Այս շաբաթ մենք ականատես ենք դեմոկրատական «առաջնորդող մշակույթի» համար մղվող պայքարին։ Խոսքը միայն հույների մասին չէ։ Խոսքը բոլորիս մասին է։
Ի՞նչն է դեռ համարվում ձախ
Սովետական միության վերջին տասնամյակի հայտնի կատակներից մեկը հրեա Ռաբինովիչի մասին էր, որը ցանկանում է արտագաղթել։ Մեկնելու թույլտվություն տվող պետական պաշտոնյան նրանից հետաքրքրվում է, թե ո՞րն է մեկնելու պատճառը։ Ռաբինովիչը պատասխանում է․ «Կա երկու պատճառ։ Առաջինը՝ վախենում եմ կոմունիստների իշխանության տապալումից։ Նոր ղեկավարները կարող են կոմունիստների բոլոր հանցանքներում մեղադրել միայն մեզ՝ հրեաներիս, բարդել մեզ վրա ու դա կարող է նորից հանգեցնել հակահրեական ջարդերի ․․․»։ «Բայց, — ընդհատում է նրան պետպաշտոնյան, — դա լիակատար հիմարություն է, Սովետական միությունում ոչինչ չի կարող փոխվել, կոմունիստական իշխանությունը հավե՛րժ է»։ «Դե ինչ, — հանգիստ պատասխանում է Ռաբինովիչը, — դա էլ իմ երկրորդ պատճառն է»։
Աթենքում այս օրերին շրջանառվում է այս կատակի նոր տարբերակը։ Երիտասարդ հույնը դիմում է Ավստրալիայի հյուպատոսությանը և աշխատանքային վիզա խնդրում։ «Ինչո՞ւ եք ցանկանում լքել Հունաստանը, — հարցնում է պաշտոնյան»։ «Երկու պատճառով, — պատասխանում է հույնը»։ «Նախ, մտավախություն ունեմ, որ Հունաստանը դուրս կգա ԵՄ-ից, ինչը երկրում կհանգեցնի էլ ավելի մեծ աղքատության և քաոսի ․․․»։ «Բայց, — ընդհատում է նրան պաշտոնյան, — դա լիակատար հիմարություն է, Հունաստանը մնալու է Եվրամիության մեջ ու ենթարկվելու է ֆինանսական կարգապահությանը»։ «Դե ինչ, — հանգիստ պատասխանում է հույնը, — դա էլ իմ երկրորդ պատճառն է»։ Ուրեմն երկու լուծումներն էլ վա՞տն են, եթե Ստալինին վերաձևակերպելու լինենք։ Եկել է այն պահը, երբ մենք պետք է մի կողմ թողնենք հունական կառավարության հնարավոր սխալների ու սխալ որոշումների մասին անտեղի դեբատները։ Այժմ արդեն չափազանց շատ բան է դրված խաղասեղանին։
Այն փաստը, որ Հունաստանի և ԵՄ կառավարողների միջև բանակցություններում փոխզիջման բանաձևը միշտ ամենավերջին պահին է հօդս ցնդել, արդեն իսկ շատ բնութագրական է։ Խոսքը այլևս չի գնում ֆինանսական տարակարծությունների մասին․ այս մակարդակում կարծիքները տարբերվում են նվազագույն չափով։ Եվրամիությունը որպես կանոն Հունաստանին մեղադրում է զուտ ընդհանուր մեկաբանություններ տարածելու և առանց մանրամասնությունների անորոշ խոստումներ տալու մեջ, այն դեպքում, երբ Հունաստանը ԵՄ-ին մեղադրում է նրանում, որ վերջինս փորձում է վերահսկել նույնիսկ ամենաչնչին դետալները ու երկրին պարտադրում է պայմաններ, որոնք էլ ավելի խիստ են, քան նախորդ կառավարությունների վրա դրվող պայմանները։
Սակայն այս հանդիմանությունների ետևում թաքնված է շատ ավելի խորը կոնֆլիկտ։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վերջերս նկատել էր, որ եթե նա առանձին հանդիպեր Անգելա Մերկելի հետ ընթրիքի ժամանակ, ապա նրանք երկուսով երկու ժամվա ընթացքում լուծում կգտնեին։ Դրանով նա ցանկացել էր ասել, որ Մերկելն ու ինքը՝ երկու քաղաքական գործիչներ, դրան կվերաբերվեին որպես քաղաքական վեճի՝ ի տարբերություն տեխնոկրատ վարչարարների, որոնցից է Եվրո-խումբը գլխավորող Ջերոեն Դայսելբլյոմը։ Եթե այս ամբողջ պատմության մեջ կա մեկ չարագործ, ապա դա Դայսելբյոմն է՝ իր հետևյալ կարգախոսով․ «Եթե սկզբից ևեթ մի բանի մոտենում ես գաղափարախոսական տեսանկյունից, ապա այդպես ոչնչի չես հասնի»։
ԵՄ տեխնոկրատները նույնպես գաղափարախոսություն ունեն, միայն թե՝ ուրիշը
Այստեղ էլ հանգում ենք այդ ամբողջի հիմնական բարդությանը․ Ցիպրասն ու Վարուֆակիսը խոսում են այնպես, կարծես նրանք մաս են կազմում այնպիսի բաց քաղաքական գործընթացի, որում ի վերջո պետք է կայացվեն «գաղափարախոսական» (նորմատիվ առաջնահերթությունների վրա հենվող) որոշումներ։ ԵՄ տեխնոկրատներն այնպես են խոսում, ասես այդ ամենը մանրակրկիտ կարգավորիչ միջոցառումների հարց է, և եթե հույները մերժում են այդ տեսակետն ու հիմնարար քաղաքական հարցեր են առաջ քաշում, ապա կարելի է նրանց մեղադրել, որ նրանք խաբեությամբ են զբաղվում՝ խուսափելով կոնկրետ լուծումներից։ Այստեղ, ճշմարտությունը միանշանակորեն հունական կողմում է․«գաղափարախոսական կողմի» բացասումը Դայսելբլյոմի կողմից հանդիսանում է հենց մաքուր գաղափարախոսություն, այն արդյունավետ քաղաքական-գաղափարախոսական հիմնավորում ունեցող որոշումները սխալականորեն ներկայացնում է որպես կարգավորիչ միջոցառումներ։
Այս ասիմետրիայի պատճառով Ցիպրասի կամ Վարուֆակիսի «երկխոսությունը» ԵՄ գործընկերների հետ հաճախ տպավորվում է որպես մի զրույց, ինչպիսին կարող է լինել ջանադրաբար հիմնարար հարցերի շուրջ քննարկման ձգտող երիտասարդ ուսանողի և այդ թեմաները ամոթաբար անտեսող մեծամիտ պրոֆեսորի միջև, որը տեխնիկական թերությունների պատճառով հանդիմանում է ուսանողին․ «Դուք ճիշտ չեք ձևակերպում, դուք հաշվի չեք առել ահա այս կանոնը»։ Կամ նույնիսկ, ինչպիսին կարող է լինել խոսակցությունը՝ հուսահատ կերպով իր հետ պատահածի մասին պատմող բռնաբարված կնոջ և այն ոստիկանի միջև, որն անդադար նրան ընդհատում է բյուրոկրատական դետալներին առնչվող հարցերով։ Բուն քաղաքականության այդպիսի փոխարինումը չեզոք փորձագիտական վարչարարությամբ բնութագրում է մեր ամբողջ քաղաքական գործընթացը․ ռազմավարական և իշխանական հիմնավորմամբ որոշումները գնալով ավելի հաճախ են ներկայացվում որպես վարչական կարգավորումներ, որոնք պետք է որ հիմնված լինեն չեզոք փորձագիտական կարծիքի վրա։ Եվ դրանք գնալով ավելի հաճախ կայացվում են փակ դռների ետևում և իրականացվում են առանց դեմոկրատական մասնակցության։
Եվրոպան ձախողվել է
Մեր աչքերի առաջ ծավալվող պայքարը իրականում պայքար է եվրոպական տնտեսական ու քաղաքական առաջնորդող մշակույթի համար։ ԵՄ տերությունները կողմ են տեխնոկրատական ստատուս քվոյի պահպանմանը, որը տասնամյակներ շարունակ կաթվածահար է արել Եվրոպային։ Մշակույթ հասկացության մասին իր աշխատանքներում մեծ պահպանողական Թոմաս Սթեռնս Էլիոթը նշում էր, որ երբեմն պահեր են լինում, երբ պետք է ընտրություն կատարել հերետիկոսության և անհավատության միջև։ Այդ դեպքում տվյալ կրոնի գոյությունը պահպանելու միայն մեկ հնարավորություն կա՝ դրա աղանդավորական տրոհումը իր մեռած հիմնական մարմնից։ Այդպիսին է մեր իրավիճակն այսօր Եվրոպայում։ Միմիայն մի նոր «հերետիկոսություն» (ինչպիսին այսօր հանդիսանում է «Սիրիզան») կարող է փրկել այն, ինչը եվրոպական ժառանգության մեջ փրկության արժանի է․ դեմոկրատիան, մարդկանց հանդեպ վստահությունը, հավասարության սկզբունքով համերաշխությունը … Այն Եվրոպան, որը կհաղթի այն դեպքում, եթե հաջողվի արգելակել հունական «Սիրիզային», դա կլինի «ասիական արժեքների Եվրոպան», ինչն իհարկե Ասիայի հետ ոչ մի կապ չունի, բայց մեծապես կապ ունի դեմոկրատիան չեզոքացնելու ժամանակակից կապիտալիզմի միանշանակ ու անմիջական տենդենցի հետ։
Արդյո՞ք ձախական Եվրոպան այժմ ձախողվել է։ Ոչ, Եվրոպան է ձախողվել։ Արևմտյան Եվրոպայում մենք հակված ենք նայել Հունաստանին որպես անմասնակից դիտորդներ, որոնք կարեկցանքով լի հետևում են աղքատացող մի ազգի թշվառությանը։ Նման հարմարավետ դիրքը, սակայն, հենվում է մահացու պատրանքի վրա, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է Հունաստանում, վերաբերվում է մեզ բոլորիս՝ խաղասեղանին դրված է Եվրոպայի ապագան։ Երբ այս օրերին մենք հետևում ենք Հունաստանի մասին նորություններին, պետք է մեր մտքում ունենանք հին ասացվածքը․ De te fabula narrator (պատմությունը քո մասին է)։
Հունաստանում անցկացվելիք հանրաքվեի մասին որոշմանը եվրոպական տիրապետող շերտի արձագանքներից կարելի է հանգել մի իդեալի, որը դիպուկ կերպով ձևակերպված է «Ֆայնենշլ Թայմս» թերթում հրապարակված Գիդեոն Ռախմանի մեկնաբանության մեջ․ «Եվրոպայի ամենաթույլ օղակը ընտրողներն են»։ Այս իդեալական աշխարհում Եվրոպան ազատվում է իր «ամենաթույլ օղակից», իսկ փորձագետները ձեռք են բերում իշխանություն՝ անհրաժեշտ տնտեսական միջոցառումները ուղիղ կերպով անցկացնելու համար։ Եթե դեռ ընտրություններ տեղի են ունենում, ապա դրանց միակ գործառույթը կայանում է փորձագետների կոնսենսուսը հաստատելու մեջ։
Միայն թե այդ էքսպերտոկրատիան, ցավոք, հենվում է ֆիկցիայի վրա՝ «երկարաձգման ու կեղծելու» ֆիկցիայի վրա (պարտքերի վերադարձման ժամկետի երկարաձգումը՝ միաժամանակ այն կեղծ հեռանկարով, թե իբր վերջում բոլոր այդ պարտքերը մարված են լինելու)։ Ինչո՞ւ է այդ ֆիկցիան պահպանվում այդքան ամուր։ Ոչ միայն այն պատճառով, որ դա գերմանացի ընտրողների համար ավելի ընդունելի է դարձնում իրենց պարտքի մեծացումը, և նաև ոչ միայն այն պատճառով, որ հունական պարտքերի դուրս գրումը կարող է նման պահանջներ օրակարգ բերել նաև Պորտուգալիայում, Իռլանդիայում կամ Իսպանիայում։ Պատճառն ավելի շուտ այն է, որ իշխանավորներն իրականում ընդհանրապես չեն ցանկանում, որ այդ պարտքերն ամբողջովին վերադարձվեն։
Պարտք առաջարկողներն ու կառավարողները մեղադրում են պարտք ունեցող երկրներին իրենց բավարար չափով մեղավոր չզգալու մեջ՝ նրանք մեղադրում են, որ այդ երկրներն իրենց զգում են անմեղ։ Նրանց համոզելը լիովին համապատասխանում է նրան, ինչը հոգեվերլուծության մեջ անվանում են «գեր-ես» (սուրպեր-էգո)․ ինչպես հստակ նկատել է Ֆրոյդը, «գեր-ես»-ի պարադոքսն է, որ մենք գնալով մեզ ավելի մեղավոր ենք զգում, որքան ավելի շատ ենք խոնարհվում նրա պահանջների առջև։ Ինչպես այն դաժան ուսուցչի դեպքում, որն իր աշակերտներին անլուծելի առաջադրանքներ է տալիս, իսկ հետո սադիստաբար ուրախանում է՝ տեսնելով վերջիններիս խուճապը։ Պարտապանին փող տալու իրական նպատակը ոչ թե վարկը շահույթով ետ ստանալն է, այլև պարտքի տևական անսահմանափակ կայունացումը, ինչը պարտապանին դնում է մշտական կախվածության և ստորադասության մեջ։ Ամեն դեպքում՝ պարտապանների մեծ մասին, քանի որ կան տարատեսակ պարտապաններ։
Ոչ միայն Հունաստանը, այլ նաև ԱՄՆ անգամ տեսականորեն ի վիճակի չեն լինի վճարել իրենց պարտքերը, ինչի մասին արդեն իսկ հրապարակային կերպով հայտարարվում է։ Այդ իսկ պատճառով կան պարտապաններ, որոնք կարող են ճնշում բանեցնել իրենց պարտատերերի վրա, քանի որ նրանք չափազանց մեծ են, որպեսզի թույլ տան նրանց փլուզվել (մեծ բանկերը), կան պարտապաններ, որոնք կարող են վերահսկել իրենց պարտքերի մարման պայմանները (ԱՄՆ կառավարությունը) և վերջապես կան պարտապաններ, որոնց կարելի է հրել այս ու այն կողմ և ստորացնել (Հունաստանը):
Ըստ էության, վարկատուները և վարկերի կառավարիչները մեղադրում են «Սիրիցայի» կառավարությանը այն բանում, որ այն իրեն բավարար չափով մեղավոր չի զգում, այլ ընդհակառակը՝ իրեն անմեղ է զգում։ «Սիրիցայի» կառավարության հետ կապված հենց դա է այդքան անհանգստացնում ԵՄ իսթեբլիշմենթին․ այն ընդունում է պարտքերը, բայց առանց մեղքի զգացումի։ Այն իր վրայից թոթափել է «գեր-ես»-ի բեռը։ Վարուֆակիսը Բրյուսելի հանդեպ իր պահվածքով մարմնավորում է այդ դիրքորոշումը․ նա ճանաչում է պարտքերի բեռը և խելամիտ փաստարկ է բերում, որ ԵՄ քաղաքականության բացահայտ տապալման տեսանկյունից պետք է մեկ այլ լուծում փնտրել: Որքան էլ հակասական է, Վարուֆակիսի և Ցիպրասի կողմից անընդհատ բերվող փաստարկն այն է, որ «Սիրիցայի» կառավարությունը վարկատուների համար միակ շանսն է՝ իրենց փողի գոնե մի մասը ետ ստանալու համար։
«Սիրիցան» ճիշտ բան է ցանկանում
Վարուֆակիսն ինքն է զարմանում այն առեղծվածի վրա, որ բանկերը փող են ներարկել Հունաստանի տնտեսության մեջ և համագործակցել կլիենտելիստական պետության հետ, չնայած որ հաստատ գիտեին այդ պետության վիճակը․ առանց արևմտյան իսթեբլիշմենթի լուռ համաձայնության Հունաստանը երբեք չէր կարողանա այդքան մեծ պարտքեր կուտակել։ «Սիրիցայի» կառավարությունը լիովին գիտակցում է, որ հիմնական սպառնալիքը Բրյուսելում չի գտնվում, այլև թաքնված է հենց Հունաստանում՝ կլիենտելիստական կոռումպացված պետության տեսքով։
Եվրոպան (ԵՄ բյուրոկրատիան) պետք է համակերպվի այն նախատինքի հետ, որ մինչ օրս քննադատել է Հունաստանին կոռուպցիայի և անարդյունավետության համար ու, միաժամանակ, հանձինս «Նեա Դեմոկրատիայի» (Nea Demokratia) աջակցել է հենց այն քաղաքական ուժին, որը մարմնավորում էր այդ կոռուպցիան և անարդյունավետությունը։ «Սիրիցայի» կառավարությունը նպատակ ունի հաղթահարել այդ համակարգային շրջափակումը։ Բրիտանական «Գարդիանում» կարդում ենք Վարուֆակիսի ծրագրային հայտարարությունը, որում նա նկարագրում է իր կուսակցության վերջնական ռազմավարական նպատակը։ «Հունաստանի կամ Պորտուգալիայի կամ Իտալիայի դուրս գալը եվրոյի գոտուց շատ շուտով կհանգեցնի եվրոպական կապիտալիզմի փլուզմանը։ Հետևանքը կլիներ ռեցեսիայի լրջագույն սպառնալիքի տակ հայտնված ավելցուկային մի ռեգիոն՝ Հռենոսից դեպի արևելք և Ալպերից դեպի արևմուտք, իսկ մնացյալ Եվրոպան կխորասուզվեր դաժան ստագֆլյացիայի (ստագնացիայի և ինֆլյացիայի) մեջ։ Իսկ ո՞վ կշահեր այդպիսի զարգացումից։ Առաջադեմ ձախե՞րը, որոնք վեր կհառնեին եվրոպական հաստատություններում, ինչպես Փյունիկը մոխրից։ Թե՞ Ոսկյա Արևածագի նացիստները, տարատեսակ նեոֆաշիստական շարժումները, օտարատյացներն ու խաբեբաները։ Ես մի փոքր անգամ չեմ կասկածում, թե ով կշահեր եվրոյի գոտու փլուզումից։ Իմ մասով ես պատրաստ չեմ թարմ քամի բերել 1930-ականների պոստմոդեռնիստական տարբերակի առագաստների համար։ Եթե դա նշանակում է, որ հենց մենք՝ անկանխատեսելի մարքսիստներս ենք ստիպված փորձելու փրկել եվրոպական կապիտալիզմը ինքն իրենից, ապա թող այդպես լինի։ Բայց ոչ թե եվրոպական կապիտալիզմի, եվրոյի գոտու, Բրյուսելի կամ Եվրոպական կենտրոնական բանկի նկատմամբ սիրուց դրդված, այլև սոսկ այն պատճառով, քանի որ մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել այս ճգնաժամի անտեղի մարդկային կորուստների գինը։»
«Սիրիցայի» կառավարության ֆինանսական քաղաքականությունը խստորեն հավատարիմ է մնացել հետևյալ հիմնադրույթներին․ խուսափել դեֆիցիտի առաջացումից, խիստ ֆինանսական կարգապահություն, բարձր հարկային եկամուտներ։ Սակայն վերջերս մի շարք գերմանական մեդիաներ Վարուֆակիսին բնութագրեցին որպես հոգեխանգարված մարդ, որը բնակվում է իր իսկ ստեղծված առանձին տիեզերքում։ Բայց միթե՞ նա իսկապես այդքան արմատական է։ Վարուֆակիսի մոտ նյարդայնացնողը նրա արմատականությունը չէ, այլև նրա գիտակցված պրագմատիկ համեստությունը։ Նրա առաջարկներն ավելի ուշադիր զննելու դեպքում հնարավոր չէ չնկատել, որ դրանք բաղկացած են այնպիսի միջոցառումներից, որոնք քառասուն տարի առաջ սոցիալ-դեմոկրատական ստանդարտ ծրագրի մասն էին կազմում․ 60-ականների շվեդական կառավարությունները շատ ավելի արմատական նպատակներ էին հետապնդում։ Մեր ժամանակների տխուր նշան է այն փաստը, որ այսօր պետք է արմատական ձախերին պատկանես, այդ նույն միջոցառումներին կողմ արտահայտվելու համար․ խավար ժամանակների նշան, բայց դա նաև հնարավորություն է ձախերի համար՝ գրավելու այն տարածքը, որը մի քանի տասնամյակ առաջ դեռևս չափավոր ձախ կենտրոնամետների տարածքն էր։
Բայց միգուցե «Սիրիցայի» քաղաքականության, այսինքն նաև հին ու բարի սոցիալ-դեմոկրատիայի քաղաքականության, արմատական լինելու կամ չլինելու մասին անընդհատ հնչող փաստարկը ինքնին նպատակավրեպ է։ «Սիրիցան» փաստացի վտանգավոր է, այդ կուսակցությունը իսկապես սպառնալիք է ԵՄ ներկայիս կողմնորոշման համար․ գլոբալ կապիտալիզմը չի կարող իրեն թույլ տալ վերադարձ դեպի բարեկեցիկ պետության հին մոդելին։ «Սիրիցայի» նպատակների հետ կապված առկա համեստության մեղմացումը, այդպիսով, որոշ չափով կեղծավոր է․ կուսակցության համակիրները ձգտում են արդյունավետ կերպով իրագործել մի բան, ինչը գործող գլոբալ համակարգի կոորդինատների ներսում անհնարին է։
Այստեղ կարևոր է լրջագույն ռազմավարական ընտրություն կատարել։ Իսկ ի՞նչ է պետք անել, եթե եկել է համեստության դիմակը դեն նետելու և էակապես շատ ավելի արմատական փոփոխության պահանջով հանդես գալու պահը։ Փոփոխություն, որն անհրաժեշտ է նույնիսկ ամենահամեստ հաջողությունների հասնելու համար։ Միգուցե հայտարարված հանրաքվեն հենց առաջին քայլն է այդ ուղղությամբ։
Դի Ցայտ, 27/2015 (02.07.2015)
Այս հոդվածը գրվել է Հունաստանում հուլիսի 5-ին տեղի ունեցած հանրաքվեից երեք օր առաջ։ Հանրաքվեից հետո Ժիժեկը նոր հոդված է հրապարակել՝ «Հուսահատության քաջությունը» վերնագրով։ Անգլերեն լեզվով լույս տեսած այդ հոդվածը կարելի է գտնել հետևյալ հղումով․ http://www.newstatesman.com/world-affairs/2015/07/slavoj-i-ek-greece-courage-hopelessness
Սլավոյ Ժիժեկը, ծնված 1949 թվականին, հանդիսանում է արդի ամենաշատ կարդացվող փիլիսոփաներից մեկը։ 1990 թվականին առաջադրվել է որպես Սլովենիայի նախագահի թեկնածու։ Նրա ստեղծագործությունները կրում են Հեգելի, Մարքսի և Լականի զգալի ազդեցությունը։ Ժիժեկն ինքն իրեն համարում է եվրոպակենտրոն մարքսիստ։
Դիտվել է 799 անգամ