Ինչպե՞ս են արտոնյալները հայրենասիրական ճառերով արդարացնում լայն խավերի ունեզրկումը
Քառօրյա պատերազմը մեր հանրությանը նետեց իրականության սառը ջրի մեջ։ Ամեն ինչ վերահսկող ինքնավստահ պաշտոնյա-օլիգարխների խումբը հայտնվեց միայնակ իր պաթոսի հետ ու հանկարծ ստիպված էր հույսը կապել հանրության հետ։ Քանի որ փորձեր կլինեն օգտագործելու դրսի վտանգը ներսում անցանկալի տեսակետները միաբանության անվան տակ ճնշելու համար, ապա շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են մեր հանրության իրական վտանգները և ինչի շուրջ կարող է տեղի ունենալ համախմբումը։ Բայց ամեն ինչ իր հերթին։
Այն, ինչ կատարվում է այժմ մեր հասարակության ներսում, աշխարհին հայտնի է որպես «ջինգոիզմ»1։ Այսպես կոչված «ջինգոիզմը» հայտնի է որպես աղմկոտ և ռազմատենչ հայրենասիրություն, որն արհեստականորեն խթանվում է մենաշնորհային կապիտալի կողմից՝ մեծ շահույթներ ստանալու, պետբյուջեից միլիարդներն արտասահման փոխանցելու և արտաքին աշխարհից հանրության մեկուսացումը խթանելու համար։ Օրինակ՝ 2000-ականներին «ջինգոիզմն» իր գագաթնակետին էր հասել ԱՄՆ-ում, երբ սոցիալապես անպաշտպաններին զանգվածաբար հերթագրում էին Իրաքում կռվելու համար, մինչև այն պահը, երբ մարդիկ հասկացան, որ պատերազմը հրահրված էր փոխնախագահ Չեյնիի նավթային ընկերության նեղ շահերին ծառայելու համար։ Այս եզրը լրիվ նույնությամբ կիրառելի չէ հայաստանյան հասարակության նկատմամբ, բայց կարող է օգտակար լինել տեղի ունեցողն ըմբռնելու համար։
Տարբերությունն այն է, որ Հայաստանում այն Ադրբեջանի «ջինգոիստական» ծանր քարոզչության արձագանքն է, բայց միաժամանակ նաև Հայաստանի ներսում արտոնյալ օլիգարխիկ խավերի կողմից հարմար պահին ընկալված և օգտագործվող հնարք, սեփական ունեցվածքը բազմապատկելու առիթ։ Երկու օլիգարխիաները «ջինգոիզմի» խթանմամբ շեղում են ներքին խնդիրներից և էքստերնալիզացնում են այդ խնդիրների պատճառները դեպի արտասահման, ինչն էլ, սակայն, սպառնում է դուրս գալ հենց խթանողների վերահսկողությունից, ինչպես դա մասամբ եղավ ապրիլի 2-ին։ Այնքան ժամանակ քանի դեռ բանակն ի վիճակի է պաշտպանել սահմանը, կարելի է թալանել, որքան հնարավոր է։ Բայց այս պատերազմը ցույց տվեց, որ «ջինգոիզմը» հասցրել է խաթարել ոչ միայն արդարության գիտակցությունը և սրել սոցիալական բևեռացումը, այլ նաև վնաս է հասցրել բանակային որոշ կառույցների։
Եթե դու ամբողջ պետական համակարգը՝ ընդհուպ մինչև բուհեր, ներգրավում ես հայրենասիրական «ջինգոիզմի» մեջ՝ ինքնության կարևոր այլ արժեքների մատուցման փոխարեն, դրա միջոցով կրճատում սոցիալական ծախսերը, մեծացնում արտաքին պարտքը, չքավորներին դարձնում արտոնյալներին սպասարկող անձնակազմ, ապա դրանով նրանց դարձնում ես հենց այդ դատարկ հայրենասիրությունը սնող նյութը։
Մինչ «նոր սերնդից ճառագող լույսը» այդ սերնդին մղում էր դուրս գալ փողոց՝ իրավունքի և արդարության համար ճնշումների ու ծեծուջարդի ենթարկվելով, իսկ սահմանին էլ այդ նույն սերունդը զոհվում էր Հայաստանի համար՝ փոխհատուցելով ոմանց շքեղ կյանքի համար գրպանված պաշտպանական ծախսերը, նահապետական կաշառակերները դասեր էին տալիս նոր սերնդին հայրենասիրության ճիշտ ձևերի մասին, արդարացնում էին ընտրություն կեղծելը, «տունը պահելու համար» անօրինականության գնալը և այլ շատ ստոր բաներ։
Տղաների դեմքերը, որոնք հիմա չեն իջնում հեռուստացույցի էկրաններից, քառօրյա պատերազմից հետո այլևս չի ստացվում ծառայեցնել հայրենասիրական պաթոսի հին ձևերին։ Այդ դեմքերը խոսում են իրականության մասին, նրանք ցույց են տալիս այդ պատերազմի ներսի երեսը, որը մեր տան մեջ է՝ Հայաստանի ներսում, արտոնյալ խավի կողմից սանձազերծված՝ չքավոր խավերի ունեզրկման ու ենթարկեցման տեսքով։ Պատահական չէ, որ Երևանն ամենամեծ հարստության կենտրոնացման վայրն է, իսկ ծայրամասային շրջաններն ու սահմանագիծը՝ ամենաքիչ ռեսուրսներ ունեցողը։
Հանրային տարածքն ու ինքնակազմակերպման ուժը
Նույնիսկ այս պատերազմական տագնապալի պահին համախմբման գլխավոր ձևերից մեկը դարձավ հանրային ինքնակազմակերպումը։ Մի բան, որի համար սահմանին զոհվող երիտասարդների մյուս հասակակիցները ծեծվում էին Երևանի փողոցներում՝ համակարգը փոխելու մասին հարցեր բարձրացնելիս։ Այդ երիտասարդները «ջինգոիստական» պետությանը պետք էին միայն զինվորական ծառայության ժամանակ, իսկ դրանից առաջ և հետո, որպես դիրքորոշում հայտնող քաղաքացի, անցանկալի են։ Ու նրանց մեծ մասին զորացրվելուց հետո կրկին սպասում են նույն չքավորությունն ու օլիգարխների թելադրանքը։
Կուսակցաքաղաքական համակարգը վախը աչքերի մեջ հստակ ընկալեց, որ նույնիսկ ունենալով այսքան մենաշնորհներ, ընդդիմության հավատարմություն ու ֆինանսների լիակատար վերահսկողություն, ստիպված է մնալ նաև հանրային ինքնակազմակերպման հույսին։ Մաշտոցի պուրակը, որը արտոնյալների համար աչքի փուշ էր դարձել՝ լինելով սոցիալական համերաշխության և ինքնակազմակերպման ու բազմազանության տեղ, պատերազմի օրերին դարձավ մարդասիրական օգնության ինքնաբուխ կազմակերպման հիմնական վայրը Երևանում։ Երբ 2012թ․ կարմիր բերետավորները երեք ամիս ճնշում ու ծեծում էին պուրակի պաշտպաններին՝ նրանց քաղաքական հայրերը չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ նշանակություն ունի այդ հանրային տարածքը շատ ու շատ այլ հարցերի՝ այդ թվում նաև հանրության համախմբման և սոլիդարության համար։ Այսքանը՝ արտոնյալ խմբի քաղաքական հեռատեսության մասին։
Հանրության վերահսկու՞մ, թե՞ հանրային էներգիայի ազատագրում
Արտոնյալ խավի ինքնավստահությունը հենվում էր ոչ միայն «ջինգոիզմի» վրա, այլ մինչ օրս բոլոր հասարակական ուժերին վերահսկելու, կաշառելու կամ էլ հաջողված սոցիալական շարժումները լրատվական միջոցներով արժեզրկելու և իրենց հռետորաբանությանը հարմարեցնելու վրա։
Սա կոչվում է տիրապետող վերնախավի կողմից կոոպտացիայի ենթարկել ցանկացած աճող նոր քաղաքական միտք ու սոցիալական շարժում։ Ամեն ինչի մասին պետք է խոսի «Պանարմենիան մեդիա գրուպը», ամեն ինչ պետք է անցնի ՀՀԿ-ական ֆիլտրի միջով, այլ կարծիքները պետք է այնպես խճճվեն ու կրճատվեն, որ կորցնեն իրենց հանրային ազդեցությունը։ Սոցիալական նախաձեռնությունների անդամները պետք է այնպես ինտեգրվեն կուսակցական համակարգի մեջ, որ ներքաշվեն նեոլիբերալ-պահպանողական գծի մեջ և դառնան «օրինապաշտ»։ Իսկ նոր ու այլընտրանքային ուժերն անպայման պետք է որակյալ կրթությամբ, բայց որոշակի շրջապատի հետ կապված անձինք լինեն։
Այս մոտեցման արդյունքը եղավ այն, ինչ տեսանք ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին։ Պետությունն ու հանրությունը օտարված էին միմյանցից։ Հանրությունն ինքնակազմակերպվեց և մոբիլիզացվեց, սակայն դա տեղի ունեցավ պետության նկատմամբ անվստահության մթնոլորտում։ Արտոնյալ խավին ծառայեցվող պետությունն ու հանրության ինքնակազմակերպման ազատագրված էներգիան կարծես իրարից զատ բաներ լինեին։
Հանրության էներգիան պետք է ինքնաիրացման ու ինքնաբուխ արտահայտման լիարժեք ազատություն ունենա և նվաճի այն։ Դու չես կարող օգտագործել այն, երբ քեզ պետք է, և ճնշել, երբ խանգարում է։ Սա է ազատ և ավտորիտար հասարակությունների տարբերությունը։ Ավտորիտար հասարակությունները (ինչպես, օրինակ, Ադրբեջանը) գործում են այլ սկզբունքով՝ վերևից գալիս է հրամանը, և բոլորը կատարում են։ Սակայն ազատ հասարակությունները միայն ֆասադով չեն կարող բավարարվել։ Հանրության էներգիան արտահայտվում է ազատության, այլ ոչ թե վերահսկողության սկզբունքով։
Դու չես կարող ապագայի համար քեզ հարմար վերնախավ բուծել, վերահսկելի երիտասարդներ պատրաստել և դրանից հետո սոցիալական համերաշխություն ակնկալել։ Իշխանությունը պետք է հասանելի լինի անխտիր բոլորի համար ու հատկապես ՀՀ-ում մեծամասնություն կազմող սոցիալապես անապահով ընտանիքներին ներկայացնող քաղաքական ուժերի (եթե, իհարկե, այդպիսիք երբևէ հաջողվի ձևավորել), այլ ոչ միայն պահպանողական-ազատական ուժերի համար։ Եվ վերջինը՝ Արցախի հարցում նման էլիտիստական խմբավորումներն ի վիճակի չեն լիարժեք, արդյունավետ և հանրության շահերից բխող բանակցություններ վարել։ Դա հստակ երևաց քառօրյա պատերազմի օրերին։
Արցախի հարցում նույնպես հասունացել է ներքևից վերև նախաձեռնությունների ձևավորման հարցը, և այս ճգնաժամը հատկապես ընդգծեց քաղաքական համակարգի փոփոխության խնդիրը, քանի որ արտոնյալ ու մենաշնորհային խավը չի կարողացել հասկանալ Արցախի ու ՀՀ քաղաքացու իրական խնդիրները։ Գոնե հիմա բոլորը հասկացան, թե ինչքան խոցելի է կեղծիքի վրա հենված քաղաքական համակարգը, առավել ևս, որ զարգացումները դուրս են եկել մեդիա մանիպուլյացիաներով կառավարելի սահմաններից։
Եզրահանգում
Այս օրերին Հայաստանում հասարակական կարծիքը լի է առողջ քննադատությամբ։ Գլխավոր շեշտն է՝ մի՛ մոռացեք, որ գողացված միլիարդների, քաղաքականությանն անմասն լինելու, ինքնակազմակերպումը ծաղրելու, կաշառակերության մասին գովեստի ու արդարացման խոսքերի հետևանքով է, որ Հայաստանի սոցիալապես ամենաթույլ ընտանիքների որդիները բանակի թերհագեցած լինելու պայմաններում զոհվում են սահմանին՝ խրամատներում, որտեղ գրեթե չկան պաշտոնյաների որդիներ, ու վերջիններս այդ խրամատ են մտնում միայն թանկարժեք կոշիկներով նկարահանվելու նպատակով։ ԴԱՀԿ պետի Պանամայի օֆշորային սկանդալում ներգրավված լինելու մասին մամուլի հարցմանը ԴԱՀԿ-ից պատասխանել էին․ «Առավել քան անհեթեթ է, որ պետության համար այս կարևոր ժամանակաշրջանում որոշ լրատվամիջոցներ զբաղված են պատվերներ կատարելով»:
Հանրությունը չի կարող համախմբվել միայն դատարկախոսական ինքնագովեստի շուրջ։ Կրթական հաստատությունները բանակի ու կրոնի գերքարոզչության փոխարեն պետք է միտք խթանող և կրթող այլ արժեքներ սերմանեն, որի համար ոտքի կկանգնի քաղաքացին ու զինվորը․ սոցիալական արդարությունը, իրավունքի գերակայությունը, արտոնյալների բացառումն ու մշակութային բազմազանությունը։ Այսինքն՝ մեծացնել հայրենիքը կազմող արժեքների բովանդակությունը։ Որպես քաղաքական համակարգի կոնկրետ փոփոխություն՝ Հայաստանի հանրությունն իր արդեն իսկ սովորած ինքնակազմակերպման ձևերով կարող է շատ արագ դնել օլիգարխներին հարկային արտոնություններից և մենաշնորհներից զրկելու հարցը՝ ճանապարհ բացելով իսկապես ազատ և սոլիդար հասարակության համար։ Համախմբան նոր ձևը սոցիալական համերաշխությունն է։
1․ Ջինգոիզմ՝ ռազմատենչ ազգայնականություն, ծայրահեղ շովինիզմ, որն արտահայտվում է, հատկապես, ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ: «Երդվում եմ Ջինգոյով» (by Jingo) եզրույթը «երդվում եմ Աստծով» (by God) արտահայտության աշխարհիկ տարբերակն է, որն արմատավորվեց 1870-ականներին՝ արտահայտելով բրիտանացիների կռվարարական տրամադրությունները Ռուսաստանի հանդեպ, որը փորձում էր գրավել Կոստանդնուպոլիսը։ «By Jingo» արտահայտությանը սկիզբ է դրել աշխարհիկության ջատագով Ջորջ Հոլիոկը (բրիտանական «Reasoner» և «English Reader» թերթերի խմբագիրը), որի հեղինակած և անգլիացի երգիչ Ջիլբերտ Մակդերմոտի կատարմամբ հայտնի դարձած «ջինգոիստական» երգը երգում էին բոլորն Անգլիայի պանդոկներում։ «Ջինգո» բառի ծագումնաբանությունը վիճելի է։ Ոմանք այն կապում են բասկերենում «գերագույն էություն» նշանակությունն ունեցող «Jainko» բառի հետ։
Վահրամ Սողոմոնյանը ծնվել է 1977 թվականին։ Ավարտել է ԵՊՀ գերմաներենի բաժինը: 2007թ. պաշտպանել է քաղաքագիտական դոկտորական աշխատանք Մարբուրգի Ֆիլիպս համալսարանում: Գրել է գիտական աշխատանքներ ինտեգրացիոն գործընթացների, արժեհամակարգային հարցերի և Արցախյան հիմնախնդրի մասին: Մասնակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների:
Դիտվել է 6152 անգամ