Քաղաքացիական նախաձեռնությունները նոր երևույթներ են հետխորհրդային Հայաստանում: Դրանց ի հայտ գալը մեր հասարակական կյանքում ձևավորվող նոր գործընթացների ինքնին վկայությունն է: Մենք կարիք ունենք, հասկանալու, գնահատելու և արժևորելու այդ երևույթները: Ի՞նչ հետևանքներ են թողնում, ինչպիսի՞ արդյունքներ են ձևավորում այդ նախաձեռնությունները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մեզ համար կարևոր է, քանի որ պետք է հասկանալ, ի՞նչ օգուտ են տալիս այդ շարժումները, արդյո՞ք դրանք նպաստում են, որպեսզի մեր կյանքը լավանա: Արդյո՞ք այդ նախաձեռնությունները արժեք ու դերակատարություն ունեն հանրային բարօրության միջավայր ձևավորելու համար: Ինչով է դրանց գործելաոճը տարբերվում սեփական ընտանիքների բարեկեցությունը հանրային բարօրության հաշվին կառուցող կլանային օլիգարխիկ իշխանություններից: Ի՞նչ նոր արժեքներ և վարքագծային պրակտիկաներ են դրանք բերում մեր կյանք, որը տարբեր է պետական և հասարակական ռեսուրսների հարստահարման և դրան ծառայող իշխանական ռեպրեսիվ պրակտիկաներից:
Այս հոդվածի համար հիմք է ծառայել սոցիալական մարդաբանության մեթոդներով իրականացված խորացված ու խմբային հարցազրույցների և ներգրավված դիտարկումների նյութերի վերլուծությունը և այն ներկայացնում է ավելի ստվարածավալ վերլուծության մի հատվածը:
Գրանցված որակական տվյալները թույլ են տալիս ասել, որ քաղաքացիական նախաձեռնությունները ոչ միայն արդյունքներ են գրանցել իրենց դրած կոնկրետ խնդիների իրագործման ուղղությամբ, այլ նպաստել են որոշ նոր պրակտիկաների իհայտ գալուն:
Դրանցից մեկը, որը հատկապես կարևոր է հետխորհրդային բնույթի հասարակության համար, վերաբերում է քաղաքացիների կողմից իշխանության հետ փոխհարաբերություններում ընդունված պրակտիկաների փոփոխություններին: Հատկապես կարևոր է իշխանություն ներկայացնող պաշտոնյայի խոսքի անքննելիության խորհրդային ժամանակներից եկող ստերեոտիպային պրակտիկայի փոփոխությունը: Քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցները հաճախ հրաժարվում էին այս կամ այն իշխանավորի հիերարխիկ բնույթի հրահանգի կատարումից: Սա շատ անսովոր երևույթ էր պաշտոնյաների համար, քանի որ սովորաբար պաշտոնյայի խոսքին ընդունված է հնազանդվել առանց ընդիմանալու: Իշխանության ներկայացուցչից պահանջվում էր իր պահանջի կամ գործողության ռացիոնալ փաստարկում և հիմնավորում: Իշխանության ներկայացուցչից պահանջվում է հղում կատարել օրենքին, այլ՝ ոչ հենվել իր պաշտոնական դիրքի թվացյալ առավելությանը: Սա հատկապես շփոթության մեջ էր գցում քաղաքացիական դիրքորոշմամբ և քաղաքացիական լեզվով հաղորդակցվող անձանց հետ շփման փորձ չունեցող պաշտոնյաներին: Դրա ցցուն օրինակներից մեկը կարելի է համարել ուղեվարձերի թանկացմանը հաջորդած նստացույցի մասնակիցների հետ Երևանի քաղաքապետարանի քարտուղարի բանավեճը, երբ նրան նստացույցի մասնակիցը սաստեց, նշելով որ նա ըստ օրենքի իրավունք չունի ծխել իր աշխատասենյակում: Իր հանդեպ քաղաքացու կողմից օրենքի դիրքից իշխանության բանեցումը կատարյալ անակնկալի բերեց այդ պաշտոնյային: Իսկ նրա հնչեցրած «Իմ կաբինետն է, ինչ ուզեմ կանեմ» պատասխանը ավելի քան ծիծաղելի վիճակի մեջ դրեց նրան, ինչը արտացոլվեց նաև մամուլում և ֆեյսբուքում ծաղրանկարների շարքի հրապարակմամբ: Մեկ այլ նման նոր պրակտիկա էր ոստիկանի պահանջին ենթարկվել ոչ թե այն պատճառով, որ դա իշխանության դիրքից խոսող ներկայացուցչի պահանջն է, այլ՝ որ իշխանության ներկայացուցիչը պետք է իր պահանջը բխեցնի օրենքից: Նախաձեռնությունների մասնակիցների այս մոտեցումը, հաճախ ստիպում էր ոստիկաններին փոխել իրենց հռետորաբանությունը և քաղաքացուն ներկայացվող պահանջի դեպքում հղում կատարել օրենքի համապատասխան կետին:
Քաղաքացիական նախաձեռնությունների ձեռբերումներից մեկն էլ կարելի է համարել այն, որ ժամանակի ընթացքում դրանք ձևավորեցին իրենց նշանները, որոնց միջոցով դարձան ճանաչելի հանրության համար: Այսինքն, մեր հասարակական կյանքում շրջանառության մեջ դրվեցին նշաններ, որոնք տարածում էին քաղաքացիական բովանդակություն: Դրանց շարքում կարելի է առանձնացնել հատկապես.
- բռնությունը մերժող գործողությունները: Թե Մաշտոցի պուրակի և թե ուղեվարձերի թանկացման դեմ նախաձեռնություններում արտահայտված նշանային բնույթ ունեին այն գործողությունները, որոնք մերժում էին բռնությունը: Դա նկատելի էր, ինչպես բռնության նշաններ իրացնող պետական իշխանության կառույցի՝ ոստիկանության, այնպես էլ մերձիշխանական թաղային հեղինակութունների հետ փոխհարաբերությունների պարագայում:
- իրավունքը և օրենքը ցուցադրող նշանները: Օրինակ Մաշտոցի պուրակի նախաձեռնության ժամանակ առանցքային նշանային գործառույթ տրվեց Սահմանադրությանը, որի օրինակները բաժանվում էին մասնակիցներին և իրականացվում էին դրա հանրային ընթերցումներ: Սահմանադրության ընթերցումները նշանային դեր էին կատարում նաև ուղեվարձերի թանկացման դեմ ուղղված պայքարի ժամանակ: Դրան հաջորդած նստացույցի ընթացքում իրականացված ակցիաներից մեկը նվիրված է սահմանադրական ընթերցումերին,
- բնապահպանական նշաններ: Սրանք, կապված են հիմնականում Թեղուտի պաշտպանության նախաձեռնության ճանաչելիության հետ:
Չնայած, որ ձևավորած նշանների միջոցով քաղաքացիական նախաձեռնությունները բավականին ճանաչելի դարձան ինչպես իշխանությունների ու օլիգարխիայի, այնպես էլ հասարակության լայն խավերի համար, սակայն քաղաքացիական նշանների ձևավորման ու հանրայնացման հարցը դեռ շատ ակտուալ է: Հիմնական խնդիրները կարելի է համարել
- ինքնությունը ներկայացնող նշանների հարցում սկզբունքային որոշումների կայացումը,
- սեփական նշանները հստակեցումը և այդ նշանների կերպավորումը,
- հանրայնորեն ճանաչելի տեղերում այդ նշանների ռեպրեզենտացումը,
- դրանց ռեպրեզենտացման համար համարժեք պրակտիկաների ձևավորումը:
Այս պահին դա հատկապես կարևոր է, քանի որ նկատվում է ընդհանրապես տարբեր շարժումների աշխուժացում, որտեղ ներկայացված են ամենատարբեր համոզմունքերի մարդիկ ու խմբավորումներ, սկսած ազգայնականներից ու անարխիստներից, վերջացրած ընդիմադիր կուսակցությունները, ազատամարտիկների խմբավորումները և այլոք: Այս պարագայում քաղաքացիական ոլորտը կարևոր է, որ ունենա հանրայնորեն ճանաչելի իր նշանները, որպեսզի այն չտարալուծվի գոյություն ունեցող գործողությունների աղմուկի մեջ:
Քաղաքացիական նախաձեռնությունների առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ նպաստում են իրենց մասնակիցների կարգավիճակի ձևավորմանը: Վերջինիս ի հայտ գալը կարևոր է ոչ միայն, որ ներկայացնում է նախաձեռնությունների մասնակիցների կողմից հասարակական կյանքում իրացվող գործառույթը, այլև՝ ստեղծում է հասարակայնորեն նշանակալի նոր կարգավիճակ: Դրա հասարակայնորեն նշանակալիությունը կարող է նպաստավոր դեր խաղալ քաղաքացիական դիրքորոշման տարածման տեսանկյունից: Կարելի է առանձնացնել մի քանի հիմնական կարգավիճակներ, որոնց ձևավորումը հնարավոր դարձավ քաղաքացիական նախաձեռնությունների շնորհիվ.
- արձագանքող և մասնակից քաղաքացի
- ինքնորոշված անհատ
- ինքնորոշված քաղաքացի
- քաղաքացիական ակտիվստ
- բնապահպաններ:
Կարևոր երևույթներից է նաև քաղաքացիական նախաձեռնությունների ընթացքում ի հայտ եկած կարգավիճակների ձևավորման այնպիսի պրակտիկաներ, ինչպիսիք են.
- որոշումների կայացման հորիզոնական բնույթի պրակտիկաները,
- որոշումների իրականացման պրակտիկաներ: Վերջիններս իրավունքին և օրենքին հղվող պրակտիկաներ էին,
- հռետորաբանության պրակտիկաներ, որոնք օգտագործում էին իրավունքին հղումներ կատարելու քաղաքացիական լեզուն:
Նշված բոլոր ձեռքբերումներն ու արդյունքները, որոնք վերաբերում են հիմնականում քաղաքացիական պրակտիկաների ձևավորման ոլորտին, դեռևս թույլ են, ամրապնդված չեն հանրության լայն շրջանակների հասարակական վարքագծում և կարիք ունեն ամրապնդման: Այս հոդվածով փորձ արվեց կարևորել դրանք, որպեսզի ձեռք բերվածը չանտեսվի և հնարավորության դեպքում որպես գործելաոճ վերարտադրվի սաղմնավորվող քաղաքացիական կյանքում:
Այս հոդվածը հատված է ավելի ամբողջական մի վերլուծության, որն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի» աջակցությամբ: Ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ՝ http://www.osf.am/wp-content/uploads/2014/05/Aghasi_Tadevosyan_Policy_Paper.pdf
Աղասի Թադևոսյանը, ծնված 1966 թվականին, ավարտել է Երևանի պետական Համալսարանի պատմության ֆակուլտետը: Մասնագիտությամբ մշակութային մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու: Զբաղվում է Հետխորհրդային Հայաստանի հասարակական ու մշակութային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Գիտական հետազոտությունների շրջագիծն ընդգրկում է նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացները: Ունի հրապարակած 11 մենագրութjուն, ավելի քան 40 գիտական հոդվածներ տեղական ու միջազգային գիտական հանդեսներում:
Դիտվել է 975 անգամ