Պարտադիր կենսաթոշակային վճարումները դարձել են վերջին ամիսների ամենաթեժ քննարկումների առարկան: Իշխանությունը պնդում է, որ դա պարզապես առիթ է ընդիմության համար, իսկ ընդիմությունը նշում է, որ այն չի կարող ընդունվել, երբ կա մեծ անվստահություն կառավարության նկատմամբ: Մյուսները նշում են օրենքի մեջ առկա աղաղակող թերությունները: Դավադրության տեսության կողմնակիցները համարում են, որ կառավարության բութ համառությունը պայմանավորված է նրանով, որ «վերևներում» մեծ «օտկատներ» են սպասում: Ամեն ինչ ճիշտ է, բացի նրանից, որ վերլուծություն չկա:
Ըստ էության, ձգտում են վերացնել սերունդների համերաշխության մոդելը՝ այն փոխարինելով էգոիստական ֆինանսական մոդելով: Նախ, կարծում եմ, որ ընդիմության ամենամեծ փաստարկը պետք է լիներ խորհրդային ավանդների անվերադարձ մնալը՝ ինչպես Քոչարյանի, այնպես էլ՛ Սերժ Սարգսյանի տարիներին: Ավանդները չվերադարձվեցին, երբ գործերը լավ էին գնում, և երբ հետնթաց էր: Ակնհայտ է, որ 40 տարի հետո, եթե նույնանման կառավարություն լինի, նա էլ կհրաժարվի մարդկանց վերադարձնել իրենց խնայողությունները կուտակված կենսաթոշակային ֆոնդերում: Եթե, իհարկե, կապիտալիզմ լինի 40 տարի հետո: Եթե չլինի, ապա առավել ևս. սա կոչվում է «ֆորս մաժոր»:
Պատկերացրեք, որ 40 տարի հետո կապիտալիզմ չի լինելու: Դե, նոր աշխատավորական կամ այլ իշխանությունը ասելու է. փողերը տվել եք կապիտալիստներին, նրանցից էլ ուզեք: Իսկ Սերժ և Տիգրան Սարգսյանները իրենց բազմանդամ ընտանիքների հետ հաճույքներ են վայելելու մի ինչ-որ օֆշորային կղզիներում: Իհարկե, կարելի է գնալ և նրանց բոլորի հետ հաշիվները մաքրել, բայց դա լուծում չէ:
Այսպիսով, մենք պետք է «մուծվենք» կապիտալիստներին, որպեսզի թալանչիական համակարգը պահպանի կայունությունը: Այստեղ, կարևոր է, որ առանց մեր կամավոր-պարտադիր «մուծումների» համակարգը չի կարող պահպանել իր գոյությունը: Կապիտալիզմը դեն է նետում իր ազատական և դեմոկրատական դիմակները և ցույց է տալիս իր գազանական ժանիքները: Դեռ Մարքսն էր ասել, որ կապիտալիզմը գազանություն է և, որ ազատական և դեմոկրատական դիմակները նա հագնում է, երբ ճգնաժամ չկա: Հետխորհրդային տարիներին հայաստանյան կապիտալիզմին կարիք չկար հագնել ազատական և դեմոկրատական դիմակները, այն միանգամից բռնեց գազանության և բարբարոսության ուղին: Հայաստանում կապիտալիզմը միանգամից ընտրեց հասարակության ամենանողկալի անդամներին, հասարակության առնետներին և պարազիտներին, բարբարոսներին, դեբիլներին և այլասերվածներին, մաֆիոզիներին և անբարոյականներին՝ իր հաղթարշավը ապահովելու համար:
Այսպիսով, վերադառնանք կենսաթոշակային հիմնադրամներին: Անշուշտ, նրանց հիմնական նպատակը հասարակությունը ոչնչացնելն է: Պատկերացրեք մի ծայրահեղացված իրավիճակ, երբ տարիներ անց կապիտալիզմ է և ինչ-որ մեկը ստանում է ցանկալի կենսաթոշակը: Իհարկե, նա տղամարդ է, իսկ նրա կինը՝ տնային տնտեսուհի: Նա ունի միլիոն, կինը՝ համարյա ոչինչ: Դե, պարզ է, որ նա մի կողմ է շպրտում իր պառավ ընկերակցին և գտնում է ջահել ուկրաինուհու: Դա է պահանջում կապիտալիզմի գազանային բնույթը, կարելի է ասել, խոզական էգոիզմ՝ մինչև իր տրամաբանական ավարտը:
Բայց նույնիսկ նրանք, ովքեր խոզային էգոիզմի կրողներն են, նրանց էլ կենսաթոշակային հիմնադրամների գաղափարը դուր չի գալիս: Դա հասկանալի է՝ «ֆորս մաժորի» հավանականությունը նրանց զրկում է սլավոնական գեղեցկուհու հետ Կայմանյան տիպի կղզիներում հաճույք վայելելու հնարավորությունից:
Անողոք՝ աշխատավորների շահերը արհամարհող տեսության օրինակ է համարվում նեոլիբերալիզմը, որի գաղափարները իրականացնող օրինակելի քաղաքական գործիչներից էին Պինոչետը, Թետչերը, Ռեյգանը և այլն: Վերջինիս` Ռեյգանի գաղափարների ճակատագիրը առավել հետաքրքիր է: Գաղափարախոսությունը իր տարածման համար պահանջում է հերոսներ, որոնք մարմնավորում են դրանք: Ռեյգանի համար այդ հերոսներն էին Ստալոնեն և Շվարցնեգերը, հայաստանյան նեոլիբերալիզմի համար՝ Նունե Եսայանը և մյուս ռաբիզ աստղերը:
Բայց Հայաստանի դեպքում իշխանության համար կարևոր է նաև ժողովրդի բողոքը արյան մեջ խեղդելու իրավունքը հիմնավորելը: 90-ականներին հայրենասիրական դիսկուրսը պտտվում էր Անդրանիկի կերպարի շուրջ: Անդրանիկին բարեհաջող մոռացան և առաջ քաշվեց հակակոմունիստ Նժդեհի կերպարը: Փառաբանվում են նրա տարբեր բարեմասնությունները, բայց շրջանցվում է Տաթևի քարափների վրա շուրջ հազար կոմունիստների և նրանց համակիրների սպանությունը, չնայած, հավանաբար, ուղերձը հենց դա է: Չնկատել Տաթևի սպանդի և 2008 թվականի մարտի մեկի միջև զուգահեռները՝ անհնար է: Բայց կյանքը փոփոխական է և շարժուն ընթացք է: Սա Հայաստանին չի վերաբերվում. այս երկրում ապրելը սրտախառնուք է առաջացնում, որովհետև երկրի դեմքը որոշում է սաունա-կազինո-եկեղեցի «սուրբ երրորդությունը»:
Անցյալ տարի դուրս եկավ «Փախուստի ծրագիր» ֆիլմը, որի գլխավոր հերոսների դերերում հանդես են գալիս Ստալոնեն և Շվարցնեգերը: Ստալոնեի հերոսը իր նպատակը նկարագրում է զուտ լիբերալ-պահպանողական կատեգորիաներով: Ստալոնեի հերոսը ձգտել է, որ բանտերում հայտնված հանցագործները չկարողանան փախչել: Արդարադատությունը պետք է կատարյալ լինի: Ինչ կլինի, եթե հանցագործը կարողանա փախչել. նա կսկսի հետապնդել իրեն հալածողներին: Նրա դիսկուրսը լիբերալ է, որովհետև իրավական է:
Բայց նա հայտնվում է բանտում նաև իր գործընկերոջ ջանքերով: Դե, կապիտալիզմ է, փողը և էգոիզմը առաջին տեղում են: Այնտեղ նա հանդիպում է Առնոլդ Շվարցնեգերի հերոսին, որի հետ փորձում են փախուստ կազմակերպել: Շվարցնեգերի հերոսը անարխիստ է, որի նպատակը՝ գլոբալ ֆինանսական համակարգը փլուզելն է:
Ինչ կցուցանե այս ֆիլմը: Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին Ռեյգանի համար եղան նրա գաղափարների գեղարվեստական մարմնավորողները, այսօր ատելությամբ են լցված ֆինանսական կապիտալիզմի հանդեպ: Մեզ` նրանց ատելությունը:
Վարդան Ջալոյանը, ծնված 1962 թվականին, սովորել է Մոսկվայի Ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտում: Նա մշակութաբան և արվեստի քննադատ է: Վարդան Ջալոյանը հանդիսանում է Արվեստի քննադատների միջազգային ասոցացիայի անդամ, ինչպես նաև «Արտ Լաբորատորիա» քաղաքական արվեստի խմբի անդամ է:
Դիտվել է 1140 անգամ