Դեյվիդ Հարվին՝ մեր ժամանակների առաջատար մարքսիստ մտածողներից մեկը, ԱԿ Մալաբոքայի* հետ քննարկում է կապիտալի կուտակման եղանակների փոփոխությունը, քաղաքային տարածության կենտրոնական դերը ժամանակակից դասակարգային պայքարում և թե ինչ է այդ ամենը նշանակում հակակապիտալիստական կազմակերպման համար:
ԱԿ Մալաբոքա. — Վերջին քառասուն տարվա ընթացքում կապիտալի կուտակման եղանակը համաշխարհային մակարդակով փոխվել է: Այս փոփոխություններն ի՞նչ են նշանակում կապիտալիզմի դեմ պայքարի համար:
Դեյվիդ Հարվի. — Մակրո մակարդակում արտադրության ցանկացած եղանակ հակված է առաջացնել առանձնահատուկ դիմադրություն, որը հենց իր տարօրինակ հայելային արտացոլանքն է: Եթե հետահայաց հայացք գցենք 1960-70-ականներին, երբ կապիտալը կազմակերպված էր մեծ կորպորատիստական, հիերարխիկ կառույցներում, կտեսնենք, որ հակադիր կառույցները կորպորատիստական, արհմիութենական բնույթի քաղաքական կառույցներ էին: Այլ կերպ ասած` ֆորդիստական** համակարգն առաջացնում էր ֆորդիստական բնույթի դիմադրություն:
Արդյունաբերության կազմակերպման այս տեսակի անկումը, հատկապես առաջադեմ կապիտալիստական երկրներում, հանգեցրեց կապիտալի շատ ավելի ապակենտրոնացված փոխդասավորվածության` ժամանակի և տարածության մեջ ավելի տարածուն, քան նախկինում կարելի էր կարծել: Միևնույն ժամանակ մենք ականատես եղանք ցանցային և ապակենտրոնացված ընդդիմության ստեղծմանը, որը չի սիրում հիերարխիա և նախկին՝ ֆորդիստական բնույթի ընդդիմության տեսակները:
Այսպիսով, տարօրինակ է, բայց ձախերն իրենց վերակազմակերպում են նույն ձևով, ինչպես կապիտալի կուտակումն է վերակազմակերպվում: Եթե հասկանանք, որ ձախերը հայելային արտացոլանքն են նրա, ինչը մենք քննադատում ենք, երևի պետք է հայելին կոտրենք ու դուրս գանք այդ սիմբիոտիկ հարաբերությունից:
ԱԿ Մալաբոքա. — Ֆորդիստական ժամանակաշրջանում գործարանը դիմադրության հիմնական վայրն էր: Ո՞րն է այն հիմա, երբ կապիտալը գործարանից տեղափոխվել է քաղաքային տարածություն:
Դ. Հ. — Նախ՝ գործարանային եղանակը դեռ չի փոխվել. Բանգլադեշում և Չինաստանում դեռևս գործարաններ կան: Հետաքրքիր է, թե ինչպես փոխվեց արտադրության եղանակը հիմնական քաղաքներում: Օրինակ՝ լոգիստիկայի ոլորտը մեծապես ընդլայնվել է. Յու Փի Էս-ը, Դի Էյչ Էլ-ը և նմանատիպ առաքիչներն այսօր հսկայական արժեք են արտադրում:
Վերջին տասնամյակներում ծառայությունների ոլորտում ևս հսկայական փոփոխություն է տեղի ունեցել: 1970-ականներին ԱՄՆ-ում ամենամեծ գործատուները Ջեներալ մոթորսը, Ֆորդը և Յու Էս սթիլն (ԱՄՆ պողպատի կորպորացիա — ծան. Գ.Մ.) էին: Այսօր ամենամեծ գործատուները Մաքդոնալդսը, Քենթաքի ֆրայդ չիքենը և Ուոլմարթն են: Այն ժամանակ գործարանն աշխատավորական դասակարգի կենտրոնն էր, բայց այսօր աշխատավորական դասակարգը հիմնականում ծառայությունների ոլորտում է: Ինչու՞ ենք ասում, որ ավտոմեքենա արտադրելն ավելի կարևոր է, քան համբուրգեր արտադրելը:
Դժբախտաբար, ֆասթֆուդի ոլորտի աշխատողներին կազմակերպելու մտքից ձախերը լավ չեն զգում: Ծառայությունների ոլորտում աշխատողների, առաքիչների, ռեստորանների և սուպերմարկետների աշխատողների կողմից արժեքի արտադրությունը չի համապատասխանում դասական աշխատավորական դասակարգի մասին ձախերի պատկերացմանը:
Պրոլետարիատը չի անհետացել, կա նոր պրոլետարիատ, որը բնութագրով շատ տարբեր է այն դասական պրոլետարիատից, որին ձախերը ընկալում էին որպես աշխատավոր դասակարգի առաջատար: Այս իմաստով՝ Մաքդոնալդսի աշխատողները դարձան 21-րդ դարի պողպատագործները:
ԱԿ Մալաբոքա. — Եթե սա է նոր պրոլետարիատը, ապա որո՞նք են այն վայրերը, որտեղ կարելի է կազմակերպել դիմադրությունը:
Դ. Հ. — Աշխատավայրում դա կազմակերպելը շատ դժվար է: Օրինակ`առաքիչներն անընդհատ տեղաշարժվում են: Հետևաբար՝ գուցե այս բնակչությունն ավելի լավ կկազմակերպվի աշխատավայրից դուրս, այսինքն՝ իրենց թաղամասային կառույցներում: Դեռևս 1919թ. Գրամշին իր աշխատության մեջ արտահայտել է մի հետաքրքիր միտք, որ, չնայած աշխատավայրում կազմակերպվելը և խորհուրդներ ստեղծելը շատ լավ է, մենք պետք է թաղային խորհուրդներ էլ ունենանք: Թաղային խորհուրդներն, ըստ նրա, ավելի լավ են հասկանում ամբողջ աշխատավորական դասակարգի դրությունը՝ ի տարբերություն աշխատավայրում կազմակերպված խորհուրդների ճյուղային ըմբռնման:
Այն ժամանակ աշխատավայրում աշխատավորներին կազմակերպողները շատ լավ գիտեին, թե ինչ էր պողպատագործը, բայց չէին հասկանում, թե ինչ էր պրոլետարիատը` որպես ամբողջություն: Իսկ թաղերում կազմակերպվելու դեպքում կներառվեին, օրինակ, փողոցի հավաքարարները, տնային աշխատողները, վարորդ-առաքիչները: Բայց Գրամշին երբեք այս հարցն ավելի խորությամբ չդիտարկեց ու չասաց. «Դե՛, կոմունիստական կուսակցությունը պետք է թաղային խորհուրդներ կազմակերպի»:
Այդուհանդերձ, եվրոպական համատեքստում որոշ բացառություններ կան, օրինակ՝ Իսպանիայում, երբ կոմունիստական կուսակցությունները թաղային խորհուրդներ ստեղծեցին, քանի որ չէին կարող աշխատավայրում կազմակերպվել: 1960-ականներին դա կազմակերպվելու հզոր ձև էր: Հետևաբար, ինչպես երկար ժամանակ է պնդում եմ, մենք պետք է թաղերում կազմակերպվելուն նայենք որպես դասակարգային կազմակերպման մի ձևի: Իր աշխատություններում Գրամշին դրան միայն մեկ անգամ է անդրադարձել և այլևս դրա մասին չի խոսել:
1980-ականներին Բրիտանիայում համաքաղաքային հարթակներում աշխատուժի կազմակերպման ձևեր կային՝ հիմնված արհեստակցական խորհուրդների վրա, որոնք անում էին Գրամշիի առաջարկածը: Սակայն արհմիութենական շարժման ներսում այդ խորհուրդները միշտ դիտարկվում էին որպես աշխատուժի կազմակերպման ստորադաս ձևեր: Դրանք երբեք չդիտարկվեցին որպես արհմիութենական շարժման կազմակերպման հիմք:
Բայց պարզվեց, որ արհեստակցական խորհուրդները հաճախ շատ ավելի արմատական էին, քան ավանդական արհեստակցական միությունները: Դրա պատճառն այն էր, որ խորհուրդներն արմատավորված էին ամբողջ աշխատավորական դասակարգի մեջ, այլ ոչ թե միայն աշխատավորական դասակարգի՝ հաճախ արտոնություններ ունեցող սեկտորներում: Հետևաբար՝ պայմանավորված նրանով, որ խորհուրդներն ունեին աշխատավորական դասակարգի ավելի լայն սահմանում, նրանք հակված էին վարել ավելի արմատական քաղաքականություն: Բայց դա երբեք չարժևորվեց արհեստակցական միությունների ընդհանուր շարժման կողմից. այն միշտ դիտարկվում էր որպես տարածք արմատականների դրսևորման համար:
Այս տեսակի կազմակերպման առավելություններն ակնհայտ են՝ այն հաղթահարում է ճյուղային կազմակերպման ճեղքվածը, ներառում է ամեն տեսակի «ապատեղայնացված» աշխատուժ և շատ հարմար է համայնքային և խորհուրդների վրա հիմնված կազմակերպման ձևերի համար, ինչը ջատագովում էր, օրինակ, Մարեյ Բուքչինը:
ԱԿ Մալաբոքա. — Բողոքի վերջին ալիքների ժամանակ, օրինակ՝ Իսպանիայում, Հունաստանում կամ Օքյուփայ շարժման ժամանակ, նկատելի է «դիմադրության տեղայնացման» գաղափարը: Թվում է՝ այս շարժումները հակված են կազմակերպվել առօրյա խնդիրների շուրջ՝ ի տարբերություն դասական ձախերի, որոնք կենտրոնանում էին գաղափարախոսական հիմնահարցերի վրա:
Դ. Հ. — Ինչու՞ եք ասում, որ առօրյա կյանքի խնդիրների շուրջ կազմակերպվելը հիմնահարց չէ: Ըստ իս՝ հիմնահարցերից մեկը հենց դա է: Աշխարհի բնակչության կեսից ավելն ապրում է քաղաքներում և ենթարկվում ամենօրյա քաղաքային կյանքի ազդեցությանն ու բախվում դրա ստեղծած դժվարություններին: Արժեքի արտադրության և իրացման ոլորտներում հավասարաչափ դժվարություններ կան:
Սա իմ շատ կարևոր տեսական փաստարկներից մեկն է՝ բոլորը կարդում են «Կապիտալի» առաջին հատորը, ոչ ոք չի կարդում երկրորդը: Առաջին հատորն արժեքի արտադրության մասին է, երկրորդը՝ դրա իրացման: Երկրորդ հատորին ուշադրություն դարձնելիս պարզ տեսնում ես, որ իրացման պայմանները ճիշտ այնքան կարևոր են, որքան արտադրության պայմանները:
Մարքսը հաճախ խոսում է կապիտալի՝ որպես արտադրության և իրացման միջև հակասական միասնության ընկալման անհրաժեշտության մասին: Արժեքի արտադրության և իրացման վայրերը երկու տարբեր բաներ են: Օրինակ՝ Չինաստանում մեծ ծավալով արժեք է արտադրվում, բայց այն իրացվում է ԱՄՆ-ում՝ Էփլի կամ Ուոլմարթի կողմից: Իհարկե, արժեքի իրացում ասելով՝ ի նկատի ունենք աշխատավորական դասակարգի կողմից արժեքի մեծածավալ սպառումը:
Կապիտալը կարող է արտադրության օղակում զիջել բարձր աշխատավարձեր, բայց հետո դրանք վերականգնում է իրացման օղակում՝ պայմանավորված նրանով, որ աշխատողները պետք է վճարեն բարձր տան վարձեր և այլ բնակարանային ծախսեր, հեռախոսակապի վճարներ, կրեդիտային քարտերի և այլ ծախսեր: Ուստի՝ իրացման ոլորտում դասակարգային պայքարը, օրինակ՝ մատչելի բնակարանների համար, աշխատավոր դասակարգի համար նույնչափ կարևոր է, ինչ աշխատավարձի և աշխատանքային պայմանների համար պայքարը: Ավելի բարձր աշխատավարձ ստանալն ի՞նչ իմաստ ունի, եթե այն անմիջապես ի չիք է դառնում բնակարանային մեծ ծախսերի պատճառով:
Աշխատավորական դասակարգի հետ իրենց հարաբերության շնորհիվ կապիտալիստները շատ վաղուց հասկացել են, որ իրենց տվածը հետ վերցնելով կարող են շատ փող աշխատել: Եվ քանի որ աշխատավորների սպառողական ներուժը հետզհետե մեծացավ, մասնավորապես՝ 1960-1970-ականներին, կապիտալն սկսեց շատ ավելի կենտրոնանալ սպառման միջոցով արժեքի հետ ստացման վրա:
Այնպես որ՝ իրացման ոլորտում պայքարը, որը Մարքսի ժամանակ այնքան էլ ուժեղ չէր, և այն փաստը, որ ոչ ոք չի կարդում այդ նզովյալ գիրքը (երկրորդ հատորը), ավանդական ձախերի համար խնդիր է: Ինձ հարցնում եք, թե այստեղ որն է մակրո խնդիրը: Սա հենց մակրո խնդիր է. կապիտալի ստեղծումը և արտադրության ու իրացման միջև հարաբերությունը: Եթե չեք տեսնում այդ երկուսի միջև հակասական միասնությունը, ընդհանուր պատկերը չեք տեսնի: Ակնհայտ է, որ դա դասակարգային պայքար է, և ես չեմ հասկանում, թե ինչու բազմաթիվ մարքսիստներ չեն կարողանում դրա կարևորությունը հասկանալ:
Խնդիրն այն է, թե ինչպես ենք Մարքսին հասկանում 2015 թվին: Մարքսի ժամանակներում ուրբանիզացիան համեմատած քիչ էր, և աշխատավորական դասակարգի սպառողականություն համարյա գոյություն չուներ: Հետևաբար՝ Մարքսը միայն կարող էր խոսել նրա մասին, թե ինչպես էր աշխատավորական դասակարգը կարողանում գոյատևել չնչին աշխատավարձով և թե ինչպես էր դա անելու մեծ կենսափորձ ձեռք բերել: Կապիտալը նրանց հանգիստ էր թողնում՝ անելու այն, ինչ ուզում էին: Բայց հիմա մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ սպառողականությունն ապահովում է համաշխարհային տնտեսության շարժի 30 տոկոսը, ԱՄՆ-ում՝ նույնիսկ 70 տոկոսի: Ուրեմն՝ ինչու՞ ենք ասում, որ սպառողականությունն այս խնդրին այնքան էլ չի վերաբերում, կառչում ենք առաջին հատորից և խոսում արտադրության մասին, այլ ոչ թե սպառողականության:
Ուրբանիզացիան մեզ ստիպում է գնալ դեպի որոշակի սպառողականություն, օրինակ՝ ավտոմեքենա ունենալու անհրաժեշտությունը: Այսինքն՝ մեր կենսակերպը մեծապես թելադրվում է ուրբանիզացիայի կողմից: Կրկնում եմ՝ Մարքսի ապրած ժամանակներում դա զգալի չէր, բայց այսօր կենսական է: Մենք պետք է կարողանանք կազմակերպման այնպիսի ձևեր կիրառել, որոնք հաշվի են առնում դասակարգային պայքարի դինամիկայի այդ փոփոխությունը:
ԱԿ Մալաբոքա. — Հաշվի առնելով այդ փոփոխությունը`ձախերը վստահաբար պետք է փոխեն իրենց մարտավարությունը և կազմակերպման ձևերը, ինչպես նաև իրենց ընկալումն այն մասին, թե ինչի համար է պետք կազմակերպվել:
Դ. Հ. — Խմբերը, որոնք վերջին շարժումների վրա թողեցին իրենց բնութագրի դրոշմը և որոնք սերում են անարխիստական և ինքնավարական ավանդույթներից, շատ ավելի ներառված են առօրյա կյանքի քաղաքականության մեջ, քան դասական մարքստիստները:
Ես անարխիստներին շատ եմ համակրում, նրանք այս ամենի մասին շատ ավելի տեղեկացված են՝ հենց սպառման քաղաքականության հետ առնչվելու և սպառողականության մասին իրենց քննադատության հարցում: Նրանց նպատակի մի մասն առօրյա կյանքը փոխելը և այն նոր ու տարբերվող սկզբունքների շուրջ վերակազմակերպելն է: Ըստ իս, սա կենսական հարց է, և այս օրերին շատ քաղաքական գործողություններ դրան պետք է ուղղվեն: Ես համաձայն չեմ, որ սա «մեծ հարց» չէ:
ԱԿ Մալաբոքա. — Նայելով հարավային Եվրոպայի օրինակներին՝ Հունաստանում սոլիդարության ցանցերից մինչև Իսպանիայում և Թուրքայում ինքնակազմակերպման դեպքերը, թվում է, որ այս օրերին առօրյա կյանքի և կենսական կարիքների շուրջ սոցիալական շարժումներ կառուցելու գործում դրանք շատ կենսական դեր ունեն: Դուք դա համարու՞մ եք խոստումնալից մոտեցում:
Դ.Հ. — Կարծում եմ՝ շատ խոստումնալից է, բայց դրա մեջ շատ հստակ ինքնասահմանափակում կա, որն ինձ համար խնդիր է: Ինքնասահմանափակումն ինչ-որ պահի իշխանությունը վերցնելու անկամությունն է: Բուքչինն իր վերջին գրքում գրում է, որ անարխիստների խնդիրն իշխանության կարևորության հերքումն է և այն վերցնելու՝ նրանց անկարողությունը: Բուքչինն այդքան հեռուն չի գնում, բայց ես կարծում եմ՝ խնդիրն այն է, որ հրաժարվում են պետությունը տեսնել որպես արմատական փոփոխությունների համար հնարավոր գործընկեր:
Պետությունը որպես թշնամի դիտարկելու միտում կա. 100 տոկոսով թշնամի: Հանրային վերահսկողությունից դուրս գտնվող ռեպրեսիվ պետությունների բազմաթիվ օրինակներ կան, որոնց դեպքում դա այդպես է: Կասկած չկա, որ կապիտալիստական պետության դեմ պետք է պայքարել, բայց առանց պետական իշխանությունը քո ձեռքը վերցնելու շուտով կպատահի նույնը, ինչ տեղի ունեցավ 1936 և 1937 թվերին Բարսելոնայում և հետո ողջ Իսպանիայում: Հրաժարվելով պետությունն իրենց ձեռքը վերցնել այն պահին, երբ դրա ուժն ունեին, Իսպանիայում հեղափոխականները թույլ տվեցին, որ պետությունը նորից ընկներ բուրժուազիայի և կոմունիստական շարժման ստալինիստական թևի ձեռքը, ինչի արդյունքում պետությունը վերակազմակերպվեց և ջախջախեց դիմադրությունը:
ԱԿ Մալաբոքա. — Դա գուցե ճիշտ է 1930-ականների Իսպանիայի դեպքում, բայց եթե դիտարկում ենք ժամանակակից նորազատական պետությունը և բարեկեցիկ պետության նահանջը, պետությունից նվաճելու, վերցնելու ի՞նչ է մնում:
Դ.Հ. — Սկսենք նրանից, որ ձախերն այնքան էլ լավ չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես ենք կառուցելու զանգվածային ենթակառուցվածքներ: Ինչպե՞ս են ձախերը կառուցելու, օրինակ, Բրուքլինի կամուրջը: Ցանկացած հասարակություն ապավինում է մեծ ենթակառուցվածքներին. համաքաղաքային ենթակառուցվածքներ, ինչպիսին են, օրինակ, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերը և այլն: Կարծում եմ՝ ձախերի մեջ մեծ դժկամություն կա ընդունելու, որ դրա համար մեզ անհրաժեշտ են կազմակերպվելու այլ ձևեր: Պետական ապարատի թևեր կան, նույնիսկ նորազատական պետական ապարատի, որոնք խիստ կարևոր են, օրինակ՝ հիվանդությունների վերահսկման կենտրոնը: Մենք ինչպե՞ս ենք արձագանքելու, ասենք, Էբոլայի նման համաշխարհային համաճարակներին: Դա հնարավոր չէ անել անարխիստների որդեգրած ինքնակազմակերպման ձևով: Շատ դեպքեր կան, երբ անհրաժեշտ են պետականին նման ենթակառուցվածքի ձևեր: Մենք չենք կարող համաշխարհային տաքացմանը դիմակայել միայն դիմակայման և գործողությունների ապակենտրոնացված ձևերով:
Մի օրինակ, որ հաճախ հիշատակվում է, չնայած իր բազմաթիվ խնդիրներին, օզոնային շերտի քայքայումը կանխելու նպատակով սառնարաններում քլորաֆտորածխածնի օգտագործումն աստիճանաբար բացառելու վերաբերյալ Մոնրեալի արձանագրությունն է: Այն հաջողությամբ կիրարկվեց 1990-ականներին, բայց դրա համար անհրաժեշտ էր խորհուրդների վրա հիմնված քաղաքականությունից բխող կազմակերպման ձևերից էապես տարբերվող կազմակերպման ձև:
ԱԿ Մալաբոքա. — Անարխիստական տեսանկյունից կասեի, որ նույնիսկ ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպության) պես վերազգային հաստատությունները հնարավոր է փոխարինել համադաշնային կազմակերպություններով, որոնք կառուցված կլինեն վարից վեր և որոնք, ի վերջո, կհասնեն համաշխարհային մակարդակով որոշումների կայացման:
Դ.Հ. — Գուցե դա ինչ-որ չափով հնարավոր է անել, բայց մենք պետք է գիտակցենք, որ միշտ կլինի ինչ-որ տեսակի հիերարխիա, և մենք մշտապես կկանգնենք հաշվետվողականության կամ հետադարձ պահանջի իրավունքի հետ կապված խնդիրների առջև: Բարդ հարաբերություններ կլինեն, օրինակ, համաշխարհային տաքացման դեմ ամբողջ աշխարհի տեսանկյունից պայքարող մարդկանց և տեղական մակարդակով, ասենք, Հաննովերում կամ այլուր, դրա դեմ պայքարող խմբի միջև, ովքեր կտարակուսեն. «Ինչու՞ պետք է նրանց ասածը լսենք»:
ԱԿ Մալաբոքա. — Ուրեմն՝ Դուք հավատացած եք, որ դա իշխանության ինչ-որ ձև՞ է պահանջում:
Դ.Հ. — Ո՛չ, ամեն դեպքում իշխանության կառույցներ կլինեն, միշտ կլինեն: Ես երբեք ներկա չեմ եղել այնպիսի անարխիստական ժողովի, որտեղ չկար որևէ գաղտնի իշխանական կառույց: Միշտ կա մի երևակայություն, թե իբր ամեն ինչ հորիզոնական է, բայց ես նստած նայում ու մտածում եմ. «Աստվա՜ծ իմ, այստեղ մի ամբողջ հիերարխիկ կառույց կա, բայց քողարկված է»:
ԱԿ Մալաբոքա. — Վերադառնանք Միջերկրականի շրջակայքում տեղի ունեցող վերջին շարժումներին. բազմաթիվ շարժումներ կենտրոնացել են տեղային պայքարի վրա: Ո՞րն է սոցիալական փոփոխության տանող հաջորդ քայլը:
Դ.Հ. — Ինչ-որ պահի մենք պետք է կարողանանք ստեղծել կազմակերպություններ, որոնք կկարողանան կուտակել և իրականացնել սոցիալական փոփոխություն ավելի լայն մասշտաբով: Օրինակ՝ Իսպանիայում Պոդեմոսը կկարողանա՞ դա անել: Վերջին տարիների տնտեսական ճգնաժամի նման քաոսային իրավիճակում կարևոր է, որ ձախերը գործի անցնեն: Եթե նրանք չկարողանան դա անել, հաջորդ տարբերակը աջերն են: Ըստ իս, և սա ցավով եմ ասում, այս օրերի դինամիկայի առնչությամբ ձախերը պետք է ավելի պրագմատիկ լինեն:
ԱԿ Մալաբոքա. — Ի՞նչ իմաստով ավելի պրագմատիկ:
Դ.Հ. — Ես ինչու՞ աջակցեցի Սիրիզային, չնայած որ այն հեղափոխական կուսակցություն չէ: Քանի որ այն բացեց տարածք, որտեղ ինչ-որ բան կարող էր տեղի ունենալ, հետևաբար՝ դա ինձ համար առաջադիմական քայլ էր: Դա մի քիչ նման է Մարքսի ասածին, որ դեպի ազատություն տանող առաջին քայլն աշխատանքային օրվա տևողության սահմանափակումն է: Շատ նեղ պահանջները տեղ են բացում շատ ավելի հեղափոխական արդյունքների համար, և նույնիսկ երբ հեղափոխական արդյունք ստանալու որևէ հնարավորություն չկա, մենք պետք է փոխզիջումային լուծումներ փնտրենք, որոնք, ամեն դեպքում, հետ կմղեն նորազատական խնայողությունների աբսուրդը և կբացեն տարածք, որտեղ կարող են ձևավորվել կազմակերպման նոր ձևեր:
Օրինակ, հետաքրքիր կլիներ, եթե Պոդեմոսը դիտարկեր ժողովրդավարական կոնֆեդերալիզմի կազմակերպման ձևերը, որովհետև Պոդեմոսը, որոշ իմաստով, սկիզբ առավ Իսպանիայով մեկ անցկացվող բազմաթիվ, խորհուրդի նման ժողովներից: Հետևաբար՝ նրանք խորհուրդներից բաղկացած կազմակերպման ձևին քաջ ծանոթ են ու փորձառու: Հարցն այն է, թե նրանք ինչպես կկապեն խորհուրդներով կազմակերպման ձևը կազմակերպման ինչ-որ մշտական ձևերի հետ՝ հաշվի առնելով նրանց ակնկալվող դիրքը որպես ուժեղ կուսակցություն խորհրդարանում: Սա ևս բարձրացնում է իշխանության կոնսոլիդացիայի հարցը. անհրաժեշտ է դա անելու ճանապարհներ գտնել, քանի որ առանց դրա բուրժուազիան և կորպորատիվ կապիտալիզմն այն վերահաստատելու ձևեր կգտնեն և իշխանությունը հետ կվերցնեն:
ԱԿ Մալաբոքա. — Ի՞նչ եք կարծում բարեկեցիկ պետության նահանջից հետո ստեղծված դատարկությունը սոլիդարության ցանցերի կողմից լցնելու և այդ ձևով նորազատականության գործընկերը դառնալու երկընտրանքի մասին:
Դ.Հ. — Կազմակերպման երկու ձև կա: Մեկը ՀԿ-ների ոլորտի լայնածավալ աճն է, բայց դրա զգալի մասն արտաքին ֆինանսավորում ունի, այլ ոչ թե զուտ տեղական է, և այն չի լուծում մեծ նվիրատուների հարցը, ովքեր օրակարգ են թելադրում. օրակարգ, որը չի կարող արմատական լինել: Այստեղ մենք անդրադառնում ենք բարեկեցիկ պետության մասնավորեցմանը:
Սա քաղաքական առումով շատ տարբեր է այն տեղական կազմակերպություններից, որտեղ մարդիկ մենակ են և ինքնակազմակերպվում են՝ ասելով. «Լա՛վ, պետությունը ոչնչի մասին չի հոգում, ուրեմն՝ ինքներս պետք է դա անենք»: Իմ կարծիքով՝ դա տանում է դեպի զգալիորեն այլ քաղաքական կարգավիճակ ունեցող ինքնակազմակերպման ձևերի:
ԱԿ Մալաբոքա. — Բայց ինչպե՞ս է հնարավոր այդ բացը լցնել, օրինակ, օգնելով գործազուրկներին նորազատական պետության կողմից դուրս չմղվել:
Դ.Հ. — Պետք է լինի հակակապիտալիստական օրակարգ, որպեսզի երբ այդ խումբը մարդկանց հետ աշխատի, բոլորն իմանան, որ դա միայն նրանց օգնելու համար չէ, այլ որ կա կազմակերպված մտադրություն՝ քաղաքականապես փոխել համակարգը: Սա նշանակում է ունենալ շատ հստակ քաղաքական ծրագիր, ինչն ապակենտրոնացված, ոչ միատարր շարժումների դեպքում խնդրահարույց է, որովհետև ամեն մեկն աշխատում է իր ձևով, և չկա հավաքական կամ ընդհանուր ծրագիր:
Սա կապվում է Ձեր բարձրացրած առաջին հարցի հետ՝ չկա քաղաքական նպատակների կոորդինացիա: Եվ վտանգն այն է, որ դու պարզապես մարդկանց օգնում ես հաղթահարել դժվարությունները, սակայն դրանից քաղաքականություն չի ստեղծվում: Օրինակ՝ Օքյուփայ Սենդին մարդկանց օգնեց վերադառնալ իրենց տները: Նրանք հիանալի գործ արեցին, բայց, ըստ էության, նրանք արեցին այն, ինչ Կարմիր խաչը և արտակարգ իրավիճակների դաշնային ծառայությունը պետք է անեին:
ԱԿ Մալաբոքա. — Թվում է, թե պատմության վերջն արդեն անցել է: Դիտարկելով հակակապիտալիստական պայքարի առկա վիճակը և մասնավոր օրինակները՝ կարծում եք դեռ հնարավո՞ր է «հաղթել»:
Դ.Հ. — Անկասկած: Ավելին՝ Հունաստանում գրավված գործարաններ կան, արտադրության շղթաների երկայնքով կառուցվում են սոլիդարության տնտեսություններ, Իսպանիայում կան արմատական ժողովրդավարական հաստատություններ: Բազմաթիվ այլ տեղերում ևս գեղեցիկ բաներ են կատարվում: Աճում է այն գիտակցումը, որ բոլոր այդ նախաձեռնությունների շրջանում պետք է շատ ավելի լայն քաղաքականություն վարենք:
Ձախական մարքսիստները հակված են որոշ չափով մերժել այս ամենը, բայց ես նրանց սխալ եմ համարում: Միևնույն ժամանակ, սակայն, կարծում եմ, որ դրանցից ոչ մեկը միայնակ բավարար մեծ չէ, որպեսզի կարողանա գործ ունենալ իշխանության այն հիմնական կառույցների հետ, որոնք պետք է վիճարկել: Խոսքը պետության մասին է: Այնպես որ՝ ձախերը պետք է վերանայեն իրենց տեսական և մարտավարական գործիքակազմը:
* ԱԿ Մալաբոքան 2015թ. ստեղծված մեդիա կոլեկտիվ է, որի անդամներն ակտիվիստներ են Գերմանիայի տարբեր քաղաքներից: Նրանց ուշադրության կենտրոնում այժմյան սոցիալական շարժումների զարգացումներն ու ռազմավարություններն են: (Ծան. Գ․Մ․)
**Ֆորդիզմն արդյունաբերական արտադրության ձև է, որի առաջամարտիկը 20-րդ դարի սկզբի ամերիկացի գործարար, «Ֆորդ Մոթոր Քամփընիի» հիմնադիր Հենրի Ֆորդն էր: Այն հիմնված է արդյունաբերական հոսքագծերի օգտագործմամբ էժան, համընդհանուր ապրանքների մեծածավալ արտադրության և աշխատողների լավ վարձատրության վրա, որպեսզի նրանք կարողանային ձեռք բերել այդ ապրանքները: Ֆորդիզմ եզրույթն օգտագործվում է նկարագրելու ժամանակակից տնտեսական և սոցիալական համակարգերը, որոնք հիմնված են արդյունաբերական, ստանդարտացված զանգվածային արտադրության և զանգվածային սպառման վրա: (Ծան. Գ․Մ․)
Դեյվիդ Հարվին (ծնվ.՝ 1935թ. հոկտեմբերի 31) Նյու Յորքի Քաղաքային համալսարանի մարդաբանության և աշխարհագրության վաստակավոր դասախոս է, բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ: 2007թ. Հարվին հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում բոլոր ժամանակներում ամենահաճախը մեջբերված գիտնականների շարքում զբաղեցրել է 18-րդ տեղը:
Թարգմանությունը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանի
Նյութի բնագիրը (հրապարակված 09.12.2015)՝
https://roarmag.org/magazine/david-harvey-consolidating-power/
Դիտվել է 1181 անգամ