Ըստ Jacobin ամսագրում հրապարակված «Դասակարգային պայքարը հյուսիսում» հոդվածի՝ ադապտացրեց, թարգմանեց և խմբագրեց Աննա Շահնազարյանը։
Կար չկար, մի պապ կար։ Անունը Սանտա Կլաուս էր, ապրում էր Հյուսիսում, փայտե խաղալիքների արհեստանոց ուներ, և ինչպես ասում են՝ լավ վարպետ էր։ Խաղալիք պատրաստելու վարպետությունը սովորել էր Հյուսիսի լավագույն էլֆերից՝ անտառի ոգիներից կամ ոգեղեն թզուկներից։ Կլաուսն իր պատրաստած խաղալիքները սկզբում փոխանակում էր մոտակա գյուղական շուկաներում, բայց շուտով սկսեց դրանք տանել քաղաքներ։
Բարեբախտություն էր, թե ոչ՝ մի օր քաղաք եկած եկեղեցականները տեսան Սանտա Կլաուսի փայտե խաղալիքներն ու այս սուղ ապրանքատեսակի մեջ տեսան ներուժ՝ դրանց միջոցով բարոյական կարգապահություն հաստատելու երեխաների շրջանում, որոնք աղքատ ընտանիքներից էին ու որոնց թիվը գնալով շատանում էր։ Եկեղեցականները սկսեցին գումարներ հավաքել իրենց հովանավորներից ու միջին դասակարգի մարդկանցից, որպեսզի առատորեն վարձատրեն Սանտային՝ մի քանի ընտրյալ երեխայի փայտե խաղալիք հասցնելու համար։
Քաղաքային բնակչությունը մեծանում էր, իշխող դասակարգի խնդիրները՝ շատանում, ու Սանտայի համար անհաղթահարելի էր դառնում բավարարել ձեռքով պատրաստվող խաղալիքների պահանջարկը։ Սկզբում նա խաղալիքների արտադրությունն ընդլայնեց՝ իր ընտանիքին շահագործելով, բայց շուտով կարիք եղավ աշխատուժ փնտրել այլուր։ Բայց որքան էլ նա փորձում էր հանրային բարիքին ծառայելու ու հեռավոր աշխարհներում աղքատներին օգնելու պատմություններով համոզել Հյուսիսի էլֆերին, որ աշխատեն իր արհեստանոցում, նրանք այդպես հեշտորեն չէին համոզվում։
Սանտան նույնիսկ փորձեց պատվերներ տալու մեթոդը, ու դրա ձախողումից հետո դիմեց բռնության՝ որպես միակ միջոց ստիպելու էլֆերին աշխատել իր մոտ։ Սա անշուշտ հնարավոր չէր լինի անել առանց եկեղեցականների ու քաղաքում իշխանություն ձեռք բերող բուրժուազիայի օգնության։ Նրանց օգնությամբ Սանտան կազմակերպեց եղջերուների ստորին դասակարգին, որոնք միշտ էլ լարված հարաբերություններ ունեին էլֆերի հետ, ու խոստացավ նրանց տնտեսական ապահովություն ու սոցիալական կարգավիճակ։
Եվ այսպես, եղջերուների հրոսակախմբերը խուժեցին էլֆերի գյուղերն, ավիրեցին գյուղատնտեսական հողերը, ինչի համար շատ օգտակար եղան նրանց եղջյուրները։ Մշտական հարձակումների պատճառով շատ էլֆեր այլևս չէին կարողանում սնունդ աճեցնել ու ստիպված եղան գնալ Սանտայի մոտ աշխատելու։
Այդ ընթացքում քաղաքների իշխող դասակարգը հորինել էր պատմություններ, որպեսզի ծածկի բռնության մասին լուրերը, որոնք էլֆերի հեռավոր բնակավայրերից հասնում էին քաղաք։ Մատնանշելով, թե որքան նվերներ է Սանտան բաժանում քաղաքի երեխաներին՝ իշխող դասարակարգը հավասարեցրեց Սանտային Զմյուռնիայի Նիկողայոս հայրապետին, որը նույնպես հարուստ մարդ էր ու հայտնի էր երեխաների նկատմամբ առատաձեռնությամբ, իսկ եղջերուներին սկսեց գովել որպես վեհաստեղծ էակների։
Բայց անշուշտ, Սանտան սուրբ չէր, իսկ եղջերուները հաստատ էլֆերի ընկերները չէին։ Սանտան պարզապես հին դասային կարգը վերակազմավորեց հանուն իր նեղ շահերի։ Նա էլֆերին անջատեց գոյատևման նրանց հիմնական միջոցներից՝ եղջերուների սպառնալիքով։ Անշուշտ, դասակարգային իր դիրքը պաշտպանելու առումով սա լավ ռազմավարություն էր, որ մինչ օրս աշխատում է։
Այդուհանդերձ, եղջերուները մնում են էլֆերի թշնամիներն այնքան ժամանակ, որքան նրանք ծառայում են հանրությունում իշխանությունը յուրացրած փոքրամասնությանը։
Էլֆերի իրավիճակն ընկալելու համար անհրաժեշտ է դասակարգային վերլուծություն, առանց որի իրենց կեղեքման դեմ պայքարի ռազմավարություն էլֆերը չեն կարող մշակել։
Նույն կերպ դասակարգային վերլուծությունն է, որ կօգնի դիմակայել մեզ մատուցված պատմություններն այն մասին, թե իբր էլֆերը հոժարակամ աշխատում են Սանտայի համար՝ թշվառ վարձատրության դիմաց։ Էլֆերն անշուշտ արհեստանոց չէին մտել այն պատճառով, որ բնատուր հակումներ ունեին խաղալիքների արտադրության նկատմամբ, ոչ էլ թողել էին իրենց գյուղատնտեսական հողերը՝ շաքարեղեն ուտելու գայթակղությամբ։ Սա է պատմության կեղծիքը, թե իբր Էլֆերը Սանտա Կլաուսի մոտ աշխատում են ու դիմացը ստանում կոնֆետներ։ Նրանք դա ստիպված են եղել անել։ Նախքան եղջերուների կողմից էլֆերի հողերի ավիրումը, էլֆերն այնտեղ աճեցնում էին բազմատեսակ բանջարեղեն, որը հարմար էր տվյալ կլիմայի համար։ Նրանք նույնիսկ ողջ աշխարհում հայտնի էին շուրջ տարի մթերքը պահպանելու հմտություններով ու մեծ փորձով։ Հիմա այդ ամենը ոչնչացվել է։
Էլֆերի կախվածությունը ներմուծված շաքարից արդյունքն է սոցիալական պայմանների, որոնք նրանց վերահսկողությունից դուրս են։ Այս իմաստով, էլֆերն ավելի շատ ընդհանրություն ունեն շաքարեղեգի պլանտացիայում աշխատող գյուղացիների հետ, քան գերքաշ այս կեղեքողի, որը շահում է էլֆերի արյունից, քրտինքից ու չարքաշ աշխատանքից։
Վերջիվերջո, «նվերների տնտեսության» վերլուծության համար անհրաժեշտ է նաև դիտարկել ռեսուրսների հարցը․ չէ՞ որ տաք թխվածքները կարող են միայն Սանտայի որկորը լցնել, բայց արտադրողին ավելին է անհրաժեշտ, քան շաքարն ու ալյուրը (բացառությամբ եթե նա քաղցրեղենի արտադրող է)։ Նրան պետք է փող, որպեսզի ընդլայնի արհեստանոցն ու տեխնիկա գնի։ Բացի այդ, արհեստանոցին անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնց մի մասը Հյուսիսում առկա չէ։ Ճիշտ է, երկար ժամանակ Սանտան շահագործում էր Էլֆերի բնական պաշարները՝ փայտն ու վառելիքի հանածոները, բայց քանի որ նոր ապրանքատեսակներ ներմուծվեցին, անհրաժեշտ եղավ հավելյալ նյութեր ձեռք բերել համաշխարհային շուկայից։ Փայտե խաղալիքները սկսեցին արագորեն փոխարինվել պլաստմասե խաղալիքներով, որպեսզի հնարավոր լինի «Ամանորյա շուկայում» մրցակցել։ Սա այնքան էլ կապված չէր սպառողական պահանջարկի հետ, որքան՝ աշխատուժի ինքնարժեքը նվազեցնելու։ Չնայած Սանտային թվում է, թե ինքը նվերների փուչիկում է ապրում, բայց Ամանորյա նվերների ավելի ու ավելի մեծ մաս մասնավորեցվել է նեոլիբերալ մեր դարաշրջանում, ինչն էլ արդյունք է չինական արդյունաբերության աճից բխող գնային մրցակցության։
Սակայն մրցակցությունը չէ, որ մղել է Սանտային բարձրացնել յուրաքանչյուր աշխատող էլֆի աշխատանքային արդյունավետությունը։ Փոխարենը, նվերների ինքնարժեքը նա կարողացել է իջեցնել գոյություն ունեցող աշխատուժի աշխատանքն ավելի քրտնատանջ դարձնելու կամ աշխատանքային ժամերից դուրս հավելյալ էլֆերի աշխատեցնելու շնորհիվ։ Քանի դեռ էլֆական հավելյալ աշխատուժը միշտ հասանելի կլինի Սանտային, չի կարելի ակնկալել, որ նրան կմտահոգեն էլֆերի առողջության ու անվտանգության հետ կապված բողոքները։
Այս ամենից բացի, նվիրատվությունը որոշակի սահմաններ ունի, իսկ ահա բիզնեսմենի համար, իսկ Սանտան անհատ ձեռներեց է, հավելյալ պայմաններ են անհրաժեշտ։ Եվ ահա, Սանտան կարողանում է իր ֆինանսական հարցերը գաղտնի պահել։ Իհարկե, էլֆերը տեսնում են, որ նախքան քառամսյակային արտադրության պլանը հայտարարելը՝ Սանտան պարբերաբար նամակներ է ստանում Վատիկանից ու Վաշինգտոնից՝ «խելոք պահող» երեխաների ցանկին կից։ Ահա ֆինանսական այս օգնությունն ու «խելոք պահող» երեխաների ցուցակն է, որ պահում է «Ամանորյա» տնտեսությունը։ Սանտան արտաքին այս ֆոնդերի շնորհիվ է կարողանում ներմուծել շաքար և ապահովել էլֆերին ապաստանով՝ դիմացը ստանալով նրանց աշխատուժը։
Շատերին թվում է, թե «Աշխատավորներ համայն աշխարհի, միավորվե՛ք» լոզունգը հնացել է հետարդյունաբերական մեր ժամանակաշրջանում կամ էլֆերին ընդհանրապես չի վերաբերում, ու որ աշխատավոր դասակարգն այլևս սոցիալական փոխակերպման գործորդ չէ։ Այս մոտեցումը, սակայն, հաշվի չի առնում, թե Սանտայի արհեստանոցում ու դրանից դուրս սոցիալական ինչ պայմաններ են տիրում, ինչպես են ձևավորվել հարաբերությունները սանտայի, էլֆերի ու եղջերուների միջև և ինչպես են դրանք շարունակում վերարտադրվել։
Հյուսիսում դասակարգային ճիշտ վերլուծությունն է, որ կօգնի ցրել Սանտա Կլաուսի մասին առասպելն ու «Նոր տարվա դեմ պայքարը» դնել գիտական հիմքերի վրա։ Իսկ էլֆերը նման վերլուծությունից կշահեն այնքանով, որքանով կկարողանան ինքնակազմակերպվել ու սկսել իրենց պայքարը շահագործողի դեմ։
Դիտվել է 1927 անգամ