև կարիք՝ արտադրողական գործունեյության ներքին մոմենտն ե։ Սակայն դա ռեալիզացիայի յելակետն ե, հետևաբար ել նրա գերակշռող մոմենտը—մի ակտ, վորի մեջ վորի մեջ կրկնվում ե վողջ պրոցեսը։ Անհատն արտադրում ե առարկա և դրա սպառման միջոցով կրկին վերադառնում ե ինքն իրեն, սակայն վորպես արտադրող անհատի, վորպես վերարտադրողի։ Այդպիսով սպառումը հանդես ե գալիս իբրև արտադրության մոմենտ։
Սակայն հասարակության մեջ արտադրողի դեպի արդյունքն ունեցած հարաբերությունը, վորչափով այդ արդյունքը պատրաստված ե արդեն, մի արտաքին հարաբերություն ե և արդյունքի վերադարձը սուբյեկտին կախված ե վերջինիս դեպի մյուս անհատներն ունեցած հարաբերություններից։ Այդ արդյունքը չի դրվում արտադրողի տնորինության տակ անմիջաբար։ Ճիշտ նույնպես ել արդյունքի անմիջական յուրացումը նրա նպատակը չե, յեթե նա արտադրում ե հասարակության մեջ։ Արտադրողի և արդյունքի միջև հրապարակ ե գալիս բաշխումը, վորը հասարակական որենքներով վորոշում ե արտադրողի բաժինն արդյունքների աշխարհից։ Բաշխումը, հետևաբար, գտնվում ե արտադրության և սպառման միջև։
Արդյոք բաշխումն անկախ սֆերա՞ յե արտադրության կից ու նրանից դուրս։
b․ Արտադրությունն ու բաշխումը
Յեթե քննենք քաղաքատնտեսության սովորական յերկասիրությունները, ապա ամենից առաջ կտեսնենք, վոր ամեն ինչ նրանց մեջ կրկնակի յե․ որինակ՝ բաշխման մեջ ցուցաբերվում են հողային ռենտան, աշխատավարձը, տոկոսն ու շահույթը, մինչդեռ արտադրության մեջ հողը, աշխատանքը, կապիտալը իբրև արտադրության ագենտներ։ Կապիտալի վերաբերմամբ հենց սկզբից պարզ ե, վոր այն պատկերացվում ե յերկու կերպ․ 1. իբրև արտադրության ագնետ, 2. իբրև յեկամուտի աղբյուր։ Տոկոսն ու շահույթը ներկայանում են իբրև բաշխման առանձին ձևեր վորոշող մոմենտներ․ ուստի և նրանք ցուցաբերվում են իբրև այդպիսիք նաև արտադրության մեջ այն ձևերով, վորոնցով շատանում, աճում ե կապիտալը, հետևաբար իբրև կապիտալի արտադրության մոմենտներ։ Տոկոսն ու շահույթը, իբրև բաշխման ձևեր, յենթադրում են կապիտալի, իբրև արտադրության ագենտի, գոյությունը։ Նրանք բաշխման յեղանակներ են, վորոնց նախապայմանը կապիտալն ե, իբրև արտադրության ագենտ։ Միաժամանակ նրանք կապիտալի վերարտադրության յեղանակներ են։
Ճիշտ նմանապես ել աշխատավարձը մի այլ ռուբրիկայի տակ քննված վարձու աշխատանքն ե․ այն վորոշումը, վոր այստեղ ունի աշխատանքը, իբրև արտադրության ագենտ, այնտեղ հանդես ե գալիս իբրև բաշխումը վորոշող մոմենտ։ Յեթե աշխատանքը վորոշված չլիներ իբրև վարձու աշխատանք, ապա այն յեղանակը, վորով նա մասնակցում ե բաշխմանը[11]*), հանդես չեր գա իբրև աշխատավարձ, ինչպես ե, որինակ, ստրկության ժամանակ։ Վերջապես հողային ռենտան,— յեթե մի անգամից վերցնելու լինենք բաշխման ամենազարգացած ձևը, վորով հողասեփականությունը մասնակցում ե արդյունքներին,— յենթադրում ե խոշոր հողասեփականություն (ավելի ճիշտ՝ խոշոր յերկրագործություն), իբրև արտադրության ագենտ, այլ վոչ թե սոսկ հողը, ճիշտ այնպես, ինչպես աշխատավարձը չի յենթադրում սոսկ աշխատանք՝ վորպես այդպիսին։ Բաշխման հարաբերություններն ու յեղանակներն այդպիսով հանդես են գալիս իբրև արտադրության ագենտների մյուս յերեսը միայն։ Անհատը, վոր մասնակցում ե արտադրությանը վարձու աշխատանքի ձևով, աշխատավարձի ձևով ել մասնակցում ե արտադրության հետևանքներին՝ արդյունքներին։ Բաշխման սիստեմը լիովին վորոշվում ե արտադրության սիստեմով։ Բաշխումն ինքն արտադրության արդյունք ե, այն ել վո՛չ միայն առարկայի տեսակետից, քանի վոր բաշխվել կարող են արտադրության հետևանքները միայն, այլև ձևի տեսակետից, քանի վոր արտադրությանը մասնակցելու վորոշ յեղանակն ե վորոշում բաշխման հատուկ ձևը, այն ձևը, վորով յուրաքնչյուրը մասնակցում ե բաշխմանը։ Ուստի և լոկ պատրանք ե, յերբ արտադրության մեջ խոսում են հողի մասին, իսկ բաշխման մեջ՝ հողային ռենտայի մասին և այլն։
Այդ պատճառով տնտեսագետները, ինչպես, որինակ, Ռիկարդոն, վորոնց ամենից առաջ ուղղվել ե այն հանդիմանությունը, թե նրանք նկատի յեն ունեցել միայն արտադրությունը,— իրոք բացառապես բաշխումն եյին համարում քաղաքատնտեսության առարկան․ ակներև դարձնելու նպատակով՝ նրանք ընտրում եյին բաշխման ձևերը, իբրև ամենացայտուն արտահայտություն, վորով հատկապես յերևան են գալիս արտադրության ագենտները տվյալ հասարակության մեջ։
Առանձին անհատի հանդեպ՝ բաշխումը հանդես ե գալիս, բնականաբար, իբրև հասարակական որենք, վորը պայմանավորում ե անհատի տեղը արտադրության մեջ, վորի սահմաններում նա արտադրում ե, և ուրեմն բաշխումը նախորդում ե արտադրությանը։ Անհատը հենց սկզբից վո՛չ կապիտալ ունի, վո՛չ ել հողասեփականություն։ Նրա ծննդյան որից հասարակական բաշխման հետևանքով, նրան բաժին ե ընկել վարձու աշխատանքը, սակայն այդ նախանշումն ինքը հետևանք ե այն բանի, վոր կապիտալը, հողասեփականությունը գոյություն ունեն իբրև արտադրության ինքնուրույն ագենտներ։
Հասարակությունն իբրև ամբողջություն, քննության առնելիս՝ մենք տեսնում ենք, վոր բաշխումը մի ուրիշ կողմից ել ե նախորդում արտադրությանը և վորոշում այն, այսպես ասած, իբրև մինչ-տնտեսական իրողություն։ Նվաճող ժողովուրդը բաժանում ե հողը նվաճողների միջև և այդպիսով սահմանում հողասեփականության վորոշ բաժանում ու ձև, վորոշում ե հետևաբար արտադրությունը, կամ՝ նվաճածներին նա ստրկացնում ե և այդպիսով ստրկական աշխատանքը դարձնում արտադրության հիմքը։ Կամ մի ժողովուրդ հեղափոխությամբ խորտակում ե խոշոր հողասեփականությունը և մանր հողամասերի բաժանում այն, հետևաբար՝ այդ նոր բաշխման միջոցով տալիս ե արտադրությանը մի նոր բնույթ։ Կամ՝ որենսդրությունը հողը դարձնում ե մեծ ընտանիքների հավիտենական սեփականություն և կա՛մ բաշխում ե աշխատանքը, իբրև ժառանգական արտոնություն, և այդպիսով ֆիքսացիայի յենթարկում այն կաստայորեն։ Այդ բոլոր դեպքերում,— իսկ դրանք բոլորն ել պատմական են,— թվում ե, թե բաշխումը չե, վոր անդամահատվում և վորոշվում ե արտադրությամբ, այլ ընդհակառակը, արտադրությունն ե անդամահատվում և վորոշվում բաշխման միջոցով։
Մակերեսային ըմբռնմամբ՝ թվում ե, թե բաշխումն արդյունքների բաշխումն ե, այդպիսով ել շատ հետ ե մնում արտադրությունից և իբրև թե անկախ ե վերջինիս նկատմամբ։ Սակայն բաշխումն արդյունքների բաշխում լինելուց առաջ նախ՝ արտադրության գործիքների բաշխումն ե և յերկրորդ՝ հասարակության անդամների բաշխումն արտադրության տարբեր տեսակների միջև (անհատների յենթարկումն վորոշ արտադրական հարաբերությունների), վորպես միևնույն հարաբերության հետագա վորոշում։ Ակնհայտ ե, վոր արդյունքների բաշխումը հետևանք ե ա՛յդ բաշխման, վորը հենց մտնում ե բուն արտադրության պրոցեսի մեջ և վորով վորոշվում ե արտադրության կազմակերպությունը։ Յեթե արտադրությունը քննության առնվի իր մեջ պարփակվող այդ բաշխումից անկախ, ապա դա կլինի պարզապես մի սին աբստրակցիա, այնինչ, ընդհակառակը, արդյունքների բաշխումն ինքնըստինքյան տրված ե այդ բաշխման հետ, վորն սկզբնապես արտադրությունը կազմող մոմենտն ե։ Ռիկարդոն, վորն իրեն նպատակ ե դրել՝ ըմբռնել արդի արտադրությունն իր վորոշ սոցիալական կազմակերպությամբ, և վորն արտադրության քաղաքատնտեսն ե par excellence[12], հենց այդ պատճառով ել վոչ թե արտադրությունն ե հայտարարում արդի քաղաքատնտեսության իսկական թեման, այլ բաշխումը։ Այստեղ նորից հաջորդում ե տնտեսագետների անհամությունը, վորոնք պատկերացնում են արտադրությունն իբրև հավիտենական ճշմարտություն, քշելով պատմությունը բաշխման բնագավառը։
Թե արտադրությունը վորոշող այդ բաշխումն ինչ հարաբերություն ունի արտադրության հետ՝ դա անկասկած մի խնդիր ե, վորը վերաբերում ե բուն իսկ արտադրությանը։ Յեթե ասեն, թե վորովհետև արտադրությունը կախված ե արտադրության գործիքների վորոշ բաշխումից, և վոր բաշխումը թեկուզ այդ իմաստով նախորդում ե արտադրությանը և կազմում վերջինիս նախապայմանը, ապա դրան պատասխանելու յե, թե արտադրությունն իրոք ունի իր պայմաններն ու նախադրյալները, վորոնք կազմում են նրա մոմենտները։ Վերջիններս կարող են սկզբից համարվել վորպես բնածին։ Բուն իսկ արտադրության պրոցեսի շնորհիվ՝ նրանք բնածնից դառնում են պատմական, և յերբ մի վորոշ ժամանակաշրջանի համար նրանք ծառայում են իբրև արտադրության բնական նախապայմաններ, ապա մի այլ ժամանակաշրջանի համար նրանք յեղել են իբրև պատմական հետևանք։ Հենց արտադրության ներսում այդ մոմենտները շարունակ փոփոխվում են։ Որինակ՝ մեքենաների կիրառումը փոխում ե՝ ինչպես արտադրության միջոցների, այնպես ել արդյունքների բաշխումը, և ժամանակակից խոշոր հողասեփականությունն ինքը նույնքան հետևանք ե արդի առևտրի ու արդի արդյունաբերության, վորքան և հետևանք ե վերջինիս կիրառման՝ հողագործության ասպարեզում։
Վերն առաջադրված բոլոր հարցերը հանգում են վերջին հաշվով նախ այն կետին, թե ինչպես են ընդհանուր պատմական հարաբերությունները մտնում արտադրության մեջ, ինչպես և այն կետին, թե արտադրությունն ինչ հարաբերություն ունի պատմական շարժման հետ ընդհանրապես։ Ակնհայտ ե, վոր վոր հարցը վերաբերում ե բուն իսկ արտադրության լուսաբանությանն ու զարգացմանը։
Սակայն այն գռեհիկ ձևով, վորով նրանք վերն առաջադրված են, կարելի յե նույն կերպ ել կարճ կապել։ Բոլոր նվաճումների ժամանակ յերեք տեսակ յելք ե հնարավոր։ Նվաճող ժողովուրդը յենթարկում ե նվաճված ժողովրդին արտադրության այն յեղանակին, վոր հատուկ ե իրեն՝ նվաճողին (որինակ՝ անգլիացիք Իրլանդիայում այս դարում, մասամբ Հնդկաստանում)․ կամ՝ նվաճող ժողովուրդը թողնում ե, վոր հինը մնա և բավականանում ե տուրքով (որինակ՝ թուրքերն ու հռովմայեցիք)․ կամ՝ առաջ ե գալիս փոխազդեցություն, վորի միջոցով առաջանում ե մի նորը, իբրև սինթեզ (մասամբ գերմանական նվաճումների ժամանակ)։ Բոլոր դեպքերում ել արտադրության յեղանակն ե,— լինի դա նվաճող ժողովրդինը, թե նվաճվածինը, կամ թե յերկսի խառնուրդից առաջ յեկածը,— վոր վորոշում ե նոր, տեղակալող, բաշխումը։ Թեև այդ բաշխումը հրապարակ ե գալիս իբրև նոր արտադրաշրջանի նախադրյալ, բայց և այնպես նա ինքը կրկին արտադրության արդյունք ե, այն ել վո՛չ թե ընդհանրապես պատմական, այլ մի վորոշ պատմական արտադրության արդյունք։
Որինակ՝ մոնղոլները վարվում եյին իրենց արտադրության յեղանակի համապատասխան, յերբ ամայացնում եյին Ռուսաստանը․ անասնապահության գլխավոր պայմանն են մեծ, անմարդաբնակ տարածությունները։ Գերման բարբարոսները, վորոնց գլխավոր արտադրությունը ճորտերի միջոցով կատարվող հողագործությունն եր, ինչպես և մեկուսացած կյանքը գյուղում, այնքան ավելի հեշտությամբ կարողացան յենթարկել այդ պայմաններին հռովմեյական նահանգները, վորքան այնտեղ տեղի ունեցած հողասեփականության կոնցենտրացիան ավելի յեր խորտակել հողագործության հին սիստեմները։
Մի ավանդական հայացք կա, ըստ վորի մարդիկ վորոշ ժամանակաշրջաններում ապրել են ավարառությամբ։ Սակայն ավարել կարողանալու համար՝ պետք ե ավարելու մի բան լինի,— այսինքն արտադրություն լինի[13]*։ Հենց ավարառության յեղանակն ինքը վորոշվում ե դարձյալ արտադրության յեղանակով։ Որինակ՝ զարգացած բորսային չարաշահություն ունեցող մի ազգ[14]** չի կարող կողոպտել նույն յեղանակով, ինչպես մի անասնապահ ազգ։
Հանձին ստրկի՝ ավարի յե յենթարկվում հենց ինքն արտադրագործիքը։ Սակայն այն յերկրի արտադրությունը, վորի համար ավարի յե յենթարկվում ստրուկը, պետք ե այնպես կազմակերպված լինի, վոր հնարավոր լինի ստրկական աշխատանքը կամ (ինչպես, որինակ, Հարավային Ամերիկայում և այլն) պետք ե ստեղծվի ստրկությանը համապատասխանող արտադրայեղանակ։
Որենքները կարող են մի արտադրագործիք, որինակ, հողը, հավիտենապես հատկացնել վորոշ ընտանիքների։ Այդ որենքներն այն ժամանակ են միայն տնտեսական նշանակություն ստանում, յերբ խոշոր հողասեփականությունը ներդաշնակում ե հասարակական արտադրությանը, ինչպես, որինակ՝ Անգլիայում։ Ֆրանսիայում գերակշռում եր մանր հողագործությունը, թեև գոյություն ուներ խոշոր հողասեփականություն, և հենց դրա համար ել հեղափոխությունը կտոր-կտոր արավ վերջինս։ Իսկ պարցելլացման հավերժացու՞մը, որինակ, որենքի միջոցով։ Հակառակ այդ որենքների՝ սեփականությունը կրկին կոնցենտրանում ե։ Բաշխման հարաբերությունների ամրապնդման մեջ որենքների ազդեցությունը, դրանով ել արտադրության վրա ունեցած նրանց ներգործությունը պետք ե քննել առանձնապես։
c. Փոխանակությունը և շրջանառությունը
Ինքը շրջանառությունը փոխանակության մի վորոշ մոմենտն ե միայն կամ ել փոխանակությունը՝ վերցրած իր ամբողջությամբ այնչափով, վորչափով վոր փոխանակությունը մի միջնորդ մոմենտ ե արտադրության և սրանով վորոշվող բաշխման ու սպառման միջև․ իսկ այնչափով, վորչափով վոր վերջիններս իրենք արտադրության մոմենտներ են հանդիսանում, ակներև ե, վոր փոխանակությունն ել պարփակվում ե արտադրության մեջ վորպես դրա մի մոմենտը։
Ամենից առաջ պարզ ե, վոր գործունեությունների և ունակությունների փոխանակությունը, վոր կատարվում ե բուն իսկ արտադրության մեջ, ուղղակի վերաբերում ե արտադրությանը և կազմում դրա եյությունը։ Յերկրորդ՝ նույնը վերաբերում ե նաև արդյունքների փոխանակությանը, այնչափով, վոր փոխանակությունն անմիջական սպառման համար պատրաստի արդյունքի հայթայթման մի միջոց ե, այնչափով, վոր փոխանակությունն ինքը մի ակտ ե, վոր մտնում ե արտադրության մեջ։ Յերրորդ՝ արդյունագործների միջև տեղի ունեցող փոխանակությունը՝ ինչպես իր կազմակերպությամբ, այնպես ել իր արտադրական գործունեյությամբ՝ վորոշվում ե ամբեղջովին արտադրության միջոցով։ Փոխանակությունն արտադրության նմատմամբ թվում ե անկախ ու անտարբեր միայն վերջին աստիճանում, յերբ արդյունքն անմիջաբար փոխանակվում ե սպառման համար։ Սակայն 1. չկա փոխանակություն առանց աշխատանքի բաժանման՝ լինի դա բնածին, թե պատմական պայմանների հետևանք․ 2. մասնավոր փոխանակությունը յենթադրում ե մասնավոր արտադրություն․ 3. փոխանակության ինտենսիվությունը, նրա տարածումը, ինչպես և նրա յեղանակը վորոշվում են արտադրության զարգացման ու կազմակերպության միջոցով, որինակ, փոխանակությունը քաղաքի ու գյուղի միջև, փոխանակությունը գյուղում, քաղաքում և այլն։ Այսպիսով փոխանակությունն իր բոլոր մոմենտներում հանդես ե գալիս կամ իբրև ուղղակի արտադրության մեջ պարփակված և կամ արտադրության միջոցով վորոշվող մի յերևույթ։
Այն հետևանքը, վորին մենք հասանք, այն չե, թե արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը, սպառումը միևնույնն են, այլ այն, վոր սրանք բոլորը մի ամբողջության մասերն են, մեկ միության ներսում յեղած տարբերությունները։ Արտադրությունն ընդգրկում ե ինչպես ինքն իրեն՝ հակառակ արտադրության հակադիր բնորոշումների, այնպես ել մյուս մոմենտները։ Նրանից ել ամեն անգամ սկսվում ե պրոցեսը նորից։ Վոր փոխանակությունն ու սպառումը չեն կարող գերակշռող լինել՝ դա պարզ ե ըստինքյան։ Նույնը կարելի յե ասել բաշխման՝ վորպես արդյունքների բաշխման մասին։ Սակայն բաշխումն ինքը՝ վորպես արտադրության ագենտների բաշխումն՝ արտադրության մի մոմենտն ե։ Այդպիսով արտադրության վորոշ ձևը վորոշում ե սպառման, բաշխման, փոխանակության վորոշ ձևերը և այդ տարբեր մոմենտների վորոշ հարաբերությունները միմյանց նկատմամբ։ Իհարկե, արտադրությունն ել՝ իր միակողմանի ձևի մեջ՝ յուր կողմից վորոշվում ե մյուս մոմենտներով․ որինակ՝ յերբ ընդարձակվում ե շուկան, այսինքն՝ փոխանակության սֆերան, այն ժամանակ աճում ե արտադրության ծավալը և խորանում են նրա բաժանումները։ Բաշխման փոփոխման հետ փոխվում ե արտադրությունը, որինակ՝ կապիտալի կոնցենտրացիայի, բնակչության՝ քաղաքի ու գյուղի միջև տարբեր բաժանման հետ և այլն։ Վերջապես սպառման կարիքը վորոշում ե արտադրությունը։ Տեղի յե ունենում փոխազդեցություն՝ տարբեր մոմենտների միջև։ Դա պատահում ե ամեն մի որգանական ամբողջության մեջ։
3. ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ
Յերբ քաղաքատնտեսության տեսակետից քննության ենք առնում մի յերկիր, ապա մենք սկսում ենք նրա բնակչությունից, վերջինիս բաժանումից՝ դասակարգերի, քաղաքի, գյուղի, ծովափի ապրողների, զանազան արտադրաճյուղերի, սկսում ենք նրա արտահանումից ու ներմուծումից, տարեկան արտադրությունից ու սպառումից, ապրանքների գներից և այլն։
Առաջին հայացքից թվում ե, թե ամենաճիշտը կլիներ սկսել իրականից ու կոնկրետից, իրական նախադրյալներից, որինակ, քաղաքատնտեսության մեջ բնակչությունից, վորը վողջ հասարակական արտադրաակտի հիմքն ու սուբյեկտն ե։ Այնինչ մոտիկից դիտելով՝ պարզվում ե, վոր դա սխալ ե։ Բնակչությունը մի աբստրակցիա յե, յեթե յես անտես եմ անում, որինակ, դասակարգերը, վորոնցից կազմված ե այն։ Այդ դասակարգերը դարձյալ դատարկ խոսք են, յեթե յես չգիտեմ այն տարրերը, վորոնց վրա հիմնվում են նրանք, ինչպիսիք են, որինակ՝ վարձու աշխատանքը, կապիտալը և այլն։ Այս վերջինները նախանշում են փոխանակություն, աշխատանքի բաժանում, գներ և այլն։ Կապիտալն, որինակ, վոչինչ ե առանց վարձու աշխատանքի, առանց արժեքի, դրամի, գնի և այլն։ Այդպիսով, յեթե յես սկսեյի բնակչությունից, ապա կստացվեր ամբողջի մի քաոսային պատկերացում, և միայն մասնակի վորոշումների միջոցով վերլուծորեն կհասնեյի ավելի ու ավելի պարզ գաղափարների, պատկերացրած կոնկրետից կհասնեի ավելի ու ավելի նուրբ աբստրակցիայի, մինչև վոր ստանայի ամենապարզ վորոշումներ։ Այդտեղից յես հարկադրված կլինեյի կրկին վերադառնալ նույն ճանապարհով, մինչև վոր վերջապես հասնեյի նորից բնակչությանը, սակայն այս անգամ վոչ իբրև ամբողջի քաոսային պատկերացման, այլ բազմաթիվ վորոշումների ու հարաբերությունների հարուստ ամբողջության։ Առաջին ճանապարհն այն ե, ուր քաղաքատնտեսությունը պատմականորեն վոտք ե դրել իր ծագումից։ Որինակ՝ տասնյոթերորդ դարու քաղաքատնտեսները միշտ սկսում են կենդանի ամբողջությունից, բնակչությունից, ազգությունից, պետությունից, միքանի պետություններից և այլն, բայց միշտ վերջացնում են նրանով, վոր վերլուծության միջոցով զատում են միքանի վորոշիչ, վերացական ընդհանուր հարաբերություններ, որինակ, աշխատանքի բաժանումը, դրամը, արժեքը և այլն։ Հենց վոր այդ առանձին մոմենտներն առավել կամ նվազ չափով ֆիքսացիայի ու աբստրակցիայի եյին յենթարկված լինում, ապա տնտեսագիտական սիստեմներն սկսում եյին հասարակ յերևույթներից՝ աշխատանքից, աշխատանքի բաժանումից, պահանջից, փոխանակային արժեքից՝ բարձրանալով մինչև պետությունը, միջազգային փոխանակությունը և համաշխարհային շուկան։ Ակներև ե, վոր այդ վերջին մեթոդը գիտականորեն ճիշտ մեթոդ ե։ Կոնկրետը կոնկրետ ե այն պատճառով, վոր շատ վորոշումների ընդգրկումն ե, հետևաբար պեսպիսիների միությունը։ Ուստի և մտածողության մեջ այդ կոնկրետը հանդես ե գալիս իբրև միավորման պրոցես, իբրև հետևանք, այլ վոչ թե իբրև յելակետ, թեև իրական յելակետ ե այն, և, հետևաբար, նաև հայեցողության ու պատկերացման յելակետ։ Յեթե առաջին ճանապարհի կիրառմամբ լիակատար պատկերացումը շոգիանալով՝ դառնում ե վերացական վորոշում, ապա յերկրորդի կիրառմամբ վերացական վորոշումներն առաջնորդում են դեպի կոնկրետի վերարտադրությունը, վոր կատարվում ե մտածողության միջոցով։ Ուստի և Հեգելը պատրանքի մեջ ե ընկնում, կարծելով, թե իրականը պետք ե ըմբռնել իբրև հետևանք ինքը իր մեջ միավորող, իր մեջ խորացող և ինքն իրենից զարգացող մտածողության, (des sich in sich zusammenfassenden, in sich vertiefenden und aus sich selbst sich bewegenden Denkens), այնինչ աբստրակտից կոնկրետին բարձրանալու մեթոդը մի յեղանակ ե, վորով մտածողությունը յուրացնում ե կոնկրետը և մտքով վերարտադրում այն իբրև կոնկրետ։ Սակայն դա յերբեք կոնկրետի ծագման պրոցեսը չե։ Ամենահասարակ տնտեսական կատեգորիան, որինակ, ասենք, փոխանակային արժեքը, նախանշում ե բնակչություն,— մի բնակչություն, վորն արտադրում ե վորոշ հարաբերություններում— ինչպես և ընտանիքի կամ համայնքի, կամ պետության և այլնի վորոշ ձևեր։ Փոխանակային արժեքը չի կարող յերբեք գոյություն ունենալ այլապես, քան յեթե իբրև արդեն տվյալ կոնկրետ ու կենդանի ամբողջության վերացական ու միակողմանի հարաբերություն։ Ընդհակառակը, փոխանակային արժեքը, իբրև կատեգորիա, անդրջրհեղեղյան գոյություն ունի։ Այդ պատճառով գիտակցության համար,— իսկ փիլիսոփայական գիտակցության համար տրամաբանական մտածողությունն ե իրական մարդը, իսկ տրամաբանորեն ճանաչված աշխարհը՝ իբրև այդպիսին՝ միակ իրական աշխարհն ե,— այդ գիտակցության համար կատեգորիաների շարժումը թվում ե իբրև իսկապես ստեղծագործական ակտ, վորը դժբախտաբար (?) միայն դրսից ե մղումն ստանում․ աշխարհն այդ ակտի հետևանքն ե, և դա,— բայց այստեղ մենք նորից հանդիպում ենք տավտոլոգիայի,— ճիշտ ե այնչափով, վորչափով կոնկրետ ամբողջությունը՝ իբրև մտքի ամբողջություն, իբրև մտքի կոնկրետություն՝ մտածողության, ըմբռնման արդյունքն ե իրոք։ Սակայն դա յերբեք արդյունք չե հայեցողությունից ու պատկերացումից դուրս ու վեր խորհրդածող ու ինքն իրեն ծնունդ տվող ըմբռնման, այլ հայեցողության ու պատկերացման վերամշակումն ե, վոր վեր ե ածվում գաղափարների։ Ամբողջը, վոր հայտնվում ե մարդու գլխում, իբրև մտքի ամբողջություն, արդյունք ե մտածող գլխի, վորը յուրացնում ե աշխարհն իրեն մատչելի միակ յեղանակով, մի յեղանակով, վորը տարբերվում ե այդ աշխարհի գեղարվեստա-կրոնա-գործնա-հոգեկան յուրացումից։ Իրական սուբյեկտը՝ իր ինքնուրույնությամբ՝ մնում ե առաջվա նման գլխից դուրս, մնում ե մինչև այն ժամանակ, քանի դեռ գլուխը նրան վերաբերվում ե միայն սպեկուլյատիվ, միայն տեսականորեն։ Այդ պատճառով ել քաղաքատնտեսության տեսական մեթոդը կիրառելիս՝ սուբյեկտը, այն ե՝ հասարակությունը, պետք ե լինի շարունակ մեր մտքի առջև իբրև նախադրյալ։
Սակայն այդ հասարակ կատեգորիաներն արդյոք չունե՞ն անկախ պատմական կամ բնական գոյություն կոնկրետ կատեգորիաներից առաջ։ Ça dépend[15]: Որինակ՝ Հեգելն իրավափիլիսոփայությունն իրավամբ սկսում ե ունեցվածքից՝ իբրև սուբյեկտի ամենահասարակ իրավահարաբերություն։ Սակայն վո՛չ մի ունեցվածք գոյություն չունի ընտանիքից կամ տիրական ու ծառայական հարաբերություններից առաջ, վորոնք շատ ավելի կոնկրետ հարաբերություններ են։ Ընդհակառակը, ավելի ճիշտ կլիներ ասել, թե գոյություն ունեն ընտանիքներ, տոհմեր, վորոնք դեռ տիրապետում են միայն, բայց չունեն սեփականություն։ Հետևաբար, ամենահասարակ կատեգորիան հանդես ե գալիս իբրև պարզ ընտանեկան կամ տոհմային ընկերակցությունների հարաբերություն հանդեպ սեփականության։ Ավելի զարգացած հասարակության մեջ հասարակ կատեգորիան հանդես ե գալիս իբրև զարգացած որգանիզմի պարզ հարաբերություն, բայց այն կոնկրետ սուբստրատը, վորի հարաբերությունն ե ունեցվածքը, յենթադրվում ե մշտապես։ Կարելի յե պատկերացնել առանձին վայրենի իր ունեցվածքով։ Սակայն այդ դեպքում ունեցվածքն իրավահարաբերություն չե։ Ճիշտ չե, վոր իբրև թե ունեցվածքը պատմականորեն կազմել ե ընտանիքի հիմքը։ Ընդհակառակը, ունեցվածքը միշտ նախանշում ե այդ «ավելի կոնկրետ իրավական կատեգորիան»։ Բայց և այնպես վորոշ չափով ճիշտ ե, վոր հասարակ կատեգորիաներն այն հարաբերությունների արտահայտությունն են, վորոնց մեջ՝ դեռևս առանց բազմակողմանի առնչության ու բազմակողմանի հարաբերության հաստատման՝ կարող ե իրականանալ անզարգացած կոնկրետը, վորի գաղափարական արտահայտությունն ե կոնկրետ կատեգորիան, այնինչ զարգացած կոնկրետը պահպանում ե պարզ կատեգորիան վորպես ստորադաս հարաբերություն։ Դրամը կարող ե գոյություն ունենալ և պատմականորեն գոյություն ե ունեցել, նախքան կապիտալն ե գոյություն ունեցել, նախքան բանկերն են գոյություն ունեցել, նախքան վարձու աշպատանքն ե գոյություն ունեցել և այլն։ Հետևաբար այդ տեսակետից կարելի յե ասել, վոր հասարակ կատեգորիան կարող ե արտահայտել անզարգացած ամբողջի տիրող հարաբերությունները, վորոնք պատմականորեն արդեն գոյություն ունեյին նախքան ամբողջի զարգացումն այն ուղղությամբ, վորն արտահայտվում ե ավելի կոնկրետ կատեգորիայով։ Այդ չափով ել պարզից բարդին բարձրացող վերացական մտածողության որենքները համապատասխանում են իրական պատմական պրոցեսին։
Մյուս կողմից, կարելի յե ասել, վոր գոյություն ունեն շատ զարգացած, բայց և այնպես պատմականորեն չհասունացած հասարակաձևեր, վորոնց մեջ հանդիպում ենք տնտեսական բարձր ձևերի, որինակ, կոոպերացիա, աշխատանքի զարգացած բաժանում և այլն, սակայն վորոնց մեջ միանգամայն բացակայում ե դրամը, ինչպես, որինակ, Պերույում։ Նմանապես և սլավոնական համայնքներում դրամն ու սրան պայմանավորող փոխանակությունը կա՛մ բացակայում են, կա՛մ ել աննշան դեր կատարում առանձին համայնքների ներսում, այլ յերևում են վերջիններիս սահմաններում՝ ուրիշ համայնքների հետ հարաբերություններ ունենալու ժամանակ։ Ընդհանրապես սխալ ե կարծել, թե միևնույն համայնության անդամների միջև տեղի ունեցող փոխանակությունը սկզբնապես ձևավորող (konstituierende) տարր ե։ Ընդհակառակը, սկզբում նա ավելի շուտ հանդես ե գալիս տարբեր համայնությունների միմյանց հետ ունեցած հարաբերությունների ժամանակ, քան միևնույն համայնության անդամակիցների միջև կատարվող հարաբերությունների միջոցին։ Այնուհետև․ թեև դրամը շատ վաղուց ե սկսել բազմակողմանի դեր խաղալ, բայց և այնպես հնադարում նա տիրող տարր ե դառնում միայն միակողմանի ձևավորված ազգերի՝ առևտրական ազգերի մեջ, և նույնիսկ ամենազարգացած հնադարում, հույների և հռովմայեցիների մեջ, դրամի լիակատար զարգացումը, վորն արդի բուրժուական հասարակության նախապայմանն ե, նկատելի յե նրանց քայքայման ժամանակաշրջանում միայն։ Հետևաբար, այդ միանգամայն պարզ կատեգորիան իր ինտենսիվությամբ պատմականորեն հանդես ե գալիս ամենից առաջ ամենազարգացած հասարակական հարաբերությունների ժամանակ։ Այն բնավ չի թափանցում բոլոր տնտեսական հարաբերությունների մեջ (?). որինակ՝ հռովմեյական կայսրության մեջ, ամենազարգացած շրջանում, տնտեսական հարաբերությունների հիմքը կազմում եյին բնահարկն ու բնական ծառայությունները։ Այդտեղ դրամատնտեսությունն իսկապես լիովին զարգացած եր միայն բանակում և յերբեք չեր ընդգրկել աշխատանքի վողջ պրոցեսը։ Այսպես, ուրեմն, թեև հասարակ կատեգորիան պատմականորեն կարող ե գոյություն ունենալ նախքան կոնկրետը, բայց իր ներքին ու արտաքին լիակատար զարգացմամբ նա կարող ե պատահել միայն բարդ (?) հասարակաձևերում, այնինչ ավելի կոնկրետ կատեգորիան լիովին զարգացած ե լինում ավելի պակաս զարգացած հասարակաձևերում։
Աշխատանքը մի լիովին պարզ կատեգորիա յե։ Նույնքան և հին ե աշխատանքի պատկերացումն այդ ընդհանրականությամբ՝ իբրև աշխատանք ընդհանրապես։ Բայց և այնպես «աշխատանքը», տնտեսագիտական այդ պարզ ըմբռնմամբ՝ ժամանակակից մի կատեգորիա յե ճիշտ այնպես, ինչպես և այն հարաբերությունները, վորոնք առաջ են բերում այդ պարզ աբստրակցիան։ Մոնիտար սիստեմը, որինակ, դեռ միանգամայն ոբյեկտիվ կերպով հարստությունն ընդունում ե իբրև մի իր իրենից դուրս,[16] դրամի կերպարանքով։ Այդ տեսակետի համեմատությամբ, մի մեծ հառաջադիմություն եր, յերբ մանուֆակտուրային կամ առևտրային սիստեմն առարկայի փոխարեն հարստության աղբյուր համարեց սուբյեկտիվ գործունեյությունը—առևտրային ու մանուֆակտուրային աշխատանքը։ Սակայն ինքն այդ գործունեյությունը դեռ սահմանափակ ե ըմբռնվում, իբրև դրամ ստեղծող գործունեյություն։ Այդ սիստեմի նկատմամբ ֆիզիոկրատական սիստեմը մի հետագա առաջադիմություն ե․ նա աշխատանքի մի վորոշ ձևը—հողագործությունը համարում ե հարստություն ստեղծող, և բուն ոբյեկտը տեսնում ե այլևս վո՛չ թե դրամի քղամիդով ծածկված, այլ իբրև արդյունք ընդհանրապես, իբրև աշխատանքի ընդհանուր հետևանք։ Սակայն այդ արդյունքը՝ գործունեյության սահմանափակության համապատասխան՝ միշտ բնական վորոշ հատկություններով ոժտված արդյունք ե միայն։ Հողագործությունն ե արտադրում, հո՛ղն ե արտադրում par excellence։[17]
Ադամ Սմիթի վիթխարի ծառայությունն այն եր, վոր նա մի կողմ նետեց հարստություն ստեղծող գործունեյության ամեն մի վորոշություն, նրա տեղ դնելով աշխատանքը վորպես այդպիսին՝ վո՛չ մանուֆակտուրային, վո՛չ առևտրային և վո՛չ ել հողագործական աշխատանքը, այլ, ավելի ճիշտն ասած, թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Հարստություն ստեղծող գործունեյության վերացական ընդհանրականության հետ միասին՝ մենք այժմ գործ ունենք իբրև հարստություն վորոշող առարկայի, ընդհանրապես արդյունքի կամ դարձյալ ընդհանրապես աշխատանքի ընդհանրականության հետ, սակայն արդեն իբրև անցյալում կատարված ու առարկայացած աշխատանքի հետ։ Թե վորքան ծանր ու մեծ եր այդ անցումը, յերևում ե նրանից, վոր Ադամ Սմիթն ինքը ժամանակ առ ժամանակ նորից վերադառնում ե ֆիզիոկրատական սիստեմին։ Կարող եր այնպես թվալ, թե դրանով գտնվել եր այն ամենապարզ ու ամենահնադարյան հարաբերության համար վերացական արտահայտությունը, վորի միջոցին,— հասարակական ինչ ձև ել վոր լինի,— մարդիկ հանդես են գալիս իբրև արտադրողներ։ Դա ճիշտ ե մի կողմից։ Մյուս կողմից՝ վո՛չ։ Աշխատանքի վորոշ տեսակի հանդեպ անխտրականությունը յենթադրում ե աշխատանքի իրական տեսակների շատ զարգացած ամբողջություն, վորոնցից վո՛չ մեկն այլևս չի գերիշխում մյուս բոլորի վրա։ Այդպես՝ ամենից ընդհանրական աբստրակցիաներն ընդհանրապես ծնունդ են առնում ամենահարուստ կոնկրետ զարգացման պայմաններում, ուր միևնույն հատկանիշը շատերի համար ընդհանուր ե, բոլորին հատուկ։ Այդ դեպքում հատկանիշը դադարում ե մտածողությանը պատկերանալ առանձնահատուկ ձևով։ Մյուս կողմից ընդհանրապես աշխատանքի այդ աբստրակցիան լոկ հետևանք ե աշխատանքների կոնկրետ ամբողջության։ Անխտրական վերաբերմունքը վորոշ աշխատանքի նկատմամբ համապատասխանում ե այն հասարակաձևին, վորի ժամանակ անհատները հեշտությամբ կարող են աշխատանքի մի տեսակից անցնել մյուսին, և վորի ժամանակ աշխատանքի վորոշ տեսակը նրանց համար պատահական ե, ուստի և անխտրական։ Աշխատանքն այդտեղ վոչ միայն կատեգորիայի, այլև իրականության մեջ դարձել ե ընդհանրապես հարստություն ստեղծելու մի միջոց և դադարել ե առանձին անհատի հետ առնչություն ունենալուց։ Մի այդպիսի վիճակ ամենազարգացած չափով ստեղծվել ե բուրժուական հասարակության գոյության ամենաժամանակակից ձևի մեջ Միացյալ Պետություններում[18]*։ Այդպիսով «աշխատանքի», «ընդհանրապես աշխատանքի», sans phrase աշխատանքի վերացական կատեգորիան, արդի տնտեսագիտության այդ յելակետն առաջին անգամ այդտեղ դառնում ե գործնական ճշմարտություն։ Հետևաբար ամենապարզ աբստրակցիան, վոր արդի տնտեսագիտությունը դարձրել ե իր անկյունաքարը, և վորն արտահայտում ե ամենահնադարյան, բոլոր հասարակաձևերի համար ել ընդունելի հարաբերություն, հանդիսանում ե իր այդ աբստրակցիայով գործնականապես ճշմարիտ լոկ իբրև ամենաժամանակակից հասարակության կատեգորիա։ Կարող են ասել, թե այն,— այսինքն՝ վորոշ աշխատանքի հանդեպ այդ անխտրականությունը,— ինչ վոր Միացյալ Պետություններում պատմական արդյունք ե, ռուսների մոտ, որինակ, բնածին հատկություն ե։ Սակայն նախ՝ խոշոր տարբերություն կա, թե արդյոք բարբարոսնե՞րն են ընդունակ ամեն ինչի հարմարվելու, թե՞ քաղաքակիրթներն են իրենք իրենց հարմարեցնում ամեն ինչի։ Յեվ այնուհետև՝ ռուսների մոտ վորոշ աշխատանքի հանդեպ այդ անխտրականությանը գործնականապես համապատասխանում ե միանգամայն վորոշ աշխատանքի՝ ավանդական վարժվածությունը, վորից նրանք կտրվում են արտաքին ազդեցությունների շնորհիվ միայն։
Աշխատանքի այդ որինակն ակներև ցույց ե տալիս, թե ինչպես նույնիսկ ամենավերացական կատեգորիաները, չնայած, վոր հենց իրենց վերացականության շնորհիվ կիրառելի յեն բոլոր դարաշրջանների համար, նույն այդ աբստրակցիայի վորոշությամբ նույն չափով պատմական պայմանների արդյունք են և լիովին հարազատ միայն այդ պայմանների համար ու դրանց մեջ։
Բուրժուական հասարակությունն արտադրության ամենազարգացած ու բազմակողմանի պատմական կազմակերպությունն ե։ Այն կատեգորիաները, վորոնք արտահայտում են բուրժուական հասարակության հարաբերությունները, նրա կազմակերպության ըմբռնումը, միաժամանակ հնարավորություն են տալիս ըմբռնելու բոլոր հասարակաձևերի կազմությունն ու արտադրական հարաբերությունները, այն հասարակաձևերի, վորոնց բեկորներից ու տարրերից կառուցվում ե բուրժուական հասարակությունը, մասամբ շարունակելով քարշ տալ յուր յետևից նախընթաց ձևերի դեռ չհաղթահարված մնացորդները, մասամբ զարգացնելով ու լիակատարության հասցնելով ա՛յն, ինչ վոր գոյություն ուներ լոկ իբրև ակնարկ։ Մարդու անատոմիան մի բանալի յե կապկի անատոմիայի համար։ Կենդանիների ստորին տեսակների մեջ յեղած այն հատկանիշները, վորոնք ակնարկ են բարձր տեսակների հասցեյին, կարելի յե ըմբռնել միայն այն դեպքում, յերբ այդ բարձր տեսակներն արդեն ծանոթ են։ Բուրժուական տնտեսությունը բանալի յե տալիս անտիկ ու այլ տնտեսությունները հասկանալու համար։ Սակայն բնավ վոչ այն իմաստով, ինչպես հասկանում են տնտեսագետները, վորոնք ջնջում են բոլոր պատմական տարբերությունները և բոլոր հասարակաձևերում տեսնում բուրժուական հարաբերություններ։ Բահրան, տասանորդը և այլն կարելի յե հասկանալ, յերբ մենք գիտենք հողային ռենտան։ Սակայն դրանց չպետք ե նույնացնել։ Այնուհետև, վորովհետև բուրժուական հասարակությունն ինքը զարգացման մի հակասական ձև ե, ապա նախընթաց ձևերի հարաբերությունները հանդես են գալիս նրա մեջ միանգամայն կենսազուրկ և կամ նույնիսկ ձևափոխված, ինչպես, որինակ, համայնասեփականությունը։ Ուստի, յեթե ճիշտ ե, վոր բուրժուական տնտեսության կատեգորիաները ճշմարտություն են նաև բոլոր մյուս հասարակաձևերի համար, ապա դա պետք ե հասկանալ cum grano salis[19]: Բուրժուական տնտեսությունը կարող ե պարունակել իր մեջ այդ կատեգորիաները զարգացած, աղավաղված կամ ծաղրանկարային կերպարանքով, սակայն միշտ ունենալով եյական տարբերություն։ Այսպես կոչված պատմական զարգացումն ունի այն հիմքը, վոր վերջին ձևը դիտում ե նախընթաց ձևերը վորպես իր աստիճանները և միշտ միակողմանի յե ըմբռնում այդ նախընթաց ձևերը, վորովհետև շատ հազվադեպ ու միանգամայն վորոշ պայմաններում միայն ընդունակ ե լինում ինքն իրեն քննադատելու․ այստեղ բնականաբար խոսքը չի վերաբերում այնպիսի պատմական ժամանակաշրջանների, վորոնք հանդիսանում են իրենք իրենց վորպես անկման շրջան։ Քրիստոնեյական կրոնը հասավ նախկին դիցաբանության ոբյեկտիվ ըմբռնմանը միայն այն ժամանակ, յերբ նրա ինքնաքննադատությունը պատրաստ եր մի վորոշ աստիճան, այսպես ասած, dyname։ Այդպես էլ բուրժուական տնտեսագիտությունը միայն այն ժամանակ ի վիճակի յեղավ ֆեոդալական, անտիկ, արևելյան հասարակություններին ըմբռնելու, յերբ սկսվեց բուրժուական հասարակության ինքնաքննադատությունը։ Վորչափով վոր բուրժուական տնտեսագիտությունը, առասպելաբանելով, իրեն պարզապես (?) չեր նույնասնում անցյալի հետ, այնպես ել նրա քննադատությունը նախկին, մասնավորապես ֆեոդալական հասարակության մասին, վորի հետ անմիջաբար դեռ կռվելու յեր, նմանվում եր քննադատությանը, վորը գործադրում եր քրիստոնեյությունը հեթանոսության, կամ բողոքականությունը կաթոլիկության վերաբերմամբ։
Ինչպես և ընդհանրապես յուրաքանչյուր պատմական սոցիալական գիտության, այնպես ել տնտեսական կատեգորիաների նկատմամբ միշտ պետք ե լավ հիշել, վոր ինչպես իրականության մեջ, այնպես ել գլխում տրված ե սուբյեկտը, այս դեպքում արդի բուրժուական հասարակությունը, և վոր, հետևաբար, կատեգորիաներն արտահայտում են այդ վորոշ հասարակության, այդ սուբյեկտի կեցության ձևերը, գոյության պայմանները, հաճախ առանձին կողմերը միայն, և վոր, այդ պատճառով, քաղաքատնտեսությունն ել իբրև գիտություն ամենևին չի սկսվում միայն այնտեղ, ուր նրա մասին խոսք ե լինում իբրև այդպիսինի մասին։ Այդ պետք ե լավ հիշել, վորովհետև առարկան դասավորելու վերաբերմամբ միանգամից տալիս ե ղեկավար ցուցմունքներ։ Որինակ՝ չափազանց բնական ե թվում սկսել հողային ռենտայից՝ հողասեփականությունից, վորովհետև դա կապված ե հողի հետ, վորն ամեն մի արտադրության ու ամեն մի գոյության աղբյուրն ե, ինչպես նաև հողագործության հետ, վորը բոլոր շատ թե քիչ ամուր կազմակերպված հասարակությունների մեջ կազմում ե սկզբնական արտադրաձևը։ Սակայն չկա ավելի սխալ բան, քան այդ։ Յուրաքանչյուր հասարակաձև ունի արտադրության վորոշ ճյուղ, վորը գերակշռում ե մյուսներից և վորի հարաբերություններն այդ պատճառով վորոշում են մյուս բոլոր ճյուղերի տեղն ու ազդեցությունը։ Դա մի ընդհանուր լուսաբանություն ե, վորի մեջ կորչում են բոլոր մնացած գույները և վորը ձևավորում ե այդ գույներն իրենց առանձնահատկությամբ։ Դա այն առանձնահատուկ յեթերն ե, վորը վորոշում ե նրա մեջ գոյություն ունեցող ամեն մի եյակի տեսակարար կշիռը։ Վերցնենք, որինակ, հովվական ժողովուրդներ (բացառապես վորսորդությամբ ու ձկնորսությամբ զբաղվող ժողովուրդները դուրս են մնում այն կետից, վորտեղից սկսվում ե իրական զարգացումը)։ Նրանց մեջ սպորադիկ կերպով հանդիպում ենք հողագործության վորոշ ձևի։ Դրանով ել վորոշվում ե հողասեփականությունը։ Այդ սեփականությունը հանրային ե և պահվում ե առավել կամ նվազ չափով, նայած թե այդ ժողովուրդները վոր աստիճան պահպանում են իրենց ավանդույթները, որինակ, սլավոնների մեջ հողասեփականությունը։ Նստակյաց յերկրագործությամբ զբաղվող ժողովուրդների մեջ,— իսկ նստակյացությունը մեծ առաջադիմություն ե արդեն,— ուր գերակշռում ե յերկրագործությունը, ինչպես եր, որինակ, անտիկ ու ֆեոդալական հասարակության մեջ, բուն իսկ արդյունաբերությունը, սրա կազմակերպությունն ու դրան համապատասխանող սեփականության ձևերն ունեն առավել կամ նվազ չափով հողասեփականային բնույթ․ հասարակությունը կա՛մ ամբողջովին ե կախված հողագործությունից, ինչպես եր հնադարյան հռովմայեցիների մեջ, կա՛մ ել ընդորինակում ե նրա մեջ հաստատված հարաբերությունները քաղաքի կազմակերպման վերաբերմամբ, ինչպես միջին դարերում։ Ինքը, կապիտալը, վորչափով վոր զուտ դրամական կապիտալ չե, իբրև արհեստի ավանդական գործիքներ (?), միջին դարերում հողասեփականային բնույթ ունի։ Բուրժուական հասարակության մեջ, ընդհակառակը, հողագործությունն ավելի ու ավելի յե դառնում արդյունագործության մի սոսկական ճյուղ և ամբողջովին յենթարկվում կապիտալին։ Նմանապես և հողային ռենտան։ Այն բոլոր ձևերում, վորոնց մեջ տիրապետում ե հողասեփականությունը, դեռևս գերիշխում են բնահարաբերությունները։ Իսկ այն ձևերում, ուր կապիտալն ե տիրապետում, գերակշռություն ե ստանում հասարակական, պատմականորեն ստեղծված ելեմենտը։ Հողային ռենտան չի կարելի ըմբռնել առանց կապիտալի, իսկ կապիտալը շատ լավ կարելի յե ըմբռնել առանց հողային ռենտայի։ Կապիտալը բուրժուական հասարակության բարձրագույն տնտեսական ուժն ե, վորն իշխում ե մնացած բոլորի վրա։ Կապիտալն ե, վոր պետք ե կազմի յելակետ ու վերջնակետ, և նրա ըմբռնումն ե, վոր պետք ե նախորդի հողասեփականության ըմբռնմանը։ Հետո արդեն, յերբ յերկուսն ել քննված են լինում առանձին-առանձին, պետք ե անցնել նրանց փոխհարաբերության քննությանը։
Հետևաբար, անհաջող ու սխալ յեղանակ կլիներ՝ վերցնել տնտեսական կատեգորիաներն այն հաջորդականությամբ, վորով նրանք վճռական դեր են խաղացել պատմականորեն։ Ընդհակառակը՝ նրանց հաջորդականությունը վորոշվում ե այն հարաբերությամբ, վոր գոյություն ունի նրանց միջև արդի բուրժուական հասարակության մեջ, ըստ վորում այդ հարաբերությունը ճիշտ հակառակն ե նրան, վորը թվում ե բնական կամ համապատասխանում ե պատմական զարգացման շղթային։ Այստեղ խոսքը վոչ թե այն տեղի մասին ե, վորը պատմականորեն գրավում են տնտեսական հարաբերությունները տարբեր հասարակաձևերի իրար փոխարինման մեջ։ Ինչպես նաև վոչ թե նույն այդ տնտեսական հարաբերությունների հաջորդականության մասին «իդեալի մեջ» (Պրուդոն), հաջորդականություն, վորը պատմական շարժման լոկ դիմակավորված (?) պատկերացումն ե։ Խոսքը նրանց կարգավորման մասին ե արդի բուրժուական հասարակության սահմաններում։
Այն մաքրությունը (վերացական վորոշությունը), վորով հանդես եյին գալիս առևտրական ժողովուրդները հնադարյան աշխարհում—փյունիկեցիք, կարթագենացիք—հետևանք ե հենց յերկրագործական ժողովուրդների գերիշխման։ Կապիտալն իբրև առևտրային կամ դրամական կապիտալ՝ այդ վերացությամբ յերևան ե գալիս հենց ճիշտ այնտեղ, ուր ինքը տակավին գերիշխող տարր չե հասարակության մեջ։ Լոմբարդացիք, հրյաները նույն դիրքն եյին գրավում յերկրագործությամբ զբաղվող միջնադարյան հասարակության հանդեպ։
Հետևյալ որինակն ել ե ցույց տալիս, թե ինչպես միևնույն կատեգորիաները հասարակական զարգացման զանազան աստիճաններում կարող են տարբեր տեղ գրավել․ բուրժուական հասարակության վերջին ձևերից մեկը՝ ակցիոներական ընկերությունները յերևան են գալիս նաև նրա սկզբնական շրջանում վորպես արտոնյալ ու մենաշնորհով ոժտված առևտրային խոշոր ընկերություններ։
Ինքը՝ ժողովրդական հարստության գաղափարը սպրդում ե տասնյոթերորդ դարու քաղաքատնտեսների յերկերում այն իմաստով,— մի պատկերացում, վորը մասամբ շարունակում ե մնալ տասնութերորդ դարու քաղաքատնտեսների մոտ,— թե հարստությունը պետության համար ե միայն ստեղծվում և թե պետության հզորությունը կախված ե այդ հարստությունից։ Դա այն անգիտակցական կեղծավոր ձևն եր, վորով հարստությունն ինքը և դրա արտադրությունը հայտարարվում եյին արդի պետությունների նպատակ, և սրանք դիտվում լոկ իբրև հարստություն արտադրելու միջոց։
Ակներև ե, վոր նյութն այնպես պիտի դասավորել, վոր ամենից առաջ զարգացվեն ընդհանուր աբստրակտ վորոշումները, վորոնք հենց այդ պատճառով ել շատ թե քիչ չափով վերաբերում են բոլոր հասարակաձևերին, սակայն վերը պարզաբանած իմաստով։ Յերկրորդ՝ այն կատեգորիաները, վորոնք կազմում են բուրժուական հասարակության ներքին կառուցվածքը և վորոնց վրա հաստատված են հիմնական դասակարգերը։ Կապիտալ, վարձու աշխատանք, հողասեփականություն։ Դրանց փոխադարձ հարաբերությունը։ Քաղաք և գյուղ։ Յերեք խոշոր հասարակական դասակարգերը։ Դրանց միջև կատարվող փոխանակությունը։ Շրջանառություն։ Վարկ (մասնավոր)։ Յերրորդ՝ բուրժուական հասարակության ամբողջացումը պետության ձևով։ Վերջինս դիտվելու յե ինքն իր նկատմամբ ունեցած հարաբերության տեսակետից։ «Անարտադրողական» դասակարգերը։ Հարկեր։ Պետական պարտք։ Պետական վարկը։ Բնակչությունը։ Գաղութները։ Եմիգրացիա։ Չորրորդ՝ արտադրության միջազգային պայմաններ։ Աշխատանքի միջազգային բաժանում։ Միջազգային փոխանակություն։ Արտածում ու ներմուծոմ։ Մուրհակային կուրս։ Հինգերորդ՝ համաշխարհային շուկան ու ճգնաժամերը։
4. ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՅԵՎ ԱՐՏԱԴՐԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ ԱՐՏԱԴՐԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ։ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՅԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ԱՐՏԱԴՐԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ։ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նկատողություն այն կետերի մասին, վորոնք այստեղ հիշատակվելու յեն և վորոնց չպիտի մոռացության տալ։
- Պատերազմն ավելի վաղ ե ձևավորվել, քան խաղաղությունը․ անհրաժեշտ եր մատնանշել այն յեղանակը, վորով պատերազմի միջոցին ու բանակներում և այլն վորոշ տնտեսական հարաբերություններ, ինչպիսիք են, որինակ, վարձու աշխատանքը, մեքենաների կիրառումը և այլն, ավելի վաղ պիտի զարգանային, քան բուրժուական հասարակության մեջ։ Նմանապես արտադրողական ուժերի և հաղորդակցության միջոցների հարաբերությունն ել բանակում առանձնապես ակներև ե։
- ՄԻնչայժմյան իդեալիստական պատմագրության հարաբերությունն իրական պատմագրության հետ։ Մասնավորապես այսպես կոչված կուլտուրայի պատմությունը, կրոնների ու պետությունների հին պատմությունը։ Հարմար առիթով այստեղ պետք ե միքանի խոսք ել ասել մինչայժմյան պատմագրության տարբեր մեթոդների մասին։ Այսպես կոչված ոբյեկտիվ մեթոդը։ Սուբյեկտիվը։ (Բարոյախոսականը և ուրիշները)։ Փիլիսոփայականը։
- Յերկրորդականը և յերրորդականը։ Ընդհանրապես ածանցյալ, փոխառյալ, վո՛չ սկզբնական արտադրահարաբերություններ։ Այստեղ պետք ե քննության առնել միջազգային հարաբերությունների դերը։
- Հանդիմանություններ՝ մատերիալիզմի այդպիսի ըմբռնման առիթով։ Վերաբերմունքը դեպի նատուրալիստական մատերիալիզմը։
- Արտադրաուժ (արտադրամիջոցներ) և արտադրահարաբերություններ գաղափարների դիալեկտիկան, մի դիալեկտիկա, վորի սահմանները պետք ե վորոշել և վորը չի վերացնում իրական տարբերությունը։
- Նյութական արտադրության զարգացման անհավասար հարաբերությունը դեպի, որինակ, գեղարվեստական արտադրությունը։ Ընդհանրապես առաջադիմության գաղափարը չպետք ե ըմբռնել սովորական աբստրակցիայով։ Գեղարվեստի և մյուսների նկատմամբ այդ դիսպրոպորցիան այնքան ել կարևոր չե ու այնքան ել դժվար չե ըմբռնել, ինչպես բուն իսկ գործնական սոցիալական հարաբերությունների բնագավառում, որինակ՝ կրթության համեմատական դրությունը Միացյալ Պետություններում և Յեվրոպայում։ Սակայն իսկական դժվարին կետը, վորը պետք ե այստեղ պարզել, այն ե, թե ինչպես արտադրահարաբերությունները, իբրև իրավահարաբերություններ, անհամաչափ (?) զարգացում են ունենում։ Հետևաբար, որինակ, հռովմեյական մասնավոր իրավունքի (քրեական ու պետական իրավունքին դա ավելի քիչ ե վերաբերում) առնչությունը ժամանակակից արտադրության հետ։
- Այդ ըմբռնումը հանդես ե գալիս իբրև անհրաժեշտ զարգացում։ Սակայն պատահականության իրավազորությունը։ Varia[20]*[21]։ (Ազատությունը և դեռ մյուսները)։ (Հաղորդակցության միջոցների ազդեցությունը)։ Համաշխարհային պատմությունն իսկապես (eigentlich)[22]*[23] միշտ հանդես չի գալիս պատմության մեջ իբրև համաշխարհային-պատմական արդյունք։
- Իհարկե, պետք ե յելակետ ընդունել բնական պայմանները․ սուբյեկտիվ և ոբյեկտիվ, տոհմեր, ցեղեր և այլն։
Գեղարվեստի նկատմամբ հայտնի յե, վոր նրա ծաղկման վորոշ շրջաններն ամենևին չեն համապատասխանում հասարակության ընդհանուր զարգացմանը, հետևաբար նաև նրա նյութական հիմքին, վորը մի տեսակ հանդիսանում ե հասարակության կազմակերպության կմախքը։ Որինակ՝ հույները արդիականների կամ թե Շեքսպիրի համեմատությամբ։ Գեղարվեստի վորոշ ձևերի, որինակ՝ վիպերգության մասին ընդունված ե նույնիսկ, վոր նրանք այլևս չեն կարող արտադրվել համաշխարհային դարաշրջան կազմող իրենց կլասիկ կերպարանքով, հենց վոր հանդես ե գալիս գեղարվեստական արտադրությունն իբրև այդպիսին․ և վոր, հետևաբար, հենց գեղարվեստի բնագավառում նրա վորոշ նշանակալից կերպավորումները հնարավոր են գեղարվեստական զարգացման անզարգացած աստիճանում միայն։ Յեթե դա տեղի ունի գեղարվեստի բնագավառում հենց նրա տարբեր ճյուղերի նկատմամբ, ապա ե՛լ ավելի քիչ պիտի զարմացնի նույն այդ հանգամանքը, յեթե վերցնելու լինենք գեղարվեստի վողջ բնագավառը՝ հասարակության ընդհանուր զարգացման համեմատությամբ։ Դժվարությունը այդ հակասությունների ընդհանուր ըմբռնումն ե միայն։ Հենց վոր սպեցիֆիկացիայի յենթարկենք նրանց, իսկույն կստանան իրենց բացատրությունը։
Առնենք, որինակ, հունական արվեստը և ապա Շեքսպիրը ներկայիս համեմատությամբ։ Հայտնի յե, վոր հունական դիցաբանությունը վո՛չ միայն հունական արվեստի զինարանն եր, այլև նրա հողը։ Մի՞թե հնարավոր ե, վոր բնության ու հասարակական հարաբերությունների այն ըմբռնումը, վորը կազմում ե հունական յերևակայության և, հետևաբար, հունական արվեստի հիմքը, գոյություն ունենա սելֆակտորի, յերկաթուղիների, լոկոմոտիվների ու ելեկտրական հեռագրի ժամանակ։ Միթե տեղ կունենա՞ր Հեփեստոսը Roberts et Co․-ի կողքին, Յուպիտերը՝ շանթարգելի կողքին և Հերմեսը՝ Crédit mobilier-ի կողքին։ Յուրաքանչյուր դիցաբանություն հաղթահարում, նվաճում և ձևավորում ե բնության ուժերը յերևակայության մեջ ու յերևակայության ոգնությամբ և, հետևաբար, չքանում ե, յերբ մարդս իրոք տիրապետում ե բնության այդ ուժերին։ Ի՞նչ կդառնար Ֆամա աստվածուհին Printinghouse Square-ի[24]* կողքին։ Հունական արվեստը յենթադրում ե հունական դիցաբանություն, այսինքն՝ բնություն և հասարակական ձևեր, վորոնք անգիտակցական յեղանակով մշակված են արդեն ժողովրդի յերևակայության միջոցով։ Դա յե նրա նյութը։ Սակայն վո՛չ ամեն մի պատահական դիցաբանություն, վո՛չ ել բնության ամեն մի պատահական անգիտակցական գեղարվեստական մշակումն։ (Այստեղ բնություն ասելով՝ հասկացվում ե վողջ առարկայականը, հետևաբար նաև հասարակությունը)։ Յեգիպտական դիցաբանությունը յերբեք չեր կարող հունական արվեստը սնուցանող հող ու մայրական գիրկ լինել, սակայն, համենայն դեպս, այն պետք ե մի դիցաբանություն լիներ։ Հետևաբար՝ այնպիսի մի հասարակական զարգացում, վորը ժխտում ե ամեն մի դիցաբանական վերաբերմունք դեպի բնությունը, ինչպես և բնության ամեն մի դիցաբանումն, վորն այդպիսով գեղարվեստագետից պահանջում ե դիցաբանությունից անկախ մի յերևակայություն, ամենևին չեր կարող հունական գեղարվեստի համար հող հանդիսանալ։
Մյուս կողմից՝ հնարավո՞ր ե, վոր Աքիլլեսը գոյություն ունենար վառոդի ու կապարի ժամանակ։ Կամ, ընդհանրապես Իլիականը՝ տպագրական մամուլի և տպագրական մեքենայի հետ միասին։ Յեվ մի՞թե անհրաժեշտաբար չեն դադարում, լռում յերգերը, զրույցներն ու մուսաները, հետևաբար, չքանում վիպերգական բանաստեղծության համար անհրաժեշտ պայմանները տպագրական մամուլի ժամանակ։
Սակայն դժվար ըմբռնելու յե վո՛չ թե այն, վոր հունական արվեստն ու վիպերգությունը կապ ունեն հասարակական զարգացման վորոշ ձևերի հետ, այլ այն, վոր հունական արվեստն ու վիպերգությունը դեռ շարունակում են պատճառել մեզ գեղարվեստական հաճույք և պահպանում վորոշ իմաստով նորմայի և անհասանելի տիպարի նշանակություն։
Մարդս չի կարող նորից յերեխա դառնալ, այլապես ծաղրի առարկա կլինի։
Սակայն մի՞թե նրան հրճվանք չի պատճառում մանկան միամտությունը և մի՞թե նա ինքը չպետք ե ձգտի մի ավելի բարձր աստիճանի հասնելու՝ իր իսկական եյությունը վերարտադրելու համար, և մի՞թե յուրաքանչյուր դարաշրջանում մանկան բնության մեջ չի վերակենդանանում մարդու սեփական բնավորությունը՝ իր բնական ճշմարտությամբ։ Յեվ ինչու՞ մարդկային հասարակության մանկությունը այնտեղ, ուր զարգացել ե ամենագեղեցիկ կերպով, չպետք ե հավիտենական գրավչության մի անհասանելի աստիճան թվար մեզ։ Լինում են անկիրթ յերեխաներ, բայց ծերի խելոքությամբ։ Հնադարյան ժողովուրդներից շատերը պատկանում եյին այդ կատեգորիային։ Հույները նորմալ յերեխաներ եյին։ Նրանց արվեստի թովչանքը մեզ համար հակասական չե այն անզարգացած հասարակական միջավայրի նկատմամբ, վորից բողբոջել ե այն։ Ավելի շուտ՝ նրանց արվեստը հետևանք ե այդ միջավայրի և անքակտելիորեն կապված ե այն հանգամանքի հետ, վոր չհասունացած հասարակական պայմանները, վորոնց մեջ ծագել ե այդ արվեստը և վորոնց մեջ միայն կարող եր ծագումն առնել, յերբեք չպիտի կարողանան վերադառնալ։
(Ձեռագիրն այստեղ ընդհատվում ե)։
[1] Ֆր․ «Հասարակական պայմանագիր» (իմա՝ Դ․ Ս․)։
[2] Ավդալբեգյանական թարգմանության տպագիր տարբերակում և գերմաներեն բնօրինակում նոր պարբերությունները չեն համընկնում։ Ենթադրելով, որ գործ ունենք հրատարակչական խնդրի հետ՝ տեքստի պարբերությունները համապատասխանեցրել ենք բնօրինակին։ Ինչպես նաև դուրս ենք թողել ծանոթագրությունների ժամանակ աստղանիշի հետ միասին գործածվող փակագիծը` *): Մնացած բոլոր առումներով խստորեն հետևել ենք տպագիր տարբերակին․ տեքստում նույնատիպ լեզվական կառույցների մեջ հանդիպում է իրարից խիստ տարբեր կետադրություն, նաև գործածությունից դուրս եկած ուղղագրություն, ինչը չենք շտկել և թողել ենք ինչպես կա (իմա՝ Դ․ Ս․)։
[3] Հուն․ քաղաքական կենդանի (իմա՝ Դ․ Ս․)։
[4] Լատ․ ծեծված խոսք, հանրածանոթ արտահայտություն (իմա՝ Դ․ Ս․)։
[5] Bestimmung(en) բառն է, որը հաճախ է պատահում տեքստում. Ավդալբեգյանը միշտ թարգմանում է որոշում(ներ)։ Կարող է թարգմանվել նաև դրույթ(ներ), որոշադրում(ներ)։ Ռյազանսկայայի անգլերեն թարգմանության մեջ տեսնում ենք category(ies), որը գործածվում է և Bestimmung, և Kategorien բառերը թարգմանելիս (իմա՝ Դ․ Ս․)։
[6] *Բնագրում գրված ե «անձնավորության»։
[7] Լատ․ սահմանումը բացասում է (իմա՝ Դ․ Ս․):
[8] * Բնագրում Մարքսը գործ ե ածում այստեղ և հաճախակի անգլերեն «finish», վորը փոխարինել ենք գերմաներեն «Vollendung»—վերջին ավարտ բառով։
[9] Հուն․ ներուժ(ով) (իմա՝ Դ․ Ս․):
[10] * Բնագրում գրված ե «արտադրությանը»։
[11] * Բնագրում գրված ե «արտադրությանը»։
[12] Ֆր․ գլխավորաբար, գլխավորապես (իմա Դ․ Ս․)։
[13] * Դրա հետ համեմատելու յե «Կապիտալ»-ի 51-րդ եջի 33 ծանոթությունը (գերմ․ 3-րդ հրատ․) «Իսկապես ծիծաղելի յե պարոն Բաստիան, վոր յերևակայում ե, թե՝ հին հույներն ու հռովմայեցիք միայն կողոպուտով եյին ապրում։ Սակայն վորպեսզի մարդիկ դարեր շարունակ կողոպուտով ապրեն, պետք ե մշտապես կողոպտելու մի բան լինի կամ կողոպուտի առարկան պետք ե անընդհատ վերարտադրվի»։
[14] ** Բնագրում գրված ե «stockjobbing nation»
[15] Ֆր․ կախված է հանգամանքներից (իմա Դ․ Ս․)։
[16] Թարգմանության պահին Ավդալբեգյանի ձեռքի տակ գտնվող գերմաներեն օրինակում ջնջված է եղել երկու բառ, ինչի մասին նա ծանոթագրություն է թողել՝ ենթադրելով, որ խոսքը außer sich (իրենից դուրս) բառերի մասին է։ Գերմաներեն տարբերակի հետ համեմատելով ճշտեցինք, որ Մարքսի տեքստում իրոք գրված է außer sich, ուստի ավելացնում ենք բաց թողնված բառերը (իմա՝ Դ․ Ս․)։
[17] Ավդալբեգյանի տպագիր տարբերակում բացակայում է վերջակետը, և տեքստն էլ չի շարունակվում նոր տողից։ Սակայն բնագրում միտքը նոր տողից է սկսվում, ուստի այս փոքրիկ շտկումն անում ենք՝ ըստ բնագրի (իմա՝ Դ․ Ս․)։
[18]* Մարքսիզմի և լենինիզմի համամիութենական ինստիտուտի 1929 թվականի հրատարակության մեջ շատ տեղին բերված ե «Կապիտալ»-ից հետևյալը — «Սան-Ֆրանցիսկոյից վերադառնալուց հետո մի ֆրանսիացի բանվոր գրում ե․«Յես յերբեք չեմ կարծել, թե ընդունակ կլինեմ աշխատելու այն բոլոր արհեստների մեջ, վորոնցով զբաղվել եմ Կալիֆորնիայում։ Յես խորապես համոզված եմ յեղել, թե վոչ մի բանի պետք չեմ, բացի տպարանում աշխատելուց․․․։ Ընկնելով բախտ վորոնողների այդ աշխարհը, վորոնք փոխում են իրենց զբաղմունքն ավելի հաճախ, քան իրենց շապիկը, յես ել վարվում եյի այնպես, ինչպես ուրիշները։ Յերբ ինձ համար պարզվեց, վոր աշխատանքը հանքերում այնքան ել շահավետ չե, յես թողեցի այն և տեղափոխվելի քաղաք, ուր մերթ տպագրող եյի, մերթ կտուր ծածկող, մերթ արճճագործ և այլն։ Այդ փորձից յես համոզվեցի, վոր պիտանի յեմ ամեն աշխատանքի, և այժմ յես զգում եմ ինձ ավելի քիչ փափկամորթ ու ավելի շատ մարդ» (գլուխ 13, ծանոթություն 308)։
[19] Լատ․ բառացի՝ աղի հատիկով, աղի պտղուցով։ Իմաստն է՝ (մի բան դիտարկել) զգուշությամբ, վերապահումով, սկեպտիցիզմով, (մի բան) բառացի չընդունել, հալած յուղի տեղ չընդունել (իմա՝ Դ․ Ս․)։
[20] * Բնագրում գրված ե «Va»:
[21] Մեր ձեռքի տակ եղած բնագրում գրված է Wie — ինչու (իմա՝ Դ․ Ս․)։
[22] * Բնագրում գրված ե «egtl.»:
[23] Մեր ձեռքի տակ եղած բնագրում չկա eigentlich բառը։ Այս հատվածը գրված է սևագիր նշումների ոճով և միտքը հստակ չէ․ կարելի է մոտավոր թարգմանել այսպես՝ Համաշխարհային պատմությունը գոյություն չի ունեցել միշտ․ պատմությունը, որպես համաշխարհային պատմություն, արդյունք է (իմա՝ Դ․ Ս․)։
[24] * «Times»-ի տպարանը Լոնդոնում։
Կարլ Մարքսը (1818 -1883) եղել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ-տեսաբան, քաղաքական լրագրող, աշխատավորական շարժման ջատագով և բուրժուական հասարակության ու կրոնի քննադատ։ Նա ծնվել է 1818 թվականին ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում, որը 1822 թվականին դավանափոխ է եղել՝ բողոքականություն ընդունելով։ 1835 թ․-ից Մարքսը իրավաբանություն է սովորել Բոննի համալսարանում և 1841 թ․-ին պաշտպանել է իր դոկտորական աշխատանքը։ 1842-43 թվականներին աշխատել է բուրժուական ձախ-ազատական կողմնորոշում ունեցող «Ռայնիշե Ցայտունգ» թերթում։ 1845 թ․-ին նա հանդես է եկել հեգելականության քննադատությամբ։ 1847 թ․-ին հրապարակել է հանրահայտ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ 1849 թ․-ին Կարլ Մարքսը վտարվել է Բելգիայից և Պրուսիայից և մինչև կյանքի վերջն ապրել Լոնդոնում։ 1864 թ․-ին նա հիմնադրել է 1-ին Ինտերնացիոնալը։ 1867 թ․-ին լույս է տեսել նրա ամենաճանաչված աշխատանքը՝ «Կապիտալը»։
Դիտվել է 1697 անգամ