Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին շրջանում մի քանի հայտարարություն արեց, որոնք արժանացան ոչ միանշանակ արձագանքների: Նախ անդրադառնալով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հանրիկ Նավասարդյանի և «Երևան Տրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանակության պահանջով նստացույցին, հայտարարեց, որ դա «3-4 hոգու» ցանկություն է և որ «էս պահանջներին ժողովուրդն այնքան էլ կողմնակից չէ»։ Բացի այդ, նա նաև փաստեց, որ ուղեվարձի բարձրացման մասին իր որոշման վերանայումը պայմանավորված էր ոչ թե մեծածավալ բողոքի ալիքով և քաղաքացիական անհնազանդությամբ, այլ այդ հարցը բարձրացնող մի խումբ ուսանողների և կազմակերպությունների հետ հանդիպումներով։
Հետաքրքրական է, որ քաղաքապետը խոսում է ոչ թե երկու պաշտոնյաների հրաժարականի պահանջի իրավական հիմքերից, այլ այս պահին բողոքի իրենց ձայնը բարձրացրած մարդկանց թվաքանակից։ Ապօրինության մասին անգամ մեկ հոգու բերած հիմնավորումը պետք է որ լիներ բավարար այս հարցը քննության առնելու համար։ Այնինչ քաղաքապետը ցույց է տալիս, որ ինքը և իր կողմից ներկայացվող համակարգը գործում է ոչ թե օրինականության դաշտում, այլ ուժի, բռնության և ճնշման։
Եթե չկա մարդկանց թվաքանակով պայմանավորված ուժային ճնշում հանրության կողմից, չկա և հարցերի վերանայում ու լուծում, անգամ եթե դրանք ունեն ամենապատշաճ իրավական հիմնավորումները։ Կարելի է ասել, որ քաղաքապետն իր հայտարարությամբ փաստացիորեն ներկայացնում է իշխանության իր ընկալումների իրական էությունը, որտեղ հարցերը լուծվում են փողոցում ընդունված նորմերով, իսկ հարց լուծողները թաղի ուժեղ և շրջապատ ունեցող «լավ» տղերքն են։
Քաղաքապետն այլ խոսքով ասում է, որ եթե ինձ վրա կարողանաք «մարդ բերել», միգուցե և հարցը լուծեմ։ Այլապես մնացած ձեր իրավական հիմնավորումները ինձ չեն հետաքրքրում։ Ահա թե ինչու նման արժեքներով առաջնորդվող քաղաքապետի համար դժվար է նաև ընդունել ու խոստովանել, որ ինքը հարկադրված է եղել իր ընդունած որոշումը կասեցնել քաղաքացիական անհնազանդության և բողոքի ալիքի պառճառով։
Ընդունել դա, թաղային հարցերի լուծման համատեքստում, նշանակում է «կոտրվել», ընդունել, որ սխալվել է և թույլ է գտնվել։ Դրա համար քաղաքապետին անհրաժեշտ էր գտնել իրեն խնդրանքով դիմող «ժողովրդի ներկայացուցիչների»: Եվ դրանք գտնվեցին, հանձինս ինչ-որ ուսանողների անհասկանալի խմբի, ում խնդրանքին էլ իբր թե ընդառաջ գնալով քաղաքապետն իր իշխանության բարձունքից որոշեց իջեցնել ուղեվարձը: Եթե ներկա իշխանությունները գործեին իրավունքի, այլ ոչ թե փողոցային նորմերի դաշտում, հնարավոր է, որ քաղաքապետն ազատ լիներ նման վախերից:
Այդ նույն փողոցային «հարց լուծելու» համատեքստում ուղեվարձերի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական բողոքի ակցիաների ընթացքում բազմիցս եղան դեպքեր, երբ քաղաքապետարանի պատասխանատուները և նրանց հովանավորյալ գծատերերը կանգառներում հայտնվում էին փողոցային խուժանի ոճականության մեջ ու փորձում էին ճնշում գործադրել ակցիայի մասնակիցների վրա: Սակայն, այդպես էլ հաջողության չհասնելով՝ հեռանում էին։
Ըստ էության, վերջին տարիներին հանրության մեջ ի հայտ են եկել մարդիկ, ովքեր վերահսկելի չեն իշխանության համար, ովքեր փորձում են առաջնորդվել իրավունքի գերակայությամբ և քաղաքացիական նոր արժեքներով։ Նրանց համար ապօրինության մասին բարձրաձայնելը «գործ տալ» չէ, իսկ անօրինական որոշումներին չենթարկվելը՝ բնական արձագանք: Եվ հավանականությունը մեծ է, որ հանրության այս հատվածը դառնա իշխանության ամենածանր խնդիրներից մեկը: Այս նոր որակի հանդեպ իշխանություն իրացնելու համար գործող իշխանությունները կամ պետք է վերափոխեն իրենց՝ ներկայանալով քաղաքացիականության և իրավունքի դիրքից, կամ՝ հեռանան:
Ռուզաննա Գրիգորյանը, ծնված 1982 թվականին, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: 2008 թվականից աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնում որպես գիտաշխատող և ծրագրի համակարգող: 2012 թվականից ակտիվորեն մասնակցել է սոցիալական փոփոխությունների միտված տարբեր քաղաքացիական գործողությունների և հարթակների ձևավորմանը:
Դիտվել է 340 անգամ