Պատասխան բոլոր Հախումյաններին
Այն ինտելիգենտը, որի մասին ես խոսում եմ այստեղ — «ապադասակարգային» է — գոնե այդպես է անվանում ինքը իրեն: Նրա համար մի «մարդկություն» գոյություն ունի, մի «ժողովուրդ» — և նա սիրում է ամեն ինչի նայել և քննել այն — «հավիտենության նշանի ներքո»:
Նրա համար նշանակալից և արժեքավոր է միմիայն «աբսոլյուտը» — նա չի սիրում անցողականը և ժամանակավորը: Այսպես է նա «փիլիսոփայում», երբ խոսքը վերաբերում է այն բոլոր վերացական բաներին, որպիսիք են նրա կարծիքով արվեստը, փիլիսոփայությունը և այլն: Բայց հենց որ հարցը մի փոքր կոնկրետացավ, պարզ ասած՝ եթե դուք փորձեք դիպչել նրա «ժամանակավոր» բարեկեցությանն ու հանգստությանը — նա կգազազի, կմոռանա «աբսոլյուտը» և պատեհ առիթով ցույց կտա ձեզ իր մանրբուրժուական հոգու նեխած ատամները:
Այսպես մի «հարմար առիթ» էր և մեր «Երեքի ղեկլարացիան», որ առաջին անգամից գլխովին շշմեցրեց մեր «ապադասակարգայիններին»: Առհասարակ ամեն մի մեռնող օրգանիզմի մեջ ուժեղանում է ինքնապաշտպանության բնազդը, և այս բնազդն էր ահա, որ զգալ տվեց նրանց, որ մեր դեկլարացիան ամենից առաջ նրանց դեմ է ուղղված և հարմար դեպքում կարող է ոտնատակ անել նրանց, քշել ասպարեզից, կտրել հացից ու ջրից: Եվ պետք է ասել, որ այդ իմաստուն բնազդը նրանց չխաբեց:
Այո, մեր դեկլարացիան մահվան գույժն է ամենից առաջ այդ ինտելիգենտների, նրանց «ապադասակարգային» նեխած ատամներին հակադրած մեր դասակարգային երկաթե ատամը: Այդ նրանք լավ են հասկանում և բնականորեն պիտի ինքնապաշտպանության դիմեն:
Բայց բանը նրանումն է, որ նրանք միամիտներ չեն, գիտեն, որ բաց կռվում ոչինչ չեն անի— և ահա սկսում են իրենց ստորերկրյա, ավելի լավ է ասել՝ արտաքինից մեր տերմինոլոգիայով զրահավորված կռիվը — այնպես, որ միամիտ մարդուն ամենայն հեշտությամբ կարող են շփոթության ենթարկել: Այնպես, ասես նրանք աստծու գառները լինեն. — օ, նրանք վաղո՜ւց են նույն բաները ասել, միայն թե ավելի բարեկիրթ «չափերով ու ձևերով»: Նրանք կարող են խոսել նույնիսկ «դասակարգային կուլտուրայի» ընդունելիության մասին — կարծես թե շատ բան է կախված նրանց ընդունելուց կամ չընդունելուց: «Բայց չա՞փը, չա՞փը …»1:
Եվ այս չարաբաստիկ «չափից» է ահա, որ սկսվում է նրանց մասամբ անգիտակից, մասամբ էլ չափազանց զիտակից «փոլիտիկան»: «Ասացեք խնդրեմ, ի՞նչ կապ ունի պրոլետարական ինտերնացիոնալիզմը —բանաստեղծության հետ …», «— իսկ պրոլետարական հեղափոխությո՞ւնը …»:
Զարմանքը դեմքին նման «միամիտ» հարցեր էր տալիս ինձ այդ ապադասակարգայիններից մեկը մեր դեկլարացիան տպվելու առաջին օրը — և ես — երևակայո՞ւմ եք — այնպես էլ չկարողացա հասկացնել նրան այդ «կապը»: Ո՞նց … Հարցնում էր նա շվարած. Շեքսպի՞րը, Դանթե՞ն, Պուշկի՞նը… նրանց անմահ զործերում ի՞նչ դասակարգ…
«Կուլտուրաները գնում են, անցնում, բայց նրանց մեջ ինչ որ առողջ է և կենսունակ՝ Դնում են…»2: Եվ այստեղից ահա—մի սպանող եզրակացություն, որ— «պոեզիայի մեջ էականը ո՛չ թե ինչն է, այլ ինչպեսը»3: Տեսա՞ք, որ բերեց իր ուզած «աբսոլյուտին» հասցրեց։ Այլապես էլ ինչո՞ւ էր նա «ապադասակարգային», եթե մինչև այստեղ չհասցներ: Եվ այստեղից է ահա, որ մենք պիտի պատասխանենք նրանց, որովհետև այստեղ է թաղված «շունը»:
Իմ հոդվածաշարի առաջին մասում ես սպիտակի վրա սևով գրել եմ, որ մարքսիստական էսթետիկայի առաջին աբզացը բարբառում է՝ «նյութը (կամ բովանդակությունը) բնորոշում է ձևը» — ահա մեր հիմնական տեսակետը, որից և հանում ենք բոլոր մնացած եզրակացությունները: Եվ ամենաառաջին եզրակացությունը, — որ մենք հանում ենք այդ հիմնական տեսակետից. ա՛յն է, որ մեզ, մարքսիստներիս համար, որևէ գրական երկ քննելիս՝ էականը ո՛չ թե «ինչպեսն» է, այլ «ի՞նչը»: Որովհետև այդ «ինչն» է, որ բնորոշում է «ինչպեսը» — և ո՛չ մի դեպքում չի կարելի անջատել «ինչպեսը» ինչից, ասել, որ ձևը ինձ դուր է գալիս, իսկ բովանդակությունը… ո՛չ: Եթե «ապադասակարգային» պարոնները մի քիչ ուշադրությամբ զննեին իրենց հոգեբանությունը պիտի տեսնեին, որ Պուշկինի բանաստեղծությունը կարդալիս ո՛չ միայն սահուն հանգերն են իրենց հմայողը, այլ գերազանցորեն այն տրամադրությունը, որ արտահայտված են այդ յամբերով: Գուցե կասեք, որ տրամադրություննե՛րն էլ են «հավիտենական» լինում… Այդ դեպքում մեզ կմնա խոստովանել, որ իզուր են չակերտները այնքան պինդ փաթաթել իմ այս հոդվածում «ապադասակարգային» բառը!!!
«Ապագասակարգայինների» այդ չարաբաստիկ «ինչպես»-ը գեղարվեստում ո՛չ այլ ինչ է, եթե ոչ «գեղարվեստը գեղարվեստի համար» հանրածանոթ սկզբունքը4, որ հատուկ է անկման շրջանի գրական դպրոցներին, ինչպիսիք են օր. ֆրանսական դեկադանսը5 և նրա ուշացած եղբայր ռուսական սիմվոլիզմը6: Գրական այդ երկու դպրոցներն էլ առաջ են եկել հասարակական ամենասուր ռեակցիայի օրերին, առաջինը՝ 71 թվականի կոմունայից հետո, իսկ երկրորդը աճել ու զարգացել է 1905-1912 թվականներին, երկուսն էլ մի ժամանակամիջոցում, երբ առաջին անգամ բուրժուազիան կախված է տեսել իր գլխին այն ահավոր սպառնալիքը, որից նա պիտի ոչնչանա ու մահվան դատապարտվի: Ֆրանսական սիմվոլիզմի ամենամեծ ներկայացուցիչը — Բոդլերը — այնպիսի մաղձով է խոսում Կոմունայի7 մասին և այնպիսի արհամարհանքով, որ պատիվ կարող էր բերել Միլյուկովին8 և Գուչկովին9 — և հակադրում է նրան («հեղափոխությանը») «մաքուր» արվեստը, «հավիտենական» արվեստը, որպես «մարդկությանը» վայել միակ իդեալ: Այդ գրքում (Բոդլեր — հիշատակարան) դուք կգտնեք սքանչելի մտքեր և՛ արվեստի ձևերի «հավիտենականության» մասին, և՛ այն, որ արվեստը ո՛չ մի ուրիշ նպատակ չպիտի ունենա, բացի գեղեցկից» և այլն և այլն: Նույնը տարբեր բառերով կրկնել են Վյաչեսլավ Իվանովը10, Սոլոգուբը11, Կուզմինը12 և մինչև օրս էլ կրկնում են Բրյուսովն ու Բայլմոնտը13: Նրանց, ինչպես և մեր «ապադասակարգայինների» համար արվեստը մի նարկոզ է, հոգեթով միջոց կյանքը մոռանալու և ստեղծելու մի աշխարհ, ուր ոչ «պրոլետարական հեղափոխություն» կա և ոչ էլ նման «գռեհիկ» երկրային բաներ: Ա՜խ, այնտեղ «հավիտենական» սերն է և երազանքը.
Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել,
Եվ երգով, որ բնավ չի մեռնում… 14
(Վ. Տերյան)։
Սա նույն առասպելն է, որի մասին ասել է Սոլոգուբը՝ «Беру кусок жизни, грубой и бедной, и творю из него сладостную легенду, ибо я — поэт»15. Այսպիսի ահա պտուղներ է տվել «գեղեցիկը գեղեցկի համար» լոզունգը, կամ Հախումյանների «ինչպես»-ը, և չկարծեք, որ այդ սկզբունքն առաջ մղողը եղել է «մաքուր արվեստի» բախտով շահագրգռված լինելը: Բոլորովին: Այլ այն, որ այդ լոզունգի ադեպտները շատ են դառնացած եղել կյանքից ու գալիքի հանդեպ սարսափահար՝ պիտի որ նման մի «ծակ» գտնեին — մի կողմից իրենց հոգու սնանկությունը ծածկելու, մյուս կողմից կյանքի դաժան հարվածներից պատսպարվելու համար: Եվ ահա այսօր նման մի նեխած լաթ ձեռքերին մեր հայրենի մանր-բուրժուական-մեշչանական расхлябанный ինտելիգենտները համարձակվում են մոտենալ մեզ և քննության նյութ դարձնել մեր դեկլարացիան:
Ինչի՞ դեմ են բողոքում նրանք: Ամենից առաջ մի փաստացի ուղղում։ Ոչ մեր դեկլարացիայում և ոչ էլ իմ հոդվածաշարում ոչ մի բառ անգամ չկա այն մասին, որ մենք ուզում ենք պրոլետարական կուլտուրա ստեղծել: Այդ միտքը մեր նկատմամբ հղացել է նրանց ուղեղում և ահա, այդ մտացածին «բազայի» վրա ոտք դնելով, նրանք ուզում են դեպի մեզ թռչել և «տեղնուտեղը» խեղդել: Ներեցե՛ք, սխալվում եք: Իզուր եք բաց դուռը ջարդում: Պրոլետարական կուլտուրա մենք չենք ձգտում ստեղծել, մանավանդ այն սխալ ըմբռնումով, որ կա ձեր ուղեղներում այդ հարցի նկատմամբ։ Որովհետև «պրոլետարական կուլտուրա» ասելով, եթե դուք հասկանում եք այն կուլտուրան, որը պետք է լինի սոցիալիզմի կատարյալ հաղթանակից հետո — չարաչար սխալվում եք։ Այդ կուլտուրան ոչ բուրժուական կլինի, ոչ էլ պրոլետարական (դասակարգային) — այլ համամարդկային-կոլեկտիվիստական: Բայց դեպի այդ կուլտուրան մենք պետք է գնանք պրոլետարական կուլտուրայի միջով, այսինքն այն դասակարգի, որը մինչև ապադասակարգային հասարակարգի հաստատվելն ու ամրանալը պիտի տիրապետողը և ղեկավարը լինի համաշխարհային տնտեսա-քաղաքական և կուլտուրական կյանքի: Ուրեմն ամենից առաջ մի շփոթեք «պրոլետարական կուլտուրան» ապագա համամարդկային-կոլեկտիվիստական կուլտուրայի հետ և ապա նոր փորձեք հարայ-հրոց բարձրացնել:
Մի կողմ թողած դեռ ապագա կոլեկտիվիստականը— ես իմ հոդվածում պրոլետարական կուլտուրա ստեղծելու միտքը ևս անընդունելի եմ համարել ներկայումս, իսկ եթե կարծում եք, որ «բազմաժխոր քաղաքները», պայքարող դասակարգի մարտական «շեփորը», «բազմահազար ամբոխների հույզը16 պրոլետարական կուլտուրա է նշանակում — սխալվում եք: Նախքան խոսելը և հարայ-հրոց բարձրացնելը, պետք է իմանաք, թե ինչի մասին եք խոսում։ Այն բոլորը, ինչի մասին մենք խոսում ենք մեր դեկլարացիայում, կարելի էր բնորոշել «հեղափոխական այժմեականություն» բառով, որի մասին և խոսում ենք մենք։ Իսկ քանի որ այդ «հեղափոխական այժմեականությունը» մեր հայրենի իրականության ասպարեզում ունի լայն աշխատավորական բնույթ — մենք ևս պիտի ընդգծենք մեր ուղին այդ բնույթին համապատասխան։
Մեր դեկլարացիայի և իմ հոդվածաշարքի մեջ և ո՛չ մ ի հակասություն: Դեկլարացիան մեր ծրագիր-մաքսիմումն է, իսկ իմ հոդվածի վերջին մասը — մեր այսօրվա անելիքների ուղղությունը բնորոշող գիծը: Մենք, իհարկե, չենք կարող «ապադասակարգայինների» նման «աբսոլյուտասերներ» լինել. — ամեն մի գործում վերջնական նպատակներին հասնելու համար հարկավոր է սկսել այբից: Իմ հոդվածում ես հրաժարվո՞ւմ եմ արդյոք մեր հիմնական գծից՝ որ մենք գործ չունենք բուրժուական հասկացողությունների հետ (անբիծ սեր, հայրենիք, անապատ ու մենություն): — Իհարկե, ոչ: Մեզ ասում են, որ մենք մի ժամանակ զերծ չենք եղել այդ հիվանդություններից17: Հետո՞: Կբարեհաճեիք, որ հիմա էլ «հիվանդ» մնայինք: Արդյոք իմ «Ամբոխները», «Ռադիոները»18, «Ամենապոեմը», Ազատ Վշտունու «Փողոցները», «Շոգեկառքը»19 — ունե՞ն այդ հիվանդությունը։ Վա՞տ է եղել, որ նիկոլաևյան ռեժիմի օրով 17 տարեկան պատանու հոգու վրա նստած շրջապատի ազդեցության մշուշը տեղի է տվել ինքնագիտակցության, որ Մեծ Հեղափոխությունը ազատագրել է նրան այդ անխուսափելի ազդեցությունից, և նա հիմա ուրախությունն աչքերին ճչում է աշխարհին այդ ազատագրման մասին: Ամո՛թ է, պարոններ, հարկավոր է և խիղճ ունենալ!!
Հետո… Ես մոտենում եմ մեր դեկլարացիայի «ամենապիկանտ» կետին․ «կորչեն գրադարաններում ննջող «գրքերը»։ Ախ, այս կետը շատ է դիպել ո՛չ միայն «ապա», այլև դասակարգայինների սրտին:
Մեր խորին համոզմունքով այն երգը կամ պոեմը, որը չի համապատասխանում տվյալ ժամանակի և դասակարգի տրամադրություններին — դադարում է կենդանի խոսք լինելուց, իսկ որոշ դեպքում դառնում է վատ ազդեցության միջոց։ Այս տեսակետից ավելի վնասակար բան, քան Տերյանի պոեզիան, ես չեմ պատկերացնում։ Այն մեղկությունը, այն հիվանդոտ մեղկությունը, որ լցնում է Տերյանը ընթերցողի սիրտը — թո՛ղ որ կորչի: Այսինքն՝ դառնա «պատմագրի», կամ «սպեցի» սեփականություն:
Ահա և ամբողջը: Կարծում եմ՝ դժվար չէր այս հասկանալը, պետք էր միայն «բարի տրամադրություն ունենալ»20: Մեզ ասում են, որ մեր առաջադրած պահանջները ձևի խնդրում նույնքան են հին, որքան ինքը աշխարհը: Ասացե՛ք խնդրեմ: Չէ՞ր կարելի արդյոք մեր վերջին տասնամյակի բանաստեղծության մեջ ցույց տալ գոնե մի բանաստեղծություն, որ համապատասխաներ մեր առաջադրած պահանջներին: Եթե հոդվածագիրը բանիմաց լիներ, նա պիտի հասկանար, որ մեր պոեզիայի շոշափած մինչ այժմյա նյութերը չէին կարող առաջ բերել արտահայտվելու այնպիսի պահանջներ, որպիսիք առաջադրել ենք մենք: Օր. Տերյանի (արվեստով ամենից առաջադիմածի) պասիվ, ստատիկ հոգեբանության համար քանի՞ կոպեկ արժեր «ռիթմը որպես շարժում»-ը21. նրա խառնվածքի համար միանգամայն բավական էին այն կիսայամբ-կիսադակտիլները, որոնցով նա լրիվ արտահայտում էր իր ուզածը: Բայց հոդվածադիր ինտելիգենտի համար այս հարցում ևս «վերին աստիճանի թքած» ամեն տեսակի բովանդակության վրա․ ռիթմը ռիթմ է և ուրիշ ոչինչ! Վերջացավ գնաց:
Իր հոդվածի վերջում հոդվածագիր «ապադասակարգայինը» ռուսական չարախինդ ասացվածքով22 ուզում է մեզ ոչնչացնել: Մի՛ ասի «հոպ», քանի չես թռել — զգուշացնում է նա: Եվ հարցնում է խորամանկ՝ ո՞ւր պիտի իջեցնեն ձեզ ձեր թևերը: — Շատ մոտիկ: Ղազախ, Ղամարլու, Դիլիջան:
Քի՞չ է… նո՛ւ, Մոսկով: Այսինքն մենք կաշխատենք արտահայտիչը լինել մեզ ժամանակակից, մեզ հետ պայքարող ու հաղթող աշխատավորության հեղափոխական պայքարի — ուրիշ ոչինչ: Եվ կարծում ենք, որ այս համեստ գործը նույնքան արժե, որքան այդ ձեր չհասկացած «պրոլետարական կուլտուրան», որի վրա ձեզ «վերին աստիճանի թքած»: Եվ այդ մեր մատնանշած ցանկությունը գլուխ գալու համար ոչ միայն «սոցիալական բազա» կա, այլև կան, արդեն իսկ կան այդ բազայի արտահայտիչները, որոնց թվում և տողերիս գրողը, որը չէր կարող երկնքից ընկնել: Բայց այս բոլորը հասկանալու համար հարկավոր էր առնվազն երկու վերստ մոտիկ լինել այն «բազային», որի մասին խոսում են (սիրում են խոսել՝ «ապադասակարգայինները»: Բայց, ա՛վաղ, այն ժամանակ նրանք չէին լինի «ապադասակարգային», այդքան չէին ճառի «հավիտենական արժեքներրի» անունից և այնպիսի խուճապի և վախի չէին էնթարկվի մեր դեկլարացիայից, որը թողել է նրանց վրա կարմիր լաթի տպավորություն: Բայց, ո՛չ, սխալվեցի… Մեր դեկլարացիան, видите ли, նրանց վրա թողել է այն տպավորությունը, որ մեր պատվավոր ընկերը կարող էր լինել — երևակայում եք (какой ужас) —Հերոստրատը23։ Ինչպիսի՞ սրամտություն: Բայց, ավա՜ղ, «քարթու» սրամտություն: Թերևս աշխարհիս երեսին չգտնվի և ոչ մի մեշչանին, որ նույն այդ սրամտությունը բանեցրած չլինի «Լենինի և ընկերության սարքած հեղափոխության» նկատմամբ։ Բայց բանը նրանումն է, որ մենք Հերոստրատին ընկերանալու պատվին էլ չենք արժանացել, որովհետև… Չարենցի հոդվածը ցույց է տվել նրանց մեր ուժերի չափը և մեր «համեստ զգաստությունը»24: Թվում է, թե ի՞նչ վատ բան կա դրանում, որ մենք զգում ենք մեր ուժերի չափը. կարելի է ողջունել այդ, ուրախանալ։ Բայց ոչ. արեք, տեսեք, որ մեր «ապադասակարգային» պարոնին հարկավոր էր պանիկա ստեղծել, աղմկել, авось, մեկը կլսի և օգնության կգա:
Շատ իզուր:
Հարմարեցնելով առիթին՝ հոդվածագիր պարոնի և նմանների նկատմամբ կարելի է ասել նրանց սիրած Տերյանի հետևյալ տողերը.
Նիշված է «ձեր» բախտը վերուստ
Եվ չկա փրկության դուռ …25
Հ. Գ. իմ այս հոդվածը գրված և ուղարկված էր «Խ. Հ.»-ին շատ ավելի առաջ, քան ընկ. Մակինցյանի զվարթ ֆելիետոնը26: Բայց մի շարք ինձ անհասկանալի նկատառումներով՝ խմբագրությունը հարկ համարեց նրա ֆելիետոնը լույս ընծայել իմ հոդված-պատասխանից առաջ: Ինչքան էլ ինձ սկզբում անհաճո էր հոդվածիս հետաձգումը, բայց կարդալով ընկ. Մակինցյանի սրամիտ ֆելիետոնը, ես ամբողջովին միանում եմ խմբագրության «տակտիկային», գտնելով, որ իմ հոդվածի առաջադրություններից շատերը պատասխանում են և ընկ. Մակինցյանի ֆելիետոնին, ուստի և մեզ ազատում են հիմա ընկ. Մակինցյանի ֆելիետոնին առանձնապես պատասխանելու անհրաժեշտ պարտականությունից:
Իմ «Աթիլլա» բանաստեղծության մասին27 միայն պիտի ասեմ, որ նա գրված է 1916 թվին և նրանում պատկերացված է «հոների արքա հզոր Աթիլլը», որպես «պատերազմի ահավոր սպառնալիք, որ կախված է բուրժուական հասարակարգի վրա և կախված կմնա, քանի այդ հասարակարգը կա: Ի՞նչ կա սրանում մեղադրելի և էն ո՞ր մարքսիստն է, որ կարող է հակաճառել նրան: Բայց արեք տեսեք, որ ընկ. Մակինցյանին հարկավոր էր դեմագոգիա անել և, քանի որ ոչ ոք չի խանգարել նրան — նա արել է այդ: Եվ նա ունի մի արդարացում. չէ՞ որ նրա հոդվածը միմիայն զվարթ ֆելիետոն է28 — և ուրիշ ոչինչ — այնպես չէ՞ …:
Ծանոթագրություններ
(Ա.Գ.Զաքարյանի, Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 1967թ.)
- «Բայց չա՞փը, չա՞փը…» — Տ. Հախումյանի հոդվածից է։
- «Կուլտուրաները գնում են, անցնում,… — Հախումյանի հոդվածի հետևյալ տողերն են. «…Կուլտուրաները գնում, անցնում են, բայց նրանց մեջ այն ամենը, ինչ առողջ է ու կենսունակ փոխանցվում է գալիքների ժառանգության: Ոչինչ չի ապրում և չի աճում առանց «հողի»:
- «Պոեզիայի մեջ էականը … — Նկատի ունի Հախումյանի հոդվածի հետևյալ տողերը. «Բայց չէ՞ որ պոեզիայի մեջ էականը նյութը չէ, «ինչը» չէ, այլ «ինչպե՞սն» է, նյութը շնչավորելու ձևն է»:
- «Գեղարվեստը գեղարվեստի համար» հանրածանոթ սկզբունքը — Հետադիմական տեսություն, ըստ որի արվեստը իբր անկախ է հասարակական կյանքից: Տեսությունը փթթել է 1848 թ. ֆրանսական հեղափոխության ճնշում ից հետո. պաշտպանել են հետաըս գրական անկումային հոսանքները: Չ-ը, իհարկե, սխալվում է, երբ իր հակառակորդներին համարում է այդ տեսության կողմնակիցներ:
- Ֆրանսական դեկադանսը — Ֆրանսերեն «decadence» — անկում բառից. գրական անկումային ուղղություն. սկզբնավորվել է XIX դ. 80-ական թվականներին Ֆրանսիայում, տարածվել հետագայում: Նախապես դեկադանս անունը կրել է բանաստեղծների մի խմբակ (Պ. Վերլեն, Ս. Մալարմե, Ա. Ռեմբո և ուրիշներ):
- Ռուսական սիմվոլիզմը – Սիմվոլիզմը (խորհրդապաշտություն) Ռուսաստանում սկզբնավորվել է XII դ. 90-ական թվականներին, ծաղկել 900- ականին. XX դ. 10-ական թվականներին արդեն իր տեղը զիջում է գրական մյուս ուղղություններին՝ անկմեիզմ, ֆուտուրիզմ և այլն:
- Բոդլերը – այնպիսի մաղձով է խոսում Կոմունայի մասին – Խոսքը վերաբերում է Շարլ Բոդլերի (1821—1867) «Իմ մերկացված սիրտը» («Мое обнаженное сердце» — ռուսերեն հրատ, 1903, Մոսկվա) հիշատակարանին: Բոդլերը չէր կարող խոսել Փարիզի կոմունայի մասին (1871 թ.), նրա «մաղձոտ» տողերը Ֆրանսիական բուրժուական հեղափոխության և 1848 թ. հեղափոխության հասցեին Չ-ը սխալմամբ վերագրել է Փարիզի կոմունային:
- Միլյուկով Պ. Ն. (1859 —1943) — Ռուսաստանի սահմանադրական-դեմոկրատական (կադետների կուսակցության առաջնորդներից, պատմաբան. քաղաքացիական կռիվների տարիներին (1918–1920) սովետական երկրի դեմ հակահեղափոխական ելույթների կազմակերպիչներից մեկը:
- Գուչկով Ա. Ի. (1866 —1936) – Ռուսաստանի «Օկտյաբրիստներ» կոչվող բուրժուա-միապետական կուսակցության առաջնորդներից. սովետական երկրի դեմ հակահեղափոխական ելույթների կազմակերպիչներից:
- Վյաչեսլավ Իվանով (1866 —1946) — Ռուս սիմվոլիստ բանաստեղծ, սիմվոլիզմի տեսաբան, բանասեր:
- Սոլոգուբ (Ֆեոդոր Կուզմիչ Տետերնիկով, 1863-1927) – Ռուս սիմվոլիստ բանաստեղծ և վիպասան:
- Կուզմին Միխայիլ (1875 —1936) — Ռուս սիմվոլիստ բանաստեղծ:
- Մինչև օրս էլ կրկնում են Բրյուսովն ու Բայլմոնտը – Վ. Բրյուսովը (1873–1924) ռուս մտավորականների շարքում առաջիններից էր, որ ընդունեց Հոկտեմբերյան հեղափոխությունը. Չ-ը սխալվում է, նա նման գաղափարներ չէր «կրկնում». ինչ վերաբերում է Կ. Բայլմոնտին (1867 —1942), նա հեռացավ Ռուսաստանից (բնակվում էր Փարիզում) և շարունակում էր հավատարիմ մնալ սիմվոլիզմին:
- «Ես գիտեմ մի թովիչ առասպել… — Վ. Տերյանի «Ես նստում եմ մենակ, մեն-մենակ» տողով սկսվող բանաստեղծության վերջին տունն է։
- «Беру кусок жизни … — Ֆ. Սոլոգուբի «Творимая легенда» վեպի առաջին մասի («Капли крови») առաջին տողերն են:
- «Բազմաժխոր քաղաքները»… «բազմահազար ամբոխների շունչը» — Երեքի դեկլարացիայի ձևակերպումներից են:
- Մեզ ասում են, որ մենք … զերծ չենք եղել այդ հիվանդություններից — Նկատի ունի Հախումյանի հոդվածի հետևյալ տողերը. «Մանավանդ որ նույն «թոքախտի մանրէները» կան և նրանց բոլորի ստեղծագործության մեջ: Չէ որ «Կապուտաչյա Հայրենիքը», «Գալանտ երգերը», «Գունատ մեղեդիները», «հուսալքումը» և «միայն կինը» կամ «թարախում լողացող շները» նույն այդ Երեքի գործերն են, որ նրանք մի ժամանակ, իսկ Չարենցը նաև այժմ, հրամցրել են հայ ընթերցասեր հասարակայնությանը»:
- «Ռադիոները» — Այսինքն Չ-ի «Նայիրի երկրից», «Դեպի ապագան» և «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» պոեմները, որոնք Հրատարակվել էին 1920 թ. Երևանում՝ «Բոլորին, բոլորին, բոլորին» խորագրով:
- Ազ. Վշտունու «Փողոցները», «Շոգեկառքը» — Առաջինը Վշտունին (1894—1958) գրել է 1920 թ. Մոսկվայում, երկրորդը՝ 1917-ին Թիֆլիսում:
- «Բարի տրամադրություն ունենալ» – Հախումյանի հոդվածի տողերից է:
- «Ռիթմը որպես շարժում» — Երեքի դեկլարացիայի ձևակերպումներից է:
- … Ռուսական չարախինդ ասացվածքով — Նկատի ունի Հախումյանի հոդվածի վերջին տողերը. «Այսպես, ընկե՛ր Չարենց, ռուսներն ասում են. «Не говори гоп, пока не перескочишь»: Թռե՛ք, տեսնենք ո՞ւր են իջեցնելու Ձեզ Ձեր թևերը: Գուցե մենք դեռ կպատահենք: Ո՞վ գիտե, կյանքը կատակներ շատ է սիրում, մարդը՝ ևս առավել, բարի հանդիպում…»:
- Երևակայում եք (какой ужас) — Հերոստրատը — Ավանդությունն ասում է, որ Հերոստրատը (հույն՝ Եփեսոս քաղաքից) մ. թ. ա. 356 թ. հռչակվելու համար այրել է Արտեմիսի տաճարը։ Ակնարկում է Տ. Հախումյանի հոդվածի հետևյալ տողերը. «Դեկլարացիան թողեց այն տպավորությունը, թե «Երեքը» Հին Հունաստանի քաղաքացի Հերոստրատի նման՝ ուզում են ինչ գնով էլ որ լինի՝ այրել ներկա կուլտուրայի բազմադարյան տաճարը, որ պատմական մի հետք թողնեն իրենց ճամփին, և ես մտքումս արդեն երեքի անվան կողքին գրել էի և Հերոստրատի անունը, ինչպես ժողովրդական հեքիաթում՝ «երեք չլինենք՝ չորս լինենք, ինչ կա որ»:
- Մեր «համեստ զգաստությունը» — Տ. Հախումյանի ձևակերպումներից է։
- «Նիշված է «ձեր» բախտը վերուստ… – Վ. Տերյանի «Սրտակեզ կսկիծ մի հին» տողով սկսվող բանաստեղծությունից է. բնագրում՝ առաջին տողը. «Նիշված է բախտըս վերուստ»:
- Ընկ. Մակինցյանի զվարթ ֆելիետոնը — Պ. Մակինցյանի «Հայկական Բուալոն և նրա արբանյակները թվով երեք ու կես» գրական ֆելիետոնը տպվել է 1922 թ. հուլիսի 16-ի ԽՀ N 157: Թե ինչու «Երեք ու կես»՝ Մակինցյանը ակնարկում է ֆելիետոնի վերջին տողերում. Երեքի դեկլարացիայի հետ միասին նույն ԽՀ N 130-ում Եր. Մելիք ստորագրությամբ տպվել էր «Պրոլետարական բանաստեղծության ճամփաները» վերնագրով մի հոդված, որտեղ hոդվածագիրը պաշտպանում էր և կետ առ կետ դրվատում դեկլարացիան:
Եր. Մելիքի այս հոդվածն էլ Մակինցյանի մտահղացում ով այն կեսն էր, որով դեկլարացիան դառնում էր «Երեք ու կեսի» դեկլարացիա:
Եր. Մելիք — Հին բոլշևիկ Եր. Մելիք-Յոլչյան. 1921-1922 թթ. ուսանում էր Մոսկվայում։ Գրել է աշխատություն՝ «Հայաստանի բանվորական շարժման պատմությունից. 1903-1907», որ հրատարակվել է 1924, սպա և 1930 թ. (Երևան)։
- Իմ «Աթիլլա» բանաստեղծության մասին — Չ-ը պատասխանում է Մակինցյանի ֆելիետոնի հետևյալ տողերին. «Հնից դուր չի գալիս Չարենցին՝ Բայրոնը, Շեքսպիրը:
— Իր հին երազին միշտ հավատարիմ
Արքա Աթիլլը բարձրանա նորից…
Ահա: Հնից Աթիլլն է հրահրում կարմիր պոետի ֆանտազիան, «հոների արքա հզոր Աթիլլը»…։
Կշռադատենք այս մտքերը քաղաքական տեսակետից:
Շեքսպիրը, որին այնքան ջերմորեն հանձնարարում էր պրոլետարիատի ուշադրությանը Կ. Մարքսը — հիմար բան է, և Աթիլլան, հոների վայրենի արքան՝ իդեալ:
Եվ ո՞վ է ներշնչել աթիլլայան երազներ Չարենցին։ Վյաչեսլավ Իվանովիչ Իվանովը:
Топчи их рай, Атилла».
- Չէ՞ որ նրա հոդվածը միմիայն զվարթ ֆելիետոն է — Ամբողջ խստությամբ հանդերձ, Մակինցյանի գրական ֆելիետոնում՝ կային և նման տողեր. «Արվեստի բոլոր ճյուղերում որոնումը — շարունակվում է: Տակավին ոչ ոք չի հավակնում բանաձևել նոր պոեզիայի նոր կանոնները: Եվ իհարկե Եղիշե Չարենցը իր թարմաշունչ պոեզիայով շատ ավելին է տվել պրոլետարական պոեզիային, քան այս աղքատիկ ու ծամծմված կանոններով է տալիս… Մենք պարծենում ենք Չարենցով, որպես մեր պոետով, բայց… սկսում ենք ամաչել նրանից…»:
Գրել է 1922 թ. հունիսի վերջին (հունիսի 27-ից հետո). Եղիշե Չարենց ստորագրությամբ տպվել է նույն թվի հուլիսի 18-ին՝ ԽՀ N 158: Տպագրվում է ԽՀ-ից:Հուլիսի 6-ին ԽՀ N 149-ը հաղորդում էր. «Ընկ. Չարենցին. — Ձեր «Ապադասակարգային ինտելիգենտը և մեր դեկլարացիան» հոդվածի տպագրությունն ուշանում է թերթի 2 երեսից լույս տեսնելու պատճառով»: Պատասխան է գրականագետ Տիգրան Հախումյանի «Ի պաշտպանություն «չորրորդ աստիճանի հոտենտոտի» («Երեքի» դեկլարացիայի և Ե. Չարենցի հոդվածաշարի առթիվ) հոդվածի, որ տպվել է 1922 թ. հունիսի 27-ի ԽՀ N 141-ում:
Այս բանավեճի առթիվ Տ. Հախումյանը մանրամասնություններ է հաղորդում իր «Եղիշե Չարենց» հուշերում. տե՛ս Т.Ахумян, «Литературные статьи и воспоминания», Ереван, 1966, стр. 308-310.
Իր հոդվածում Տ. Հախումյանը անցյալի ժառանգության պաշտպանության դիրքերից խստորեն քննադատում էր Երեքի դեկլարացիան և Չ-ի «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածաշարի տեսակետները: Հախումյանի հոդվածը, ըստ էության, Երեքի դեկլարացիայի առաջին արձագանքն էր մամուլում, որին և հարկ է համարել պատասխանել Չ-ը: Լուրջ առումով՝ առաջին, չհաշված Երեքի դեկլարացիայի հրապարակումից երկու օր հետո՝ հունիսի 16-ին, ԽՀ N 132-ում Չ-ի «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածի կողքին զետեղված «Ռադիո-կատակը», որ ավարտվում էր հետևյալ տողերով։
«Երեքի դեկլարացիան դեռ երկար ժամանակ անգործության պիտի մատնի մեր ռադիո-կայանը, որովհետև այդ դեկլարացիան ուժգին մթնոլորտային պարպումներ է առաջ բերել Նայիրի երկրում։ Երկա՞ր կտևի այս փոթորիկն ու շփոթը, չեմ կարող ասել…
Էսպես եղավ՝ մտածում եմ ինքս ինձ:
Ռադիո-շվար է իմ հոգին հիմա:
Եվ ռադիո-հարցում։
Ինչո՞ւ են շվար հայ գրականության փոքր ու մեծ ռադիոկայանները՝ երիտասարդ գրողների ընկերությունից:
Ի՞նչ խոսք ունեն ասելու այդ ընկերության բարձրաստիճան հովանավորողները:
Ռադիո-սպասում է իմ հոգին հիմա…»:
Հախումյանի հոդվածին հաջորդում է գրականագետ Պողոս Մակինցյանի (1886-1938) «Հայկական Բուալոն և նրա արբանյակները թվով երեք ու կես» գրական ֆելիետոնը (ԽՀ 1922 թ. հուլիսի 16, 1 157), որին Չ-ը անդրադառնում է արդեն գրած պատասխանի (այսինքն ծանոթագրվող հոդվածի) վերջում:
Դիտվել է 621 անգամ