Եթե դուք բանկին պարտք եք 100 դոլար, ապա դա ձեր խնդիրն է։
Եթե պարտք եք 100 միլիոն դոլար, դա արդեն դառնում է բանկի խնդիրը։
Պոլ Գետտի
Հարցը, որն ինձ մոտ առաջացավ և, ի վերջո, այս հոդվածը գրելու առիթ հանդիսացավ, հետևյալն է․ արդյոք կապիտա՞լն է որոշում վարվող պետական քաղաքականությունը, թե՞ կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ արդյունավետ քաղաքականություն է իրականացվում։
Ներկա ժամանակահատվածում շատ դժվար է տարանջատել տնտեսությունը քաղաքականությունից և որոշել, թե որն է մյուսի շարունակությունը։ Գլոբալիզացիան, որի մասին երկար տարիներ խոսվում էր, իմ կարծիքով, այլևս իրականություն դարձած փաստ է։ Աշխարհը կարծես մեկ միասնական օրգանիզմ լինի և գոյություն ունեցող պետական սահմանները ու վարվող, ենթադրաբար, ազգային քաղաքականությունները կարծես արդեն ֆորմալ բնույթ են կրում։ Այնուամենայնիվ կարելի է հետևել տիրապետող միտումներին և կատարել դրանից բխող եզրակացություններ։ Փորձենք առանց ավելորդ հույզերի, կոնսպիրոլոգիական տեսությունների և, որ ամենակարևորն է, առանց տնտեսագիտական բարդ տերմինների դիտարկել ստեղծված իրավիճակը։
Ներկա ժամանակահատվածը համարձակորեն կարելի է անվանել «պարտքի դարաշրջան»։ Այսօր հենց պարտքի ծավալը և դրա արդյունավետ կառավարումն է դառնում վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետության ցուցիչ, թե՛ միկրո, թե՛ մակրո մակարդակներում։
Ի սկզբանե պետք է հստակեցնել, որ մեր ունեցած ավանդական պատկերացումները փողի մասին, մի փոքր հնացել են։ Այժմ փող կարող են թողարկել ոչ միայն կենտրոնական բանկերը ուղղակի, այլ անուղղակիորեն նաև ցանկացած առևտրային բանկ։ Դրա մեխանիզմը հետևյալն է։ Երբ որևէ մեկը ԿԲ թողարկած կանխիկ դրամով ավանդ է ներդնում որևէ բանկում, բանկը տվյալ երկրի ԿԲ-ի կողմից սահմանված պարտադիր պահուստավորման ծավալի չափով գումար է թողնում բանկում, իսկ մնացած խոշորագույն մասով վարկավորում է այլ սուբյեկտների։ Որպես վարկ տրամադրվող գումարը, ի վերջո, հայտնվում է այլ բանկում՝ որպես ավանդ, որից իր հերթին պահվում է պարտադիր պահուստավորման չափով, իսկ մնացածը գնում է «վարկավորում-ավանդ» նույն շղթայով։ Այսպես այժմյան բանկային համակարգը կենտրոնական բանկերի թողարկած փողի ծավալը բազմապատկում է մի քանի անգամ։ Առևտրային բանկերը, ըստ էության, տալիս են ավելի շատ վարկեր, քան ունեն ավանդներ։ Այդ պատճառով նրանց միշտ պետք է ունենալ վերաֆինանսավորման աղբյուրներ, որպեսզի կարողանան բավարարել ավանդատուների փողի ժամանակավոր կարիքները։ Երբ երկրում տնտեսական վիճակը կայուն է, փողի կարճաժամկետ կարիքը բավարարվում է ներքին ռեսուրսներով, այդ թվում ԿԲ-ների տրամադրած վերահաշվարկային փոքր տոկոսադրույքով վարկերով։ Երբ իրավիճակն անկայուն է և դժվար է ազատ դրամական միջոցներ հայթայթել, բանկերը պետք է վերաֆինանսավորման աղբյուրներ որոնեն միջազգային ֆինանսական շուկաներում։
Սա է պատճառը, որ, օրինակ՝ Ռուսաստանի հանդեպ կիրառվող առաջին պատժամիջոցները հենց նախագահ Պուտինի մերձավոր շրջապատին պատկանող բանկերի նկատմամբ կիրառվեցին։ Նրանց առջև փակվեցին միջազգային ֆինանսական շուկայի դռները՝ զրկելով վերաֆինանսավորման հնարավորությունից։ Եթե հիշում եք, սկզբնական շրջանում ներկայիս ֆինանսական համակարգի էությունը ամբողջությամբ չպատկերացնող ռուսաստանյան հանրությունը բավականին սարկազմով էր վերաբերվում պատժամիջոցներին և այժմ էլ, երբ ճգնաժամը թակել է բոլորի դուռը, դժվար է վստահ լինել, որ ամբողջությամբ ընկալում են դրանց ողջ ծանրությունը։ Եկեք փորձենք պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում ֆինանսական շուկաները և տարբեր երկրների օրինակով տեսնել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ վարվող քաղաքականության վրա։
ԱՄՆ․ ֆինանսական հսկա
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական զարգացած երկրների տնտեսական անմխիթար վիճակի արդյունքում, ԱՄՆ-ն արտադրում էր աշխարհի համախառն ներքին արդյունքի կեսից ավելին։ Մնացած բոլոր առաջատար երկրները պատերազմի առաջացրած ավերակներն էին վերականգնում, այդ թվում ԱՄՆ տրամադրած միջոցներով ու տեխնոլոգիաներով։ 50-ականներին երկրի տնտեսության մեջ ներդրված ամեն դոլար տարեկան ՀՆԱ-ի մեջ ապահովում էր 2,4 դոլար առավելագույն աճ։ Գործում էր պրոգրեսիվ հարկային համակարգ, երբ ամենահարուստները վճարում էին մինչև 91% եկամտահարկ։ Բնակչությունը մեծ եկամուտներ էր ստանում, ավելացնում խնայողությունները, դրանք վստահում բանկային համակարգին, որտեղից էլ իրականացվում էր տնտեսության ֆինանսավորումը։ Զարգանում էին տրանսպորտի, կրթության, առողջապահության, էներգետիկայի ոլորտները։
Իրավիճակը փոխվեց արդեն 60-70-ականներին, երբ համաշխարհային ՀՆԱ-ի մեջ ԱՄՆ մասնաբաժինը կազմեց 25%1 և չնչին տատանումներով մինչ այժմ պահպանվում է այդ մակարդակի վրա։ 70-ականների վերջում արդեն նախագահ Ջիմի Քարտերը բնակչությանն ուղղված իր ուղերձում զգուշացնում էր, որ շքեղ ապրելակերպի ժամանակներն արդեն անցել են, եկել է չարդարացված ծախսերից զերծ մնալու ժամանակը։ Սակայն ֆինանսական շուկայում կենտրոնացված խոշոր կապիտալի աջակցությամբ 1981 թ․ ԱՄՆ նախագահ ընտրված Ռոնալդ Ռեյգանը գնաց լրիվ այլ ուղով։
Սոցիալիստական գաղափարախոսությունից սպառնացող վտանգը, կապված սոցիալիստական ճամբարի անվիճելի առաջնորդ հանդիսացող ԽՍՀՄ-ի տնտեսության անկումային միտումների, լճացման, համատարած կոռուպցիայի հետ, արդեն անցյալում էր։ Դա հնարավորություն էր տալիս աշխատավորական խավի խնդիրներին ավելի քիչ ականջալուր լինել։ Նվազեցվեց արհմիությունների դերը։ Ցածր և միջին խավի եկամտի անփոփոխ մնալու պայմաններում հարուստների եկամտահարկը կրճատվեց համարյա կրկնակի՝ բարձրագույն 91%-ից 1964թ-ին հասնելով 70%-ի, 1981-ից՝ 50%-ի և 1987-ից արդեն 38,5%-ի2։ Դա հարուստներին հնարավորություն ընձեռնեց ստեղծել ներդրումային ֆոնդեր և զբաղվել տարբեր, այդ թվում՝ չարդարացված ռիսկայնությամբ ծրագրերի ֆինանսավորմամբ։ Ժամանակի ընթացքում օրենսդրորեն հնարավորություն տրվեց միավորել ներդրումային ֆոնդերն ու առևտրային բանկերը։ Այսինքն՝ միավորման արդյունքում ստեղծված ֆինանսական հսկաներն արդեն ռիսկային ներդրումներ էին կատարում՝ վտանգելով ոչ միայն իրենց սեփական միջոցները, այլև բնակչության խնայողությունները։
Ազատ դրամական միջոցներն այնքան շատ էին, որ առատ կյանքին սովոր բնակչությանը հնարավորություն ընձեռնվեց սպառողական վարկերի միջոցով՝ ապագայի եկամուտների հաշվին, շարունակել շքեղ կյանքն այսօր։ Լայն թափ հավաքեց անշարժ գույքի, ապրանքների, սպառողական վարկավորումը։ Սա աննախադեպ զարգացրեց ֆինանսական շուկան։ Ներկայումս այն իրենից ներկայացնում է բարդ մեխանիզմներ ու գործիքակազմ ունեցող մի համակարգ։ Չխորանալով տնտեսագիտական, հաճախ անհասկանալի տերմինների մեջ, արձանագրենք, որ այնտեղ նաև վաճառվում են ապագայում ստացվելիք տոկոսային եկամուտներ, ապագայում որոշակի գնով որոշակի ապրանքներ գնելու իրավունքներ, ֆինանսական պարտավորությունների նկատմամբ իրավունքներ և այլն։ Այսինքն, ֆինանսական շուկա ներդրում կատարող սուբյեկտն ինքը որևէ հավելյալ ապրանքային արդյունք չի ստեղծում և արդյունքը ձևավորվում է զուտ գումար ներդնելով՝ փող-փող անբնական փոխանակությամբ։ Սա պարարտ հող է ապահովում ամենաանհավանական սպեկուլյացիաների համար, ինչի մասնավոր օրինակը կքննարկենք հետագայում։
Բանն այն է, որ այստեղ խոսքը գնում է կարճաժամկետ եկամուտներ ապահովելու մասին և հաշվի առնված չեն երկարաժամկետ հավելյալ արդյունքները, ստորջրյա քարերը․
1․ Գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ձեռքի աշխատանք է պահանջվում միավոր ապրանքի արտադրության համար։ Եթե որևէ ձեռնարկությունում որոշակի քանակության արտադրանք թողարկելու համար զբաղված էին, օրինակ՝ 400 մարդ, ապա տեխնոլոգիական առաջընթացը ապահովում է ավելի մեծ քանակության արտադրանքի թողարկում՝ ներգրավելով ընդամենը 50 վարձու աշխատող։ Մինչդեռ երկրի բնակչությունն անընդհատ աճում է ոչ միայն բնական աճի միջոցով, այլև ներգաղթի արդյունքում։ Իսկ գործազուրկները, կարելի է ենթադրել, որ ունակ չեն լինի կատարել ստանձնած վարկային պարտավորությունները, ինչի հետևանքով միանգամից կարող են զրկվել տարիների ընթացքում կուտակած բոլոր խնայողություններից։ Դա իր հերթին բերում է գնողունակության անկման, սպառման ծավալների կրճատման, բանկերի ակտիվների իրացվելիության անկման, անշարժ գույքի գնի նվազման, բանկերում հսկայական կորուստների, ի վերջո՝ տնտեսության անկման։
2․ Եթե տնտեսության ռեալ հատվածում հավելյալ արդյունքը ստացվում է ապրանքների արտադրությունից, որոնց գնի մեջ ներառվում է վարկի տոկոսը, ապա ֆինանսական շուկայում ապրանքը փողն է և հենց ինքն էլ ստեղծում է հավելյալ արդյունք՝ «օդից»։ Ֆինանսական շուկայի ծավալների մեծացումը արդարացված է այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսության ռեալ հատվածը հետ չի ընկնում ֆինանսական շուկայի զարգացման տեմպերից, ապահովվում է փողի արագ շրջանառություն։ Հակառակ դեպքում տնտեսությունը դառնում է պարազիտային, նվազում է փողի շրջանառության արագությունը, հետևաբար նաև՝ արդյունավետությունը։ Վերջ ի վերջո սպառումը չի կարող անսահմանափակ աճել և արտադրության սպառման ծավալները ժամանակի կոնկրետ հատվածում սահմանափակ են։ Արդեն 2013 թ․ տվյալներով ԱՄՆ ՀՆԱ կառուցվածքում նյութական արտադրությունը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը միասին կազմում էին ընդամենը 20,6%, ֆինանսական շուկան ու ծառայությունները (կրթություն, գիտություն, առողջապահություն և այլն)՝ 79,4%3, իսկ միայն բանկային, ապահովագրական և հիպոթեքային շուկան` շուրջ 20%4:
3․ Որպեսզի պարզենք ֆինանսական շուկայում օրինական ճանապարհով իրականացվող մեքենայությունների ծավալները, դիտարկենք 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի առաջացման պատճառները։
Սկսենք նրանից, որ բնակչությանը հիփոթեքային վարկեր տրամադրող ընկերություններին չէին հետաքրքրում՝ վճարունա՞կ է վարկառուն, թե՞ ոչ։ Վարկավորելով բնակչությանը, ֆինանսական կազմակերպությունները, առևտրային բանկերը հետագայում այդ պարտավորությունների նկատմամբ իրավունքը, ստացվող տոկոսների մի մասի հետ միասին ֆինանսական շուկայում վաճառում էին ներդրումային բանկերին։ Ներդրումային բանկերը վարկանիշային աղյուսակներ կազմող հեղինակավոր կազմակերպությունների հետ համաձայնության գալով, այդ պարտավորությունների համար սահմանում էին ապահովության ամենաբարձր՝ ААА մակարդակ։ Վստահության ААА մակարդակը գրավիչ է ներդրումների համար և այդ պարտավորություններում ներդրումներ էին կատարել զանազան ինստիտուցիոնալ ներդրումային ֆոնդեր ողջ աշխարհից, այդ թվում՝ կենսաթոշակային հիմնադրամներ (սա կարևոր է ՀՀ այն քաղաքացիների համար, որոնց վրա տարածվում է պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքը․ ի վերջո նրանց գումարները հանգրվանելու են ներդրումային ֆոնդերում և ուղղվեն նման տարատեսակ ռիսկային գործարքների ֆինանսավորմանը)։ Սակայն ներդրողներին չէր բավարարել վարկանիշային առավելագույն ցուցանիշը և նրանք ապահովագրել էին իրենց հետագա հնարավոր կորուստները։ Երբ անհուսալի պարտքերը հասան կրիտիկական կետին և սկսեցին չվերադարձվել, ներդրումային և ապահովագրական ընկերությունները հայտարարեցին իրենց պարտավորությունների կատարման անհնարինության մասին։ Դրա հետևանքով սնանկացան բանկեր և կլանվեցին ավելի խոշորների կողմից։ Այդ բանկերի վարկառուներից հետ պահանջվեց գումարը, ինչը սնանկության հասցրեց հազարավոր ձեռնարկությունների, փողոց շպրտվեցին միլիոնավոր վարձու աշխատողներ (ավելի քան 10 մլն՝ ԱՄՆ-ում5 և շուրջ 50 մլն՝ ամբողջ աշխարհում6), որոնք իրենց հերթին չկարողացան վճարել մինչ այդ ստանձնած պարտավորությունները։ Սննկացան նաև այդ պարտավորությունների մեջ ներդրումներ կատարած կենսաթոշակային հիմնադրամները՝ առանց խնայողությունների թողնելով միլիոնավոր թոշակառուների։ Բանկերը սկսեցին չվստահել միմյանց։ Նվազեցին համաշխարհային առևտրի ծավալները, բնակչության գնողունակությունը։ Ֆինանսական շուկայի գլոբալացումը բերել է նրան, որ այս ճգնաժամի հետևանքները չէին կարող պարփակվել ԱՄՆ սահմաններում։ Հետևանքներ զգաց ամբողջ աշխարհը։ Որոշ տվյալներով համաշխարհային տնտեսությանը այն արժեցավ 20 տրլն դոլար և երկարատև հետընթաց։
Մատնանշված օրինակում առաջացած ճգնաժամը որոշակիորեն սուբյեկտիվ գործոններով էր պայմանավորված, սակայն այս համակարգի պայմաններում կան նաև դրա առաջացման օբյեկտիվ պատճառներ։ Ընդ որում, վերջին հարյուր տարվա փորձը ցույց է տալիս, որ ճգնաժամի հիմնական բեռը ընկնում է բանկերի հաճախորդների՝ բնակչության վրա՝ մի կողմից խնայողությունները կորցնելու տեսքով և մյուս կողմից՝ որպես հարկատու, քանի որ ի վերջո ֆինանսական կորպորացիաների կրած կորուստները վճարվում են բյուջեի միջոցներից։ Հակառակ դեպքում նրանց սնանկացումը կարող է բերել ողջ դոլարային համակարգի փլուզման։
4․ Ներկայիս տնտեսությունը պահանջում է անընդհատ տնտեսական աճ։ Այն գործում է հեծանիվի սկզբունքով՝ եթե մի պահ կանգ առնի՝ կընկնի։ Տնտեսական աճի անվերջ ձգտումը, օբյեկտիվորեն, մի պահի այս համակարգը կանգնեցնելու է անլուծելի ճգնաժամի առջև։ Տնտեսական աճ հնարավոր է ապահովել արտադրանքի և սպառման ծավալների անընդհատ ավելացման պայմաններում, սակայն բնական է, որ ինչ-որ պահից սկսած այդ ծավալները սկսելու են ավելի դանդաղ աճել, իսկ հետագայում՝ կանգնել, ի վերջո՝ նվազել։ ԱՄՆ-ի դեպքում խոսքը ոչ միայն կապիտալիստական տնտեսությանը հատուկ վերելք-անկում անընդհատ ցիկլի մասին է, այլ դոլարի՝ որպես միջազգային պահուստային միջոցի վերացման մասին։ Ժամանակն է անդրադառնալ նրան, թե ինչ է իրենից ներկայացնում ԱՄՆ ազգային արժույթը՝ դոլարը։
Դոլարի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
Միջազգային տնտեսական հարաբերությունները ավելի լավ հասկանալու համար ավելորդ չէր լինի հիշել, թե ինչ է իրենից ներկայացնում դոլարը։ Ընդհանրապես, թղթադրամները սկզբում իրենցից ներկայացրել են բանկում առկա ոսկու հավաստագրեր։ Հավաստագիրը բանկ ներկայացնողը կարող էր ստանալ համապատասխան քանակությամբ ոսկի։ Այս համակարգը կոչվում է «ոսկու ստանդարտ»: Սակայն ոսկու արդյունահանման տեմպերը ավելի դանդաղ էին աճում, քան միջազգային առևտրի աճի տեմպերը, և 1944 թ․ ԱՄՆ Բրետոն-Վուդս քաղաքում կայացած գագաթնաժողովի արդյունքում որոշվեց ոսկուն զուգահեռ, միջազգային հաշվարկների մեջ կիրառել դոլարը, որպես ոսկու համարժեք՝ հաշվի առնելով նրա ֆիքսված կուրսը (35 դոլար 1 ունցիայի համար) ոսկու նկատմամբ։ Դա նշանակում էր, որ ցանկացած դոլար ունեցող կարող էր հայտնվել ԱՄՆ գանձապետարանում և այն փոխանակել ոսկով։ Արդյունքում 1949-1970 թթ․ ԱՄՆ ոսկու պաշարները 22.000-ից նվազեցին 10.000 տոննայի7՝ առաջացնելով դոլարի արժեզրկում։
Վերջին հարվածը հասցրեց Ֆրանսիան՝ պահանջելով ոսկով փոխանակել 1,5 մլրդ դոլար։ Երբ Ֆրանսիայի նախագահ Դը Գոլի վրա սկսեցին ճնշումներ բանեցնել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ում նրա մասնակցությունը, Ֆրանսիան մասնակիորեն դուրս եկավ ՆԱՏՕ-ից և ավելին՝ փոխանակման ներկայացրեց ևս 750 մլն դոլար։ ԱՄՆ-ը ստիպված էր կատարել Ֆրանսիայի պահանջը, ինչը էլ ավելի խթանեց մյուս երկրների «փախուստը» դոլարից։
Իրավիճակը հանգեց նրան, որ ԱՄՆ-ն ընդհանրապես հրաժարվեց փոխանակել դոլարները ոսկով և 1971-ից ներդրվեց դրամավարկային այլ համակարգ՝ հիմնված ազատ փոխարկելի արժույթների վրա։ Մինչև եվրոյի ստեղծումը, այդպիսիք 35-ն էին, այժմ՝ 19: Բոլոր այդ արժույթներից առաջատար դիրքը պատկանում է ԱՄՆ դոլարին և միջազգային հաշվարկների ճնշող մեծամասնությունը իրականացվում է դոլարով։ Սակայն եթե նախկինում այն ապահովված էր ոսկով, ապա ինչո՞վ և որքանո՞վ է ապահովված այժմ։
Ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ։ Դիտարկենք այն Ռուսաստանի օրինակով։ Ռուսական ռուբլու կուրսը ուղիղ կապ ունի երկրի միջազգային պահուստների հետ, որոնք հիմնականում դոլարով են։ Այսինքն՝ ռուբլին ապահովված է դոլարով։ Ամեն օր Ռուսաստանի ԿԲ-ն հայտարարում է, որ եթե այսօր առկա ողջ ռուբլին փոխանակվի դոլարով, ապա կունենա հետևյալ X կուրսը։ Կարելի է ենթադրել, որ դոլարային միջազգային պահուստների ավելացումը բերելու է ռուբլու արժևորման, իսկ նվազումը՝ արժեզրկման։ Սակայն այդ փոխանակությունը որևէ բանով երաշխավորված չէ և չի էլ կարող լինել։ Հատկանշական է, որ եթե Ռուսաստանը կամ այլ երկիր գոնե հայտարարում է, որ գոյություն ունի ռուբլու որոշակի, ավելի իրացվելի համարժեքով փոխանակման հնարավորություն, ապա ինչո՞վ է երաշխավորված այդ համարժեքը՝ դոլարը։
ԱՄՆ-ն ինքն ունի 18 տրլն դոլարի հասնող պարտք, իսկ եթե հաշվենք ֆինանսական անուղղակի գործիքներով առաջացած պարտքը, ապա ըստ ամերիկացի ֆինանսիստ Ջեյմս Ռիկարդսի «Փողի վախճանը» գրքում բերված տվյալների, այն հասնում է ավելի քան 700 տրլն դոլարի։ Դա այն դեպքում, երբ համաշխարհային տարեկան ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 72 տրլն դոլար։ Այսինքն, որպեսզի միայն ԱՄՆ-ը վճարի իր պարտավորությունները, համաշխարհային տնտեսությունը իր ողջ ծավալով պետք է 10 տարի աշխատի՝ ստացված միջոցները միմիայն պարտքի սպասարկմանը տրամադրելով։
Եթե հաշվենք ոսկու պաշարները, ապա դա կծածկի պարտավորությունների մոտ 1%-ը, եթե դրան ավելացնենք բոլոր ակտիվները՝ հողեր, գործարաններ, տներ և այլն, ապա ապահովվածությունը կհասնի տարբեր տվյալներով մոտ 10%-ի։ Այդուհանդերձ, ԱՄՆ գանձապետարանն ու Ֆեդերալ Ռեզերվային Համակարգն էլ երբևէ չեն ասել, որ երաշխավորում են դոլարների փոխանակումը որևէ այլ իրացվելի ակտիվով։ Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ տարբեր երկրների դոլարային միջազգային պահուստները ոչնչով ապահովված չեն։ Ընդ որում, օրինակ՝ Չինաստանի և Ռուսաստանի պահուստները գտնվում են ԱՄՆ-ում և իրենցից ներկայացնում են պարտատոմսեր։ Դա մի իրավիճակ է, որի միակ շահառուն ԱՄՆ-ն է։ Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ երկրները չեն հրաժարվում դոլարի դիկտատից։
XX-XXI դարերի սահմանագծին ասիական որոշ երկրներ փորձում էին փոխադարձ հաշվարկները իրականացնել փոխարկելի այլ արտարժույթներով, ինչի համար պատժվեցին։ «Պատժի» մեխանիզմը հետևյալն է․ ցանկացած, առավել ևս, ներմուծող, երկիր ունի ներդրումների կարիք, առավելապես արտահանմանը միտված արտադրական հզորություններ առաջացնող ներդրումների։ Ներդրումները ապահովում են դոլարային մուտքեր, արտահանումը՝ նվազեցնում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Եվ ահա, այս երկրներում իրականացվում են խոշորածավալ ներդրումներ, առաջանում են ցածր տոկոսադրույքներով, էժան կարճ և միջին փողեր։ Երկիրը սկսում է շունչ քաշել, ավելացնում է սոցիալական ծախսերը, արդյունաբերության զարգացումը ստիպում է ավելի շատ էներգակիրներ ներկրել և այլն։ X պահին ներդրողները, որոշակի կենտրոններից ազդակներ ստանալով, հավաքում են իրենց ճամպրուկները և հեռանում երկրից։ Այս երկրներում ծախսերը ապահովելու համար դոլար է անհրաժեշտ, իսկ ներդրումներն արդեն պակասել են և միջազգային պահուստները, նախկին որոշման համաձայն, արդեն դոլարով չեն։ Ազգային արժույթը արժեզրկվում է, գնաճը հասնում է վտանգավոր մակարդակի և դա տևում է այնքան ժամանակ, մինչև երկիրը ապահովում է դոլարային համապատասխան պահուստներ և հայտնում դոլարային համակարգին իր հավատարմությունը։ Այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս եկավ Մալայզիան, որն ուղղակի որոշ ժամանակով արգելափակեց կապիտալի տեղաշարժը։
Նույնը տեղի ունեցավ Ռուսաստանի դեպքում, երբ հարկ եղավ պատժել պուտինյան կառավարությանը Ուկրաինայի նկատմամբ իրականացվող քաղաքականության համար։ Ռուսաստանը մեծ կախում ունի դոլարային մուտքերից։ Դրանք երկրում ապահովվում են էներգակիրների վաճառքից և ներդրումներից, այնուհետև ուղղվում սպառման ապրանքների, սարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների գնմանը։
Պատժամիջոցները պայմաններ ստեղծեցին, որոնց դեպքում ներդրումները ոչ միայն չավելացան, այլ կապիտալը սկսեց արտահոսել երկրից։ Ի տարբերություն Մալայզիայի մասին բերված օրինակի, Ռուսաստանը չկարողացավ սահմանափակել կապիտալի տեղաշարժը։ Կարգավորման դժվարությունն այն էր, որ տարբեր գնահատականներով ակտիվի 80-ից 90 տոկոսը գտնվում է նրանց տիրապետությունից դուրս՝ օֆշորային գոտիներում։ Համատարած՝ մինչև վարչակարգի վերին օղակները ձգվող կաշառակերությունը թույլ է տալիս առանց որևէ պատժի արտահանել կապիտալը։ Հաճախ նման արտահոսք իրականացնողները հենց վարչական լծակների տիրապետողներն են, քանի որ երկար տարիներ Ռուսաստանում արդյունավետ բիզնեսով կարող էին զբաղվել կա՛մ իրենք կա՛մ նրանց հովանավորյալները։ Կապիտալի արտահանման ռուսաստանյան մեխանիզմը հետևյալն է․ որևէ մեկը գնում է մի ակտիվ, օրինակ՝ գործարան։ Գործարանը անմիջապես գրավադրվում է և գումարը դուրս է հանվում օֆշորային գոտի։ Եթե գործարանը այնքան հզոր եղավ, որ կարողացավ մարել վարկը՝ շատ լավ, իսկ եթե ոչ, ապա հայտարարվում է նրա սնանկության մասին և/կամ վաճառվում է մնացորդային արժեքով, քանի որ իրական գինը արդեն վճարված է բանկի կողմից։ Կարողանալու դեպքում նույնիսկ, գործարանի գործունեությունից ստացված շահույթը հանգրվանում է օֆշորային գոտիներում։ Այս իրավիճակի համար դժվար է մեղադրել ներդրողներին կամ սեփականատերերին։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանում երբեք երաշխավորված չի եղել սեփականության իրավունքի իրացումը և գործարարը երբեք չի կարող վստահ լինել, որ հաջորդ օրը իր ունեցվածքը չեն առգրավի։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի շուկան գրավիչ է եղել առավելապես կարճաժամկետ ռիսկային գործարքներ իրականացնող կապիտալի համար։
Ի դեպ, շեղվելով հիմնական թեմայից, արձանագրենք, որ Ռուսաստանի դեմ կիրառվող գործիքներից մեկն էլ էներգակիրների գների անկումն էր, ինչը ստեղծեց և հեռանկարում շարունակելու է ստեղծել դոլարային դեֆիցիտ։ Բանն այն է, որ ներկրման փոխարինման գործակիցը8 տարբեր մասնագետների գնահատականներով կազմում է մոտ 30%, այսինքն՝ չնայած նրան, որ Ռուսաստանի արտաքին առևտրային հաշվեկշիռը դրական է (2013թ․-ի տվյալներով՝ 212,3 մլրդ դոլար9), սակայն դա էներգակիրների արտահանման արդյունք է, իսկ մնացած ապրանքների մոտ 2/3-ը ներկրվում է։ Դոլարային դեֆիցիտը բերելու է նրան, որ Ռուսաստանը ներմուծման համար օգտագործելու է պահուստային միջոցները, ինչն իր հերթին արժեզրկելու է ռուբլին (հիշեք ռուբլու կապը միջազգային պահուստների հետ)։ Սակայն այս ոլորտում պատժամիջոցները դեռ սպառված չեն։ Բանն այն է, որ ռուսական նավթահորերի 80%-ը սպասարկում են «Շլյումբերժե»10 և «Հալիբյորտըն»11 ամերիկյան երկու խոշոր ընկերությունները։ Եթե այս ընկերություններին արգելվի Ռուսաստանի հետ գործ ունենալ, ապա ռուսական նավթարդյունաբերությունը ընդհանրապես կհայտնվի մեծ խնդիրների առջև և, եթե նույնիսկ նավթի գները հասնեն ռեկորդային բարձր ցուցանիշների, ապա Ռուսաստանը ուղղակի չի կարողանա անհրաժեշտ քանակությամբ նավթ արդյունահանել, որպեսզի ապահովի ներմուծման համար անհրաժեշտ դոլարի քանակությունը։ Այս սցենարի իրագործման դեպքում ռուբլին և ռուսական տնտեսությունն ընդհանրապես կշարունակեն իրենց անկումը նույնիսկ նավթի բարձր գների դեպքում այնքան, մինչև Ռուսաստանը հայտարարի իր պարտավորությունները կատարելու անհնարինության մասին (դեֆոլտ)։
Ռուսաստան-Արևմուտք, մասնավորապես՝ ԱՄՆ, հակադրությունը այս անգամ դրսևորվեց տնտեսական պատերազմի միջոցով, որում Ռուսաստանը ջախջախիչ պարտություն կրեց։ Իսկ պատերազմում ցանկացած պարտություն զուգորդվում է ռեպարացիաների և կոնտրիբուցիաների (ռազմատուգանք) վճարմամբ։ Վերլուծելով տարածաշրջանում վերջին մեկ տարվա իրադարձությունները, կարելի է հանգել այն եզրակացության, որ որպես ռազմատուգանք Ռուսաստանից պահանջվել է զիջել ռազմավարական նշանակություն ունեցող երկրների նկատմամբ ազդեցությունը։ Այսինքն՝ ռուսական ազդեցության գոտին տեղափոխվել է դեպի արևելք։ Այս համատեքստում հիմք է ստեղծվում կարծելու, որ Ադրբեջանի հետ մերձեցման Ռուսաստանի ջանքերը, ռազմական համագործակցության նորանոր առաջարկները ու Հայաստանում գյումրեցի ընտանիքի սպանությամբ սկիզբ առած պրոցեսները մտնում են նույն տրամաբանության մեջ։ Այսինքն, Ռուսաստանը գոնե առերևույթ զիջում է Ուկրաինայում և Հայաստանում իր դիրքերը՝ փորձելով չզիջել Ղրիմը և իր ազդեցության գոտի մտցնել Ադրբեջանը։ Թե ինչքան է հիմնավոր այս թեզը, ցույց կտա ժամանակը, սակայն անհնար է չարձանագրել մի քանի փաստ․ ա) Գյումրու դեպքը ակնհայտ սադրանք էր, բ) այն անհնար կլիներ կազմակերպել առանց ռուսների մասնակցության և գ) դժվար է գերագնահատել Հայաստանում հակառուսական տրամադրությունների բարձրացման հարցում ռուս պաշտոնյաների և ռուսական մեդիայի դերը։
Վերադառնալով հոդվածի հիմնական թեմային, պետք է նշել, որ ի տարբերություն Ռուսաստանի, որը վերջին մի քանի տասնամյակներում մսխել է Խորհրդային Միությունից մնացած իր տնտեսական, գիտական ներուժը, Չինաստանն, ընդհակառակը, օգտվելով գլոբալիզացիայի ընձեռած հնարավորություններից, մեծ առաջընթաց է ապահովել։ Եթե ԱՄՆ-ն առաջատար է դարձել միջազգային ֆինանսական շուկայում, ապա Չինաստանը՝ ապրանքայինում։ Երկրի դրամավարկային քաղաքականությունը նվազ կախում ունի արտաքին գործոններից։ Օտարեկրյա բանկերը միայն երկրի Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելուց հետո ազատվեցին գործունեության որոշ սահմանափակումներից։ Բնակչության խնայողությունները տարեկան ՀՆԱ-ի մեջ բավականին բարձր տոկոս են կազմում12, ինչը մի կողմից հնարավորություն է տալիս ներքին ռեսուրսներով ֆինանսավորել տնտեսությունը, սակայն մյուս կողմից մեծ խնայողությունները կրճատում են երկրի ներսում սպառումը։ Չինաստանը արտահանման ծավալներով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, սակայն չծախսված միջոցները նույնպես վերածում է ամերիկյան պարտատոմսերի և դոլարային համակարգի ճգնաժամի պայմաններում դրանք վտանգի տակ են հայտնվելու։
Հավանաբար այդ կորուստները նվազագույնի հասցնելու միտումով է, որ Չինաստանը գաղտնի ոսկու պաշարներ է կուտակում։ Երկիրը վերջին տարիներին հայտարարում է միջազգային պահուստներում մոտ 1.000 տոննա ոսկի ունենալու մասին13, սակայն տարեկան արդյունահանում է 400 տոննա ու ներմուծում ևս 700-ը, ինչի արդյունքում, մասնագետների հաշվարկներով կուտակել է 8-10.000 տոննա ոսկի։
Չինաստանի պրոֆիցիտային բյուջեն հնարավորություն է տվել մեծ տեմպերով զարգացնել գիտելիքահենք տնտեսությունը, ապրանքային և ռազմական արդյունաբերությունը, պարենի, սննդամթերքի արտադրությունը, վերազինել բանակը։ Այս ամենի հետ միասին Չինաստանը ինքնաբավ երկիր չէ և մեծ կախում ունի ներմուծվող ապրանքներից, մասնավորապես՝ էներգակիրներից։ Նավթի ներմուծման ծավալներով երկիրը աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ Կախում կա նաև հացահատիկի, բրնձի և նորագույն տեխնոլոգիաների ներմուծումից։
Աշխարհի տնտեսության գլոբալիզացիան երկարաժամկետ հեռանկարում որևէ շանս չի թողնում Չինաստանին ևս։ Այո, այժմ նորանոր շուկաներ գրավելու հաշվին երկիրը ապահովում է տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշներ, սակայն շուկաներն ու բնակչության սպառման հնարավորություններն էլ անսահմանափակ չեն։ Շուկաների գերհագեցվածությունն ու ամեն հաջորդ միջազգային ճգնաժամից հետո բնակչության գնողունակության անկումը շղթայական ռեակցիայով հարվածելու է հենց Չինաստանին։ Եվ սա միայն հնարավոր երկնիշ ռեցեսիայի օբյեկտիվ պատճառները կարող են հանդիսանալ, եթե նույնիսկ բացառենք մրցակից երկրների կողմից արտաքին ներազդեցության սուբյեկտիվ գործոնները։ Այստեղ նույնպես գործում է հեծանիվի սկզբունքը՝ եթե չես կարողանում հետագա աճ ապահովել՝ գլորվում ես ցած և ինչքան մեծ բարձրունքների ես հասած լինում, այնքան անկումը ավելի ցավոտ է լինում։ Գերարտադրությունը, որ սպառնում է չինական տնտեսությանը, չի կարող սահմանափակվել միայն լճացմամբ։ Եթե տնտեսությունը չկարողանա աճ ապահովել, ապա, թեկուզ փոքր, մի օղակի փլուզումը շղթայական ռեակցիայով կարող է անլուծելի խնդիրներ ստեղծել ողջ տնտեսության համար։
Հեռանկարներ
1․ Տնտեսությունը հնագույն ժամանակներից սկսած առաջացել և զարգացել է այնտեղ, որտեղ գոյություն են ունեցել այն պաշտպանելու ունակ ուժեր։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն չի վճարելու ըստ պարտավորությունների, սակայն քանի դեռ նա վարում է իր շահերը պաշտպանելու արդյունավետ քաղաքականություն և բանակը ունակ է երկրագնդի ցանկացած հատվածում լուծել ամենաբարդ խնդիրները, կարող է շարունակել ոչնչով չապահովված դոլարի անսահմանափակ տպագրությունը։ Եվ պատահական չէ, որ ռազմական ծախսերը երկրի ֆեդերալ բյուջեում գրավում են առաջին հորիզոնականը և իր ծավալով հավասար են այդ ցուցանիշով աշխարհում 2-10 տեղերը զբաղեցնող երկրների ռազմական ծախսերին14:
Իսկ ի՞նչ կլինի երբ ստեղծվի ուժի կենտրոն, որն իր առջև նպատակ կդնի թուլացնել ԱՄՆ հեգեմոն դիրքը աշխարհում։ Ատոմային զենք ունեցող երկրներին սպառնալ պատերազմով այնքան էլ խելամիտ որոշում չէ։ Ըստ էության, վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ մրցակիցները հենց տնտեսությանը վնասելու՝ դոլարից հրաժարվելու սպառնալիքն էլ հնչեցնում են նրա հասցեին։ Իրականությունը կայանում է նրանում, որ նման սպառնալիքներ հնչեցնողները դա իրականացնում են նաև հենց իրենց նկատմամբ՝ «ես կմեռնեմ այսօր, որպեսզի դու մեռնես վաղը» սկզբունքով։
Եթե որևէ ուժային կենտրոն ԱՄՆ-ից պահանջի վճարել ըստ պարտավորությունների, ապա ԱՄՆ-ն․
— պետք է վճարի, ինչն անհնար է, քանի որ այդքան գումարներ ուղղակի չունի,
— պետք է պատերազմ հայտարարի պահանջողին, ինչը կզրոյացնի նրանց միջև բոլոր պարտավորությունները և նույնպես անհնար է, քանի որ ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարելը անմտություն է,
— երրորդ ու ամենահավանական տարբերակը իրեն սնանկ ճանաչելն է։
Սա, ի դեպ, շատ հեշտ է կազմակերպել, օրինակ՝ արժեզրկելով դոլարը։ Ուժային այս կենտրոնների տնտեսությունների թեկուզ մակերեսային նկարագրությունը հնարավորություն է տալիս կանխատեսել, թե ինչ կլինի, երբ ԱՄՆ հայտարարի իր պարտավորությունները կատարելու անհնարինության մասին և հնարավորինս արժեզրկի դոլարը։ Երկրները կհայտնաբերեն, որ իրենք այլևս պահուստներ չունեն, կարժեզրկվեն բոլոր ազգային արժույթները, կսկսվի հիպեր-ինֆլյացիա, կտրուկ կնվազի միջազգային առևտուրը, ֆինանսական կազմակերպությունները կպահանջեն իրենց տրամադրած վարկերը, միաժամանակ ի վիճակի չեն լինի բնակչությանը վերադարձնել նրանց խնայողությունները, հումքի բացակայությունը անաշխատունակ կդարձնի միլիոնավոր գործարաններ, կազմակերպություններ, միլիարդավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից և ապրուստի միջոցներից, կդժվարանա սնունդ հայթայթելը, ձմռանը՝ տաքանալը։ Համընդհանուր ընդունված վճարման միջոցի բացակայությունը գուցե մոլորակը ետ գլորի բնամթերքով փոխանակության շրջան, մինչև ինչ-որ նոր համակարգ ստեղծվի և համաշխարհային պատմության նոր գլուխ սկսվի։
Նման իրավիճակը տարբեր երկրների կարող է ստիպել միավորվել՝ համատեղ լուծելու առաջացած խնդիրները։ Կփոխվի աշխարհի քարտեզը՝ ավելի քիչ գույներ թողնելով դրա վրա։ Պատահական չէ նաև աշխարհի զարգացած երկրների կոնսենսուսային որոշումը՝ վերացնել Լիբիայում Քադաֆիի ռեժիմը, քանի որ նա որոշել էր դուրս գալ դոլարային գոտուց, ինչն իր ետևից գուցե շղթայական ռեակցիա առաջացներ։ Եվ գուցե հենց սրանով են պայմանավորված տարածաշրջանային ինտեգրացիոն միտումները։
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ ամենամեծ շանսերն ունի այս իրավիճակից «չոր» դուրս գալու համար։ Վաղուց արդեն լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ-ը, Մեքսիկայի և Կանադայի հետ մեկ ընդհանուր տնտեսական ինքնաբավ տարածք է ստեղծելու։ Հայտնի է նաև ապագա միասնական արժույթի անունը՝ ամերո։ Այս դեպքում Կանադան հանդիսանալու է օգտակար ռեսուրսների շտեմարան, ԱՄՆ-ն՝ տեխնոլոգիաների, իսկ Մեքսիկան՝ էժան աշխատուժի մատակարար։
Եվ ամենևին պարտադիր չէ, որ ԱՄՆ-ի դեֆոլտը լինի նրա քաղաքական որոշումը և արհեստածին երևույթ։ Այսպիսի սցենար հնարավոր է նաև այն դեպքում, երբ բոլորն արդեն ֆինանսավորված լինեն և ֆինանսական շուկան չկարողանա իր գոյության համար անհրաժեշտ աճն ապահովել կամ երբ աշխարհի բնակչության սպառումը կհասնի իր գագաթնակետին։ Այս դեպքում էլ համաշխարհային «դոլարային» տնտեսության փլուզման դետոնատորը կարող է լինել ոչ թե ինչ-որ քաղաքական որոշում, այլ գերարտադրությունը։
2․ Չնայած այն հանգամանքին, որ պետությունների ղեկավարման ներկայացուցչական մոդելը այժմ խոշոր կապիտալին հնարավորություն է տալիս ազդել քաղաքականության վրա, այնուամենայնիվ, տնտեսական բարդ իրավիճակում հայտնված ժողովուրդը կարող է շատ կարճ ժամանակում փոխել իրադրությունը։ Իրապես ժողովրդավարական երկրներում դա կարող է լինել կառավարության հերթական փոփոխության կամ համապատասխան հարցերը կարգավորող ինչ-որ օրինագծի ընդունման միջոցով։ Այսպիսի մի մոդել Իսլադիայում գործել է բոլորովին վերջերս15 և կարող է տեղի ունենալ Հունաստանում՝ ընտրությունների արդյունքում ձախերի հաղթանակից հետո։ Իսկ այնտեղ, որտեղ չի հաջողվի դա իրագործել, հեղափոխություններից խուսափելու հնարավորություն չի լինի։
Հեղափոխությունների մասին հիշատակելիս պետք է նշել, որ գլոբալիզացված ամբողջ աշխարհում արտադրողական ուժերի առաջ ծառացած խնդիրները (սոցիալական անարդարությունը, եկամտի անհավասար բաշխումը, կրթության անհասանելիությունը, արտադրողական ուժերի զարգացման համեստ տեմպերին հակադրվող արտադրության միջոցների խելահեղ առաջընթացը և այլ խոչընդոտներ) անհնար են դարձնում մեծ տեմպերով զարգացող արտադրական հարաբերությունների միջև համապատասխանությունը։ Ճիշտ է, որ նրանց համապատասխանությունը երբեք բացարձակ լինել չի կարող, այլապես անհնար կլիներ փոխներգործությունը։ Սակայն մեծ խզումը նույնպես բերում է նրան, որ արտադրողական ուժերը քանդում են նախկինում գոյություն ունեցող հարաբերությունները և կառուցում իրենց ավելի համապատասխան մոդել։ Դա սովորաբար տեղի է ունենում հեղափոխությունների միջոցով։ Դժվար է ասել, թե երբ ու աշխարհի որ հատվածում կլինի առաջին խզումը, բայց կարելի է եզրակացնել, որ այն անխուսափելի է և դրա արդյունքում կապիտալը հոսելու է այնտեղ, որտեղ սոցիումը նոր, արտադրողական հարաբերությունների ավելի արդար և արտադրողական ուժերին ավելի համապատասխան մոդել կստեղծի։
3․ Կապիտալիստական տնտեսության գործող մոդելի հիմքում ընկած է վաշխառությունը։ Սա ստեղծում է իրավիճակ, երբ դրամային զանգվածը հավասար է տրված վարկերին, սակայն եղած պարտավորություններն արդեն հավասար են տրված վարկերին գումարած ակնկալվող տոկոսագումարները։ Ժամանակի մեջ այս մոդելը անխուսափելիորեն բերում է դիսբալանսի։ Փողերի ոսկով ապահովվածության վերացումից հետո ընկած մի քանի տասնամյակի ընթացքում մեկը մյուսին հաջորդած տնտեսական ճգնաժամերը ցույց տվեցին, որ գործող դրամավարկային համակարգը իրեն սպառել է և անհրաժեշտություն է առաջացել մտածելու նոր, առավել արդյունավետ համակարգի մասին։
Խոշոր կապիտալը, իր այսօրվա հոգսերով, վարքագծային մոդելով և նպատակներով հեռու է այս խնդիրների լուծումից։ Վարվող ողջամիտ (հնարավոր) քաղաքականությունն է, որ վերաբաշխելու է ռեսուրսները եթե ոչ հավասար, ապա գոնե հնարավորինս արդար։ 2008 թ. տեղի ունեցած վերջին խոշոր ճգնաժամի հաղթահարման համար ընտրվեց ծախսերի սոցիալականացման ուղին, այսինքն՝ ճգնաժամի հիմնական բեռը դրվեց բնակչության ուսերին։ Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսությունը սպառել է կամ շուտով կսպառի հերթական անխուսափելի ճգնաժամի նոր ալիքին դիմակայելու իր վերջին ռեսուրսը։
Ի դեպ, որպես վաշխառուական կապիտալից խուսափելու միջոց հետաքրքիր է ուսումնասիրել իսլամական բանկերի օրինակը16։ Քանի որ իսլամն արգելում է վաշխառությունը, իսլամական բանկերը ավանդները տոկոսներ վերադարձնելու պայմանով չեն վերցնում։ Բանկերում գումար ներդնել հնարավոր է կամ ընթացիկ հաշիվներում, որոնց վրա ավելանում է միայն պետության կողմից սահմանված ինֆլյացիայի տոկոսադրույքի չափով գումար կամ ինչ-որ ներդրումային հաշիվներում։ Քանի որ բանկերը իրենք հանդիսանում են մի շարք ձեռնարկությունների սեփականատերեր, ավանդատուներին առաջարկում են ներդրումային երեք ծրագիր․
ա. Մուդարաբա, երբ հաճախորդի համաձայնությամբ բանկը ներդրում է կատարում մի ձեռնարկության մեջ, որի շահույթից ինչ-որ նախօրոք պայմանավորված մասնաբաժին ստանում է հաճախորդը։
բ. Մուշարակա, երբ հաճախորդը ձեռնարկության շահույթից ավելի մեծ եկամուտ է ստանում, քան մուդարաբայի դեպքում, սակայն գործի տապալման դեպքում նա վնասները կրելու պարտավորություն է վերցնում նույն տոկոսային հարաբերությամբ, ինչ ստանում էր եկամտից։
գ. Մուրաբախա, երբ հաճախորդի գումարը ներդրվում է առևտրային գործարքների մեջ՝ որոշակի ապրանքի գնում, վերավաճառքի նպատակով։
Համապատասխանաբար, բանկի կողմից տրվող վարկերն էլ առանց տոկոսների են։ Ձեռնարկատիրական վարկերը տրվում են համապատասխան ձեռնարկության շահույթից մասնաբաժնի ստացման դիմաց։ Այսինքն՝ հաճախորդը իր գումարը ներդնելու կամ վարկ վերցնելու դեպքում դառնում է բանկի փայատեր կամ իր գործունեության փայատեր է դարձնում բանկին։ Սա, որոշակի օրենսդրական կարգավորումների դեպքում կարող է հնարավորություն տալ դրամական միջոցներն ուղղել առավելապես ապրանքային արտադրության կամ ծառայությունների շուկա և բացառել փող-փող արատավոր շրջանառությունը։
Ամփոփում
Կապիտալի միջազգային հոսքերի մասին պատկերացում կազմելու համար բավական է հասկանալ դոլարի դերը միջազգային առևտրում։ ԱՄՆ ազգային արժույթը որպես միջազգային հաշվարկների հիմնական միջոց օգտագործելը նույնն է, ինչ «ոսկու ստանդարտի» ժամանակաշրջանում ոսկու հանքերի տիրապետեր միայն մեկ երկիր։ Այս տեսանկյունից նայելիս, բնական է, որ այդ երկիրը կարող է տնտեսական էքսպանսիա իրականացնել ամբողջ աշխարհում։ Իսկ թե ուր կհոսի կապիտալը, ինչպես ասում են, ժամանակի ու տեխնիկայի հարց է։ Պատահական չէ, որ Չինաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների միջազգային պահուստները գտնվում են ԱՄՆ-ում։ Տրամաբանությունը հուշում է, որ իրերի նման դրությունը կարող է պահպանվել միայն մի դեպքում, երբ ԱՄՆ-ն ունի դաշնակիցներ, հակառակ դեպքում կստեղծվեր նոր արժույթ, որը լուսանցքում կթողներ դոլարը և ԱՄՆ-ին։
ԱՄՆ-ի դաշնակից երկրների լոյալության, մրցակիցների ու ակնհայտ թշնամիների ուժերի փխրուն հավասարակշռության միջև էլ գոյատևում է լրջագույն մարտահրավերների առջև կանգնած դոլարը և այժմյան տնտեսական աշխարհն ընդհանրապես։ Բացի վարվող տնտեսական արդյունավետ քաղաքականությունից, հենց աշխարհաքաղաքական իրար բախվող շահերն են նպաստում կապիտալի մի երկրից մյուսը տեղաշարժին։
Իրավիճակը մի փոքր այլ է պետությունների ներսում։ Եթե վերցնենք ցանկացած տնտեսական տարածք և զրոյական դիրքից բոլոր դերակատարներին տանք հավասար հնարավորություններ, ապա անպայման որոշները կձախողվեն, իսկ փոքրաթիվ հաջողակները աստիճանաբար իրենց ձեռքում կկուտակեն կապիտալի հիմնական մասը։ Այստեղ է, որ սոցիալական արդարության հասնելու, ռեսուրսների հավասարաչափ բաշխման համար առաջանում է պետական կարգավորումներ մտցնելու անհրաժեշտությունը։ Այն երկրներում, որտեղ բնակչությունը հնարավորություն է ունենում միջամտել վարվող քաղաքականությանը և ընտրել կարգավորիչների ձևերը, տեսակները, քանակները, վաղ թե ուշ գտնվում են ռեսուրսները արդար բաշխելու եղանակներ։ Եվ հակառակը՝ այն երկրներում, որտեղ կենտրոնացված կապիտալը ձևեր է գտնում ազդելու պետական որոշումների վրա, բևեռվածությունն ավելի է խորանում։ Այս դեպքում էլ գալիս է մի պահ, երբ հանրությունները հեղափոխությունների միջոցով իրենց ձեռքն են վերցնում կառավարման լծակները և ստեղծում ավելի արդար պայմաններ։
Չնայած նրան, որ հոդվածում հիմնականում քննարկվել է քաղաքականության և միջազգային տնտեսական հարաբերությունների փոխներգործությունը, ամփոփելով, կարելի է տարբերակել պետությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունները։ Ներքին կյանքում հենց քաղաքականությունն է, որպես միասնական կյանքի կազմակերպման ընթացքում առաջացող փոխհարաբերությունների ամբողջություն, որոշում, թե ուր կհոսի կապիտալը և ինչպես կվերաբաշխվի։ Միջազգային հարաբերություններում, որտեղ որպես միջպետական հաշվարկների համար օգտագործվող արժույթ հանդիսանում է մի երկրի ազգային արժույթը, բոլորը ստիպված են լինում վարվող ինքնուրույն քաղաքականությունը կառուցել գոնե հաշվի առնելով այդ երկրի շահերը։ Առաջացած վերազգային կորպորացիաները նույնպես ենթարկվում են այդ երկրից եկող ազդակներին՝ շատ դեպքերում անտեսելով իրենց երկրների պետական շահը։
Չի կարելի ասել, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ որոշում են ֆինանսական կենտրոնները, սակայն դժվար կլինի նաև պնդել, որ առանց ներկայիս այնպիսի ինստիտուտների կարծիքը հաշվի առնելու, ինչպիսիք են Միջազգային Արժութային Հիմնադրամը, Համաշխարհային Բանկը, Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը, երկրները կարող են լիովին ինքնուրույն քաղաքականություն վարել։ Դժվար կլիներ պատկերացնել Չինաստանի երկնիշ տնտեսական աճը, եթե նա չանդամակցեր ԱՀԿ-ին և չենթարկվեր նրա թելադրած կանոններին՝ չլիբերալիզացներ բանկային համակարգը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, միջազգային դրամավարկային այս համակարգը անլուծելի խնդիրների առջև է կանգնել, որոնք վաղ, թե ուշ ստիպելու են կառուցել նորը՝ ավելի արդարը։
- Աղբյուրը՝ http://seekingalpha.com/article/174447-u-s-share-of-world-gdp-remains-remarkably-constant
- Աղբյուրը՝ http://taxfoundation.org/sites/taxfoundation.org/files/docs/fed_individual_rate_history_nominal.pdf
- Աղբյուրը՝ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2012.html
- Աղբյուրը՝ http://blogs.wsj.com/economics/2014/04/25/five-takeaways-from-new-gdp-by-industry-report/
- Աղբյուրը՝ http://money.cnn.com/2009/01/09/news/economy/jobs_december/
- Աղբյուրը՝ http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/NEWS/0,,contentMDK:21039894~menuPK:34480~pagePK:116743~piPK:36693~theSitePK:4607,00.html
- Աղբյուրը՝ http://www.24hgold.com/english/contributor.aspx?article=4249489564G10020&contributor=Tim+Iacono
- Հաշվարկվում է երկրի ներսում արտադրված ապրանքների ծավալը հարաբերելով ներկրվող ապրանքների ծավալին և բազմապատկելով 100%-ով։ Այս հաշվարկը կատարվում է ըստ ոլորտների և ստացված ցուցանիշները միջինացվում են։ Ռուսաստանի վերոնշյալ 30% գործակիցը հաշվարկված է առանց հաշվի առնելու էներգակիրների ոլորտը։
- Աղբյուրը՝ http://www.customs.ru/index2.php?option=com_content&view=article&id=20355&Itemid=1977
- Աղբյուրը՝ http://en.wikipedia.org/wiki/Schlumberger
- Աղբյուրը՝ http://en.wikipedia.org/wiki/Halliburton
- Աղբյուրը՝ http://data.worldbank.org/indicator/NY.GNS.ICTR.ZS
- Աղբյուրը՝ http://www.tradingeconomics.com/china/gold-reserves
- Աղբյուրը՝ http://books.sipri.org/files/FS/SIPRIFS1404.pdf
- Աղբյուրը՝ http://anvictory.org/blog/2013/04/03/revolyuciya-kotoruyu-vse-zamolchali-islandiya-otkazalas-platit-dolgi-mvf/
- Աղբյուրը՝ http://www.dal.by/news/4/31-01-13-10/
Սուրեն Սահակյանը, ծնված 1980 թվականին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2008 թվականից հանդիսանում է անհատ ձեռնարկատեր։ 2013 թվականից մասնակցել է սոցիալական մի շարք նախաձեռնությունների։
Դիտվել է 2536 անգամ