Քաղաքական դիսկուրս հանդեսը Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համատեղ լույս է ընծայել գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» աշխատության առաջին հայերեն թարգմանությունը։ Ձեզ ենք ներկայացնում գրքի թարգմանիչ Վահրամ Սողոմոնյանի առաջաբանը։
Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» աշխատությունը հայերեն լեզվով թարգմանելու գաղափարը ծագել է 2014 թվականին, երբ Քաղաքական դիսկուրսը հանձն առավ հասարակագիտական գրականության շարքի հրատարակումը։ Գերմանացի սոցիոլոգի այս գիրքը, նրա մեկ այլ` «Տնտեսություն և հասարակություն» խոշորածավալ գործի կողքին, համարվում է սոցիոլոգիական հիմնարար աշխատանքներից մեկը։
Դավանանքով պայմանավորված էթիկայի և տնտեսական վարքագծի միջև առկա կապի բացահայտմամբ կապիտալիզմի «ոգու» զարգացումն ուսումնասիրող այս բազմաշերտ աշխատանքը վերլուծում է բողոքական շարժման՝ այսպես կոչված «արթնացման շրջանի» տարբեր հոսանքներն ու ծալքերը։ Հեղինակը յուրահատուկ բծախնդրությամբ վեր է հանում Վերածննդի, բողոքականության, Լուսավորության և կապիտալիզմի սկզբնավորման պատմական փոխառնչությունները՝ կենտրոնանալով՝ մի կողմից ձեռնարկատիրական գործունեության, մյուս կողմից` ճգնավորության աշխարհայացքային և դավանաբանական ընկալումների վրա։ Այս ամենը դիտարկվում է կյանքի բոլոր ոլորտների ռացիոնալացման միտումների համատեքստում։ Հենց նախաբանում Մաքս Վեբերն Արևմուտքի առանձնահատուկ պատմական զարգացման հետ է կապում գիտության, արվեստի, իրավունքի և կառավարման կարգավորված բնույթը։ Կապիտալիզմի ձևավորման ընթացքում փողի վաստակման, շահույթի ձգտման և կուտակման նոր էթիկայի անգամ աննշան թվացող մանրամասները չեն վրիպել նրա ուշադրությունից։
Գրքում շոշափվող հարցերն առիթ են տալիս նաև մտածել այն մասին, թե ինչու հայկական միջավայրում ձևավորված առևտրական կապիտալն ու բուրժուազիան, որոնք սերտորեն փոխկապակցված էին կղերական կառույցների հետ, ունեցան իրենց առանձնահատուկ զարգացման ուղին, ինչը որոշակիորեն տարբերվում էր Արևմուտքին հատուկ արտադրահարաբերությունների ձևավորման ու կապիտալի կուտակման գործընթացից։ Աշխարհի գրեթե բոլոր նշանակալի կենտրոններում գաղութներ ստեղծած հայ առևտրական կապիտալի կապը եկեղեցական հաստատությունների, կաթոլիկ ու բողոքական հոսանքների հետ և վերջիններիս ազդեցությունը հետաքրքիր համեմատության եզրեր են ուրվագծում Վեբերի մեկնաբանությունների հետ։ Այս համատեքստում հիշատակման արժանի է հայ պատմաբան Լեոյի «Խոջայական կապիտալ» աշխատության մեջ ձևակերպված հետևյալ բնութագրումը.
«Ինչ բացատրություն էլ սակայն, եթե կարողանանք գտնել այս ասիական բնորոշ կապիտալիստական տեսարանի առիթով, փաստը կմնա փաստ, և այդ կլինի այն, որ Ասիան ու Եվրոպան ոտքի տակ տված խոջայական կապիտալը միայն կծծի հավաքող ու դիզող էր, լոկ դեղին ոսկու տեսքով կերակրվող, առանց այլ տեսակ ձգտումների ու սպասելիքների։ Այսպիսի իրականություն էր դարբնել ու անշարժացրել արաքսյան միջավայրը։ Եվ որպեսզի խոջայական կապիտալը դուրս գար իր կծծիության, կարելի է ասել՝ տնանկության խեղդարանից, պետք կլիներ հանել նրան այդ միջավայրից։»։
Ձեռնարկատիրական գործունեության և աշխատանքի կազմակերպման յուրահատուկ օրինաչափությունների վերլուծությունը, անշուշտ, չի կարող սպառիչ կերպով բացատրել կապիտալիստական կուտակման հեղափոխական շրջանը։ Այդուհանդերձ, այն ստեղծում է մշակույթի, տնտեսական հարաբերությունների և կրոնի համադրման մի յուրահատուկ հարթակ։
Վեբերի ուշադրության կենտրոնում են հայտնվել թե՛ Ռեֆորմացիայի ազդեցությունը տնտեսական վարքի վրա, թե՛ բողոքականության ճյուղավորման արդյունքում ի հայտ եկած տարբեր հարանվանությունների, աղանդների և համայնքների աշխարհընկալումներն ու շարժառիթները, որոնք շատ քիչ են ուսումնասիրված մեր իրականության մեջ։ Նա մանրամասնորեն անդրադառնում է լութերականության, կալվինականության, պիետիզմի, մեթոդիզմի, պուրիտանության, մկրտական շարժումների և այլ կրոնական ուղղությունների տնտեսական կյանքին, այսկողմյան և այնկողմյան աշխարհների ընկալումներին և դրանցով պայմանավորված վարքականոնների տարբերություններին։ Բացի այդ, հեղինակը նկարագրում է մասնագիտության՝ որպես «կոչում» վերաիմաստավորումն ու մասնագիտական պարտքի արմատավորումը։ Միաժամանակ նա համեստորեն զսպում է իր պնդումների բացարձակացման և իդեալականացման սպասելիքները` նշելով, որ իր նպատակը համեմատական վերլուծությունն է եղել։
Աշխատանքը հագեցած է ծավալուն աղբյուրների ցանկով, արժեքավոր մեջբերումներով, վիճակագրական և այլ պատմական տվյալներով։ Տեքստում հանդիպող լատիներեն և այլ օտար բառերին զուգահեռ ներկայացված են դրանց հայերեն համարժեքները։ Հասկացությունների զգալի մասը ծանոթագրվել է հեղինակի կողմից։ Գրքի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել համապատասխանաբար 1904 և 1905 թվականներին, իսկ գրքի նախաբանը գրվել է 1920 թվականին հրատարակված «Կրոնի սոցիոլոգիա» հոդվածների ժողովածուի համար։
Վերջում շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ նպաստեցին այս գրքի հրատարակմանը։ Հանրային թարգմանչական համապարփակ ծրագրի բացակայության և հասարակագիտական թարգմանությունների փորձի պակասի պայմաններում նման նախաձեռնությունները լուրջ մարտահրավերներ են նախաձեռնող սակավաթիվ մտավորական հարթակների համար։
Դիտվել է 1849 անգամ