Սեփական արժեքների նկատմամբ որևէ մոտեցում ձևավորելուց առաջ կարևոր է դրանց որոշակի կամ գոնե մոտավոր բնութագրում տալը: Այդ արժեքների տեղը կարելի է որոնել մեզ առավել հարազատ եվրոպական արժեհամակարգում կամ դրա կողքին: Փորձենք մերօրյա հայկական ինքնությունը բնութագրող արժեքները դիտարկել և համեմատել` օգտագործելով գերմանացի սոցիոլոգ Հանս Յոասի կողմից Եվրոպայի համար հատկանշական մի քանի արժեքների բավականին հակիրճ սահմանումները:1 Ըստ այդմ, կարելի է պարզել, թե արժեքներից հատկապես որոնք են համընկնում մեր պատկերացումների հետ և ինչ գծերով է մեր փոփոխվող ինքնությունը տարբերվում եվրոպականից:
Այդ արժեքներն են`
— Ազատության գաղափարը կամ ազատության յուրահատուկ ընկալումը (որպես Ֆրանսիական հեղափոխության իդեալներից մեկը)
Հայերիս համար ազատությունը պատմականորեն եղել է հիմնարար արժեքներից մեկը, որը բազմիցս անհրաժեշտ է եղել պաշտպանել և արտաքին հակառակորդի դեմ պայքարում այն հանդիսացել է ինքնություն ձևավորող արժեքներից մեկը: Ընդ որում, ազատության դրոշը Հայաստանում երբեմն բարձրացվել է հանուն պետության, իսկ ավելի հաճախ էլ հանուն եկեղեցու: Սակայն, մյուս կողմից, հատկապես վերջին հազար տարիների ընթացքում արտաքին վտանգներից խուսափելու համար որոշակիորեն զոհաբերվել է ներքին ազատությունը: Նաև Հայաստանի ներկայիս առօրյան վկայում է այն մասին, որ մի շարք խնդիրներ կան՝ կապված ազատության գաղափարի ընկալման և դրա կիրառման հետ: Այդուհանդերձ, ազատության և հանդուրժողականության գաղափարները (եվրոպական «ապրել և թողնել, որ ապրեն» ընկալմանը համարժեք) հայկական ինքնության հենասյուներից են: Իրավական տեսանկյունից մարդու հիմնական ազատություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ՝ որպես պետության համար անմիջականորեն գործող իրավունք (Հոդված 3): Ազատության գաղափարն ամրագրված է ՀՀ Սահմանադրության ներածական մասում. «ազատասեր նախնիների սուրբ պատգամը…» «…ապահովելու համար սերունդների ազատությունը»:
Առայժմ, սահմանադրորեն ամրագրված այդ ազատությունները քաղաքացիական հանրության կողմից միայն մասամբ են կենսագործվել։ Որոշ դեպքերում դրանց նկատմամբ էական դիմադրություն գոյություն ունի։ Հանրային դիսկուրսում երբեմն կարելի է հանդիպել «նա չափազանց ազատ է» արտահայտությանը, որը մասամբ բացասական երանգ է հաղորդում ազատության իդեալին: Խնդրահարույց է հանրային գիտակցության մեջ ազատության քաղաքական ընկալումը, քանի որ այն դեռևս հայկական իրականության մեջ տարբեր կոնֆլիկտների միջոցով նոր է պրակտիկ ձևակերպում ստանում։ Միմյանց հետ մրցակցում են ազատությունը որպես «անիշխանություն», «ամենաթողություն» կամ պետության ցանկացած միջամտության մերժում կամ էլ որպես անհատի ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծում բնութագրող ընկալումները։
— Աշխարհին տիրելու պրակտիկ ռացիոնալիզմի առաջացումը (ըստ սոցիոլոգ Մաքս Վեբերի)2 որպես բողոքականության արդյունքում ձևավորված գաղափար
Չնայած վաղ շրջանի պետական ավանդույթներին և հարուստ մշակութային ժառանգությանը` նորանկախ Հայաստանում առկա է աշխարհի ուժեղների հետ մրցելու անկարողության կամ աշխարհաքաղաքական շահերի օբյեկտ լինելու որոշակի գիտակցություն, ինչը հատուկ է հիմնականում գաղութատիրության համը ճաշակած երկրներին և հատկապես Մերձավոր Արևելքին: Այս մտածողության հիմքում դրված է հետևյալ մոտեցումը. «Գերտերությունները իշխում են մեզ և ամեն ինչ կախված է նրանցից»:
Այս մոտեցումն, ըստ էության, բացառում է Հայաստանի ինքնուրույն ուժային կենտրոն դառնալու հնարավորությունը և աշխարհում ռացիոնալ կերպով տնտեսական իշխանության կառույցների ստեղծումը: Իսկ միջազգային ասպարեզում հայկական ազդեցության տարածումն ընկալվում է ընդամենը հայ անհատների կամ սփյուռքի մեծ ձեռքբերումների տեսքով և չի դիտարկվում Հայաստանի հանրության ենթատեքստում: Նման բարդույթի հաղթահարումը կապված է հատկապես աշխարհայացքի փոփոխության և տնտեսական նոր փոխհարաբերությունների ձևավորման հետ:
Այսօր հայ հանրությունը կանգնած է ռուսական կայսերապաշտական շահերի կամ դրսից հովանավորության տրամաբանությունից ազատվելու մարտահրավերի առջև: Որպես ինքնիշխան ժողովուրդ կայանալու և սեփական շահերին ուղղված ռացիոնալ քաղաքականությունն անխուսափելիորեն կապված են հետգաղութատիրական սինդրոմի հաղթահարման հետ:
— Առօրեականի կարևորումը` ի հակադրություն ոչ առօրեականի սրբացման (սակրալիզացման): Գործընթաց, որը սկիզբ է առել Վերածննդի դարաշրջանում` 15-16-րդ դդ.-ում
Շատ հաճախ Հայաստանում հանդիպում ենք այս մոտեցման հակառակ դրսևորմանը: Առօրյան ընկալվում է որպես դժվար փոփոխելի, և այն, ինչը գոյություն ունի, այդպես էլ պետք է լինի կամ անիմաստ են այն փոխելու փորձերը: Փոփոխությունն ընկալվում է որպես ոտնձգություն եղած ավանդական ինքնության տարրերի և կարծրատիպերի հանդեպ։ Դրա հետ մեկտեղ սրբացվում են վերացական գաղափարներ, որոնք առօրյայի հետ անմիջականորեն չեն առնչվում կամ չեն արտացոլվում դրանում: Դրանցից են կնոջ կամ մոր սրբացումը, ընտանիքի, ազգի, ավանդույթի վերացարկումն ու սրբացումը և այլն։
Բայց մյուս կողմից հայերիս մոտ առկա է նաև անհատական ինքնադրսևորման ուժեղ ցանկություն և նյութական բարեկեցության հասնելու վառ արտահայտված ձգտում: Այստեղ առօրեականի կարևորումը հատկապես դրսևորվում է տիպիկ պահպանողական ընկալմամբ, այն է՝ անձնական և ընտանեկան բարեկեցության հասնելու մղումով։ Այս փաստը նույնպես վկայում է այն մասին, որ առօրեականի կարևորումը առավելապես գտնվում է անհատական մակարդակի վրա, սակայն հանրության առօրյայի ու ըստ այդմ իրավագիտակցության արժեվորման և սոցիալական կապերի տեսանկյունից գրեթե չի դիտարկվել:
— Բազմազանության և բազմակարծության հանդեպ հանդուրժողականության ավանդույթը
Ընդհանրապես, հանդուրժողականությունը հայկական մշակույթի կարևորագույն առաքինություններից մեկն է: Դա արտահայտվում է թե´ շրջապատող երկրների հետ համակեցության նպատակով հանդուժողականության ընդունելի ձևերի որոնման մշտական գործընթացի և թե´ քրիստոնեության հիմնարար արժեքներից մեկը հանդիսացող հանդուրժողականության գաղափարի տեսքով:
Սակայն թե´ անցյալում և թե´ նաև ներկայում կարելի է հանդիպել անհանդուրժողականության մի շարք դրսևորումների, որոնք կապված են հիմնականում ազգային ինքնության միատարրության ապահովման միտումների հետ: Դրա դրսևորումներից են, օրինակ, հոգևորական շրջանակների կողմից «հայ լինելու» չափանիշների քննարկման փորձերը, ինչպես նաև արտաքին քաղաքական կողմնորոշումների պատճառով տարբեր մշակութային շրջանակների հետապնդումներն ու դուրս մղումը։ Դա վերաբերվում է ինչպես օտար գաղափարների ազդեցության նկատմամբ զգայունությանը, այնպես էլ ներքին կյանքում այլակարծության և քննադատական դիսկուրսի ձևավորման դժվարություններին:
Հանդուրժողականությունը բազմազանության հանդեպ հակադրվում է ավտորիտար մտածողությանը, ինչն էլ ավելի շատ նախադրյալներ է ստեղծում փակ համակարգերի ձևավորման համար։ Աշխարհով մեկ սփռված հայերի բազմազանության հավակնությունը հակասության մեջ է մտնում ներհայաստանյան կարծրացած կառույցների հետ։ 2010 թվականից ի վեր Հայաստանում ձևավորվող քաղաքացիական խմբերն էական դեր կատարեցին բազմամշակույթ հանրության սաղմերի առաջացման գործում։ Բնականաբար, մշակութային ընկալումների բազմազանությունը պահանջում է հանրային հաղորդակցության նոր մոտեցումներ։
— Ներքնաշխարհի նկատմամբ ռեֆլեքսիվ գնահատական, այսինքն մի կողմից ներքնաշխարհի կարևորում և մյուս կողմից սեփական գործունակությունը վտանգող գծերի պատճառով ներքնաշխարհի հարաբերականացում (քննադատական մոտեցում)
Հայաստանին հատուկ պատմական ուղու արդյունքում անհատը ներկայումս վեր է կանգնած պետությունից: Սակայն նման անհատապաշտությունը չի ենթադրում ռեֆլեքսիվ վերաբերմունք սեփական ներքնաշխարհի նկատմամբ: Ռեֆլեքսիան ինքնաճանաչողության և աշխարհաճանաչողության հիմնական գործոններից է, ինչը ենթադրում է ընկալել, մտածել, կասկածել, փաստարկել և հիմնավորել։ Որքան էլ հակասական է, հայ ավանդական ընտանիքն ու պետությունը ինչ որ առումով մերժում են մարդու ներքնաշխարհի կարևորումն ու ինքնորոշումը: Այս երևույթը նախևառաջ կապված է այն հանգամանքի հետ, որ անհատը չափազանց կաշկանդված է սոցիալական կապանքներով և ընտանեկան դոգմաներով, և անհատի ազատ գործունեության տարածությունը, հիմնականում, անտեսվում ու սահմանափակվում է:
Ինչ վերաբերվում է գործունակությունը վտանգող գծերին, ապա այս տեսանկյունից ներքնաշխարհի հարաբերականացումը մեծապես բնորոշ է հայկական մտածողությանը: Սակայն եթե անհատն իր ներքնաշխարհին ռեֆլեքսիվ գնահատական չի տալիս, ապա այդ ներքնաշխարհի հարաբերականացնումն էլ տեղի է ունենում պարտադրանքի և ոչ թե ռեֆլեքսիայի վրա հիմնված քննադատական մոտեցման արդյունքում։ Հատկապես, 18-րդ դարից սկսած հայ լուսավորչական շարժման ներկայացուցիչներն ու ժամանակակից մի շարք մտավորականներ սկսեցին քննադատորեն վերլուծել հայկական պատմագրության ավանդական թեզերը, հայկական ինքնության և հանրային գիտակցության կարծրատիպերը:3
— Ինքնադրսևորման (ինքնարտահայտման) արժեքի կարևորումը (18-րդ դարից սկսած), ինչը որոշիչ դեր է ունեցել 60-ականներից հետո ծագած մշակութային շարժումների համար
Մարդու ինքնադրսևորման խոչընդոտները հանդիսանում են հայ հասարակության կարևորագույն հիմնախնդիրներն ու արտագաղթի հիմնական խթանիչը: Ընդ որում, դրանց պատճառները ոչ այնքան տնտեսական են, որքան կապված են ամբողջատիրական անցյալի չհաղթահարման, ինչպես նաև անհատի կողմից արդարության գիտակցության ու քաղաքական ազատագրման գործոնների հետ:
Ինքնարտահայտման արժեքի թերի ընկալումը պայմանավորված է նաև նրանով, որ դեռևս լիարժեք կերպով չեն իմաստավորվել 60-ականների մշակութային շարժումները Հայաստանում, ինչպես նաև Արցախյան շարժման արժեքային բաղադրիչը՝ որպես սոցիալական ու համազգային շարժում: Անհատի ինքնարտահայտման նոր ձևերը հաճախ փակ տարածքում են տեղի ունենում և հանրայնացման խնդիր ունեն: Ընդհանրապես, նոր մշակութային հոսանքների ձևավորման համար էական է դրանց հանրային ու հրապարակային ցուցադրությունն ու վերարտադրությունը:
— Եվ վերջապես, վերը թվարկված այս բոլոր արժեքների հարաբերականացումը գաղութատիրության և ամբողջատիրության պատմության արդյունքում
Թերևս, շատ արժեքային պատկերացումների հարաբերականացումն ամեն դեպքում բնորոշ է հայկական մտածողությանը: Լինելով Արևելքի և Արևմուտքի սահմանագծին՝ հայկական իրականության մեջ միախառնվել և, դրա արդյունքում, հարաբերականացվել են արժեքային շատ պատկերացումներ։ Այս հանգամանքին նպաստել է նաև այն փաստը, որ վերը նշված արժեքներն իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ տեսանկյունից ամրագրում չեն ստացել և չեն բյուրեղացել։
Հաշվի առնելով Հայաստանի դիրքը եվրոպական քաղաքակրթության և Արևելքի միջև՝ էական է, թե ինչ դեր է ստանձնում մեր արժեհամակարգը մշակույթների այս խաչմերուկում: Եվրոպական հանրություն դառնալու դեպքում նույնպես առկա են մարտահրավերներ: Մի դեպքում վտանգ կա, որ Հայաստանը կարող է էլ ավելի փակվել և ընդգծել իր տարբերությունները Արևելքի ու մահմեդական հարևանների նկատմամբ: Իսկ մյուս դեպքում կարող է օգտվել այն հանգամանքից, որ Եվրոպան «բաց նախագիծ» է ու զերծ մնալ եվրոպական ինքնասահմանազատման կամ ինքնագովաբանման միտումներից՝ խթանելով քաղաքակրթությունների երկխոսությունն ու միաժամանակ ռացիոնալ մոտեցում որդեգրելով ներքաղաքական կյանքում:
․․․․․
- Joas, Hans։ Europa als Werte- und Kulturgemeinschaft, in: Gunnar Folke Schuppert/Ingolf Pernice/ Ulrich Haltern (Hg.), Europawissenschaft, Baden-Baden, 2005.
- Weber, Max: Die protestantische Ethik und der Geist des Kapitalismus, Tübingen, 1934.
- Հմմտ. Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը, «Նոյան տապան», Երևան, 2007:
Վահրամ Սողոմոնյանը, ծնված 1977 թվականին, ավարտել է ԵՊՀ գերմաներենի բաժինը: 2007թ. պաշտպանել է քաղաքագիտական դոկտորական աշխատանք Մարբուրգի Ֆիլիպս համալսարանում: Գրել է գիտական աշխատանքներ ինտեգրացիոն գործընթացների, արժեհամակարգային հարցերի և Արցախյան հիմնախնդրի մասին: Մասնակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների:
Դիտվել է 1799 անգամ