Հաննա Արենդտը (գերմանացի քաղաքագետ) 20-րդ դարի քաղաքական մտքի կարևորագույն ներկայացուցիչներից է։ Նա ծնվել է 1906 թվականին: Հաշվի առնելով կապիտալիզմի և սոցիալիզմի մեծ հակադրությունը՝ 20-րդ դարն անվանում են նաև «ծայրահեղությունների դար»։ Հաննա Արենդտին դժվար է դասակարգել որպես քաղաքական մտքի հիմնական հոսանքներից որևէ մեկի ներկայացուցիչ՝ ազատականության, պահպանողականության կամ էլ սոցիալիզմի։
Արենդտը պատկանում է այն սերնդին, որոնք վերապրեցին երկու համաշխարհային պատերազմները և ճգնաժամերի ամենածանր շրջանը: Ունենալով հրեական ծագում՝ ֆաշիստների իշխանության գալուց հետո նա ստիպված էր լքել Գերմանիան և մեկնել Փարիզ, իսկ 1941-ին արտագաղթեց ԱՄՆ: Այդ սերունդը անվանում են նաև «ճգնաժամերի սերունդ» (Generation de la Crise):
Հաննա Արենդտի «Ամբողջատիրական իշխանության ակունքները» գիրքը
Հաննա Արենդտի առավել լայն համաշխարհային ճանաչում բերեց նրա «Ամբողջատիրական իշխանության ակունքները» աշխատանքը,1 որն առաջին անգամ լույս է տեսել 1951 թ.-ին ԱՄՆ-ում։ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո փորձ է արվում պարզել, թե որոնք էին ֆաշիզմի և մյուս ամբողջատիրական ռեժիմների առաջացման պատճառները: Միաժամանակ սկիզբ էր առնում Սառը պատերազմը և աշխարհը կարծես սկսեց բաժանվել երկու գաղափարական բևեռների՝ ազատություն խորհրդանշող Արևմուտքի և դիկտատուրա կամ ամբողջատիրություն խորհրդանշող Արևելքի:
Ազատականության հակասությունները
Ազատությունը և հավասարությունը, ժամանակին լինելով Ֆրանսիական հեղափոխության կարգախոսները, տարբեր կերպ էին ընկալվում: ԱՄՆ ցանկանում էր Խորհրդային միության դեմ ամրապնդել արևմտյան դաշինքը և այդ պատճառով ձգտում էր ֆաշիզմից ազատագրված եվրոպական երկրների սահմանադրություններում ամրագրել ազատականությունը (լիբերալիզմը): Մյուս կողմից, այդ երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները կարողացան հասնել մեծ թվով սոցիալական իրավունքների, ինչը նաև արդյունք էր Սառը պատերազմի ժամանակ հակադրվող սոցիալիստական հզոր սպառնալիքի գոյության:
Քաղաքացի և բուրժուա
Ազատական մտածողության հիմքում ընկած է ինքնուրույն և ռացիոնալ կերպով իր շահերը հետապնդող անհատը որպես մասնավոր սեփականության տեր (բուրժուա): Դա հիմնված է այսպես կոչված Homo Oeconomicus-ի վրա՝ մարդ, որը սեփական շահերին խիստ համապատասխան է գործում: Սակայն ժողովրդավարական պետությունների զարգացմանը զուգընթաց ավելի կարևոր դարձան կազմակերպությունները, միությունները և ավելի քիչ կարևոր՝ անհատը:
Փաստորեն ազատությունն ըստ ազատականների (լիբերալների) ընկալվում էր այս կերպ.
— արտադրության և ունեցվածքի սեփականատերը պետք է ազատություն ունենա սեփական կարողությունը մեծացնելու և բազմապատկելու գործում,
— սակայն աշխատողի ազատությունը ազատականների ընկալմամբ կայանում էր աշխատանքային պայմանագիր կնքելու ընտրության իրավունք ունենալու մեջ:
Այսպիսով, ազատականները պաշտպանում են իրավունքների հավասարությունը և իրավական պետությունը, բայց միևնույն ժամանակ հակադրվում են սոցիալիստներին, որոնք պահանջում են, որ մարդիկ պետք է հավասար հնարավորություններ ունենան կրթություն ստանալու՝ որպեսզի կարողանան իրագործել իրենց անհատական ազատությունը:
Ազատականությունը (լիբերալիզմը) 20-րդ դարի սկզբին սկսեց խորը ճգնաժամ ապրել։ Մի կողմից ազատականության համար լուրջ մարտահրավեր դարձավ սոցիալիզմի ու աշխատավորական շարժման վերելքը, որն այնուհետև բաժանվեց երկու մասի՝ կոմունիզմի և սոցիալ-դեմոկրատիայի։
Մյուս կողմից պահպանողականությունը, որը բնական էր համարում ուժեղ պետության և սոցիալական անհավասարության գոյությունը, ձուլվեց կայսերապաշտական (իմպերիալիստական) գաղափարախոսությունների հետ և հանդես էր գալիս պետության արտաքին ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև պետության ներսում «կարմիր սպառնալիքի» դեմն առնելու օգտին։ Սոցիալական դարվինիզմը, կենսաբանական ռասիստական ուսմունքները (այդ թվում նաև անտիսեմիտիզմը, ինչպես նաև այլ ամբողջատիրական գաղափարախոսությունները) նաև օգտագործվում էին կայսերապաշտների կողմից։
Այս շրջանը պատմաբանները կոչում են նաև «ապստամբություն» ընդդեմ ռացիոնալիզմի։ Այս համատեքստում նշվում են նաև Ֆրիդրիխ Նիցշեյի, ինչպես նաև հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի անունները։ Փաստորեն հիմնովին սասանվեցին հավատը բուրժուական անհատի նկատմամբ որպես լուսավորականության կրողի։
Անհատն ու զանգվածային հասարակությունը
Որո՞նք են այն պատճառները, որ հնարավոր են դարձնում գայթակղել մարդկանց ամբողջատիրական գաղափարախոսությամբ: Հաննա Արենդտը ամբողջատիրական իշխանության աղբյուր է համարում անցումը 20-րդ դարում դեպի զանգվածային հասարակություն, որտեղ անհատը, կորցնելով իր սոցիալական կապերը, սկսեց իրեն լքված զգալ և փնտրել կախվածություն ինչ որ բացարձակ գաղափարախոսությունից:
Ժամանակակից մարդն ընկնում է ամբողջատիրական իշխանություն իրականացնողների ազդեցության տակ սեփական լքվածության արդյունքում, երբ նա այլևս կորցնում է հասարակական կապը մյուսների հետ: Դա հատկապես ուժեղ է արտահայտվում ճգնաժամային ժամանակաշրջանում: Այստեղ Արենդտը մանրամասն ներկայացնում է Գերմանիայի աղետալի վիճակը Հիտլերից առաջ և նացիոնալ-սոցիալիզմի իշխանության գալը:
Մարդու լքվածությունը նա մեկնաբանում է հետևյալ ենթատեքստում. «Զանգված, սովորաբար, անվանում ենք այնպիսի մարդկանց խումբը, որը կամ մեծաքանակ է, կամ էլ այնքան անտարբեր է հասարակական զարգացումների հանդեպ, որ չի մասնակցում ոչ մի կազմակերպության, շահերի խմբի, արհմիությունների և այլ հասարակական կառույցների»:
Արենդտը ֆրանսիական հեղափոխության ընկալմամբ քաղաքացիների հավասարության վրա հիմնված ազգային պետությունը հակադրում է պանսլավիստների, գերմանոֆիլների և նացիոնալ-սոցիալիստների տոտալիտար սկզբունքներին: Դրանցով էին պայմանավորված մարդկանց սահմանազատումն ըստ էթնիկ, ունեցվածքի, դավանանքի չափանիշի: Ըստ այդմ, նա խորհրդարանական դեմոկրատիան հակադրում է պլեբիսցիտային (հանրաքվե) դիկտատուրային, ժողովուրդը՝ զանգվածին: Զանգվածը ընտրություն չի կատարում, այն միայն գովերգում է կամ քարկոծում է:
Նա ամբողջատիրական իշխանության ևս մեկ հատկանիշ է համարում այդ իշխանության ձեռքում գործիք դարձող բյուրոկրատիան: Ինչ սկզբունքով էլ, որ ամբողջատիրական իշխանությունը սկսում է ճնշումներ և բռնություններ գործադրել փոքրամասնությունների կամ մարդկանց որոշ խմբերի նկատմամբ, այդ ամենն իրականացվում է ամբողջատիրական ապարատի միջոցով: Ըստ նրա, այդպես «մարդկանց վերածում են մեծ վարչական ապարատի մի օղակի կամ ֆունկցիոների և զրկում նրանց մարդկային հատկանիշներից»:
Հաննա Արենդտը նույնպես խոստովանում է, որ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմի և Խորհրդային միությունում կոմունիզմի առաջացման պատճառները տարբերվում են: Երկրորդ դեպքում առկա չէր ուղղակիորեն որևէ ռասայի կամ ազգի ոչնչացման ձգտումը: Այդպիսով յուրաքանչյուր ամբողջատիրական իշխանություն տարբերակման կարիք ունի:
- Arendt, Hanna (1951) The Origins of Totalitarianism, Revised ed.; New York: Schocken, 2004.
Դիտվել է 1678 անգամ