Ուրվագծվում է այն հասարակության տեսակը, որն անհրաժեշտ է գիտնականների կանխատեսմամբ անխուսափելի ապագա բռնկումներին դիմակայելու համար
Մարդիկ անընդհատ ասում են՝ ամեն ինչ փոխվել է։
Մինչ մեր տներում անցկացրած օրերը շաղախվում են իրար ու դառնում անզանազանելի, դրսի աշխարհում գիտակցության հսկայական փոփոխություններ են տեղի ունենում։
Ճիշտ այնպես, ինչպես աներևակայելի էր, որ ԱՄՆ-ում 9/11-ի ահաբեկչական հարձակումներից հետո իրերը կարող են վերադառնալ սովորական վիճակին, այդպես էլ առաջիկա տարիներին քաղաքականությունները, ներդրումներն ու մեր հավաքական երևակայությունը կստվերվեն այս վիրուսով, որը 100 oրից պակաս ժամանակահատվածում կարողացավ աշխարհը փակել։
Այս տարօրինակ ամիսները, թերևս, սկիզբն են մի ժամանակաշրջանի, որին հատուկ կլինի պանդեմիաների սպառնալիքի գերգիտակցումը։ Դեռ շատ վաղ է ասել, թե դա ինչ տեսք կունենա։ Ամեն նոր օրը բերում է ցնցումներ ու հնարավորություններ և մեր նոր իրականության վրա մի քիչ ավելի է լույս սփռում։ Համաճարակաբանները տասնամյակներ շարունակ կուսումնասիրեն վերջին հինգ ամիսը․ պատմաբանները՝ դրանից էլ երկար։
Բայց արդեն տեսանելի է ձևավորվող մոտավոր ուրվագիծը։ Հասկանալի է դառնում, թե ինչն է աշխատում Covid-19-ի դեմ։ Եվ ուսումնասիրելով այս դարում համաճարակի վերածված երրորդ կորոնավիրուսի (կենդանիների երկու գրիպի և Էբոլայի մի քանի բռնկումների հետ միասին) բերած ավերածությունը՝ քաղվելիք դասեր ենք տեսնում այն հասարակությունների մասին, որպիսիք անհրաժեշտ կլինեն դիմակայելու համար հետագա բռնկումներին, որոնք գիտնականների պնդմամբ անխուսափելի են և ուժգնացող։
Պետք է արագ շարժվել
Դեկտեմբերի 31-ի կեսօրից հետո Չինաստանը հայտարարեց, որ հայտնաբերվել է «անհայտ ծագման թոքաբորբ»։ Տասնամյակի ավարտը տոնելուն նախապատրաստվող աշխարհում հայտարարությունը հազիվ արձանագրվեց։ Բայց նույն օրը Թայվանի կառավարությունը Ուհանից ժամանող բոլոր օդանավերին հրահանգեց վազքուղու վրա սպասել, որպեսզի օդանավակայանի աշխատակազմը զննի օդանավում գտնվողների առողջությունը։
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Չինաստանը հրաժարվեց երկրով մեկ առողջության ստուգումներից և ջերմաչափումներից Հուբեյի նահանգում, որտեղ գտնվում է Ուհանը, չնայած որ քաղաքի բժիշկները հաղորդում էին դժվարությամբ շնչող հիվանդների հեղեղի մասին և Պեկինում պաշտոնյաները սկսում էին գիտակցել, որ կանգնած են SARS-ից (ծանր սուր շնչառական համախտանիշ) հետո ծառացած «ամենադժվար մարտահրավերի» առաջ։
Այդ ընթացքում Թայվանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մշտադիտարկում էր Ուհանից ժամանողներին, մեկուսացնում ջերմություն կամ հազ ունեցող բոլոր անձանց և իր քաղաքացիներին հորդորում խուսափել դեպի Հուբեյ ոչ անհրաժեշտ ճամփորդություններից։
Մարտին հրապարակված մի հետազոտություն ընդգծում էր արագ գործելու կարևորությունը։ Հետազոտողները փաստարկում էին, որ եթե Չինաստանը մեկ շաբաթ շուտ իրականացրած լիներ լայնատարած թեստավորում, Հուբեյի շուրջը սանիտարական կարանտինային կետերի հիմնում և այլ միջոցառումներ, կարող էր նվազեցնել դեպքերը 66%-ով։ Երեք շաբաթ շուտ գործելը դեպքերը կկրճատեր 95%-ով։
Այս շաբաթվա դրությամբ Թայվանում հաստատվել է վարակվածության 429 դեպք և վեց մահ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահական արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն, վիրաբույժ Մայքլ Ռայանը մարտին կայացած մի համաժողովի ժամանակ ընդգծեց այն դասը, որ կառավարությունները պետք է քաղեն։ Նա ասաց․ «Արա՛գ գործեք։ Մի՛ զղջացեք։ Դու՛ք պետք է առաջինը շարժվեք։ Եթե արագ չշարժվեք, վիրուսը միշտ ձեզ կհասնի։ Եթե ուզում եք շարժվելուց առաջ վստահ լինել, որ ամեն ինչ ճիշտ եք անում, ուրեմն՝ երբեք չեք հաղթի․․․ Արագությունը հաղթում է կատարելությանը»։
Մենք գիտենք, թե ինչն է կարողանում այն զսպել․․․
Համաճարակի սկզբից ամիսներ են անցել, բայց կորոնավիրուսի մասին նույնիսկ տարրական տեղեկությունները դեռ անհստակ են․ ինչքա՞ն վարակիչ է, ինչքա՞ն մահացու։ Ղեկավարները կյանքի և մահու որոշումներ են կայացնում՝ հիմնվելով եղած լավագույն ենթադրությունների վրա։ «Մենք վարում ենք օդանավ, որն ընթացքում դեռ կառուցվում է», — ասում է ԱՄՆ-ում գործող Management Sciences for Health հաստատության քաղաքականության հարցերով խորհրդատու Էշլի Արաբասադին։
Այդուհանդերձ, հիվանդության զսպման տարրական սկզբունքները, որ մշակվել ու կատարելագործվել են նախորդ հարյուրավոր համաճարակների ժամանակ, իրենց արդարացրել են նաև Covid-19-ի պարագայում։
«Վիրուսի տարածումը զսպելու հաջողված և ձախողված օրինակներն ընդհանրություն ունեն», — ասում է ԱՄՆ Սեթոն Հոլ համալսարանի Գլոբալ առողջապահության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Յանժոնգ Հուանգը։
Վաղ և լայնատարած թեստավորում իրականացրած երկրները, ինչպիսիք են Հարավային Կորեան և Իսլանդիան, կարողացել են իրենց հասարակությունները քիչ թե շատ բաց պահել՝ առանց կորցնելու վիրուսի տարածման նկատմամբ վերահսկողությունը։
Սինգապուրում սկզբնական ալիքը կարողացան զսպել՝ ջանասիրաբար վերականգնելով վարակակիրների քայլերը։ Նրանք, ում հետ այդ մարդիկ սերտորեն շփվել էին, հաճախ հարկադրաբար մեկուսացվեցին տներում, իսկ մեկուսացումը խախտելու համար կիրառվում էին խիստ տուգանքներ։ Հիվանդներին մեկուսացնում էին հիվանդանոցներում, նույնիսկ եթե նրանց մոտ ախտանշանները մեղմ էին։
Եվրոպայից ստացված նախնական տվյալները ցույց են տալիս, որ երբ այլևս հնարավոր չէ զսպել դեպքերը, ֆիզիկական հեռավորության պահպանման միջոցառումները (վաղ կիրառման դեպքում) «հարթեցնում են կորը» և նվազեցնում երկրում հիվանդության բռնկման ընդհանուր ծավալները։
«Անկախ հասարակությունից, զարգացման մակարդակից, առողջապահական համակարգի պատրաստվածությունից, վաղ գործադրվող համընդհանուր մեկուսացումը դրական արդյունք տվեց համաճարակը զսպելու հարցում, իսկ ուշ մեկուսացումը բերեց հսկայածավալ բռնկումների», — ասում է հետազոտությունն իրականացրած Bridge Tank մտարտադրության կենտրոնի նախագահ Ջոել Ռուեթը։
․․․ դժվարը դա կիրառելն է
Ռեբեկա Կատցը հիշում է, որ երբ 2014 թվականին Էբոլան տարածվում էր Արևմտյան Աֆրիկայում, դրա դեմ պայքարը ֆինանսավորող որոշ երկրներ հիասթափություն էին արտահայտում։
«Նրանք ասում էին, օրինակ, ինչպե՜ս է Սիերա Լեոնեն համարձակվում Էբոլայի բռկման ժամանակ չփակել դպրոցները, — ասում է Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնի Գլոբալ առողջապահական գիտությունների և անվտանգության կենտրոնի տնօրենը, — Երկար ժամանակ դոնոր պետությունների համար հեշտ է եղել դատել ֆինանսավորում ստացող երկրներին՝ հիվանդությունների տարածման ժամանակ նրանց վարքի համար»։
Կորոնավիրուսի բռնկումը պարզ դարձրեց, որ դա համընդհանուր խնդիր է․ հապաղում են նույնիսկ այն երկրները, որոնք գիտեն, թե ինչն է արդյունավետ, և ունեն գործելու կարողություն։
Ամուր լիբերալ ավանդույթներ ունեցող որոշ երկրներ, օրինակ՝ Բրիտանիան, սկզբում խրտնեցին քաղաքացիական իրավունքները կտրուկ սահմանափակելու հեռանկարից։ Լուրեր են տարածվում, որ իտալական արդյունաբերական խմբերը խստորեն դիմադրել են երկրի տնտեսության շարժիչներից մեկը՝ Լոմբարդիան, փակելու մտքին։ Զարգացող երկրները, օրինակ՝ Պակիստանը, ստիպված են եղել հավասարակշռել հիվանդության տարածումը դանդաղեցնելու հրամայականը և ագարակներն ու շինարարական հրապարակները (որտեղ աշխատում են ամենաչքավորները) փակելու աղետալի հետևանքները։
«Ինձ համար իսկապես հեշտ է ասել՝ դե, պետք է սահմանենք սոցիալական հեռավորության միջոցներ, փակենք դպրոցները և կտրենք հիվանդության նկատմամբ ընկալունակների ու վարակակիրների միջև կապը, — ասում է Կանտցը, — Բայց երբ գիտես, թե ինչպիսին կլինի լայն հասարակական ազդեցությունը, ձգանը քաշելը դժվարանում է»։
Նախապատրաստվելու կարգը, որով երկրներն առաջնորդվում էին, կույր բծեր ուներ։ Հոկտեմբերին հրատարակվեց գլոբալ ինդեքս, ըստ որի՝ պանդեմիաների դեմ պայքարին ամենապատրաստված երկիրն ԱՄՆ էր։ Սակայն, ըստ Ջորջթաունի համալսարանի Իրավունքի կենտրոնի այցելող պրոֆեսոր Ալեքսանդրա Ֆելանի, ԱՀԿ մեթոդոլոգիայի վրա հիմնված գնահատման թերթիկն ավելի շատ ուշադրություն էր դարձնում տեխնիկական կարողություններին, քան կառավարման գործընթացներին։
Պաշտոնական տվյալնեը ցույց են տալիս, որ ԱՄՆ ունեցել է ամենամեծ և ամենամահացու բռնկումը, որը սրվել է սկզբնական դանդաղ արձագանքի, թեստավորման գործընթացի սխալ կառավարման և նահանգների ու դաշնային կառավարության միջև վատ կոորդինացման պատճառով։
«Այս բռնկումը ցույց տվեց, որ կարող ես ունենալ աշխարհի ամենալավ լաբորատորիաները, լավագույն ծանուցման համակարգերը և ծրագրային ապահովումները, բայց եթե չունես պատշաճ կառավարման համակարգ, որ կորոշի, թե երբ պետք է այդ կարողությունները կիրառես․․․ դրանք չեն աշխատում», — ասում է Ֆելանը։
Քաղաքացիական ազատություններին սպառնում է այս սերնդի ամենամեծ փորձությունը
Վերջին շաբաթների ընթացքում շուտափույթ գործարկվել են թվանշային վերահսկողության գործիքներ, որոնք սովորական ժամանակներում կիրառվելու դեպքում մանրամասնորեն կքննվեին։ Համաձայն մի հաշվարկի՝ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի ավելի քան 40 երկիր ներդրել է այս կամ այն տեսակի վերահսկողություն կամ գրաքննություն։
Այս գործիքներն ստեղծել են մի աշխարհ, որը մի քանի ամիս առաջ գուցե դիստոպիական թվար։ Հոնկոնգում և Բահրեյնում մեկուսացման մեջ գտնվողներին տրվում են էլեկտրոնային թևնոցներ, որոնցով հետևում են նրանց տեղաշարժին։ Որոշ հնդկական թաղամասերում սավառնում են տեսախցիկներով զինված դրոններ՝ բնակիչներին զգուշացնելով, որ նրանց հետևում են։ Իսրայելը բացահայտել է, որ գաղտնաբար հավաքել է մարդկանց հեռախոսային տվյալները և այդ բազան գործածում է պոտենցիալ վարակման դեպքեր գտնելու համար։
Հարավային Կորեան համարում է, որ տեխնոլոգիաների խորացված կիրառումն օգնել է բացահայտել վարակի օջախներ, որոնք այլապես չէին հայտնաբերվի։ Ըստ մի հարցման՝ կորեացիների 81%-ը դրական է վերաբերվում երկրում կիրառվող վերահսկման միջոցներին։
Իրավապաշտպաններն ընդունում են, որ հիմա ապրում ենք արտակարգ իրավիճակում, բայց մտավախություն ունեն, որ կառավարություններն ապագա բռնկումների վախը կօգտագործեն այս գործիքներից շատերի կիրառման շարունակությունն արդարացնելու նպատակով՝ անկախ նրանից՝ դրանք օգտակար են, թե ոչ։
«Մենք կանգնած ենք ահռելի մարտահրավերի առաջ, բայց հարցն անհրաժեշտությունն է, — ասում է Human Rights Watch կազմակերպության ճգնաժամային իրավիճակներում շահերի պաշտպանության հարցերով տնօրեն Ակշայա Կումարը, — Որոշ այսպիսի միջոցներով պարզապես ներխուժում են մարդկանց կյանք և իշխանություն վերցնում՝ առանց կիրառման վերջնաժամկետի մասին հստակ դրույթի և առանց զգացումի, որ դրանք իսկապես անհրաժեշտ են վիրուսի դեմ պայքարելու համար»։
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի զեկույցն զգուշացրեց, որ «չարաշահման հավանականությունը բարձր է։ Հիմա՝ արտակարգ իրավիճակում արդարացվող միջոցը կարող է նորմալացվել ճգնաժամի ավարտից հետո»։
Հանրային վստահությունը կառավարության ամենաարժեքավոր ռեսուրսն է։ Հաջորդող ամիսներին դրա կարիքը շատ կզգացվի
Աշխարհի բնակչության կեսի՝ ինչ-որ տեսակի մեկուսացման մեջ ապրելն աննախադեպ իրավիճակ է։ Թերևս այն կարող է լինել մարդկության երբևէ արած ամենամեծ կոլեկտիվ գործողությունը։
«Դրա հաջող իրագործումը պահանջում է արտասովոր հանրային վստահություն կառավարությունների նկատմամբ, — ասում է շվեդ պատմաբան Լարս Թռեգորդը, որն ուսումնասիրում է ժամանակի ընթացքում հաստատությունների նկատմամբ վստահության հարցը, — Եթե դու վստահ ես, որ կառավարությունն աշխատում է հանուն քո բարօրության և վստահ ես, որ մյուս քաղաքացիները կհետևեն կանոններին, ապա կոլեկտիվ գործողություն կատարելիս հսկայական առավելություններ ունես», — ասում է նա։
Այնտեղ, որտեղ կառավարության նկատմամբ վստահությունը ցածր է, վախն է օգնել դատարկել փողոցները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոստիկանները մտրակներով էին պարտադրում պարետային ժամը։ Դեպի տուն քայլող հնդիկ միգրանտ աշխատավորներին ստիպում էին կքանստել ու սողալ՝ որպես դրսում գտնվելու համար պատիժ, իսկ Հորդանանում կարանտինի առաջին երեք օրվա ընթացքում ավելի քան 1,600 մարդ բանտարկվեց։
Թռեգորդն ասում է, որ ցածր վստահությամբ հասարակություններում սահմանափակումները կարող էին առաջացնել հակազդեցություն։ «Եվ հենց դա էլ կատարվում է Հարավային Եվրոպայում ու ԱՄՆ-ում, որտեղ հիմա տեսնում ենք մեծ անհնազանդություն»։
Առաջիկա ամիսների ընթացքում կառավարությունները թույլ են տալու մարդկանց վերադառնալ իրենց առօրյա կյանքին՝ Մեծ ճգնաժամից հետո ամենավատ տնտեսական պայմաններում։ Եթե հայտնաբերվեն վիրուսի նոր ալիքներ, պետությունները գուցե իրենց քաղաքացիներին խնդրեն վերադառնալ տուն։
Այս ամենը կառավարելը պահանջելու է հանրային վստահության զգալի պաշար, որը որոշ տեղերում արագորեն մաշվում է։ «Եթե մարդիկ համաձայնվում են տևական ժամանակ ինչ-որ բան անել առանց գլխներին կախված վտանգի, ապա ավելի հավանական է, որ շարունակեն դա անել, — ասում է Թռեգորդը,- Այլընտրանքը վախը, անվստահությունը և քաոսն են, իսկ դա լավ չէ՝ անկախ նրանց, թե ինչ քաղաքականության համար է արվում»։
Գիտությունը մերժող ղեկավարները գլխացավանք են
Շատ ղեկավարներ վայելում են, ասես, ժողովրդականության ժամանակավոր աճ, քանի որ վախեցած բնակչությունը ճգնաժամի ժամանակ համախմբվել է նրանց շուրջը։ Երկու ուշագրավ բացառություն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որոնց վարկանիշը սրընթաց անկում է ապրել։
Լինելով աջական պոպուլիստներ, որոնք իրենց նախագահությունը ձևակերպում են որպես էլիտաների, այդ թվում՝ գիտական հեղինակությունների դեմ ապստամբություն, երկուսն էլ մինչև հիմա շատ հմտորեն ներազդել են մեդիա միջավայրի վրա։ Բայց կորոնավիրուսը յուրահատուկ փորձություն է։ Այն տարածվում ու սպանում է՝ անկախ նրանից, թե ինչպես է ներկայացվում առցանց կամ մեդիայով։ Այն շեշտադրում է մասնագետների կարևորությունը։ Հաջողությունը կախված է երկիրը համախմբելուց։
«Թրամփի նման առաջնորդները գործածում են պարզ ուղերձներ՝ յուրայիններն ընդդեմ օտարների, մենք ընդդեմ նրանց, — ասում է ԱՄՆ Թեմփլի համալսարանի պրոֆեսոր Սանջոյ Չակրավորդին, որը հետազոտում է տեղեկատվության քաղաքականությունները, — Եվ նրանք գաղափարաբանական ճգնաժամի մեջ են հիմա՝ ուղերձը կառավարելու առումով։ Սա շատ բարդ տեղեկատվական դաշտ է, որը չես կարող տեղավորել «մենք ու նրանք» դարակների մեջ․․․ քանի որ այս պարագայում բոլորը «մենք» են»։
«Ըստ երևույթին, պահը գնահատում է ոչ թե համարձակությունը, այլ այն առաջնորդներին, որոնք կարողանում են ազնվորեն խոսել վիրուսի դեմ պայքարին ներհատուկ անորոշության մասին, — ասում է Մուհլենբերգի քոլեջում հանրային առողջապահության ասիստենտ պրոֆեսոր Քեթլին Բաչինսկին, — Եթե առաջնորդները չեն ուզում կամ չեն կարող անկեղծ լինել այս սահմանափակումների մասին, վստահությունը կկորի, բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք սխալ են, այլ քանի որ տեղեկատվությունն է փոխվում»։
Վիրուսի դեմ առավել հաջող պայքար մղող երկրների ղեկավարները, օրինակ՝ Գերմանիայում Անգելա Մերկելը կամ Նոր Զելանդիայում Ջասինդա Արդերնը, ապրումակցում արտահայտելու և բարդ գաղափարներ հաղորդելու իրենց ունակության համար արժանացել են գովեստի։
Երբ Մերկելին խնդրեցին բացատրել, թե ինչ հաշվարկների հիման վրա է որոշվում տեղաշարժի արգելքը մեղմացնելու ճիշտ ժամանակը, նա սահունորեն բացատրեց, որ կարիք կա իջեցնելու վիրուսի «վերարտադրման գործակիցը», որպեսզի առողջապահական համակարգը դիմանա դրա շարունակական տարածմանը։
Դրանից մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նույն հարցին պատասխանեց՝ մատնացույց անելով իր գլուխը․ «Հաշվարկն այստեղ է։ Սա է իմ հաշվարկը»։
ԱՄՆ-ում և Բրազիլիայում վիրուսի դեմ պայքարի ղեկը հետզհետե իրենց ձեռքն են վերցնում նահանգների ղեկավարները, որոնք շրջանցում են դաշնային կառավարությանը և աշխատում ուղղակիորեն իրար հետ։
Ինքնաբավությունը նորից կարևոր է․․․
Կառավարությունները շուտ չեն մոռանա անհատական պաշտպանիչ միջոցների և բժշկական պարագաների համար համաշխարհային հուսահատ կռիվը, որ մղում են վերջին ամիսների ընթացքում։ Ոչ էլ աղբի տոպրակներով և ինքնաշեն դիմակներով բուժաշխատողների պատկերները, որ նրանք ստիպված գործածում էին վարակից պաշտպանվելու համար։
Մի շարք երկրներ արդեն սահմանափակել են որոշ դեղամիջոցների արտահանումը, իսկ տասնյակից ավել երկրներ էլ արգելել են որոշ մթերքների վաճառքն արտերկրում։ ՄԱԿ-ը զգուշացրել է, որ եթե կարանտինը շարունակվի, այս ամսվանից սկսած որոշ տեղերում սննդի շղթաները գուցե սկսեն խաթարվել։
Ուղերձն ստացվում է։ ԵՄ երկրները շեշտադրում են բլոկի «ռազմավարական ինքնավարության» մեծացման և կենսական նշանակության ապրանքների սեփական արտադրությունն ապահովելու կարևորությունը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անցյալ շաբաթ գյուղական առաջնորդներին ասել է, որ պանդեմիայից քաղելիք ամենակարևոր դասը սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտությունն է․ «Մենք չպետք է այլ երկրներից սպասենք մեր կարիքների բավարարումը»։
Ավստրալիան մեկն է այն երկրներից, որոնք, ըստ հրապարակվող տվյալների, վերագնահատում են մթերքի, նավթի ու բժշկական պարագաների վրա գլոբալ մատակարարման շղթաների ազդեցությունը, որոնց փխրունությունն ի ցույց է դրվել։
․․․ բայց աշխարհը չի կարող վիրուսը հաղթահարել առանց համագործակցության
Կորոնավիրուսի բախտը բերեց․ այն ի հայտ եկավ միջազգային համագործակցության անկման շրջանում։
SARS-ից հետո երկրները հասկացել էին, որ տեղեկատվության փոխանակումը, արձագանքների համաձայնեցումն ու ռեսուրսների՝ պաշտպանիչ միջոցների, դեղամիջոցների ու թեստերի միավորումը կենսական նշանակություն ունեն։ Այս համագործակցության հիմքերը դրվեցին 2007 թվականին ուժի մեջ մտած մի շարք միջազգային կարգավորումներով։
Երբ Covid-19-ն սկսեց տարածվել, այս կարգավորումները փաստացի արհամարհվեցին։ «Ամենամեծ անակնկալն այն էր, թե ինչ արագությամբ լիովին անտեսվեցին ծրագրերը, — ասում է Կատցը, — Աշխարհը շատ արագ դեն նետեց գլոբալ կառավարչական այն գործիքները, որոնք այդքան զգուշորեն բանակցել էինք»։
Հանրային առողջապահության մասնագետները պնդում են, որ համագործակցության բացակայությունը թուլացրել է աշխարհի արձագանքը։ Տնտեսական աջակցության մի փաթեթ կարող էր զսպել որոշ երկրներում ծավալվող տնտեսական աղետը։ Համաձայնեցված փակումներն ու վերաբացումները կդանդաղեցնեին վիրուսի տարածումը և կարող էին արագացնել վերականգնումը։
Մենք կարող էինք խուսափել բժշկական և պաշտպանիչ պարագաների գլոբալ շուկայում քաոսից, որի դրսևորումներից էին թեստեր գտնելու համար Իսրայելի կազմակերպած գաղտնի լրտեսական գործողությունները և ԱՄՆ կողմից, ըստ շրջանառվող լուրերի, փողի տրցակներ թափահարելը, որի նպատակը դեպի Ֆրանսիա թռչող, դիմակներով լեցուն օդանավների ուղղությունը փոխելն էր։
«Վերջին չորս տարում տեղի է ունեցել մեծ տեղաշարժ դեպի պրոտեկցիոնիստ և ազգայնական կառավարություններ, որոնք պնդում են, որ բազմակողմանի համակարգն իրենց ձեռնտու չէ, — ասում է Ֆելանը, — Գլոբալ առողջապահության կամ այլ միջազգային խնդիրների հետ աշխատողներս գիտենք, որ մենք փոխկապակցված ենք․ որ գլոբալ խնդիրները պահանջում են գլոբալ լուծումներ»։
Խստամբերությունը և անհավասարությունը մեզ դարձնում են պակաս դիմակայուն
Ոչ մի տնտեսություն չէր կարող դիմանալ այն ցնցմանը, որ առաջանում է, երբ աշխատուժի մի մեծ շերտ հանկարծակի տուն է ուղարկվում։ Բայց վիրուսը լույս է սփռել բռնկումն ավելի մահացու դարձրած թերությունների վրա, որ նաև ավելի ցավալի կդարձնեն դրա հետևանքները։
ԱՄՆ-ում առողջության ապահովագրությունն աշխատանքին կապելու խնդիրներն ավելի ակնհայտ են դարձել․ վերջին ամսվա ընթացքում գործազրկության նպաստի համար դիմած 26 միլիոն ամերիկացիները ոչ թե պարզապես իրենց աշխատանքն են կորցրել, այլ շատերը կորցրել են նաև իրենց առողջության ապահովագրությունը։
Բրիտանիայում գործում է պետական առողջապահական ծառայությունը (NHS), սակայն մի տասնամյակ կիրառված խստամբերությունը թուլացրել էր համակարգը և մինչև վիրուսի հարվածելն արդեն ակնհայտորեն վատացրել էր երկրի բնակչության առողջությունը։
Գործավարձային պայմանագրերի աշխատաշուկայում (gig-economy) անկայուն աշխատատեղերի ու չսահմանված աշխատաժամանակով ռիսկային պայմանագրերի (zero-hours contracts) աճն ստեղծել է վճարովի և անաշխատունակության արձակուրդներ չունեցող աշխատավորների մեծ զանգված՝ նրանց մի մասին դրդելով շարունակել աշխատել այն ժամանակ, երբ ողջ համայնքին անհրաժեշտ է, որ նրանք մնան տանը։ Անապահով աշխատանքն ու առողջապահության անհասանելիությունն անհամամասնորեն ծանրաբեռնում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ու աղքատներին․ ԱՄՆ-ում և Բրիտանիայում այս երկու խմբերի՝ Covid-19-ից մահացության ցուցանիշն ավելի բարձր է։
Սոցիալական բարեկեցության համակարգերը տասնամյակներ շարունակ կրճատած կառավարությունները հիմա փորձում են արագ-արագ նորերը կառուցել։ «Աշխարհն սկսում է գիտակցել, որ միլիոնավոր աշխատավորներ անցել են գործող սոցիալական ապահովության համակարգերի ճեղքերով, — ասում է Աշխատանքի միջազգային կազմակերպության սոցիալական ապահովության ավագ մասնագետ Լուկա Պելերանոն, — Նրանք պաշտպանված աշխատանք չունեն, բայց նաև այնքան աղքատ չեն, որ ներառվեն աղքատության դեմ պայքարի՝ հաճախ բավական նեղ ու մակերեսային [գործող] ծրագրերում։ Շատ փխրուն համակարգ և ծածկույթի մեծ բացեր ունեցող երկրները ոտ ու ձեռ ընկած փորձում են լուծումներ գտնել, բայց ակնհայտորեն հետ են մնում»։
Աղքատներն ու միգրանտները չեն կարող անտեսանելի լինել
Սինգապուրի արձագանքը գովեստի արժանացավ՝ համարվելով օրինակելի։ Այնտեղ կառավարությունն արագ գործեց՝ կիրառելով տեխնոլոգիաներ, օրինակելի հանրային հաղորդակցություն և բռնկումները վերահսկելու ավանդական գործիքներ՝ վարակի առաջին ալիքը սահմանափակելով 200 դեպքով։
Դրանից հետո՝ անցյալ շաբաթ, երկիրը հայտարարեց, որ հայտնաբերել է հազարավոր նոր վարակման դեպքեր՝ գրեթե բոլորը միգրանտ աշխատողների շրջանում, որոնք ապրում են կոկիկ քաղաք-պետության ծայրամասային արդյունաբերական տարածքների հանրակացարաններում։ Իրավապաշտպան խմբերն ասում են, որ մեկ միլիոնից ավել միգրանտ աշխատողների վրա քիչ ուշադրության էր դարձվել՝ նույնիսկ երբ կիրառվում էին մարդկային կուտակումների ու տեղաշարժի սահմանափակումներ։ Վիրուսները կարող են տեսնել այն մարդկանց, որոնք սովորաբար անտեսանելի են քաղաքականություն մշակողների ու հանրության աչքին։ Պայմանները, որոնցում այդ մարդիկ ապրում և աշխատում են, բոլորի խնդիրն են։
Ասվածը վերաբերում է նաև Դհարավիի՝ Մումբայում գտնվող հետնախորշի (slum) բնակիչներին։ Այստեղ՝ Ասիայի ամենահարուստ մարդկանց պատկանող երկնաքերների ու շքեղ բնակարանների տեսադաշտում, խցկված ապրում է համարյա մեկ միլիոն մարդ։ Մինչև հիմա հայտնաբերվել է ավելի քան 200 դեպք։ Քաղաքային կառավարիչները խոստովանում են, որ գրեթե անհնար կլինի կասեցնել վիրուսի տարածումն այս համայնքներում։ «Մի սենյակում ապրում է տասը-տասնհինգ հոգի, — անցյալ շաբաթ Նյու Դելի հեռուստատեսությանն ասել է մի պաշտոնյա՝ Քիրան Դիղավքարը, — Ինչպե՞ս է հնարավոր պարտադրել սոցիալական հեռավորություն»։
Հեղինակ՝ Մայքլ Սաֆի, Գարդիան օրաթերթի Հարավային Ասիայի բաժնի թղթակից
Թարգմանությունը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանի
Նյութի աղբյուրը՝ https://www.theguardian.com/
Նյութի բնագիրը (հրապարակված 01.05.2020)՝
Դիտվել է 440 անգամ