Նվաճումներ
Եթե մենք դիտարկում ենք ուղղակի կամ հատուկ ազդեցությունները ծրագրային քաղաքականության մակարդակում, ապա կարող ենք արձանագրել մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հաջողությունը, որոնց թվում են «Ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության», «Փրկենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» և «Փրկենք Մաշտոցի պուրակը» նախաձեռնությունները։ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը (2011թ. հոկտեմբեր) հաջողության հասավ՝ դադարեցնելով նախատեսվող հիդրոէլեկտրոկայանի կառուցումը, որը կջրազրկեր ջրվեժը։ Ակտիվիստների կողմից ջրվեժի շրջակայքը գրավելուց և զուգահեռաբար Երևանում բողոքներ իրականացնելուց երկու շաբաթ անց վարչապետ Տիգրան Սարգսյանը 2011 թվականի նոյեմբերի 3-ին կասեցրեց հիդրոէլեկտրոկայանի շինարարությունը։ Մինչև դեկտեմբերի 11-ը շինարարությունը վերջնականապես դադարեցվեց և Թռչկանի ջրվեժին տրվեց «պահպանվող» կարգավիճակ։ Ինչ վերաբերում է Մաշտոցի պուրակին, ապա «Փրկենք Մաշտոցի պուրակը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը սկսվեց 2012 թվականի փետրվարին, ի վիճակի եղավ փրկել պուրակը՝ շքեղ կրպակներ կառուցելու նպատակով բետոնապատումից։ Այս և այլ փոքր քաղաքացիական նախաձեռնությունների հաջողությունը կարելի է բացատրել այն փաստով, որ դրանք ուղղված են եղել շատ հատուկ թիրախների և մարտահրավեր չեն նետել այնպիսի տնտեսական նախագծերի, որտեղ հարցականի տակ են դրվում միլիարդավոր դոլարներ, ինչպես Թեղուտի դեպքում։
Այդուհանդերձ թեև «Փրկենք Թեղուտը» և այլ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք քաղաքական տեսանկյունից ավելի զգայուն հարցեր են բարձրացնում, ինչպես բռնությունը և մահվան դեպքերը Հայաստանի բանակում (որոնք բարձրացրել է «Բանակն իրականում» նախաձեռնությունը), անկարող են եղել արձանագրել ծրագրային քաղաքականության մակարդակի կամ կառուցվածքային փոփոխություններ, միևնույնն է բերել են այդ խնդիրները հասարակական ուշադրության և մանրազնին վերլուծության դաշտ։ Հետևաբար, եթե մի կողմ ենք թողնում արդյունավետությանը միտված տրամաբանությունը և քննության ենք առնում ավելի ընդհանրացված ազդեցությունը, որ քաղաքացիական նախաձեռնությունները թողել են Հայաստանում, տեսնում ենք, որ այս նախաձեռնություններն իսկապես բարձրացրել են քաղաքացիների իրազեկվածությունը այս հարցերում և նրանց ձայն տվել։ Հայաստանում և տարբեր երկրներում գտնվող հայկական սփյուռքի համայնքներում ավելի ու ավելի շատ մարդիկ են խոսում Թեղուտի մասին։ Վերջերս՝ 2012 թվականի նոյեմբերին և 2013 թվականի ապրիլին, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան բնապահպանական կենտրոնը»1 կազմակերպեց երկու միջազգային գիտաժողով, որոնք դիտարկում էին հանքարդյունաբերությանն առնչվող հարցեր։
Մարտահրավերներ և խոչընդոտներ
Բացի այն անկներև փաստից, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարտահրավեր են նետում շատ հզոր բազմազգային կորպորացիաների աշխատանքին, որոնք օժանդակվում են իշխանություն տիրապետողների և միջազգային ֆինանսական հաստատությունների (ինչպես Համաշխարհային բանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը) կողմից, առկա են այլ գործոններ, որոնք սահմանափակում են նրանց ազդեցությունը և հանրության մասնակցության ընդլայնումը։ Զեկույցի այս հատվածը հենվում է Հայաստանով մեկ իրականացրած 16 ֆոկուս խմբային հարցազրույցների վրա, որի ընթացքում մենք բացահայտել ենք ընդհանուր տարրեր մարդկանց դիրքորոշումներում և Հայաստանում տեղեկատվության մատչելիության հարցում:
Առաջին. վախը սահմանափակում է հանրության ավելի լայն մասնակցությունը քաղաքացիական նախաձեռնություններին։ Վախի գործոնը, որը հատկապես ուժեղ է Երևանից դուրս և երկրի հարավային մասում (Սյունիքի մարզ), խանգարում է մարդկանց միանալ այս խմբերին և բարձրաձայնել իրենց մտահոգությունները։ Ֆոկուս խմբերի բոլոր մասնակիցներին ասվել էր, որ քննարկումներն անանուն են, և նրանց անունները որևէ տեղ չեն երևալու։ Անգամ այս դեպքում, որոշ քննարկումների վերջում մի քանի մասնակից հրաժարվեցին նշել իրենց անունը և ազգանունը՝ պատճառաբանելով, թե վախենում են, որ եթե այն, ինչ նրանք մեզ ասել են ֆոկուս խմբում, տեղեկատվության արտահոսքի պատճառով հայտնի դառնա, նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը։
Եթե դու խոսում ես մի բանի մասին, որը քեզ դուր չի գալիս, դու կորցնում ես աշխատանքդ։ Ահա հենց սա է Հայաստանը։
Կին, 18-30 տ., Ալավերդի
Հիմնարկն աշխատողներին ուղարկում է, որ գնան ակտիվիստների դեմ բողոքեն։ Ու ես՝ ուզած, թե չուզած, գնում եմ։ Եթե չգնամ, կկորցնեմ աշխատավարձս, նույնիսկ աշխատանքս: Եթե ես ուրիշ աշխատանք ունենամ, որ կարողանամ իմ կարիքները հոգալ, չեմ ուզենա, որ այս հանքերը աշխատեն իմ համայնքում։
Տղամարդ, 18-35 տ., Թեղուտ
Երկրորդ. թեև Երևանում առաջ է եկել ակտիվիզմի գիտակցումը, ընդհանուր առմամբ Հայաստանում լայնորեն տարածված է անտարբերությունը, բացակայում է սեփականության և զորացված լինելու զգացումը։
Գիտե՞ք՝ ինչու ակտիվիզմը զանգվածային բնույթ չի կրում: Որովհետև այսօր Հայաստանի քաղաքացիների 70%-ը գոյության կռիվ է տալիս, նյութականի կռիվ է տալիս, ուղեղը միայն դրանով է զբաղված։
Կին, 36 և ավելի, Երևան
Մենք գիտենք, որ ամեն դեպքում ոչ մի բան չի փոխվելու. դա ոչ քեզնից է կախված, ոչ էլ՝ մեզնից։
Տղամարդ, 18-30 տ., Թեղուտ
Գիտե՞ք ցավը որն է, որ բոլորս մտածում ենք, որ Հայաստանում մենք ապագա չունենք. երիտասարդության մեծ մասն այսպես է մտածում։ Բոլորս կուզենայինք ապրել արտերկրում, ունենալ նորմալ կրթություն, մասնագիտական աճ, ապահով սոցիալական վիճակ։
Կին, 18-35 տ., Երևան
Խնդիրը նաև բողոքի մշակույթի բացակայությունն է։ Եթե Երևանում վիճակը փոխվում է, գյուղական վայրերում մարդիկ մնում են պահպանողական։ Հարցվողներից մեկն ասաց.
Ոչ ոք պաստառ չի վերցնի և չի բողոքի, որովհետև նախ մենք հայ ենք, մենք մի քիչ բարդույթավորված ենք: Մի քիչ չէ՝ շատ, հատկապես գյուղերում:
Տղամարդ, 18-35 տ., Շնող
Բայց ինչպես վերը հիշատակված երևանցի ակտիվիստներն ասացին, իրենք ոգեշնչվում են և իրենց դիտում են որպես իրենց իսկ համար ցանկալի փոփոխությունը բերողներ: Անձնական պատասխանատվության և տեր լինելու այս զգացումը աստիճանաբար ի հայտ է գալիս երկրի այլ մասերում ևս։ Օրինակ՝ Գյումրիի ֆոկուս խմբի մի երիտասարդ մասնակից ասաց.
Բոլորն ասում են, որ իրենցից ոչինչ չի կախված, և միայն քչերն են պատրաստ ինչ որ բան անել։ Ճիշտ չի ասել, թե քեզնից ոչինչ չի կախված։ Եթե ամեն մարդ այդպես մտածի, մենք ոչինչ չենք ունենա։ Ամեն ինչ, նույնիսկ պետական կառավարումը, սկսվում է անհատից, հետո ընտանիքից, քաղաքից և երկրից։
Տղամարդ, 18-35 տ., Գյումրի
Քաղաքացիական նախաձեռնությունների համար մարտահրավեր է տիրող անտարբերության և անզորության զգացման դեմ պայքար մղելը և ավելի լայնորեն տեղեկատվություն տարածելը։ Հատկապես վերջինը մնում է դժվարին գործ, քանի որ քաղաքացիական հասարակությանն անմատչելի են հիմնական տեղեկատվամիջոցները։ Գյուղական վայրերում ապրող շատ հայաստանցիների համար հեռուստատեսությունը մնում է տեղեկատվության առաջնային ձև, և այլ աղբյուրներից՝ այդ թվում բլոգներից և Ֆեյսբուքից ստացվող տեղեկատվությունը նրանց մատչելի չէ։
Երրորդ. մարդկանց գիտակցության մեջ փոխանակվում է շրջակա միջավայրը սեփական աշխատանքով։ Հենց սա էր, որ սպանեց 1988 թվականի շարժումը, երբ բնապահպաններին դարձրին քավության նոխազ՝ չափից ավելի շատ շրջակա միջավայրի և անբավարար չափով մարդկանց տնտեսական կարիքների վրա կենտրոնացած լինելու համար։ Ինչպես ավելի վաղ նշեցինք, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստներն այժմ սկսել են փոքր զարգացման նախագծեր՝ կենտրոնանալով Թեղուտի և Շնողի բնակիչների արտադրած մեղրը, մուրաբաները և գործվածքները վաճառելու վրա։ Այս ձևով նրանք փորձում են ի ցույց դնել տնտեսական զարգացման այլընտրանքային ուղիներ։ Այդուհանդերձ, դեռ շատ բան կա անելու, որպեսզի այս փոքր նախագծերը մեծանան և դառնան ավելի կենսունակ։
Քաղաքացիական նախաձեռնություններն աշխատում են քաջալերել և աջակցել պատասխանատվության և տեր լինելու աճող զգացմանը և մատնանշում են զարգացման այլընտրանքային ուղիներ։ Նրանք պնդում են, որ մարդիկ չպետք է սպասեն, որ «ուրիշները» գործեն իրենց փոխարեն։ Նրանք ասում են մարդկանց. «Դուք քաղաքացիներ եք, դուք ձայն ունեք, օգտագործե՛ք այն»: Նրանք դա անում են՝ գործադրելով մարդկանց հետ իրենց համերաշխությունը ողջ երկրով մեկ։ Բայց ինչպես երևանցի հայտնի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասաց.
Մարդիկ անընդհատ զանգում են ինձ և ասում՝ այստեղ ծառ են կտրում կամ քանդում են այս կամ այն բանը։ Ես ասում եմ նրանց. «Լավ է, որ ահազանգում ես, բայց պարզապես մի զանգիր, դու կարող ես անձամբ բարձրաձայնել խնդիրների մասին: Իհարկե, ես կօգնեմ քեզ, բայց սա քո բակն է, քո համայնքը, քո զբոսայգին, և դու ևս պետք է գործողությունների դիմես» (հեղինակի հարցազրույցը սեպտեմբերի 18, 2011թ.):
Դեռ անելու շատ բան կա, բայց «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» հետևողականությունը լիովին վարձատրվեց այն իմաստով, որ այսօր՝ հարցի շուրջ հինգ տարի իրականացված քարոզարշավից հետո, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական սփյուռքի բազմաթիվ համայնքներում Թեղուտի հարցը քննարկվում է ավելի լայնորեն։ Բայց շատ քննադատներ պնդում են, որ քաղաքացիական նախաձեռնությունները հարմար են միայն նեղ շրջանակ ունեցող, տեղային նշանակության հարցեր բարձրացնելու համար և որ հաստատութենային (ինստիտուցիոնալ) զարգացման և փորձառության պակասությունը խանգարում է նրանց՝ հասնելու ավելի մեծ ազդեցության քաղաքականության մակարդակում և ունենալու ավելի լայն հանրային աջակցություն։
Մի ՀԿ-ի անդամ հարցվող ասաց. «Մինչև այժմ քաղաքացիական նախաձեռնությունները աշխատել են խիստ հատուկ («տոչըչնի») հարցերի վրա։ Նրանք չեն բարձրացնում համակարգային հարցեր, որոնք անհրաժեշտ է բարձրացնել։ Այդ հարցերը բարձրացնելու համար անհրաժեշտ է քաղաքական շարժում կամ կուսակցություն» (հոկտեմբերի 10, 2012թ.): Մի գիտնական, որը սատարում էր «Մաշտոցի պուրակ» նախաձեռնությանը, ասաց.
Ազդեցությունը տեղի է ունենում «դեպքից դեպք» հիմքով։ Բայց մասնակցությունը քաղաքականության իրականացմանը և ազդեցությունը քաղաքականության մշակման վրա (սպասվող, այլ ոչ թե գոյություն ունեցող) պահանջում է ուրիշ տեսակի ճնշում։ Այն պահանջում է ոչ միայն տեղական ակտիվիզմ տագնապ հնչեցնելու և դրոշներ բարձրացնելու համար, այլև կառուցվածքներ, որոնք կորոշեն այլընտրաքային ծրագրային քաղաքականությունները (հարցազրույց Սքայփով, նոյեմբերի 25, 2012թ.):
Իրոք, մի քանի ՀԿ-ների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ քննադատել են քաղաքացիական նախաձեռնություններին՝ քաղաքական կուսակցությունների հետ համագործակցել չցանկանալու համար։ Մի հարցվող, որը սփյուռքում գործող քաղաքական կազմակերպության անդամ է, ասաց. «Երիտասարդների համար քաղաքացիական հասարակությունը սեփական գաղափարներն արտահայտելու միակ միջոցն է», ապա ավելացրեց.
Նրանց հետ իմ տարակարծության պատճառը քաղաքացիական ակտիվիզմի և քաղաքական ակտիվիզմի միջև կապի բացակայությունն է։ Հաստատված քաղաքական գիծը ծայրահեղ անվստահությամբ է վերաբերվում քաղաքացիական ակտիվիստներին։ Եվ սրա համար ես կմեղադրեմ երկու կողմերին էլ։ Ես կմեղադրեմ հաստատված ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին այն բանի համար, որ նրանք բավարար ջանք չեն գործադրել՝ քաղաքացիական նախաձեռնությունների հետ երկխոսության ուղիներ բացելու և փորձ անելու նրանց հայացքներից ավելի շատ բան վերցնել։ Միևնույն ժամանակ, ես քննադատությունս կուղղեմ նաև քաղաքացիական ակտիվիստներին՝ շատ փակ լինելու համար։ Նրանք շատ շատ դեմ են, որ իրենց կապակցեն այս կամ այն կուսակցությանը։ Նրանք չեն ուզում լինել դաշնակցական, նրանք չեն ուզում լինել լևոնական, նրանք չեն ուզում լինել հանրապետական, նրանք չեն ուզում լինել «որևէ բանական», նրանք ուզում են լինել միայն այն, ինչ իրենց խնդիրն է, և վերջ։ Ես դա համարում եմ հարգանքի արժանի այն առումով, որ նրանք պարզապես ցանկանում են իրենց ձեռքերը մաքուր պահել և չեն ուզում լինել պիտակավորված կամ դասակարգված։ Բայց դա խաղում է նաև սահմանափակող առաստաղի դեր նրանց քաղաքականությունը փոխելու արդյունավետության տեսանկյունից (հարցազրույցը Սքայփի միջոցով նոյեմբերի 23, 2012թ.) (ընդգծումը հեղինակի):
Թեև քաղաքացիական ակտիվիստները ընդունում են, որ գուցե հասել են այսպես կոչված արդյունավետության «առաստաղին», բայցևայնպես նրանք զգուշանում են քաղաքական կուսակցությունների հետ սերտ առնչություններ ունենալուց, քանի որ վախենում են կոոպտացիայից (ակտիվիստների նվաճումները յուրացնելու իմաստով, ծան. խմբ.) և շահագործվելուց։ Կոոպտացիայի այս վախն անհիմն չէ։ 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը փորձեց ներկայացնել ակտիվիստների հաղթանակը Մաշտոցի պուրակում որպես իր սեփականը։ Իր ընտրարշավի տեսահոլովակներից մեկում Սարգսյանը ներկայացված է որպես քաղաքացիական հասարակության և քաղաքացիների իրավունքների պաշտպան այն առաջնորդի փոխարեն, ում կառավարման օրոք վարչական օլիգարխիական կապիտալիզմին թույլատրվեց հետևողականորեն շարունակվել և ծավալվել։ Բայց միայն նա չէր, որ փորձեց յուրացնել շարժման հաջողությունը` ժողովրդավարական կրեդիտներն ավելացնելու նպատակով։ Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու շարժումները ևս հայտարարեցին «Մաշտոցի պուրակի» հաջողության մեջ իրենց ներդրման մասին։ Ինչպես ասաց «Փրկենք Մաշտոցի պուրակը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից մեկը.
Քաղաքացիական ակտիվիզմի նկատմամբ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների վերաբերմունքը շատ սպառողական է։ Նրանք ցանկանում են հասանելի դարձնել և օգուտ քաղել քաղաքացիական ակտիվիստների կուտակած քաղաքական և սոցիալական կապիտալից։ Օրինակ՝ վերջերս տեսա մի տեսահոլովակ, որտեղ Նախախորհդարանի ներկայացուցիչները պնդում են, որ ոչ միայն մասնակցել են պուրակի զարգացումներին, այլ «համակարգել» են այն: Համակարգել, հենց այդ բառն են օգտագործում։ Բայց ես կարծում եմ, որ այդպիսի մոտեցումը քաղաքացիական նախաձեռնություններին խնդրահարույց է, որովհետև մենք անկախ ենք, և ասելով, թե համակարգում են մեզ, նրանք մոլորեցնում են մարդկանց։ Ըստ իս, եթե դա է քաղաքական կուսակցությունների մոտեցումը, ապա ինչու մենք պետք է վստահենք նրանց (հեղինակի հարցազրույցը, ապրիլի 5, 2013թ.):
Մտահոգությունը, որ քաղաքական կուսակցությունները կօգտագործեն իրենց գործողությունները սեփական շահերի համար, անհանգստացնում է շատ ակտիվիստների, բայց Թռչկանի և Մաշտոցի պուրակի քաղաքացիական նախաձեռնությունների հաջողությունից հետո ակտիվիստների շրջանում սկսեց առաջ գալ անհամաձայնություն այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է ընդլայնվել (մեծացնել մասշտաբը) և թե արդյոք պետք է (այդ բանն անել) ընդլայնվել։ Որոշ ակտիվիստներ կողմնակից են քաղաքական կուսակցությունների հետ դաշինքների ստեղծմանը, մինչդեռ ուրիշները պնդում են, որ դա կհանգեցնի կուսակցությունների կողմից կոոպտացման և գործողությունների ապաարմատականացման և փոխարենը հորդորում են հեռավորություն պահպանել քաղաքական կուսակցություններից:
- Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հակոբեան բնապահպանական կենտրոնը» «աջակցում է բնական միջավայրի պահպանմանն ու վերականգմանը հետազոտությունների, կրթության և համայնքային աջակցության միջոցով: Կենտրոնի հետաքրքրության հիմնական տիրույթները ներառում են. բնական պաշարների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանություն, կառուցապատված տարածքների կանաչապատում, մաքուր էներգիա և էներգիայի արդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիա և բնապահպանություն»:
Հատված «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում» աշխատությունից (2013):
Դոկտոր Արմինե Իշխանյանը Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի (ԼՏԴ) Սոցիալական քաղաքականության բաժնի դասախոս է: Նա նաև ԼՏԴ-ի Քաղաքացիական հասարակության և մարդու անվտանգության ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող է: Նրա հետազոտությունների շրջանակը ներառում է քաղաքացիական հասարակության և սոցիալական փոխակերպումների կապը, ինչպես նաև ծրագրային քաղաքականությունների գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և սոցիալական շարժումների ներգրավվածության խնդիրները: Նա բազմաթիվ գիտական հոդվածների և հետևյալ երկու գրքերի հեղինակ է. «Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» (2008/2012) և «Մեծ հասարակության դեբատ. Սոցիալական բարեկեցության նոր օրակարգ» (2012):
Դիտվել է 955 անգամ