Պսիխոպաթիկ անձնային գծերը խրախուսող տնտեսական համակարգը փոխել է մեր էթիկայի նորմերն ու բնավորությունը
Մենք հակված ենք մեր ինքնությունն ընկալել իբրև կայուն և արտաքին ազդեցություններից անկախ։ Սակայն տասնամյակների հետազոտական և թերապևտիկ գործունեության ընթացքում ես համոզվել եմ, որ տնտեսական փոփոխությունը խորապես ազդում է ոչ միայն մեր արժեքների, այլ նաև մեր անհատականության վրա։ Երեսուն տարվա նեոլիբերալիզմը, ազատ շուկայի գործոնները և մասնավորեցումը թողել են իրենց ծանր հետքերը, և նվաճումների հասնելու անողոք ճնշումը դարձել է նորմատիվ։ Եթե դուք սա թերահավատորեն եք կարդում, ապա ձեզ համար ձևակերպում եմ հետևյալ պարզ պնդումը՝ մերիտոկրատիկ* նեոլիբերալիզմը նախապատվում է բնավորության որոշակի գծեր և ստորադասում մյուսները։
Այսօր կարիերա կառուցելու համար անհրաժեշտ է օժտված լինել դրա համար նպաստավոր որոշակի հատկանիշներով։ Առաջինը ճարտարախոսությունն է, որի նպատակը հնարավորինս շատ մարդկանց գրավելն է։ Այստեղ շփումը կարող է մակերեսային լինել, բայց քանի որ մակերեսայնությունը հատուկ է մերօրյա մարդկային փոխազդեցության ձևերի մեծամասնությանը, չի էլ զգացվի։ Կարևոր է հնարավորինս շատ մեծաբանել անհատական կարողություններիդ մասին՝ դու շատ մարդկանց ես ճանաչում, դու բազմամյա փորձ ունես և վերջերս բարեհաջող կերպով իրականացրել ես մի խոշոր նախագիծ։ Հետագայում մարդիկ կբացահայտեն, որ դու այդ ամենը մոգոնում էիր, բայց այն, որ նրանք սկզբում խաբվել էին, քո մեկ այլ անհատական հատկանիշի շնորհիվ է՝ դու կարող ես համոզիչ կերպով ստել և մեղավոր չզգալ։ Դրա պատճառով էլ դու քո պահվածքի համար երբեք պատասխանատվություն չես ստանձնում։ Ավելին, դու ճկուն ես և իմպուլսիվ՝ մշտապես փնտրելով նոր խթաններ և մարտահրավերներ։ Գործնականում սա առաջացնում է ռիսկային պահվածք, բայց ոչինչ, միևնույն է հետևանքները դո՛ւ չես կարգավորելու։ Այս ցուցակի ներշնչման աղբյուրը պսիխոպաթիայի ամենահայտնի մասնագետ Ռոբերտ Հերի պսիխոպաթիայի ախտորոշման ստուգացանկն է։
Այս նկարագրությունն, իհարկե, ծայրահեղացված ծաղրանկար է։ Այդուհանդերձ, ֆինանսական ճգնաժամը մակրոսոցիալական մակարդակում (օրինակ՝ եվրոգոտու երկրների միջև կոնֆլիկներում) լուսաբանում է, թե նեոլիբերալ մերիտոկրատիան ինչ է անում մարդկանց։ Սոլիդարությունը դառնում է թանկ շքեղություն և իր տեղը զիջում ժամանակավոր դաշինքերին․ հիմնական մտազբաղությունը միշտ այն է, որ իրավիճակից ավելի շատ օգուտ քաղես, քան քո մրցակիցները։ Թուլանում են գործընկերների հետ սոցիալական կապերը, ինչպես նաև զգացմունքային նվիրվածությունը նախաձեռնությանը կամ կազմակերպությանը։
Նախկինում նվաստացումները և ճնշումները հատուկ էին դպրոցներին, իսկ հիմա դրանք աշխատավայրում հաճախ հանդիպող երևույթներ են։ Սա անկարողների կողմից իրենց ֆրուստրացիան թույլերի վրա պարպելու ախտանիշներից է, ինչը հոգեբանության մեջ ճանաչված է որպես տեղափոխված ագրեսիա։ Մարդկանց մոտ թաքնված վախի զգացողություն կա՝ կատարման տագնապից մինչև ավելի լայն սոցիալական վախը «սպառնալի ուրիշ»-ից։
Աշխատավայրում մշտական գնահատումները հանգեցնում են ինքնավարության նվազման և արտաքին, հաճախ փոխվող, նորմերից աճող կախվածության։ Սրա արդյունքում տեղի է ունենում, ինչպես դիպուկ բնորոշել է սոցիոլոգ Ռիչարդ Սենեթը, «աշխատողների մանկամտացում»։ Մեծահասակները երեխայի նման բարկության պոռթկումներ են ունենում և նախանձում են մանրուքներին («Նա նոր գրասենյակային աթոռ է ստացել, իսկ ես՝ ոչ»), մանր ստեր են խոսում, դիմում խաբեության, հրճվում են ուրիշների անհաջողություններից և փայփայում վրեժի ճղճիմ զգացողություն։ Սա մի համակարգի հետևանք է, որը թույլ չի տալիս մարդկանց մտածել անկախ և աշխատողներին չի վերաբերվում որպես հասուն մարդկանց։
Ավելի կարևոր է, սակայն, մարդկանց ինքնահարգանքին հասցվող լուրջ վնասը։ Անձի ինքնահարգանքը մեծապես կախված է ուրիշների գնահատանքից, ինչը հաստատել են մեծ մտածողները՝ Հեգելից մինչև Լական։ Սենեթը նույն եզրակացությունն է անում՝ «ու՞մ եմ պետք» հարցը համարելով աշխատողների համար այսօրվա հիմնական հարցը։ Աճող թվով մարդկանց համար պատասխանը «ոչ մեկին»-ն է։
Մեր հասարակությունն անընդհատ հայտարարում է, որ յուրաքանչյուրը կարող է կյանքում հաջողել, եթե միայն բավարար ջանք թափի, սակայն միաժամանակ ամրապնդում է արտոնությունները և գնալով ավելի մեծ ճնշում գործադրում իր՝ արդեն իսկ գերծանրաբեռնված և ուժասպառ քաղաքացիների վրա։ Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ձախողում են` իրենց զգալով մեղավոր, նվաստացած ու խայտառակված։ Մեզ անվերջ ասվում է, որ մեր կյանքի ուղին ընտրելու հարցում մենք ավելի ազատ ենք, քան նախկինում երբևէ, բայց հաջողության սցենարից դուրս ընտրություն կատարելու ազատությունը սահմանափակ է։ Ավելին` այն մարդիկ, ովքեր ձախողում են, համարվում են ձախողակներ և սոցիալական ապահովության համակարգը շահագործող ձրիակերներ։
Նեոլիբերալ մերիտոկրատիան ուզում է մեզ համոզել, որ հաջողությունը կախված է անհատական ջանքից և տաղանդներից, այսինքն՝ ողջ պատասխանատվությունն անհատինն է, և իշխանությունները պետք է մարդկանց տան հնարավորինս շատ ազատություն այդ նպատակին հասնելու համար։ Նրանց համար, ովքեր հավատում են չսահմանափակված ընտրության հեքիաթին, ինքնակառավարումն առաջնային քաղաքական ուղերձն է, մանավանդ, եթե թվում է, որ այն ազատություն է խոստանում։ Կատարելագործելի անհատի գաղափարի հետ մեկտեղ մեր ժամանակաշրջանի ամենամեծ սուտն այն ազատությունն է, որն արևմուտքում կարծում ենք, որ ունենք։
Սոցիոլոգ Զիգմունդ Բաումանը մեր դարաշրջանի պարադոքսը դիպուկորեն ամփոփում է այսպես․ «Երբևէ մենք այսքան ազատ չենք եղել։ Երբևէ մենք այսքան անզոր չենք զգացել»։ Իսկապես, մենք ավելի ազատ ենք, քան առաջ՝ այն իմաստով, որ կարող ենք քննադատել կրոնը, օգտվել սեքսի նկատմամբ նոր, անկաշկանդ վերաբերմունքից և աջակցել ցանկացած քաղաքական շարժման։ Մենք այս ամենը կարող ենք անել, որովհետև դրանք այլևս կարևորություն չունեն․ այս տեսակի ազատությունը բխում է անտարբերությունից։ Սակայն, մյուս կողմից, մեր առօրյան վերածվել է այնպիսի բյուրոկրատիայի դեմ մշտական պայքարի, որից անգամ Կաֆկան կհուսահատվեր։ Ամեն ինչ կանոնակարգված է՝ հացի մեջ աղի պարունակությունից մինչև քաղաքային թռչնաբուծությունը։
Մեր ենթադրյալ ազատությունը կապված է մեկ առանցքային պայմանի հետ՝ մենք պետք է հաջողակ լինենք, այսինքն՝ «մեզնից ինչ-որ բան ներկայացնենք»։ Օրինակները բազմաթիվ են: Բարձր որակավորում ունեցող անձն, ով առաջնայնությունը տալիս է ծնող լինելուն, այլ ոչ թե կարիերային, քննադատության է արժանանում։ Եթե լավ աշխատանք ունեցող ինչ-որ մեկը պաշտոնի բարձրացումը մերժում է, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի այլ բաների, համարվում է խելագար, բացի այն դեպքերից, երբ այդ «այլ բաներն» ապահովում են հաջողություն։ Եթե երիտասարդ կինն ուզում է դառնալ տարրական դպրոցի ուսուցիչ, ապա ծնողները նրան ասում են, որ ճիշտ կլինի նախ ստանալ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան. «Տարրական դպրոցի ուսուցի՞չ: Խելքը թռցրե՞լ է»։
Մենք անդադար ողբ ենք լսում մեր մշակույթում նորմերի և արժեքների, այսպես կոչված, կորստի մասին: Սակայն մեր նորմերն ու արժեքները մեր ինքնության էական և անբաժանելի մասն են։ Հետևաբար՝ դրանք չեն կարող կորչել, այլ կարող են փոխվել, ինչը և տեղի է ունեցել։ Փոխված տնտեսությունն արտացոլում է փոխված էթիկայի նորմեր և հանգեցնում ինքնության փոփոխության։ Ներկայիս տնտեսական համակարգը երևան է հանում մեր միջի վատագույնը։
* Մերիտոկրատիա` բառացիորեն «արժանիների իշխանություն» (Գ.Մ.)
Հեղինակ՝ Փոլ Վերհաեգհե, գիտությունների թեկնածու, Գենտի համալսարանի հոգեվերլուծության և խորհրդատվական հոգեբանության ամբիոնի վարիչ, ավագ դասախոս։ Հրապարակել է ութ գիրք, որոնցից հինգը թարգմանվել են անգլերեն։
Թարգմանությունը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանի
Աղբյուրը՝ www.theguardian.com
Նյութի բնագիրը (հրապարակված 29.09.2014)՝
Դիտվել է 1911 անգամ