Այս հոդվածը Հայաստանի քաղաքացիական շարժումների սոցիալ-մշակութային բնութագրի ներկայացմանը նվիրված շատ ավելի լայն վերլուծության մի հատվածն է: Վերլուծությունն իրականացվել է 2013 թվի աշնանն անցկացված որակական հարցման տվյալների հիման վրա[1]: Կարևոր խնդիրներներից մեկը, որը դրված էր հետազոտության առջև, վերաբերում էր քաղաքացիական նախաձեռնությունների ու կառավարության միջև երկխոսության ձևավորման հնարավորություններին: Այս առումով տեսանկյունները շատ տարբեր են հատկապես քաղաքացիական նախաձեռնություների մասնակիցների ու փորձագետների հայտնած կարծիքներում:
Քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցներից շատերի կարծիքով կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության գնալը, նրանց հանրային շահերի իրացման քաղաքականությունների առաջարկներ ներկայացնելն արդյունավետ չի կարող համարվել, քանի որ կառավարման ինստիտուտները կլանային արատավոր համակարգի բաղադրիչներ են և նպատակամղված չեն հանրային քաղաքականություն վարելու: Կլանային իշխանության ողջ ռազմավարությունն ուղղված է բոլոր տեսակի առաջարկները իմաստազրկելուն ու ձևականացնելուն: Այդ պատճառով էլ քաղաքացիական նախաձեռնություններն ավելի շատ ուղղված են այդ իշխանությունների սանձարձակությունները և հանրային շահի հանդեպ ոտնձգությունները զսպելուն, քան նրանց հանրային քաղաքականության կոնտեքստում մշակված առաջարկներ ներկայացնելուն ու իրացնելուն: Իշխանությունը Հայաստանում իր բնույթով գնահատվում է որպես անարդար: Հետևաբար, չի կարող քաղաքացիական նախաձեռնությունը ուղղված լինել անարդար իշխանության հետ համագործակցելուն: Այն պետք է ուղղված լինի անարդարության դեմ պայքարին և արդարության հաստատմանը: Արդարությունը ունի մեկ լեզու, դա իրավունքի ու օրենքի լեզուն է: Քանի որ ներկայիս իշխանությունները հրաժարվում են օրենքի ու իրավունքի հարթությունում հարաբերվելուց, ապա քաղաքացիական նախաձեռնություններին մնում է միայն նրան ընդդիմանալը:
Չնայած, հարցմանը մասնակցած քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների արտահայտած այս մոտեցմանը, փորձագետների հետ հարցազրույցների տվյալները այլ տեսանկյուն են ներկայացնում: Ըստ այդմ, քաղաքացիական նախաձեռնությունները գնահատվում են որպես երկխոսության ավելի մեծ պոտենցիալ ունեցող, քան ասենք օրինակ, քաղաքական ընդդիմադիր շարժումները: Փորձագետներից ոմանք գտնում են, որ քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում արդեն իրենց փորձով ու դիրքորոշմամբ ցույց են տվել, որ երկխոսություն հնարավոր է: Ավելին, կա կարծիք, որ քաղաքացիական նախաձեռնությունների հիմնական առանձնահատկությունը հենց համարվում է այն, որ դրանք ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական ուժերի ձևավորում են
ա. երկխոսության լեզու
բ. առանձնակի դիրքորոշում:
Նրանց ձևավորած դիրքորոշումն աչքի է ընկնում հենց այն բանով, որ թույլ է տալիս կիրառել երկխոսության լեզուն: Խոսքն այն մասին է, որ նախաձեռնությունից նախաձեռնություն ավելի ու ավելի հստակ է դառնում այն, որ նրանց դիրքը քաղաքացիական-իրավականն է, իսկ լեզուն՝ իրավունքի ու օրենքի լեզուն: Նկատենք, սա արտահայտված է ոչ միայն փորձագետների, այլև՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող որոշ դերակատարների վերլուծական կարծիքներում: Հատկանշական է համարվում նաև այն, որ նրանց դիրքավորումը կարող է ստիպել իշխանությանը, այդ թվում իշխանությունը ներկայացնող ամենակոշտ կառույցներից մեկին՝ ոստիկանությանը համեմատականորեն հստակեցնելու ու համարժեքություն հաղորդելու նաև սեփական դիրքին: Այսինքն, քաղաքացիական նախաձեռնությունների կարևոր դերակատարությունն է սեփական դիրքավորման ու այդ դիրքին բնորոշ լեզուն կիրառելու միջոցով ստիպել իշխանությանը ներքաշվելու քաղաքացիական դաշտ ու նույնպես դիրքավորվել քաղաքացիականին ադեկվատորեն, կիրառելով նաև դրան համարժեք պրակտիկաներ: Նկատենք, որ այն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք կարողացել են լուծել այս խնդիրը, հիմնականում ունեցել են դրական արդյունք:
Այն, որ քաղաքացիական նախաձեռնություններն, ի տարբերություն քաղաքական ընդդիմադիր ուժերի կարող են հաջողել իշխանության հետ սեփական դիրքից, քաղաքացիական լեզվի գործադրմամբ երկխոսություն վարելու մեջ, կարևոր է ոչ միայն հենց երկխոսություն ձևավորելու, այլ՝ հատկապես այն առումով, որ քաղաքացիական դիրքավորումն ու լեզուն ստիպում է իշխանությանը նույնպես տեղափոխվել օրենքի ու իրավունքի դիրք: Իհարկե, սա չի նշանակում, թե դրանից փոխվում է իշխանության կլանային բնույթը, սակայն, սա կարևոր է, քանի որ ձևավորում է նոր պրակտիկա, որը հանրայնորեն ներկայանում է որպես այլընտրանքային: Սա, մի կողմից,կոտրում է կլանային իշխանության, որպես Հայաստանում իշխանություն իրացնելու միակ ձևի մասին արմատավորված պատկերացումները, և, մյուս կողմից, հասարակության մեջ ձևավորում է իշխանություն իրացնելու նոր պրակտիկաներ ու իշխանության նոր սուբյեկտներ: Սա նաև թույլ է տալիս գործնականորեն համոզվել և փորձով ու նախադեպով ապացուցել, որ Հայաստանում, թեկուզ և մեկ առանձին վերցրած դեպքում, հնարավոր է կոտրել կլանային իշխանության դիմադրությունը: Սա խիստ կարևոր մի բան է, քանի որ քաղաքացիականը ստիպում է իշխանությանը ձեռք բերել դիրքավորման ու լեզվի ադեկվատություն, ստիպելով նրան տեղափոխվել քաղաքացիական դաշտ, դրանով իսկ իշխանությանը հաղորդելով քաղաքացիական հատկանիշ:
Կարելի է ասել, որ քաղաքացիական պայքարի կարճատև պատմության մեջ գրանցված այս փաստերը թույլ են տալիս դրական ակնկալիքներ ունենալ քաղաքացիական դաշտի ձևավորման հեռանկարի հանդեպ: Ինչպես ֆրանսիացի հասարակագետ Պ.Բուրդիոն է նկատում, հասարակություններին բորոշ են տարբեր դաշտեր: Այդ դաշտերը ներկայացնում են կապիտալի բաշխման ու վերաբաշխման գործընթացներին մասնակցող սուբյեկտների դիրքավորումներն ու փոխհարաբերությունները: Խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական ու մշակութային կապիտալներին, ներառյալ նաև սիմվոլիկ կապիտալի տեսակները: Դաշտերը կարևոր են, քանի որ դրանցում փոխհարաբերություններն ազդում են իշխանության ինստիտուտների բնույթի վրա: Որքան բազմազան են դաշտերը և դրանցում շրջանառվող կապիտալների տեսակները, այնքան իշխանության ինստիտուտները հակվում են փոխակերպվելու հիերարխիկից դեպի հորիզոնական: Խնդիրն այն է, որ Հայաստանում հիմնական գործող դաշտը, որտեղ ընթանում են կապիտալի բաշխման գործընթացները՝ տնտեսական դաշտն է և, մասսամբ, քաղաքականը: Քաղաքացիական դաշտի ձևավորումը պայմանավորված է նոր որակի սոցիալական ու մշակութային կապիտալ կրող սուբյեկտների ի հայտ գալով: Դրանք տնտեսական կապիտալի փոխանակությանը որպես այլընտրանքային հակադրում են մշակութայինը՝ գաղափարների ու արժեքների (իրավունք, օրենք, արդարություն, հավասարություն, ազատություն, հանրային շահ և այլն) փոխանակությունը: Սա կարող է ձևավորել նոր փոխանակային հարթակներ և փողից բացի այլ արժեքների ձևավորման, արտադրության ու վերարտադրության գործընթացներ: Այս նոր գործընթացներն էլ քաղաքացիական դաշտի ձևավորման խորքային պատճառներն են: Կարևոր է նաև, որ նման բնույթի երկխոսությունը տեղի է ունենա ոչ միայն իրական տարածքում, այլև՝ ֆեյսբուքում,
Նկատենք նաև, որ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից իրավունքի ու օրենքի դիրքից երկխոսության ձևավորման նախադեպերը կարող են նպաստել հասարակությունում դիսկուրսային նոր համարժեք պրակտիկաների ձևավորման: Խոսքը վերաբերում է այն հիմնախնդրին, որ ներկայումս հասարակությունում տարածված և իշխող քաղաքական ուժի կողմից տարվող դիսկուրսը իր ձևով ու բովանդակությամբ ավտորիտար-կլանային է: Իսկ դիսկուրսիվ պրակտիկաների փոփոխությունը կարող է նպաստել իշխող ուժերի կլանային բնույթի իշխանությունը ապահովող դիսկուրսը կազմաքանդելուն: (Ընդհանրապես դիսկուրսի բնույթի փոփոխության ու ավտորիտար համակարգերի փլուզումը մարդաբանության մեջ քննարկված երևույթներից է: Ըստ մշակութային մարդաբան Ա.Յուրչակի, ԽՍՀՄ փլուզման հիմնարար պատճառներից մեկը համարվում է հենց իշխանության կողմից ներկայացվող պաշտոնական ավտորիտար դիսկուրսին այլընտրանքային՝ պերֆորմատիվ դիսկուրսի ի հայտ գալը):
Նկատենք, որ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից սեփական դիրքից երկխոսության նշված նախադեպերի ձևավորումը կարող է նպաստել ինչպես քաղաքացիական դաշտի, այնպես էլ այնպիսի դիսկուրսիվ պրակտիկաների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին կարող են ազդել իշխանության պրակտիկաների փոփոխման վրա ընդհանրապես:
1. Հետազոտությունն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ:
Աղասի Թադևոսյանը, ծնված 1966 թվականին, ավարտել է Երևանի պետական Համալսարանի պատմության ֆակուլտետը: Մասնագիտությամբ մշակութային մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու: Զբաղվում է Հետխորհրդային Հայաստանի հասարակական ու մշակութային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Գիտական հետազոտությունների շրջագիծն ընդգրկում է նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացները: Ունի հրապարակած 11 մենագրութjուն, ավելի քան 40 գիտական հոդվածներ տեղական ու միջազգային գիտական հանդեսներում:
Դիտվել է 1018 անգամ