Տպագիր հրատարակություններ
Կապիտալիզմի ճգնաժամը և քաղաքական գաղափարախոսությունները (2019)
Ժողովածուի մեջ տեղ գտած տեքստերն իրար կապող առանցքը կապիտալիզմի ճգնաժամային բնույթը եւ դրա առնչվածությունն է քաղաքական գաղափարախոսություններին։ խոսքն ինչպես ընդհանուր հարցերի, այնպես էլ առանձին քաղաքական իրադարձությունների եւ թեմաների մասին է։
Գիրքը նախատեսված է ընթերցողին ժամանակակից փիլիսոփայական եւ քննադատական մտքին հաղորդ դարձնելու համար։
Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին / Մաքս Վեբեր (2019)
Գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը 1904 թվականին լույս տեսած իր հայտնի աշխատության մեջ բողոքական էթիկան բնութագրում է որպես արեւմտյան կապիտալիստական տնտեսակարգի իրական հիմք եւ գաղափարական շարժիչ ուժ։ Նա բողոքական աշխարհընկալման մեջ է տեսնում արդի կապիտալիզմի էթիկական եւ գաղափարական արմատները։ Նրա դրույթները մինչ օրս էլ կարեւոր տեղ են զբաղեցնում կապիտալիստական հասարակության ծագման մեկնաբանությունների շարքում։
Սույն հրատարակությունը Մաքս Վեբերի բնագրի առաջին հայերեն թարգմանությունն է:
Հարկային օրենսգրքի փոփոխությունները 2018թ. հեղափոխության լույսի ներքո (2019)
ՀՀ կառավարությունը հարկային օրենսդրության փոփոխություններ է նախաձեռնել, որի նպատակներից մեկը եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից համահարթ համակարգի անցումն է: Այս փաստաթուղթը ներկայացնում է մի խումբ քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր համաձայն չեն ՀՀ կառավարության նախաձեռնած վերը ներկայացված փոփոխությունների գաղափարի հետ և այդ առումով հանդիսանում է դիրքորոշման փաստաթուղթ (position paper):
Հետազոտությունն իրականացվել է անկախ փորձագետ Արտակ Քյուրումյանի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Քաղաքական դիսկուրս հանդեսի համատեղ ծրագրի շրջանակում:
Քաղաքատնտեսություն (2018)
Այս ժողովածուն ընդգրկում է մերօրյա, դասական, նորդասական և այլ հեղինակների մի շարք հիմնարար քաղաքատնտեսական աշխատանքներ։ Թարգմանաբար ներկայացվում են կապիտալիզմի ներկայիս ճգնաժամի մասին Դեյվիդ Հարվիի, Ջոզեֆ Ստիգլիցի և Ինգար Սոլթիի քննադատական հոդվածներն ու Դեյվիդ Գրեբերի՝ պարտքի զարգացման պատմությունը քննող հոդվածը։ Երկրորդ բաժինը ներառում է 19-20-րդ դարերի ականավոր հեղինակներ Ֆրիդրիխ Ա․ Հայեկի, Ջոն Մ․ Քեյնսի և Կարլ Մարքսի գործերը։ Գիրքը նաև անդրադառնում է անցյալի հայկական քաղաքատնտեսական մտքին՝ փորձելով այն ներկայացնել ընդհանուր համատեքստում։ Այդ նպատակով ժողովածուի մեջ ներառվել են նաև Լեոյի և Թադևոս Ավդալբեգյանի արժեքավոր գրվածքները։
Անգետ ուսուցիչը / Ժակ Ռանսիեր (2017)
«Անգետ ուսուցիչը» աշխատության նյութը հետաքրքիր դրվագ է մանկավարժական մտքի զարգացման պատմության եւ փիլիսոփայության համար։ գրքի հերոսը՝ Ժաքոթոն, որը Ֆրանսիական հեղափոխության բոլոր փորձություններով անցած պատմական անձ է, հանգամանքների բերումով հայտնվում է մի իրադրության մեջ, որտեղ ստիպված է ուսուցչություն անել եւ այլոց ուսուցանել բաներ, որոնք ինքը չգիտի։
Գրքի թարգմանիչն է Արմեն Վշտունին, խմբագիրը՝ Նազարեթ Կարոյանը։ Թարգմանության համահրատարակիչն է Քաղաքական դիսկուրս հանդեսը։