Մութ և փոթորկոտ գիշեր էր: Շոգենավը սլանում էր լեռնային ծովերի միջով, որոնք ալեկոծվում էին փոթորկահույզ քամիներից: Հանկարծ հուժկու պայթյուն է տեղի ունենում նավի միջնամասում: Ամբողջ նավը լուսազրկվում է: Պատճառն էական չէ այլևս. այն շարքից հանել է էլեկտրաէներգիան: Նավում խուճապ է: Մարդիկ վազում են բոլոր ուղղություններով, բղավում, ճչում և անսպասելիորեն միմյանց բախվում: Բոլորը փորձում են փրկարար նավակներին հասնել: Տախտակամածի մի կողմը սկսում է դանդաղորեն ընկղմվել: Պայթյունի հետևանքով պետք է որ անցք բացված լիներ տախտակամածի այդ կողմի վրա: Մի կերպ գլուխ բերված փրկանավերի մի մասը ընկղմվում է ջրի մեջ, մի մասն էլ գլխիվայր է շուռ գալիս ալեկոծ ծովերում: Նրանցից միայն երեքն են ապահով հեռանում, մինչև որ նավը վերջին անգամ օրորվելով սուզվում է փոթորկուն ծովի հատակը: Իսկ այդ երեք փրկանավերի բախտավոր մարդկանց հետ ահա թե ինչ պատահեց:
Փրկանավերից մեկում, մի մարդկանց խումբ է, որոնք պատահմամբ բոլորն էլ հետևել են Մարտինին, որը նավի սպաներից էր: Նա սառնասրտորեն նավի վերահսկումն իր վրա է վերցնում, ու նրան նավի անձնակազմից երեք հոգի օգնություն են ցուցաբերում` Մայքը, Ջեքը և Թերրին: Ուղևորների այդ խմբի մեջ էին երկու սիրահարներ` Ջոնը և Ջունը, երկու երեխաներ` Քենը և Ռոզին, և նրանց մայրը` Մեգը:
Քամուց քշված` երեք օր ու գիշեր շարունակ նրանք սարսափելի ուղևորություն են ունենում: Ինչ որ պատճառով ռադիոն չի աշխատում: Նրանք պատկերացում չունեն, թե հսկայական օվկիանոսի որ հատվածում են գտնվում: Ջուրը դանդաղորեն ծանծաղում էր, երբ երրորդ գիշերը մի ժայռաբեկորի հանդիպեցին, սակայն հրաշքով փրկվելով` ուժասպառ ափ իջան և բոլորով քուն մտան ավազի վրա` երջանիկ, որ ողջ էին մնացել:
Առավոտյան նրանք սկսեցին ուսումնասիրել իրենց անմարդաբնակ կղզին: Նրանք ջուր, արմավենիներ և ավազուտում ձուկ գտան: Մարտինը, որը դեռ վերահսկողի դերում էր, տեսավ, որ փրկանավը ապահով կայանել է ափին, և ձեռնամուխ է լինում իրենց վայրի ապաստանի կառուցմանը: Մի քանի օր անց Մարտինը մի երեկո բոլորին հավաքում է և ասում, որ ուսումնասիրել է ետնամասի բլուրները: Նաև պատմում է, որ մարդկային ոտնահետքեր է տեսել: «Ընկերներ, — ասում է նա, — հնարավոր է, որ մենք վտանգի մեջ ենք: Պետք է մի քանի ծառ կտրենք, և ցանկապատ կառուցենք: Նաև պետք է թրեր պատրաստենք, վերահսկողություն կազմակերպենք և վերահսկիչներ ուղարկենք»:
Այդ մասին շատ է քննարկվում: Ջոնը և Ջունը, ովքեր երջանիկ են իրենց սիրո մեջ, մեծ ցանկություն չունեն ցանկատարածքի վրա աշխատելու: Նրանք այլ մտքեր ունեն: Մեգը ավելի կնախընտրեր մրգեր և ընկույզներ հավաքել և բանջարեղենի մի պարտեզ ունենալ: Բայց անձնակազմը սովոր է կատարել Մարտինի հրամանները: Աստիճանաբար, փոքր խումբը սկսում է անել այն, ինչը նրանց ասվում էր:
Միևնույն ժամանակ, երկրորդ նավից հեռացած փրկանավակը հասնում է կղզի, բայց այն կանգ է առնում կղզու մեկ այլ հատվածում: Այս երկու խմբերը իրար չեն հանդիպում: Մինչ այս պահը յուրաքանչյուր խումբ կարծում է, թե իրենք են միակ ողջ մնացածները: Այս նավակի անձնակազմը շատ է տարբերվում մյուսից: Այն բաղկացած է ուսանողներից, որոնց առաջնորդում է Ջերին, ով մյուսներից ավելի մեծ է: Նա է, ով բոլորին իրար գլխի էր հավաքել, կազմակերպել էր ընթրիքը, և կարողացել էր հաջողությամբ վարել փրկանավակը: Այնպես էր պատահել, որ նավում պաշտոնյաներ , պրոֆեսորներ կամ նավակազմի անդամներ չկային: Ծովի վրա 3 օր շարունակ քամին նրանց այս ու այն կողմ է տանում: Նրանք ուսանողներին բնորոշ շատախոսությամբ զրուցում են, խոսում են այն ծանր իրավիճակի մասին, որում հայտնվել են և այն մասին, թե ինչ կանեն, եթե երբեք ցամաք դուրս չգան: Նրանք համաձայնում են Ջերիի այն մտքի հետ, որ անհրաժեշտ է համայնք ստեղծել: Այնտեղ որոշումներ կայացնելիս բոլորը հավասար իրավունքներ պետք է ունենային, միևնույն օրենքը պիտի գործեր յուրաքանչյուրի համար: Այդ առաջին օրը, երբ նրանք արթնանում են ծովափին, նրանք սկսում են հավաքել կոկոսի ընկույզներ և ծովածոցին ձկնորսությամբ զբաղվել:
Մի քանի օր անց, ծագեցին առաջին խնդիրները: Երկու սիրեկաններ` Բոբը և Բեթին, ինչպես Ջոնը և Ջունը առաջին փրկանավում, թողնելով իրենց հանձնարարված աշխատանքը, միասին գնում են անտառում թափառելու: Մյուսների վրա նրանք անկազմակերպ և թափթփված տպավորություն են թողնում: Հետո առաջանում են երկար բանավեճեր այն հարցի շուրջ, թե ով պիտի ձկնորսությամբ զբաղվի և ով տանիքով ու կոկոսի ընկույզներով: Ջունը, մի գործնական տղա, ով իր հետ ուներ գործիքների արկղ, պնդում է, որ ինքը լրացուցիչ ազատ ժամանակի իրավունք ունի, քանի որ իր սղոցով ու կացնով մեկ ժամում կարող է աշխատել այնքան, որքան մյուսները մեկ շաբաթում: Ամոսը հաղթանդամ է և սիրում է աշխատել: Արդյոք նա պետք է պարգևատրվի: Միևնույն ժամանակ, ճամբարի տարածքը չունի ոչ միայն ցանկատարածք, այլև զուգարան: Ոչ ոք չի ցանկանում այդ գործով զբաղվել, այսպիսով տարածքը աղտոտվում է և տհաճորեն բուրում է: Չնայած այս ամենին, բոլորը դեռ հավատում են, որ համայնքի գաղափարը իսկապես լավն է:
Երրորդ փրկանավակում գտնվող մարդիկ կանգ են առնում կղզու մեկ այլ հատվածում: Նրանց նույնպես թվում է, թե իրենք են միակ ողջ մնացածները: Այս անգամ խմբի մեջ կան մի քանի տարեցներ և ավելի շատմայրեր և երեխաներ, այստեղ նավակազմի անդամներ էլ կան: Այստեղ են նավի խոհարարները, նավի ֆինանսական գծով պատասխանատուն, ով լռակյաց և ծանր բնավորության տեր մարդ է և ուզում է, որ իրեն դիմեն Մեք անունով: Բայց այս խմբում չկա մեկը, ով բոլորի համար հոգ կտաներ: Յուրաքանչյուրն ինքն իր համար է կոկոսի ընկույզ հավաքում և ձուկ բռնում:
Մի քանի օր անց մայրերը սկսեցին գանգատվել, որ կոկոսի կերակուրը պատճառ է դառնում երեխաների մարսողության վատացմանը, բայց նրանք չեն կարող թողնել երեխաներին և գնալ ձուկ որսալու: Մեծահասակներն էլ նստում են խղճալի և շփոթված տեսքով: Ոչ ոք չի կառուցում ապաստարաններ, էլ չեմ ասում սանիտարական հանգույցի մասին: Հանկարծ Մեքը առաջարկություն է անում: Ձուկը կոկոսով փոխանակելու տեղը, ինչո՞ւ չօգտագործել այն մեխերը, որ գտնվել են բեկված նավի ապրանքների միջից: Սկզբի համար բոլորին կբաժանվեն հավասար քանակությամբ մեխեր, և դրանք կօգտագործվեն ձուկ, կոկոս, միրգ և անձնական օգտագործման իրեր գնելու կամ վաճառելու համար: Կյանքը հեշտացնելու համար, մինչև կգա փրկությունը, նա առաջարկում է, որ յուրաքանչյուրը շաբաթական 2 մեխ ներդրումը կատարի Մեքի համար, ով կհսկի և կապահովի անվտանգությունն ու մաքրությունը: Մեկական մեխ էլ կվճարվի Քեռի Թոդին, ով թույլ է և իրեն լավ չի զգում, բայց կարող է կազմակերպել երեխաների համար դպրոց, որպեսզի մայրերը գնան ձկնորսության կամ որսի: Շուկան լավ ընթացք է ստանում, չնայած որոշ խնդիրներ, այդուամենայնիվ, ծագում են: Ձկան արժեքն այնքան բարձր է, որ բոլորն ուզում են գնալ ձկնորսության: Բայց ինչպե՞ս որոշեն, թե ով է օգտագործելու նավակը: Թե ով է առաջինը գնալու և որքան ժամանակով, պետք է քննարկվի նրանց միջև: Եփած ձուկը և կոկոսը սկսում են հոգնեցնել, և լավ կլիներ աճեցնել ուրիշ բերք, բայց ինչպե՞ս պիտի ֆինանսավորվեր աճեցման ընթացքը: Մեկը որսում է վայրի այծ, արդյո՞ք այն պետք է բաժանվի հավասարապես, թե՞ վաճառվի բարձր գնով: Մորաքույր Ջեյնը հիվանդանում է. ո՞վ պետք է նրան խնամի: Ինչպե՞ս պետք է ընդունվեն կոլեկտիվ որոշումները: Բայց գոնե խումբը ծածկի տակ է և ուտելիք ունի, և չնայած փրկությունը ուշանում է, բայց տարեց մարդիկ հավատում են, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի:
Պատմության հաջորդ մասը պատմում է այն մասին, թե ի՞նչ կպատահի, երբ երեք խմբերը հայտնաբերեն, որ նրանք միակ փրկվածները չեն բեկված նավից: Ահա այստեղ ընթերցողը միանում է մեզ, և անմարդաբնակ կղզու պատմությունը դառնում է քաղաքական տնտեսության խորհրդանիշը: Մենք ունենք երեք տարբեր հասարակական արժեքների կողմնակից խմբեր: Մարտինի խումբը նախընտրություն է տալիս անվտանգությանը. այն ամրոցային հասարակություն է: Ջերիի ուսանողների խումբը նախընտրում է արդարությունն ու հավասարությունը. այն աշխատում է որպես սոցիալական և համերաշխ հասարակարգ, իսկ Ջեքի խումբը նախընտրություն է տալիս բարեկեցությանը, արտադրության արդյունավետությանը. այն շուկայական հասարակություն է:
Փորձառու ընթերցողն այս պահին կասի. «Պարզ է, հաստատվում են երեք մրցակցող մոդելները: Ամրոցային հասարակությունը ռեալիստական մոդելն է, սոցիալական ուղղվածությամբ հասարակությունը՝ իդեալիստականն է, իսկ շուկայական հասարակությունն էլ տնտեսական մոդելն է: Տնտեսագետներին այն շատ ծանոթ կթվա, քաղաքագիտության ուսանողները կճանաչեն ռեալիստականը, իսկ սոցիոլոգներին ավելի ծանոթ կլինի իդեալիստական մոդելը»: Պարզ ասած՝ այս երեքը ներկայացնում են իշխանություն-շուկա հարաբերությունների ազգայնական, սոցիալական և ազատական մոտեցումները, որոնք քաղաքական տնտեսության հիմքն են կազմում:
Գոյություն ունի երկու խաղ. երկուսն էլ կառուցողական, որ կարելի է խաղալ այժմ: Մեկը այն է, որ հարցնենք մարդկանց, թե ի՞նչ կպատահի, եթե խմբերը գտնեն իրար: Ինչպե՞ս կարձագանքեն այդ խմբերը: Ինչպիսի՞ ընթացք և ավարտ կունենա պատմությունը՝ ի նկատի ունենալով, որ սա իրոք սովորական անմարդաբնակ կղզի է և դեռ երկար ժամանակ նավաբեկվածներին փրկության չեն հասնի: Այս խաղը կարող է պատկերացում ստեղծել այլ մարդկանց իրականության ընկալման մասին, աշխարհի մասին նրանց գիտելիքի մասին և նրանց անհատական մեկնաբանությամբ պատմության և մարդկության զարգացման մասին: Կարծում եմ, դուք կարելի է եզրակացնել, որ ոչ բոլորը կհամաձայնվեն այն տարբերակի հետ, որն ամենահավանականն է թվում:
Նրանք ավելի քիչ հավանական է, որ համաձայնության գան, եթե խաղանք մեկ այլ խաղ. ոչ թե այն մասին, թե ինչպես կավարտվի պատմությունը, այլ թե ինչպես նրանք կուզենային, որպեսզի այն ավարտվի: Եթե ազնիվ խաղանք, ապա կիմանանք նրանց կողմից այս կամ այն դրույթի նախընտրությունների մասին, նրանց գաղափարների մասին, այն մասին, թե ինչը կարող է փոխարինել «երջանիկ ավարտին»: Մարդիկ, իրոք, անվտանգությանն ու կարգուկանոնին, բարեկեցությանն ու հասարակական ներդաշնակությանը և արդար հասարակությանը տարբեր գնահատականներ են տալիս:
Թույլ տվեք առաջարկել մի քանի հավանական տարբերակ: Առաջինն այն է, որ Մարտինի ամրոցային խումբը որպես առաջնային պահանջ է դրել անվտանգությունը և պատրաստվել է պաշտպանվելու իրական կամ մտացածին թշնամուց, այդ պատճառով էլ նրանց հսկիչներն առաջինն են հայտնաբերում մյուսների գոյությունը: «Չենք կարող թույլ տալ, որ Ջեքի խումբը շատ հարստանա և չենք էլ թույլ տա մայրերին և թաքնվող սիրահարներին միանալ ուսանողներին»,-ասում է Մարտինը: Մենք պետք է առաջինը գործենք: Նրանց հանկարծակիի բերելով՝ Մարտինը դնում է վերջնաժամկետ. «Միացեք մեզ, այլապես…»:
Դրանից հետո պատմվածքի ելքը կախված է այն բանից, թե արդյոք երկուսն էլ կընդունեն ռազմական իշխանությունը, թե երկուսն էլ կմերժեն այն` նույնիսկ պատերազմելու պայմանով: Պատմությունը կարող է այլ ընթացք ստանալ, կախված այն հանգամանքից, թե արդյոք միացումից հետո այդ երկու խմբերին բարեհոգաբար և հավասարության սկզբունքով կվերաբերվեն՝ չնայած իշխանական ուժին և հրամանատարական հասարակարգին, թե նրանց կհալածեն և կվերաբերվեն որպես ծառաների և նրանց կշահագործեն որպես գաղութայինների:
Մեկ այլ տեսարան կձևավորվի, եթե մի օր ուսանողները վայրի այծերի որսի ժամանակ, ճամբարից հեռու թափառելիս, պատահական տեսնեն Մարտինի պարիսպը: Նրանք հասկանում են, ինչ է կատարվում և որոշում են պատրաստվել վատագույնին: Ազատությունը և հավասարությունը պետք է տեղիք տան: Սոցիալիզմը պետք է սպասի: Եվ երբ պատրաստ լինեն, չնայած նրանց մրցակիցները բավական ուժեղ են, իրենց վերջնաժամկետը կարող են դնել. ազատականացվեք, այլապես հարձակվում ենք:
Բայց մեկ այլ տեսարան կստացվի, եթե առևտրային խմբից որևէ մեկը նույն կերպ հայտնաբերի, որ իրենք միայնակ չեն կղզում: Հայտարարվում է ժողով և, ստիպված կորցնելով ապրելու իրենց բարձր մակարդակը, նրանք որոշում են կրկնապատկել իրենց «անվտանգության հարկը»` հանձնարարելով Մեքին, որ հավաքի կամավորների վճարովի բանակ: Այս խումբը ծրագրավորում և իրականացնում է հանկարծակի գիշերային հարձակում Մարտինի պարսպի վրա, երբ հսկիչը քնած էր: Այս տեսարանում հենց նրանք են, ովքեր ազատագրում են խմբին Մարտինի երկաթյա կանոններից` միանգամից մեծացնելով շուկայի չափերը և հնարավորությունները՝ մասնագիտանալու աշխատանքի բաժանման հարցում: Ավելի հեշտ կլինի երկրորդ հասարակարգի գրավումը, որը մասնատված է:
Այս բոլոր տեսարանները դիտարկում են ուժի առկայությունը, նույնիսկ այն մարդկանց միջև, որոնք մի ժամանակ նույն նավում էին: Արդյոք սա իրատեսական է, թե վատատեսական: Արդյոք այս երեք խմբերի միջև հնարավոր է խաղաղ գոյատևումը: Եթե այո, ապա այս փոքրիկ նահանգների հասարակարգում արդյոք ղեկավարները խաղում են դիվանագիտական խաղ` ստեղծելով միասնություն, կամ միգուցե հետագայում այն խախտում այս կամ այն խմբի դեպքում: Արդյոք նրանք փոխադարձ պաշտպանության խոստումներ կտան: Արդյոք նրանք խտրականության հարց կբարձրացնեն:
Մի ակնհայտ դասն այն է, որ տարբեր հասարակություններ իրենց քաղաքական տնտեսությունը կառուցելիս, տարբեր արժեքներին կտան տարբեր գերակայություն:
Տես՝ լուսանկարը, որտեղ A=իշխանություն, M=շուկա, S=անվտանգություն, J=արդարություն, W=բարեկեցություն, F=ընտրության ազատություն:
Մի հասարակություն, որն ընկալում է արտաքին վտանգը ռազմական իշխանության ազդեցության ներքո ապահով կզգա իրեն, հարստություն ստեղծելով, և ավելի քիչ նախընտրություն կտա անհատների կամ ընդդիմադիր խմբերի ազատությանը: Նույնիսկ ժողովրդավարական պետությունները, որոնք պատերազմի մեջ են գտնվում, սահմանափակում են քաղաքացիների ազատությունը տարբեր միջոցներով: Մենք սա կարող ենք ընդհանուր գծերով 1-ին պատկերում ներկայացնել որպես A մոդել: Սրանից հետևում է նաև, որ շուկան հակված է ավելի ցածր տեղ գրավել այն պատկերում, որում արտահայտված է իշխանության և շուկայի միջև հարաբերությունը: Հասարակությունն իր բարեկեցության ստեղծումն ավելի բարձր է գնահատում, քան անվտանգությունն ու ազատությունը (օգտագործելով լայն հասկացությունը, որն իր մեջ ընդգրկում է տնտեսական ազատությունը նաև աղքատությունից և կարիքավորության ճնշումից): B մոդելում մենք տեսնում ենք, որ ճոճանակը բարձրացած է հակառակ ուղղությամբ, որտեղ պետությունը (կամ իշխանությունը), որքան հնարավոր է քիչ է խառնվում շուկայական ուժերի գործերին: Փողի օգտագործումն այս մոդելում նպաստում է բարեկեցությանն աշխատանքի բաժանման միջոցով և իր մեջ պարունակում է ֆինանսական ուժի կառուցվածքը կրեդիտի ստեղծման և օգտագործման միջոցով: Մեկ այլ հասարակությունում (ինչպես ուսանողական հանրակացարանում, որտեղ անհատի ազատությանը և արդարությանը տրվում է նախապատվություն) և շուկան ու պետությունը կորցնում են իրենց կարևորությունը և ավելի են հավասարվում, իսկ անվտանգությանն ու բարեկեցությանը տրվում է երկրորդական նշանակություն: Ես կոպիտ գծերով ներկայացրել եմ հավասարությունը C մոդելում: Միջազգային տնտեսության մեջ, որտեղ իշխանությունը ցրված է և կենտրոնացված չէ, և որտեղ իշխանությունն անհավասար կերպով է բաժանված երկրների միջև, գերիշխող երկիրը, որը հիմնված է այս քաղաքական տնտեսութան մոդելներից որևէ մեկի վրա, բնականաբար, կփորձի ուղղել համաշխարհային քաղաքական տնտեսությունը դեպի այդ նույն՝ իր սեփական մոդելը:
Բայց այս պատմվածքները փորձում են ցուցադրել, որ արդյունքի մասին դատողությունը նպատակների սուբյեկտիվ իրողությունն է: Միջազգային քաղաքական տնտեսությունը արմատացած է անհատական նախընտրությունների, նախապաշարմունքների և փորձի մեջ: Ամեն ինչ կախված է ընթերցողից: Իմ պատմությունները նման են լեգոյի, փոքրիկ` դանիական կոնստրուկտորական շենքերի, որոնք միանում են միմյանց անհամար տարբերակներով, որպեսզի կառուցենք այն ինչ ցանկանում ենք: Դուք կարող եք դրանցից ինչ որ բան սովորել, ինչպես խաղալիքներից, նույնիսկ, եթե դրանք լուրջ չեք ընդունում:
Strange, Susan: Authority and markets: Susan Strange’s writings on international political economy. Edited by Roger Tooze and Christopher May. Palgrave Macmillan, London, 2002.
Թարգմանությունը՝ Աստղիկ Աբրահամյանի
Սյուզան Սթրենջը (1923-1998) եղել է բրիտանացի միջազգագետ, որը հեղինակել է մի շարք հիմնարար աշխատանքներ միջազգային քաղաքական տնտեսության մասին: Կարևորագույն աշխատանքներից են «Կազինո կապիտալիզմ» (1986), «Պետություններ և շուկաներ» (1986), «Խենթ փողեր» (1998) և այլն:
Դիտվել է 708 անգամ