«Ապադասակարգային ինտելիգենտը» և դեկլարացիան
Այն ինտելիգենտը, որի մասին ես խոսում եմ այստեղ — «ապադասակարգային» է — գոնե այդպես է անվանում ինքը իրեն: Նրա համար մի «մարդկություն» գոյություն ունի, մի «ժողովուրդ» — և նա սիրում է ամեն ինչի նայել և քննել այն — «հավիտենության նշանի ներքո»: Նրա համար նշանակալից և արժեքավոր է միմիայն «աբսոլյուտը» — նա չի սիրում անցողականը և ժամանակավորը: Այսպես է նա «փիլիսոփայում», երբ խոսքը վերաբերում է այն բոլոր վերացական բաներին, որպիսիք են նրա կարծիքով արվեստը, փիլիսոփայությունը և այլն: Բայց հենց որ հարցը մի փոքր կոնկրետացավ, պարզ ասած՝ եթե դուք փորձեք դիպչել նրա «ժամանակավոր» բարեկեցությանն ու հանգստությանը — նա կգազազի, կմոռանա «աբսոլյուտը» և պատեհ առիթով ցույց կտա ձեզ իր մանրբուրժուական հոգու նեխած ատամները: