Պատկերացրե՛ք Խորհրդային Միության ժողովուրդը կոմունիզմի մասին երբեք լսած չլիներ: Այն գաղափարախոսությունը, որին ենթարկվում է մեր կյանքը, մեծամասնությանս համար անուն չունի: Հիշատակե՛ք այն խոսակցության ժամանակ, և մարդիկ ուսերը կթոթվեն: Նույնիսկ եթե ձեր ունկնդիրներն այդ տերմինը նախկինում լսած լինեն, կդժվարանան այն սահմանել: Նեոլիբերալիզմ. գիտե՞ք՝ դա ինչ է:
Անանունությունը նեոլիբերալիզմի (նորազատականության) ուժի և՛ ախտանիշն է, և՛ պատճառը: Այն լուրջ դեր է խաղացել ճգնաժամերի ուշագրավ բազմազանության մեջ՝ 2007-2008 թվերի ֆինանսական ճգնաժամը, հարստության և իշխանության օֆշորացումը, որի աննշան մասն է միայն երևում Պանամայի թղթերում, հանրային առողջապահության և կրթության համակարգերի դանդաղ փլուզումը, վերստին ի հայտ եկող մանկական աղքատությունը, մենության համաճարակը, էկոհամակարգերի փլուզումը, Դոնալդ Թրամփի վերելքը: Բայց մենք այդ ճգնաժամերին արձագանքում ենք՝ ասես դրանք իրարից անկախ են ի հայտ գալիս, ակնհայտորեն անտեղյակ, որ դրանք կա՛մ կատալիզացվել, կա՛մ սրվել են միևնույն կապակցված փիլիսոփայության կողմից. փիլիսոփայություն, որն ունի, կամ ուներ, անուն: Անանուն գործելուց ավելի հզոր ուժ գոյություն ունեցե՞լ է:
Նորազատակությունն այնքան համատարած է դարձել, որ անգամ հազվադեպ ենք այն ճանաչում որպես գաղափարախոսություն: Կարծես՝ մենք ընդունում ենք այն պնդումը, որ այդ ուտոպիստական, միլենարիստական* հավատքի հիմքում մի չեզոք ուժ է ընկած, կենսաբանական օրենքի մի տեսակ՝ նման Դարվինի էվոլյուցիայի տեսությանը: Սակայն այդ փիլիսոփայությունը ծագել է որպես մարդու կյանքը վերաձևելու և իշխանության կենտրոնը տեղափոխելու գիտակցված փորձ:
Նորազատականությունը մրցակցությունը համարում է մարդկային հարաբերությունների որոշիչ հատկանիշը: Այն քաղաքացիներին վերասահմանում է որպես սպառողներ, որոնց դեմոկրատական ընտրությունը լավագույնս իրականացվում է գնելով և վաճառելով․ մի գործընթաց, որը խրախուսում է արժանիքը և պատժում անարդյունավետությունը: Նորազատականությունը համարում է, որ «շուկան» այնպիսի օգուտներ է տալիս, որոնք երբեք հնարավոր չէր լինի ստանալ պլանավորման միջոցով:
Մրցակցությունը սահմանափակելու փորձերը համարվում են ազատության համար խիստ վնասակար: Հարկերը և կարգավորումները պետք է նվազագույնի հասցվեն, հանրային ծառայությունները պետք է մասնավորեցվեն: Արհմիությունների՝ աշխատուժի կազմակերպումն ու խմբակային սակարկությունները ներկայացվում են որպես շուկայի աղավաղումներ, որ խանգարում են հաղթողների և պարտվողների բնական աստիճանակարգության ձևավորմանը: Անհավասարությունը վերաձևվում է՝ ներկայացվելով որպես առաքինի բան. այն դիտվում է որպես օգտակարության դիմաց պարգև, ունեցվածքի գեներատոր, որ բարակ շիթով հոսում է վար՝ հարստացնելու բոլորին: Ավելի հավասար հասարակություն ստեղծելու ջանքերը և՛ անարդյունավետ են, և՛ բարոյապես քայքայիչ: Շուկան ապահովում է, որ յուրաքանչյուրն ստանա այն, ինչին արժանի է:
Մենք ներքնայնացնում և վերարտադրում ենք այդ գաղափարախոսության համոզմունքները: Հարուստներն իրենք իրենց համոզում են, որ հարստությունը ձեռք են բերել իրենց արժանիքների շնորհիվ՝ անտեսելով այն առավելությունները, որոնք կարող էին օգնած լինել հասնելու դրան․ կրթությունը, ժառանգությունը և դասակարգը: Աղքատներն սկսում են իրենք իրենց մեղադրել սեփական անհաջողությունների համար, նույնիսկ եթե հանգամանքները փոխելու համար շատ քիչ բան կարող են անել:
Հոգ չէ, որ արդյունաբերական վերակազմակերպման հետևանքով ստեղծված գործազրկություն կա. եթե աշխատանք չունես, պատճառը քո անձեռներեցությունն է: Հոգ չէ, որ բնակարանային ծախսերն անհաղթահարելի են․ եթե հասել ես վարկային սահմանաչափիդ, ուրեմն՝ անճարակ ես ու անհեռատես: Հոգ չէ, որ զավակներդ դպրոցում այլևս խաղահրապարակ չունեն․ եթե գիրանում են, դու ես մեղավոր: Մրցակցությամբ կառավարվող աշխարհում հետ մնացողները սահմանվում և իրենք իրենց սահմանում են որպես պարտվողներ:
Ինչպես Փոլ Վերհաեգհեն արձանագրել է իր «Իսկ ե՞ս» (What About Me?) գրքում, դրա հետևանքներից են ինքնավնասման, սննդային վարքի խանգարումների, ընկճախտի, միայնության, ներկայանալու (performance anxiety) և հասարակական վախերի համաճարակները: Թերևս զարմանալի չէ, որ Բրիտանիան, որտեղ խստորեն գործադրվել է նորազատական գաղափարախոսությունը, Եվրոպայի միայնության մայրաքաղաքն է: Հիմա բոլորս նորազատական ենք:
***
«Նեոլիբերալիզմ» եզրույթը ստեղծվել է 1938-ին Փարիզում կայացած մի հանդիպման ժամանակ: Պատվիրակների մեջ էին երկու անձ, որոնք հետագայում սահմանեցին այդ գաղափարախոսությունը՝ Լյուդվիգ ֆոն Միզեսը և Ֆրիդրիխ Հայեկը: Երկուսն էլ վտարանդի ավստրիացիներ էին, ովքեր սոցիալ-դեմոկրատիան, ինչի օրինակներներ էին Ֆրանկլին Ռուզվելթի Նոր համաձայնությունը և Բրիտանիայում համընդհանուր բարեկեցության պետության աստիճանական զարգացումը, համարում էին նացիզմի և կոմունիզմի հետ միևնույն սպեկտրում գտնվող կոլեկտիվիզմի դրսևորում:
1944 թվին հրապարակված «Ճորտության ուղին» գրքում Հայեկը պնդում էր, որ պետության կողմից պլանավորումը, ճնշելով ինդիվիդուալիզմն, անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջատիրական վերահսկողության: Ինչպես Միզեսի «Բյուրոկրատիա» (Bureaucracy) գիրքը, «Ճորտության ուղին» լայնորեն ընթերցվեց և գրավեց որոշ մեծահարուստների ուշադրությունը, ովքեր այդ փիլիսոփայության մեջ տեսան կարգավորումից և հարկերից ազատվելու հնարավորություն: Երբ 1947-ին Հայեկը հիմնադրեց նորազատականության ուսմունքը տարածող առաջին կազմակերպությունը՝ Մոնթ Փելերին համայնքը, դրան ֆինանսապես աջակցեցին միլիոնատերներն ու իրենց հիմնադրամները:
Նրանց օգնությամբ Հայեկն սկսեց ստեղծել, ինչպես «Տիեզերքի տերերի» (Masters of the Universe) մեջ բնութագրում է Դանիել Ստեդման Ջոնսը, «յուրօրինակ նորազատական ինտերնացիոնալ»՝ ակադեմիկոսների, գործարարների, լրագրողների և ակտիվիստների տրանսատլանտյան ցանց: Շարժման հարուստ բանկիրները հիմնադրեցին մի շարք մտարտադրության կենտրոններ (thinktank), որոնք գաղափարախոսությունը լրամշակում և խթանում էին: Դրանցից էին American Enterprise Institute-ը, Heritage Foundation-ը, Cato Institute-ը, Institute of Economic Affairs-ը, Centre for Policy Studies-ը և Adam Smith Institute-ը: Նրանք ֆինանսավորում էին նաև ակադեմիական աշխատատեղեր և բաժիններ, մասնավորապես՝ Չիկագոյի և Վիրջինիայի համալսարաններում:
Իր զարգացմանը զուգընթաց՝ նորազատականությունն ավելի սրվեց: Հայեկի այն տեսակետը, որ պետությունները պետք է կարգավորեն մրցակցությունը՝ կանխելու համար մենաշնորհների ձևավորումը, (ամերիկացի ջատագովների շրջանում, ինչպիսին էր Միլթոն Ֆրիդմենը) իր տեղը զիջեց այն հավատամքին, որ մենաշնորհի ուժը կարելի է դիտարկել որպես պարգև արդյունավետության դիմաց:
Այդ անցման շրջանում մեկ այլ բան էլ կատարվեց՝ շարժումը կորցրեց իր անունը: 1951-ին Ֆրիդմենն առանց կաշկանդվելու ինքն իրենց անվանում էր նեոլիբերալ: Բայց դրանից կարճ ժամանակ հետո եզրույթն սկսեց անհետանալ: Ավելի տարօրինակ է, որ կորսված անունը չփոխարինվեց որևէ ընդհանուր այլընտրանքով նույնիսկ գաղափարախոսությունն ավելի սուր ու շարժումն ավելի կապակցված դառնալու արդյունքում:
Սկզբնական շրջանում, չնայած շռայլ ֆինանսավորմանը, նորազատականությունը մնում էր լուսանցքային: Հետպատերազմյան կոնսենսուսը գրեթե ունիվերսալ էր՝ լայնորեն կիրառվում էին Ջոն Մեյնարդ Քեյնսի տնտեսագիտական մոտեցումները, ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայի մեծ մասում լիակատար աշխատանքային զբաղվածությունը և աղքատության նվազեցումն ընդհանուր նպատակներ էին, հարկերի վերին շեմերը բարձր էին, և կառավարությունները, առանց ամաչելու, ձգտում էին հասնել սոցիալական արդյունքների՝ մշակելով նոր հանրային ծառայություններ և ապահովության ցանցեր:
Բայց 1970-ականների վերջին, երբ քեյնսական քաղաքականություններն սկսեցին քանդվել և Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում վրա հասավ տնտեսական ճգնաժամը, նորազատական գաղափարներն սկսեցին մտնել գլխավոր հոսանք: Ինչպես Ֆրիդմենն է ասել. «Երբ փոխելու ժամանակը եկավ … արդեն կար պատրաստի այլընտրանք»: Համակիր ժուռնալիստների ու քաղաքական խորհրդատուների օգնությամբ նորազատականության որոշ տարրեր, հատկապես՝ դրամավարկային քաղաքականության մասին մոտեցումները, որդեգրվեցին Ջիմի Կարտերի ադմինիստրացիայի կողմից ԱՄՆ-ում, և Ջիմ Քալաղանի կառավարության կողմից՝ Բրիտանիայում:
Մարգարետ Թետչերի և Ռոնալդ Ռեյգանի իշխանության գալուց կարճ ժամանակ հետո հաջորդեց ամբողջական փաթեթը՝ հարուստների համար հարկերի հսկայական կրճատումներ, արհմիությունների ճնշում, ապակարգավորում, մասնավորեցում, հանրային ծառայություններում աութսորսինգ և մրցակցություն: Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Մաաստրիխտի պայմանագրի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով նորազատական քաղաքականությունները պարտադրվեցին աշխարհի մեծամասնությանը՝ հաճախ առանց դեմոկրատական համաձայնության: Ամենաուշագրավը դրա որդեգրումն էր այնպիսի կուսակցությունների կողմից, որոնք մի ժամանակ ձախական էին, օրինակ՝ Աշխատավորականները և Դեմոկրատները: Շտեդմեն Ջոնսի խոսքերով. «Դժվար է մտաբերել որևէ այլ ուտոպիա, որն այդպես լիովին կենսագործվել է»:
***
Կարող է տարօրինակ թվալ, որ ընտրություն և ազատություն խոստացող ուսմունքը խթանվում էր «այլընտրանք չկա» կարգախոսով: Բայց, ինչպես Հայեկն է նշել պինոչետյան Չիլի կատարած իր այցի ժամանակ (առաջին երկրներից, որտեղ ծրագիրը համակողմանիորեն գործադրվեց)․ «Իմ անձնական նախընտրությունն ավելի հակված է դեպի ազատական բռնապետություն, քան ազատականությունից զերժ ժողովրդավարական կառավարություն»: Նորազատականության առաջարկած ազատությունը, որն ընդհանուր խոսքերով արտահայտվելիս այդքան հրապուրիչ է հնչում, փաստորեն, նշանակում է ազատություն գայլաձկների համար, այլ ոչ խարակաձկների:**
Արհմիություններից և կոլեկտիվ սակարկություններից ազատությունը նշանակում է աշխատավարձերը նվազեցնելու ազատություն: Կարգավորումից ազատությունը նշանակում է ազատություն՝ թունավորելու գետերը, վտանգելու աշխատողներին, գանձելու անարդար տոկոսադրույքներ և ձևավորելու էկզոտիկ ֆինանսական գործիքներ: Հարկերից ազատությունը նշանակում է ազատություն ունեցվածքի բաշխումից, ինչը մարդկանց հանում է աղքատությունից:
Նաոմի Քլայնը «Շոկի դոկտրինում» (The Shock Doctrine) փաստագրում է, որ նորազատական տեսաբանները ջատագովում էին ճգնաժամերի օգտագործումը՝ պարտադրելու ժողովրդականություն չվայելող քաղաքականություններ, քանի դեռ մարդկանց ուշադրությունը շեղված էր, օրինակ՝ Պինոչետի հեղաշրջումից, Իրաքի պատերազմից ու Կատրինա փոթորկից հետո, որը Ֆրիդմենը դիտարկում էր որպես Նյու Օռլեանում «կրթական համակարգն արմատապես վերափոխելու առիթ»:
Եթե նորազատական քաղաքականությունները չեն կարող պարտադրվել երկրի ներսում, դրանք պարտադրվում են միջազգայնորեն՝ առևտրի համաձայնագրերի միջոցով, որոնք ներառում են «ներդրող-պետություն վեճերի լուծման կարգ» օֆշոր դատարաններում, որոնցում կորպորացիաները կարող են ճնշում գործադրել՝ հանելու համար սոցիալական ու շրջակա միջավայրի պաշտպանության միջոցները: Եթե խորհրդարանները կողմ են քվեարկում ծխախոտի վաճառքի սահմանափակմանը, հանքարդյունաբերական ընկերություններից ջրային պաշարների պաշտպանությանը, էներգիայի վճարների սառեցմանը կամ դեղագործական ընկերությունների կողմից պետությանը խաբելը կանխելուն, կորպորացիաները դատի են տալիս և հաճախ հասնում հաջողության: Ժողովրդավարությունը վերածվում է թատրոնի:
Նորազատականության մեկ այլ պարադոքս է այն, որ համընդհանուր մրցակցությունը հենվում է համընդհանուր քանակականացման և համեմատության վրա: Հետևանքն այն է, որ աշխատողները, աշխատանք փնտրողները և տարաբնույթ հանրային ծառայությունները ենթարկվում են գնահատման և մշտադիտարկման մանրախնդիր, ճնշող ռեժիմին, որ մշակված է հաղթողներին ճանաչելու և պարտվողներին պատժելու համար: Ուսմունքը, որն, ըստ Ֆոն Միզեսի, մեզ ազատելու էր կենտրոնացված պլանավորման բյուրոկրատական մղձավանջից, փոխարենը ստեղծել է մի այդպիսի մղձավանջ:
Ի սկզբանե նորազատականությունը չէր նախատեսվել որպես սեփական շահերը սպասարկող թալան, բայց շուտով դարձավ այդպիսին: Համեմատած նախորդող տասնամյակների հետ՝ տնտեսական աճը նշանակալիորեն դանդաղ է նորազատական ժամանակաշրջանում (1980-ից սկսած Բրիտանիայում և ԱՄՆ-ում), բայց դա չի վերաբերում մեծահարուսներին: 60 տարվա նվազումից հետո և՛ եկամտի, և՛ հարստության բաշխման անհավասարությունն այս ժամանակաշրջանում արագորեն աճել է՝ արհմիությունների ջախջախման, հարկերի կրճատման, աճող վարձավճարների, մասնավորեցման և ապակարգավորման պատճառով:
Էներգիայի, ջրի, գնացքների, առողջապահության, կրթության, ճանապարհների և բանտերի նման հանրային ծառայությունների մասնավորեցումը կամ շուկայականացումը կորպորացիաներին թույլ է տվել տուրքի վճարման կետեր դնել հիմնական բարիքների առջև և դրանց օգտագործման համար վարձ գանձել կա՛մ քաղաքացիներից, կա՛մ կառավարությունից: «Վարձը» մեկ այլ անուն է «չվաստակված եկամտի» համար: Երբ գնացքի տոմսի համար վճարում եք ուռճացված գին, դրա միայն մի մասն է փոխհատուցում օպերատորների վճարած՝ վառելիքի, աշխատավարձի, շարժակազմի և այլ ծախսերը: Մնացածն արտացոլում է այն, որ նրանք ձեզ նեղն են դրել:
Նրանք, ում պատկանում են Միացյալ Թագավորության մասնավորեցված կամ կիսամասնավորեցված ծառայությունները, հսկայական հարստություն են կուտակում՝ քիչ ներդնելով և շատ գանձելով: Ռուսաստանում և Հնդկաստանում օլիգարխները պետական գույքը ձեռք բերեցին արհեստականորեն նվազեցված չնչին գներով: Մեքսիկայում Կառլոս Սլիմին տրվեց գրեթե բոլոր ֆիքսված և շարժական հեռախոսակապի ծառայությունների վերահսկողությունը, և շուտով նա դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը:
Ֆինանսականացումը, ինչպես նշում է Էնդրյու Սեյերը «Թե ինչու չենք կարող մեզ թույլ տալ հարուստներ ունենալ» (Why We Can’t Afford the Rich) գրքում, նմանատիպ ազդեցություն է ունեցել: Նա գրում է. «Տոկոսը, ինչպես վարձավճարը, … չվաստակված եկամուտ է, որ կուտակվում է առանց որևէ ջանք թափելու»: Աղքատների աղքատացմանը և հարուստների հարստացմանը զուգահեռ՝ հարուստները ձեռք են բերում աճող վերահսկողություն մեկ այլ շատ կարևոր ակտիվի՝ փողի նկատմամբ: Տոկոսների վճարումները, մեծամասամբ, աղքատներից հարուստներին փողի փոխանցում են: Անշարժ գույքի գներն ու պետական ֆինանսավորման դադարեցումը (հիշե՛ք կրթաթոշակների փոխարինումը կրթական վարկերով) մարդկանց ծանրաբեռնում են պարտքով, իսկ այդ ընթացքում բանկերն ու իրենց ղեկավարները մեծ շահույթներ են ստանում: Սեյերը պնդում է, որ վերջին չորս տասնամյակին բնութագրական է հարստության փոխանցումը ոչ միայն աղքատներից հարուսներին, այլ նաև ունևորների շարքերի միջև․ նոր ապրանքներ կամ ծառայություններ արտադրելով փող աշխատողներից՝ գոյություն ունեցող գույքը վերահսկելով և վարձավճար, տոկոսներ կամ կապիտալի արժևորումից եկամուտ հավաքելով փող աշխատողներին: Վաստակված եկամուտը փոխարինվել է չվաստակված եկամտով:
Նորազատական քաղաքականություններն ամենուր վտանգված են շուկայի ձախողումներով: Ոչ միայն բանկերն են շատ մեծ, որ ձախողեն, այլ շատ մեծ են նաև կորպորացիաները, որոնց վրա հիմա դրված է հանրային ծառայություններ մատուցելու գործը: Ինչպես Թոնի Ջուդթն է նշում «Վայ այն երկրին» (Ill Fares the Land) գրքում, Հայեկը մոռանում էր, որ չի կարելի թույլ տալ ազգային կենսական ծառայությունների փլուզում, ինչը նշանակում է, որ մրցակցությունը չի կարող իր բնական հունով ընթանալ՝ առանց միջամտության: Բիզնեսը վերցնում է շահույթը, իսկ ռիսկը մնում է պետությանը:
Որքան մեծանում է ձախողումը, այնքան գաղափարախոսությունը ծայրահեղանում է: Կառավարություններն օգտագործում են նորազատական ճգնաժամերը միաժամանակ որպես պատրվակ և հնարավորություն՝ հարկերը կրճատելու, մնացած հանրային ծառայությունները մասնավորեցնելու, սոցիալական ապահովության ցանցում անցքեր բացելու, ապակարգավորելու կորպորացիաներին ու վերակարգավորելու քաղաքացիներին: Ինքն իրեն ատող պետությունը հիմա ատամները մխրճում է հանրային հատվածի ամեն մի օրգանի մեջ:
Թերևս նորազատականության ամենավտանգավոր ազդեցությունը ոչ թե դրա առաջացրած տնտեսական ճգնաժամն է, այլ քաղաքականը: Պետության տիրույթի փոքրացմանը զուգահեռ կրճատվում է նաև մեր կարողությունը՝ մեր կյանքի հունը փոխել քվեարկության միջոցով: Փոխարենը, նորազատական տեսությունը պնդում է, որ մարդիկ կարող են ընտրություն կատարել ծախսելու միջոցով: Բայց ոմանք ավելի շատ ծախսելու փող ունեն, քան ուրիշները. սպառողական կամ բաժնետիրական մեծ դեմոկրատիայում քվեները հավասար չեն բաշխված: Հետևանքն աղքատների և միջին խավի իշխանազրկումն է: Երբ աջերն ու նախկին ձախերը որդեգրում են նույնատեսակ նորազատական քաղաքականություններ, իշխանազրկումը վերածվում է իրավազրկման: Մեծ թվով մարդիկ քաղաքականությունից դուրս են մնացել:
Քրիս Հեջիսը դիտարկում է, որ «ֆաշիստական շարժումներն իրենց հիմքը կառուցում են ոչ թե քաղաքականապես ակտիվներից, այլ քաղաքականապես անակտիվներից՝ «պարտվողներից», ովքեր, հաճախ ճշմարտացիորեն, զգում են, որ տիրապետող քաղաքական շրջանակում (establishment) որևէ ձայն կամ խաղալու դեր չունեն»: Երբ քաղաքական բանավեճը մեզ այլևս ոչինչ չի ասում, մարդիկ փոխարենն սկսում են արձագանքել կարգախոսների, խորհրդանիշների և զգացողությունների: Օրինակ` Թրամփի երկրպագուներին փաստերն ու փաստարկներն անկարևոր են թվում:
Ջուդթը բացատրում էր, որ երբ մարդկանց և պետության փոխազդեցությունների խիտ ցանցը վերածվում է բացառապես իշխանության և հնազանդության, մեզ կապող միակ ուժը մնում է պետական իշխանությունը: Ավելի հավանական է, որ ամբողջատիրությունը, որից Հայեկը վախենում էր, ի հայտ գա, երբ կառավարությունները, կորցնելով հանրային ծառայությունների մատուցումից ծագող բարոյական իշխանությունը, անցնեն «մարդկանց քծնելով, սպառնալով և, ի վերջո, ստիպելով իրենց հնազանդեցնելուն»:
***
Ինչպես կոմունիզմը, նեոլիբերալիզմն Աստված էր, որ ձախողեց: Բայց զոմբիացած ուսմունքը դեռ երերալով առաջ է շարժվում, և պատճառներից մեկը դրա անանունությունն է: Կամ, ավելի ճիշտ, անանունությունների խումբը:
Անտեսանելի ձեռքի անտեսանելի ուսմունքը խթանում են անտեսանելի բանկիրներ: Կամաց-կամաց, շատ դանդաղորեն մենք սկսել ենք նրանցից ոմանց անունները բացահայտել: Մենք բացահայտել ենք, որ Տնտեսական հարցերի ինստիտուտը, որ մեդիայով եռանդուն կերպով պայքարում էր ծխախոտի արդյունաբերության լրացուցիչ կարգավորման դեմ, 1963-ից գաղտնի կերպով ֆինանսավորվել է «Բրիթիշ ամերիքըն թոբաքոյի» կողմից: Մենք բացահայտել ենք, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից երկուսը՝ Չարլզ և Դեյվիդ Քոքերն են հիմնադրել այն ինստիտուտը, որ ձևավորեց «Թի փարթի» շարժումը: Մենք իմացել ենք, որ Չարլզ Քոքն իր մտարտադրության կենտրոններից մեկը հիմնադրելիս ասել է. «Անցանկալի քննադատությունից խուսափելու համար չպետք է լայնորեն ազդարարվի, թե կազմակերպությունն ինչպես է վերահսկվում և կառավարվում»:
Նորազատականության կողմից գործածվող բառերը հաճախ թաքցնում են ավելին, քան լուսաբանում են: «Շուկան» հնչում է ասես բնական մի համակարգ, որը հավասարապես ազդում է բոլորիս վրա, ինչպես, օրինակ, ձգողության ուժը կամ մթնոլորտային ճնշումը: Բայց այն լեցուն է իշխանական հարաբերություններով: Այն, ինչ «ուզում է շուկան», սովորաբար նշանակում է այն, ինչ ուզում են կորպորացիաները և նրանց ղեկավարները: «Ներդրում», ինչպես նշում է Սեյերը, նշանակում է երկու բավականին տարբեր բաներ: Առաջինը արտադրական և սոցիալապես օգտակար գործունեության ֆինանսավորումն է, մյուսը՝ գոյություն ունեցող գույքի գնումն է՝ դրանից վարձավճար, տոկոսներ, դիվիդենտներ և կապիտալի հավելյալ արժեքից շահույթ կթելու համար: Նույն բառը տարբեր գործունեությունների համար օգտագործելը «քողարկում է հարստության աղբյուրները»՝ ստեղծելով շփոթություն հարստություն կորզելու և հարստություն ստեղծելու միջև:
Մեկ դար առաջ իրենց փողը որպես ժառանգություն ստացածները նորահարուստներին նվաստացնում էին: Գործարարները հասարակության կողմից ընդունվելու համար իրենց ձևացնում էին ռենտյեներ: Այսօր հարաբերությունը շուռ է եկել՝ ռենտյեները և ժառանգորդներն իրենց ներկայացնում են որպես գործարարներ և պնդում, որ վաստակել են իրենց չվաստակած եկամուտները:
Այս անոնիմությունները և շփոթությունները միահյուսվում են ժամանակակից կապիտալիզմի անանունության և անտեղության հետ. ֆրենչայզի մոդել, որտեղ աշխատողները չգիտեն, թե ում համար են տքնաջան աշխատում, ընկերություններ, որ գրանցված են օֆշորային գաղտնի ցանցերի միջոցով, որոնք այնքան բարդ են, որ նույնիսկ ոստիկանները չեն կարողանում գտնել շահառու տերերին, հարկային կարգավորումներ, որոնք մոլորեցնում են կառավարություններին, ֆինանսական ապրանքներ, որոնցից ոչ ոք գլուխ չի հանում:
Նորազատականության անանունությունը կատաղի կերպով պահպանվում է: Հայեկի, Միզեսի և Ֆրիդմենի ազդեցությունը կրողները մերժում են այդ եզրույթը՝ մասամբ արդարացիորեն պնդելով, որ այսօր այն գործածվում է միայն բացասական իմաստով: Բայց նրանք մեզ որևէ փոխարինող տերմին չեն առաջարկում: Որոշներն իրենց բնութագրում են որպես դասական ազատականներ կամ լիբերտարներ, բայց դրանք երկուսն էլ մոլորեցնող են և հետաքրքիր կերպով ինքնանսեմացնող, քանի որ ենթադրում են, որ «Ճորտության ուղին», «Բյուրոկրատիա» կամ Ֆրիդմենի դասական «Կապիտալիզմ և ազատություն» աշխատությունների մեջ որևէ նորույթ չկա:
***
Չնայած դրան, նորազատական ծրագրի մեջ հիացմունքի արժանի ինչ-որ բան կա, առնվազն դրա վաղ փուլերում: Այն յուրահատուկ, նորարարական փիլիսոփայություն էր, որ խթանվում էր հստակ գործողությունների ծրագիր ունեցող մտածողների և ակտիվիստների շաղկապված ցանցի կողմից: Այն համբերատար էր և հետևողական: «Ճորտության ուղին» դարձավ իշխանության գալու ճանապարհը:
Նորազատակության հաղթանակը նաև արտացոլում է ձախերի ձախողումը: 1929-ին, երբ չմիջամտելու (laissez-faire) տնտեսությունը հանգեցրեց աղետի, Քեյնսը մշակեց դրան փոխարինող համապարփակ տնտեսագիտական տեսություն: Երբ 70-ականներին քեյնսյան պահանջարկի կառավարումը դիպավ արգելակներին, պատրաստի այլընտրանք կար: Բայց երբ 2008-ին նորազատակությունը քանդվեց, ոչինչ չկար: Դրա համար է զոմբին դեռ քայլում: Ձախերը և կենտրոնամետները 80 տարի է տնտեսագիտական մտքի որևէ նոր ընդհանուր աշխատանքային շրջանակ չեն ստեղծել:
Լորդ Քեյնսի անվան ամեն հիշատակումը խոստովանություն է ձախողման մասին: 21-րդ դարի ճգնաժամի համար քեյնսյան լուծումներ առաջարկելը երեք ակնհայտ խնդրի անտեսում է․ դժվար է մարդկանց համախմբել հին գաղափարների շուրջ, 70-ականներին բացահայտված թերությունները չեն անհետացել և, որ ամենակարևորն է, դրանք ոչինչ չեն ասում մեր ծանրագույն խնդրի՝ բնապահպանական ճգնաժամի մասին: Քեյնսականությունը գործում է՝ տնտեսական աճը խթանելու համար խրախուսելով սպառողական պահանջարկը: Սպառողական պահանջարկը և տնտեսական աճը շրջակա միջավայրի ոչնչացման շարժիչներն են:
Ե՛վ քեյնսականության, և՛ նորազատականության պատմությունը ցույց է տալիս, որ կոտրված համակարգին հակադրվելը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է առաջարկել համապարփակ այլընտրանք: Աշխատավորական կուսակցության, Դեմոկրատների և ձախական ավելի լայն շրջանակների առանցքային անելիքը պետք է լինի տնտեսական Ապոլոն ծրագրի մշակումը, գիտակցված փորձ՝ ձևավորելու 21-րդ դարի պահանջներին հարմարեցված նոր համակարգ:
* Միլենարիզմը (լատ. Millēnārius, 1000 պարունակող) կրոնական, սոցիալական կամ քաղաքական խմբի կամ շարժման այն հավատքն է, որ հասարակությունում սպասվում է մեծ վերափոխում, որից հետո ամեն ինչ պիտի փոխվի: Միլենարիզմ հասկացությունը առկա է շատ մշակույթներում և կրոններում: (Ծան. Գ․Մ․)
** Գայլաձկներն ուտում են խարակաձկներ: «Գայլաձկների ազատությունը խարակաձկների համար մահ է» խոսքերը վերագրվում են 20-րդ դարի լատվիացի-բրիտանացի սոցիալական և քաղաքական տեսաբան, փիլիսոփա և գաղափարների պատմաբան Իսայա Բեռլինին: Ըստ նրա՝ ոմանց ազատությունը կախված է ուրիշներին սահմանափակելուց: Խոսքերը երբեմն վերագրվում են 19-20-րդ դարերի անգլիացի տնտեսության պատմաբան, սոցիալական քննադատ, քրիստոնյա-սոցիալիստ Ռիչարդ Հենրի Թաունիին: (Ծան. Գ․Մ․)
***
Հեղինակ՝ Ջորջ Մոնբիո (1963), բրիտանացի գրող, որ հայտնի է նաև որպես բնապահպան և քաղաքական ակտիվիստ: Գարդիան օրաթերթի սյունակագիր է, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ «Captive State: The Corporate Takeover of Britain» և «The Age of Consent: A Manifesto for a New World Order» գրքերը: Հեղինակի կայքը՝ www.monbiot.com
Թարգմանությունը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանի
Նյութի աղբյուրը՝ www.guardian.co.uk
Նյութի բնագիրը (հրապարակված 15.04.2016)՝ http://www.theguardian.com/books/2016/apr/15/neoliberalism-ideology-problem-george-monbiot
Դիտվել է 3346 անգամ