Մինչ ամբողջ աշխարհը հետևում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին` սոցիալական խնդիրներից ցնցվող Բրազիլիայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունենում, իսկ ոստիկանական ուժերն էլ բիրտ ուժով մաքրում են օտարերկրացի հյուրերի աչքին խանգարող բոլոր մարդկանց։ Այսպես ամեն օր բազմաթիվ անտուն մարդիկ, այդ թվում նաև երեխաներ են սպանվում։ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության շինաշխատանքների արդյունքում մոտ 250 հազար մարդ կորցրել է իր սեփականությունը, կրճատվել են առողջապահական ու կրթական ծրագրերը։ Ինչո՞ւ են արդեն մեկ տարի շարունակ փողոց դուրս գալիս բրազիլացիները։
2013 թվականի հունիսին Կոնֆեդերացիաների գավաթի բացմանը ՖԻՖԱ-ի ղեկավար Բլատերն ու Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը երկրպագուների անողոք սուլոցներին արժանացան։ Դրանք ուղղված էին ՖԻՖԱ-ի և կառավարության կողմից ահռելի ծախսեր կատարելու, հսկայածավալ ստադիոններ կառուցելու մոլուցքի կամ «ՖԻՖԱ-ի գիգանտիզմի» դեմ, որից սոցիալապես անապահով խավերը միմիայն կորուստներ են կրում։ Սակայն 2013-ի գարնանն արդեն երկրում սկսվել էր հարյուր հազարանոց ցույցերի ալիքը։ Ավելի ստույգ` մարտի 25-ին Պորտո Ալեգրե քաղաքում։ Այդ օրը որոշում է կայացվել բարձրացնել քաղաքային տրանսպորտի գինը 2,85-ից 3,05 ռեալի։ Ուսանողներն ու երիտասարդները ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպում համալսարանական ավանում։ Նրանք երեք ժամով փակում են քաղաքի կենտրանական փողոցները, այնուհետև հավաքվում են քաղաքապետարանի առջև ու փորձում են մուտք գործել շենք։ Բախումների ժամանակ երեք անձ վնասվածք է ստանում։ Բողոքի ցույցերը թափ են հավաքում մինչև ապրիլի 4-ը, երբ դատարանը որոշում է ընդունում այն մասին, որ տրանսպորտի գնի թանկացումը հակասում է բյուջետային օրենսդրությանը. որոշումը սառեցնում է ։ Ամբողջ Բրազիլիայով անցնում է ցույցերի ալիք. Սան Պաուլոում, Բելու Օրիզոնտիում, Ռիո դե Ժանեյրոյում մարդիկ փողոց են դուրս գալիս «Vamos repetir Porto Alegre» («Եկեք կրկնենք Պորտո Ալեգրեի օրինակը») կարգախոսով։
Ո՞վքեր են ցուցարարները
Անվիճելի փաստ է, որ մարդկանց մոբիլիզացիան հիմնականում տեղի էր ունենում սոցիալական մեդիաների միջոցով և երիտասարդ սերնդի կողմից։ Թվիթթերի և Ֆեյսբուքում շատ արագ ստեղծվող էջերի միջոցով տեղեկատվությունը քամու արագությամբ տարածվում էր` շրջանցելով ավանդական մեդիաների կապուղիները։ Ինչ վերավերվում է ցուցարարների տարիքին, ապա ըստ Բրազիլիայի խոշորագույն թերթերից մեկի` Folha de São Paulo-ի տվյալների, ցուցարարների 63 տոկոսը պատկանում էր 21-ից 35 տարեկանների խմբին։
Այս փաստից կարելի է հետևություն անել, որ 2013 թվականի հունիսին փողոց դուրս եկածների մեծ մասը սեփական աչքերով չեն տեսել Բրազիլիայի ռազմական բռնապետության շրջանը կամ էլ այդ ժամանակ եղել են մանկահասակ տարիքում։ Եվ այդպիսով չէին կարող տեսած կամ մասնակցած լինել 1992 թվականին տեղի ունեցած վերջին ամենազանգվածային ցույցերին նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյի դեմ։ Եթե հաշվի առնենք, որ Բրազիլիայում նույնպես վերջին տարիներին երիտասարդությունը համարվում էր քաղաքականությամբ չհետաքրքրվող և գրե թե չէր մասնակցում քաղաքական քննարկումներին, ցույցերին կամ միավորումներին, ապա այսպիսի ակտիվությունը 2013-ին թույլ է տալիս ենթադրել, որ նրանցից շատերն առաջին անգամ էին խառնվում որևէ «քաղաքական» բանի։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մյուս երկրների համեմատ Բրազիլիայում վերը նշված «Y սերունդը» որպես քաղաքական խնդիր առավելապես հետաքրքրված է մեկ թեմայով` կրթության ոլորտով։1 «Ցուցարարների բնութագրի» մասին Datafolha-ի և Globo-ի տվյալները վկայում են նաև մասնակիցների կրթական բարձր մակարդակի մասին`«Ցույցի է դուրս գալիս միջին խավը», բայց ետնախորշերն ու ծայրամասերը նույնպես:
Սան Պաոլոյի առաջին ցույցը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 3-ին քաղաքի կենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թաղամասում, ինչը որոշակիորեն հակասության մեջ է մտնում մեդիաների կողմից ընդգծվող «միջին խավի ծագում ունեցող ուսանողների» հիմնական դերակատարման մասին մեկնաբանություններին։
Ձախ ուժերի ցույցեր, աջ ուժերի ցույցեր.երբ բոլորն էին փողոցում
Պորտո Ալեգրեում և Սան Պաուլոյում տեղի ունեցած առաջին ցույցերն, իհարկե, երիտասարդ ձախական խմբերի կողմից էին կազմակերպվել։ Երբ, սակայն, դրանք տարածվեցին ամբողջ երկրով մեկ և զանգվածային բնույթ ստացան, մասնակիցների կազմը սկսեց փոխվել։ Ունիկամպ համալսարանի պրոֆոսոր Վալերիանո Կոստան նշում է. «Ցուցարարներն ունեն ժամանակ և միջոցներ մոբիլիզացվելու համար։ Իհարկե, օրինաչափ է դպրոցի շրջանավարտների կամ ուսանողների մասնակցությունը։ Սակայն բնական չէր համընդհանուր դժգոհությունը քաղաքականության և իշխանական հարաբերությունների հանդեպ, ինչի արդյունքում ուղեվարձի թանկացումը չեղյալ չհամարվեց և սկզբից ի վեր ճնշումներ կիրառելու ճանապարհն ընտրվեց։ Դա ստեղծեց մի շրջապտույտ` բողոքի ակցիաների, ռեակցիոն գործողությունների և տարբեր տեսակի դժգոհությունները միատեղվեցին»։2
Հենց սեփական անձի կամ էլ հարազատների ու ընկերների նկատմամբ ռեպրեսիաների և ճնշումների առաջին փորձառությունը սկսեց կրկին ու կրկին փողոց հանել շատերին, ովքեր մինչ այդ բավականին ապաքաղաքական երիտասարդներ էին։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ գոնե հունիսի 14-ի մեծ հանրահավաքից սկսած բուրժուական պահպանողական մեդիաները սկսեցին գովաբանել տեղի ունեցող ցույցերը, ինչից հետո մարդկանց հոսքը ամբողջ երկրում էլ ավելի մեծացավ։ Դա ունեցավ իր հետևանքները. Ռիոյում և այլ քաղաքներում ցույցերին միացան նաև աջերը։ Ընդ որում, երբեմն նաև բախումներ էին տեղի ունենում աջ և ձախ խմբերի միջև։ Հունիսի 20-ից հետո արդեն ցույցերին մասնակցությունը հանրայնորեն գովելի արարք էր համարվում։ Տպավորություն կար, որ ամբողջ հասարակությունն է փողոցում։
Քաղաքային (ուրբան) բողոք
Ներհասարակական կոնֆլիկտները, որոնք Բրազիլիայում ռազմական բռնապետության ավարտից ի վեր արտահայտվում էին բողոքի, դիմադրության կամ բռնության ձևով, հիմնականում լինում էին գյուղական վայրերում։ Բրազիալիայում ծավալված հողազուրկների շարժումը, ինչպես նաև խոշոր հողատերերի կամ գետերի վրա մեծ ամբարտակների շինարարության դեմ բնիկ էթնիկ խմբերի և մանր գյուղացիների պայքարը լավագույն ապացույցներն են։ Իսկ հունիսյան ցույցերն այլ բնույթ ունեին։ Այստեղ ի հայտ եկավ մի բան, ինչը երկար ժամանակ արհամարհվում կամ անտեսվում էր քաղաքականության կողմից. քաղաքը` որպես հակամարտության տարածք և տարածությունների համար պայքարի առարկա։ Քաղաքային տարածքում առաջին հերթին հիմնախնդիրներն ու կոնֆլիկտները տեղի են ունենում բնակության, տրանսպորտի, կրթության և առողջության, այսինքն դեմոկրատական մասնակցության իրավունքի շուրջ։
Երկար ժամանակ լռում էին խրոնիկ թերֆինանսավորված հանրային ծառայությունների և բարիքի մասին։ Փոխարենը թմբկահարվում էր տնտեսական աճը, նոր աշխատատեղերի ստեղծումը և նորանոր վարկատեսակների ստեղծման միջոցով շուկայական սպառումն էլ ավելի խթանելու մասին ձեռքբերումները։
Հաջողության այս նարատիվները, սակայն, ունեն նաև իրենց ստվերային կողմերը։ Դրանցից են հանրային ծառայությունների ոլորտում սրվող կոնֆլիկտները։ Ուրբանիստ Էրմինիա Մարիկատոն Սան Պաուլոյից մեկնաբանում է սա որպես պատմական գործընթացի մի մաս. «Այն, ինչը Բրազիլիայում տեղի է ունենում 80-ականներից սկսած, մի հսկայական ագրարային գործարք է` գլոբալիզացիան ներթափանցում է երկրի գյուղական շրջաններ։ Բրազիլիան այնպիսի կառուցվածք է ձեռք բերում, որպեսզի ընդունակ լինի արտադրելու հանքահումքային և ագրարային արտադրանք»։3 Սակայն քաղաքներն ավելի ուշ դարձան կապիտալի թիրախը։ Եվ հենց խոշոր քաղաքներում հանրային ծառայությունների թշվառությունն էլ ավելի ընդգծված ձևով արտահայտվեց։
Հանուն ինչի՞ և ինչի՞ դեմ
Իհարկե ցույցերի հիմնական թատերաբեմը խոշոր քաղաքներն են, բայց նաև փոքր քաղաքներում առաջին անգամ սկսեցին հանրայնորեն խոսել տրանսպորտային ոլորտի մաֆիոզ կառույցների մասին։ Ի վերջո ակտիվ քննադատություն սկսվեց կրթական և առողջապահական ոլորտների թերզարգացածության մասին։ Այս ամենը սրվեց սպորտային խոշոր միջոցառումների` 2014 թվականի ֆուտբոլի առաջնության և 2016 թվականի օլիմպիական խաղերի համար ծախսվող միլիարդավոր գումարների ֆոնին։4 Այսպես, հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց տներից ֆուտբոլային մարզադաշտեր կառուցելու պատճառաբանությամբ։ Մի մասը փոխհատուցում ստացավ հեռավոր վայրերում բնակարանների տեսքով, իսկ մյուսները հայտնվեցին փողոցում` առանց որևէ այլընտրանքի։
Տեղահանվածների ընդհանուր թվի մասին գնահատականները տարբեր են։ Պետական վիճակագրությամբ առայժմ ամփոփ տվյալներ չկան։ Իսկ տարբեր քաղաքներում ստեղծված դիմադրության կոմիտեների տվյալներով 2012 թվականին տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է 170 000 մարդ։5 2013 թվականի մոտավոր տվյալներով այդ թիվն արդեն գերազանցում է 250 000-ը։ Կրակի վրա յուղ լցրեց ՖԻՖԱ-ի այն ցինիկ որոշումը, որը նախատեսում էր մարզադաշտերի շուրջ արգելագոտու ստեղծում, ինչի արդյունքում միմիայն ՖԻՖԱ-ի հովանավորներն իրավունք ունեն գովազդել և վաճառել սեփական ապրանքները։ Մանր առևտրականներն այդպիսով պետք է դուրս մնային։
Սակայն ֆուտբոլի առաջնությունն ու ՖԻՖԱ-ն հունիսյան ցույցերի միակ առիթը չէին։ Բիրտ ուժի կիրառման փորձառության պատճառով (արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ ցուցարարների դեմ) պահանջվում էր նաև ռազմական ոստիկանության զինաթափումը։
Ի՞նչ փոխեցին բողոքի ցույցերը
Կառավարողների առաջին արձագանքները ցույցերին եղան ոստիկանական բռնաճնշումները. հատկապես Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում։ Ռազմական ոստիկանությունը ենթարկվում է երկրամասային կառավարություններին. այսինքն Սան Պաուլոյում` աջ սոցիալ-դեմոկրատներին (PSDB), իսկ Ռիո դե Ժանեյրոյում` պահպանողականներին (PMDB): Պահպանողական մեդիաների` ցուցարարների կողմն անցնելուց և առաջին զանգվածային ցույցերից հետո Բրազիլիայում կառավարող Աշխատավորների կուսակցության (PT) շարքերում իրարանցում սկսվեց։ Ցույցերը կարող էին աջ ուժերի կողմից օգտագործվել գործող կառավարության դեմ։ Դա նախագահ Դիլմա Ռուսեֆին ստիպեց հեռուստատեսային ելույթով դիմել բրազիլացի ժողովրդին։ Այնուհետև նա սկսեց հանդիպել բողոքի ցույցերի ներկայացուցիչների հետ։ Վերջիններս մեղադրեցին նախագահին այն բանում, որ նա համարժեք կերպով չի արձագանքել առաջ քաշված պահանջներին։ Սակայն ընդվզողների մի մասը ողջունեց Ռուսեֆի նման քայլը և տարբեր քաղաքական մեկնաբաններ սկսեցին համեմատություններ կատարել, թե ինչպիսին էր նման բողոքի գործողություններին այլ երկրների կառավարությունների արձագանքը (օրինակ` Եգիպտոսում, Թուրքիայում և Չինաստանում)։ Որպես ուղղակի պատասխան Բրազիլիայի դաշնային կառավարությունն առաջնահերթ հռչակեց հետևյալ ոլորտները. կրթությունը, առողջապահությունը, տրանսպորտը, բյուջետային կարգապահությունը և քաղաքական համակարգի բարեփոխումները։
Կրթության ոլորտում Բրազիլիայի նախագահն արդեն իսկ առաջին քայլերն է կատարել` նավթային հանքերի եկամուտներից ավելի շատ միջոցներ ուղղելով կրթական համակարգի ֆինանսավորմանը։ Առողջապահության ոլորտում Դիլմա Ռուսեֆը որոշել է բրազիլական բժիշկների աշխատաշուկան բացել օտարերկրյա բժիշկների համար` դրանով իսկ բարելավելով բուժսպասարկման որակը։ Տրանսպորտի ոլորտում մի շարք քաղաքներում ուղեվարձի թանկացումները չեղյալ համարվեցին, սակայն դրա փոխարեն բյուջետային կրճատումներ արվեցին կրթության և առողջապահական ծախսերի ոլորտում։ Այժմ նորից որոշ քաղաքներ մտածում են ուղեվարձի թանկացման մասին։
Հինգ կետանոց այս ծրագրից ամենամեծ հաջողությամբ իրականացվածը, թերևս, բյուջետային կարգապահությունն էր` չնայած զանգվածային ցույցերի պահանջներից և ոչ մեկում չկար խնայողական քաղաքականության մասին կետ։
Բողոքի ցույցերն այսօր
Ցույցերի այս ալիքը շարունակվում է մինչև օրս, նույնիսկ եթե դրանց զանգվածայնությունը փոփոխական է և դրանք ընդգծված ձախական երանգ են ձեռք բերել։ Ձևավորվել են ավելի արմատական խմբեր, որոնցից է «Սև բլոկը» («Black Bloc»)։ Այստեղ Ռիո դե Ժանեյրոն առանձնանում է մի յուրահատկությամբ, որպես ցույցերի հետևանք տեղի ունեցան ուսուցիչների խոշորագույն բողոքի գործողությունները, որոնց ընթացքում շաբաթներ տևող գործադուլներ եղան աշխատանքային պայմանագրերի և վճարման պայմանների փոփոխությունների դեմ։ Որոշ ժամանակ 100 000-ից ավելի մարդիկ մի քանի օր կանգնեցրել էին երթևեկությունը քաղաքի կենտրոնում։ Fora Cabral! («Հեռացնե՛լ Կաբրալին») շարժումը հետևողականորեն պահանջում է Ռիո դե Ժանեյրոյի նահանգի ղեկավարի հեռացումը։ Բացի այդ, ամբողջ երկրում իրականացվում են Ocupa a Câmara («Գրավե՛ք խորհրդարանը») շարժման ակցիաները, որոնց մասամբ հաջողվեց Ռիոյում, Պորտո Ալեգրեում և մի շարք այլ քաղաքներում մի քանի շաբաթ շարունակ գրավել քաղաքային խորհրդարանները։
Պերֆորմատիվ գործելակերպ
Ելնելով 2013 թ. նոյեմբերին arranca ամսագրի 47-րդ համարում լույս տեսած «Կոնստիտուցիա և դիմացկունություն. Շարժումներ, կազմավորող իշխանություն և դրա հաջորդ օրը» հոդվածի ընթերցանությունից, ինչպես նաև սոցիոլոգ Ժասմին Իհրաչի «Գեզի այգու պերֆորմատիվ գործողությունների» մասին հարցազրույցից` կարելի է բնութագրական զուգահեռներ անցկացնել։
Բրազիլիայում տեղի ունեցող հանրահավաքներն ընդհանուր առմամբ միտում ունեն միմյանց հետ միավորելու քաղաքական բողոքն ու արվեստի ներկայացումը։ Արվեստով արտահայտվող բողոքի ձևերն իրենց կուլմինացիան ապրեցին հունիս ամսին։ Դրանց մեծ մասը տեսողական բնույթ էր կրում և տարածվում էին սոցիալական մեդիաներով։ Միասին պարում էին, յոգայի, պարի և ինքնապաշտպանության դասընթացներ էին անցկացվում։ Տարածվող լուսանկարների ու տեսանյութերի տարափը նպաստեց հանրահավաքների գեղագիտացմանը։ Ռիո դե Ժանեյրոյում նահանգապետ Կաբրալի և քաղաքապետ Պաեսի դեմ ներկայացումներ տեղի ունեցան Բեթմենի կոստյումներով (Ռիո դե Ժանեյրոն` որպես Գոթհամ սիթի, իսկ քաղաքապետն ու նահանգապետը` որպես Ջոկեր)։ Քաղաքը մեծ ոգևորությամբ էր տոնում այդ ներկայացումները։
Բողոքի ավարտից հետո սկսվում է հաջորդ բողոքը
Այժմ Բրազիլիայի կառավարությունը փորձում է փողոցային բողոքի ակցիաները ներկայացնել որպես աջ պահպանողականների նախաձեռնություններ։ Հիմնավորվում է, որ հանրահավաքները խթանվում են աջերի կողմից` աշնանը սպասվող նախագահական ընտրություններից առաջ հակակառավարական տրամադրություններ ստեղծելու համար։ Իրականում, կառավարությունը ակնհայտորեն նյարդայնացած է և չի կարողանում ընդունել քննադատությունն ու ընկալել ցուցարարների օրակարգը։
- Աղբյուրը` http://porvir.org/porpensar/maior-preocupacao-de-geracao-brasil-e-educacao/20130606։
- Աղբյուրը` http://g1.globo.com/brasil/noticia/2013/07/protestos-perdem-publico-mas-ficam-mais-focados-em-temas-especificos.html ։
- «Քաղաքը որպես ավար կապիտալի համար». Հարցազրույց պրոֆեսոր Էրմինիա Մարիկատոյի հետ մեգա-միջոցառումների ստվերի ներքո քաղաքում կատարվող կառուցվածքային փոփոխությունների և բողոքի նոր սերնդի մասին, Լատինամերիկյան նորություններ 471/472, սեպտեմբեր/հոկտեմբեր 2013։
- Հմմտ. «Խոշոր միջոցառումներն ու մարդու իրավունքների խախտումները Բրազիլիայում». Փաստագրություն բնակության, աշխատանքի, տեղեկատվության, քաղաքացիական մասնակցության իրավունքների, հանրային ծառայությունների հասանելիության և անվտանգության մասին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամ, 8-ը դեկտեմբերի 2012։
- Աղբյուրը` Նյու Յորք Թայմս օրաթերթ, www.nytimes.com/2012/03/05/world/americas/brazil-faces-obstacles-in-preparations-for-rio-olympics.html ։
Քրիստիան Ռուսաուն, ծնված 1969 թվականին, լրագրող է։ Գրում է հիմնականում այլընտրանքային մեդիաների համար։ Նա «Համագործակցություն Բրազիլիա» (KoBra) համերաշխության խմբերի ցանցի ակտիվ մասնակից է։ Աշխատում է Չիլի-Լատինական Ամերիկա հետազոտությունների և վավերագրությունների կենտրոնում։ 2010 թվականին նա բրազիլական ձկնորսների միավորման անդամներին և բնապահպանական կազմակերպություններին ուղեկցել է Թիսեն Կրուպ ֆիրմայի ընդհանուր ժողովին` մետաղի գործարանի պատճառած վնասների համար փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար։ 2012 թվականին արժանացել է քննադատական ակցիոներներին շնորհվող Հենրի Մեթյու մրցանակին։
Դիտվել է 1040 անգամ