Իսպանիայի ամենաերիտասարդ քաղաքական կուսակցությունը նաև ամենամեծ ժողովրդականությունը վայելողն է։ «Պոդեմոսը»*, որը սերել է 2011թ. «Ինդիգնադոս» շարժումից (նաև կոչվում է «15-Մ» շարժում), ի հայտ եկավ հունվարին՝ մի քանի տասնյակ մտավորականների կողմից ստորագրված պահանջագրով: Մայիսի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, իր ձևավորումից ընդամենը մի քանի ամիս հետո, ձախական կուսակցությունը ստացավ ձայների 8 տոկոսը: Ներկայումս այն իր անդամների քանակով Իսպանայի քաղաքական կուսակցությունների մեջ զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ հարցումների արդյունքներով՝ առաջինը: Նույնիսկ «Ֆայնենշըլ թայմս»-ն է ընդունում, որ «նոր կուսակցությունը, կարծես, Իսպանիայում հաստատված երկկուսակցական համակարգը փշրելու ուղու վրա է»: Տարեսկզբին Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ «Պոդեմոսի» գլխավոր քարտուղար Պաբլո Իգլեսիասը ներկայացրեց իր մտքերն այն հարցի շուրջ, թե ինչպես են ձախերը կարող հաղթել: Ստորև ներկայացվում է այդ զրույցից մի հատված:
Ես շատ լավ գիտեմ, որ անցյալ հինգ հարյուր տարիների պատմությունը հասկանալու բանալին հատուկ սոցիալական կատեգորաների՝ դասակարգերի, ի հայտ գալն է: Ձեզ մի միջադեպ պատմեմ: Երբ «15-Մ» շարժումը նոր էր սկսվել, իմ, այսինքն՝ քաղաքագիտության ֆակուլտետի որոշ ուսանողներ՝ քաղաքականությամբ շատ տարված, Մարքս, Լենին կարդացած, առաջին անգամ Պուերտո դել Սոլում նորմալ մարդկանց հետ մասնակցեցին [ցույցերի] (լրացումն իմն է՝ Գ․Մ․): Նրանք հուսահատ ասում էին. «Ոչինչ չե՜ն հասկանում: Մենք նրանց ասում ենք՝ դուք աշխատավորներ եք, նույնիսկ եթե դրա մասին չգիտեք»: Մարդիկ նրանց այնպես էին նայում, ասես այլմոլորակայիններ լինեին: Եւ ուսանողները տուն վերադարձան շատ ընկճված՝ ասելով. «Նրանք ոչինչ չե՜ն հասկանում»:
[Ես պատասխանում էի.] «Չե՞ք տեսնում, որ խնդիրը ձեր մեջ է, որ քաղաքականությունը որևէ կապ չունի ճիշտ լինելու հետ. գաղտնիքը հաջողելն է»: Կարելի է ամենալավ վերլուծությունն ունենալ, հասկանալ տասնվեցերորդ դարից ի վեր քաղաքական զարգացումների մղիչները, իմանալ, որ պատմական մատերիալիզմը սոցիալական գործընթացները հասկանալու բանալին է, բայց ի՞նչ եք անելու, մարդկանց առջև բղավելու՞ եք․ «Դուք աշխատավորնե՛ր եք և չգիտեք անգամ դրա մասին»:Թշնամին միայն ուզում է ծիծաղել ձեզ վրա: Դուք կարող եք հագնել մուրճ ու մանգաղ պատկերող շապիկ: Կարող եք նույնիսկ հսկա դրոշ պարզել, հետո տուն վերադառնալ ձեր դրոշով, իսկ այդ ընթացքում թշնամին կծիծաղի ձեզ վրա, քանի որ ժողովուրդը, աշխատավորները թշնամուն նախընտրում են քեզնից: Նրան հավատում են և հասկանում, երբ խոսում է, իսկ ձեզ չեն հասկանում: Եւ, գուցե, դուք ճիշտ եք։ Գուցե ձեր զավակներին խնդրեք, որ ձեր գերեզմանաքարին գրեն «Նա միշտ ճիշտ էր, բայց ոչ ոք երբեք չիմացավ»:
Երբ ուսումնասիրում ես հաջողության հասած տրանսֆորմացիոն շարժումները, հասկանում ես, որ հաջողության բանալին քո վերլուծության և մեծամասնության զգացումների միջև նույնություն հաստատելն է, ինչը շատ բարդ է և ենթադրում է հակասություններին դիմակայում:
Կարծում եք՝ ես գաղափարական խնդի՞ր ունեմ 48 կամ 72-ժամյա չկազմակերպված գործադուլների հետ: Բնավ: Խնդիրն այն է, որ գործադուլ կազմակերպելը ոչ մի կապ չունի նրա հետ, թե ես կամ դուք որքան ենք դա ցանկանում: Այն կախված է միությունների ուժից, և այդ հարցում ես էլ, դուք էլ ազդեցություն չունենք: Ես և դուք կարող ենք երազել, որ Երկիր մոլորակը մարդկության համար դրախտ լինի: Մենք կարող ենք ինչ ուզում ենք երազել և գրել մեր շապիկներին: Բայց քաղաքականությունն ուժի հետ է կապված, այն կապված չէ ցանկությունների կամ հավաքներին մեր հնչեցրած խոսքերի հետ: Այս երկրում միայն երկու միություն կա, որոնք կարող են համատարած գործադուլ կազմակերպել՝ «Աշխատավորների հանձնաժողովները» և «Աշխատավորների ընդհանուր միությունը»: Դա ինձ դու՞ր է գալիս արդյոք. ո՛չ: Բայց ունենք` ինչ ունենք, և համատարած գործադուլ կազմակերպելը շատ բարդ է:
Ես մասնակցել եմ Մադրիդի ավտոբուսների կայանների դիմաց անցկացվող ցույցերի կազմակերպմանը: Գիտե՞ք, թե այդ մարդիկ լուսաբացին ուր պետք է գնային՝ աշխատանքի: Նրանք գործադուլ փչացնողներ չէին, պարզապես աշխատանքից կազատվեին, որովհետև նրանց աշխատավայրերում չկային միություններ, որոնք նրանց կպաշտպանեին: Այն աշխատավորներն, ովքեր կարող են իրենք իրենց պաշտպանել, օրինակ` նավաշինարաններում աշխատողները կամ հանքափորները, ուժեղ միություններ ունեն: Բայց հեռավաճառքի մասնագետները, պիցցերիաներում աշխատողները կամ մանրավաճառ աղջիկները չեն կարող իրենք իրենց պաշտպանել: Նրանք հաջորդ օրն աշխատանքից ազատվելու են, և դուք այդտեղ չեք լինելու, ես այդտեղ չեմ լինելու, և այնտեղ չի լինելու որևէ միություն՝ երաշխավորելու, որ կնստի ղեկավարի առջև ու կասի. «Ճիշտ կանեք այս մարդուն գործադուլ անելու իր իրավունքն իրացնելու համար աշխատանքից չազատեք, թե չէ դրա համար պատասխան եք տալու»: Դա տեղի չի ունենում անկախ նրանից, թե մենք որքան խանդավառ ենք:
Քաղաքականությունն այն չէ, ինչ ես կամ դուք կուզեինք, որ այն լիներ: Քաղաքականությունն այն է, ինչ կա, և այն սարսափելի է, սարսափելի: Դրա համար էլ մենք պետք է խոսենք ժողովրդի միասնության մասին և համեստ լինենք: Երբեմն պետք է խոսես մարդկանց հետ, ովքեր քո լեզուն չեն հավանում, ում ինչ-որ բան բացատրելու համար քո օգտագործած հասկացությունները ոչինչ չեն ասում: Դա մեզ ի՞նչ է ասում՝ որ մենք արդեն տարիներ ի վեր պարտվում ենք: Մշտապես պարտվելը հենց նշանակում է, որ մարդկանց «ողջախոհությունը» տարբերվում է [նրանից, ինչը մենք ճիշտ ենք համարում]: Բայց դա նորություն չէ: Հեղափոխականները միշտ էլ դա իմացել են: Բանալին հաջողությամբ այնպես անելն է, որ «ողջախոհությունը» գնա դեպի փոփոխություն:
Սեզար Ռենդուելեսը՝ շատ խելացի մի մարդ, ասում է, որ մարդկանց մեծամասնությունը դեմ է կապիտալիզմին, բայց չգիտի դրա մասին: Մարդկանց մեծամասնությունը պաշտպանում է ֆեմինիզմը, բայց չի կարդացել Ջուդիթ Բաթլեր կամ Սիմոնա դը Բովուար: Երբ տեսնում եք ինչ-որ հայր ափսեներն է լվանում կամ խաղում դստեր հետ կամ պապը սովորեցնում է իր թոռներին խաղալիքները կիսել ուրիշների հետ, այդ գործողությունների մեջ ավելի մեծ սոցիալական փոխակերպում կա, քան բոլոր կարմիր դրոշների մեջ, որ կարող եք բերել ցույցերին: Եւ եթե մենք չհասկանանք, որ այդպիսի բաները մեզ կարող են միավորել, մեզ վրա կշարունակեն ծիծաղել։
Այդպիսին է մեզ ուզում տեսնել թշնամին։ Նա ուզում է, որ մենք փոքր լինենք, խոսենք մի լեզվով, որ ոչ ոք չի հասկանում, փոքրամասնություն լինենք և թաքնվենք մեր ավանդական խորհրդանիշների հետևում։ Նա դրանից հաճույք է ստանում, որովհետև գիտի, որ քանի մենք այդպիսին ենք, վտանգ չենք ներկայացնում։ Մենք կարող ենք իրապես արմատական դիսկուրս ծավալել, ասել, որ ուզում ենք ընդհանուր՝ չկազմակերպված գործադուլ անել, խոսել զինված մարդկանց մասին, խորհրդանիշներ ճոճել, մեր ցույցերին պարզել մեծ հեղափոխականների նկարները․ նրանք դրանից հաճույք են ստանում։ Նրանք մեզ վրա ծիծաղում են։ Սակայն երբ հարյուրավոր, հազարավոր մարդկանց հավաքես, սկսես մեծամասնությանը համոզել, նույնիսկ նրանց, ովքեր քվեարկել են թշնամու օգտին, այդ ժամանակ քեզնից կվախենան։ Դա է կոչվում «քաղաքականություն»։ Դա է, որ պետք է սովորենք։
Այստեղ մեկը խոսում էր 1905-ի Սովետների մասին։ Կար այն ճաղատ մարդը՝ հանճարը (խոսքը Լենինի մասին է` Գ. Մ.)։ Նա հասկանում էր կոնկրետ իրավիճակի կոնկրետ վերլուծությունը։ 1917-ին, երբ Ռուսաստանում ռեժիմը քանդվել էր, նա մի շատ պարզ բան ասաց ռուսներին անկախ նրանից, թե ովքեր էին՝ զինվորներ, գյուղացիներ, թե աշխատավորներ։ Նա ասաց․ «Հաց և խաղաղություն»։ Եւ երբ նա ասաց․ «Հաց և խաղաղություն», որը բոլորի ուզածն էր՝ պատերազմի ավարտն ու բավարար ուտելիք ունենալը, շատ ռուսներ, որ գաղափար անգամ չունեին՝ իրենք «ձախ» են, թե «աջ», բայց գիտեին, որ սոված են, ասացին․ «Ճաղատ մարդը ճիշտ է»։ Եւ ճաղատ մարդը ճիշտ վարվեց։ Նա ռուսների հետ «դիալեկտիկական մատերիալիզմի» մասին չխոսեց, այլ խոսեց «հացի և խաղաղության» մասին։ Եւ դա 20-րդ դարի հիմնական դասերից է։
Անհեթեթություն է փորձել հասարակությունը վերափոխել՝ կրկնօրինակելով պատմությունն ու ինչ-որ խորհրդանիշներ։ Հնարավոր չէ կրկնել այլ երկրների փորձն ու անցած պատմական իրադարձությունները։ Բանալին գործընթացներն ու պատմության դասերը վերլուծելն է և հասկանալը, որ եթե ժամանակի տվյալ պահին «հաց ու խաղաղությունը», կապված չէ նրա հետ, ինչ ժողովուրդը մտածում է և զգում, ապա պարզապես անցյալի ողբերգական հաղթանակի կրկնություն է՝ որպես ֆարս։
* «Պոդեմոս» իսպաներենից թարգմանաբար նշանակում է «մենք կարող ենք» (Գ․Մ․)։
Հեղինակ՝ Պաբլո Իգլեսիաս, իսպանացի քաղաքական գործիչ, 2014 թվականից «Պոդեմոս» քաղաքական կուսակցության գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանում Իսպանիայի ներկայացուցիչ, նախկինում Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի քաղաքագիտության դասախոս։
Ելույթի արձանագրությունը՝ Էնրիկե Դիաս-Ալվարեսի
Թարգմանությունը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանի
Աղբյուրը՝ https://www.jacobinmag.com/
Նյութի բնագիրը (հրապարակված 09.12.2014)՝
https://www.jacobinmag.com/2014/12/pablo-iglesias-podemos-left-speech/
Դիտվել է 707 անգամ