Քաղաքական դիսկուրս հանդեսը սկսում է հրապարակել «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում» համաժողովի ամփոփ նյութերը։
2019թ. փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում» միջազգային համաժողովը, որին մասնակցեցին բարձրաստիճան հյուրեր Մակեդոնիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի կառավարության և տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն էր տարբեր երկրների ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ համատեղ քննարկել Հայաստանում սպասվող հարկային համակարգի բարեփոխումները` առկա մարտահրավերների ու հեռանկարների համատեքստում։ Ուշադրության կենտրոնում են եղել հատկապես եկամուտների պրոգրեսիվ և համահարթ սկզբունքով հարկման համակարգերի համեմատական առավելություններն ու թերությունները։ Համաժողովի կազմակերպիչներն էին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը և Քաղաքական դիսկուրս հանդեսը։
Համաժողովի նիստերի ամբողջական տեսանյութերը կարող եք վերբեռնել այստեղ` մաս 1, մաս 2 և մաս 3։
Թեմայի վերաբերյալ այլ օգտակար նյութեր կարող եք գտնել այստեղ։
Պրոգրեսիվ և համահարթ եկամտահարկի կիրառման փորձը
ԵՐԿՐՆԵՐ
Մակեդոնիա
Մակեդոնիան համահարթ եկամտահարկն ընդունել է 2007 թ.-ին: Սկզբում երկրում շահութահարկը 15 տոկոսից իջեցվեց 12 տոկոսի: Ապա՝ շահութահարկի դրույքաչափը նվազեցվեց ևս երկու տոկոսով՝ մինչև 10 տոկոսի: Այն հիմնավորվում էր այն փաստարկով, թե ընկերությունների համար ավելի ցածր շահութահարկը կխթաներ տնտեսվարողների գործունեությունը՝ այդպիսով խթան լինելով տնտեսական աճի համար և ընդհանուր առմամբ կպարզեցներ վարչարարության ընթացակարգերը: Վերջին տասը տարիների ընթացքում հարկման համակարգի նշված բարեփոխումները տնտեսական էական առաջընթացի չհանգեցրին: Ավելին, դրանք ուղղակիորեն կապված էին հասարակական անբարենպաստ հետևանքների՝ մասնավորապես անհավասարության սրընթաց աճի հետ: Մակեդոնիայի Ջինիի գործակիցը շեշտակի աճեց, և երկիրն անհավասարության առումով դարձավ Եվրոպայի առավել անհավասար երկրներից մեկը: Միաժամանակ, հարկերի ընդհանուր նվազեցման համակցումը տեղի ունեցավ պետական ծախսերի էական ավելացման ժամանակաշրջանում: Մակեդոնիայում տասը տարի շարունակ 10 տոկոս համահարթ եկամտային հարկից հետո, վերջերս Մակեդոնիայի Սոցիալ-դեմոկրատական միության նոր կառավարությունը ընդունեց պրոգրեսիվ եկամտային հարկի մասին օրենք, որն ուժի մեջ մտավ 2019 թ. հունվարի 1-ին: Աշխատանքից ստացված եկամուտների հարկման համար երկու դրույքաչափեր են սահմանվել՝ 10 և 18 տոկոս: Սահմանային երկրորդ դրույքաչափի շեմը ամսական շուրջ 1500 եվրո է: Բարեփոխման նպատակը հարկային արդար համակարգի ստեղծումն է:
Սլովակիա
Սլովակիան 2004 թվականին պրոգրեսիվ համակարգից անցում է կատարել 19 տոկոս համահարթ եկամտահարկի և 2013 թվականին կրկին վերադարձել է պրոգրեսիվ համակարգի։ Համահարթեցման այս կարճ շրջանի արդյունքները վիճահարույց են։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ համահարթ տոկոսադրույքի չեղարկումից և պրոգրեսիվ եկամտահարկին վերադարձից հետո զգալիորեն աճել են բյուջետային եկամուտները (2013-2015թթ. ՀՆԱ 34 %-ից հասնելով ՀՆԱ 40 %-ին)։ Ներկայումս Սլովակիայի թե՛ կառավարող կուսակցությունը, թե՛ ընդդիմությունն այլևս չեն դիտարկում համահարթեցման հնարավորությունը և համակարծիք են պրոգրեսիվ հարկային համակարգի նպատակահարմարության հարցում։
Գերմանիա
2004 թվականին, երբ Գերմանիայի տնտեսությունը դժվարությունների շրջան էր ապրում, ընտրություններից առաջ կառավարող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության տնտեսագիտական թիմի անդամ դարձավ պրոֆեսոր Փաուլ Քիրխհոֆը, ով համահարթ եկամտահարկի ներմուծման և տնտեսական աճի խթանման հայեցակարգ էր մշակել։ Առաջարկը լայն հանրային քննարկումների առարկա դարձավ։ Մի շարք հետազոտություններ ցույց տվեցին, որ բարեփոխման արդյունքում տեղի կունենա էական վերաբաշխում՝ ի վնաս ցածր եկամուտ ստացողների։ Հանգամանքների բերումով Գերմանիան հրաժարվեց համահարթ եկամտահարկի գաղափարից։ 2005 թվականի ընթացքում գերմանական տնտեսությունը սկսեց կրկին աճել՝ առանց հարկային բարեփոխումների իրականացման։
Վրաստան
2003 թ. սկսած Միխեյլ Սահակաշվիլիի կառավարությունը հարկատեսակների թիվը հասցրեց նվազագույնի՝ Վրաստանում հարկային արդյունավետություն ապահովելու նպատակով: Այն հիմնականում ռեգրեսիվ էր, ինչը նշանակում է, որ հարկային բեռը հիմնականում ընկնում է ցածր եկամուտ ստացող տնային տնտեսությունների վրա: Վրաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգ: Վրաստանի Սահմանադրական օրենքը սահմանում է. «Հարկման ռեժիմի պրոգրեսիվության սկզբունքը կամ մեթոդաբանությունն արգելվում է դարձնել հանրաքվեի առարկա»: Ներկայումս հետխորհրդային երկրների թվում անհավասարության առումով Վրաստանն առաջատար է:
Վրաստանի քաղաքական շրջանակներում, այդ թվում՝ նաև կառավարող դաշինքի ներսում տեղի են ունենում պրոգրեսիվ եկամտահարկի անցում կատարելու մասին քննարկումներ: 2018 թ. դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանում ներկայացվեց վրացի, գերմանացի և սլովակ փորձագետների կատարած նոր ուսումնասիրությունը: Ուսումնասիրությամբ առաջարկվում է իրականացնել պրոգրեսիվ եկամտային հարկին ուղղված բարեփոխում, որը կուղեկցվի մարդկային կապիտալի և արդյունաբերական զարգացմանն ուղղված պետական ծախսերի ավելացմամբ: Այն եզրահանգման է եկել, որ եկամտահարկի գործող համահարթ համակարգը սոցիալապես անարդար է, քանի որ չափազանց ավելի շահեկան է հարուստների համար և ի վնաս՝ աղքատ և առավել քան երբևէ կրճատվող միջին խավի: Ներկայացնենք քաղվածք առաջարկվող սցենարի համառոտագրից. «Առավել աղքատ եկամուտ վաստակողների համար հարկի սահմանային դրույքաչափը իջեցնելով և ամենաբարձր եկամուտ վաստակողների համար դրույքաչափը բարձրացնելով՝ Վրաստանը կարող է մեղմել եկամուտների անհավասարության բարձր մակարդակը և բարելավել ավելի ցածր եկամտային խմբերի կենսապայմանները: Պրոգրեսիվ հարկային բարեփոխումների շնորհիվ հավաքած լրացուցիչ միջոցները (միջինը 460 միլիոն վրացական լարի) կարող են ներդրվել արդյունաբերական զարգացման և հետազոտությունների ու մշակումների ուղղությամբ՝ գյուղատնտեսական և մշակող արդյունաբերության ճյուղերի արտադրողականության աճը բարելավելու և ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծելու համար»: (Թբիլիսիի սոցիալական հետազոտությունների կենտրոն և Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ )
Հայաստան
2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հանրությանը ներկայացրեց եկամտային հարկի բարեփոխման երկու տարբերակ` պրոգրեսիվ և համահարթ։ Անցած ամիսներին այս առաջարկները բուռն քննարկումների առարկա են դարձել։ Պրոգրեսիվ համակարգով առաջարկվում է սահմանել 20 և 25 տոկոսադրույքներով երկաստիճան համակարգ։ ՀՀ ֆինանսների նախարարությունն ուրվագծել է 9 տարբեր սցենարներ, որոնցից առանձնացրել է 23 տոկոս համահարթ եկամտային հարկը` հետագա տարիներին այն 20 տոկոսի իջեցնելու միտումով։ Այս տարբերակը, սակայն վիճահարույց է այն պատճառով, որ շուրջ 600.000 հարկատուներից հարկային բեռի թեթևացում է նախատեսում միայն բարձր վաստակողների համար։ Այնինչ 150.000 դրամից (270 եվրոյից) ցածր աշխատավարձ ստացողների համար ոչինչ չի փոխվում և գումարվում է սպառման հարկերի բարձրացման հարցը։ Համահարթ հարկման քննադատները մատնանշում են նաև հանրային համերաշխության վտանգումը, բյուջետային սպասվող զգալի կորուստներն ու միջազգային բացասական օրինակները, երբ եկամուտների անհավասարությունն աճել է` անդրադառնալով տնտեսական աճի վրա։ Հայաստանի հարկային բարեփոխումների համատեքստում կարևոր նշանակություն ունեն հարկային վարչարարության բարելավումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումն ու հարկային արդարության ապահովումը։ Մասնագիտական կարծիքների համաձայն, իրական պրոգրեսիվ համակարգի համար կարող է նպատակահարմար լինել ոչ միայն աշխատավարձի հարկման պրոգրեսիվությունը, այլև ընդհանրապես բոլոր եկամուտների համար պրոգրեսիվ համակարգի աստիճանական անցումը՝ հարկային նվազեցումներ նախատեսելով ցածր եկամուտ ստացողների համար։
Հայաստանում քննարկվող հարկային բարեփոխումների փաթեթը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Խնդրահարույց կետերի, ռիսկերի և հնարավորությունների շուրջ տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերաբաշխում, անհավասարություն և աճ
Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)
«Նախ՝ ինչպես միջնաժամկետ տնտեսական աճի տեմպի, այնպես էլ բարձր տնտեսական աճի տևողության համար անհավասարությունը շարունակում է հիմնավոր և ծանրակշիռ որոշիչ գործոն լինել՝ անգամ վերաբաշխողական տրանսֆերտների չափը հաշվի առնելու դեպքում: Ուստի, Բերգի և Օստրիի եզրակացությունները (2011 թ.) թվում է, որ հիմնավորվում են, նույնիսկ ավելի ամրապնդվում: Այնուամենայնիվ, սխալ կլիներ ուշադրությունը կենտրոնացնել տնտեսական աճի վրա՝ թողնելով, որ անհավասարությունն ինքն իր հունով ընթանա, ոչ միայն այն պատճառով, որ էթիկայի տեսանկյունից անհավասարությունը կարող է անցանկալի լինել, այլ նաև այն պատճառով, որ դրա շնորհիվ աճը կարող է ցածր և անկայուն լինել: Եվ երկրորդ՝ մակրոտնտեսական մակարդակում հարկաբյուջետային վերաբաշխումների արդյունքում՝ աճը խաթարող ազդեցությունների վերաբերյալ փաստերը զարմանալիորեն քիչ են: Մենք հանդիպում ենք որոշ ոչ միանշանակ փաստերի, որ աճի տևողության վրա շատ մեծ վերաբաշխումները կարող են ուղղակի բացասական ազդեցություններ ունենալ, այնպես, որ ընդհանուր ազդեցությունը, անգամ դրականը՝ անհավասարության նվազեցման միջոցով, կարող է աճի առումով մոտավորապես չեզոք լինել: Սակայն ոչ ծայրահեղ վերաբաշխումների մասով չկան ուղղակի անբարենսպաստ որևէ ազդեցության մասին փաստեր: Միջին չափով վերաբաշխումն ու անհավասարության համապատասխան նվազումն, ըստ այդմ, հանգեցնում են ավելի բարձր և ավելի երկարատև տնտեսական աճի»:
«Վերաբաշխման հարցում ծայրահեղ զգուշավորությունը և հետևաբար՝ անգործությունը, դեպքերի զգալի մասում քիչ հավանական է, որ նպատակահարմար լինի: Միջին տվյալներով` տարբեր երկրներում և երկար ժամանակահատվածում այն, վերաբաշխում իրականացրած կառավարությունների հատկանշական քայլերը, որպես կանոն, վատ չեն ազդել տնտեսական աճի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ծայրահեղության են հասել: Դրա շնորհիվ ձեռք բերված անհավասարության կրճատումը, էթիկական, քաղաքական և ավելի ընդգրկուն սոցիալական նկատառումներից բացի, օգնել է ավելի արագ և ավելի տևական տնտեսական աճի խթանմանը»:
IMF (2014), Redistribution, Inequality, and Growth, Jonathan D. Ostry, Andrew Berg, and Charalambos G. Tsangarides, April 2014.
Ինչո՞ւ է քիչ անհավասարությունը օգուտ բերում բոլորիս
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ)
«Բարձր անհավասարության զսպմանն ուղղված քաղաքականության արդյունավետ ռազմավարության չորրորդ ոլորտը կապված է հարկերի և տրանսֆերտների հետ: Այս քաղաքականությունը եկամտի վերաբաշխման առավել ուղղակի և հզոր գործիքն է: ՏՀԶԿ երկրների մեծ մասը, եկամուտների խզումները կրճատելու նպատակով, զգալի չափով օգտագործում է եկամտային հարկեր և կանխիկ տրանսֆերտներ: ՏՀԶԿ-ում աշխատունակ տարիքի բնակչության շրջանում եկամտային անհավասարությունը նվազեցվել է միջինը 26 տոկոսով, Ֆրանսիայում և Գերմանիայում` 30 տոկոսով, Միացյալ Նահանգների 19 տոկոսի և Չիլիի ու Մեքսիկայի 4-5 տոկոսի համեմատ: Զարգացող տնտեսությունների մեծ մասում նման վերաբաշխումը շատ ավելի թույլ ազդեցություն ունի, ինչը հաճախ կապված է մեկ շնչի հաշվով սոցիալական ծախսերի ավելի ցածր մակարդակի և պակաս արդյունավետ հարկման հետ՝ պայմանավորված ստվերայնության բարձր մակարդակով: Միևնույն ժամանակ, ինչպես ՏՀԶԿ երկրներում, տրանսֆերտների ուղղությամբ սոցիալական ծախսերը, այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են կրթությունը և առողջապահությունը, նույնպես միտված են անհավասարության նվազեցմանը:
Հանրային բանավեճի ժամանակ հաճախ են պնդումները, որ հարկերի և տրանսֆերտների միջոցով վերաբաշխումը խոչընդոտում է տնտեսական աճը: Նշված հաշվետվության վերլուծությունից հետևում է, որ եթե դրանք լավ են նախագծված, անհավասարությունը կրճատելու համար ավելի բարձր հարկերը և տրանսֆերտները աճին չեն վնասում: Քանի որ հարկերը և տրանսֆերտներն այս աստիճան հզոր ազդեցություն ունեն թե ՛անհավասարության, և թե՛ տնտեսական աճի վրա՝ առանցքային է դրանք ճիշտ պատկերացնելը: ՏՀԶԿ նախկին աշխատանքը (Arjona et al., 2001) ցույց է տալիս, որ սոցիալական ակտիվ ծախսերը, ինչպիսիք են աշխատանքային նպաստները և երեխաների խնամքին ուղղված ծախսերը, փոխկապակցված են ավելի բարձր տնտեսական աճի հետ, քան «պասիվ» ծախսերը, ինչպիսիք են՝ գործազրկության նպաստները, որն հավանաբար բացասական ազդեցություններ ունի աճի վրա:»
OECD (2015), In It Together: Why Less Inequality Benefits All, OECD Publishing, Paris
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐ
Դրագան Թևդովսկի, Մակեդոնայի Հանրապետության ֆինանսների նախարար
Դրագան Թևդովսկին Մակեդոնիայի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել 2017թ. հունիսին: Սկոպյեի «Սուրբ Կիրիլ և Մեթոդիուս» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ է: Նրա ղեկավարությամբ նախաձեռնվել են բազմաթիվ բարեփոխումներ` հանրային ծախսերի թափանցիկությունն ու արդյունավետությունը բարձրացնելու, երկրի տնտեսությունը խթանելու և Եվրամիությանն ինտեգրման գործընթացը արագացնելու նպատակով: Նախարարության նախորդ մեկուկես տարվա գլխավոր նվաճումներն են` բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի կայունացումը, հանրային ֆինանսների բարելավումը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխման համապարփակ ծրագրի ընդունումն ու իրականացումը:
Նորբերտ Վալտեր-Բորյանս, ԳԴՀ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆինանսների նախկին նախարար
Դր. Նորբերտ Վալտեր-Բորյանսը ծնվել է 1952 թ.-ին Քրեֆելդում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա): Տնտեսագիտություն է ուսանել Բոննի համալսարանում (1971-1978 թթ.)` կրթությունը շարունակելով «Հենկել» ընկերությունում (Դյուսելդորֆ, 1978-1980 թթ.) ապրանքների կառավարման ոլորտում: Ավարտելուց հետո աշխատել է որպես ուսումնական հարցերով օգնական, այնուհետև` տնտեսագիտության տեսություն է դասավանդել Քյոլնի համալսարանում (1980-1984 թթ.), որտեղ ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան (1982, Dr. rer. pol.): 1984-1991 թթ. աշխատել է Դյուսելդորֆի պետական գրասենյակում (Հյուս. Հռենոս-Վեստֆալիա), որտեղ պատասխանատու էր կառուցվածքային փոփոխությունների հետազոտման և քաղաքականության մշակման համար: Եղել է Հյուս. Հռենոս-Վեստֆալիա երկրամասի կառավարության և վարչապետ Յոհաննես Ռաուի մամլո քարտուղարը (Դյուսելդորֆ): Քաղաքական ակտիվ գործունեությունը շարունակել է որպես Զարլանդի Ֆինանսների և տնտեսական հարցերի նախարարության պետ. քարտուղար (Զարբրյուկեն երկրամաս, 1998-1999 թթ.)` դառնալով տնտեսագիտության և հաղորդակցության խորհրդատու (1999-2004 թթ.): 2004-2005թթ. աշխատանքի և տնտեսական հարցերի նախարարության պետ. քարտուղարն էր (Հյուս. Հռենոս-Վեստֆալիա, Դյուսելդորֆ), այնուհետև` տնտեսագիտության և հաղորդակցության խորհրդատու (2005-2006 թթ.): Քյոլնում որպես քաղաքային խորհրդի անդամ պատասխանատու էր տնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների համար (Հյուս. Հռենոս-Վեստֆալիա): 2010 թ. նշանակվել է Հյուս. Հռենոս-Վեստֆալիայի ֆինանսների նախարար և պաշտոնավարել է մինչև 2017թ.-ը: Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է և 2017 թ. աշխատում է որպես խորհրդատու:
Բեկա Նացվլիշվիլի, Վրաստանի կառավարող դաշինքի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, «Սոցիալ-դեմոկրատները` հանուն Վրաստանի զարգացման» կուսակցություն, «Վրացական երազանք» դաշինք
Բեկա Նացվլիշվիլին ավարտել է Վիլհելմի համալսարանը Մյունսթերում (2007-2009 թթ., Գերմանիա)` պաշտպանելով քաղ. գիտ. թեկնածությունը և Բրյուսելի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գրասենյակում կատարել է հետազոտություն հետևյալ թեմայով. «Ինչպե՞ս ամրապնդել սոցիալական երկխոսությունը Վրաստանում` ելնելով Եվրոպայի փորձից և ԵՄ հարևանության քաղաքականությունից»: 2010թ.-ից հետազոտական գործունեություն է ծավալում Թբիլիսիի Սոցիալական հետազոտությունների կենտրոնում (հետազոտության թեման` «Սոցիալական կապիտալի դերը գյուղական համայնքներում»): 2009-2011 թթ. Վրաստանի համալսարանում դասավանդել է քաղաքագիտություն: 2012-2014թթ. եղել է կառավարության քաղաքական վերլուծությունների և ռազմավարական պլանավորման բաժնի խորհրդական: 2014-2016թթ. Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ էր և ղեկավարում էր «Վրացական երազանք» նախընտրական դաշինքի` ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող / նրանց կողմից օգտագործվող հողերի օրինականացման հանձնաժողովը: 2013թ.-ից սկսած Թբիլիսիի Կովկասի համալսարանի քաղաքագիտության դասախոս է և ղեկավարում է «Տեմպուս» նախագիծը համակարգող Վրաստանի թիմը՝ Վրաց-ամերիկյան համալսարանում: Բեկան տարբեր թեմաներով բազմաթիվ հրապարակումների հեղինակ է (Հարավային Կովկաս, Եվրոպական ինտեգրում և այլն):
Անտոն Մարսինչին, Սլովակիայի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին խորհրդական
Անտոն Մարսինչինը (1968 թ.), ֆինանսների նախարարի խորհրդական է 2012թ.-ից, մասնագիտանում է պետական ֆինանսների կառավարման, աշխատաշուկայի և տարածաշրջանային զարգացման ոլորտում: Չեխիայի տեխնիկական համալսարանը և Տնտեսագիտական հետազոտությունների և բարձրագույն կրթության կենտրոն-տնտեսագիտական ինստիտուտը Պրահայում ավարտելուց հետո իր հետազոտական գործունեությունը շարունակել է Թինբերգենի (Tinbergen) ինստիտուտում և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում` պաշտպանելով իր տ.գ. թեկնածությունը Չարլզի համալսարանում (1999թ.): Հրապարակել է տասնյակ հետազոտական հոդվածներ, դասախոսել է մի շարք բուհերում և իր ակտիվ մասնակցությունն ունեցել բազմաթիվ միջազգային հետազոտական աշխատանքներին: Լինելով Համաշխարհային բանկի՝ Սլովակիայի և Սլովենիայի տարածաշրջանային տնտեսագետ (2000-2008թթ.)` մասնակցել է ձեռնարկությունների և բանկերի վերակազմավորման ծրագրերին, պետական ֆինանսների կառավարմանը, ինչպես նաև կենսամակարդակի և աշխատաշուկայի վերաբերյալ հաշվետվությունների մշակմանը: 2010-2012թթ. եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ և խորհրդարանի պատգամավոր, 2012-2015թթ. փոխվարչապետի խորհրդական գնչուների (ռոմաների) հարցերով, այնուհետև ներքին գործերի նախարարի խորհրդական (2012-2015 թթ.) և կրթության նախարարի խորհրդական (2015-2016 թթ.): Ֆինանսների նախարարությունում ղեկավարում էր գործարար միջավայրի՝ «Գործարարության» և տարածաշրջանային զարգացման բարելավմանն ուղղված ծրագրերը` բարձրացնելով մանկապարտեզների և տարրական դպրոցների կարողությունները և ստեղծելով բժիշկների օգնականների ցանց ռոմաների աղքատ համայնքներում: Որպես աղքատ շրջաններում կառավարության լիազոր ներկայացուցիչ և տարածաշրջանային զարգացման ծրագրերի գլխավոր ղեկավար (2016-2018թթ.)՝ պայմաններ է ստեղծել է տարածաշրջանային զարգացումը կառավարելու մասնակցային և համալիր մոտեցման համար` հատուկ ուշադրություն դարձնելով առավել աղքատ 12 թաղամասերի վրա: 2007թ.-ից սկսած Սլովակիայի տնտեսական օրաթերթում կանոնավոր կերպով սյունակներ է հրապարակում:
Համաժողովի բրոշյուրի PDF տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ։
Այս նյութերի անգլերեն տարբերակը կգտնեք այստեղ։
Դիտվել է 1157 անգամ