Diskurs.am-ի խմբագրակազմը հրապարակում է տնտեսագետ, սոցիոլոգ Սոնյա Մսրյանի հոդվածը, որն առնչվում է արդի տնտեսագիտության մոտեցումների քննադատական ընկալմանը։ Միաժամանակ, խմբագրակազմի անունից նշում ենք, որ, կարևորելով մի շարք խորքային հարցադրումների արծարծումը, սկզբունքային անհամաձայնություն ունենք հոդվածի վերջին մասում առաջարկվող քաղաքական ոլորտի սահմանափակման և մարդկանց քաղաքական մասնակցությունը տեխնոկրատական մոտեցումներով փոխարինման թեզի հետ։ Մեր երկրում և այլուր սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառը հենց քաղաքական ոլորտի տեխնոկրատացումն է։ Այդուհանդերձ, այս տարբեր մոտեցումները հանրային լայն քննարկման և քննադատական մտածողության կարիք ունեն։
Միֆը
Գրական առումով միֆը ոչ սովորական իրադարձությունների կենտրոնում հայտնված աստվածների և գերմարդկանց մասին պատմություններ են, որոնք ընկալվում են որպես մարդկային փորձից բավականին վաղ՝ անորոշ ժամանակներում տեղի ունեցած: Առօրյա պատկերացումներում միֆը հեքիաթն է, հորինվածքը: Միֆում առավել քան որևէ այլ տեղ վառ արտացոլվում է այն պատկերացումը, որ ռացիոնալ միտքը կարող է ունենալ ոչ ռացիոնալ աղբյուր: Ժամանակակից մարդը համարում է իրեն ռացիոնալ էակ՝ բացառելով այն, որ իր մտածելաեղանակը և արարքները կարող են որոշվել միֆերով: Սակայն առավել քան երբևէ ապրում է թաքնված միֆերի՝ հատկապես սոցիալական միֆերի աշխարհում:
Բարտը միֆը դիտարկում է որպես հաղորդակցության համակարգ և դրանց վերլուծության հիմնական խնդիրն է համարում զանգվածային հաղորդակցության մեջ կեղծ միֆերի մերկացումը: Այստեղ սոցիալական միֆը կարող ենք սահմանել որպես բնակչության նշանակալի հատվածի կոլեկտիվ կայուն համոզմունքներ, որոնք չեն համապատասխանում կամ մասնակի են համապատասխանում իրականությանը: Չհամընկնելով կամ ոչ լիարժեք համընկնելով իրականության հետ՝ այս միֆերը ուղղակի կամ անուղղակի ազդում են/որոշում են հասարակության վարքը ընդհանրապես և առանձին անհատներինը՝ մասնավորապես:
Ռիչարդ Դոկինզը իր «Ուղեղի վիրուսները» հոդվածում զուգահեռներ է անցկանցում համակարգչային վիրուսի և մարդկային մտածողության մեջ տրամաբանությանը չենթարկվող ներդրված կայուն համոզմունքների (Դոկինզի դեպքում դրանք կրոնական համոզմունքներն էին) միջև՝ նշելով, որ հաջողակ վիրուսները պետք է զոհերի համար լինեն անտեսանելի և այլ համոզմունքների նկատմամբ թշնամական տրամադրված: Երբ փորձ է կատարվում մերկացնել համոզմունքները որպես ոչ ռացիոնալ, ուղեղը, ընկալելով քայլը թշնամական, կառուցում է սեփական համոզմունքների ինքնապաշտպանությունը՝ արգելափակելով նոր գաղափարների ընդունումը: Այդ իսկ պատճառով այդքան դժվար է որսալ միֆերը և այդքան դժվար է այն ենթարկել քննադատության:
Ռեսուրսների սահմանափակությունը՝ միֆ
Ռեսուրսի սահմանափակությունն արձանագրվում է այն դեպքում, երբ ռեսուրսն ունի տնտեսական արժեք և կարող է տնտեսական օգուտներ բերել: Երկրագնդի միջուկը դեռևս հայտարարված չէ սահմանափակ ռեսուրս (չնայած այն ունի սահմանափակ ծավալ և զանգված), քանի որ այն դեռևս չունի տնտեսական արժեք: Ռեսուրսի նկատմամբ իրավունքը ծագում է այն ժամանակ, երբ արձանագրվում է, որ այն սահմանափակ է: Օրինակ՝ շնչելու կամ օդի իրավունք չկա, որովհետև օդը դեռևս չի ճանաչվել սահմանափակ ռեսուրս: Փոխարենը աշխարհի շատ երկրներում գործում է «մաքուր ջրին հասանելիության» իրավունքը, քանի որ այն ճանաչված է սահմանափակ: Արձանագրենք նաև, որ «մաքուր ջրին հասանելիության» իրավունքի ճանաչումը դեռևս բնակչությանը չի ապահովում մաքուր ջրով, սակայն հող է նախապատրաստում ռեսուրսների անհավասարաչափ բաշխման համար: Բնականաբար այդ անհավասարությունը առկա էր նաև մինչ իրավունքի ճանաչումը, սակայն իրավունքը ճանաչվում է որպես հավասարության ժեստ՝ միաժամանակ մեխանիզմներ չտալով այդ հավասարության հաստատման համար:
Այս տեսքտի առաջին մասում ներկայացված էր ինչ է միֆը: Գրական միֆը, սոցիալական միֆը, ուրբանիզացված միֆը, միֆը որպես կոմունիկացիա… Այս բոլոր միֆերում առկա է մեկ ընդհանուր գիծ՝ անհամապատասխանություն իրականությանը: Ես հանդգնություն ունեմ այս միֆերի շարքին դասել նաև «ռեսուրսները սահմանափակ են» դրույթը, որը չնայած հիմնադրույթային է տնտեսագիտության տեսության համար, սակայն սոցիալական, տնտեսական և քաղաքական առումներով ծառայում է «ոչ բարի» նպատակների:
Տնտեսագիտության տեսության մեջ այս դրույթը սահմանվում է հենց այդպես՝ «ռեսուրսները սահմանափակ են», առանց կոնկրետացնելու, թե որ ռեսուրսի մասին է խոսքը, ինչ ժամանակատարածական հարթությունում է գործում այդ սահմանափակությունը, արդյոք այդ սահմանափակությունը հաղթահարելի է, թե ոչ, արդյոք սահմանափակությունը էական է զարգացման տեսանկյունից, թե ոչ և այլն: Բնականաբար, ես հասկանում եմ, որ տնտեսագետներին հետաքրքրում են միայն հիմա և այստեղ առկա ռեսուրսները և նրանք խոսում են տվյալ պահին մարդկությանը հասանելի ռեսուրսների մասին, սակայն պետք է նշենք, որ «ռեսուրսները սահմանափակ են» պնդումը հնչում է դատավճիռի նման, որը մարդկությանը հավերժ դատապարտել է սահմանափակ ռեսուրսների համար անխնա և անհավասար մրցակցության: Այս իրավիճակը ավելի ապոկալիպտիկ դարձնելու համար տնտեսագիտության տեսությունը ստեղծել է երկրորդ միֆը՝ մարդկային պահանջմունքների անսահմանափակ լինելու մասին՝ դրամատիկ կերպով ընդգծելով սահմանափակ-անսահմանափակ դիլեման, որպես անհաղթահարելի անդունդ, որպես մարդկության ճակատագիր, որպես սեփական գոյության արդարացում:[1]
Արդյո՞ք ռեսուրսները իրականում սահմանափակ են, թե այս միֆը ստեղծվել է, որովհետև այն արդարացնում է «սահմանափակ ռեսուրսների» համար անխնա մրցակցությունը, արդարացնում է ռեսուրսների նկատմամբ սահմանափակ թվով մարդկանց իրավունքները, արդարացնում է աղքատության և չքավորության գոյությունը՝ մեծամասնությանը դարձնելով կառավարելի: Այն չի ասում մեզ, որ տեխնոլոգիական առաջընթացի միջոցով հնարավոր է փոխել ռեսուրսների տիպը, որակը և արդյունավետությունը, հաղթահարել այդ սահմանափակությունը, այլ միայն հուշում է, որ պետք է այդ ռեսուրսների համար պայքարել և ժամանակ չի թողնում հարց տալու՝ միգուցե իրականում սահմանափակություն չկա:
Արդյո՞ք ռեսուրսները սահմանափակ էին, երբ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Կոպիտ հաշվարկներով, այն ռեսուրսները, որոնք օգտագործվեցին Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական արդյունաբերության ոլորտում, բավարար կլինեին երկրագնդի վրա բոլորի համար կացարաններ կառուցելուն: Այդ ռեսուրսները հնարավորություն կտային մշտապես փոխարինել հետնախորշային խրճիթները բարեկարգ բազմաբնակարային շենքերով, բնակարաններով ապահովել անտուններին և վրաններում ապրողներին: Փոխարենը, մենք ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմ և միֆ այն մասին, որ ռեսուրսները սահմանափակ են:
Լուծումը ծնվում է սահմանային կետում
Ուշ 1800-ականներին աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքները «լողում էին» ձիերի գոմաղբի մեջ: Պատճառը ձիերի մեծ թվաքանակն էր, որոնք ծառայում էին որպես հիմնական փոխադրամիջոց քաղաքաբնակների համար: Նյու Յորքում, օրինակ, հաշվարկվում էր մոտ 100 000 ձի, որոնք օրական արտադրում էին 2,5 միլիոն ֆունտ գոմաղբ[2]: 1894 թվականին Թայմս ամսագիրը նույնիսկ կանխագուշակեց՝ «50 տարի հետո Լոնդոնի բոլոր փողոցները թաղված կլինեն 9 ֆունտ հաստությամբ գոմաղբի շերտի տակ»: Այս խնդիրն անգամ պատճառ դարձավ, որ 1898 թվականին Նյու Յորքում հրավիրվի առաջին քաղաքային պլանավորման կոնֆերանսը, որի ընթացքում, սակայն, խնդրի հնարավոր լուծում չգտնվեց: Կոնֆերանսի մասնակիցները եկան այն եզրակացության, որ ուրբանիզացված քաղաքակրթությունը ենթակա է կործանման:
Անելանելի թվացող խնդիրը, սակայն, իր լուծումը գտավ շնորհիվ Հենրի Ֆորդի, և ձիերը աստիճանաբար սկսեցին փոխարինվել ինովատիվ շարժիչով աշխատող մեքենաներով:
Ինձ համար այս պատմությունը ոչ այնքան վատ կանխատեսման մասին է, որքան մեր թյուր պատկերացման, որ մեր ռեսուրսները սահմանափակ են և հնարավոր չէ փոխել այդ հանգամանքը: Իրականում, այն հնչում է դոգմայի նման: Մարդկությունը երբեք չի հասնի սահմանափակության այդ սահմանային կետին, որովհետև միշտ կծնվի այլընտրանքային լուծում: Գուցե էկոնոմետրիկայում սահմանափակության վերաբերյալ այս ապրիորի ենթադրությունը հնարավորություն է տալիս կոնկրետացնել տնտեսագիտական խնդիրները և այլ հավասար պայմաններում լուծել մաքսիմալացման կամ մինիմալացման խնդիրներ, սակայն դա ենթադրվում է այլ հավասար պայմանների համար: Արդարության համար պետք է նշենք, որ ռեսուրսների սահմանափակության մասին միտքը հնչում է հիմնավոր, բնական, այնչափ ինքնին ենթադրվող, որ Տնտեսագիտության ֆակուլտետում սովորելու տարիներին ոչ մեկիս մտքով անգամ չանցավ հիպոթետիկ կասկածի տակ դնել անընդհատ շոշափվող հիմնադրույթը: Որովհետև այն արդարացնում էր ռեսուրսների համար մրցակցությունը, այն օգնում էր լուծել շահույթի մաքսիմալացման խնդիրներ, այն արդարացնում էր աղքատությունը և չքավորությունը և այդպես հեշտ էր:
Հողը որպես ռեսուրս
Որքանո՞վ է ճիշտ հողը սահմանել սահմանափակ ռեսուրս այն դեպքում, երբ մարդկային զարգացումն ընթանում է ուղղահայաց և ոչ թե հորիզոնական: Մինչ 20-րդ դարի կեսերը համարվում էր, որ հողը կարևորագույն ակտիվ է, քանի որ այն թագավորների, եկեղեցու և ֆեոդալների համար ապահովում էր ավելի շատ բնակչության՝ հետաբար հավելյալ հարկերի և նյութական ռեսուրսների մատչելիություն: Այդ իսկ պատճառով այդքան շատ միջոց էր ներդրվում հենց տարածքային պատերազմներում: Սակայն, սոցիալական պետությունների կառուցմամբ, հողը որպես ակտիվ սկսեց ավելի ու ավելի պասիվ դեր խաղալ: Մեծ տարածքներ ունեցող պետությունների համար ավելի շատ տարածքը նշանակում էր ավելի շատ ռեսուրսների ծախս ոչ ուրբանիզացված տարածքների ենթակառուցվածքների, բնակչության ապահովման, սոցիալական ծառայությունների և այլնի վրա: Ընդ որում, ծայրամասային, ոչ ուրբանիզացված տարածքների սահմանային և բնակչության մեկ շնչին ընկնող ներդրումային ծախսերը նշանակալիորեն ավելի մեծ են ստացվում՝ համեմատած կենտրոնական, խիտ բնակեցված տարածքների հետ: Ներկայիս աշխարհ-համակարգում մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը և պետության տարածքը չունեն ուղղակի կախվածություն: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրների ցանկը գլխավորում են Քաթարը, Լյուքսեմբուրգը և Նորվեգիան, որոնք, մեղմ ասած, հսկայական տարածքների չեն տիրապետում, իսկ աճի ցուցանիշով առաջատար են Հոնկոնգը և Սինգապուրը: Հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքներ բնակեցված չեն Կանադայում, Ավստրալիայում, Ռուսաստանում: Զարգացումը վաղուց շրջանցել է միջնադարյան ավանդույթներով թագավորական կալվածքների նվաճումը՝ փոխարինելով այն երկնաքերների, հիդրոպոնիկայի վրա հիմնված ջերմոցների, տեխնոլոգիական հենքի վրա հիմնված մեգապոլիսների կառուցմամբ: Կարևոր է ոչ թե հողի ֆիզիկական մակերեսը, այլ արդյունավետությունը և զարգացման պոտենցիալը:
Մարդկային կապիտալ
Մարդկային կապիտալը սահմանափակ է այնքանով, որքանով այն սահմանափակվում է կրթության ռեսուրսի վրա դրված գնապիտակներով, այնքանով, որքանով դպրոցներում չեն սովորեցնում մտածել, այլ միայն արձագանքել երևույթներին, սահմանափակ է այնքանով, որքանով սահմանափակված է մշակույթով, հասարակական զսպման մեխանիզմներով, առօրեականությամբ: Ես կարող եմ հայտարարել՝ վերացրեք այս բոլոր սահմանափակումները և կտեսնեք, թե որքան անսահման կարող է դառնալ մարդկային կապիտալը: Իրականում մարկային կապիտալը չի կարող սահմանվել որպես սահմանափակ ռեսուրս, քանի որ այն ունի ինչպես բնական վերարտադրության պոտենցիալ, այնպես էլ զարգացման և փոխարինման: Այս ռեսուրսը նույնպես սահմանափակ է ժամանակատարածական առումով: Արդարության համար նշենք, որ այս սահմանափակումը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատուժի գինը, սակայն միևնույն ժամանակ հարցականի տակ է դնում և պրիմիտիվացնում է մարդկային պոտենցիալը առհասարակ:
Փող և էներգակիրներ
Որքանով է ճիշտ նավթի և գազի պաշարները որպես էներգակիրներ համարել սահմանափակ, եթե դրանք կարող են փոխարինվել այլընտրանքային էներգիայի ստացման միջոցներով: Բնակաբանաբար նավթ, գազ և ածուխ արդյունահանող ընկերությունները շահագրգռված են ներկայացնել, որ ավելի մատչելի այլընտրանքային էներգիայի միջոցներ չկան և տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում այս միֆի պահպանման համար: Ուստի և սա իրական սահմանափակում չէ, այլ պարտադրված ու ինքնաարդարացնող: Որքանո՞վ է ճիշտ որպես սահմանափակ ռեսուրս սահմանել փողը և ոսկին: Փողը իրական արժեք չունի, այլ անվանական և հետևաբար սահմանափակ լինել չի կարող: Եթե հավաքենք երկրագնդի վրա եղած ամբողջ փողը և ոսկին ու բաց թողեք բաց տիեզերքում, մարդկությունը դրանից ավելի աղքատ չի դառնա:
Ռեսուրսների սահմանափակության միֆը՝ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտության արդարացում
Գլոբալ առումով քաղաքականությունը, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական գործիչները խանգարում են զարգացմանը, և արհեստականորեն ուժեղացնում են ռեսուրսների սահմանափակության միֆը՝ որպես իրենց իսկ ոչ կոմպետենտության արդարացում:
Տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական զարգացման ոլորտներին վերաբերող որոշումները պետք է լինեն ոչ թե քաղաքական, այլ բխեն տեխնիկական և մաթեմատիկական խնդիրների լուծման արդյունքներից այնպիսի տեսությունների և մեթոդների կիրառությամբ, ինչպիսիք են, օրինակ, մաթեմատիկական մոդելավորումը, խաղերի տեսությունը, ռեսուրսների օպտիմալ բաշխման հաշվարկման մեթոդները և այլն: Այս խնդիրների լուծումը ոչ թե քաղաքական գործիչների կոմպետենտության սահմաններում է, այլ տնտեսագետների և մաթեմատիկոսների, իսկ քաղաքական գործիչները տեխնարներ չեն և չեն կարող լուծել տեխնիկական խնդիրներ: Սակայն քաղաքական գործիչները ոչ միայն չեն դիմում վերջիններիս օգնությանը, այլև (օրինակ) մաթեմատիկական մոդելավորման միջոցով լուծվող հարցը դարձնում են «քաղաքական»` խնդրի լուծման ռացիոնալությունը սահմանափակելով սեփական պատկերացումներով և գիտելիքներով (ես կհանդգնեմ արձանագրել նաև, որ նրանք հիմնականում տոտալ անկարող են ինչ-որ նոր բան սովորելու): Սա հող է նախապատրաստում վերջիններիս համար կրկին ու կրկին դիմելու «ռեսուրսները սահմանափակ են» միֆին՝ սեփական որոշումների ոչ ռացիոնալությունը հիմնավորելով «օբյեկտիվ» հանգամանքներով: Սա վտանգավոր է այնքանով, որ «ռեսուրսների ժամանակավոր և տարածական սահմանափակությունը» հաղթարահող ոլորտները, ինչպիսիք են, օրինակ՝ կրթությունը և գիտությունը, նույնպես կախված են մնում այս ոչ ռացիոնալ որոշումներից, ինչը ժամանակի ընթացքում խորացնում է նյութական և ոչ նյութական աղքատությունը:
Եզրակացություն
Միֆը աշխատում է ի օգուտ տնտեսական բուրգի վերևում գտնվողների և ի վնաս ներքևում գտնվողների: Միֆը ստեղծվել է աղքատության գոյությունը և սովը արդարացնելու համար:
Ռեսուրսները սահմանափակ են այնքանով, որքանով մեզ պարտադրում են այդ սահմաններից դուրս չնայել, որքանով սպառողական մշակույթը ստիպում է մեզ ավելի շատ մտածել այդ ռեսուրսների սպառման, այլ ոչ թե տեխնոլոգիական զարգացման միջոցով ընդլայնման մասին, որքանով մեզ սահմանում են որպես անսահման պահանջմունքներով ագենտներ՝ արդարացնելով բուրգի վերևում գտնվող փոքր խմբերի անարդյունավետ և ցուցադրական սպառումը:
Իրականում այն, ինչ մենք համարում ենք սահմանափակ և անհնար, ընդամենը ինժեներական և տեխնիկական խնդիրներ են, որոնք հնարավոր է լուծել տեխնոլոգիական զարգացման շնորհիվ: Ռեսուրսները պարտադրված կերպով սահմանափակ են միայն տվյալ ժամանակի և տարածության մեջ և մենք երբեք չենք հասնի այդ սահմանային կետին, որովհետև մինչ այդ կետը կամ այդ կետին շատ մոտ կծնվի այլընտրանքային լուծումը: Իսկ ի՞նչը կարող է փոխարինել «ռեսուրսները սահմանափակ են» և «մարդկային պահանջմունքները անսահման են» միֆերին: Կարող ենք սկսել «ամեն ինչ ամենքին կհերիքի» միֆից:
[1] Ես «ռեսուրսների սահմանափակություն» առանց ժամանակատարածական կոորդինատների եզրույթը կփոխարինեմ «ռեսուրսների ժամանակային և տարածական սահմանափակում» եզրույթով՝ հիմք ունենալով այն համոզմունքը, որ տվյալ ռեսուրսը սահմանափակ է տվյալ ժամանակահատվածում և տվյալ տարածքում, իսկ գլոբալ առումով այդ սահմանափակությունը հնարավոր է շրջանցել ռեսուրսի փոխարինման, արդյունավետության ավելացման, տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման միջոցով:
[2] “Great Horse Manure Crisis of 1894”, Ben Johnson, http://www.historic-uk.com/HistoryUK/HistoryofBritain/Great-Horse-Manure-Crisis-of-1894/
Սոնյա Մսրյանը ծնվել է 1990 թվականին։ Ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև կրթությունը շարունակել է նույն համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում: Ներկայումս Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է՝ սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա մասնագիտացմամբ: Սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Ներգրավված է եղել մի շարք սոցիոլոգիական հետազոտական ծրագրերի աշխատանքներում:
Դիտվել է 1489 անգամ