Փոխհամաձայնության չափից ավելի կարեւորումն ու առճակատման մերժումը բերում է քաղաքական մասնակցության հանդեպ անզգայության եւ դժգոհության:
Շանթալ Մուֆֆ
Բաղրամյան պողոտայի եւ դրա շուրջ ծավալվող դեպքերը բնութագրելու, վերլուծելու, առավել եւս հետեւանքները շոշափելու փորձերի պակաս կարծես չկա: Առանձին հետաքրքրության հարցեր են, թե ինչպիսի՞ն են դրանց ելակետերը, ո՞ր առարկայական բնագավառներն են մասնակից դառնում այդ փորձերին, ի՞նչ մասնավոր դիտավորություններ են ընկած դրանց ետեւում ու ի վերջո որքանո՞վ են դրանք բավարարում բանիմացության անհրաժեշտ շեմը: Սակայն մի բան կարծես ակնհայտ է. ինքնին դեպքերն ու դրանց շաղկապված այլ երեւույթներ թանձրացրած արտահայտեցին մեր իրականությունը բնորոշող գծերը, եւ դրանք քննության առնելու պահանջը գուցե ժամանակի ամենակարեւոր հրամայականն է:
Տեղի ունեցած դեպքերի իմաստավորման փորձերում առաջին մատնանշումներից մեկը քաղաքականը քաղաքացիականով փոխարինված լինելն էր` հանգամանք, որը կարծես մեր վերջին տարիների հիմնական փորձառությունն է: Քաղաքական կուսակցությունների զուտ անվանական գոյությունն ու ըստ նշանակության դերակատար չլինելու հանգամանքը, անհատների գործունեությամբ փոխարինված ակտիվ քաղաքական-գաղափարական պայքարը, մեծապես հիերարխիկ ու անձնային կախվածության սկզբունքի վրա խարխսված քաղաքական համակարգը եւ ի վերջո բացառապես քաղաքացիական ակտիվիզմի շնորհիվ կոնկրետ, թիրախային խնդիրների լուծումը (արդեն հայտնի հանրային տրանսպորտի սակագնի չթանկացման, Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի պահպանման) հաստատում են մեր հասարակության նախաքաղաքական վիճակից այդպես էլ քաղաքական վիճակին անցած չլինելը: Ընդ որում հետանկախության շրջանում կարծես այդ երկու ծայրահեղ` նախաքաղաքական ու քաղաքական, վիճակներն ավելի շատ միջակայք ամրագրող եզրեր են: Երբեմն այս կամ այն դեպքերը մեր իրականությունը գոնե երեւութական մոտեցնում էր քաղաքականին (հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ):
Բաղրամյան պողոտայի դեպքերը կարծես բացառություն լինելու «հավակնություն» ունեին: Շրջանառվող կարծիքների մեջ էր այն, որ այս անառաջնորդ, հորիզոնական կապերի ու ինքնակազմակերպման վրա խարսխվող նախաձեռնությունը 88-ից հետո թերեւս առաջինն է, որ կարող է սկիզբ տալ ոչ թե լոկ դեպքերի` հուսառատության ու հուսախաբության, խանդավառության ու հոգնածության՝ արագ հաջորդականությամբ: Այն կարծես թե հավակնում է իսկական պատմական իրադարձություն կյանքի կոչել: Այլ կերպ ասած` այն կհանգեցնի գոյություն ունեցող հիմնական (հատկապես, տնտեսական ու քաղաքական) կառույցների երկարատեւ փոխակերպմանը` իրականություն դարձնելով ապակենտրոնացած քաղաքական իշխանությունը` քաղաքական տարբեր ուժերի ու դրանց միջեւ իրական գաղափարական պայքարով, եւ զանազան մենաշնորհներից ու խնամիա-բարեկամական արտոնություններից ձերբազատված ու մրցակցային տնտեսությունը: Արդեն վերը նշված շրջանառվող կարծիքների մեջ ավելի պակաս լսելի են այն ձայները (գոնե գիտական-հրապարակախոսական առումով), որոնք հնչեցնում են հայկական փորձառության յուրահատկությունը եւ դրա գիտական ու քաղաքական տեխնոլոգիաների առումով ընձեռած նորարարական հնարավորությունները:
Իհարկե` կառուցվածքային ու ինստիտուցիոնալ առումով որքանո՞վ շոշափելի կլինեն վերջին դեպքերի հետագիծը, այնուամենայնիվ` դեռ վաղ է ասել: Մեզանում կարծես տեղային հաջողությունները դեռ դժվար են դուրս գալիս իրենց սահմաններից ու դառնում համընդհանուր: Դրանք հիմնականում մարգինալացվում են` դառնալով հուսախաբության հերթական չափաբաժնի պատճառ: Կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում սոցիալական իներցիան` արտահայտված ծայրահեղ պահպանողականությամբ, կարծես հիմնական կամ տիրապետող սոցիալական տրամաբանությունն է: Հետեւաբար` գաղափարական դիմագծից զուրկ, իրեն զգուշաբար բացառապես սոցիալական հռչակած նախաձեռնությունը կարծես ինչ-որ ինքնաբուխ, սպասված-անսպասելիի պես մի բան էր` ծնված սոցիալականի ճամփեզրին: Սակայն բարձրաձայնված ու լռեցված, ձեւակերպված ու չձեւակերպված խնդիրների ֆոնին այն կարծես ցցուն է դարձնում մեր իրականության հիմնական ու խորքային հակասությունը: Այն կարելի է ձեւակերպել իբրեւ փոփոխությունները խեղդող ծայրահեղ պահպանողականության եւ արդիականացման անհետաձգելի կարիքի միջեւ հակասություն: Այսպիսի եզրակացությունն առաջին հայացքից թվում է ոչ համարժեք` եթե հաշվի առնել շարժման կոնկրետությունը, հավաքների երիտասարդ մասնակիցների խայտաբղետությունը: Բայց ինչպես ռուս ժուռնալիստներից[1] մեկն էր զարմանքով արձանագրում, երիտասարդները կենսաթոշակառուներ կամ մեծահասակներ չեն, որոնց պետք է հուզի էլէկտրոէներգիայի սակագնի թանկացումը:
Այսպիսով, ի՞նչը կարող է լինել այս նախաձեռնության հիմնական նշանակությունն ու լուծելիք խնդիրը: Կասեցված ու գլուխ չեկած, տեւական ժամանակահատված (ԽՍՀՄ-ի տարիներին) այլ իրականության արդիականացմամբ միջնորդավորված հայկական իրականության արդիականացումն է, որ այսօր ծառացել է իբրեւ գլխավոր հրամայական: Այս նախաձեռնության ու դրա շուրջ ծավալվող դեպքերի նշանակությունը միայն փոքր քայլերի տրամաբանության կամ հայկական “know-how”-ների մեջ չէ` սկսած համացանցում նորաձեւ դարձած հայ ակտիվիստի խորհուրդներից մինչեւ «կենդանի պատի» ձեռնարկը: Այն համատեղ կյանքը նորովի կառուցելու եւ աշխարհին բաց լինելու ու ինքներս բացվելու խիզախմանը ազդակներ հաղորդելու մեջ է: Վերջին դեպքերի կապակցությամբ արվեստի քննադատներից մեկը[2] հետանկախության սերնդին դիպուկ բնութագրել էր իբրեւ «բողոքն ու պայքարը հույսի միակ հանգրվան» դարձրած սերունդ: Իբրեւ նկատառում. ըստ էության բողոքում ու պայքարում են փոփոխությունների համար, երբ ներկան ներկա էլ չէ, որովհետեւ հայտարարված անցյալի մեխանիկական վերարտադրությունն է:
[1] Խոսքը ժուռնալիստ Վլադիմիր Սոլովյովի մասին է: [2] Խոսքը հուլիսի 7-ին www.epress.am-ում Անժելա Հարությունյանի «Սերնդեսերունդ. պերեստրոյկայից մինչև մեր օրերը» հոդվածի մասին է:Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին: Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Գիտական հետազոտությունների շրջանակն ընդգրում է հասարակական փոխակերպումներին, էթիկա-քաղաքական, սոցիալական ու հումանիտար գիտությունների փիլիսոփայական հիմնախնդիրներ:
Դիտվել է 660 անգամ