Ընթերցողին ենք ներկայացնում 2019 թվականին Քաղաքական դիսկուրս հանդեսի հրատարակած «Կապիտալիզմի ճգնաժամը և քաղաքական գաղափարախոսությունները» ժողովածուի առաջաբանը։
Սույն ժողովածուն «Քաղաքական Դիսկուրս» հանդեսի հերթական` թվով երրորդ հրատարակությունն է։ Այն բաղկացած է մեր էլեկտրոնային կայքում դեռևս 2013-ից տեղ գտած թարգմանություններից և տեղական հոդվածներից, որոնք փոքր-ինչ վերախմբագրել ենք այս գրքի համար։ Դրանց գումարվել է նաև Ջիորջիո Ագամբենի «Ի՞նչ է հարմարանքը» գրքույկը, որի թարգմանությանը հայ ընթերցողն առաջին անգամ է ծանոթանալու։ Վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ գրքում ի մի հավաքված տեքստերն իրար կապող առանցքը կապիտալիզմի ճգնաժամային բնույթը և դրա առնչվածությունն է քաղաքական գաղափարախոսություններին։ Խոսքն ինչպես ընդհանուր հարցերի, այնպես էլ առանձին քաղաքական իրադարձությունների և թեմաների մասին է։
Առաջին բաժինն անդրադառնում է մեր օրերի իշխող գաղափարախոսությանը՝ նեոլիբերալիզմին կամ նորազատականությանը։ Եզրը զգալի չափով շրջանառվում է տեսական քննադատական շրջանակներում, բայց դեռ շարունակում է անճանաչելի մնալ մոլորակի բնակչության լայն շերտերի համար։ Նեոլիբերալ հարացույցը թափ է առել դեռ նախորդ դարի յոթանասունականներից, և դրա բերած կարգավորումները հաճախ ընդունվում են որպես ըստ ինքյան ենթադրվող և անփոխարինելի, դրանք դարձել են մեր օրերի ողջախոհության անբաժան մասը։ Ահա այս իրավիճակի հարցարկմանն են ուղղված վերը նշված տեքստերը, և հնարավորինս հանրամատչելի բացատրում, քողազերծում են այդ գաղափարախոսության չերևացող կողմերը։
Երկրորդ բաժինը, թերևս, ամենածանրակշիռն է և ներառում է ֆրանսիացի փիլիսոփա Ալեն Բադյուի «Ճշմարտությունների ներհատկությունը 2» շարքի մի դասախոսություն, Իտալացի փիլիսոփա Ջորջիո Ագամբենի վերը նշված գրքույկը և նրա հետ մի հարցազրույց։ Բաժինն անդրադառնում է և՛ պատմական զարգացումներին, և՛ մերօրյա կապիտալիզմի բնույթին, դրա ձևավորած հասարակությունների խնդիրներին։ Այս բաժնի երեք տեքստն էլ թարգմանել և խմբագրակազմին է նվիրել արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, ինչի համար անչափ շնորհակալ ենք նրան։ Ավելորդ է անգամ նշելը, թե ինչպիսի դժվարությունների առաջ են կանգնում թարգմանիչները ժամանակակից փիլիսոփայությունը հայերենացնելիս, ինչ տեսակի տերմինաբանական դժվարություններ են առաջ գալիս հայերենում։ Բայց հարկ է ասել, որ այդ առումով Կարոյանը կատարեց որոշակի հանրօգուտ աշխատանք, որը հետագայում կարող է նպաստել այլ տեքստեր թարգմանելիս։
Երրորդ բաժինը ներառում է գերմանացի քաղաքագետ Ռայնհարդ Քյուհնլի «Ֆաշիզմի տեսություններ․ ուղեցույց» (1979) գրքից երկու հատվածի թարգմանություն։ Քյուհնլը միտված է ֆաշիզմի արմատները սոցիալ-տնտեսական կացության՝ կապիտալիզմի ձախողումների մեջ փնտրել։ Նա ի ցույց է դնում, թե ինչպես են խոշոր կապիտալիստները և ֆաշիստական քաղաքական վերնախավերը ձեռք-ձեռքի տված առաջ շարժվել նախորդ դարի առաջին կեսին։
Չորրորդ՝ վերջին բաժինը ընդգրկում է Լենա Նազարյանի ««Աշխատանքի» բնույթի փոփոխությունը անտիկ շրջանից մինչև հետարդիություն» և Սուրեն Սահակյանի «Պարտքի դարաշրջան» հոդվածները։ Երկու հեղինակն էլ այժմ ակտիվորեն զբաղվում են քաղաքականությամբ, և մի քանի տարի առաջ գրված այս հոդվածները արտահայտությունն են նրանց ձևավորվող, հղկվող քաղաքական հայացքների։ Հայաստանյան խնդիրները հպանցիկ են շոշափվում, հիմնական շեշտը համաշխարհային գործընթացների՝ ֆինանսական համակարգի զարգացումների, տնտեսության հետ դրա կապի, մարդկային աշխատանքի բնույթի փոխակերպումների վրա է։
Հատկանշական է, որ հատորում տեղ գտած տեքստերը՝ թե՛ մեր խմբագրակազմի անդամների, թե՛ մեր ընկերների տրամադրածները, թարգմանվել կամ գրվել են անվճար։ Ուստի՝ մեր պարտքն էր դրանք անվճար հասանելի դրաձնել յուրաքանչյուր հայ ընթերցողի, որը հետաքրքրված է մերօրյա սոցիալ-քաղաքական սուր խնդիրներով։
Խմբագրակազմ
Դիտվել է 146 անգամ