«Լռության պարույրն» այսօր հանդիսանում է բավականին տարածված ներշնչման ձևերից մեկը։ Այն մասնավորապես օգտագործվում է քաղաքական ոլորտում։ Տվյալ ներազդման առանձնահատկությունն այն է, որ մատուցվում է միայն շահավետ տեղեկատվությունը, իսկ ոչ շահավետը գիտակցաբար թաքցվում է։
2008 թվականի ընտրություններին հաջորդած հետընտրական՝ մարտիմեկյան զարգացումների, դրանց հաջորդած իշխանություն-ընդդիմություն երկխոսության և իշխանությունների վարած ուժեղ քարոզչական քաղաքականության արդյունքում ընդդիմության կրած պարտությունը, ինչպես նաև միգրացիայի հետևանքով քաղաքականապես ակտիվ զանգվածի էական կրճատումը բերում է քաղաքական դաշտի գրեթե լիակատար ամայացմանը, որի արդյունքում ընդդիմադիր հանրույթը հայտնվում է մարգինալ կարգավիճակում։ Այսինքն, մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել երկրում փոփոխություններ բերելու համար, հասարակության մեծ մասի կողմից ընկալվում են որպես «անհույս էնտուզիաստներ»։ Սրան նպաստում է նաև իշխանությունների կարևորագույն խաղաքարտը դարձած թաղային հեղինակությունների ազդեցությունը, որի արդյունքում անհատից հսկայական ջանքեր են պահանջվում վերջինիս կարծիքից տարբերվող տեսակետ ունենալու համար։ Ճիշտ է այստեղ էական դերակատարություն են ունենում վախը թե՛ իշխանությունների կողմից տարվող բռնաճնշումների քաղաքականությունից (ոստիկանության կողմից ուժի կիրառում), թե՛ թաղային հեղինակություններից։ Սակայն վերջիններս հաղթահարելի են, եթե անհատի կողմից հաղթահարվում է իր կարծիքի մեջ միակը կամ փոքրամասնություն լինելու հոգեբանական բարդույթը։ Մարդկանց մեծամասնությունը ձգտում է խուսափել այն իրավիճակներից, երբ նրանք միակն են, ովքեր կիսում են այս կամ այն կարծիքը։ Եթե անհատը հասկանում է, որ իր կարծիքն այդքան էլ ընդունելի չէ այս կամ այն խմբի կողմից, ապա հավանաբար նա չի արտահայտի այն բացահայտորեն։ Առնվազն այն պատճառով, որ վախենում է հայտնվել մեկուսացման մեջ։
Այս հիմնահարցին անդրադարձել է սոցիոլոգ Է․ Նոէլ-Նոյմանը իր «Հասարակական կարծիք․ լռության պարույրի բացումը»1 աշխատությունում, որտեղ նա հասարակական կարծիքի ձևավորման խնդիրը կապում է քաղաքական ոլորտում լայնորեն տարածված ներշնչման տեսակներից մեկի՝ «լռության պարույրի» հետ։ Տվյալ տեսակի առանձնահատկությունն այն է, որ մատուցվում է միայն շահավետ տեղեկատվությունը, իսկ ոչ շահավետը գիտակցաբար թաքցվում է։ Այն իրավիճակը, որում որոշ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, իսկ մյուսները՝ թաքցնում այն, էլ ավելի է մեծացնում «պարույրի» գործընթացը։ Դրա ընթացքում ձևավորվում է այս կամ այն տեսակի գերակշռություն։ Տվյալ հայեցակարգի կարևոր բաղկացուցիչ մաս են հանդիսանում ԶԼՄ-ները, որոնք էլ այսօր ձևավորում են գերիշխող կարծիք։ Այս գործընթացի մյուս շարժիչ ուժը հանդիսանում է անհատի «շրջապատը»։ Եթե մարդը չի արտահայտում իր կարծիքը, հավանաբար նման կերպ է վարվում նաև նրա մերձավոր շրջապատը, որն էլ իր հերթին խթանում է ԶԼՄ-ների դերի գերիշխող նշանակությունը և «լռության պարույրի» ուժգնացումը:
Լռության պարույրը գրեթե հաղթահարված է
2011 թվականին մարգինալության բարդույթը հաղթահարելու օրինակ են ցույց տալիս «Մաշտոցի պուրակի պայքարի» մասնակիցները, ովքեր չնայած իրենց փոքրաթիվ լինելուն, գտնվելով իշխանության և կուսակցական ընդդիմության ամենօրյա քարոզչական հարձակումների տակ, շարունակում են պայքարել և բարձրաձայնել առկա խնդիրը։ Եվ սա այն դեպքում, երբ հանրության մեծ մասը ևս համարում է անիմաստ։
Արդյունքում, սակայն, նրանց հաջողվում է հարցը բարձրացնել քաղաքական օրակարգ, և ի վերջո հասնել դրա լուծմանը։ Այս ընթացքում հետաքրքիր է ԶԼՄ-ների աշխատանքը, ովքեր սկզբում չեն լուսաբանում ընթացող գործընթացը, իսկ հետագայում փորձում են այն ներկայացնել բացասական լույսի ներքո։ Օրինակ՝ Արմենիա հեռուստաընկերությայն «Սուր անկյուն» հաղորդաշարը (N7. 06.05.12) http://www.armeniatv.am/hy/news/5033 չի վարանում պայքարի մասնակիցներին ներկայացնել իբրև արևմտյան գործակալներ, որոնք ցանկանում են քայքայել պետականության հիմքերը, վերջիններիս համեմատելով սերբիական «Отпор» (բեկում) (7:44) շարժման հետ։
Լրատվամիջոցները հաճախ են օգտվում այն բանից, որ պուրակը դարձել է բազմակշակույթ տարածք, որտեղ կողք կողքի պայքարում են ծայրահեղ ազգայնականներից մինչև LGBT համայնքի ներկայացուցիչներ։
Դա առաջին քայլն է հանրության կողմից հաղթահարելու իշխանությունների գործադրած «լռության պարույրը», որն ի թիվս այլ գործոնների (սովորաբար հայաստանյան հանրությունը իր հետագա ճակատագիրը կապում է հերթական նախագահական ընտրությունների հետ) դրական ազդեցություն ունեցավ 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների և հետընտրական զարգացումների վրա։ Արդյունքում իր ձայնը բարձրացրեց հանրային կարծիքի ամենամեծ ճնշմանը ենթարկվող հանրույթի՝ ուսանողության, մի ստվար զանգված՝ https://www.youtube.com/watch?v=v6VURgxaMvE։ Այստեղ լավագույնս երևում է «լռության պարույրի» գործընթացի ողջ գործիքակազմը։ Նախ գործադրվեցին ուսանողական հանրույթի կարծիքի ձևավորման վրա էական ազդեցություն ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի ավագ սերնդի դիրքերից տրվող խորհուրդները https://www.youtube.com/watch?v=fgrl133pwws, https://www.youtube.com/watch?v=KTXphwMSsc (1:37), այնուհետև բուհական ուսանողական խորհուրդների և նրանց ազդեցության տակ գտնվող ուսանողների ծաղրը և ակտիվ հատվածի մարգինալացումը համալսարաններում, հետագայում արդեն «ծնողական» անհանգստությունը, որը ավելի է սրվում «բարին» ցանկացող համատիրության ներկայացուցիչների, թաղապետարաններում աշխատող ծանոթների, իրենց ուսանողների ճակատագրով «անհանգստացած» դեկանների, և ի վերջո ոստիկանության կողմից http://www.a1plus.am/69667.html։
2011 թվականից սկսած այս գործընթացի հաջորդ կանգառը կարելի է համարել 2013 թվականի հուլիս ամսին տրանսպորտի գնի թանկացման դեմ ծավալված շարժումը։ Այս՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության մարտավարությունը հատկանշական էր նրանով, որ պայքարն ընթանում էր մի այնպիսի տարածքում (կանգառներ, մասամբ ավտոբուսներ, երթուղայիններ), որտեղ ապաքաղաքականացված քաղաքացին հայտնվում է քաղաքականացված հանրույթում, ինքնաբերաբար հաղորդակցվում էր այդ հանրույթի անդամների հետ՝ հաճախ ակամայից դառնում ակցիայի մասնակից։
Այսպիսով, սկզբնական շրջանում Երևանի կենտրոնը դառնում է մի տարածք, որտեղ արդեն մարգինալ կարգավիճակում է հայտնվում անտարբեր անձը։ «Լռության պարույրի» ազդեցությանը ենթարկվող անձի համար հաջորդ փորձությունը, արդեն սակագնի վճարումն է, որտեղ նա կա՛մ պետք է հաղթահարի ենթադրյալ միայնակությունը և վճարի 100 դրամ, կա՛մ կազմի ենթադրյալ մեծամասնության մաս։
Իրենց կարծիքը արտահայտելու և իրավունքների պաշտպանության համար պայքարելու՝ հանրային կարծիքի արգելանքը հաղթահարելուն նպաստեցին նաև հանրային դեմքերի՝ դերասաններ, արվեստի ներկայացուցիչներ https://www.youtube.com/watch?v=uk4_qzVK8-4, մասնակցությունը Free car https://www.youtube.com/watch?v=Bvdg_dqnW-I և մյուս ակցիաներին, մի խումբ աղջիկների կողմից կազմակերպված «100 ե՞ս տվել, արի գրկեմ» free hugs (անվճար գրկախառնություն) ակցիան http://www.azatutyun.am/content/article/1809881.html, իսկ թինեյջերների համար գրավիչ է ակցիայի մասնակիցների կողմից 150 գրառմամբ պիտակների համարձակ պոկելը։
«Լռության պարույրի» հաղթահարմանը նպաստած հաջորդ պրոցեսը՝ պարտադիր կենսաթոշակային վճարումների դեմ ընդվզումն է, որի ժամանակ իրենց ձայնը սկսեցին բարձրացնել այնպիսի ապաքաղաքական, հայաստանյան պայմաններում ֆինանսապես քիչ թե շատ ապահովված՝ միջին և բարձր կրթական ցենզ ունեցող, այնպիսի հանրույթների ներկայացուցիչներ, ինչպիսիք են ծրագրավորողները, բանկային և տեղեկատվական ոլորտի մասնագետները http://www.dem.am /25․10.2013/։ Վերջիններիս կարելի է համարել պայմանական միջին խավի ներկայացուցիչներ, որոնց կողմից «փողոց դուրս գալու» բարդույթի հաղթահարումը էականորեն փոխում է «ուժերի դասավորությունը» ի օգուտ հանրության։
Արդեն 2015 թվականին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի ընթացքում, փողոց են դուրս գալիս անգամ «լռության պարույրի» գործադրման հիմնական գործիքներից մեկի՝ քրեական տարրերի ուղղակի ազդեցության տակ գտնվող պատանիների և երիտասարդների մի զգալի հատված։ Այս ամենի համար բեկումնային ազդակ է հանդիսանում 23.06.2015 թվականին Բաղրամյան պողոտան փակած երիտասարդության բռնի ուժով ցրումը ոստիկանության կողմից http://www.aravot.am/2015/06/23/584756/։ Ճիշտ է, վերջիններս դուրս են գալիս «սա արդեն թասիբի հարց է», որովհետև մեր քույրերին ու եղբայրներին են ջրել, ծեծել կարգախոսով, սակայն փողոց դուրս գալն իսկ լռության հաղթահարման կարևորագույն ակտ է։
Մարգինալ իշխանություններ և նոր մարտահրավերներ
Եթե 2011 թվականին կային մարգինալացված ընդդիմություն և ավելի մարգինալ կարգավիճակում գտնվող մի քանի բնապահպանական, քաղաքացիական նախաձեռնություններ, ապա 2015 թվականին՝ electricYerevan-ի օրերին, մեկուսացված փոքրամասնության կարգավիճակում էին հայտնվում իշխանությունները, ինչը մասնակիորեն մեղմվում էր հզոր տեղեկատվական լծակների և ոստիկանության կողմից։
Այստեղ, «լռության պարույրի» հաղթահարմանը զուգընթաց ի հայտ եկան քաղաքացիական ակտիվության մի շարք այլ թույլ կողմեր․ օրակարգային տեքստերի ոչ լիարժեք ձևակերպվածությունը կամ բացակայությունը, զանգվածային միջոցառումների ժամանակ հորիզոնական սկզբունքով որոշումների ընդունման բարդությունները և այլն։ Կարելի է ասել, որ մարդկանց մոտ լռության հաղթահարումն առաջ է բերում հասարակության համար նոր մարտահրավերներ, որոնք կարելի է վերլուծել առկա բոլոր տեղեկատվական և քաղաքական գործոնների համադրմամբ։
Քաղաքացիական հասարակության զարգացման այս նոր հանգրվանում վերոնշյալ մարտահրավերների ձևակերպումից և լուծման ուղիներից է կախված՝ կթևակոխի՞ այն իր զարգացման որակապես նոր փուլ, թե կմտնի «լռության պարույրի» նոր ցիկլի մեջ կամ կվերածվի ամեն ինչի մասին խոսացող, բայց ոչինչ չասող ամորֆ հասարակության։
— — —
1․ Այս հայեցակարգն առաջարկվել է հայտնի գերմանացի սոցիոլոգ Է․ Նոէլ-Նոյմանի կողմից, ով իր «Հասարակական կարծիք․ Լռության պարույրի բացումը» աշխատությունում դիտարկում է «լռության պարույի» գործածումը՝ այն կապելով հասարակական կարծիքի կազմավորման խնդրի հետ։ Այստեղ ենթադրվում է զանգվածային և միջանձնային հաղորդակցությունների միջև եղած փոխհարաբերությունների վերլուծություն, ինչպես նաև այն, թե ինչպես է անհատը համաձայնեցնում իր սեփական կարծիքը այլ անձանց կարծիքների հետ։
Հայեցակարգի էությունը կայանում է հետևյալում.
Մարդկանց մեծամասնությունը ձգտում է խուսափել այն իրավիճակներից, երբ նրանք միակն են, ովքեր կիսում են այս կամ այն կարծիքը։ Այդ իսկ պատճառով մարդիկ ձգտում են ուսումնասիրել, թե որ կարծիքներն են գերակշռում, և որոնք են ավելի քիչ տարածված և ընդունված։ Եթե անհատը հասկանում է, որ իր կարծիքն այդքան էլ ընդունելի չէ այս կամ այն խմբի կողմից, ապա հավանաբար նա չի արտահայտի այն բացահայտորեն։ Առնվազն այն պատճառով, որ վախենում է հայտնվել մեկուսացման մեջ։ Այն իրավիճակը, որում որոշ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, իսկ մյուսները՝ թաքցնում այն, էլ ավելի է մեծացնում «պարույրի» գործընթացը։ Դրա ընթացքում ձևավորվում է այս կամ այն տեսակի գերակշռություն։ Տվյալ հայեցակարգի կարևոր բաղկացուցիչ մաս են հանդիսանում ԶԼՄ-ները, որոնք էլ այսօր ձևավորում են գերիշխող կարծիք։ Այս գործընթացի մյուս շարժիչ ուժը հանդիսանում է անհատի «շրջապատը»։ Եթե մարդը չի արտահայտում իր կարծիքը, հավանաբար նման կերպ է վարվում նաև նրա մերձավոր շրջապատը, որն էլ իր հերթին խթանում է ԶԼՄ-ների դերի գերիշխող նշանակությունը և «լռության պարույրի» ուժգնացումը: «Լռության պարույրը» օգտագործվում է ԶԼՄ-ների կողմից հատկապես նախընտրական արշավների ժամանակ։
Խոսելով «լռության պարույր» երևույթի մասին՝ Ն․ Նոյմանը առանձնացնում է դրա ազդեցության երկու արտաքին արտահայտումներ հասարակության վրա՝
- Երբ անհատը վերջին պահին փոխում է իր կարծիքը, ի օգուտ այս կամ այն կուսակցության՝ հասարակության կարծիքի ազդեցությանը ենթարկվելով։
- Երբ անհատը ձգտում է իրեն ցույց տալ որպես հաղթող կուսակցության կողմնակից, եթե անգամ քվեարկել էր այլ կերպ։
Հատկանշական է Ն․Նոյմանի անցկացրած «երկաթուղային թեստը», որը միտված էր ստուգել, թե ինչպես են հակառակորդները պաշտպանում իրենց տեսակետները։ Հարցերին պատասխանողները տնային տնտեսուհիներն էին։ Հարցերից մեկը վերաբերում էր երեխաների դաստիարակությանը։ Հարցման ժամանակ նրանց տրվում էր հետևյալ հարցը․ արդյո՞ք կարելի է խփել երեխային։ Արդյունքում պարզ դարձավ, որ հարցվողների 40%-ը դեմ է ծեծին, 47%-ը՝ կողմ է, իսկ 13%-ը դժվարացել է պատասխանել։
Դրանից հետո հարցվողներին առաջարկվել էր պատկերացնել, որ նրանք գնում են գնացքով ինչ որ տեղ և իրենց հետ մի վագոնի մեջ է գտնվում նաև մի կին, ով ունի հակառակ կարծիք։ Հարցը այսպիսին էր․ արդյո՞ք նրանք կզրուցեն այդ կնոջ հետ, որպեսզի էլ ավելի ծանոթանան իր կարծիքի հետ, թե՞ կարհամարեն տվյալ փաստը։ Արդյունքում պարզ դարձավ, որ այն խումբը, որը բացահայտ արտահայտում է իր կարծիքը, էլ ավելի մեծ ազդեցություն ունի։ Ն․ Նոյմանը կարծում էր, որ այս հետազոտությունը կրում էր զանգվածային բնույթ։ Հարցվողների այսպիսի պահվածքի հիմնական պատճառն այն է, որ անհատները վախենում են «հասարակական մեկուսացումից»։ Պատճառներից մեկը կարող է լինել նաև իմիտացիան։ Նրանք լսում, տեսնում, սովորում, ընդունում են այն կարծիքը, որն ունի իր կողմնակիցը։ Է․ Ն․ Նոյմանը կարծում է, որ հասարակական կարծիքը հանդիսանում է անձին իշխելու հասարակության սոցիալական կառավարման ձև։ Այն արտահայտվում է հասարակական կարծիքի և, սոցիալական ճնշման տեսքով։ Եվ սրա պատճառն անձի վախն է միայնակ մնալուց՝ բոլորից մեկուսացվելուց։ (Elisabeth Noelle-Neumann, The spiral of silence, University of Chicago,Chicago, 1984.)
Սաթենիկ Խաչատրյանը, ծնված 1994 թվականին, ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Այժմ հանդիսանում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապեր (PR) բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի: Որպես պարուհի մասնակցել է մի շարք պարային հեռուստանախագծերի։ Աշխատում է որպես պարուսույց և պարային ստուդիայի ղեկավար:
Դիտվել է 1334 անգամ