Հեղափոխության շարժիչ ուժերն ու քաղաքական հենարանը
Ո՞րն է Հայաստանում ընթացող հեղափոխական շարժման քաղաքական հենարանը և ո՞ր սոցիալական խմբերն են եղել դրա շարժիչ ուժը։ Արդյո՞ք այն ունի գաղափարախոսական ուղղություն, արժեքներ կամ որոշակի տրամաբանություն։ Այս հարցերի պատասխաններից է կախված այն, թե ինչպիսին կլինի նոր քաղաքական մեծամասնության ձևն ու բովանդակային գիծը և արդյոք այն կկարողանա փոխել նախորդ կառավարություններին հատուկ տնտեսական քաղաքականությունը։ Փորձենք այս կարճ վերլուծության մեջ ի մի բերել մի քանի կարևոր տվյալներ ու միտումներ և անդրադառնալ որոշ մարտահրավերների։
Ելակետ ընդունելով պետության մասին հույն քաղաքագետ Նիկոս Պուլանձասի սահմանումը` արձանագրենք, որ պետությունը հասարակութունից անջատ մի բան չէ, այլ «եղած հասարակական ուժերի հարաբերակցության նյութական խտացումն է»։ Այս առումով կարևոր է, թե ինչպես պետք է ձևակերպվի նոր կառավարության օրակարգը, որպեսզի իշխանությունը հետ չգլորվի հին քաղաքական կառույցների մեջ։ Չմոռանանք, որ տարիների ընթացքում ձևավորվել է տիրապետող գաղափարաբանություն, ըստ որի` անհավասարությունը հասարակության ընդունելի վիճակն է։
Քաղաքական օրակարգի և գաղափարախոսության հարցը․ սպասվող վտանգները
Նոր «ժամանակավոր» կառավարության առանցք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ինքը՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ երկրորդական են համարում քաղաքական գաղափարախոսությունները։ Սկզբնական փուլում այս գաղափարախոսական դատարկության նպաստավոր լինելն, այդուհանդերձ, ապագայում կարող է մի շարք վտանգներ առաջ բերել։
1․ Ինչո՞վ է փոխարինվելու «ազգ-բանակն» ու նեոլիբերալ վեկտորը
Գիտենք, որ նոր կառավարությունը որոշակի թերահավատություն ունի նախորդների «ազգ-բանակ» հայեցակարգի նկատմամբ։[1] Գուցե դա ընդամենը վերապահում է։ Որքան էլ անհաճ է, պետք է ընդունենք, որ ՀՀԿ-ն, ի տարբերություն նոր կառավարության, ավելի հստակ գաղափարական կողմնորոշում ուներ։ Այն ուներ երկու հենարան․ մեկը նեոլիբերալ գիծն էր՝ միջազգային կառույցների համար, իսկ մյուսը՝ ազգայնականը, ռազմահայրենասիրականը՝ ստորակա խավերի համար, որպեսզի նրանք չխոչընդոտեին իրենց ունեզրկելու քաղաքական գծին։ Այսինքն, «ազգ-բանակ»-ը որպես տանիք դրված էր նեոլիբերալ շենքի վրա։ Սա տարածված մեթոդ է։ Նույն մոտեցումն ունի նաև Էրդողանը Թուրքիայում։ Եվ ահա այս տանիքը չեզոքացնելու դեպքում «Քաղաքացիական պայմանագրին» կարող է մնալ միայն նեոլիբերալ կառույցը, որն ավելի թույլ լեգիտիմություն կունենա լայն շերտերի համար, եթե չփոխարինվի, օրինակ, սոցիալական արդարության վրա հենվող նոր քաղաքականությամբ։ Այսպիսով, պարզ է դառնում, որ գոնե որոշակի գաղափարախոսական հստակեցումներից կամ լայն կոալիցիաներից խուսափել հնարավոր չէ։
2․ Իրավական պետությունն ու ինքնակարգավորվող շուկան բավարար նախապայմաններ չեն
Պատկերացումը, ըստ որի՝ շատ հարցեր լուծվելու են արդեն իսկ իրավական պետության հաստատման և կոռուպցիայի վերացման արդյունքում, խիստ լավատեսական է։ Իրավունքը որպես այդպիսին արտացոլում է եղած արտադրահարաբերությունների ստատուս քվոն։ Նաև այդ է պատճառը, որ ՀՀ սահմանադրությունն արդեն երկու անգամ փոփոխել են՝ մեր իրավունքները համապատասխանեցնելով տվյալ պահի ստատուս քվոյին, իջեցնելով ավելի ցածր աստիճանի։[2] Աշխարհում կան բազմաթիվ իրավական պետություններ, որտեղ սոցիալական բևեռացումը շարունակում է սրվել։ Անհրաժեշտ է հրաժարվել միմիայն իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումներով արդյունքի հասնելու պատրանքից։ Այդ առումով թերի է նաև Դարոն Աջեմօղլուի տեսությունը, որի խորհրդատվությունից մտադիր է օգտվել նոր կառավարությունը։[3] Կառավարման ապակենտրոնացումն առանց համայնքների համար ներդրումային ռեսուրսներ ու նոր համայնքային կազմակերպման ձևեր ստեղծելու, շատ քիչ բան կտա մարզերին։ Եվ վերջապես, կրթության անհավասարությունն ամենամեծ մարտահրավերն է։
Բավականին սթափեցնող էր նաև վերջերս նոր կառավարության համար առաջարկներ քննարկելու նպատակով հրավիրված տնտեսագետների ժողովը, որում գերիշխում էին 90-ականների ազատ շուկայի պատումները, այն դեպքում, երբ դրանք ամբողջ աշխարհում վերանայվում են։ Պետք է հասկանալ, թե ինչու է գյուղացիներից յուրաքանչյուրը ցանկանում միայնակ հարստանալ և չմիավորվել իր համագյուղացիների հետ կոլեկտիվ տնտեսության մեջ՝ շարունակելով կախված մնալ խոշոր սեփականատերերի բարի կամքից։ Այս առումով, նոր կառավարությունը լիովին պետք է փոխի գործող տնտեսական տրամաբանությունը։
3․ Արտաքին դիմադրությունները
Առաջին իսկ շաբաթներին նոր կառավարությունը հանդիպումներ է ունենալու միջազգային ֆինանսական հաստատությունների՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամիև մյուս դոնորների հետ։ Հավանականությունը մեծ է, որ նոր կառավարությանը կառաջարկվեն նույն մոտեցումները, որոնք կիրառվում էին ՀՀԿ-ի կառավարությունների դեպքում։ «Նեոլիբերալ» կոչվող քաղաքականությունը վերաբերում է հենց այս կազմակերպությունների թելադրած օրակարգին։ Այն ոչ միայն սոսկ լիբերալ է, այլև «նեո» նախածանցի իմաստային նշանակության միջոցով հենց բնութագրում է միջազգային կառույցների պարտադրած «ապակարգավորման, մասնավորեցման և ազատականացման» քաղաքականությունը։ Թե որքանով է այն համահունչ մեր հեղափոխական օրակարգի հետ, դատեք ինքներդ։ Նշված օրակարգից շեղվելու կամ ինքնուրույն սոցիալական քաղաքականություն վարելու համար շատ կարևոր է լինելու նոր կառավարության սոցիալական բազան։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն իշխանության են բերել այն 100․000-ները, որոնք անհամբեր սպասում են պետական և այլ ներդրումների՝ իրենց համայնքների սոցիալական և կրթական ենթակառուցվածքներում։
4․ Ներքին դիմադրությունները
Նոր կառավարության համար հաջորդ խոչընդոտը կարող են դառնալ նախարարությունների տեխնոկրատ աշխատակիցները, այդ թվում նաև տնտեսական բլոկի պաշտոնյաները, որոնք էլ իրենց հերթին կփորձեն հետ պահել նորերին կտրուկ շրջադարձերից և խորհուրդ կտան գնալ վաղուց փորձված ճանապարհով։ Կան բազմաթիվ հեղափոխությունների օրինակներ, երբ զանգվածներն իրականացրել են հեղափոխություն, իսկ տեխնոկրատ շերտերն այն կրկին փոշիացրել են՝ վերադարձնելով հին պրակտիկաներին։
5. Մասնավոր կապիտալի դերը
Նախորդ կառավարությունների գործունեության արդյունքում մասնավոր կապիտալն արդեն իսկ զգալիորեն ներթափանցել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, հանրային ծառայությունները, քաղաքների հանրային տարածքները, առողջապահությունը և այլն։ Այդ ներթափանցումն ու աճող ազդեցությունը պետության լիակատար զսպման և խնայողության պայմաններում մի շարք խնդիրներ են ստեղծել սոցիալական արդարության և հանրային համերաշխության համար։ Ամենացցուն օրինակներից են Կրթության գերազանցության ազգային ծրագիրն ու առողջապահության ոլորտում պատվերների և ապահովագրական ծառայությունների բաշխումը։[4] Կապիտալի ապակարգավորող ուժը շարունակելու է գերիշխող լինել, եթե դրա կողքին չուժեղանան աշխատողների արհմիությունները, քաղաքացիական ինքնակազմակերպվող բազիսային խմբերը, մասնակցային խորհուրդները և քննադատական մտածողություն խթանող նոր կրթական հարթակները։
Ավելորդ է նշել, որ առանց քաղաքական ուղեգծի կառավարության գործունեությունը կարող է վերածվել առանձին միջոցառումների շարքի, որտեղ ոչ մի միավորող բան չի լինի։ Պետք է ամեն ինչ անել, որ ոգևորության սկզբնական ալիքը մարելուց հետո նորանշանակ նախարարները միայնակ չմնան։
Շարժիչ սոցիալական ուժերը
Նախքան Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բուն հեղափոխական շարժման շարժիչ խմբերին անդրադառնելը, տեսնենք, թե որոնք են այդ շարժման ակունքները։ Ըստ էության, այս շարժումն անցած 10 տարիների քաղաքացիական ինքնակազմակերպվող նախաձեռնությունների՝ «Թեղուտ»-ի, «Թռչկանի ջրվեժ»-ի, «Մաշտոցի պուրակ»-ի, «100 դրամ»-ի, «Դեմ եմ»-ի, «Էլեկտրիկ Երևան»-ի, «Հանուն գիտության զարգացման» և մյուսների տրամաբանական շարունակությունն է։ Այն եղել է վերջիններիս որակական ու քանակական աճի հերթական փուլը՝ կիրառելով պայքարի համանման մեթոդներ և դրանց գումարելով գրագետ ձևակերպված համընդգրկուն քաղաքական օրակարգ։ Ըստ այդմ, այստեղ պետք է փնտրել նաև բովանդակային օրգանական կապ։
Իսկ ի՞նչ գաղափարական ուղղվածություն ունեին այդ նախաձեռնությունները, որոնց հանգուցալուծումը դարձավ Նիկոլի «Իմ քայլը»։ Դրանք հասարակության արձագանքն էին անցած 20-30 տարիների մասնավորեցման, ազատականացման և ապակարգավորման կուրսին, և դրանց միջով կարմիր թելի պես անցնում էր սոցիալական արդարության քաղաքականության գաղափարը։ Որոշակիացնե՛նք։ Թեղուտի դեպքում դա ազգային հարստության և բնական ռեսուրսների արդար տնօրինումն էր, մյուս դեպքերում՝ հանրային տարածքի պահպանման, հանրային ծառայությունների արդար սակագնի, կենսաթոշակային համակարգի մասնավորեցումը թույլ չտալու, հանրային ոլորտում մասնավորի ունեցած գերշահույթների և հանրային կրթության ոլորտի կրճատումը բացառելու հարցերն էին։ Այս շարքում թերևս առանձնահատուկ է «Դեմ եմ» շարժումը, որը մերժելով կենսաթոշակային համակարգի «օֆշորացումը», ինչ որ պահից բաժանվեց մի քանի մասի։ Մասնակիցների զգալի մասն սկսեց հերքել դրա սոցիալական բնույթն ու ամեն կերպ փորձում էր սահմանել շարժումը որպես միջին խավի նախաձեռնած աջ լիբերալ-պահպանողական նախաձեռնություն։[5] Նրանցից ոմանք այսօր տեղ ունեն «Ելք» դաշինքի նեոլիբերալ թևում։
Հիմա անդրադառնանք 2018թ․ մարտ-ապրիլ ամիսների իրադարձությունների ժամանակ ամենաակտիվ դերակատարումն ունեցած սոցիալական ուժերին։ Դրանք նախ և առաջ ուսանողների ինքնակազմակերպված խմբերն էին, որոնք այս շարժման մշակութային առանցքն ու ՀՀԿ-ի քաղաքականության տուժողներն էին։ Միաժամանակ, նրանք այնքան էլ կաշկանդված չէին պետական ու նահապետական լծակներով։ Հեղափոխական ալիքի մյուս կարևոր խմբերը բազմազան քաղաքացիական նախաձեռնություններից մնացած բեկորներն էին, որոնք տարբեր թելերով հաղորդակցության մեջ են մտել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, բայց նաև եղել են ինքնաբուխ ակցիաների նախաձեռնողներից։ Դրանցում էական տեղ էին գրավում տարբեր ձախական, ֆեմինիստական, սոցիալ-լիբերալ ուղղվածության խմբակներ, իրավապաշտպան կազմավորումներ և քննադատական մտավորական անհատներ, որոնք, հակադրվելով ավանդական մշակույթին, փողոցային ակցիաների ժամանակ բանեցնում էին այնպիսի պրակտիկաներ, որոնց նպատակը կարծրատիպերն ու հիերարխիկ կառույցները կոտրելն էր։ Սրանք մշակութային հեղափոխության առաջամարտիկներն էին։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի և համախոհների անմնացորդ նվիրվածության հետ միասին հենց վերը նշված մշակութային բաղադրիչն է կարևոր դեր խաղացել շարժման սկզբնական կայծի և բռնկման համար։ Բնականաբար մոբիլիզացվել էին նաև միջին խավի որոշ հատվածն ու հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներակայացուցիչները, որոնք այլևս ի վիճակի չէին հին ձևով աշխատել։ Բայց չմոռանանք, որ հեղափոխությունը հնարավոր դարձրին այն 100․000-ավոր մարդկանց զանգվածները, որոնք մարզերից ու Երևանի արվարձաններից միացան շարժմանը Սարգսյանի հրաժարականից հաշված օրեր առաջ։ Այդ մարդիկ աղքատության, շահագործման ու իրավազրկման գլխավոր տուժողներն են։
Հեղափոխության քաղաքական հենարանը
Ինչպե՞ս կարող է մեծամասնության հավակնող Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը լիարժեք քաղաքական հենարան ստեղծել՝ հին կառույցների վերարտադրությունը թույլ չտալու համար։ Բնականաբար դրա անխուսափելի նախապայմանը հնարավորինս լայն խավերի շահերի ներառումն է։ Անհրաժեշտ է, որ նոր քաղաքական հենարանը ներկայացնի ոչ միայն միջին խավին, ուսանողական ու քաղաքացիական առաջադեմ խմբերին, այլ նաև մարզերի գյուղաբնակ աղքատացած բնակչությանն ու Երևանի արվարձանների աշխատավորական շերտերին։ Այսինքն, անհրաժեշտ է կյանքի կոչել հեղափոխության գլխավոր լոզունգներից մեկը՝ սերն ու համերաշխությունը։[6] Կազմել սոցիալական արդարության և համերաշխության վրա հենվող մի մեծ կոալիցիա, որը կմիավորի միջին խավին ու աղքատացած լայն զանգվածներին մեկ օրակարգի շուրջ։ Հենց սա էլ կարող է դառնալ այն միավորող գաղափարախոսությունը, որը թույլ կտա համախմբվել ոչ թե ռազմատենչ «ազգ-բանակ»-ի և այլատյացության, այլ հանրային կյանքի կառուցման դրական արժեքների՝ անհատի ազատության և հանրային բարիքի արդար տնօրինման գաղափարների շուրջ։ Սակայն վերը նշված շերտերը չունեն քաղաքական ինքնակազմակերպման կառույցներ և հիմնականում «լյումպենացման» միջոցով ծառայեցվում են օլիգարխների շահերին։ Այդ խավերին ամենամոտը կանգնած են ձախական քաղաքական խմբերը։
Ինչպես ձևավորել այդ հենարանը
Հասարակական ուժերի լայն սպեկտր ներկայացնող քաղաքական կուսակցություններն իրենց ներսում ունենում են տարբեր ֆրակցիաներ, որոնք թեև միավորված են հիմնական գաղափարական սկզբունքների շուրջ, բայց և սեփական կուսակցության ներսում ձախ և աջ թևեր են ձևավորում։ Շատ կարևոր է, որ այդ թևերը լինեն ոչ թե անձերի շուրջ միավորված, այլ գաղափարական բևեռներ։
Հեղափոխության ընդգրկուն հենարանն ամրապնդելու լավագույն լուծումը կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Ելք» դաշինքի) ներսում քաղաքական երեք հաղորդակից թևերի ձևավորումը։ Դրանք կարող են լինել հետևյալ խմբավորումները՝
- Լիբերալ թևը՝ կազմված «Ելք» դաշինքի լիբերալ և սոցիալ-լիբերալ մոտեցումներ ունեցող անդամներից
- Կենտրոնամետ թևը՝ կազմված պահպանողական դեմոկրատական ուժերից, որոնք միջնորդի ցանցային դեր կարող են ստանձնել
- Կենտրոնից ձախ գտնվող թևը՝ կազմված լայն զանգվածների սոցիալական օրակարգն առաջ մղող և հեղափոխության ընթացքում դերակատարում ունեցած ձախական քաղաքացիական խմբերից
Ահա այս կոնֆիգուրացիայով Նիկոլ Փաշինյանի շուրջ երեք գաղափարական խմբակցությունների միավորման և ընտրությունների գնալու դեպքում նոր կառավարող ուժի համար կապահովվի առավել հիմնավոր և երկարաժամկետ լեգիտիմություն՝ ամրապնդելով հեղափոխության հռչակած համերաշխության ոգին ու արժեքները։ Այս տարբերակն, ի տարբերություն հավատարիմ կուսակցականներով և տեխնոկրատ մասնագետ կադրերով համալրման գործելաոճի, մի քիչ ավելի աշխատատար և բարդ է։ Դրան հակառակ՝ շուկայի ֆետիշացման ու սոսկ իրավական պետության ապահովման նախապայմանների վրա կենտրոնացումը կարող է էլ ավելի սրել սոցիալական բևեռացումն ու կարճ ժամանակում լրջագույն խնդիրներ ստեղծել մեզ համար։
ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի չհանձնի իշխանությունը տեղերում՝ քաղաքներում, գյուղերում, դպրոցներում և առանձին տնտեսական սուբյեկտներում։ Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ բոլոր հարցուպատասխանները հատկապես նպատակ ունեն Փաշինյանին բերելու ՀՀԿ-ական դիսկուրսի, լեզվի, պրակտիկաների և հռետորաբանության դաշտ։ Փաշինյանը որոշ բացառություններով առայժմ կարողացել է խուսափել դրանից։[7] Բայց այդ խնդիրն անտեսելու դեպքում ՀՀԿ-ն արագ ռևանշի կհասնի հենց հայրենասիրական դիսկուրսի դաշտում։ Դրան են ծառայեցվելու հների ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները, տնտեսական սուբյեկտներն ու սոցիալական կառույցները։ Մի բան է կանգնել Հանրապետության հրապարակում և հեղափոխական կոչեր հնչեցնել, մեկ այլ բան է սեփական դպրոցում կամ համայնքում լինել մշակութային հեղափոխության կրողը։ Տարոն Մարգարյանի և նրա շրջապատի պես շատ ավանդական կառույցներ շարունակելու են կառչել հին լծակներից։ Իսկ այդ լծակները տեղերում նոր կառավարությանը ծառայեցնելու գայթակղությունը մեծ է լինելու։
Վերը նշված երեք թևերից ամենադժվարը վերջին՝ սոցիալական օրակարգով ձախական թևի կայացումն է։ Նման մի քանի փորձեր ձեռնարկվում են այս օրերին։ Սակայն Հայաստանում ձախական խմբերն առանձնանում են տարբեր շեշտադրումներով ու ապակենտրոն գործելակերպով։ Դրանց քաղաքական կոնսոլիդացիան բավարար ջանքեր և քաղաքական հասունություն կպահանջի այդ ուժերից։ Իհարկե պարզ չէ նաև՝ արդյո՞ք ընտրությունների գնացող նոր քաղաքական ուժը պատրաստ է իր մեջ ներառելու այսպիսի ձախական մի բևեռ, թե կնախընտրի առանց գլխացավանքների, բայց վտանգներով լի միատարր կուսակցության ճանապարհը։
Ինչևէ, անդրազգային կամ սփյուռքի կապիտալի համար նպաստավոր իրավական ու ինստիտուցիոնալ հիմք ապահովելը կարող է խոշոր ներդրումներ բերել Հայաստան, բայց առանց քաղաքական կուրսի փոփոխության դա երբեք չի հանգեցնի այն սոցիալական բեկումնային վերափոխմանը, ինչը հռչակվել է որպես հեղափոխության նպատակ։ Ավելին, դա կարող է նոր անհավասարությունների և կոնֆլիկտների պատճառ դառնալ։
ՀՀԿ-ն ստեղծել է տեղայնացված կուռ համակարգ, որի ճգնաժամն ամենևին չի նշանակում, որ դրան փոխարինող, բայց առանձնապես չտարբերվող քաղաքակիրթ տարբերակը չի մերժվի հասարակության կողմից։ Որոշիչ հարցերը ֆինանսական և ռեսուրսային վերաբաշխումներն են հանուն սոցիալական արդարության, հավասար հնարավորությունների և տնտեսական ժողովրդավարության։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը վերը թվարկված բոլոր դիմադրությունները հաղթահարելու համար կարիք ունի լայն սոցիալական հենարանի։ 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխական շարժումն ինքնին հագեցած էր բազիսային դեմոկրատիայի տարրերով` արագ մոբիլիզացվող զանգվածներ, ինքնակազմակերպվող բազմազան խմբեր, որոշումների մասնակցային կայացում։ Կարևոր է պահել սոցիալական ուժերի այս դինամիկան և շարունակաբար ստանալ դրանցից եկող ազդակներն ու էներգիաները` չկենտրոնանալով զուտ ընտրական պրոցեսների վրա։ Այդուհանդերձ, կարևոր է նաև, որ ներկայացուցչական մարմիններում նոր կառավարող քաղաքական ուժն ունենա ամուր բազա և հեղափոխության արժեքները կրող բոլոր թևերին համախմբող քաղաքական հենարան։
[1] Այս առումով հետաքրքիր է Արմեն Գրիգորյան-Վիգեն Սարգսյան երկխոսությունը բաց նամակների տեսքով։ Այս երկու դիրքորոշումների տարբերությունը հանգում է ազատ, արդար ընտրությունների, կոռուպցիայի նվազեցման, մարդու իրավունքների պաշտպանության և մրցակցային շուկայի ապահովմանը։
[2] Տես Սոցիոսկոպի տեսանյութը 2015թ. սահմանադրական փոփոխությունների մասին` https://youtu.be/s_jRH0JeQWI ։
[3] Հատված «Ինչու են ազգերը ձախողվում» գրքից` http://www.arteria.am/hy/1390556104 ։
[4] Հատված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյանը գրառումից. «Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին», հղումը` https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/702419576610977։
[5] Նշենք, որ ՀՀ կենսաթոշակային բարեփոխումները կատարվել են Չիլիում Պինոչետի օրոք ներդրված համակարգի փորձի հիման վրա, որը Չիլիում բազմաթիվ բողոքների արդյունքում մի քանի անգամ վերանայվել է։ Մանրամասն տես այստեղ․ Ցույցեր պարտադիր կենսաթոշակայինի դեմ Չիլիում, 03.02.2014, http://diskurs.am/2014/02/223/։
[6] «Համերաշխություն» բառը երբեմն հանրային ելույթներում թյուրիմացաբար կամ դիտավորյալ փոխարինվում է «հանդուրժողականություն» բառով։ Հանդուրժելը չմասնակցելու ձևերից մեկն է, այնինչ համերաշխությունը սոցիալական պատասխանատվություն է ենթադրում։
[7] Ցայտուն օրինակներ են մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցած տոնական միջոցառման ընթացքում նախկինների կազմակերպած համերգի բովանդակության և Նիկոլ Փաշինյանի ելույթի տարբերություններն ու հատման կետերը։
Այս հոդվածի անգլերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ։
Վահրամ Սողոմոնյանը ծնվել է 1977 թվականին։ Ավարտել է ԵՊՀ գերմաներենի բաժինը: 2007թ. պաշտպանել է քաղաքագիտական դոկտորական աշխատանք Մարբուրգի Ֆիլիպս համալսարանում: Գրել է գիտական աշխատանքներ ինտեգրացիոն գործընթացների, արժեհամակարգային հարցերի և Արցախյան հիմնախնդրի մասին: Մասնակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների:
Դիտվել է 2186 անգամ