Ի՞նչ են քաղաքացիական նախաձեռնությունները
Քաղաքացիական ակտիվիզմի ներկա ալիքը, որն ստացել է նոր «զարթոնք» անունը, սկսվել է 2008 թվականին, մեծապես ընդլայնվել 2011 թվականին և շարունակվում է այսօր։ Այս ալիքի համար բնութագրական է ներքևից ձևավորված շարժումների առաջացումն ու աճը, որոնք տեղում հայտնի են որպես «քաղաքացիական նախաձեռնություններ»: Եթե հստակեցնենք, ապա քաղաքացիական նախաձեռնությունները տարբեր են պաշտոնապես գրանցված, մասնագիտացված ՀԿ-ներից մի շարք առանցքային կողմերով, այդ թվում՝ նրանց կազմակերպական կառուցվածքները և որոշումների ընդունման ձևերը, ռազմավարություններն ու գործողության զինանոցը, նրանց կողմից օտարերկրյա ֆինանսավորման մերժումը և օտարերկրյա դոնորների օգնությանը չապավինելը։ Բայց այս տարբերությունները չեն նշանակում, թե նրանք կապեր չունեն ՀԿ-ների հետ։ Ընդհակառակը՝ ՀԿ-ներում աշխատող անհատները հաճախ միանում են քաղաքացիական նախաձեռնություններին՝ իրենց ունակություններով աջակցելով վերջիններիս։ Որոշ դեպքերում, ինչպես կքննարկեմ ավելի ուշ, որպես հաջորդ քայլ, ՀԿ-ները տրամադրում են խորհրդատվություն և օժանդակություն՝ օգնելով նախաձեռնությունների ազդեցության մեծացմանն ու ընդլայնմանը։ Քաղաքացիական ակտիվիստները, որոնք ՀԿ-ների աշխատակիցներ են, նկարագրում են իրենց մասնակցությունը քաղաքացիական նախաձեռնություններին՝ որպես անձնական ընտրության հարց և իրենց քաղաքացիական դիրքորոշման արտահայտություն։ Ուրիշները պնդում են, որ ՀԿ-ներում, այլ ոչ թե մասնավոր կամ պետական հատվածում, աշխատելն է նրանց տալիս ավելի մեծ ազատություն՝ մասնակցելու քաղաքացիական նախաձեռնություններին՝ առանց վախենալու, որ կպատժվեն իրենց ակտիվիզմի համար։
Քաղաքացիական նախաձեռնությունները ներքևից ձևավորված, կամավորական, անկուսակցական խմբեր են՝ սովորաբար բաղկացած քսանից մինչև մի քանի հարյուր (հազվագյուտ դեպքերում) հոգուց, որոնք համախմբվում են՝ միասին առաջ քաշելու որևէ հարց և բարձրացնելու հանրության իրազեկվածությունը դրա վերաբերյալ։ Քաղաքացիական նախաձեռնությունների ճնշող մեծամասնությունը կամ տեղակայված է Երևանում, կամ ներառում է երևանաբնակ ակտիվիստների գործուն մասնակցությունը: Մասնակիցների տարիքը ընկած է 20-ի և 45-ի միջև, որոնց թվում առավել ակտիվ են մոտ 25-35 տարեկանները։
Քաղաքացիական նախաձեռնությունների մեծամասնությունը բաղկացած է որոշակի խումբ կազմող ակտիվիստների միջուկից, որտեղ գոյություն ունի ոչ ֆորմալ առաջնորդություն առանց հիերարիխիայի։ Քաղաքացիական նախաձեռնությունների կառուցվածքը հորիզոնական է, և որոշումների ընդունումը հիմնված է համաձայնության (consensus) վրա դեմ առ դեմ կամ Ֆեյսբուքի փակ խմբերում ընթացող քննարկումների միջոցով: Հորիզոնականությունը գնահատվում է, իսկ բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը՝ քաջալերվում։
Քաղաքացիական նախաձեռնությունները սովորաբար ունենում են ավելի շատ առցանց աջակիցներ, և խնդիրն այն է, թե ինչպես անել, որ մարդիկ պարզապես Ֆեյսբուքում ինչ-որ բան «հավանելու» (“liking”) միջոցով մասնակցությունից անցնեն անձամբ իրադարձությանը կամ ուղիղ գործողությանը իրապես մասնակցելուն։ Քաղաքացիական նախաձեռնությունները կարևոր դեր են կատարել սոցիալական կապիտալի կառուցման գործում՝ առաջին հերթին «ամրապնդելով» (“bonding”) այն: Սոցիալական կապիտալի «ամրապընդումը» վերաբերում է տվյալ խմբի անդամների միջև գոյություն ունեցող կապերին, մինչդեռ սոցիալական կապիտալի «կամրջումը» (“bridging”) և «կապումը» (“linking”) վերաբերում են այն կապերին, որ ստեղծվում են տարբեր խմբերի անհատների միջև (Putnam, 2000, Szreter, 2002): Վերջին տարիներին քաղաքացիական ակտիվիստները Հայաստանում ջանքեր են գործադրում՝ «կամրջվելու» և «կապվելու» ուրիշների հետ առաջնային խմբի և ցանցի սահմաններից անդին։
Քաղաքացիական նախաձեռնությունները հասցեագրում են հարցերի շատ ընդարձակ շարք՝ անտառների պաշտպանությունից մինչև պայքար «նախածննդյան և հետծննդյան նպաստի վճարման» համար, ինչպես նաև պայքարը պատմական շինությունների և կանաչ տարածքների պահպանման համար։
Ահա այն քաղաքացիական նախաձեռնությունների ցանկը, որոնք ձևավորվել են 2007-2013 թվականներին։
Անվանումը |
Հասցեագրված խնդիրները |
Սկբնա-ժամկետը |
Տարածքը |
Կարգավիճակը |
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնություն | Բնապահպանություն | Նոյեմբեր 2007 | Երևան | Ընթացիկ |
«Անհատ տաքսիստների իրավունքների պաշտպանություն» | Սպառողների իրավունքներ | Փետրվար 2009 | Գյումրի, Վանաձոր, Երևան | Հանգուցա-լուծված (դրական) |
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնություն | Մշակութային պահպանություն | Նոյեմբեր 2010 | Երևան | Ընթացիկ |
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղացիական նախաձեռնություն — «Փրկենք վիշապների պուրակը» | Հանրային պուրակներ, կանաչ տարածքներ | Նոյեմբեր 2010 | Երևան | Հանգուցա-լուծված (դրական) |
«Պահանջումենք անկախ դատաքննություն Զարուհի Պետրոսյանի սպանության գործով» | Կանանց իրավունքներ | Նոյեմբեր 2010 | Երևան | Հանգուցա-լուծված (դրական) |
«Ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանություն» | Հղի կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն | Դեկտեմբեր 2010 | Երևան | Հանգուցա-լուծված (դրական) |
«SOS! Փրկենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը» | Մշակութային պահպանություն | Մարտ 2010 | Երևան | Հանգուցա-լուծված (բացասական) |
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» | Մշակութային պահպանություն (լեզվի պահպանություն) | Ապրիլ 2010 | Երևան | Ընթացիկ |
«Մենք ենք այսքաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն | Հանրային պուրակներ,կանաչ տարածքներ | Ապրիլ 2010 | Երևան | Ընթացիկ |
«Մենք ենք այս քաղաքի տերը — Փրկենք ուսանողական այգին» | Հանրային պուրակներ, կանաչ տարածքներ | Ապրիլ 2010 | Երևան | Հանգուցա-լուծված (բացասական) |
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնություն | Բնապահպանություն | Սեպտեմբեր 2011 | Երևան | Հանգուցա-լուծված (դրական) |
«Դեմ ենք ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տան ոչնչացմանը» | Մշակութային պահպանություն | Հոկտեմբեր 2011 | Երևան | Հանգուցա-լուծված (բացասական) |
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն | Բնապահպանություն | Նոյեմբեր 2011 | Ջերմուկի և Երևանի ակտիվիստների համադրություն | Ընթացիկ |
«SOS Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն | Բնապահպանություն | Նոյեմբեր 2011 | Երևանի և Հրազդանի ակտիվիստների համադրություն | Դադարեցված |
«Արամի խաչմերուկ» քաղաքացիական նախաձեռնություն | Մշակութային պահպանություն | Նոյեմբեր 2011 | Երևան | Դադարեցված |
«Բացօթյա առևտրով զբաղվող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն» | Մարդու իրավունքներ | Հունվար 2011 | Երևան | Հանգուցա-լուծված (բացասական) |
«Կանաչ Կապան» քաղաքացիական նախաձեռնություն-«Մենք դեմ ենք ուրանի բաց հանքի շահագործմանը» | Բնապահպանություն | Փետրվար 2011 | Կապան | Դադարեցված |
«Պահանջելով արժանապատիվ տրասպորտ — Մենք չենք կռանում երթուղայինում» | Մարդու իրավունքներ | Մարտ 2011 | Երևան | Ընթացիկ |
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն | Մարդու իրավունքներ | Ապրիլ 2011 | Երևան | Ընթացիկ |
«Պահանջումենք գիտության ֆինանսավորման ավելացում» | Գիտական, կրթական | Ապրիլ 2011 | Երևան | Ընթացիկ |
«Պահանջում ենք վերադարձնել Մինաս Ավետիսյանի որմնանկարները» | Մշակութային պահպանություն | Հունիս 2011 | Գյումրի | Հանգուցա-լուծված (բացասական) |
«SOS! Պահպանենք Աֆրիկյանների ակումբի դեմքը» | Մշակութային պահպանություն | Հուլիս 2011 | Երևան | Ընթացիկ |
«Արդարություն Վերնիսաժի առևտրականների համար» | Մարդու իրավունքներ | Օգոստոս 2011 | Երևան | Դադարեցված |
Փրկենք Ղուկաս Չուբարյանի տունը ոչնչացումից» | Մշակութային պահպանություն | Օգոստոս 2011 | Երևան | Դադարեցված |
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն | Բնապահպանություն | Հոկտեմբեր2012 | Երևան | Դադարեցված |
«Մաշտոցի պուրակ» քաղաքացիական նախաձեռնություն | Հանրային պուրակներ, կանաչ տարածքներ | Փետրվար 2012 | Երևան | Հանգուցա-լուծված (դրական) |
«Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնություն | Մշակութային պահպանություն | Մայիս 2012 | Երևան | Ընթացիկ |
«Պահանջումենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» և «Վահե Ավետյան» հասարակական շարժում | Մարդու իրավունքներ | Հունիս 2012 | Երևան | Ընթացիկ |
«Վերաիմաստավորելով Մարտի 8-ը» | Կանանց իրավունքներ | Մարտ 2013 | Երևան | Ընթացիկ |
«Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնություն | Իրավունքների պաշտպանություն և անարդարության դեմ պայքար | Անորոշ | Անորոշ | Ընթացիկ |
«Մենք չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնություն | Հանրային/ քաղաքացիական իրավունքներ | Հուլիս 2013 | Երևան | Ընթացիկ |
Ինչու՞ են ծնվում քաղաքացիական նախաձեռնությունները
2010 թվականից ի վեր քաղաքացիական նախաձեռնությունների աճը և ծավալումը պարտական է երեք գործոնի։ Առաջին՝ հայաստանցիների առաջին հետխորհրդային սերնդի չափահասության տարիքին հասնելը նշանակում էր, որ կա հայաստանցիների մի սերունդ, որը չի ապրել խորհրդային շրջանի ընթացքում, ուստի ոչ միայն ունի տարբեր աշխարհայացք, այլև հասակ առնելով նորազատական (նեոլիբերալ) համատեքստում, որտեղ երբեք գոյություն չի ունեցել ուժեղ համընդհանուր բարեկեցության պետություն, տարբեր ակնկալիքներ և ըմբռնումներ ունի պետության և քաղաքացիների հետ նրա փոխհարաբերության մասին։ Ի տարբերություն հայաստանցիների ավելի ավագ սերունդների, որոնք պնդում են. «դա պետք է անի պետությունը», նրանք պետությունից որևէ նման սպասելիք չունեն։ Որպես այդպիսին, նրանք որդեգրում են ավելի գործուն մոտեցում հասարակության իրազեկվածության բարձրացման և խնդիրների հասցեագրման նկատմամբ՝ հանրային զբոսայգիները մաքրելուց մինչև հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
Երկրորդ՝ սոցիալական մեդիայի, այդ թվում՝ Ֆեյսբուքի և Յություբի, մուտքը և տարածումը, ինչպես նաև լայնաշերտ տեխնոլոգիայի ավելի մեծ հասանելիությունը և ֆինանսական առումով մատչելիությունը, որ թույլ է տալիս տեսանյութերի վերբեռնումը և կենդանի հաղորդումը (Live Streaming), քաղաքացիական ակտիվիստներին շատ ավելի արդյունավետ և արագ կազմակերպման և մոբիլիզացման հնարավորություն ընձեռեց։ Արաբական գարնան և այլ շարժումների ակտիվիստների կողմից լայնորեն օգտագործվել է սոցիալական մեդիան և շարժական կապը (Castells, 2012, Mason, 2013), և իրոք, Հայաստանում ևս ներքևից ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունները մեծ չափով օգտագործում են սոցիալական մեդիան իրենց գործողություններում` հասնելով ջանքերի համատեղման և զուգակցման թե՛ վիրտուալ, թե՛ ֆիզիկական տիրույթներում։ Այժմ Ֆեյսբուքը Հայաստանում ունի ավելի քան 350 000 բաժանորդ, ու թեև սա երկրի 3,1 միլիոն բնակչության միայն 11,5%-ն է, այստեղ ակտիվություն ունեցողները բնակչության երիտասարդ հատվածն են կազմում, և նրանց թիվն աճում է։
Չնայած հաղորդակցության այս նոր գործիքների և տեխնոլոգիաների մատչելիությունը օգնում է կազմակերպմանը, մոբիլիզացմանը և հավաքական գործողությանը, մենք պետք է նաև զգույշ լինենք՝ չչափազանցնելու դրանց ազդեցությունը, այն դեպքում, երբ կան փաստեր, որ սոցիալական տեղեկատվամիջոցները ծառայել են նաև որպես կառավարության վերահսկողության և անգամ սադրանքի միջոց (Morozov, 2011, Center for Liberation Technology, 2010): Օրինակ՝ ակտիվիստ Եղիա Ներսիսյանի՝ հանքարդյունաբերության մասին (2012թ. դեկտեմբեր) տեղի ունեցած հրապարակային ելույթը Լոս Անջելեսի հայ համայնքի մի խմբի համար, նկարահանվել էր։ Ներսիսյանի մեկնաբանությունները Կապանի հանքագործների աշխատանքային պայմանների մասին մղեց «Դինո-Գոլդ մայնինգ» ընկերությանը՝ դատական գործ հարուցել նրա դեմ` զրպարտության համար («ԷկոԼուր», 2013թ., Tert.am, 2013թ.): Տեղի ունեցան հակացույցեր (counter-protests), որի ժամանակ ակտիվիստները հրապարակայնորեն կրկնեցին Ներսիսյանի պնդումները՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով «Դինո-Գոլդին» (որն ամբողջովին պատկանում է կանադական «Դանդի Փրիշրս մեթալս» կորպորացիային) զրպարտության մասին դատական գործեր հարուցել նաև իրենց բոլորի դեմ։ «Դինո Գոլդ մայնինգի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հարցերով պաշտոնյային ուղղված բաց նամակում ակտիվիստները մեղադրում են ընկերությանը «Հայաստանի քաղաքացիական խմբերին լռեցնելու փորձերի մեջ. նրանց, ովքեր իրականում պայքարում են բռնատիրական վարչակարգի իշխանության ներքո՝ ազատ խոսքի և ժողովրդավարական որոշումների կայացման իրենց իրավունքի համար»: Նամակը ստորագրված է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության», «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից (Teghut.am, 2013թ.): 2013թ.հոկտեմբերի դրությամբ գործն ընթացքի մեջ է։
Երրորդ՝ կա հարցի գլոբալ չափումը։ 2011 թվականը ամբողջ աշխարհում քաղաքացիական անհնազանդության, բողոքների և շարժումների գագաթնակետն էր, որոնք մղվում էին հանուն ժողովրդավարության և ընդդեմ խստացումների (austerity) (Ishkanian և Glasius, 2013): 2011 թվականին խստացումների դեմ ուղղված գլոբալ շարժման (ինչպես, օրինակ, «Occupy Wall Street»-ը, «Indignados»-ը Իսպանիայում և այլն) և Արաբական գարնան՝ հանուն ժողովրդավարության շարժումների հետ միասին, տեղի էր ունենում նաև քաղաքացիական ակտիվության աճ որոշ նախկին խորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում (Lutsevych, 2013, Dyczok, 2013, Kokichaishvili, Stop Destroying Gudiashvili Square, 2011, Faryna, 2012, Nikitin, 2010, Ishkanian, Forthcoming): Քաղաքացիական նախաձեռնությունները, որ 2011 և 2012 թվականներին ի հայտ եկան նախկին խորհրդային երկրներում, որոշակի նմանություններ ունեն ամբողջ աշխարհում տեղի ունեցող խստացումների դեմ և հանուն ժողովրդավարության շարժումների հետ, այնքանով, որքանով որ առաջ են մղվում «ժողովրդավարության, դրա պրակտիկաների և ամենօրյա կյանքի հետ դրա հարաբերության հավաքական վերաերևակայմամբ» (Kaldor and Selchow, 2012): Ընդդեմ խստացումների և հանուն ժողովրդավարության շարժումները, որ վերջին տարիներին ի հայտ եկան մոլորակի տարբեր մասերում, զայրույթի արտահայտություն են և առաջ են քաշում ժողովրդավարության, սոցիալական արդարության և արժանապատվության անբավարար վիճակին վերաբերող մտահոգություններ (Glasius and Pleyers, 2013, Ishkanian and Glasius, 2013): Թեև խստացումների հարցն ինքնին Հայաստանի քաղաքացիական նախաձեռնությունների կողմից չի բարձրացվում (ընդհանրապես ասած՝ քանի որ խստացումը նոր բան չէ Հայաստանում, և պետական ծախսերի ու դրամական հատկացումների կրճատումներն արդեն իսկ տեղի են ունեցել վերջին քսան տարվա ընթացքում, այն ժամանակից ի վեր, երբ ներմուծվեցին որպես 1990-ականների սկզբի այսպես կոչված շոկային թերապիայի մաս), այդուհանդերձ, այդ նախաձեռնությունների շարժիչ ուժը ցանկությունն է՝ առաջ քաշելու ժողովրդավարության պակասի, տիրապետող կոռուպցիայի և օլիգարխային կապիտալիզմի, ինչպես նաև որոշումների ընդունման մեջ հաշվետվողականության և թափանցիկության բացակայության հարցերը: Ավելին, որոշ քաղաքացիական նախաձեռնություններ, ինչպես «Փրկենք Մաշտոցի պուրակը», բացահայտորեն նույնականացրին իրենց որպես “occupy” գլոբալ շարժման մաս (Wikipedia, 2013, Poghosyan, 2012) և օգտագործում էին “99%”-ի դիսկուրսն ու ձևակերպում Մաշտոցի պուրակում կրպակներ կառուցելու դեմ իրենց բողոքը նորազատականության ավելի լայն քննադատության լեզվով։
Հետևաբար, թեև քաղաքացիական նախաձեռնություններն առաջ են քաշում խիստ որոշակի և երբեմն էլ շատ նեղ շրջանակ ունեցող հարցեր (օրինակ՝ փրկել մեկ հանրային այգի), դրանց առաջ գալը պայմանավորված է շատ ավելի ընդարձակ մտահոգություններով (և որոնց արտահայտությունն են հենց այդ նախաձեռնությունները). կոռուպցիա, օրենքի գերակայության բացակայություն, ժողովրդավարության պակաս, օլիգարխային կապիտալիզմի առաջացում և պաշտոնական քաղաքական վերնախավի ձախողում՝ հասցեագրելու Հայաստանի սովորական քաղաքացիների մտահոգությունները: Օրինակ՝ «Փրկենք Մաշտոցի պուրակը» քաղաքացիական նախաձեռնության դեպքում անմիջական նպատակը զբոսայգին փրկելն էր կրպակների կառուցման նպատակով բետոնապատումից, բայց ավելի ընդարձակ նպատակներն ու խնդիրներն էին. զարգացնել մի օրակարգ, որը քաջալերում է քաղաքացիական մասնակցությունը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ու կայուն զարգացումը (Wallace, 2012) և առաջ քաշում «օլիգարխիայի» հարցը, որոնց ակտիվիստները անվանում էին «օրենքից վեր մարդիկ», որոնք, ունենալով տնտեսական և քաղաքական ռեսուրսներ, սեփական շահը վեր են դասում ժողովրդի շահից (Wikipedia, 2013):
Այս նպատակներին հետամուտ՝ «Փրկենք Մաշտոցի պուրակը» նախաձեռնության ակտիվիստները կազմակերպեցին «քաղաքացիական արդար և անկախ դատարան», որում նրանք քննության առան կրպակների կառուցման օրինականությունը (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ, 2013թ.): Մինչև «քաղաքացիական դատարան» կազմակերպելը, ակտիվիստները բազմաթիվ փորձեր էին ձեռնարկել՝ հանդիպելու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և այնպես անելու, որ իրենց հարցը լսվի դատարանում։ Իշխանությունների «անգործությունը» արձանագրելուց հետո, 2012 թվականի մարտի 13-ին գումարվեց «քաղաքացիական դատարան» հետևյալ լիազորությամբ. «քննել հանրային ունեցվածքի և ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրը մեր պետությունում» (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ, 2012թ.) (ընդգծումը՝ սկզբնաղբյուրում):
Առաջին հատվածում ասված է.
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս ու բնակիչներս1, կենսագործում ենք մեր Սահմանադրական իրավունքն ու պարտականությունը և լինելով այս հանրային տարածքի ու սեփականության տերը, մեր քաղաքի և պետության տերը՝ պահանջել ենք մեր ծառայողներից՝ քաղաքային և այլ մարմինների ներկայացուցիչներից, կատարելու իրենց Սահմանադրական գործառույթներն ու պարտականությունները, որի համար էլ վճարվում են հանրության կողմից։ Մեր հստակ ու օրինական պահանջներին նրանք արդեն ինչքան ժամանակ է որևէ հստակ և իրավական պատասխան չեն տալիս, այլ խուսափում են, փորձում են խճճել կամ երկարաձգել գործընթացը (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ, 2012թ.):
«Քաղաքացիական արդար և անկախ դատարանում» ընդունված «վճիռը» հաստատեց, որ քաղաքային իշխանությունը պարտավոր է ապամոնտաժել կրպակները և վերականգնել պուրակն իր նախկին տեսքով՝ ավելացնելով, որ եթե այս «վճիռը» չիրականացվի 10 օրվա ընթացքում, ակտիվիստներն իրենք կսկսեն ապամոնտաժել կրպակները: Հետևելով «վճռին»` ակտիվիստները շարունակեցին խոչընդոտել շինարարական աշխատանքը։ Սակայն, սկսած 2012թ. մարտի վերջից, մի խումբ միջին տարիքի, հիմնականում տղամարդ ակտվիստներ (ովքեր իրենց անվանում էին «ապամոնտաժողների բրիգադ») սկսեցին այցելել Մաշտոցի պուրակ՝ որպես նպատակ հռչակելով ակտիվիստներին օժանդակելն ու կրպակներն ապամոնտաժելը։ Կրպակները քանդելու «ապամոնտաժողների բրիգադի» փորձերը կասեցվեցին ոստիկանության կողմից։
Մինչ այժմ քաղաքացիական նախաձեռնությունները ո՛չ ակտիվորեն փորձել են կապեր հաստատել, ո՛չ էլ ֆինանսական աջակցություն ստանալ միջազգային դոնորներից։ Ընդհակառակը, նրանք վճռականորեն հեռու են մնում օտարերկրյա դոնորների հետ հարաբերություններից, որպեսզի խուսափեն այն ընկալումներից, թե նրանց շարժառիթը դրամաշնորհներն են, թե նրանք կառավարվում են արտաքին ուժերի կողմից կամ թե վարկաբեկված են օտարերկրյա ֆինանսավորմամբ։ Քաղաքացիական նախաձեռնությունների մարտավարությունը՝ մերժելու արտաքին դոնորների դրամաշնորհները, ռազմավարական և քաղաքական որոշում է, որի նպատակն է մեծացնել իրենց վստահելիությունն ու լեգիտիմությունը հանրության աչքին և խուսափել պնդումներից, թե նրանք «գրանտակերներ» են։ Օրինակ՝ մի բնապահպան ակտիվիստ ինձ ասաց.
Մենք ցանկանում ենք, որ սա լինի ներքևից—վերև շարժում։ Սա վերաբերում է հայերին՝ որպես ինքնորոշված քաղաքացիների։ Մենք չենք ուզում դրամաշնորհներ և դրամաշնորհների կարիք չունենք։ Ավելին, մենք չենք վստահում միջազգային ՀԿ—ներին և դոնորներին: Նրանք շատ երկար ժամանակ լուռ են մնացել շրջակա միջավայրի չարաշահման, կոռուպցիայի և Հայաստանում կատարվող այլ չարաշահումների մասին։ Մենք չենք հավատում, որ հիմա նրանք կփոխվեն (հարցազրույց Սքայփով, հունվարի 10, 2013թ.):
Քննադատների, այդ թվում՝ որոշ պետական պաշտոնյաների ու կորպորացիաների ներկայացուցիչների, պնդումները, թե ակտիվիստների խթանը դրամաշնորհներ ստանալու ցանկությունն է, իրականում ոչ մի փաստով չեն հիիմնավորվում։ Ընդհակառակը, ակտիվիստներին «գրանտակեր» պիտակ կպցնելու փորձերը, ինչպես պարզ է դառնում, ուշադրությունը շեղելու մարտավարություն է։ Այն գործադրվում է մարդկանց ուշադրությունը տվյալ հարցից (այն է՝ հանքարդյունաբերությունից) շեղելու համար՝ փոխարենը հարցականի տակ դնելով ակտիվիզմի դրդապատճառները։ Այս ռազմավարությունը՝ տեղափոխելու ուշադրությունը հաղորդումից հաղորդողի վրա, նպատակ ունի հարցեր բարձրացնել նրանց ջանքերի ազնվության, անկաշառության ու օրինականության մասին։ Իրոք, ինչպես մի ՀԿ-ի անդամ հարցվող ասաց.
Մաշտոցի պուրակից հետո կառավարությունը հասկացավ, որ հանրությունը սկսում է դրականորեն արձագանքել ակտիվիստների նոր խմբերին և ողջունել նրանց համառությունն ու քաջությունը։ Ուստի հիմա այն կազմակերպված արշավ է սկսել՝ վարկաբեկելու ակտիվիստներին և նրանց «գրանտակերի» կամ մեկ ուրիշ պիտակ կպցնելու ուղղությամբ (հեղինակի հարցազրույցը, հոկտեմբերի 10, 2012թ.):
Դրամաշնորհներից խուսափելուց բացի, «Փրկենք Մաշտոցի պուրակը» նախաձեռնության ակտիվիստները նաև քննադատեցին որոշ միջազգային կազմակերպությունների այն բանի համար, որ նրանք լռության մատնեցին իշխանությունների կողմից կոպիտ միջոցների կիրառումը պուրակում բողոքողների նկատմամբ։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ուղղված բաց նամակում նրանք գրում են. «Մենք կտրուկ անհամաձայնություն ենք հայտնում (Մաշտոցի) պուրակում կատարված բողոքների առընչությամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների գնահատականի հետ», ավելացնելով.
Ձեզ և կազմակերպության (ԵԱՀԿ) մյուս կառույցներին ու ներկայացուցիչներին կոչ ենք անում վերանայել այն արատավոր պրակտիկան, երբ կազմակերպության առանձին կառույցներ կամ ներկայացուցիչներ, անհամարժեք և անզգույշ հայտարարություններ անելով կամ որոշումներ ընդունելով, խթան են հանդիսանում, որպեսզի ուժային կառույցները բռնություն գործադրեն հասարակության անդամների նկատմամբ (Մաշտոցի պուրակում) (HETQ, 2012, ընդգծումը հեղինակի):
Միջազգային կազմակերպությունների այսպիսի բացահայտ և հրապարակային քննադատությունը Հայաստանի ՀԿ-ների շրջանում չլսված բան է, որտեղ «մի՛ խփիր այն ձեռքին, որը կերակրում է քեզ» սկզբունքը ճշմարտության կարգավիճակ ունի։ Ես հարցազրույցներ ունեցա Հայաստանում գործող որոշ միջազգային կազմակերպությունների ու արտաքին դոնորների հետ, որոնք սովորաբար աշխատում են ՀԿ-ների հետ դոնոր-նպաստառու փոխհարաբերությամբ։ Նրանք նշեցին, որ քաղաքացիական նախաձեռնությունների դեպքում իրենց վերապահված է դիտորդի դեր։ Մի արտաքին դոնոր կազմակերպության ներկայացուցիչ ասաց ինձ. «Մենք մեծ հետաքրքրությամբ նայում ենք այն ամենին, ինչ կատարվում է: Բայց մենք վստահ չենք այն հարցում, թե ինչպես պետք է վերաբերել ակտիվիստներին» (12 մայիսի, 2012թ.): Մեկ այլ դոնոր նկատեց. «Նրանք (քաղաքացիական ակտիվիստները) ունեն շատ եռանդ և ոգևորություն, բայց պարզ չէ, թե նրանք ինչի կկարողանան հասնել» (10 մայիսի, 2012թ.):
Այդուհանդերձ, հստակ է, որ նրանց աշխատանքը գրավում է Հայաստանում գործող դոնոր համայնքի ուշադրությունը։ Օրինակ՝ 2012թ. Հունիսին ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը միացավ Հայաստանում ԱՄՆ և Բրիտանական դեսպանատներին, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին ու «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» ՀԿ-ին՝ «շեշտելու Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների ներդրումները մարդու իրավունքներին աջակցելու գործում»՝ նրանց արժանացնելով «Համընդհանուր իրավունքների» մրցանակին (Embassy of United States, 2012): Համաձայն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի` «Փրկենք Մաշտոցի պուրակը» քաղաքացիական նախաձեռնության մեջ ներգրավված ակտիվիստներին այդ մրցանակը տրվել է ի նշան նրանց «հանձնառության և անկոտրում կամքի» ճանաչման, ինչը հանգեցրեց «շրջակա միջավայրի համար կարևոր հաղթանակների»: Շարունակելով Հրիստեան ասաց. «Այս մրցանակով մենք ցանկանում ենք ոչ միայն պատվել նրանց աշխատանքը, այլև աջակցել նրանց ապագա ջանքերին Հայաստանում» (Embassy of United States, 2012):
- Այստեղ «բնակիչներ» բառը վերաբերում է հայրենադարձ սփյուռքահայերին, որոնք, սակայն, չունեն Հայաստանի քաղաքացիություն:
Հղումներ
CASTELLS, M. 2012. Networks of Outrage and Hope: Social Movements in the Internet Age, Cambridge, Polity.
DYCZOK, M. 2013. Hostynny Dvir: A microcosm of Ukraine (առցանց). հասանելի է http://www.kyivpost.com/opinion/op-ed/hostynnyi-dvir-amicrocosm-of-ukraine-318430.html.
EMBASSY OF THE UNITED STATES. 2012. Universal Rights Awards Ceremony (առցանց). հասանելի է: Universal Rights Awards Ceremony [Դիտվել է փետրվարի 2, 2013թ.].
FARYNA, O. 2012. Fight for Hostynny Dvir in Kyiv goes on with tear gas, brawls (առցանց). Kyiv Post. հասանելի է: http://www.kyivpost.com/content/kyiv/fight-for-hostynny-dvir-in-kyivgoes-on-with-tear-gas-brawls-317892.html 2013].
GLASIUS, M. & PLEYERS, G. 2013. The Global Moment of 2011: Democracy, Social Justice and Dignity. Development and Change 44, 547-567.
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ, 2012թ. Analyses: Mashtots Park Civic Struggle UNFINISHED (առցանց). Հասանելի է: http://organize-now.am/en/2013/02/19/853/.
ISHKANIAN, A. & GLASIUS, M. 2013. Reclaiming Democracy in the Square? Interpreting the Movements of 2011- 2012. London: London School of Economics.
ISHKANIAN, A. Forthcoming. Engineered Civil Society: the impact of 20 years of democracy promotion on civil society development in the former Soviet countries. In: SCHIMMELFENNIG, F., BEICHELT, T., HAHN, I. & WORSCHECH, S. (eds.) Democracy Promotion and Civil Society in Post-Socialist Europe. London: Palgrave.
KALDOR, M. & SELCHOW, S. 2012. The ‘Bubbling Up’ of Subterranean Politics in Europe. Civil Society and Human Security Research Unit, London School of Econoimcs.
KOKICHAISHVILI, T. 2012. TBILISI: Gudiashvili Square Rehabilitation (առցանց). հասանելի է
LUTSEVYCH, O. 2013. How to Finish a Revolution: Civil Society and Democracy in Georgia, Moldova and Ukraine. London: Chatham House.
MOROZOV, E. 2011. The Net Delusion: How Not to Liberate the World, London, Allen Lane.
NIKITIN, V. 2010. The New Civic Activism in Russia. The Nation [Online]. OLIVIERO, M. B. & SIMMONS, A. 2002. Who’s Minding the Store? Global Civil Society and Corporate Social Responsibility. In: GLASIUS, M., KALDOR, M. & ANHEIER, H. K. (eds.) Global Civil Society 2002 Oxford: Oxford University Press.
POGHOSYAN, B. 2012. Occupy…Armenia? Protestors battle to save Yerevan public park (առցանց). հասանելի է:
PUTNAM, R. 2000. Bowling Alone: The Collapse and Revival of American Community, New York, Simon & Schuster.
SZRETER, S. 2002. The state of social capital: Bringing back in power, politics, and history. Theory and Society, 31, 573-621.
WALLACE, K. 2012. Happenings at Mashtots Park (Առցանց). http://www.armenia-environment.org/2012/02/26/happenings-at-mashtots-park/. [Դիտվել է 20 մայիսի, 2013].
WIKIPEDIA. 2013. Mashtots Park Movement (Առցանց) Հասանելի է: http://en.wikipedia.org/wiki/Mashtots_Park_Movement.
Հատված «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում» աշխատությունից (2013):
Դոկտոր Արմինե Իշխանյանը Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի (ԼՏԴ) Սոցիալական քաղաքականության բաժնի դասախոս է: Նա նաև ԼՏԴ-ի Քաղաքացիական հասարակության և մարդու անվտանգության ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող է: Նրա հետազոտությունների շրջանակը ներառում է քաղաքացիական հասարակության և սոցիալական փոխակերպումների կապը, ինչպես նաև ծրագրային քաղաքականությունների գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և սոցիալական շարժումների ներգրավվածության խնդիրները: Նա բազմաթիվ գիտական հոդվածների և հետևյալ երկու գրքերի հեղինակ է. «Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» (2008/2012) և «Մեծ հասարակության դեբատ. Սոցիալական բարեկեցության նոր օրակարգ» (2012):
Դիտվել է 1737 անգամ