Մշակութային ֆորումին ընդառաջ՝ ընթերցողին ենք ներկայացնում Բաց տարածքի տեխնոլոգիայի համառոտ ուղեցույցը։ Այն բավական սաղմնային վիճակում գտնվող տեքստ է, իսկ մասնակիցների դերակատարման մասին հիշատակումներ դեռ գրեթե չեն էլ նշմարվում (դրանք պիտի հայտնվեն միայն Բաց տարածքի ուղեցույցի մեջ․ Open Space Technology: A User’s Guide (3rd Edition, Berrett-Koehler, 1997), բայց եղածն արդեն իսկ թույլ է տալիս պատկերացում կազմել ձեւաչափի մասին եւ այն գործածել։ Համաժողովների կազմակերպման այս մեթոդը ձեւավորվել է 20-րդ դարի 80-ականներին Միացյալ Նահանգներում։ Այս ձեւաչափով կարող են հավաքվել եւ քննարկումներ անել 5-ից մինչեւ 2000 հոգի։ Բաց տարածքի տեխնոլոգիայի (ԲՏՏ) առանձնահատկությունը նախապես հաստատված օրակարգի բացակայությունն է։ Համաժողովի մասնակիցները, որոնք հրավիրվում են քննարկելու իրենց հուզող խնդիրները, իրենք են առաջարկում թեմաներ։ Այս առաջարկների հիման վրա էլ հենց ձեւավորվում են քննարկման խմբերը։ Օրակարգի բացակայությամբ հանդերձ, ԲՏՏ-ն ունի ընթացակարգ եւ կառուցվածք, որոնցում տեղն ու ժամանակը սերտորեն կապակցված են։ Այս հանգամանքը, մասնակիցներին դնելով հավասար պայմանների մեջ, նրանց ստիպում է անցնել բուռն քննարկումների՝ հենվելով չորս սկզբունքի վրա՝
ով գալիս է՝ ճիշտ մարդ է,
ինչ պատահում է՝ միակ բանն է, որ կարող է լինել,
երբ սկսվում է՝ ճիշտ ժամանակն է,
երբ այն ավարտվում է՝ այն ավարտվում է,
ինպես նաեւ մեկ օրենքի (կամ կանոնի) վրա, որը կոչվում է Երկու ոտքի օրենք։ Այդ օրենքն ասում է՝ յուրաքանչյուր մարդ ունի երկու ոտք եւ պետք է պատրաստ լինի օգտագործել դրանք։
Բաց տարածքի տեխնոլոգիայի հեղինակը Հարիսոն Օուենն է՝ լուսանկարիչ լրագրող, գրող։ Իր ողջ կյանքի ընթացքում նա ուսումնասիրել է սոցիալական եւ արտադրական համակարգերի ինքնակազմակերպման եւ փոխակերպման բարդ սկզբունքները (Spirit: Transformation and Development in Organizations, ABBOTT PUBLISHING, 1987), որոնք ի հայտ են գալիս եւ գործում նաեւ կրթական բաղադրիչ ենթադրող հասարակական համախմբումների ժամանակ։ ԲՏՏ-ն նման ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված ձեւաչափ է։ Այսօր համաժողովների անցկացման ոչ հիերարխիկ, շրջանաձեւ դասավորությունը սովորական է թվում, բայց դեռեւս քառասուն տարի առաջ, երբ գերիշխում էր հիերարխիկ դասավորությունը (թատերասրահի տեսքով) ամբիոնի ու խոսափողի ավտորիտար դիրքով, հորիզոնական հարաբերություն ենթադրող այդ դասավորությունը դեռ կարիք ուներ բացահայտվելու։ Օուենն այդ առումով հիշում է վաթսունականներին Արեւմտյան Աֆրիկայում, մասնավորապես՝ Լիբերիայում գտնվելու ժամանակ Բալամա գյուղում կատարած իր բացահայտումը։ Դա վերաբերում էր, մի կողմից, գյուղամիջի շրջանաձեւ հրապարակի եւ այդ հրապարակի նկատմամբ բնակիչների խրճիթների հավասար դասավորության, մյուս կողմից՝ գյուղի սոցիալական կյանքի կարգավորումների զարմանալի արդյունավետության միջեւ եղած կապին։
Իհարկե, բաց հարթակի սկզբունքով քննարկումներ (եւ ազատ ձեւաչափով այլ տիպի համաժողովներ՝ ԲարՔեմփեր, Հաքաթոներ եւ այլն) առաջին անգամ չէ, որ կազմակերպվում են Հայաստանում, բայց, մեր կարծիքով, ավելի խորը հասկանալու համար դրա կառուցվածքային տարրերը, նաեւ ավելի արդյունավետ ձեւով գործածելու համար ամբողջ համակարգը, կարիք կա ծանոթանալու դրանց հղացական ակունքներին։ Սա իհարկե դեռ առջեւում է, իսկ մինչ այդ ձեզ մաղթում ենք համառոտ ուղեցույցի հաճելի ընթերցում։
Ն. Կ.
Բաց տարածքի տեխնոլոգիան պահանջում է շատ քիչ նախնական տարրեր: Պետք է լինի հստակ եւ գրավիչ թեմա, հետաքրքրված եւ նվիրված խումբ, ժամանակ եւ տեղ, ինչպես նաև ղեկավար: Մանրամասն նախատեսված օրակարգերը, ծրագրերը եւ նյութերը ոչ միայն պարտադիր չեն, այլև սովորաբար հակաարդյունավետ են: Օգտագործողի այս համառոտ ուղեցույցն ապացուցել է իր արդյունավետությունը նոր ղեկավարներ եւ խմբեր ի հայտ բերելու գործում: Թեեւ կան բազմաթիվ լրացուցիչ բաներ, որ պետք է իմանալ Բաց տարածքում գործողությունների մասին, այս տեքստը թույլ է տալիս տեղից պոկվել: Այլ գրքերից վերցված որոշ նյութեր ներառված են այստեղ, որպեսզի ներկայացվի համեմատաբար ամբողջական պատկերը:
ԹԵՄԱՆ — Հզոր թեմայով հայտարարության պատրաստումը շատ կարեւոր է, քանի որ այն կարող է լինել կենտրոնացված քննարկման եւ ոգևորիչ մասնակցության հիմնական մեխանիզմ: Թեմայի հայտարարությունը, սակայն, չի կարող լինել երկար, չոր պատմություն խնդիրների և նպատակների մասին: Այն պետք է ներշնչի մասնակցելու ցանկություն՝ ուղղություն ցույց տալու համար բավականաչափ կոնկրետ լինելով հանդերձ, միաժամանակ լինի բավականաչափ բաց, որպեսզի թույլ տա խմբերի ձևավորումը:
Չկա ոչ մի բանաձև, որը կբնութագրի, թե ինչն է, որ, ոգեշնչելով մի խմբին, ամբողջովին անտարբեր է դարձնում մյուսին: Հայտարարության թեմաների մասինմտածելու տարբերակներից մեկը իսկապես խանդավառող պատմությամբ սկսվող պարբերությունն է: Ընթերցողը պետք է ունենա բավական մանրամասն տեղեկություններ իմանալու համար, թե ուր է ուղղորդվում հեքիաթը եւ ինչ արկածներ են հնարավոր: Սակայն հենց սկզբից «ամեն ինչն ասելը» բավականին անհավանական կդարձնի, որ ընթերցողը ցանկանա շարունակել: Ի վերջո, ո՞վ կկարդա պատմություն, որից ինքը նախօրոք արդեն տեղյակ է:
ԽՈՒՄԲԸ- Խումբը պետք է լինի հետաքրքրված եւ հանձնառու։ Հակառակ դեպքում Բաց տարածքի տեխնոլոգիան չի գործի։ Խորը ստեղծագործական ուսումնասիրության գլխավոր բաղադրիչները իրական ազատությունը և իրական պատասխանատվությունն են։ Մինչ ազատությունը արտոնում է հետազոտություն և փորձարարություն, պատասխանատվությունը երաշխավորում է, որ երկուսն էլ կիրականացվեն խստորեն։ Հետաքրքրությունը և հանձնառությունն ազատությունը պատասխանատվությամբ գործածելու նախապայմաններն են։ Մենք չգիտենք ոչ մի միջոց, որը կստիպի մարդկանց լինել հետաքրքրված և հանձնառու։ Սա պետք է լինի նախապայման։
Եւ՛ հետաքրքրվածությունը, եւ՛ հանձնառությունը, երկուսն էլ երաշխավորելու ուղին Բաց տարածքի միջոցառման մասնակցությունը կատարելապես կամավոր դարձնելն է։ Մարդիկ, ովքեր գալիս են, պետք է այդտեղ լինեն, միայն որովհետեւ նրանք ուզում են այդտեղ լինել։ Նաև հրամայական է, որ բոլոր մասնակիցները մինչև իրենց գալն իմանան, թե ինչի մեջ են ներքաշվում։ Ակնհայտ է, որ նրանք չեն կարող իմանալ դեռեւս տեղի չունեցած քննարկումների մանրամասները։ Բայց ընդհանուր գծերի մասին կարող են և պետք է տեղյակ լինեն։ Բաց տարածքը բոլորի համար չէ, և ակամա, անիրազեկ մասնակցությունը ոչ միայն եզրույթների առումով է հակասական, այն կարող է դառնալ կործանարար։
Սա առաջացնում է ակնհայտ մի հարց՝ ինչ անել մարդու հետ, ում ցանկանում եք ներգրավել, բայց ով, ոչ մի դեպքում, չի կիսում ձեր ցանկությունը։ Կա երկու հնարավորություն։ Առաջինը՝ նախատեսել երկու նիստ և հավատալ, որ առաջինը կլինի այնքան հարուստ, որ ականջից ականջ դրական խոսքի բանավոր վկայությունը կվերափոխի անհնազանդին։ Այլընտրանքը ներգրավվածի ցանկությունը հաշվի առնելն է։ Վերջիվերջո ճիշտ է, որ իսկական ուսումնասիրությունը տեղի է ունենում միայն հետաքրքրության ու հանձնառության հիմքի վրա, և բացարձակապես գոյություն չունի ինչ-որ բան պարտադրելու ձեւ։ Խմբի չափսը բնավ նշանակություն չունի։ Այդուհանդերձ, թվում է, թե ներքեւի շեմը մոտավորապես 20 հոգին է։ 20-ից պակաս մասնակիցների դեպքում դուք ունեք միտում կորցնելու այն անհրաժեշտ բազմազանությունը, որը բերում է իսկական փոխանակություն։ Քանակի վերին շեմի՝ 400 հոգու մասնակցությունը գործում է շատ լավ, եւ չկա պատճառ չհավատալու, որ այդ թիվը չի կարող ավելանալ։
ՏԱՐԱԾՔԸ — Պահանջվող տարածքի նշանակությունը կարևոր է, բայց այն մշակված ու նրբագեղ լինելու կարիք չունի։ Հարմարավետությունը ավելի կարևոր է։ Ձեզ անհրաժեշտ կլինի բավականաչափ ընդարձակ տարածք՝ բավարար ամբողջ խումբը տեղավորելու համար, ինչը մասնակիցներին թույլ կտա նաեւ ազատորեն տեղաշարժվել։ Սեղաններ ոչ միայն անհրաժեշտ չեն, այլև կարող են խանգարել, այնինչ աթոռների առկայությունը էական է։
Նախնական դասավորությունը շրջանաձեւ է՝ լայն ու դատարկ պատով մի սրահում։ Պատը պետք է լինի պատուհաններից, դռներից, վարագույրներից զերծ և այնպիսի մակերեսով, որը թույլ է տալիս թղթեր փակցնել։ Պատը նաև պետք է լինի բավականաչափ երկար, որ ամբողջ խումբը կարողանա կանգնել դրա առջև՝ ոչ ավելի, քան երեք-չորս շարքո՞վ։ Շրջանի կենտրոնը դատարկ է՝ ի վերջո խոսում ենք Բաց տարածքի մասին։ Եթե սրահը շատ ընդարձակ է, լրացուցիչ գոտիներ չեն պահանջվի, սակայն դրանք միշտ էլ օգտակար են։ Լավագույնն այն տեսակի միջավայրն է, որում կա ընդհանուր տարածքով լսարան։ Եթե դուք պատրաստվում եք գործածել կոնֆերանսների կենտրոն կամ հյուրանոց, գտեք այնպիսին, որում լիքն են զրույցների համար անկյուններ, նախասրահներ, բացօթյա հատվածներ, որտեղ մարդիկ կարող են առանձնանալ և աշխատել այնպես, որ ո՛չ իրենք ուրիշներին խանգարեն, ո՛չ էլ ուրիշներն՝ իրենց։
ԺԱՄԱՆԱԿԸ — Պահանջվող Ժամանակը պայմանավորված է պահանջվող արդյունքի առանձնահատկությունից։ Նույնիսկ մեծ խումբը կարող է հասնել փոխազդեցության բարձր մակարդակի՝ իրական ըմբռնմամբ այն բանի, որ խնդիրն ուսումնասիրել է ութ ժամվա ընթացքում։ Այդուհանդերձ, եթե ցանկանում եք խորանալ խնդրի մեջ ու հանգել պինդ եզրակացությունների և առաջարկների (ինչպիսին կարող է լինել ռազմավարական պլանավորման կամ ապրանքի ձեւավորման դեպքում), պահաջվող ժամանակը կարող է ձգվել մինչև երկու կամ երեք օր։
Ժամանակի տեւողությունից ավելի կարեւոր է ժամանակի ամբողջականությունը։ Բաց տարածքի տեխնոլոգիան չի կարող գործել, եթե ընդհատվում է։ Սա նշանակում է, որ «բացթողումները» պետք է չխրախուսվեն։ Նրանք, ովքեր գալիս են, պետք է ներկա գտնվեն հենց սկզբից և, բոլոր դեպքերում, մնան մինչև վերջ։ Ընդ որում, երբ գործընթացը սկսված է, այն չի կարող ընդհատվել այլ իրադարձություններով կամ ներկայացումներով։ Դրանք կարող են լինել նախօրոք եւ վերջում, բայց ոչ երբեք՝ միջնամասում։
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Թեպետև ճիշտ է, որ «Բաց տարածք» միջոցառումը չունի նախապես հաստատված օրակարգ, այն պետք է ունենա ընդհանուր կառուցվածք կամ շրջանակ։ Այս շրջանակը միտված չէ մարդկանց ասել, թե ինչ և երբ անել։ Փոխարենը՝ այն ստեղծում է աջակցող միջավայր, որի մասնակիցներն իրենք կարող են լուծել իրենց խնդիրները։ Այս շրջանակի նվազագույն տարրերն են. բացումը, օրակարգի հաստատումը, բաց տարածքը և փակումը։ Երկար միջոցառումները կարող են պահանջել նաեւ առավոտյան հայտարարություններ, երեկոյան նորություններ և, հնարավոր է, նշում։
Ստանդարտ, այս բոլոր տարրերն օգտագործող Բաց տարածքի ձեւավորումը երևում է ստորեւ։ Եթե միջոցառումը, որին սպասում եք, տևում է ավելի երկար, քան նշված ժամանակը, պարզապես կրկնեք միջին օրը։ Եթե ավելի կարճ է, դուք կբացահայտեք, որ բացումը, բաց տարածքը և փակումը բավարար են։ Ընդհանրապես ասած, պահանջվող նվազագույն ժամանակը հինգ ժամն է, բայց սա շատ սեղմ է։
ԲԱՑՈՒՄԸ — Մենք հասկացել ենք, որ շատ ոչ ֆորմալ բացումը լավ է աշխատում, հատկապես, եթե ներգրավված խումբը անփոփոխ աշխատանքային խումբ է: Երեկոյան ընթրիքը եւ ի մի բերող զրույցի ժամանակը արդյունավետորեն կբացեն բեմը: Եթե խումբը չունի որեւէ նախնական ընկերակցություն, սովորաբար արդյունավետ է պարզ կարգը, որի համաձայն՝ բոլոր մասնակիցներն ասում են իրենց անունները եւ իրենց կյանքից կարճ պատմություն պատմում (ցույց տալու համար իրենց ով լինելը): Մանրակրկիտ եւ ներգրավված «սառույցը կոտրող» վարժությունները շատ լավ չեն աշխատում, եւ, ավելի շուտ, սխալ տոն են հաստատում: Ի վերջո, մենք ցանկանում ենք «Բաց տարածք»:
ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ — Սա այն ժամանակն է, երբ խումբը պարզում է, թե ինչ է ուզում անել: Ընթացակարգի մանրամասները ներկայացված են ստորեւ։
ԲԱՑ ՏԱՐԱԾՔ — Այն է, ինչն այդ բառերը նշանակում են՝ խմբի համար բաց տարածք ու ժամանակ, որպեսզի իր գործը կատարի: Մեկնարկի պահին այստեղ բառացիորեն ոչինչ չկա:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ — Յուրաքանչյուր առավոտ կարճ ժամանակահատված խմբի համար, որպեսզի ի մի բերի, թե ինչ է անում, որտեղ, երբ եւ ինչպես․ ոչինչ մանրակրկիտ, ոչ մի ելույթ, պարզապես փաստեր, ուրիշ ոչինչ, քան փաստեր:
ԵՐԵԿՈՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ — Սա սովորաբար խորհրդածության և երբեմն էլ զվաճանալու ժամանակն է։ Չպետք է շփոթել պաշտոնական հաշվետու նիստի հետ, մոտեցումը մասնակիցներին պետք է լինի «բանն ի՞նչ է»-ն, որ ենթադրում է նրանց կամավոր պատմելը։
ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ — Եթե Բաց տարածքի ձեր միջոցառումը նման է բոլոր այն միջոցառումներին, որոնք մենք տեսել ենք, մասնավորապես՝ բազմօրյա գործ, վերջին օրվա երեկոն կլինի նշելու, այլ կերպ ասած՝ երեկույթի ժամանակը։ Նույնիսկ «լուրջ» նախաձեռնությունը, ինչպիսին կորպորատիվ ռազմավարական պլանավորման նախապատրաստումն է, երբ ավարտված է՝ ավարտված է, և մարդիկ պետք է նշեն այս փաստը։ Մենք առաջարկում ենք նշումը կատարել միջոցառման մնացած մասի ոգով ու եղանակով։ Սա նշանակում է՝ այն նախապես չպլանավորել։ Գուցե պետք է ունենալ որեւէ երաժշտական ձայնագրություն, եթե ձեր մարդիկ հակված են պարելու, բայց, դրանից բացի, անկասկած, դուք կբացահայտեք, որ ձեզ անհրաժեշտ տաղանդը արդեն իսկ կա այդ մարդկանց մեջ։ Գործածե՛ք դա։ Կատակները, երգերը, տեղի ունեցածի հումորային անդրադարձները կլցնեն երեկոն և կլրացնեն ուսումնասիրական փորձը։
ՓԱԿՈՒՄ — Մենք ձգտում ենք փակումը պահել պարզ և լուրջ։ Պարզություն նրանով, որ չկան ֆորմալ պրեզենտացիաներ եւ ելույթներ։ Բայց լուրջ՝ քանի որ սա հանձնառությունների, հաջորդ քայլերի մասին հայտարարելու ժամանակն է, ինչպես նաեւ՝ դիտարկումների, թե ինչ նշանակություն է ունեցել միջոցառումը։ Փակման միջոցառումը լավ կլիներ կազմակերպել շրջանաձև՝ առանց «գլխավոր սեղանի»։ Սկսեք ցանկացած կետից և շարժվեք շրջանագծով՝ յուրաքանչյուր մասնակցին, ով կցանկանա, թույլ տալով ասել, թե որն էր միջոցառման նշանակությունը և ինչ են առաջարկում անել։ Բայց հստակեցրեք, որ ոչ ոք ոչինչ ասել պարտավոր չէ։ Մեծ խմբերում բոլորի խոսքը լսել, ակնհայտորեն, հնարավոր չէ, բայց կարելի է խնդրել երկու- երեք կամավորի։
ՖՈՐՄԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ — Ֆորմալ հաշվետվությունների նիստը, հավանաբար, դարձել է կոնֆերանսի կյանքի հիմքը։ Սակայն կարծում ենք, որ այն ձանձրալի է և ոչ արդյունավետ։ Երբեք էլ բավականաչափ ժամանակ չի լինում յուրաքանչյուր խմբի համար ասելու այն ամենը, ինչ ուզում է, և եթե հատկացվի էլ բավականաչափ ժամանակ, կոնֆերանսի մեծամասնությունը ամեն դեպքում հետաքրքրված չէ։ Իբրեւ այլընտրանք, խորհուրդ ենք տալիս գործածել տեքստի մշակման պարզ ծրագիր, կոնֆերանսի համակարգչային ծրագիր, կամ երկուսն էլ։
Վերջին կոնֆերանսի 200 մասնակիցներ ստեղծել էին թվով 65 հաշվետվություն (ընդհանուր առմամբ երկու հարյուր էջ), որոնք հասանելի էին, երբ մասնակիցները լքեցին կոնֆերանսը։ Տեխնիկայի առումով անհրաժեշտ է համակարգիչների խմբաքանակ (ցածր հզորության շարժական համակարգիչները բավարար են) և յուրաքանչյուր խմբից պահանջել, որ իրենց քննարկումների արդյունքները ներմուծեն համակարգչի մեջ։ Նրանք կարող են մուտքագրել ինքնուրույն, կամ նրանց համար, ովքեր «մուտքագրող» չեն, քարտուղարների փոքրաքանակ խումբը կարող է գործն անել։ Մենք տպում ենք յուրաքանչյուր հաշվետվությունը հնթացս, երբ այն մուտքագրված է, և փակցնում ենք պատին՝ ապահովելով ընթացիկ, իրական ժամանակի մեջ գրանցվող քննարկումները։ Ակնհայտ առավելությունն այն է, որ մասնակիցները պարզում են, թե ինչ է տեղի ունենում, ինչպես է տեղի ունենում եւ ոչ թե սպասում են վերջին, երբ արդեն ուշ է։ Իհարկե, կոնֆերանսի վերջում, և ոչ թե վեց ամիս անց, արձանագրություններն ունենալը հաճելի և դրական անակնկալ է։
ԿԵՐԱԿՈՒՐ — Դուք կնկատեք, որ կերակուրը օրակարգի ցանկում ներառված չէ և չկան սուրճի դադարներ։ Պատճառը բավական պարզ է. հենց որ կոնֆերանսը սկսում է գործել փոքր խմբերով, սովորաբար չի լինում մի պահ, որ էական ինչ-որ բան ընթանալիս չլինի։ Եւ, երրորդ սկզբունքին համապատասխան, այն տեղի կունենա իր ժամանակին։ Անշուշտ սա փոքր, բայց ոչ անլուծելի խնդիր է ստեղծում այնպիսի բաների համար, ինչպիսիք են սնունդը և սուրճի դադարները։ Մեր լուծումը եղել է նիստերի գլխավոր սրահում սուրճ և այլ ըմպելիքներ ունենալը, այնպես, որ մարդիկ դիմեն, երբ իրենք պատրաստ են։ Կարիք չկա, որ ամբողջ խումբը հայտնվի թակարդում և միայն սուրճի դադարի ժամի պատճառով դադարեցնի կարեւոր քննարկումը։ Նույնը՝ կերակուրի հետ կապված։ Մենք առաջարկում ենք մի քանի ժամվա համար բաց ու հասանելի բուֆետներ, այնպես, որ մարդիկ կարողանան ուտել, երբ ուզեն։ Կա երկու բացառություն կերակուրի, սուրճի դադարի ճկուն ժամանակացույցի համար՝ բացման ճաշը, եթե կա այդպիսին, և վերջին երեկոյի ճաշը։
Բանն այն է, որ կոնֆերանսի տեղը և ժամանակը պետք է խմբի կարիքներից եւ ուսումնասիրության գործընթացից ելնելով սահմանվի, և ոչ թե խոհանոցի պահանջներից։
ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Բաց տարածքի միջոցառման ղեկավարությունը անհեթեթորեն պարզ է եւ միաժամանակ շատ խճճված: Պարզությունը բխում է այն հանգամանքից, որ խումբն ինքը պետք է ստեղծի իր սեփական ղեկավարությունը: Խճճվածությունը գալիս է նրանից, որ այդ բանը տեղի ունենա: Պահանջները, որոնք դրվում են նախնական խմբի ղեկավարի առջեւ, սահմանափակ են ու կարեւոր: Խմբի ղեկավարության սահմանափակ ասպեկտների հետ գործ ունենալը ամենահեշտն է, եւ այդ պատճառով ասվում է առաջինը: Այստեղ գործառույթներն են ժամանակ, տեղ եւ թեմա սահմանելը: Ժամանակը եւ վայրը ուղղակի որտեղի եւ երբի հարցեր են, երկուսն էլ վերը նշված են: Թեմա առաջադրելը ենթադրում է ստեղծել թեմայի գրավոր ձեւակերպումը, որը նկարագրում է, թե որտեղից է սկսում խումբը եւ որտեղ նա հույս ունի հասնել ընդհանրապես:
Այժմ խճճվածի մասին։ Բաց տարածքի ղեկավարումը պահանջում է ոճ, որն ինչ-որ մեկի համար անհարմար է եւ անարդյունավետ։ Սա մասնավորապես ճիշտ է նրանց համար, ովքեր ղեկավարումը հավասարեցնում են հսկողությանը։ Հարց չկա, երբ մենք ճշգրտորեն գիտենք, թե ինչ ենք անում եւ ուր ենք ուզում հասնել (ինչպես, հավանաբար, օրինակ, արտադրության գործընթացի դեպքում է)․ խիստ վերահսկողությունը կարեւոր է։ Սակայն բախվում ենք խնդիրների, երբ ղեկավարությունը հասկանում ենք պարզապես իբրեւ ընդլայնված կառավարում (մենեջմենթ) եւ, հետեւաբար, եթե մենեջերը վերահսկում է, ղեկավարը պետք է վերահսկի ամբողջովին։ Այսօր բաց տարածքներով աստիճանաբար ծավալվող աշխարհում բոլոր զգայուն ղեկավարները շատ լավ գիտեն, որ մեծ մասն այն բանի, ինչի հետ ստիպված են գործ ունենալ, գտնվում է իրենց վերահսկողությունից այնկողմ եւ, գուցե, ընդհանրապես վերահսկողությունից դուրս։
Ղեկավարումը՝ սահմանված իբրեւ վերահսկողություն, կարող է միայն ձախողել։ Բայց սա միակ սահմանումը չէ։ Գանդին ղեկավարին նկարագրել է իբրեւ մեկը, ով ինտուիտիվ կերպով հասկանում է, թե շքերթն ինչ ուղղությամբ է ընթանում եւ այնուհետեւ վազում է, որպեսզի հասնի դրա գլխին։ Ղեկավարության գործառույթը ուղղության առանցքը նախատեսելն է եւ ոչ թե մանդատն ու գործողության պլանի րոպե առ րոպե վերահսկումը։ Մանրամասները կարող են թողնվել շարքերին, ինչն, իմիջիայլոց, նշանակում է, որ շարքերին պետք է հավատալ։ Ոչ մի դեպքում ոչ մի ղեկավար չի կարող լուծել բոլոր խնդիրները կամ բոլոր գործողություններն ուղղորդել։ Ղեկավարումը Բաց տարածքում պահանջում է, որ հաստատվի ուղղությունը, սահմանվի տարածքը եւ պատիվ տրվի դրան եւ թողնվի ազատ։
Կա չորս սկզբունք եւ մեկ օրենք, որոնք ղեկավարի եւ բոլոր մասնակիցների համար ծառայում են իբրեւ ուղեցույց։ Սկզբունքներն են. ով գալիս է՝ ճիշտ մարդ է, ինչ պատահում է՝ միակ բանն է, որ կարող է լինել, երբ սկսվում է՝ ճիշտ ժամանակն է, երբ այն ավարտվում է՝ այն ավարտվում է։
Առաջին սկզբունքը բոլորին հիշեցնում է ակնհայտ փաստը, որ ներկաներն այնտեղ միակն են: Ինչ էլ որ արվի, կարվի նրանցով կամ ամենեւին չի արվի: Հետեւաբար՝ քիչ պատճառ կա անհանգստանալու բոլոր նրանց համար, ովքեր պետք է գան, կարող էին գալ, սակայն չեն եկել: Կարեւորը կենտրոնանալն է այնտեղ գտնվողների վրա: Փորձը ցույց է տալիս, որ ներկա գտնվող խումբը տարօրինակորեն միշտ ճիշտ խումբն է:
Ավելի գործնական առումով հայտնաբերվել է, որ եթե խումբը խորապես ներգրավված է խնդրի մեջ եւ հնարավորություններով ոգեւորված, այդ ներգրավվածությունը եւ ոգեւորությունը վարակիչ են, իսկ մյուսները շուտով կմիանան դրան: Նույնիսկ եթե առկա տեխնիկական փորձը ամենաբարձր կարգի չէ, հանձնառու խումբը կգտնի անհրաժեշտ փորձը: Այնուամենայնիվ, եթե ամբողջ ժամանակը ծախսվում է պատմելու համար միմյանց, որ խումբը ճիշտ խումբ չէ, ոչ էլ ձեռնահաս, միշտ էլ խումբը սկսում է համապատասխանել իր սպասելիքներին:
Այս ամենից եւ ոչ մեկը չպետք է ենթադրել տա, թե հավաքից առաջ չպետք է ջանք գործադրվի՝ լինելու համար համոզված, որ հրավերները տարածվել են ամենակարեւոր մարդկանց շրջանում։ Կամ, որ իսկապես այդ ամենակարեւոր մարդիկ ներկա գտնվելու համար չպետք է լինեին հատուկ հրավիրված։ Այդուհանդերձ, երբ սկսվում է հավաքը, անվիճելի փաստ է՝ ով եկել է՝ եկել է։ Այն, ինչն արվելու է, արվելու է այդ մարդկանցով կամ բոլորովին չի արվելու։ Նրանք կլինեն ճիշտ մարդիկ։
Երկրորդ սկզբունքը ակներեւի եւս մեկ ձեւակերպում է։ Հաշվի առնելով ձեռքի տակ եղած գործը եւ ներկա գտնվող մարդկանց՝ ինչ էլ որ տեղի է ունենում, միակ բանն է, որ կարող է տեղի ունենալ։ Փոխի՛ր մարդկանց, ժամանակը, տեղը, եւ արդյունքը կլինի տարբեր։ Հնարավոր է, անշուշտ, որ հավաքի արդյունքը լինի մի չնչին ձախողում, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի ժխտական արդյունքը սովորաբար ժխտական ակնկալիքների արտադրանք է։ Ակնկալեք վատագույնը եւ դուք հաճախ այն կստանաք։
Ակնկալիքներն իրականում շատ կարեւոր են։ Եղեք պատրաստ, որ գաք անակնկալի՝ դրականորեն։ Նրանք, ովքեր «Բաց Տարածք» միջոցառմանը գալիս են նախատեսված արդյունքների ճշգրիտ եւ մանրամասն ցանկով, կլինեն հիասթափված: Ավելին, նրանք անխուսափելիորեն բաց կթողնեն դրական եւ օգտակար բաները, որոնք տեղի են ունենում: Նախկինում երբեւէ չհավաքված այդ խումբը, այլեւս երբեք կրկին չի հավաքվի ժամանակի եւ տեղի մեջ: Եվ ոչ ոք չի կարող կանխատեսել ազդեցության սիներգիզմը, որը կառաջանա այն ժամանակ, երբ այդ կոնկրետ մարդիկ հավաքվեն: Որոշ դեպքերում դա կլինի ոչ օգտակար: Բայց ղեկավարի առանձնահատուկ գործառույթն է՝ բարձրացնել խմբի ակնկալիքները եւ բարձրացնել նրանց զգայունությունը հնարավորությունների նկատամբ՝ ինչպիսին էլ որ դրանք լինեն:
Ահա՛ ամենադժվար եւ կարեւոր կետը Բաց տարածքիի ղեկավարության մասին: Ղեկավարը պետք է իսկապես վստահի խմբին` գտնելու իր ճանապարհը: Ղեկավարի կողմից որոշակի արդյունքների կամ օրակարգի առաջադրման փորձերն ամբողջությամբ կվիժեցնեն գործընթացը: Ցանկացած անձ, որը լիարժեք պատրաստ չէ բաց թողնելու իր մանրամասն օրակարգը, չպետք է ղեկավարի:
Երրորդ սկզբունքը, ըստ էության, սխալ կթվա նրանց համար, ում կյանքը թելադրված է ժամացույցով․ մի բան, որը հիմնականում բոլորիս է վերաբերում: Համընդհանուր իմաստությունն ասում է, որ եթե ուզում եք ինչ-որ բան անել, պետք է սկսեք ժամանակին: Համընդհանուր իմաստությունը ճիշտ է այնքան ժամանակ, քանի դեռ գիտեք, թե ինչ և ինչպես եք պատրաստվում անել: Մյուս կողմից, երբ ներգրավված են ստեղծագործական եւ իրական ուսումնասիրությունը, ժամացույցը կարող է ավելի շատ վնասակար լինել, քան օգտակար: Գործերը կսկսվեն, երբ պատրաստ են, և երբ սկսեն՝ ճիշտ ժամանակն է: Իրականում, երբ հասնում է ստեղծագործական ուսումնասիրության ժամը, կարծես թե այն իր ժամանակն է ստեղծում, կամ այլ կերպ է դրա հարցը դնում, ժամացույցն այլևս շատ մեծ նշանակություն չի ունենում: «Բաց տարածք» միջավայրը ստեղծում է ստեղծագործական գործունեության համար կենարար կարգավորում, եւ նրանք, ովքեր պետք է ղեկավարեն այդ միջավայրում, իրենց աչքը պետք է պահեն ստեղծագործական գործընթացի վրա եւ մոռանան ժամացույցի մասին: Երբ դա «տեղի է ունենում», տեղի է ունենում իր ժամանակին, եւ առավոտյան 10-ի համար արված բեկումնային պլանավորումը Բաց տարածքում ոչ միայն անօգուտ է, այլեւ կատարելապես ավերիչ:
Բաց տարածքի միջոցառուները պետք է, անշուշտ, տեղի ունենան ժամանակի մեջ, ինչը նշանակում է, որ պետք է լինի սկզբի ժամ եւ փակման ժամ։ Բայց միջնամասում ամեն ինչին պետք է թույլ տրվի շարժվել իր ընթացքով։
Վերջին սկզբունքը՝ «երբ ավարտվել է՝ ավարտվել է», կրկին ձևակերպում է ակներևը, բայց դա այն պահն է, որը մենք կարող ենք մոռանալ: Խորը ուսումնասիրությունն ու ստեղծագործությունը երկուսն էլ ունեն իրենց ներքին կյանքի փուլը: Նրանք կարող են պահանջել շատ կամ քիչ ժամանակ, բայց երբ ավարտվում են, ավարտվում են: Երբեմն դա նշանակում է, որ պետք է ավելի շատ ժամանակ ծախսենք, քան պլանավորել էինք, բայց ավելի հաճախ հակառակն է ճշմարիտ: Քանի որ ստեղծագործական պահը ունի շատ արագ տեղի ունենալու վատ սովորություն, միայն այն, որ նիստի կամ հանդիպման համար նախատեսված էր երկու ժամ, հիմք չի տալիս նստել եւ շարունակել այն բանից հետո, երբ պահն անցել է: Երբ այն ավարտվել է, այն ավարտվել է։
Վերջապես գալիս ենք բաց տարածքի միակ օրենքին: Միայն այն իմաստով է դա օրենք, որ բոլոր մասնակիցները պետք է դրան հետեւեն, հակառակ դեպքում գործընթացը չի աշխատի: Մենք այն անվանում ենք Երկու ոտքի օրենք: Կարճ ասած, այս օրենքն ասում է, որ յուրաքանչյուր մարդ ունի երկու ոտք եւ պետք է պատրաստ լինի օգտագործել դրանք: Բաց տարածքի ցանկացած իրադարձության հաջող ելքի պատասխանատվությունն ընկնում է հենց մեկ անձի՝ յուրաքանչյուր մասնակցի վրա: Անհատները կարող են փոխել եւ պետք է փոխեն: Եթե տվյալ իրավիճակում դա այդպես չէ, ապա նրանք եւ միայն նրանք պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց երկու ոտքն օգտագործելու համար եւ տեղափոխվեն նոր տեղ, որտեղ նրանք կարող են փոխել: Այս հեռանալը չպետք է արվի բարկությամբ կամ թշնամանքով, այլ միայն հարգանքի տուրք մատուցելուց հետո այն մարդկանց, ովքեր ներգրավված են եւ տարածք են զբաղեցրել: Մեկ բառով կամ ժեստով նշեք, որ դուք այլեւս չեք կարող բերել որեւէ նպաստ, մաղթեք նրանց հաջողություն եւ գնացեք ու արեք օգտակար ինչ-որ բան:
Ինչպես որ կան մարդիկ, ովքեր չպետք է ղեկավարեն Բաց տարածքը, կան նաեւ իրավիճակներ, որոնցում Բաց տարածքի տեխնոլոգիան պատշաճ չէ եւ իրականում կարող է լինել հակաարդյունավետ: Բաց տարածքի տեխնոլոգիան արդյունավետ է, երբ պահանջվում է իրական ուսումնասիրություն, նորարարություն եւ հեռացում նորմայից: Երբ դուք համոզված չեք, թե որտեղ եք, եւ ոչ էլ ձեզ համար ավելի հստակ է, թե ուր եք ուղեւորվում ու լավագույն մտածողության եւ աջակցության պահանջն ունեք բոլոր նրանցից, ովքեր ցանկանում են ներգրավվել, Բաց տարածքի տեխնոլոգիան միջոցներ կտրամադրի։
Մյուս կողմից, եթե ներկայիս դրությունը եւ ապագա դիրքորոշումը բյուրեղի պես հստակ են, Բաց տարածքի տեխնոլոգիան, բոլոր միջամտող քայլերի հետ մեկտեղ, ոչ միայն ժամանակի վատնում է, այլեւ կլինի շատ տհաճ: Շատ պարզ մի օրինակ՝ եթե ձեռքի տակ եղած խնդիրը հայտնի տեխնոլոգիաների կիրառումն է, ինչպիսիք են տեքստային մշակման ծրագիրը կամ գրասենյակային հաստատված կարգը, մարդկանց ստեղծագործականության եւ հնարամտության հրավիրելը լիովին անտեղի է եւ անպատեհ: Նրանք պարզապես պետք է սովորեն անհրաժեշտ հմտություններն ու մեթոդները: Գաղտնիք չկա: Պարզապես արա՛ դա։
ԲԱՑ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ-ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԵՐԱԾՈՒՄԸ
Նախաբանը դնելով մի կողմ՝ այժմ գանք միջոցառմանը։ Ստորև շրջայցն է ձևաչափի, որը մենք գործածել ենք։ Բայց խնդրում ենք դրան չվերաբերել իբրև անփոփոխելի գրություն։ Ձեր խմբի պահանջները եւ ձեր սեփական ոճն, ի վերջո, կսահմանեն լավագույն ուղին։
Եթե ձեզ համար, որպես ղեկավար, սա «առաջին անգամն է», մենք խստորեն առաջարկում ենք, որ անցնեք պրակտիկա: Սկսե՛ք կատարելապես ծանոթանալ ստորեւ տրամադրված շրջայցի նյութին: Պատկերացրե՛ք, որ դուք, փաստորեն, ղեկավարում եք խումբ եւ կարդացե՛ք սցենարը: Կատարե՛ք դա այնքան մինչեւ չունենաք սցենարի կարիքը եւ շարժվեք մեկ քայլ առաջ: Մոռացե՛ք սցենարի խոսքերը եւ օգտագործեք ձերը: Այդ պահին, հավանաբար, պատրաստ եք իրական խմբի համար, բայց ձեր առաջին ջանքը մի՛ դարձրեք «կարեւոր»: Գտե՛ք որոշ ընկերներ եւ գործընկերներ, որոնք պատրաստ են փորձի համար լինել ծովախոզուկներ: Նրանք պետք է զվարճանան, ուստի՝ դուք էլ: Որպես փաստ, զվարճանքը հիմնական ցուցիչն է նրա, որ դուք պատրաստ եք վերցնել իրական խումբը: Եթե դա հաճելի չէ, մի՛ արեք: Գուցե դուք դա երբեք չպետք է անեք, կամ գուցե պարզապես ձեզ անհրաժեշտ է ավելի շատ պրակտիկա: Բայց ԶՎԱՐՃԱՑԵ՛Ք: Ենթադրե՛ք, որ ձեր խումբը հիմա հավաքված է շրջանագծով՝ իր հետեւում ունենալով դատարկ մեծ պատ: Դուք քայլում եք դեպի կենտրոն եւ սկսում:
«Այս հավաքի համար մեր թեման _________ է։ Գալիք _________օրերի ընթացքում զարգացնելու ենք մեր լավագույն մտքերը մեր թեմայի հետ կապված խնդիրների և հնարավորությունների շուրջ։
Քանի որ սկսում ենք, ցանկանում եմ, որ նկատեք դատարկ պատը։ Սա մեր օրակարգն է։ Զուտ հետաքրքրությունից դրդված՝ քանի՞ անգամ եք եղել ժողովի, որտեղ օրակարգը կատարելապես դատարկ պատը եղած լիներ։ Եթե հարցնում եք, թե ինչպես եք երբևէ մտել այս ամենի մեջ կամ, անգամ ավելին, ինչպես դրանից երբևէ դուրս կգաք, ուրեմն պետք է իմանաք, որ Բաց տարածքի տեխնոլոգիան թեպետ նոր մոտեցում է, բայց չփորձված չէ։ Բազմաթիվ խմբեր ողջ աշխարհով մեկ, որոշները մինչեւ չորս հարյուր հոգի մեծությամբ, մեկ ժամից էլ պակաս ժամանակում կանոնավորապես ստեղծում են իրենց օրակարգը բազմօրյա հանդիպումների համար։ Նրանք այնուհետեւ անցնում են ամբողջ գործի ինքնակառավարմանը։ Թեպետ սա մրցույթ չէ, չկա ոչ մի պատճառ, որ դուք դա անեք պակաս հաջող կերպով, քան նրանք, ովքեր նախորդել են ձեզ»։
Արժե այստեղ մի պահ կանգ առնել։ Թույլ տվեք նրանց դիտել դատարկ պատը և իսկապես հասկանալ, որ չկա այլ օրակարգ, բացի նրանից, որ իրենք կստեղծեն։ Որոշ մարդիկ կսկսեն իրենց զգալ բավականին լարված, իսկ մյուսները բացահատորեն կլինեն այդպիսին, բայց նյարդայնությունը (անհանգստությունը) այս պահին դրական է, քանի որ այն ներկայացնում է առկա էներգիան կամ ոգին, որը սոսկ սպասում է արտադրվելու։ Արվեստը բավարար չափով սպասելու մեջ է՝ այն արտադրելու համար, բայց ոչ այնքան երկար, որ մարդիկ հարցականի տակ դնեն այն, ինչն անում են կամ, որ ավելի վատ է, սկսեն քննարկում գործընթացի ամբողջության շուրջ։ Եթե սկսվում է այս տեսակի քննարկում, դուք կկորցնեք պահը։ Ուստի, մի պահ դադարից հետո շարունակեք։
«Այստեղից այնտեղ գնալու համար մենք կգործածենք երկու շատ պարզ մեխանիզմ՝ տեղեկագրերի համայնքային տախտակը և գյուղական շուկան։ Մի քանի րոպեից ես ձեզ կխնդրեմ առանձնացնել ցանկացած խնդիր կամ հնարավորություն, որ տեսնում եք մեր թեմայի հետ կապված, տալ դրան կարճ վերնագիր և գրել այն թղթի կտորի վրա։ Այնուհետեւ կանգնե՛ք խմբի առջև և ասացե՛ք, թե որն է ձեր խնդիրը, եւ այդ թերթը փակցրե՛ք պատին։ Համոզվե՛ք, որ այդ խնդրի նկատմամբ դուք իրական կիրք ունեք, և որ դա ուրիշի անելը լավ գաղափար չէ, քանի որ դուք է, որ պետք է ստանձնեք քննարկման անձնական պատասխանատվությունը։ Սա նշանակում է նաև ասել, թե խումբը որտեղ և երբ կհանդիպի, գումարել խումբը և ձեր քննարկման արդյունքները մտցնել մեր համակարգչի մեջ (եթե դուք համակարգիչ եք օգտագործում)։ Դուք կարող եք առաջարկել այնքան հարց, որքան ցանկանում եք, և եթե օրվա վերջին ձեր խնդիրը չգտնեք պատին, կա միայն մեկ մարդ, ումից կարող եք բողոքել՝ դա դուք եք։
Հենց որ բոլոր հարցերը վեր հանված լինեն, այդ ժամանակ մենք կբացենք գյուղական շուկան և բոլորը կհրավիրվեն պատի մոտ՝ գրանցվելու համար այնքան քիչ կամ շատ խմբերի, որքան ցանկանում են․ այդտեղից սկսած դուք պատասխանատու եք։
Նույնիսկ եթե Բաց տարածքը իսկապես բաց է, կան մի քանի սկզբունքներ և մեկ օրենք, որոնք կարիք ունենք մեր մտքում պահելու։ Չորս սկզբունքներն են . . . [տե՛ս վերը] եւ Օրենքը, որը մենք անվանում ենք Երկու ոտքի օրենք։ Ամեն մեկն էլ ունի դրանք . . . [տե՛ս վերը]»։
Մտքի մեջ պահելով չորս սկզբունքները մեկ օրենքի հետ մեկտեղ՝ այժմ գործի անցնելու ժամանակն է։ Այդ գծի վրա մեկ հարց կա, որ առաջանում է․ որո՞նք են այն խնդիրները և հնարավորությունները, որոնց նկատմամբ դուք ունեք իրական կիրք և կստանձնեք իսկական պատասխանատվություն։
Եվ երբ դուք առանձնացրել եք մի խնդիր կամ ոլորտ, տվե՛ք դրան կարճ վերնագիր, գրե՛ք այն թղթի վրա և ստորագրե՛ք։ Եւ ներքեւում տեղ թողե՛ք ուրիշներին՝ գրանցվելու համար»։
Եթե դուք ունեք համեմատաբար մեծ խումբ (25 և ավել), շրջանակի կենտրոնում օգտակար է ունենալ թղթի կտորների կույտ։ Մոգական մարկերների կողովը եւս կօգնի։ Թղթի կտորը պետք է լինի բավականաչափ մեծ, այնպես, որ երբ պատին փակցվի, լինի մոտավորապես տասը ոտնաչափ հեռավորությունից հեշտ ընթեռնելի։
«Հենց որ պատրաստ եք, ելե՛ք ոտքի այնտեղ, որտեղ գտնվում եք, ընթերցե՛ք ձեր վերնագիրը և թերթը փակցրե՛ք պատին։ Մի՛ սպասեք, որ ձեզ ասեն։ Գնացե՛ք, երբ որ պատրաստ եք»։
Շարունակե՛ք շարժվել մինչեւ բոլորն իրենց թեմաները, որոնց շուրջ ուզում են աշխատել, փակցրած լինեն պատին։ Կլինի որոշակի աղմուկ և խառնաշփոթ, ինչը դրական է և լավ, բայց պահե՛ք այն մի քիչ ցածր, որպեսզի մարդիկ կարողանան լսել։ Ամենակարևորը՝ թույլ մի՛ տվեք, որ մարդիկ այդ պահին սկսեն քննարկում որեւէ թեմայի շուրջ։ Դրա համար դեռ շատ ժամանակ կլինի։
Երբ թվա, թե բոլոր թեմաները փակցվել են պատին, հարցրե՛ք, թե արդյո՞ք էլի թեմաներ կան, և խմբի ուշադրությունը ուղղե՛ք պատին։ Եթե ձեր խումբը նման է բոլոր մյուսներին, որոնց հետ աշխատել ենք, պատը հիմա պետք է լինի ծածկված անելիքներով։ Դուք կարող եք մոտավորապես այսպիսի մի բան ասել։
«Ձեզնից նրանք, որոնք կուզենային իմանալ, թե արդյո՞ք պետք է ինչ-որ բան անենք, կարող եք նայել մեր պատին։ Կարող եք նաև նշել, որ մեր օրակարգի համար առաջացրել ենք թեմաներ ____ էլ պակաս րոպեի ընթացքում։
Մեր հաջորդ քայլը պարզելն է, թե ով ինչ, երբ և որտեղ կանի։ Առաջ շարժելու համար այդ գործը, ես կխնդրեի յուրաքանչյուրին, ով պատին ունի մի թեմա, գնա և տակը գրի ժամանակն ու այն տեղը, որտեղ նրա խումբը կհանդիպի։
Համոզվե՛ք, որ ձեր անունը թերթի վրա է։ Օրինակ՝ ձեր խումբը կհանդիպի ժամը 10-ից մինչեւ 12-ը կոնֆերանսի սրահի այսինչ մասում կամ գուցե դրսում՝ լողավազանի մոտ։ Տարածքն առաջինն է, առաջին հիմքը»։
Ծրագրի այս մասից առաջ ղեկավարը պետք է հրապարակի հանդիպումների համար հասանելի տեղերի ցանկը։ Իհակե, եթե դուք միակ խմբային ժողովն եք կոնֆերանսի կենտրոնում, տարածքի խնդիրը պարզանում է և խմբերը կարող են հանդիպել այնտեղ, որտեղ կզգան հարմարավետ։
«Կոնֆլիկտների համար մի անհանգստացեք։ Մենք այդ ամենը կկարգավորենք մեկ վայրկյանում։ Հենց որ ընտրել եք ժամանակը, տեղափոխե՛ք թղթի կտորը դեպի պատի համապատասխան տեղը։ Եթե դուք ցանկանում եք ավելի վաղ, դրե՛ք այն ձախ կողմում։ Հանդիպման վերջի համար այն դրե՛ք աջից։ Նրանք, ովքեր ցանկանում են հանդիպել միջնամասում, դրե՛ք այն միջնամասում»։
Մեկ օրից ավել տևող հանդիպումների համար օգտակար է պատը կպչուն ժապավենով բաժանել նույնքան հատվածների, որքան օր կա։ Դուք կարող եք նաեւ յուրաքանչյուր օրվա սկզբին հրապարակել առավոտյան հայտարարությունները՝ նշելով ժամը, և երեկոյան նորությունները՝ ճիշտ ընթրիքից առաջ։
«Մինչ նրանք դա են անում, մնացածը ևս կարող են կանգնել և աչքի անցկացնել տարբեր առաջարկները։ Երբ գտնում եք մեկը, որը ձեզ հետաքրքրում է, որտեղ դուք կարող եք ուսումնասիրել կամ ներդնել ձեր լուման, գրանցե՛ք ձեր անունը ներքևում։ Գրանցվե՛ք այնքան, որքան ցանկանում եք, մի՛ վախեցեք կոնֆլիկտներից։ Մենք դրանց մասին կհոգանք մեկ րոպեում։ Կարող է մի փոքր քաոսային թվալ, բայց պարզվում է, որ քաոսն այն ուղին է, որով մտքի դաշտերն են մշակվում այնպես, որ նոր գաղափարներ կարողանան զարգանալ»։
Այս պահին գործերը, հավանաբար, շատ աղմկոտ պիտի ընթանան, և ոմանք կարող են ասել՝ քաոսային։ Ղեկավարները, որոնք սովորություն ունեն գործել հարաբերական անդորրի մեջ և խիստ կարգով, կարող են նյարդայնանալ։ Նյարդայնանալը նորմալ է, բայց մի՛ փորձեք շտկել իրավիճակը։ ԽՈՒՄԲՆ ԻՆՔԸ ԿՀՈԳԱ ԴՐԱ ՄԱՍԻՆ։ Թեթևակի քաոսն այս պահին լավ և անհրաժեշտ բան է։ Նախ և առաջ, հավանաբար, յուրաքանչյուր ոք կարիք ունի ձգվելու եւ զրույցի։ Բայց աճող աղմուկի մեծ մասը դրական ցուցիչ է, որ խումբը սկսում է աշխատել, և տեղի են ունենում լավ բաներ։
Թող խումբը քլթքլթա մի քանի րոպե, բայց շուտով որոշ մարդիկ կսկսեն կոնֆլիկտներ ունենալ։ Նրանք կգնան երկու տարբեր խումբ, որոնք հանդիպում են նույն ժամին։ Կամ տարբեր խմբեր իրենց հանդիպումը նշանակել են նույն ժամին նույն տեղում։ Երբ զգում եք, որ սա տեղի է ունենում կամ եթե նույնիսկ՝ ոչ, վեր կացեք և գրավե՛ք խմբի ուշադրություն։ Գուցե պետք է բարձրացնեք ձեր ձայնը, բայց աղմուկը գործին չի խանգարի։
«Ձեզնից ոմանք կարող են ունենալ որոշ կոնֆլիկտներ, բայց դրանք լուծելը հեշտ է։ Սա կոչվում է բանակցություն։ Եթե դուք ուզում եք գնալ խմբային երկու հանդիպման, գտե՛ք խմբի ղեկավարին և տեսե՛ք՝ արդյո՞ք նրանք կարող են միացնել իրենց նիստերը կամ փոխել իրենց ժամերը։ Իհարկե, եթե նրանք չեն ցանկանում դա անել, դուք պարզապես պետք է ընտրություն կատարեք, բայց սա է կյանքը։
Այդ պահից սկսած ինքներդ ձեզնով եք։ Հենց որ ձեր խումբը պատրաստ է աշխատանքի, գնացեք դրա մոտ։ Մենք ձեզ բոլորիդ կտեսնենք այստեղ ժամը ______ ին [երեկոյան նորություններին, ամփոփիչ նիստին, ինչ պատահի]»։
Մենք համարում ենք, որ այս պահին ղեկավարի համար շատ օգտակար է իսկապես դուրս գալ տարածքից, գոնե մեկ բաժակ սուրճի համար։ Սա ցույց է տալիս, ինչպես գրեթե ոչ մի այլ բան, որ յուրաքանչյուր անհատ և ամբողջ խումբը հիմա պատասխանատու են այն բանի համար, ինչը տեղի է ունենում։ Այժմվանից սկսած ղեկավարի դերը շատ քիչ է տեսանելի, բայց խիստ կարևոր է։ Կան, իհարկե, անելու որոշ առանձնահատուկ բաներ, ինչպես օրինակ, առավոտյան նորությունների, երեկոյան նորությունների, փակման նիստի հրավիրումը։ Ղեկավարը պետք է նաև անի կոնֆերանսի արդյունքների հավաքման կարգավորումները, եթե պաշտոնական որոշումներ, քննարկումների արձանագրություն պահանջվում են։ Սա կարող է լինել նույնքան հեշտ, որքան գրառումներով լի թերթի, շարժական գրատախտակների կամ համակարգչային հասանելիության ապահովումն ու գործածումն է։
Ղեկավարների անելիքների ցանկի ամենակարևոր գործառույթներից մեկը սրահի մասին հոգալն է, նաեւ՝ պատի, որտեղ գտնվում է ստեղծված օրակարգը։ Մենք կարծում ենք, որ շատ ժամանակ ենք ծախսում սրահում՝ երբեմն անելով մի փոքր ավել, քան սուրճի բաժակները հավաքելն է կամ օրակարգի պոկված թերթերը կրկնօրինակելը։ Կարող է թվալ տրիվիալ եւ ոչ օգտակար, բայց խորհրդանշական մակարդակում դա ղեկավարի՝ ընդհանուր տարածքի մասին հոգալու հզոր հայտարարություն է։ Ավելի գործնական մակարդակում սովորաբար պարզվում է, որ նախնական հանդիպման սրահը խաղում է «առաքելության վերահսկողության» դեր։ Սա այն տեղն է, որտեղով վաղ թե ուշ յուրաքանչյուր ոք անցնում է՝ տեսնելու համար, թե ինչ է տեղի ունենում կամ ուր կարող է գնալ հաջորդիվ։ Պարզապես լինելով այնտեղ՝ կարելի է աչքը պահել տախտակների վրա, այն բանի վրա, թե ինչպես է ամեն ինչ ընթանում։
Ղեկավարի գլխավոր գործառույթն, այդուհանդերձ, որոշակի առանձնահատուկ բաներ անելը չէ, այլ Բաց տարածքի մթնոլորտի պահպանումը։ Շատ դեպքերում սա մի փոքր ավելին է ենթադրում, քան քայլելը և աչքի անցկացնելը, թե գործերն ինչպես են ընթանում։ Երբ դժվարություն է պատահում, կարևորը ոչ թե պատասխանատվությունը ստանձնելն է, այլ այն դնելը նրա վրա, ով պետք է այն կրի։ Օրինակ՝ քիչ հավանական է, որ մասնակիցներից մեկը կամ երկուսը իրենց զգան թեթեւակի կորած եւ գան ղեկավարի մոտ՝ հուսալով, որ իրենց կասի, թե ինչ անեն։ Պատշաճ պատասխանը կլինի հարցը՝ «ի՞նչ եք ցանկանում անել»՝ հաջորդված մի վստահությամբ, որ ոչ մի սխալ չկա ոչինչ չանելու մեջ։ Պարզապես կարող է պատահել որոշ անհատների եզակի ներդրումը արվի ծառի տակ նստելով եւ իրենց բոլորի մասին մտածելով։ Նման մտածողության արդյունքը կարող է երևալ հետագա նիստերից մեկում, երեկոյան նորությունների ժամանակ կամ վեց շաբաթ անց՝ ընկերության հանդիպման ժամանակ։ Բաց տարածքը պահանջում է իրական ազատություն եւ իրական պատասխանատվություն։
Երբեմն խիստ եռանդուն մասնակիցները զգում են, որ իրենց գաղափարները այնքան կարևոր են կամ հզոր, որ յուրաքանչյուր առանձին խումբ (կամ նույնիսկ ողջ կոնֆերանսը) պետք է ուշադրություն դարձնի եւ լսի։ Սա պետք է զգուշորեն վերացվի հենց արմատից։ Ելքը նրանում չէ, որ մարդուն մարտահրավեր նետեք, այլ հավաքված խմբին հիշեցնեք Երկու ոտքի օրենքի մասին։ Եթե որևիցե մեկը իսկապես ցանկանում է լսել, նա դա կանի։ Բայց եթե դա չէ նրանց ցանկությունը, երկու ոտք ունեն, որոնք պետք է օգտագործեն։ Կարիք չկա վիճել կամ բղավել, պարզապես շնորհակալություն հայտնեք խմբին եւ հեռացե՛ք։ Եսամոլները արագորեն հասկանում են իրավիճակը, երբ բոլորը հեռանում են։
անգլերենից թարգմանեց Նազարեթ Կարոյանը
Դիտվել է 459 անգամ