Ռազմական իրավիճակի վերջին սաստկացումը «ապակախարդեց» պատերազմը ՝ այն դարձնելով իրական։ Հանկարծ, պատերազմը, որը հայկական հասարակության ամենասարսափելի սահմանային վիճակն էր և առօրյա կյանքում՝ գոյաբանական վախերի հիմքը, իրական տեսք ստացավ՝ թույլ տալով տեսնել, թե ինչ կա հայրենասիրական պաթոսի և քաղաքացիական դիրքորոշումների տակ։
Մինչև վերջին տարիները՝ կառավարող շրջանակներն ու հայրենասիրական պաթոսով առանձնացող պահպանողական ուժերը համարում էին, որ Արցախի հարցը միմիայն իրենց մենաշնորհն է: Քաղաքացիական պայքարին մասնակցող մարդկանց, ըստ էության, ոչ բարձրաձայն ասվում էր. «Զբաղվեք ձեր գործերով, բայց Արցախի հարցի հետ գործ չունեք, դա բանակի և իշխանությունների գործն է, այդ հարցերը ձեր լուծելու բանը չեն, մենք գիտենք, թե ինչ ենք անում»: Պաշտոնական կողմը չէր օգտվում քաղաքացիական հատվածի ռեսուրսից, կամ էլ դրան անդրադառնում էր միմիայն ամենածանր իրավիճակներում: Այս հանգամանքը նաև ինքնըստինքյան հասկանալի է, քանի որ կառավարող ուժի համար հենց Արցախի հարցն է հանդիսանում իշխանության աղբյուրներից մեկը: Եվ այնտեղ քաղաքացիականներին ներս թողնելն ինքնին կվտանգեր այդ բացառիկ մենաշնորհը։ Սակայն ներկայիս հայկական հասարակությունն այլևս 90-ականների հասարակությունը չէ: Փոխվել են հասարակական շերտավորումները և դեմոկրատիայի համար ջանքեր գործադրող քաղաքացիները ոչ միայն սեփական զինծառայության և քաղաքական հասունության բերումով, այլև հատկապես մասնագիտական գիտելիքների շնորհիվ սկսել են հաճախ շատ ավելի լավ ընկալել Հայաստանի առջև կանգնած անվտանգության մարտահրավերները, քան որոշ պաշտոնական շրջանակներ:
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ հանդիպմանը հայտարարել էր. «Մենք հակառակորդին հաղթեցինք և՛ սահմանին, և՛ տեղեկատվական հարթությունում»:1 Եթե հայկական կողմը նման առավելություն է ստացել, ապա դրա գլխավոր դերակատարներից էին ոչ թե ատելության և պատերազմի կոչեր անողները, այլ քաղաքացիական հատվածն իր հասուն պահվածքով և կամավորական խմբերն ու քաղաքացիական սոլիդարություն դրսևորումները: Քաղաքացիական հանրությունը, մատնացույց անելով սահմանի տեխնոլոգիական հագեցման և վերահսկման բացերը, հանդես գալով տեղաշարժի արձանագրման սարքեր տեղադրելու նորարարական առաջարկներով և առողջ բանավեճ սկսելով մեր դիվանագիտության սխալների, արժեքային պատկերացումների ու պատերազմի հրահրման քաղաքական ենթատեքստի շուրջ, կատարեց անգնահատելի դեր աշխարհին հասկանալի դառնալու գործում: Այդ դժվար պահին ՀՀ պաշտպանության նախարարության համար կարևոր դաշնակից դարձավ հենց քաղաքացիական հանրությունը։ Նախկինում իրավապաշտպան խմբերն արդեն իսկ կառուցողական դեր էին ստանձնել զինվորների ծառայության պայմանների, միջադեպերի բացահայտման, բանակում կոռուպցիայի վերհանման գործում՝ ավելի մեծ ծառայություն մատուցելով, քան հրահանգավորված կուսակցական խմբերը:
Եվ վերջապես, այս օրերի ընթացքում Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք էլ ավելի ծանրակշիռ դարձրեցին Արցախի հարցի քաղաքացիական նժարը և այս երկու հասարակությունների ներքին հակասությունները։ Ողբերգականորեն գերի ընկած և անհայտ պայմաններում մահացած Կարեն Պետրոսյանի դեպքն ի ցույց դրեց երկու բան։ Առաջինն այն է, որ խաղաղ և անզեն քաղաքացին նույնիսկ այդ լարված վիճակում կարող է երկխոսության մեջ մտնել ադրբեջանցի գյուղացիների հետ և ադրբեջանական բանակի հրահրած ագրեսիան ու պաշտոնական Բաքվի քարոզչությունը այնքան էլ համահունչ չեն ադրբեջանցիների տրամադրություններին։ Երկրորդը, այն ևս մեկ անգամ ընդգծեց, թե իրականում հասարակության որ շերտերն են տուժում և շահում կոնֆլիկտի թեժացումից։ Կարեն Պետրոսյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, որը չէր կարողացել իրենց տունը գազաֆիկացնել, իսկ եղբայրն ու քույրը Ռուսաստանում են, մայրը հիվանդ է, հոգեմետ դեղեր է ընդունում:2
Բայց պարզ դարձավ նաև, որ ինչքան անհրաժեշտ և ճիշտ էր ՀՀ զինված ուժերի կոշտ պատասխանը սահմանում տեղի ունեցած հարձակումներին, նույնքան էլ ճիշտ կարող է լինել խաղաղության կոչով քաղաքացիների փողոց դուրս գալն ու խաղաղության ազդանշաններ ուղարկելը երկու հասարակություններին և աշխարհին։ Երևանում օգոստոսի 8-ին տեղի ունեցավ «Խաղաղության երթ» մի քանի տասնյակ քաղաքացիների մասնակցությամբ։ «Մարդիկ մեռնում են, օլիգարխները՝ հարստանում», «Խաղաղարարը չի զինում» և այլ լոզունգներով երթը հակասական մեկնաբանությունների արժանացավ, սակայն կարևոր հանրային քննարկման խթան դարձավ։3 Ադրբեջանում խաղաղության կողմնակիցներից շատերը ձերբակալությունների և հետապնդումների ենթարկվեցին։ Մի քանի տասնյակ հայ, ադրբեջանցի և այլ երկրների մտավորականներ հանդես եկան Արցախում խաղաղության կոչով։4
Ինքնորոշում ներսից
Պատերազմի ահագնացող վտանգը, ինչպես ցանկացած ճգնաժամ, առիթ տվեց վերարժևորելու և որոշակիացնելու Արցախի՝ որպես սուբյեկտի ինքնորոշման ուղիղ կապը մեր հասարակության առանձին անհատների ինքնորոշման հետ: «Ինքնորոշումը» կամ «ավտոնոմիան»5 իդեալիստական փիլիսոփայության մեջ սահմանվում է որպես ինքդ քեզ ազատության էակ ընկալելու ընդունակություն։ Սկզբնապես միայն քաղաք-պետությունների վրա տարածվող «ավտոնոմիան» այնուհետև ճանապարհ բացեց անհատների ավտոնոմիայի միջոցով «ներքին ազատության» հասնելու համար։ Ըստ Հերոդոտոսի «ազատները ենթարկվում են միայն օրենքներին, ինչին հակառակ «արևելքցիները» ենթարկվում են սեփական տիրակալների փոփոխական տրամադրություններին և այդ պատճառով չեն կարող ինքնուրույն մտածել և գործել»։ Ըստ Կանտի՝ «իրական ավտոնոմիան կախված է այլոց կողմից որոշումների և կախվածության առկա ձևերը հաղթահարելու հետ, նույնիսկ եթե դրանք որոշակի թվացյալ անվտանգություն են ապահովում»։6
Երբեմն հենց Հայաստանում թերագնահատվում է Արցախի ինքնորոշման ընտրությունը։ Սակայն այդ ինքնորոշումը միայն աշխարհին ցույց տալու գործիք չէ, այլ ըստ երևույթին Արցախի ժողովրդի կողմից լրջությամբ ընկալվող արժեք։ Այս ենթատեքստում նաև տարբերակման անհրաժեշտություն առաջացավ երկիր, հայրենիք և պետություն հասկացությունների ընկալման հարցում: Շատերն էապես թերագնահատեցին զինված ուժերի գոյությունը և սովորության համաձայն սկսեցին նախապատրաստվել ֆիդայական պայքարի։
Հետաքրքիր էր, որ կիսվեց նաև սոցիալ-լիբերալ մտավորականությունը։ Մեդիաներից մինչև գրող-հրապարակախոսներ սկսեցին զուսպ քննադատության ենթարկել խաղաղասիրությունը («դատարկ նշանից» մինչև «անհասցե կոչ»)։ «Կոմսոմոլացված» երիտասարդության մի մասը դավաճանության մեջ մեղադրեց և սկսեց Բաքու ուղարկել այլախոհներին։ Անկախ այն բանից լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ պահին էր կազմակերպված վերը նշված «Խաղաղության երթը», այն ջարդեց միատարրությունը և հանրայնացրեց պատերազմող երկրի զուսպ և ադեկվատ լինելու ձգտումը։ Ցույց տվեց, որ անվտանգությունը միշտ չէ, որ հակասության մեջ է մտնում ազատության հետ։ Պարզվեց, որ Հայաստանի շահերով առաջնորդվող այդ «մենքը» այնքան էլ միատարր չէ և ռազմատենչությունը ամենևին էլ այդ «մենքին» պատկանելու լավագույնը փաստարկը չէ։ Եվ ամենասկզբում սվիններով ընդունված խաղաղության կոչն աստիճանաբար ընբռնում գտավ պահպանողականների շրջանում, որոնք սկսեցին մի փոքր վերաձևակերպել այդ պահանջները։ Սկսվեց նոր հայրենասիրության որոնումը, որն ավելի շատ սահմանադրական շեշտադրումներ պետք է ունենար։
Սրված կոնֆլիկտի պրիզմայով ազգայնականները սկսեցին դրականորեն ընկալել Հայաստանի դեմոկրատական առավելությունների դերը Արցախի հարցում։ Քաղաքացիական ինքնակազմակերպված խմբերը որոշ չափով գործեցին որպես հարթակներ կարգավորված մտածողության և ֆորս-մաժորային վիճակում հանրային դիսկուրսի ծավալման համար։ Նման սահմանային իրավիճակում առավել սրվեց ներսից ինքնորոշվելու առաջնահերթ խնդիրը։
Արժեքների հարցը
Դեմոկրատիան պաշտպանության կարիք ունի: Եվ մեր սահմաններում ծառայող զինվորը պաշտպանում է նաև հայկական դեմոկրատիան: Փոփոխվող ու ավելի բազմազան դարձած հայրենիքը ցույց է տալիս, որ ՀՀ զինված ուժերն արդեն ոչ միայն Հայաստանի տարածքն ու ժողովրդին են պաշտպանում, այլև հայկական արժեհամակարգը: Այդ թվում նաև բազմազանությունը, բազմակարծությունը, իրավահավասարությունը, անհատի ազատությունը, ՀՀ սահմանադրությունը, իսկ, հաշվի առնելով հայկական բանակի սոցիալական կազմը, հատկապես նաև սոցիալական պետության սկզբունքը:
Այն, ինչում Հայաստանի վարչակազմն իր համար վտանգներ և մտահոգություններ է տեսնում՝ դեմոկրատական արժեհամակարգը, դրանում հայկական հասարակությունը տեսնում է իր համեմատական առավելությունը տարածաշրջանային և Արցախի հարցի ենթատեքստում: Եվ չնայած ազգայնական շրջանակներում դեռևս շատ են հանդիպում այսպես կոչված «տեսակների» մասին դիսկրիմինացիոն պիտակումները, ինչպես օրինակ «հայի տեսակ և ոչ հայի տեսակ», «հայի գենի կրող» և այլն, այդուհանդերձ, ակնհայտ է, որ առկա է Արցախի հարցի էթնիկ ընկալումներից դեպի արժեքային դաշտ կատարվող տեղաշարժ:
Շահերի հարցը
Անկախ վերը նշված արժեքային փոխակերպումներից Արցախի հարցում առկա է պրագմատիկ նկատառումների վրա հենված Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի խնդիրը: Քաղաքացիական հանրությունը մշտապես բախվում է այդ խնդրին և դեմոկրատական կառավարման թերություններն արդարացնելու համար նրա դեմ մշտապես օգտագործվելու է չլուծված Արցախի հարցը:
Մյուս կողմից, ակնհայտ է` պաշտոնական բանակցային գործընթացի և Արցախի իրական շահերի միջև գոյություն ունի խզում: Միջազգային ասպարեզում հայկական կողմը զուտ Ադրբեջանին արձագանքողի դերում է և չունի որևէ հստակ դիրքորոշում Արցախի անկախության ճանաչման հարցում, իսկ տեղեկատվական քաղաքականություն գրեթե գոյություն չունի: Վկայակոչվում են տարբեր բանակցային փաստաթղթեր։ Սակայն Արցախի սահմանադրության համաձայն մինչև Արցախի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո: Նման իրավիճակն, իհարկե, բազմաթիվ հնարավորություններ է բացում, սակայն դրանց օգտագործմանը խանգարում է Արցախի հարցի պաշտոնական մենաշնորհը:
Միակ ելքը կայանում է նրանում, որ քաղաքացիական հանրությունն ինքնակազմակերպվի նաև այս հարցում՝ փորձելով գծել արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհը: Այդ կերպ ազգայնական նեղ հռետորաբանությունը կարող է կորցնել ապօրինությունների, կեղծված ընտրությունների և օլիգարխիայի արդարացման հենասյուներից մեկը: Նման քաղաքական դիրքորոշումների քննարկման գործն ավելի դժվար է, քան մեր առօրյան կլանած պատերազմի և բռնության սպիրալի տրամաբանությունը:
Այս քաղաքացիական պոտենցիալների նշանակությունը հասկանալու համար պահանջվում է քաղաքական-ռազմավարական պատրաստվածություն, ինչը մյուսներից ավելի լավ պետք է որ գիտակցեն պետության պաշտպանության համար պատասխանատուները: Իսկ հանրության տեսանկյունից Արցախի հարցի քաղաքացիականացումը կարող է լուծել Հայաստանի դեմոկրատացման հարցը՝ հեռացնելով հիմնահարցի արմատը:
Եզրահանգում
Ըստ էության պատերազմ հրահրելու Ադրբեջանի առաջին լուրջ փորձը տապալվեց ոչ միայն սահմանում զուսպ հակահարվածների, այլ նաև թե՛ այնտեղ և թե՛ այստեղ քաղաքացիական դիմադրության բախվելու արդյունքում։ Ալիևը չկարողացավ շագանակներ հանել այս թեժացրած կրակից ու, թերևս, պետք է հետագայում հաշվի նստի կատարվածի հետ։ Բայց Հայաստանում նույնպես մարդկանց մոբիլիզացիան տեղի ունեցավ ոչ թե վարչախմբի շուրջ, այլև պետության պաշտպանության կոնկրետ խնդրի շուրջ։ Պաշտոնական տեսակետների և քաղաքացիական հանրությունների տրամադրությունների միջև եղած խզումը ցույց է տալիս, որ հաջորդ փուլում առողջ քաղաքացիական ուժերը կարող են նաև տարածաշրջանային դերակատարում ստանձնել՝ չդառնալով գործիք, այլև ինքնուրույն թելադրելով սեփական օրակարգը։
Վերջապես, բանակցությունների անցած ճանապարհը վկայում է այն մասին, որ Արցախի հարցի լուծումն, ըստ երևույթին, կարող է իրատեսական դառնալ այն դեպքում, եթե այս հակամարտող հասարակությունները խոսեն և բանակցեն միևնո՛ւյն լեզվով և միևնո՛ւյն արժեքների հիման վրա։ Սակայն ոչ թե ներքևներից կտրված լիդերների լեզվով, այլև դեմոկրատիայի և քաղաքացիականության արժեքային տարածքում։
- Արծրուն Հովհաննիսյան. «Մենք հակառակորդին հաղթեցինք և՛ սահմանին, և՛ տեղեկատվական հարթությունում», «Առավոտ» օրաթերթի համացանցային տարբերակ, հղումը՝ http://www.aravot.am/2014/08/09/487275/:
- «Ադրբեջանում հայտնված Կարեն Պետրոսյանը մահացել է», «Առավոտ» օրաթերթի համացանցային տարբերակ, հղումը՝ http://www.aravot.am/2014/08/08/486882/։
- Խաղաղության երթ Երևանում, Ա1+, հղումը՝ http://www.a1plus.am/1332933.html:
- A call for peace in Karabakh, The Neutral Zone, http://imagineneutralzone.com/a-call-for-peace-in-karabakh-2/.
- Հին հունարենում՝ αὐτονομία, autonomía նշանակում է ինքնուրույն օրինականություն, ինքնուրույնություն և բաղկացած է αὐτός, autós, «ինքնա» և νόμος, nómos, «օրենք» բառարմատներից։
- Իմանուել Կանտ, Բարոյականության մետաֆիզիկայի հիմունքները, 1785։
Վահրամ Սողոմոնյանը, ծնված 1977 թվականին, ավարտել է ԵՊՀ գերմաներենի բաժինը: 2007թ. պաշտպանել է քաղաքագիտական դոկտորական աշխատանք Մարբուրգի Ֆիլիպս համալսարանում: Գրել է գիտական աշխատանքներ ինտեգրացիոն գործընթացների, արժեհամակարգային հարցերի և Արցախյան հիմնախնդրի մասին: Մասնակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների:
Դիտվել է 1082 անգամ