Խորը կսկիծով իմացանք, որ սույն թվականի սեպտեմբերի երկուսին կյանքից հեռացել է մարդաբան Դեյվիդ Գրեբերը։ Նրա «Պարտք․ առաջին հինգ հազար տարին» էսսեի հայերեն թարգմանությունը տարիներ առաջ հրատարակել էինք «Քաղաքատնտեսություն» ժողովածուի մեջ և այսօր որոշեցինք այն հրապարակել նաև մեր կայքում՝ որպես հարգանքի տուրք ականավոր պրոֆեսորի հիշատակին։
Ստորև ներկայացվում է մարդկության պատմության մեջ պարտքի և փոխ առնված գումարների վերաբերյալ ընդգրկուն հետազոտական նախագծից մի հատված։ Սույն նախագծի առաջին և ապշեցուցիչ եզրակացությունն այն է, որ տնտեսության զարգացման պատմության ուսումնմնասիրություններում մենք հակված ենք հետևողականորեն անտեսել բռնության, պատերազմի և ստրկատիրության խիստ առանցքային դերն այսօր «տնտեսություն» կոչվողի հիմնմնական ինստիտուտների ստեղծման և ձևավորման գործում։ Ավելին՝ ակունքները կարևոր են։ Բռնությունը կարող է անտեսանելի լինել, սակայն այն մնում է դրոշմված մեր տնտեսական ողջախոհության բուն տրամաբանության մեջ և պայմանավորում այն ինստիտուտների ինքնին ակնհայտ բնույթը, որոնք երբեք գոյություն չէին ունենա և չէին էլ կարող երբևէ գոյություն ունենալ ժամանակակից պետություններին վերապահված բռնության մենաշնորհից և բռնության կանոնավոր սպառնալիքից դուրս։
Թույլ տվեք սկսել ստրկության ինստիտուտից, որի դերը, իմ կարծիքով, առանցքային է։ Գրեթե մշտապես և ամենուր ստրկությունը դիտարկվում է որպես պատերազմի հետևանք։ Երբեմն ստրուկների մեծ մասն իրականում պատերազմի ժամանակ գերեվարվածներն են, երբեմն՝ ոչ, բայց գրեթե մշտապես պատերազմը դիտվում է որպես այս ինստիտուտի հիմք և արդարացում։ Եթե դու հանձնըվում ես պատերազմում, ապա հանձնում ես հենց կյանքդ. հաղթողն իրավունք ունի սպանել քեզ և հաճախ այդպես էլ վարվում է։ Եթե որոշի քեզ չսպանել, ապա, բառացիորեն, կյանքդ նրան ես պարտք. պարտք, որն ընկալվում է որպես բացարձակ, անսահման և անժամկետ։ Սկզբունքորեն, նա կարող է կորզել կամեցածը. ամեն պարտք՝ պարտավորություն, առ ոչինչ է համարվում՝ լինի փոխ առնված (ընկերոջից, ընտանիքից, քաղաքական նախկին համախոհներից), թե փոխ տրված: Այժմ լոկ գոյություն ունի քո պարտքը տիրոջդ:
Այսպիսի տրամաբանությունն ունի առնվազն երկու հետաքրքիր հետևանք, թեև կարելի է ասել, որ դրանք բավականին հակամետ են։ Առաջինը, ինչպես բոլորս գիտենք, ստրկության ևս մեկ՝ տիպական և թերևս որոշիչ հատկանիշն է. ստրուկներին կարելի է գնել կամ վաճառել։ Այս դեպքում բացարձակ պարտքը (մեկ այլ համատեքստում՝ պարտքը շուկայում) այլևս դադարում է բացարձակ լինել։ Փաստորեն, կարելի է ճշգրիտ կերպով որոշել դրա քանակական արժեքը։ Կա բավարար հիմք համարելու, որ հենց այս գործողությունը թույլ տվեց սկզբնապես ստեղծել ժամանակակից փողի պես մի բան, քանի որ մարդաբանների կողմից ժամանակին «պրիմիտիվ փող» կոչվող տեսակը, որը կարելի էր գտնել պետականություն չունեցող հասարակություններում (Սողոմոնյան կղզու փետուրե արժույթը, իրոկեզների վամպումը), ոչ այնքան ապրանքներ վաճառելու և գնելու, որքան ամուսնությունների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման, արյան վրեժի լուծման և մարդկանց միջև այլ հարաբերությունների կարգավորման միջոց էր։ Օրինակ՝ եթե ստրկությունը պարտքի տեսակ է, ապա պարտքը կարող է հանգեցնել ստրկության։ Բաբելոնցի գյուղացին կարող էր արծաթով հարմար գումար վճարած լինել իր կնոջ ծնողներին՝ պաշտոնականացնելու իրենց ամուսնությունը, բայց ոչ մի իմաստով նա այդ կնոջ սեփականատերը չէր։ Նա, անշուշտ, չէր կարող գնել կամ վաճառել իր երեխաների մորը։ Սակայն ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե նա վարկ վերցրած լիներ։ Սնանկանալու դեպքում վարկատուները կարող էին առաջին հերթին առգրավել նրա ոչխարները և կահույքը, ապա՝ տունը, դաշտերը և այգիները, և ի վերջո նաև կնոջը, երեխաներին ու նույնիսկ հենց իրեն՝ որպես պարտքի դիմաց ճորտերի, մինչև որ այդ հարցը չկարգավորվեր (իսկ այդ լուծումը, իհարկե, ավելի ու ավելի դժվարանալու էր, քանի որ նա կորցրել էր իր բոլոր պաշարները)։ Պարտքն այն առանցքային գործոնն էր, որ թույլ տվեց պատկերացում ձևավորել փողի մասին՝ նրա ներկա իմաստին մոտ ընկալմամբ, և այդ իսկ պատճառով նաև ստեղծել այն, ինչը մենք շուկա ենք անվանում. հարթակ, որտեղ ամեն բան կարող է գնվել և վաճառվել, որովհետև բոլոր առարկաները (ստրուկների նման) ազատվում են նախկին սոցիալական հարաբերություններից և գոյություն ունենում միայն փողի հետ հարաբերությամբ։
Բայց միաժամանակ պարտքի՝ որպես զավթման տրամաբանությունը, ինչպես արդեն նշել եմ, կարող է գնալ այլ ուղղությամբ։ Պատմության ընթացքում արքաները, սովորաբար, խորապես երկակի վերաբերմունք են ունեցել առ այն, որ պարտքի տրամաբանությանը թույլ տրվի ամբողջապես վերահսկողությունից դուրս գալ։ Սա պայմանավորված չէ նրանց՝ շուկաների նկատմամբ թշնամական վերաբերմունքով։ Ընդհակառակը՝ նրանք, սովորաբար, խրախուսել են շուկաների գոյությունը այն պարզ պատճառով, որ արքունիքին անհարմար է եղել անհրաժեշտ ամեն բան (մետաքսը, մարտակառքերի անիվները, ֆլամինգոյի լեզուները, լազուրիտը) հարկերի տեսքով ուղղակիորեն գանձել հպատակ բնակչությունից. շատ ավելի հեշտ էր խրախուսել շուկաների գոյությունը և հետո գնել պահանջվող բաները։ Վաղ շրջանում շուկաները հաճախ հետևում էին բանակներին կամ արքայական շքախմբերին, ձևավորվում էին պալատների մոտ կամ ռազմական կայազորերի մատույցներում։ Սա իրականում օգնում է բացատրել արքունի պալատների բավականին անհասկանալի վարքը. ի վերջո, քանի որ արքաներն էին, սովորաբար, վերահսկում ոսկու և արծաթի հանքերը, ո՞րն էր այդ մետաղների կտորների վրա սեփական կիսադեմը դրոշմելու, այդ դրամը բնակչության գլխին թափելու և հետո դրանք հարկերի տեսքով վերադարձնելու պահանջի իմաստը։ Դա իմաստ ուներ միայն այն դեպքում, եթե հարկերի գանձումն իրականում այն միջոցն էր, որով կարելի էր ստիպել բոլորին ձեռք բերել մետաղադրամնմներ՝ խթանելու շուկաների ձևավորումը, քանի որ շուկաների գոյությունը մոտակայքում հարմար էր։ Այնուամենայնիվ, մեր ներկա նպատակներից ելնելով՝ վճռական հարցը հետևյալն է. ինչպե՞ս էին արդարացվում այս հարկերը։ Ինչու՞ էին հպատակները պարտավոր դրանք վճարել, ի՞նչ պարտք էին մարում նրանք՝ վճարելով հարկեր։ Այստեղ նորից վերադառնում ենք նվաճողի իրավունքին։ (Իրականում Հին աշխարհում ազատ քաղաքացիները, լինեին նրանք Միջագետքում, Հունաստանում թե Հռոմում, հաճախ ստիպված չէին ուղղակի հարկեր վճարել հենց այս պատճառով, բայց ես ակնհայտորեն պարզեցնում եմ այս հարցը)։ Եթե արքաները հավակնում էին իշխանության իրենց հպատակների կյանքի և մահվան վրա նվաճողի իրավունքի շնորհիվ, ապա նրանց հպատակների պարտքերն էլ, վերջին հաշվով անսահման էին։ Բացի այդ՝ առնվազն այս համատեքստում, նրանց միջև հարաբերությունները, միմյանց ունեցած պարտքերը նույնպես անկարևոր էին։ Գոյություն ունեցող միակ կարևոր բանը արքայի հետ նրանց հարաբերությունն էր։ Սա իր հերթին բացատրում է, թե ինչու էին արքաները և կայսրերը փորձում մշտապես կառավարել իշխանությունը, որ տերերն ունեին ստրուկների, իսկ պարտատերերը՝ պարտապանների նկատմամբ։ Նրանք առնվազն պնդում էին (եթե ունենում էին այդքան իշխանություն), որ այն գերիները, որոնց կյանք էր բախշվել, այլևս ենթակա չէին իրենց տերերի կողմից սպանվելու։ Փաստորեն, միայն իշխողներն էին, որ կամական իշխանություն ունեին կյանքի և մահվան նկատմամբ։ Մարդու վերջնական պարտքը պետության առաջ էր. այն միակն էր, որ իրոք սահմանափակում չուներ, կարող էր ներկայացնել բացարձակ, տիեզերական պահանջներ։
Ես սա շեշտում եմ այն պատճառով, որ այս տրամաբանությունը պահպանվել է մինչև այսօր։ Երբ մենք խոսում ենք ինչ–որ «հասարակության» (լինի ֆրանսիական թե Ճամայկայի) մասին, մենք իրականում խոսում ենք որոշակի ազգային պետության կողմից կազմակերպված մարդկանց մասին։ Ամեն դեպքում դա է չբարձրաձայնվող մոդելը։ «Հասարակություններն» իրականում պետություններ են, պետությունների տրամաբանությունը նվաճման տրամաբանությունն է, նվաճման տրամաբանությունը, վերջին հաշվով, նույնական է ստրկատիրության տրամաբանությանը։ Ճիշտ է, պետության ջատագովների ձեռքին սա վերածվում է ավելի բարյացակամ՝ «սոցիալական պարտքի» հասկացության։ Այս առնչությամբ մի կարճ պատմություն կա, առասպելի պես մի բան։ Մենք բոլորս ծնվել ենք հասարակության առջև անսահման պարտքով, որը մեծացրել, խնամել, կերակրել ու հագցրել է մեզ, պարտք այն վաղուց մեռածների առաջ, որոնք հորինել են մեր լեզուն և ավանդույթները, բոլոր նրանց առաջ, ովքեր հնարավոր են դարձրել մեր գոյությունը։ Հնում մարդիկ կարծում էին, որ այս ամենի համար պարտական են աստվածներին (փոխհատուցումը կատարվում էր զոհաբերություններով, կամ իրականում զոհաբերությունն ընդամենը տոկոսների վճարումն էր, իսկ պարտքը վերջնականապես մարվում էր մահվամբ)։ Ավելի ուշ՝ պարտատիրոջ գործառույթը ստանձնեց պետությունը՝ ինքնին երկնային մի ինստիտուտ, որտեղ հարկերը եկան փոխարինելու զոհաբերություններին, իսկ զինվորական ծառայությամբ էլ վճարվում էր կյանքի դիմաց ունեցած պարտքը։ Փողը պարզապես այս սոցիալական պարտքի որոշ ձևն է, որով այն կառավարվում է։ Քեյնսականները համակրում են այս տրամաբանությանը, այն նաև դուր է գալիս տարբեր հոսանքների սոցիալիստ սոցիալ–դեմոկրատներին, անգամ՝ Օգյուստ Կոնտի նման ծպտյալ ֆաշիստներին (որն առաջինն է, ըստ իմ տեղեկությունների, շրջանառության մեջ դրել «սոցիալական պարտք» արտահայտությունը)։ Բայց այդ տրամաբանությունը նստած է մեր ողջախոհության գրեթե բոլոր անկյուններում։ Օրինակ՝ դիտարկենք հետևյալ արտահայտությունները. «վճարել պարտքը հասարակությանը», կամ «ես զգում էի, որ ինչ–որ բան եմ պարտք իմ երկրին», կամ «ես ուզում էի ինչ–որ բան վերադարձրած լինել»։ Այսպիսի դեպքերում փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները, փոխադարձ հանձնառությունները, այսինքն՝ այնպիսի հարաբերությունները, որոնք բնորոշ են իսկապես ազատ մարդկանց, մշտապես ամփոփվում են «հասարակություն» հասկացության այն սահմանման մեջ, ըստ որի՝ մենք բոլորս հավասար ենք, միայն որպես բացարձակ պարտապաններ, թագավորի՝ (այժմ արդեն անտեսանելի) կերպարի առջև, որը փոխարինում է մեր մորը, ապա և, նույն տրամաբանությամբ, ողջ մարդկությանը։
Ուրեմն ես առաջ եմ քաշում հետևյալը. թեև դիմազուրկ շուկայի և «հասարակության» պահանջները հաճախ են համեմատության մեջ դրվում (իսկ դրանք, ինչ խոսք, ըստ իրավիճակի փոխատեղվելու իրենց հակումը շատ անգամ են դրսևորել), երկուսն էլ հիմնված են բռնության խիստ միանման տրամաբանության վրա: Եվ սա զուտ պատմական ակունքներին վերաբերող հարց չէ, որ որպես անհետևանք մի բան կարելի լինի անտեսել: Ո՛չ պետությունները կարող են գոյություն ունենալ առանց ուժի անընդհատ սպառնալիքի, ո՛չ էլ շուկաները։
Գուցե հարցնեք՝ այդ դեպքում որն է այլընտրանքը։
Դեպի վիրտուալ փողի պատմություն
Այստեղ ես կարող եմ վերադառնալ իմ նախնական դրույթին, որ փողն ի սկզբանե ի հայտ չի եկել իր այս սառը, մետաղական, դիմազուրկ տեսքով։ Այն սկզբնապես ի հայտ է գալիս որպես չափ, վերացարկում, բայց նաև որպես մարդկանց միջև (պարտքի և պարտավորության) հարաբերություն։ Կարևոր է նկատել, որ պատմականորեն ապրանքային փողն է, որ ամենաուղղակի կերպով կապված է եղել բռնությանը։ Ինչպես ասել է մի պատմաբան. «Ձուլակտորը պատերազմի պարագա է, ոչ՝ խաղաղ առևտրի»։
Պատճառը պարզ է։ Դրամապրանքը (commodity money), մասնավորապես ոսկու կամ արծաթի տեսքով, տարբերվում է վարկադրամից (credit money) առավելապես իր խիստ հրապուրիչ հատկանիշով. այն կարելի է գողանալ։ Քանի որ ոսկու կամ արծաթի ձուլակտորը տոհմաբանություն չունեցող իր է, պատմության ընթացքում այն հիմնմնականում խաղացել է ժամանակակից թմրադեղեր վաճառողի՝ դոլարի թղթադրամնմներով լի ճամպրուկի դերը՝ որպես պատմություն չունեցող առարկա, որը կարելի է ընդունել՝ փոխանակելով այլ արժեքավոր իրերի հետ. գրեթե ամենուր՝ առանց հարցերի տեղիք տալու։ Արդյունքում կարելի է մարդկության պատմության վերջին 5000 տարին դիտարկել որպես հերթագայության պատմություն։ Վարկային համակարգերն ի հայտ են գալիս և դառնում տիրապետող հարաբերական սոցիալական խաղաղության պայմաններում վստահության ցանցերի միջոցով, որոնք ստեղծվում են պետությունների կամ ավելի հաճախ անդրազգային հաստատությունների կողմից, մինչդեռ ազնիվ մետաղները փոխարինում են դրանց համատարած թալանի ժամանակներում։ Գիշատիչ վարկային համակարգերը, անշուշտ, գոյություն են ունեցել բոլոր ժամանակներում, բայց թվում է՝ դրանք առավել վնասակար ազդեցություն են ունեցել այն ժամանակահատվածներում, երբ առավել հեշտ է եղել փողի կանխիկացումը։
Այսպիսով, որպես ներկա պատմական պահը սահմանող մեծ ռիթմերի նշմարման փորձի մեկնակետ՝ թույլ տվեք առաջարկել եվրասիական պատմության շրջափուլերի հետևյալ բաժանումը՝ համաձայն վիրտուալ և մետաղյա փողի ժամանակաշրջանների միջև հերթագայության սկզբունքի.
I. Առաջին ագրարային կայսրությունների դարաշրջանը (մ.թ.ա. 3500–800 թվականներ)
Փողի գերիշխող ձևը՝ վիրտուալ վարկադրամ
Առավելագույն գիտելիքը, որ ունենք փողի ծագման մասին, մեզ տանում է մինչև Հին Միջագետքի ժամանակաշրջան, բայց կարծես ոչ մի հատուկ պատճառ չկա ենթադրելու, թե իրողություններն արմատապես տարբերվել են Եգիպտոսում փարավոնների օրոք, Բրոնզի դարի Չինաստանում կամ Ինդոսի հովտում։ Միջագետքի տնտեսությունում տիրապետում էին մեծ հանրային հաստատությունները (տաճարները և պալատները), որոնց բյուրոկրատ կառավարիչները կարողացել էին ստեղծել արդյունավետ գործող հաշվարկային արժույթ՝ հաստատելով ֆիքսված համարժեք արծաթի և հիմնմնական գյուղատնտեսական մշակաբույսի՝ գարու միջև։ Պարտքերը հաշվարկվում էին արծաթով, բայց արծաթը հազվադեպ էր օգտագործվում գործարքների ժամանակ։ Փոխարենը՝ վճարումնմները կատարվում էին գարով կամ որևէ այլ ապրանքով, որը տվյալ պահին ձեռքի տակ էր և ընդունելի։ Մեծ պարտքերը գրանցվում էին սեպագիր սալիկների վրա, որոնք պահվում էին երկու կողմերի մոտ որպես գործարքի երաշխիք։
Իհարկե, շուկաներ կային։ Տաճարի կամ պալատի կալվածքներում ու տարածքներում չարտադրված և, այդպիսով, գնային սահմանված սանդղակներով չկառավարվող որոշ ապրանքների գները միտված էին տատանվելու՝ ըստ առաջարկի և պահանջարկի վայրիվերումնմների։ Բայց ամենօրյա առքուվաճառքի գործողությունների մեծամասնությունը, հատկապես նրանք, որոնք իրականացվում էին ոչ բոլորովին անծանոթ մարդկանց միջև, թվում է՝ կատարվել են ապառիկ։ «Գարեջրավաճառ կանայք» կամ տեղի պանդոկապանները մատուցում էին, օրինակ՝ գարեջուր, երբեմն էլ վարձով սենյակներ էին տրամադրում, իսկ հաճախորդները հիմնմնականում պարտքով էին գրվում ու բերքահավաքի ժամանակ ուղարկում ամբողջ գումարը: Շուկայի վաճառողները ենթադրաբար վարվում էին այնպես, ինչպես Աֆրիկայի և Միջին Ասիայի մերօրյա փոքր շուկաներում՝ կազմելով վստահելի հաճախորդների ցուցակներ, որոնց նրանք կարող էին ապառիկ ապրանք տալ։
Տոկոսով փոխատվության սովորույթը նույնպես ի հայտ է գալիս Շումերում, բայց այն հայտնի չէր, օրինակ՝ Եգիպտոսում։ Ֆիքսված 20 տոկոս տոկոսադրույքները մնացին կայուն 2000 տարի։ (Սա կառավարության կողմից շուկայի նկատմամբ վերահսկողության նշան չէր. այս փուլում այսպիսի ինստիտուտների շնորհիվ էր շուկան հնարավոր դառնում)։ Սա, այնուամենայնիվ, հանգեցրեց մի շարք լուրջ սոցիալական խնդիրների։ Հատկապես վատ բերքի տարիներին գյուղացիներն անհուսորեն պարտքային կախվածության մեջ էին ընկնում հարուստներից՝ ստիպված լինելով նրանց զիջել իրենց ֆերմաները, ապա նաև իրենց ընտանիքի անդամնմներին՝ որպես ճորտեր պարտքի դիմաց։ Թվում է, թե այս վիճակն աստիճանաբար վերաճեց սոցիալական ճգնաժամի՝ ոչ այնքան հանգեցնելով ժողովրդական ապստամբությունների, որքան հասարակ մարդկանց կողմից քաղաքները և բնակավայրերն ամբողջովին լքելուն և կիսաքոչվոր «ավազակների» և հրոսակների վերածվելուն։ Յուրաքանչյուր նոր իշխողի համար շուտով ավանդույթ դարձավ մաքուր էջից սկսելը, պարտքերի զրոյացումը և ընդհանուր համաներում կամ «ազատություն» հռչակելը, որպեսզի պարտքի դիմաց ճորտացված բոլոր աշխատողները կարողանային վերադառնալ իրենց ընտանիքները։ (Այստեղ նշանակալի է այն, որ բոլոր մարդկային լեզուներում «ազատություն» իմաստը կրող առաջին մեզ հայտնի բառը շումերերեն «ամարգա»ն է, որը տառացիորեն նշանակում է «վերադարձ մոր մոտ»)։ Աստվածաշնչյան մարգարեները հաստատեցին նմանատիպ մի սովորույթ՝ Հոբելյանը, ըստ որի՝ յոթ տարի անց բոլոր պարտքերը նույն կերպ չեղարկվում էին։ Սա Նոր Կտակարանի «թողություն» հասկացության ուղղակի նախատիպն է։ Ինչպես նշել է տնտեսագետ Մայքլ Հադսոնը, համաշխարհային պատմության դժբախտություններից է, որ տոկոսով փոխատվության ինստիտուտը տարածվեց Միջագետքի սահմաններից դուրս՝ հիմնմնականում թոթափելով ծագման շրջանի զսպման և հակակշռման մեխանիզմնմները։
II. Առանցքային ժամանակաշրջան
(մ.թ.ա. 800 — մ.թ. 600 թվականներ)
Փողի գերակշռող ձևը՝ դրամահատում և մետաղե ձուլակտորներ
Այս ժամանակաշրջանում էր, որ ի հայտ եկավ դրամահատումը, ինչպես նաև ծնունդ առան բոլոր գլխավոր համաշխարհային կրոնները՝ Չինաստանում, Հնդկաստանում և Միջին Արևելքում։
Չինաստանում Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանից մինչև Հնդկաստանի մասնատումը և Հռոմեական կայսրության ընդլայմանը (և հետագայում՝ տրոհմանը) ուղեկցող կոտորածը և զանգվածային ստրկացումը աշխարհի մեծ մասում տպավորիչ ստեղծարարության, բայց և գրեթե նույնքան տպավորիչ բռնության դարաշրջան էր։
Դրամահատումը, որը հնարավարություն տվեց ոսկու և արծաթի՝ որպես փոխանակամիջոցի իրական օգտագործումը, նաև հնարավոր դարձրեց շուկաների առաջացումը՝ այժմ մեզ առավել հայտնի դիմազուրկ իմաստով։ Թանկարժեք մետաղները շատ ավելի հարմար էին համատարած պատերազմնմների դարաշրջանի համար այն ակնհայտ պատճառով, որ դրանք հնարավոր էր գողանալ։ Դրամահատումը, անշուշտ, առևտուրը հեշտացնելու համար արված գյուտ չէր (փյունիկեցիները՝ Հին աշխարհի հմուտ վաճառականները, վերջիններից էին, որ որդեգրեցին այն)։ Ըստ երևույթին, այն ի սկզբանե հնարվել է վճարելու զինվորներին՝ հավանաբար, սկզբնապես Փոքր Ասիայում գտնվող Լիդիայի կառավարողների կողմից հույն վարձկաններին վճարելու նպատակով։ Կարթագենը՝ առևտուր անող մեկ այլ հզոր պետություն, մետաղադրամնմներ սկսեց հատել շատ ուշ և հաստատապես իր օտարերկրացի զինվորներին վճարելու նպատակով։
Ողջ անտիկ դարաշրջանը կարելի է Ջեֆֆրի Ինգամի խոսքերով բնութագրել որպես «ռազմական–դրամահատման համալիր»։ Ավելի լավ կլիներ, եթե նա դա անվաներ «ռազմական–դրամահատման–ստրկության համալիր», քանի որ նոր ռազմական տեխնոլոգիաների տարածումը (հունական հոպլիտներ, հռոմեական լեգեոններ) միշտ սերտորեն կապված է եղել գերեվարման և ստրուկներին շուկա հանելու հետ։ Ստրուկների հայթայթման մյուս գլխավոր աղբյուրն էր պարտքը. երբ պետություններն այլևս պարբերաբար չէին ներում չվճարված պարտքերը, նրանք, ովքեր չունեին խոշոր ռազմական քաղաք–պետություններում ապրելու և դրանով իսկ վաշխառուներից պաշտպանված լինելու բախտը, դառնում էին հարմար ԳՐԵԲԵՐթիրախ։ Մերձավոր Արևելքի վարկային համակարգերը փուլ եկան ո՛չ առևտրային մրցակցության պատճառով. դրանք քանդվեցին Ալեքսանդրի բանակների կողմից, որոնց աշխատավարձի համար օրական պահանջվում էր կես տոննա արծաթե ձուլակտոր։ Հանքերում, որտեղ արտադրվում էին ձուլակտորները, հիմնմնականում աշխատում էին ստրուկներ։ Ռազմական արշավանքներն իրենց հերթին ապահովում էին նոր ստրուկների անվերջ հոսք։ Կայսերական հարկային համակարգերը, ինչպես նշվել է, հիմնմնականում այնպես էին նախորոշված, որ հպատակները ստիպված լինեին ստեղծել շուկաներ, ինչն էլ թույլ կտար զինվորներին (ինչպես նաև կառավարական պաշտոնյաներին) օգտագործել այդ ձուլակտորը՝ գնելու իրենց ցանկացածը։ Այս տեսակի դիմազուրկ շուկաները, որ մի ժամանակ առաջանում էին հասարակությունների միջև կամ ռազմական գործողությունների մատույցներում, սկսեցին ներթափանցել ամբողջ հասարակություն։
Որքան էլ նողկալի լինի դրանց ծագումը, փոխանակման նոր միջոցների ստեղծումը (դրամահատումը գրեթե միաժամանակ ի հայտ եկավ Հունաստանում, Հնդկաստանում և Չինաստանում) կարծես խորը մտավոր հետևանքներ է ունեցել։ Ոմանք էլ այնքան հեռու են գնացել, որ անգամ պնդում են, թե hունական փիլիսոփայությունն ինքը հնարավոր է դարձել դրամական համակարգով ներմուծված հղացական նորարարությունների շնորհիվ: Առավել ուշագրավ օրինաչափությունը, սակայն, այն է, որ գրեթե ճիշտ նույն միջոցին և նույն վայրերում, որտեղ նկատվել է դրամահատման վաղ տարածումը, ի հայտ եկան արդի համաշխարհային կրոնների՝ մարգարեական հուդայականության, քրիստոնեության, բուդդայականության, ջայնիզմի, կոնֆուցիականության, դաոիզմի և վերջապես իսլամի սաղմերը։ Թեև դեռևս հարկ է լիովին ուսումնմնասիրել հստակ կապերի գոյությունը, թվում է, թե այս կրոնները որոշակիորեն ի հայտ են եկել որպես շուկայի տրամաբանության հակազդեցություն։ Մի փոքր ավելի կոպիտ ասած՝ եթե ինչ–որ մեկը նվազեցնում է որոշակի սոցիալական տարածության նշանակությունը՝ հանգեցնելով այն նյութական իրերի եսասիրական ձեռքբերման, ապա գրեթե անխուսափելի է, որ շուտով երևան կգա մեկ ուրիշը՝ առանձնացնելու մեկ այլ տիրույթ, որտեղ բացարձակ արժեքների տեսանկյունից կքարոզի, որ նյութական իրերն անկարևոր են, իսկ եսասիրությունը կամ նույնիսկ եսը՝ պատրանքային։
III. Միջնադար (մ.թ. 600 — մ.թ. 1500 թվականներ)
Վիրտուալ վարկադրամի վերադարձը
Եթե Առանցքային ժամանակաշրջանի ընթացքում ի հայտ եկան ապրանքային շուկաների և համաշխարհային ունիվերսալ կրոնների փոխլրացնող իդեալները, միջնադարն այն ժամանակաշրջանն էր, երբ այդ երկու ինստիտուտները սկսեցին ձուլվել։ Կրոններն սկսեցին իշխանություն հաստատել շուկայական համակարգերի նկատմամբ։ Ամեն ինչ՝ միջազգային առևտրից մինչև տեղական տոնավաճառների կազմակերպումը, աստիճանաբար սկսեց իրականացվել կրոնական իշխանությունների կողմից որոշված և կարգավորվող սոցիալական ցանցերի միջոցով։ Իր հերթին ողջ Եվրասիայում սա նպաստեց վիրտուալ վարկադրամի տարբեր ձևերի վերադարձին։
Եվրոպայում, որտեղ այս ամենը տեղի էր ունենում քրիստոնեության հովանու ներքո, դրամահատումը կանոնավոր բնույթ չէր կրում, և մետաղադրամնմների մատչելիությունն անհավասարաչափ էր։ Մ.թ. 800 թվականից հետո գները հիմնմնականում հաշվարկվում էին հին՝ այլևս գոյություն չունեցող կարոլինգյան արժույթով (իրականում այն այդ ժամանակ անվանում էին «երևակայական փող»), բայց սովորական առօրյա առևտուրն իրականացվում էր հիմնմնականում այլ միջոցների օգնությամբ։ Առավել տարածված մեթոդներից էր, օրինակ՝ հաշվեփայտերի օգտագործումը՝ վրան խազեր քաշված փայտի կտորներ, որոնք մեջտեղից կոտրվում էին երկու մասի՝ որպես պարտքի մասին վկայող փաստացի ապացույց, որի մի կեսն իր մոտ էր պահում պարտատերը, իսկ մյուս կեսը՝ պարտապանը։ Այսպիսի հաշվեփայտերը մինչև 16–րդ դարը լայնորեն կիրառվում էին Անգլիայի մեծ մասում։ Ավելի մեծածավալ գործարքներն իրականացվում էին մուրհակների (վճարագրերի) միջոցով, իսկ մեծ առևտրային տոնավաճառները ծառայում էին որպես հաշվարկային պալատներ։ Միևնույն ժամանակ եկեղեցին տրամադրում էր իրավական շրջանակը՝ խիստ վերահսկողություն իրականացնելով տոկոսով տրվող գումարների վրա և պարտային ճորտության արգելք կիրառելով։
Միջնադարում համաշխարհային տնտեսության նյարդը, այնուամենայնիվ, Հնդկական օվկիանոսն էր, որը Կենտրոնական Ասիայի քարավանային ուղիների հետ մեկտեղ միմյանց էր կապում Հնդկաստանի, Չինաստանի և Միջին Արևելքի մեծ քաղաքակրթությունները։ Այստեղ առևտուրն արվում էր իսլամի հենքի վրա, որը ոչ միայն առևտրային գործունեության համար խիստ նպաստավոր իրավական կառուցվածք էր ապահովում (միևնույն ժամանակ բացարձակապես արգելելով տոկոսով փող փոխ տալը), այլև հնարավոր էր դարձնում խաղաղ հարաբերությունները մոլորակի նշանակալիորեն մեծ հատվածում գործող վաճառականների միջև՝ թույլ տալով նաև ստեղծել բազմազան, նրբամշակ վարկային գործիքներ։ Իրականում Արևմտյան Եվրոպան, ինչպես շատ այլ ոլորտներում, հարաբերականորեն հետ էր մնացել նաև այս իմաստով. ֆինանսական նորարարությունների մեծ մասը, որոնք հասան Իտալիա և Ֆրանսիա 11–12–րդ դարերում, լայնորեն կիրառվում էին Եգիպտոսում և Իրաքում 8–9–րդ դարերից ի վեր։ Օրինակ «cheque» (չեկ) բառը, որ ծագել է արաբերեն «sakk ( كيش )» բառից, անգլերենում հայտնվել է միայն մոտավորապես մ.թ. 1220 թվականին։
Չինաստանի դեպքն էլ ավելի բարդ է. այնտեղ միջնադարն սկսվեց բուդդայականության արագ տարածմամբ, որը, ի վիճակի չլինելով օրենքներ ընդունել կամ առևտուրը կարգավորել, արագորեն դուրս եկավ տեղական վաշխառուների դեմ գրավատան իր գյուտով: Առաջին գրավատները գտնվում էին բուդդիստական տաճարներում՝ որպես տեղական վաշխառուների այլընտրանք աղքատ գյուղացիների համար։ Այնուամենայնիվ, շատ չանցած պետությունը վերահաստատեց իր դիրքը, ինչպես այն միշտ ձգտում է անել Չինաստանում։ Բայց իր դիրքերը վերահաստատելուց հետո այն ոչ միայն կարգավորեց տոկոսադրույքների չափը և փորձեց վերացնել պարտային ճորտությունը, այլև լիովին հրաժարվեց մետաղական ձուլակտորներից՝ հնարելով թղթադրամը։ Դարձյալ այս ամենը ուղեկցվում էր բազմապիսի բարդ ֆինանսական գործիքների զարգացմամբ։
Այս ամենը չի նշանակում, թե այս ժամանակաշրջանում տեղի չի ունեցել կոտորած ու թալան (մասնավորապես խոշոր քոչվորական ներխուժումնմների ժամանակ) կամ որ մետաղադրամնմները շատ տեղերում և շատ երկար ժամանակ փոխանակման կարևոր միջոց չեն եղել։ Այնուամենայնիվ, ժամանակաշրջանը բնորոշվում է այլ ուղղություն վերցրած շարժմամբ։ Միջնադարի զգալի մի հատված փողն ու հարկադրիչ հաստատությունները զգալի չափով տարանջատվել էին իրարից։ Դրամափոխները, կարելի է ասել, նորից հրավիրվեցին տաճարներ, որտեղ նրանց կարելի էր մշտական հսկողության տակ առնել։ Արդյունքում սկսեցին ծաղկել այնպիսի ինստիտուտներ, որոնք հիմնված էին շատ ավելի բարձր մակարդակի սոցիալական վստահության վրա։
IV. Եվրոպական կայսրությունների ժամանակաշրջանը
(1500–1971 թվականներ)
Թանկարժեք մետաղների վերադարձը
Խոշոր եվրոպական կայսրությունների ի հայտ գալու հետ՝ իբերական, ապա հյուսիսատլանտյան աշխարհը ականատես եղավ ինչպես զանգվածային ստրկացման, թալանի և ավերիչ պատերազմների, այնպես էլ դրանց հետևած ոսկու և արծաթի ձուլակտորների (որպես արժույթի հիմնմնական ձևի) արագ վերադարձին։ Պատմական հետազոտությունները, հավանաբար, մի օր ցույց կտան, որ այս փոխակերպումնմների ծագման պայմաններն ավելի խճողված էին, քան մենք, սովորաբար, ենթադրում ենք։ Որոշ բաներ սկսել էին տեղի ունենալ Նոր աշխարհի նվաճումից էլ առաջ։ Օրինակ՝ կրկին ձուլակտորներին անցնելու հիմնմնական գործոններից մեկը ժողովըրդական շարժումնմների ի հայտ գալն էր Մին դինաստիայի վաղ ժամանակաշրջանում՝ 15–16–րդ դարերում, ինչը կառավարությանը վերջնականապես ստիպեց հրաժարվել ոչ միայն թղթադրամից, այլև սեփական արժույթը պարտադրելու բոլոր փորձերից։ Արդյունքում մեծ չինական շուկան դարձ կատարեց դեպի չդրամահատված արծաթի ստանդարտով հաշվարկը։ Քանի որ հարկերը նույնպես աստիճանաբար փոխարկվում էին արծաթի, շուտով հաստատվեց չինական քիչ թե շատ պաշտոնական քաղաքականությունը՝ փորձել հնարավորինս շատ արծաթ բերել երկիր, որպեսզի հարկերը պահվեն ցածր և կանխվեն սոցիալական խռովությունների նոր պոռթկումնմները։ Արծաթի հանկարծահաս հսկայական պահանջարկն ազդեցություն ունեցավ ողջ մոլորակի վրա։ Կոնկիստադորների կողմից ավարառված, իսկ հետագայում էլ իսպանացիների կողմից Մեքսիկայի և Պոտոսիի հանքերից (մարդկային կյանքերի՝ գրեթե աներևակայելի ծանր գնով) կորզված թանկարժեք մետաղների մեծ մասն ի վերջո հայտնվում էր Չինաստանում։ Այս գլոբալ մասշտաբի կապերը, որ ի վերջո ձևավորվեցին Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների վրայով, իհարկե, մանրակրկիտ կերպով փաստագրվել են։ Էականն այն է, որ կրոնական հաստատությունների հետ դրամի կապի վերացումը և դրա՝ հարկադրիչ հաստատությունների (հատկապես պետության) հետ կապի վերականգնումը այստեղ ուղեկցվում էր «մետալիզմի» գաղափարաբանության վերադարձով։
Այս համատեքստում վարկը (credit), ընդհանուր առմամբ, բնորոշ էր այն պետություններին, որոնցում պետական կառավարումը մեծապես իրականացվում էր դեֆիցիտային ֆինանսավորմամբ՝ վարկի մի տեսակ, որն իր հերթին հորինվել էր ֆինանսավորելու ավելի ու ավելի թանկ նստող պատերազմնմները։ Միջազգային հարթակում Բրիտանական կայսրությունը կայուն ձևով պահպանում էր ոսկու ստանդարտը 19–րդ դարում և 20–րդ դարասկզբին, և մեծ քաղաքական պայքար էր ընթանում ԱՄՆ–ում այն հարցի շուրջ՝ արդյոք որ մետաղի՝ ոսկո՞ւ, թե՞ արծաթի ստանդարտը պետք է գերիշխի։
Իհարկե, սա նաև կապիտալիզմի վերելքի, արդյունաբերական հեղափոխության, ներկայացուցչական ժողովրդավարության և այլնի ժամանակաշրջանն էր։ Այստեղ ես փորձում եմ ոչ թե ժըխտել դրանց կարևորությունը, այլ տրամադրել մի շրջանակ՝ տեսնելու այս հայտնի իրադարձությունները ոչ այնքան ծանոթ համատեքստում։ Օրինակ՝ սա ավելի հեշտացնում է պատերազմի, կապիտալիզմի և ստրկատիրության միջև կապերի վերհանումը։ Վճարովի աշխատանքի ինստիտուտը, օրինակ՝ պատմականորեն առաջ է եկել ստրկական աշխատանքի ինստիտուտի ներսից (մեզ հայտնի ամենավաղ աշխատավարձի պայմանագրերը, Հունաստանից մինչև մալայական քաղաք–պետություններ, իրականում ստրուկների վարձակալության պայմանագրեր էին)։ Այն նաև, ինչպես պատմությունն է փաստում, սովորաբար, եղել է սերտ կապի մեջ պարտային ճորտության տարբեր ձևերի հետ և առ այսօր էլ փաստացի մնում է այդպիսին։ Այս ինստիտուտների մասին ազատության բառապաշարով խոսելը դեռ չի նշանակում, թե այն, ինչն այժմ տնտեսական ազատություն ենք կարծում, հիմնված չէ նույն այն տրամաբանության վրա, որը մարդկության պատմության մեծ մասի ընթացքում համարել ենք ստրկատիրության բուն էությունը:
V. Ներկա դարաշրջան
(1971 թվականից հետո)
Պարտքի կայսրությունը
Կարելի է ասել, որ ներկա ժամանակաշրջանը սկիզբ է առել 1971 թվականի օգոստոսի 15–ին, երբ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը պաշտոնապես դադարեցրեց դոլարի փոխարկելիությունը ոսկու և հաջողությամբ ստեղծեց ներկայիս լողացող փոխարժեքի ռեժիմնմները։ Մենք ամեն դեպքում վերադարձել ենք վիրտուալ փողի ժամանակաշրջան, երբ հարուստ երկրներում գնումնմներ կատարելիս սպառողը հազվադեպ է օգտագործում նույնիսկ թղթադրամ, իսկ ազգային տնտեսություններն առաջ մղող հիմնմնական ուժը սպառողական պարտքն է։ Այս համատեքստում է, որ կարելի է խոսել կապիտալի «ֆինանսականացման» մասին, ինչի արդյունքում արժույթների և ֆինանսական գործիքների սպեկուլյացիան ինքնին դառնում է գործունեության առանձին ոլորտ՝ չունենալով ոչ մի անմիջական հարաբերություն արտադրության կամ նույնիսկ առևտրի հետ։ Սա, անշուշտ, այսօր ճգնաժամում հայտնված ոլորտն է։
Ի՞նչ կարելի է որոշակիորեն ասել այս նոր ժամանակաշրջանի մասին։ Առայժմ՝ քիչ, շատ քիչ բան։ Երեսուն կամ քառասուն տարին ոչինչ է այն մասշտաբի համեմատությամբ, որի հետ գործ ունենք։ Ակնհայտ է, որ սա դեռ լոկ սկիզբն է։ Այնուամենայնիվ, վերը բերված վերլուծությունը, որքան էլ անմշակ լինի, հնարավորություն է տալիս մեզ հանդես գալ որոշ փաստարկված ենթադրություններով։
Ինչպես տեսանք, պատմականորեն վիրտուալ (virtual) վարկադրամի (credit money) ժամանակաշրջանների ընթացքում ստեղծվել են նաև մի շարք համապարփակ ինստիտուտներ՝ Բաբելոնյան թագավորությունը, Մովսիսական հոբելյանները, շարիաթը կամ կանոնական (եկեղեցական) իրավունքը, որոնք որոշակի կարգավորումնմներ են սահմանում պարտքի՝ հավանական աղետալի սոցիալական հետևանքների նկատմամբ։ դրանք գրեթե միշտ ներառում են պարտապաններին պաշտպանող ինստիտուտներ (սովորաբար, պետության հետ ճշգրտորեն չհամընկնող, ավելի լայն)։ Այս անգամ շարժումը, գոնե մինչև հիմա, ընթանում է հակառակ ուղղությամբ. 80–ականներից այսկողմ դառնում ենք համամոլորակային՝ նախադեպը չունեցող արդյունավետ վարչական համակարգի ստեղծման վկան: Գործելով Արժույթի միջազգային հիմնմնադրամի, Համաշխարհային բանկի, կորպորացիաների և այլ ֆինանսական հաստատությունների միջոցով՝ համակարգը հիմնմնականում հետապնդում է վարկատուների շահերի պաշտպանության նպատակը: Մեքենան այդ, սակայն, շուտով ընկավ ճգնաժամի մեջ, նախ որովհետև բուռն թափ են առնում համաշխարհային սոցիալական (ալտերգլոբալացման) շարժումնմները (իսկ դրանք արդյունավետ կերպով խարխլեցին Արժույթի միջազգային հիմնմնադրամի պես հաստատությունների բարոյական հեղինակությունը՝ նրանցից շատերին գրեթե հասցրին սնանկության), իսկ հիմա էլ՝ որովհետև ահագնանում է ընթացիկ բանկային ճգնաժամն ու համաշխարհային տնտեսական անկումը: Թեև վիտուալ փողի նոր դարաշրջանը վերջերս է սկսվել, իսկ երկարաժամկետ հետևանքները դեռևս լիովին անորոշ են, մենք արդեն կարող ենք ասել մեկ–երկու բան։ Առաջինն այն է, որ դեպի վիրտուալ արժույթ շարժումն ինքնին անպայմանորեն կապիտալիզմի նենգագործ հետևանքը չէ։ Իրականում այն կարող է նշանակել ճիշտ հակառակը։ Մարդկության պատմության մեծ մասի ընթացքում վիրտուալ արժույթի համակարգերը մշակվել և կարգավորվել են՝ նախևառաջ կանխելու կապիտալիզմի նման երևույթի ի հայտ գալն առնվազն իր ներկա տեսքով, երբ աշխարհի բնակչության մեծ մասը հայտնվել է այնպիսի պայմաններում, որոնք պատմական շատ այլ դարաշրջաններում կհամարվեին ստրկությանը հավասարազոր։ Երկրորդը՝ բռնության բացարձակապես վճռական դերի ընդգծումն է «հասարակության» և «շուկաների» (իրականում ազատության մասին մեր ամենատարրական գաղափարներից շատերի) մասին մեր պատկերացումնմները պայմանավորող հանգամանքները սահմանելիս։ Եթե աշխարհը բռնությամբ պակաս համակված լիներ, արագորեն կսկսեր այլ հաստատություններ ստեղծել։ Ի վերջո պետության և շուկայի զույգ մտավոր զսպաշապիկներից դուրս պարտքի մասին մտածելը ոգևորիչ հնարավորություններ է բացում։ Օրինակ՝ մենք կարող ենք հարցնել. հասարակությունում, որտեղից բռնության այդ հիմքը վերջապես դուրս է նետվել, հատկապես ի՞նչ պիտի պարտք լինեն իրար ազատ տղամարդիկ ու կանայք։ Ինչպիսի՞ խոստումնմներ պետք է նրանք տան միմյանց և ինչպիսի՞ պարտավորություններ ստանձնեն։
Հուսանք, որ յուրաքանչյուր ոք մի օր կլինի այնպիսի վիճակում, որ կկարողանա տալ նման հարցեր։ Այսպիսի ժամանակներում երբեք չգիտես՝ ինչ կարող է պատահել։
թարգմանիչ՝ Քրիստինե Սողիկյան
խմբագիր՝ Հրաչ Բայադյան
Դեյվիդ Գրեբերը ծնվել է 1961 թվականին։ Նա հայտնի ամերիկացի ակտիվիստ էր և Industrial Workers of the World արհմիության անդամ: Մինչև 2007 թվականի հունիսը Գրեբերը ազգագրության պրոֆեսոր էր Յեյլի համալսարանում, որտեղ վիճելի որոշում կայացվեց՝ չերկարացնելու նրա պայմանագիրը: Վերջերս նա դասավանդում էր Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթ քոլեջում: Դեյվիդ Գրեբերը Օքյուփայ շարժման նախաձեռնողներից մեկն էր: Հեղինակի կարևոր գրքերն են՝ «Իշխանությունից ազատ», «Պարտք» և այլն:
Դիտվել է 410 անգամ