Անցած 2013 թվականին անդադար ցույցեր էին տեղի ունենում Չիլիում պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ. այժմ Հայաստանի կենսաթոշակային համակարգը փորձ է արվում բարեփոխել չիլիական օրինակով: Ի՞նչից են դժգոհ չիլեցիները, որոնք դեռևս 1981 թվականից են սկսել վճարել պարտադիր կուտակային սկզբունքով:
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 2013 թ. գարնանից նոր թափով բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:1 Ցույցերը կազմակերպվում են տարբեր արհմիությունների, «Քաղաքացիները հանուն արժանապատիվ կենսաթոշակի» և Confech ազգային ուսանողական կազմակերպության կողմից:
Մասնավոր ֆոնդերի միջոցով գործող կենսաթոշակային այս համակարգը ներդրվել է 1981 թվականին բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ, երբ բացակայում էր ռեֆորմի իրականացման համար անհրաժեշտ ժողովրդավարական լեգիտիմությունը: Խոսե Պինյերան՝ Չիլիի ներկայիս նախագահ Սեբաստիան Պինյերայի եղբայրը, այն ժամանակ աշխատանքի նախարարն էր: Նա այդ կենսաթոշակային բարեփոխումը նախաձեռնել էր՝ հենվելով Չիկագոյի դպրոցի գաղափարների վրա, որոնց գլխավոր ներկայացուցիչներից մեկը մոնետարիստ Միլտոն Ֆրիդմանն էր:
Բոլոր աշխատողները պարտավոր են իրենց ամսական եկամտի 13 տոկոսը վճարել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին: Բացառություն են կազմում գործարարներն ու զինծառայողները: Վերջիններս մինչ օրս կենսաթոշակ են ստանում բաշխողական սկզբունքով ֆինանսավորվող ծրագրով: Ընդ որում, կենսաթոշակային հիմնադրամները վարչական ծախսեր են կատարում, որոնք օրենքով սահմանված չեն: Իսկ ֆոնդերը վերահսկվում են պետական մարմնի կողմից:2
Չիլիի տարիներ շարունակ գովաբանվող կենսաթոշակային բարեփոխումը որպես օրինակ օգտագործել են մի շարք երկրներ: Սակայն արդեն իսկ այսօր պարզ է, որ դրված նպատակներից ոչ մեկը չի իրականացել: Ընդհակառակը, այն ստեղծում է ավելի մեծ աղքատություն կենսաթոշակառուների շրջանում և սոցիալական ավելի խորը անհավասարություն: Պատճառները, հիմնականում, աշխատավարձերի ցածր մակարդակն է, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդերի բարձր վարչական ծախսերը: Բացի այդ, ամսական եկամտից վճարվող մասնաբաժինը չափազանց քիչ է՝ բավարար կենսաթոշակ ապահովելու համար: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ կանայք էականորեն ոչ շահավետ պայմաններում են հայտնվում, ինչը պայմանավորված է անկանոն աշխատանքով և երեխաների խնամքի հետ կապված ժամանակահատվածով: Չիլիում արձանագրված բարձր տնտեսական աճը համարժեք կերպով չի արտացոլվել կենսաթոշակային ֆոնդերի մատուցած ծառայությունների վրա:
Պրակտիկ կիրառման մեջ Չիլիի կենսաթոշակային համակարգը լուրջ խնդիրներ է առաջացրել: Մարդկանց զգալի մասը դուրս է մնում համակարգից այն պատճառով, որ ի վիճակի չէ պարբերաբար նման բարձր տոկոսադրույքով վճարումներ կատարել սեփական աշխատավարձից կամ էլ ընդհանրապես մշտական կանոնավոր եկամուտ չունի: Շատ աշխատողներ չեն կարողացել 20 տարի շարունակ մուծումներ կատարել ֆոնդերին, ինչը նախապայմաններից մեկն էր նվազագույն կենսաթոշակ ստանալու համար: Մեծ դժգոհություններ են առաջացրել հիմնադրամների կողմից կատարվող հսկայական վարչական ծախսերը, որոնք այդ ֆոնդերի կողմից սահմանվում են կամայականորեն: Դրան հակառակ անհամեմատ ցածր են վճարվող կենսաթոշակները: Ընթացիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջին հաշվով չիլեցիների ընդամենը 60 տոկոսն է ակտիվ վճարումներ կատարում, իսկ վճարվող կենսաթոշակները կազմում են մուծված ընդհանուր գումարի ընդամենը մեկ երրորդը:
Չնայած ակնհայտ թերություններին այս համակարգը շարունակել է գործել նաև բռնապետության ավարտից հետո: Սակայն 2000 թվականից ի վեր շատանում են պարտադիր կուտակայինի նկատմամբ կասկածները: Նույնիսկ Համաշխարհային բանկը (ՀԲ), որը ժամանակին գովում էր Չիլիի սոցիալական համակարգի մասնավորեցումը, խորհուրդ տվեց բարեփոխել այն: Համակարգը բարեփոխման ենթարկվեց 2008 թվականին նախագահ Միշել Բաշելետի օրոք: Խնդրահարույց նվազագույն կենսաթոշակը փոխարինվեց հարկային միջոցների հաշվին ֆինանսավորվելիք և համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային համակարգով (SPS): Այն վերաբերվում է Չիլիի բոլոր այն քաղաքացիներին, որոնք 65-ից բարձր տարիք ունեն և չեն բավարարել պարտադիր կուտակային համակարգով նվազագույն կենսաթոշակի նախադրյալները:
Սակայն վերջին տարիներին գնալով ավելի շատ քաղաքացիներ պահանջում են հրաժարվել մասնավոր ֆոնդերի միջոցով գործող կենսաթոշակային համակարգից: Նույնիսկ նախագահ Պինյերան հունիսին հայտարարել է իր եղբոր կողմից ժամանակին ներդրված համակարգի փոփոխման անհրաժեշտության մասին: Այժմ քննարկվում է պետական կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման հնարավորությունը, ինչը մրցակցություն կստեղծեր մասնավոր ֆոնդերի համար:3 Իսկ ընդդիմությունն աշնանն առաջարկում էր ավելացնել պետական լրացուցիչ հատկացումները՝ կենսաթոշակների մակարդակը բարձրացնելու համար:
Համակարգի ներդրման ժամանակ խոստացվել էր, որ կենսաթոշակները կազմելու են թոշակի անցնելուց առաջ իրենց վերջին աշխատավարձի 80 տոկոսը, սակայն ներկայիս հաշվարկներով այդ կենսաթոշակները կազմում են առավելագույնը տղամարդկանց աշխատավարձի 51 տոկոսը, իսկ կանանց աշխատավարձի 28 տոկոսը: Չիլիի կենսաթոշակային հիմնադրամներին թույլատրված էր կուտակված կապիտալի միայն 30-ից 40 տոկոսը ներդնել արտերկրում: 2007 թվականի դրությամբ այդ ֆոնդերի ակտիվները հասել էին 100 միլիարդ դոլարի, ինչը կազմում էր Չիլիի համախառն ներքին արդյունքի շուրջ 70 տոկոսը: Մյուս կողմից, սկզբնական շրջանում գործող 22 հիմնադրամներից այսօր մնացել են միայն 6-ը, որոնք, ըստ էության, մրցակցության բացակայության պայմաններում օլիգոպոլիա են ձևավորել: Առաջիկայում սպասվում են նոր միաձուլումներ:4 Կենսաթոշակային հիմնադրամները (AFP) վերահսկող ֆինանսական խմբերը տիրապետում են մեծ տնտեսական և քաղաքական իշխանության: Կազմակերպված աշխատավորական միությունները ներդրված կապիտալի տնօրինման վրա ազդելու համար լծակներ չունեն:
32 տարի անց չի հաստատվում այն պնդումը, որ մասնավոր ֆոնդերում ներդրված գումարներով գործող համակարգն ավելի քիչ հանրային ծախսեր է ենթադրում, քան նախկինում գործող բաշխողական համակարգը: Նույնիսկ Համաշխարհային բանկը, որը ժամանակին նոր համակարգի գլխավոր աջակիցներից մեկն էր, այսօր հանգել է այն եզրակացության, որ կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորվող կենսաթոշակային համակարգը աշխատողների մի հատվածի համար չի կարող երաշխավորել կենսաթոշակների բավարար մակարդակ:
Հատկապես խոցելի են այն աշխատողները, որոնք աշխատուժի շուկայի կառուցվածքի պատճառով ստիպված են երկարատև արձակուրդներ վերցնել: Նման համակարգը արդյունավետ չէ բնակչության մեծամասնության համար սոցիալական ապահովության հասնելու համար: Այն հանգեցնում է եկամուտների ավելի մեծ կենտրոնացման, քանի որ չի պարունակում համերաշխության տարրեր: Երեխաների խնամքի հասարակության համար կարևոր խնդիրը արժանի չափով չի գնահատվում այս համակարգի դեպքում, այլև ընդհակառակը՝ բարդություններ են ստեղծվում: Նույն կերպ խոցելի են դառնում նաև երկարատև գործազրկություն ունեցող մասնակիցները: Այս բոլոր գործոնների պատճառով պետությունը ստիպված է կրկին ավելացնել պետական ծախսերը կենսաթոշակառուների համար նվազագույն սոցիալական պայմաններ ապահովելու համար:
- Violence Mars May Day March in Chile Protesting Labor Regulations, Latino Daily News (May 2, 2013), http://www.hispanicallyspeakingnews.com/latino-daily-news/details/violence-mars-may-day-march-in-chile-protesting-labor-regulations/24202/, 15-ը հունվարի 2014թ.:
- Հմմտ. Բանկերի արհմիությունների ֆեդերացիայի կայքէջ, աղբյուրը՝ http://bancariachile.cl/exitosa-marcha-contra-las-afp/
- Պինյերայի «Նոր մեծամասնություն» դաշինքի 2013 թ. նախընտրական ծրագիր:
- Հմմտ. Յեսկո Քիրոգա, Օրինակելիից դեպի նոր բարեփոխում. Չիլին բարեփոխում է մասնավորեցված կենսաթոշակային համակարգը, 2008.
Դիտվել է 1725 անգամ