Հրապարակվում է ըստ «Գիտական և հրապարակախոսական աշխատություններ» հատորի: Տեքստն անթվակիր է, բայց, պարունակությունից դատելով, գրվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։
Ամենամեծ դատարկ տակառները հասարակական կյանքումն են գտնվում: Ամեն մարդ գիտե դատարկ տակառի պատմությունը: Յուղի տակառներ, սպիրտի տակառներ, ոսկու տակառներ, դատարկ տակառներ – այդ միևնույն է, բոլորն էլ տակառներ են: Բոլորն էլ նույն մեծությունը կարող են ունենալ, բայց բոլորն էլ միևնույն ձևն ունեն անպատճառ, միևնույն շերտերը, օղակները, հատակը և բերանը: Զառիվայր և խորդուբորդ տեղերից ճամփորդելիս միայն նրանք մատնում են իրենց ներքին արժեքը, այլապես ամեն մարդ պարտավոր է ընդունել, որ բոլոր տակառներն էլ տակառ են և բազմահարուստ, հավասար թե՛ որակով, և թե՛ քանակով, ընդունակ միևնույն տարողության և բովանդակության:
Կուսակցությունների սոցիոլոգիան անթիվ նմանություններ է երևան բերում տակառների հետ: Փոքր կուսակցությունները կատարելապես դատարկ տակառներ են, շրջապատով, ձևով և մեծությամբ նման լիքը տակառներին, դատարկ տակառների նման մեծագոչ և աղմկահույզ, լիքը տակառների պես հավակնություններ ունեցող և ծանրագլուխ: Արժե մի քիչ կանգ առնել փոքր կուսակցությունների սոցիալական ծագման և նկարագրության վրա, որովհետև նրանք էլ, երբեմն, կույր պատահականության շնորհիվ, երբեմն էլ կուսակցություններին հատուկ տրամաբանության շնորհիվ դառնում են իրականության և դրության տերերը ու մեր ճակատագիրը վճռում միևնույն համարձակությամբ և հանդգնությամբ, ինչ որ մեծ կուսակցությունները:
Կուսակցություններն, առհասարակ, ժողովրդի մեջ առաջ եկած հասարակական խմբակցություններ են՝ կոչված որևէ հասարակական իդեալի իրականացման համար աշխատելու: Փոքր կուսակցություններն էլ այդպես են:
Նրանք ունենում են իրենց տարիքը, որ ժամանակի ընթացքին մեծանում է: Բայց երբ կուսակցությունները երկար ժամանակի ընթացքին մնում են մանկական տարիքի մեջ և իրենց տարիները մեծացնելով` չեն մեծացնում, սակայն, ո՛չ իրենց ծավալը, ո՛չ բովանդակությունը, ո՛չ էլ ազդեցության շրջանը, այն ժամանակ նրանք, ուրեմն, չեն էլ մեծացնում իրենց հասարակական դաստիարակությունը և խելքը: Այս փոքրահասակությունը դառնում է մի կատարյալ դատապարտություն նրանց համար, այն աստիճան, որ բոլոր տհաս խելքերի և մանուկների պես սկսում են վիճել իրենց մեծության և փորձառության մասին: Կազմված պետք է լինել ժողովրդի մեջ, ինչպես բոլոր կուսակցությունները, բայց կտրված լինելով նրանից իրենց փոքրության պատճառով, նրանք դուրսն են մնում ժողովրդից և մի տարօրինակ դրություն ստեղծում իրենց համար. ուզում են ժողովրդին ծառայել, բայց ժողովուրդը չի ընդունում նրանց ծառայությունը: Եվ այսպես, իրենց փոքրությունը նրանք սկսում են բացատրել ժողովրդի տգիտությամբ և չհասությամբ: Շփոթում են պատճառը և հետևանքը. ոչ թե փոքր են, դրա համար էլ ժողովուրդը չի հետևում իրենց, այլ որովհետև ժողովուրդը չի հետևում իրենց, դրա համար էլ փոքր են: Մի մշտական մխիթարություն նրանց փրկում է իրենց աչքում գոնե, թե բոլոր մեծ սկզբունքների և վարդապետությունների պես իրենք ևս պետք է սկզբում քիչ հետևողներ ունենան, փոքր ժողովրդականություն և դեռ հալածվեն: Բայց ինչպես երևում է, նրանք այնքան մեծ ժամանակի պետք ունեն, որքան մի մեծ կուսակցություն պետք չունի ծնվելու, մեծանալու, իր գործը կատարելու և վերջանալու համար: Այդքան ժամանակի ընթացքում, ուրեմն, նրանք քրիստոնեական մարտիրոսների դերը պիտի կատարեն և դրանից հետո միայն ծառայեն հասարակության, երբ գուցե իրենց սկզբնական իդեալներն իրականացնելու այլևս կարիք չլինի: Այդ մտահոգությունն է ահա, որ ինչպես բոլոր կուսակցությունների, նույնպես և փոքր կուսակցությունների ծրագիրը դարձնում է անիրագործելի իդեալների մի ժողովածու: Կուսակցությունները իրավունք չունեն մեռնելու և ամենից առաջ փոքր կուսակցությունները, որոնք իրենց ամենօրյա մահը՝ անհաջողությունը, անգործությունը, անկենսունակությունը տեսնելով, անմահության երազներ են տեսնում և ծրագիրներ կազմում:
Մեր օրերում կուսակցությունները ախտավոր զարգացման հասան: Նրանց վիճակվեց ոչ միայն հասարակական կարծիքի ղեկավարությունը, ոչ միայն հասարակական գործերի վերահսկողությունը և քննադատությունը, ոչ միայն ընտրությունների ժամանակ իրենց իդեալները քարոզելու, առաջարկելու և պաշտպանելու պարտականությունը, այլև ամենից առաջ ու ամենից ավելի պարզապես հասարակական գործերի ղեկավարությունը և տնօրինությունը: Մեր օրերում կուսակցություններն են երկրի տերերը և կառավարողները: Այս ծայրահեղ զարգացումը մեծ մասով կուսակցություն գաղափարի ախտավոր ըմբռնումիցն առաջ եկավ: Այդ ախտավոր ըմբռնումը կայանում է ոչ թե այն բանի մեջ, որ մեծ կուսակցություններն անցան գործի գլուխը. այդ այդպես էլ պիտի լիներ քաղաքական ազատություններ վայելող յուրաքանչյուր երկրի մեջ: Այդ ախտավորությունն այն է, որ ասում է, թե բոլոր կուսակցությունները հանրօգուտ կազմակերպություններ և հաստատություններ են: Անկարելի է լինում որևէ լեգալ կուսակցության վնասակարությունն ապացուցանել: Այդպիսի մի փորձ ձեզ կբերեր կուսակցական, միակողմանի և նեղմիտ մարդուն վայել մեղադրանքներ: Բայց մի րոպե ենթադրենք, թե բոլոր կուսակցությունները, հաջորդաբար, իրար ետևից, զանազան ընտրությունների ժամանակ շահեին, և այսօր այս կուսակցությունը լիներ գործի տերը, վաղը` մյուսը, և այլն: Ի՞նչ կլիներ այդ երկրի վիճակը: Ոչ միայն այդ հաջորդականությունը և փոփոխությունը պիտի ջնջեր հասարակական գործերի մեջ լինելիք անհրաժեշտ կայունությունը և շարունակությունը, այլև իր հակասություններով անվերջ հեղափոխություններ պիտի ստեղծեր, և հասարակության ծառայելու անժխտելի սկզբունքը պիտի դառնար հասարակության պատժելու անհերքելի պատուհաս:
Բայց կուսակցական ըմբռնումի ծայրահեղ ախտավորությունը մարմնացնում են փոքր կուսակցությունները: Բավական է մի թերթ ունենալ, փույթ չէ թե ընթերցողները մի քանի տասնյակ են միայն. բավական է մի երկու ժողովներ կազմակերպել, փույթ չէ թե ունկնդիրները մտերիմների և ազգականների շրջանից դեն չեն անցնում, և վերջապես բավական է պատերին թռուցիկներ կպցնել իրենց ստորագրությամբ և խոսել իրենց մեծադղորդ ծրագիրների մասին, խոստանալ դրախտներ, որ ոչ բիբլիական, ոչ էլ մահմեդական հանճարները չեն կարողացել երևակայել, ծանուցանել իրենց գաղափարների մեծ ընդունելությունն ու ժողովրդականությունը ուրիշ երկրներում և հատկապես Ռուսաստանում – բավական է այսքան տեխնիկան, որպեսզի մի կուսակցություն գոյության իրավունք ունենա և մտածի, դատե ու պահանջե, ինչպես անում են, մտածում, դատում և գործում մեծերը: Կուսակցական ըմբռնումի այս ախտավորությունը ո՛չ միայն աննկատելի է մնում իրենց համար, և իրենք էլ համոզվում են իրենց ասածին, այլև վերջիվերջո մեծ կուսակցություններն էլ վարակվում են ընդհանուր ախտից և հանրօգուտ հաստատություն համարում նաև փոքրերին:
Շնորհիվ այդ ըմբռնումին դարձյալ մի սոցիալական տարակերպություն է ստեղծվում, որով մի կուսակցություն սնուցանում և ապրեցնում է իր հակառակորդ կուսակցության: Փոքր կուսակցությունները հատկապես դառնում են այսպիսով մակաբույծներ, որոնք սնվում են՝ սպանելով իրենց սննդատու աղբյուրը: Այդ երևույթը տեղի է ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ կուսակցությունները ընդհանուր համաձայնության են գալիս գործերը ղեկավարելու, այդ դեռ ուրիշ հետաքրքիր գծեր է երևան բերում, այլև այն ժամանակ, երբ իրար դեմ բացարձակ թշնամությամբ են գործում: Չունենալով ժողովրդականություն և մեծ ծավալ` փոքր կուսակցությունները հատկապես ապրում են այն հույսով, թե մի օր մեծերը կկորցնեն իրենց ժողովրդականությունը, և իրենք կլինեն այն պատրաստի ամանները, որոնց մեջ հեշտությամբ հոսելու է քվեատու ամբոխը: Մեծ կուսակցությունների սխալները փոքր կուսակցություններին ապրելու նյութ և պաշար են տալիս այսպիսով: Եվ, որովհետև, ժողովուրդը «գոյություն ունի» միայն կազմակերպված կուսակցությունների մեջ, այդ պատճառով էլ կուսակցության ներքին արժեքը ղեկավարող անձնավորությունների ներշնչած վստահությունը և գործունեության փաստը չէ, որ ժողովրդին տանում են մի կուսակցությունից դեպի մի ուրիշ կուսակցություն: Ընդհակառակն, մտածում են փոքր կուսակցությունները, հենց որ անցավ մի որոշ շրջան, երևան եկան մեծ կուսակցության սխալները և տեսանելի դարձան ամենքի համար, այն ժամանակ մենք կհաղթանակենք: Ոչ ոք չի ուզում ընդունել, թե փոքր կուսակցությունների հենց ամենամեծ վարկաբեկությունն է այն հանգամանքը, որ իրենք պիտի մեծանան, ժողովրդական և կենսունակ դառնան միայն այն պատճառով, որ մեծ կուսակցությունները սխալվում են: Սովորական և առօրյա կյանքի երևույթներից մեկն է տեղի ունենում այստեղ, քո ընկերոջ և բարեկամի, քո նմանի վարկաբեկությունն ու անկումն է միայն քո փառքը և բարձրացումը պատրաստում: Հեռու լինելով դիտավորյալ կերպով բացատրելուց այս երևույթը` ինձ թվում է, որ կուսակցություններին և խմբակցություններին հատուկ է այս սոցիալական ընթացքը, որի մեջ ընկնում են բոլորն էլ, գուցե անգիտակցաբար:
Բայց շատ ավելի հետաքրքիր երևույթների ենք հանդիպում, երբ կուսակցությունները մի ընդհանուր համաձայնության են գալիս՝ գործերի ղեկավարության համար: Այդ համաձայնությունը բազմաթիվ աստիճաններ կարող է ունենալ, բայց ամենատարօրինակ երևույթները հանդես են գալիս այն ժամանակ, երբ համաձայնությունը կատարյալ է, և գործերի համար ղեկավարող մարմիններ են կազմվում այսպես կոչված պարիտետի (parité – զուգություն, նմանություն) հիման վրա: Մեծ կուսակցությունները այդ համաձայնության մեջ կատարած իրենց սխալը ծածկում են մեծահոգության և հասարակական գործի մեջ ունեցած իրենց անսահման զիջողության ու ներողամտության քղամինդրով: Բայց այդ համաձայնությամբ կազմված մարմնի մեջ մեծը դառնում է փոքր, և փոքրը՝ մեծ: Դրանով քաջալերվում է ոչ միայն օգտակարը, այլև վնասակարը, անհամապատասխանն էլ համապատասխան է, աննպատակահարմարն էլ նպատակահարմար, շատն էլ քիչ է, քիչն էլ շատ, ոսկին հող է և հողը՝ ոսկի, երգն էլ աղմուկ է, աղմուկն էլ երգ: Այս արմատական և ամենայն տարբերություն և արժեք ոչնչացնող հավասարությունը թողնենք թե հասարակական գործի համար ինչպիսի անդունդներ և գերեզմաններ է փորում: Բայց, վերջիվերջո համոզում է գոնե մեծահոգիներին և փոքրոգիներին կուսակցական ըմբռնումի վերև նկարագրած ախտավորությունը: Որովհետև կազմակերպչական ընդհանուր համաձայնությունը ինքնաբերաբար ստեղծում է անվերջ անհամաձայնություններ և մի վատ եզրակացության բերում բոլորին էլ` թե հասարակական գործի մեջ համաձայնությունը չարիք է, այնտեղ հնարավոր է աններողամտություն և ուժի ու տիրապետության փառքը միայն: Այդպես չեն անում նրա համար միայն, որ փոքրերի հանած աղմուկիցն ազատեն իրենց ականջները և մի ավելորդ անգամ ապացուցանեն կուսակցությունների ինքնանպատակությունը` անկախ իրենց դերից և պարտականություններից: Բացի այդ, դրանով արդարանում է նաև փոքր կուսակցությունների գոյության իմաստը ուրիշ տեսակետից էլ: Փոքր կուսակցությունները հանրօգուտ հաստատություններ են, ոչ միայն նրա համար, որ ապագայում կարող են մեծանալ, այլև նրա համար, որ վերահսկողություն կատարեն մեծերի վրա, քննադատեն նրանց գործերը և գործելակերպը ու մի երջանիկ պատեհություն ձեռք բերեն մի օր էլ պարիտետն իրականացնելու և դրա շնորհիվ լինելիք ընտրությունները ղեկավարելով, մի վերջին ճիգ գործ դնելու, մեծանալու, շատ քվեներ ստանալու և ժողովրդական դառնալու: Այն օգուտն էլ կա, դրանցից բացի, որ հասարակական գործերը մենաշնորհ չեն դառնա որոշ խմբակցությունների, որոշ սկզբունքների և անցյալի տեր մարդկանց ձեռք: Եվ վերջապես պարիտետը և նման պատահականությունները կարող են շատ օգտակար ուժերի, որոնք կուսակցական տարբերության համար միայն հասարակական գործից հեռացել էին, նորից բերել գործի մեջ և հնարավորություն տալ ոչ միայն բոլոր կուսակցություններին, այլև բոլոր կենսունակ և գործելու, ծառայելու տրամադիր անձնավորություններին՝ նվիրվելու հասարակական գործին, մանավանդ նրա ծանր և դժվար մոմենտներում:
Ահա այսպես է, որ կուսակցություններն իրականացնում են սոցիալական բազմաթիվ տարակերպություններ, դառնում ինքնանպատակ և, հանդուրժելով իրենց մարմնի վրա գտնվող մակաբույծներին, կուսակցություն գաղափարը, երբեմն դարձնում են հոմանիշ սոցիալական մակաբուծության, որ ծնվում ու զարգանում է սոցիալական մարմնի վրա և նրա հաշվին ապրում:
Կուսակցություն գաղափարի այդ ախտավոր ըմբռնման շրջանում այսքան խոր և ուժեղ հիմունքներով իրենց գոյությունն են արդարացնում ոչ միայն փոքր կուսակցությունները, այլև փոքր, շատ փոքր անհատական խմբերը և փոքրիկ եսամոլ անհատականությունները: Կուսակցականորեն գործելու տրամադիր ամեն անհատ իրեն կոչված է համարում մի նոր կուսակցություն հիմնելու և հասարակության տալու այն, ինչ որ մյուս բոլոր կուսակցությունները չկարողացան տալ: Բայց սա միայն փոքր կուսակցությունների տրամաբանական վախճանն է և ուրիշ երևույթ: Այդ մասին առայժմ չենք խոսում:
Բնական է, հասարակության մեջ տիրող կարծիքների այս շրջանում անկարելի է լինում որևէ կուսակցության ավելորդությունն ապացուցանել: Փոքր կուսակցությունների հաղթության և ոսկեդարի շրջանում մարդու արժեքը չափվում է միայն կուսակցականությամբ, և հասարակական մարմնի մեջ եղած ավելորդ և անպետք տարրերը դառնում են անհրաժեշտ և պետքական:
Մեր հայկական իրականության մեջ գործող սոց.-հեղափոխականները և սոց.-դեմոկրատները կատարելապես ներկայացնում են փոքր կուսակցությունների բոլոր առաքինությունները: Նրանք ապրում են ոչ միայն ի հաշիվ մեծ հակառակորդ կուսակցության, այլև ի հաշիվ այն մեծ կուսակցությունների, որոնք ուրիշ երկրներում մեծ են և ժողովրդական, և որոնց դժգույն արտացոլումները և արձագանքներն են իրենք Ասիայի այս անկյունում: Տարիների փոքրահասակությունը նրանց մեջ արմատացրել է ոչ միայն փոքր կուսակցություններին հատուկ բոլոր հիվանդությունները, այլև փոքր կուսակցությունները դարձրել է փոքրիկ մարդկանց կուսակցություններ: Ոչ մի պայմանով նրանք չեն համաձայնվում մեծ և ուժեղ դառնալու: Սկզբունքների աղանդավոր պահպանումը նրանց ավելի հանրօգուտ գործ է թվում, քան ուժ և ազդեցություն ձեռք բերելն ու գործադրելը: Թեև շատ սովորական երևույթ է, որ հակադաշնակցականությունը նրանց և դեռ շատ ուրիշների էլ միացնում է իրար հետ, և դրանով եղծանում նրանց սկզբունքների կուսական անարատությունը: Բայց որովհետև նրանք ապրում են ապագայի մեծության երազներով և ներկայի երջանիկ պատահականությունների գնով, այդ պատճառով էլ նրանք հանրօգուտ գործ են համարում աղմուկը, դատարկ տակառների աղմուկը: Հասարակական գործի մուրացկաններ և արկածախնդիրներ են դառնում նրանք ակամա, հենց այն պատճառով միայն, որ փոքր են և չեն ուզում, չեն կարող մեծանալ, ժողովրդական և լայն կուսակցություններ դառնալ: Ակամա նրանք մնում են ստվերում, երբեմն մեծ հակառակորդների, երբեմն էլ այսպես կոչված «մայր կուսակցության»: Փոքր կուսակցություններին հատուկ հոգեբանական և սոցիոլոգիական նրանց կացությունը ավելի ամրապնդվում է, իհարկե, բոլոր կուսակցություններին հատուկ հոգեբանությամբ, այսինքն նրանք ավելի ու ավելի համոզվում են իրենց օգտակարության և ինքնանպատակության, ինչքան քիչ են գործում, ինչքան անհաջող և անժողովրդական են դառնում, ինչքան իրենց դատարկ բովանդակության աղմուկը շոյում է իրենց ականջները և, մի խոսքով, ինչքան դեռ ոչնչությունը հնարավոր է կուսակցություն մեծադղորդ ամանի մեջ պարփակել: Բայց այդ ոչնչությունը նրանք երբեք չեն նկատում, չեն տեսնում և միշտ մեծ գործերի գլխին կանգնած են տեսնում իրենց և ափսոսում, որ մարդու սով ունեն: Նրանք չեն ընդունում, որ քվեի սովը առաջ է բերում առհասարակ մարդու սովը, և անկարելի պիտի լիներ կուսակցությունների բացարձակ օգտակարության մասին տարակարծիք լինել, եթե փոքր կուսակցությունները չապացուցանեին անժխտելի կերպով իրենց ավելորդությունը և անպետքությունը: Անշուշտ, կուսակցությունների սոցիոլոգիային է վերաբերում այն հանգամանքը, որ դատարկ տակառների աղմուկը վրդովմունք է առաջ բերում և ազդում մարդկանց գործերի վրա: Այսքան քիչն էլ բավական է, որ փոքր կուսակցությունները համոզվեն իրենց օգտակար և անհրաժեշտ դերին: Ո՞վ կարող է, սակայն, նրանց համոզել, թե այդքանը բավական չէ մի կուսակցություն հիմնելու և համառորեն նրան պահպանելու համար: Փոքր կուսակցությունների սոցիալական դիրքը և նշանակությունը այսպիսով մի ճակատագրական դատապարտության է ենթարկվում իրենց դերի շնորհիվ: Նրանց ազդեցության շառավիղը, առանց որևէ թվի կամ գործակցի ամբողջովին ծածկում է նրանց շրջագիծը: Եվ ինչպես զորավոր և ուժեղ անհատականությունները իրենց կնիքն են դնում մի կուսակցության վրա, այնպես էլ մի կուսակցություն իր կուսակցական անհատականության կնիքն է դնում յուր անդամների վրա, իսկ փոքր կուսակցությունները միայն մի անհատական-կուսակցական կնիք ունեն՝ փոքրությունը և երկարատև անչափահասությունը. մի ավելորդ ապացույց` փոքր կուսակցությունները փոքրիկ մարդկանց կուսակցություններ են: Ծնված ժողովրդի մեջ, ժողովրդին ծառայելու՝ նրանք արմատախիլ են լինում, ժամանակի ընթացքին, ժողովրդից և դառնում նրա գլխին մի կատարյալ չարիք, այդ անզոր կղզիացման և առանձնացման մեջ նրանք ոչնչանում են առանց հալածանքի, բայց իրենց փոքրությունն արդարացնող հալածանքը կա առնվազն նրանց գլխում, որոնք, իրենց սոցիալական անչափահասությունը բոլորովին անտեսելով, իրենց հասարակական գոյությունը դարձնում են մի հարց, հասարակական մի պրոբլեմ, որ լուծելու համար այս անգամ պետք լինի գուցե մի նոր կուսակցություն հիմնել:
Վարազդատ Տերոյանը (Դերոյան) ծնվել է 1887 թվականին։ Ավարտել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել գերմանական մի շարք համալսարանների նույնօրինակ ֆակուլտետներում։ Ծավալել է ակտիվ գիտական-հասարակական գործունեություն, փիլիսոփայության դասականների հայերեն թարգմանություններ արել գերմաներենից և ֆրանսերենից։ Դառնալով ստալինյան բռնաճնշումների հերթական անմեղ զոհը՝ իր մահկանացուն կնքել է 1938-ին։
Դիտվել է 785 անգամ