
Հայաստանյան հասարակությունում ամեն համեմատաբար նոր երևույթ ուշագրավ ձևափոխումների է ենթարկվում։ Ահա՛, այժմ էլ աննախադեպ թափ են ստացել խոսակցությունները հետգաղութային դրության և հարակից թեմաների շուրջ։ Բարձր պաշտոնյաներից լսում ենք խորհրդային պատկերացումները հաղթահարելու, պատմության ընկալումը վերանայելու կոչեր։ Եվ ինչպես կարելի էր ակնկալել՝ բարդ խնդիրների պարզունակեցման ու տարաբնույթ խեղաթյուրումների պակաս չկա։ Նույնիսկ շրջանառության մեջ է դրվում մի այնպիսի անհնար բառակապակցություն, ինչպիսին է «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը»։
Մինչդեռ նույն խորհրդային ժամանակներում կենտրոնական իշխանությունների փոփոխուն քաղաքականությունը միութենական հանրապետությունների նկատմամբ այնպիսի խառնակ դրսևորումներ է ունեցել, որոնց նմանը դժվար կլինի գտնել համաշխարհային գաղութատիրության պատմության մեջ․ սա լրացուցիչ դժվարություններ է հարուցում խնդիրը պարզի բերելու ճանապարհին։ Նախ, ապագաղութացման նոր ջատագովները Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ու Ռուսաստանի Դաշնության քաղաքականություններն իրարից զատելու միտում առանձնապես չեն ցուցաբերում։ Երկրորդը, խորհրդային տարբեր ժամանակաշրջանների՝ երբեմն իրար հակասող առանձնահատկությունները համառորեն չտեսնելու են տալիս։ Երրորդը, ցարական տիրապետության առանձին շրջանների կամ ելցինյան ու պուտինյան կառավարման շրջանների տարբերություններն ասես գոյություն չունենան, սակայն ակներև է, որ դրանք կան։ Հետագա շարադրանքում յուրաքանչյուր պարբերությամբ հակիրճ կանդրադառնամ կոնկրետ օրինակների՝ լուսաբանելու ընդհանուր խնդիրը։
Առանձնակի ուշադրության է արժանի խորհրդային տարիներին Հայաստանում գրագիտության սրընթաց աճը։ Օրինակ՝ 1926 թ․ կանանց շրջանում այն 19 % էր, իսկ 1939 թ․՝ 62 %։ ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանում գրագետ էր գրեթե ամբողջ բնակչությունը։ Ի տարբերություն նույն Ֆրանսիայի ու Բրիտանիայի գաղութային քաղաքականության, կրթության համար ավելի շատ խրախուսվում էր հայերենի գործածումը, քան ռուսերենինը։ Թեև այստեղ կա մի կարևորագույն հանգամանք, որն աչքաթող անելու դեպքում հարցը կարող է նենգափոխվել․ հայերենն ինքը (հատկապես ստալինյան շրջանից սկսած) զարգանում և ձևափոխվում էր ռուսերենի ազդեցության ներքո, տոգորված էր ռուսաբանություններով և այդ լեզվին հատուկ շարահյուսությամբ։ Մինչդեռ այսօր՝ անկախության 34-րդ տարում, ահազանգում են գրագիտության կտրուկ անկման մասին՝ նշելով տագնապալի թվեր։ Լեզվի զարգացումն այն բազմաբարդ խնդիրներից մեկն է, որը թույլ չի տալիս դրական կամ բացասական պարզ գնահատական հնչեցնել․ հետագաղութային ուսումնասիրություններում (նախկին խորհրդային երկրների դեպքում առավել, քան մյուսներում) անհրաժեշտ է երկդիմություններին, իրարամերժ դրսևորումներին ու անորոշություններին բաց աչքերով նայել։ Խուսափելու, պարզունակեցնելու կամ զոռով կրճատելու փոխարեն կարելի է ուսումնասիրելու միջոցով նախ ճանաչել դրանք։ Այս պարբերության ավարտին ավելորդ չի լինի նշել, որ ռուսերենից ներմուծված որոշ ձևեր այսօր էլ մնում են նախընտրելի, քանի դեռ դրանց այլընտրանքներն ավելի անտաշ են։ Խնդիրը հայցում է բարեխիղճ աշխատանք ամեն առանձին դեպքի համար և չունի ընդհանրական ու արագ լուծում։
Բարդ հարցերը պարզունակեցնելու սիրահարներին հատուկ է մեկ այլ խոտորում․ ապագաղութացման մասին խոսելիս նրանք հարցն իրենցից դուրս են դնում։ Այլ մարդկանց ճշմարտացիորեն մեղադրում են ռուսականությունը գիտակցաբար կամ անգիտակցորեն վերարտադրելու մեջ, բայց պատրաստ չեն ճանաչելու, որ իրենք էլ զերծ չեն այդ ինքնաբեր սովորությունից։ Տարիներ շարունակ թեմայի վերաբերյալ բավականաչափ գրականություն ուսումնասիրելուց հետո ես չեմ կարող պնդել, թե լիովին պաշտպանված եմ գաղութացված մշակույթը վերարտադրելու թակարդից։ Իսկ այդ մարդիկ թեմային վերաբերող քա՞նի գիրք են իրենց ձեռը վերցրել։ Ուրեմն, նախ և առաջ արժի թույլ տալ այն միտքը, որ այս առումով հենց քո հետ ինչ-որ բան այն չէ, այնուհետև անցնել այլոց քննադատելուն։ Այս գրության խնդրո առարկան պատած թնջուկներից մեկն էլ սա է։
Դժվար է պատկերացնել արևմտյան գաղութատիրության մի օրինակ, որի արդյունքում այդքան արագ առաջ գար օպերային թատրոն, այլ արվեստային ու մշակութային հաստատություններ, բազմաթիվ համալսարաններ/ինստիտուտներ հիմնելու, մեծաքանակ բնակարաններ կառուցելու և անվճար տրամադրելու (թեկուզև երբեմն կաշառքի դիմաց) հնարավորություն, ինչպես որ եղավ խորհրդային շրջանում։ Մյուս կողմից էլ կարելի է ռիսկի դիմել և ասել՝ դժվար է պատկերացնել այնպիսի դաժան ու ճնշիչ քաղաքականություն, ինչպիսին որ Հայաստանը (և ոչ միայն Հայաստանը) փորձառել է ստալինիզմի տարիներին։ Երկու դեպքի համար էլ իբրև համեմատություն կարելի է դիմել հայ-ռուսական հարաբերությունների մինչխորհրդային և հետխորհրդային շրջաններին։ Ահա ևս մեկ՝ խիստ բևեռացված իրողություն, որից դժվար է պատշաճորեն գլուխ հանել։
Արժի անդրադառնալ նաև 1828 թ․ տեղի ունեցած իրադարձության մեկնաբանություններին։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ պատմության դպրոցական դասագրքի շուրջ, որտեղ գրված էր, թե Ռուսաստանը գաղութացրել է Հայաստանը։ Մինչ այդ իշխող մոտեցումն այն էր, թե ազատագրել է իրանական լծից։ Եթե մեզ թույլ տանք կարճ ու կտրուկ լինել, կարող ենք պնդել, թե այդ իրադարձության շնորհիվ այժմյան Հայաստանի տարածքն ու դրա բնակչությունն ազատվեց իրանական տիրապետությունից և հնարավորություն ստացավ Ռուսաստանի միջոցով արևմտյան մշակույթին ու քաղաքականությանն ավելի սերտ հարվելու, ինչն արդիականացնող զգալի ազդեցություն բերեց հետագա տարիներին։ Սա չեղարկո՞ւմ է այն պնդումը, թե Հայաստանն անցել է Ռուսաստանի գաղութային տիրապետության տակ․ ո՛չ, չի՛ չեղարկում։ Ըստ իշխող տրամաբանության՝ կա՛մ ազատագրել է, կա՛մ գաղութացրել․ այդ երկուսի արանքում այլ բան լինել չի կարող։ Մինչդեռ, եթե հարցը երկարաժամկետ առման մեջ դնենք, եղելությունը հենց այդ երկուսի արանքում է սկսում երևան գալ։
Փորձելով ամփոփել՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից (եթե համարենք, որ նման ընդհանրական կառուցվածք դեռ գոյություն ունի), ոչ էլ մեկ այլ խոշոր կենտրոնից երբևէ դժվար դիտեն Հայաստանը մի այնպիսի տեսանկյունից, որն ամբողջությամբ զերծ լինի գաղութացնողի հայացքից։ «Հայաստանակենտրոն» գոչողներն էլ ցավոք կասկած չունեն, որ այդ «հայաստանակենտրոնը» խորքում նույն ռուսական և արևմտյան հայացքների մի ամորֆ խառնուրդ է՝ եղածի խառնիխուռն վերարտադրությունը, և ոչ երբեք՝ նորը ստեղծելուն ուղղված հետևողական աշխատանքի արդյունք։ Եվ Ռուսաստանը նզովողների շրջանում էլ արդեն երևում է Արևմուտքի հայացքի առաջ հլու կեցվածք ընդունելու՝ մեկ գաղութային մշակույթը մյուսով փոխարինելու մղումը։ Այս առումով բավական հեգնական է օսկարակիր «Անորա» ֆիլմի ընկալումը․ մինչ շատերն ուրախանում են ամերիկյան ֆիլմի հաջողությամբ, որի հերոսներից երկուսը հայ են, հայալեզու տիրույթում ինձ ընդամենը երկու տեղ հանդիպեսց հաստակ ձևակերպում, թե ֆիլմի հայ պերսոնաժները ռուս օլիգարխի կամակատար են։ Ձևակերպումներից մեկում կամակատարությունը նաև դիտվում էր իբրև հայերի կերպարի դիպուկ ներկայացում։ Մյուսում նկատվում էր, թե ֆիլմի հեղինակը մտադիր չի եղել այդ կերպարներին հաղորդել հավաքական հայությունը ներկայացնելու գործառույթ։ Սակայն մշակույթի տեսություններից փոքրիշատե գլուխ հանողի մտքում անխուսափելիորեն հարց է հասունանում՝ եթե հեղինակին հարկավոր էին նման կլիշեավորված կերպարներ, ի՞նչու են դրանք հենց հայ, այլ ոչ ուրիշ մի բան։ Եթե չլիներ ռուս օլիգարխիական ընտանիքը, հնարավոր կլինե՞ր հայերի այդպիսի դուետի երևումը նմանօրինակ ֆիլմում։ Թեև հեղինակը հայ հավաքականությունը մարմնավորող կերպարներ կերտելու խնդիր իսկապես չի դրել, հայ հասարակությունը, ինչպես պետք էր ակնկալել, բուռն կերպով է արձագանքում ֆիլմին և դրա հետ կապված իրադարձություններին։ Այստեղ թերևս տեղին է հիշել դասականին․ «Եթե կա վճռականություն …. ֆիլմերն առերեսելու ընկալման համատեքստում, հարկավոր է ավելի նրբանկատորեն վարվել, քան բովանդակության ավանդական վերլուծությունները, որոնք անխուսափելիորեն առաջին հերթին հիմնվում են ցանկացած ֆիլմի մտայնությունների վրա և անտեսում այդ մտայնությունների և դրանց գործած իրական ազդեցության միջև հնարավոր ճեղքը: Սակայն այս ճեղքը ներհատուկ է այդ արտահայտչամիջոցին [կինոյին]»։ Եվ կարելի է ասել (անկախ հեղինակի նախնական մտադրությունից), թե հայերի երևումը ֆիլմում իբրև ռուսների լծորդ այդքան էլ անմեղ պատահմունք չէ, այլ անուղղակիորեն արտացոլում է որոշակի պատկերացումներ։ Տեղյակ եմ, որ ֆիլմի ռեժիսորը և հայ դերասաններից մեկը մտերիմ են և վաղուց են համագործակցում, սակայն այդ հանգամանքը ոչ մի կերպ չի փոխում վերն առաջ քաշած հարցերի նշանակությունը։ Ուրեմն, ընդհանուր առմամբ ի՞նչ կարելի է անել․ չգիտեմ, ես նման մեծ հարցերի պատասխանը չունեմ։ Բայց կարող եմ ենթադրել, որ իբրև հասարակություն առկա դրությունն անմնացորդ ընդունելը գուցե բարերար ազդեցություն բերի։ Այլապես դրվագային ժեստերը, կիսատ-պռատ վերլուծություններն ու «գաղափարախոսության նախագծերը» վերանայման փորձ համարելով հեռուն չես գնա։
Հանուն արդարության հարկ է նշել, որ ապագաղութացման ռուսասեր հակառակորդներն իրենց գավառամտությամբ ամենևին հետ չեն մնում, նույնիսկ հաճախ գերազանցում են նորելուկ ջատագովներին։ Վերջերս լայն շրջանառության մեջ հայտնված բառերը լսել են, անհանգաստություն զգում են, բայց իրենց նեղություն չեն տալիս ու թեմային առնչվող մի քանի գիրք ձեռքը վերցնում լեզվին զոռ տալուց առաջ։
Հ. Գ. Հետգաղության ուսումնասիրություններին և հարակից բնագավառներին դիմողները երբեմն մոռանում են նշել Հրաչ Բայադյանի անունը, որն առանջինն է սկսել այդ գործը Հայաստանում և շարունակում է մնալ գիտական այդ բնագավառի ամենաշրջահայաց հետազոտողը։ Պահի թելադրանքով պատճենում են նրա մտքերը՝ հաճախ զգալաչափ աղավաղելով, և ըստ այդմ՝ հղում տրամադրելն էլ մոռանում։
1 Ronald Grigor Suny, Looking toward Ararat, Indiana University Press, Bloomington and Indianapolis, 1993, p. 153
2 Theodor W. Adorno, The Culture Industry: Selected Essays on Mass Culture, Routledge, 2001, p. 181
Դավիթ Ստեփանյանն ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի բաժինը: 2004 թվականից ի վեր հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդաշարեր և սոցիալական ու քաղաքական թեմաներով ֆիլմեր: Վերջին տարիներին ավելի շատ զբաղվում է մշակութային ուսումնասիրություններով։ Դավիթ Ստեփանյանը Քաղաքական դիսկուրս հանդեսի խմբագրակազմի անդամ է։
Դիտվել է 168 անգամ