Զրույց Դավիթ Ստեփանյանի և Ինգար Սոլթիի միջև
Դավիթ Ստեփանյան․ – Ինգա՛ր, վերջերս դու Հայաստանում էիր և գիտես, որ դեկտեմբերի 6-ին անցկացվելու է ՀՀ սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Առաջարկվող նախագիծը ես դիտարկում եմ երկու համատեքստում՝ տեղական և համաշխարհային։ Տեղական առանձնահատկությունն այն է, որ կիսանախագահական կառավարման մոդելից խորհրդարանականի անցման անվան տակ ՀՀԿ-ի և նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից (ով գործող սահմանադրությամբ չի կարող առաջադրվել 3-րդ անգամ) փորձ է արվում ստեղծել կուսակցապետություն (պարտոկրատիա)՝ բրեժնևյան ժամանակների ԽՍՀՄ-ի օրինակով։ Տարբերությունն այն է, որ ստեղծվելիք մոդելն ավելի նման է լինելու այն ժամանակների Լեհաստանին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությանը և սոցճամբարի մի քանի այլ երկրի, որտեղ կար կառավարող կուսակցություն, և կային մի քանի մանր կուսակցություններ, որոնք նրա դաշնակիցն էին:
Կատարվում են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք ես հակված եմ դիտարկել համաշխարհային համատեքստում։ Առաջարկվող սահմանադրությամբ պետությունը պարտավոր չէ որպես սահմանադրական նորմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների` բնակարան ունենալու իրավունքի իրացման համար, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, գործազրկության և այլ դեպքերում սոցիալական ապահովություն տրամադրել։ Սահմանադրական անվերապահ իրավունքի մակարդակից օրենքով կարգավորվող մակարդակ է իջեցվում աշխատանքի դիմաց արդարացի և նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու քաղաքացիների իրավունքը և անվճար բուժօգնություն ստանալու իրավունքը։ Առաջարկվող նախագծում, որպես սահմանադրական նորմ, բացակայում են սեփականության իրավունքի իրականացման ժամանակ շրջակա միջավայրին վնաս չպատճառելու կամ այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և մարդու՝ իր առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի դրույթները։ Պաշտոնատար անձինք էլ ազատվում են բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար նախատեսվող պատասխանատվությունից: Հաշվի առնելով Հայաստանում հանքարդյունահանության հսկայական ծավալը՝ կարելի է պատկերացնել, թե ինչ հետևանք կարող է ունենալ այս ամենը տարիների կտրվածքով։ Եթե ամփոփեմ, կարող եմ ասել՝ ավելի քիչ պետություն, ավելի շատ շուկա կամ տնտեսական որոշումների ապաքաղաքականացում։
Ինգար Սոլթի․ – Նախ, ես ուզում եմ առաջարկել, որ մենք տարանջատենք քո նշած «տեղական» և «համաշխարհային» մակարդակները։ Ե՛կ սկսենք «տեղականից», այն է՝ Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը, ինչպես դու ես անվանում, նոր բրեժնևյան «կուսակցապետության», որը դու նմանեցնում ես իրական սոցիալիստական Լեհաստանին և ԳԴՀ-ին։ ԳԴՀ-ի և Լեհաստանի համակարգը գործում էր հետկապիտալիստական հասարակությունում, որն այլևս բազմաթիվ կուսակցությունների կարիք չուներ՝ կապիտալիզմում կապիտալի և աշխատանքի միջև դասակարգային հակադրության ենթադրյալ բացակայության պատճառով։ Նմանությունները քննարկելիս անհրաժեշտ է սա հաշվի առնել։
Նախևառաջ պետք է նշեմ, որ երբ ես սեպտեմբերի կեսին եկա Հայաստան, մեր զրույցները բավականին տարբերվում էին նրանից, ինչ հիմա եմ լսում իրավիճակի մասին: Այն ժամանակ քննարկումը նոր սահմանադրության մասին էր, որը Հայաստանում ներդնելու էր նոր ընտրական համակարգ, մասնավորապես, առկա կիսանախագահական համակարգից (մասամբ ներկայացուցչական, մասամբ հարաբերական մեծամասնական ընտրակարգ) անցում ամբողջովին համամասնական ներկայացուցչական համակարգով խորհրդարանական հանրապետության: Իմ հայ գործընկերներից և ընկերներից մեկը հարցրեց դրա մասին իմ կարծիքը՝ հաշվի առնելով այն, որ կառավարող պահպանողական կուսակցության (ՀՀԿ) կողմից վերևից առաջարկվող փոփոխությունները ներկայացվել են՝ շեշտելով դրանց նմանությունը 1949թ. Գերմանիայի հիմնադիր սահմանադրությանը: Այն ժամանակ ես ասացի, որ մենք միշտ պետք է թերահավատորեն մոտենանք վերևից իջեցվող «բարեփոխումներին» և հարցականի տակ դնենք դրանց հետին քաղաքական նպատակները: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարացումը երբեք վերևից՝ տիրապետող ուժերի կողմից չի կատարվել: Ընդհակառակը՝ ժողովրդավարացումը միշտ ներքևից պայքարի արդյունք է եղել, որը կա՛մ նոր առաջնորդներ է առաջ բերում, կա՛մ հանգեցնում է պաշտպանողական ժողովրդավարացման գործընթացների: Սա ասելով՝ ի նկատի ունեմ գործընթաց, որով ներքևի ուժերը ընդունվել և ներառվել են պատմականորեն տիրապետող բլոկի մեջ, և նրանց որոշ պահանջներ, որոնք համատեղելի են եղել առկա ուժային հարաբերակցության հետ, կատարվել են:
Դիցուք, Հայաստանում իրավիճակի վերաբերյալ իմ լսածի համաձայն, ՀՀ սահմանադրությունը փոփոխելու որոշումը նախաձեռնվել է վերևից՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի, այն է՝ տեխնոկրատ վերնախավի կողմից։ Այդպիսով այն բացառապես կառավարվում է նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմից:
Արդյունքում, դրսում գտնվող մարդու՝ իմ շտապողական խորհուրդն այն էր, որ ճիշտ կլինի դիտարկել իրական ժողովրդավարական և մասնակցային սահմանադրականացման գործընթաց պահանջելու և նախաձեռնելու հարցը, այն է՝ ընտրողների կողմից ներքևից նախաձեռնված գործընթաց, որը կարող էր հիմնվել սոցիալական և քաղաքական ընդհանուր պահանջների ձևակերպման վրա և որը ճանապարհ կհարթեր վերևում իմ տված սահմանման համաձայն Հայաստանի ժողովրդականացման համար: Ինչպես գիտես, մենք ևս նման՝ ներքևից սահմանադրականացման գործընթացների ականատեսը եղանք։ Դա «Վերահիմնադրելով Եվրոպան» շարժումն էր, որը պատասխան էր ԵՄ-ում վերևից կատարվող «Լուռ հեղափոխությանը» (Խոսե Բարոզո):
Ամեն դեպքում, ես ասացի նաև, որ եթե հնարավոր չլինի այդպիսի գործընթաց նախաձեռնել մինչև նախատեսված հանրաքվեի օրը, այն է՝ 2015թ. դեկտեմբերի 6-ը մնացած կարճ ժամանակահատվածում, ապա կարելի է աշխատավորական և առկա այլ եռանդուն սոցիալական շարժումներին և նրանց դաշնակից այլընտրանքային քաղաքական ուժերին նախապատրաստել ամբողջովին համամասնական ներկայացուցչական համակարգի, պարզապես որովհետև, ամբողջովին հարաբերական մեծամասնական համակարգի (ինչպիսիք գործում են, օրինակ, ԱՄՆ-ում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում) կամ դրա ուժեղ տարրեր պարունակող կիսանախագահական համակարգի (օրինակ՝ Հայաստանը) հետ համեմատելիս, ամբողջովին համամասնական ընտրակարգով համակարգերը, որպես կանոն, հակված են շատ ավելի ժողովրդավարական լինել և ավելի արագ են արձագանքում ներքևից եկող ժողովրդավարական ճնշումներին։
Ընդհանուր խնդիրն այն է, որ հարաբերական մեծամասնական ընտրակարգով համակարգերը երրորդ կուսակցության համար շատ դժվար են դարձնում հաստատված ուժային հարաբերակցության խախտումը և երկկուսակցական համակարգի ճեղքումը, որին հակված են նման ընտրական համակարգերը, նույնիսկ եթե դրանք երրորդ, չորրորդ կամ հինգերորդ կուսակցությունների թույլ են տալիս որոշ ներկայացվածություն ունենալ, ինչպես Հայաստանում է։ Նույնիսկ այսօր «արևմուտքում» լայնատարած քաղաքական դժգոհության և «ներկայացուցչության ճգնաժամի» պայմաններում, որն սկիզբ առավ 2000-ականների սկզբին սոցիալ-դեմոկրատիայի «Երրորդ ուղու» ձախողումից և 2007թ․ ֆինանսական ճգնաժամից հետո, հարաբերական մեծամասնական ընտրակարգով համակարգերը երրորդ կուսակցությունների համար հաջողության հասնելն, ըստ էության, անհնար են դարձրել։ Նման ընտրական համակարգ ունեցող երկրներում նաև նոր ձախական ալիքն ուրվագծվում է ոչ այնպես, ինչպես այլ հին ու նոր ձախական կուսակցությունները, ինչպիսիք են հունական «Սիրիզան», իսպանական «Պոդեմոսը» և ուրիշները, այլ որպես գոյություն ունեցող «ձախական» կուսակցությունների շարքերից ելնող խռովություններ և էնթրիզմ1 (օրինակ՝ Ջերեմի Քորբինը՝ որպես Բրիտանական աշխատավորական կուսակցության նորընտիր առաջնորդ)։
Ուժեղ խորհրդարաններ ունեցող ամբողջովին համամասնական ընտրակարգով համակարգերում նոր կուսակցությունները կարող են սկսել խորհրդարանում փոքրամասնության ուժեղ ընդդիմություն ձևավորելուց, որոնք օրգանական կապ կունենան արտախորհրդարանական սոցիալական շարժումների հետ, ինչպիսիք էին Հայաստանում, ասենք, հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ 2013թ․ ցույցերը և 2015թ․ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» շարժումը. շարժումներ, որոնց ձևավորմանը որոշ ընդդիմադիր կուսակցություններ օգնում են՝ խորհրդարանն օգտագործելով որպես ամբիոն։
Սակայն, հիմա ես հասկանում եմ, որ ընտրական համակարգի, այսպես կոչված, «վերևից բարեփոխումը», շատ ավելի նման է վերևից հակահեղափոխական հեղաշրջման, որը նպատակ ունի ստեղծել միակուսակցական պետություն։ Եւ սա մի քանի հարց է բարձրացնում։
Ճգնաժամով պայմանավորված՝ Եվրոպայի նոր սահմանադրականացման և Հայաստանում տեղի ունեցող գործընթացների միջև հնարավոր նմանությունների և տարբերությունների մասին մեր քննարկումն սկսելուց առաջ կարո՞ղ ես բացատրել հետևյալը՝ հոկտեմբերի սկզբին ՀՀ ԱԺ 104 անդամներ կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն, դեմ էին միայն տասը պատգամավոր։ Ինչպե՞ս բացատրել այն, որ անգամ փոքր կուսակցությունները, որոնք, ենթադրաբար, կթուլանան կամ, նույնիսկ, կվերանան նոր քաղաքական համակարգում, կողմ են այդ փոփոխություններին։ Որո՞նք են այս կուսակցությունների շարժիչ ուժերը։ Ո՞րն է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ լինելու հարցում նրանց շահը։ Եւ ի՞նչ ուժեր ու գաղափարախոսություններ են առաջ մղում ՀԱԿ-ին և «Ժառանգություն» կուսակցությանը, որոնք դեմ են նոր սահմանադրությանը։
ԴՍ․ – Նախ մի նկատառում․ նախագծով համամասնական կոչված համակարգը կարող է պարունակել ինչ-որ ռեյտինգային տարրեր, ինչը հարկ լինելու դեպքում միշտ թույլ կտա մարզերում իշխանության բերել լոկալ ՀՀԿ-ական օլիգարխներին, որոնց հաճախ «ֆեոդալ» են անվանում։ Ինչքան ես եմ հասկանում, նախագծում միտումնավոր անցքեր են թողնված, և մի շարք հարցերի շուրջ չկան հստակեցումներ։ Սա թույլ կտա իրացնել վարչարարություն՝ ըստ ՀՀԿ-ի ղեկավարների այդ պահի շահի։ Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարման համակարգին․ Հայաստանում երբեք իշխանություն ունեցողն այն չի փոխանցել ընդդիմությանը։ Այստեղ պալատական հեղաշրջում հիշեցնող գործընթացներ են եղել։ Ընտրություններն էլ 1996 թ.-ից ի վեր ռեգուլյար կեղծվում են։ Նախագծին դեմ քվեարկած կուսակցությունները ձևավորվել են 2008 թ.-ի և 2013 թ.-ի ընտրությունների ժամանակ իշխանությանը մարտահրավեր նետած նախագահի թեկնածուների շուրջ, որոնք, ըստ ամենայնի, նախագահ կդառնային, եթե ընտրակեղծիքներ չլինեին։ Դժվար է ասել, թե այդ կուսակցությունները հասարակության որ շերտերի շահերն են պաշտպանում, որովհետև դրանք չէին լինի, եթե չլինեին դրանց առաջնորդները։ Սակայն կարող եմ ասել, որ ՀԱԿ-ն իրեն անվանում է սոցիալ-լիբերալ, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչները մի անգամ ինձ ասացին, որ իրենք գաղափարապես ամենաշատը մոտ են Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցությանը։ Ինչ վերաբերում է կողմ քվեարկած կուսակցություններին, ապա նրանց գործունեության ամենադիպուկ բնորոշումը կլիենտալիզմն է։
ԻՍ․ – Դա շատ հետաքրքիր է և բարձրացնում է հետևյալ հարցը. ինչու՞ է անհրաժեշտ պաշտոնապես միակուսակցական դարձնել մի քաղաքական համակարգ, որը գործնականում արդեն իսկ գործում է որպես այդպիսին, թեև հայտարարված է երկկուսակցական կամ բազմակուսակցական: «Համաշխարհային մակարդակի» և ՀՀ սահմանադրության բովանդակության մասին ուզում եմ ասել հետևյալը․ երբ ես այն աչքի անցկացրի և համեմատեցի հնի հետ, ես ևս նույն եզրակացությանը եկա, ինչ դու: Դրա հիմնական բովանդակությունը պարզապես գործիք չէ, որը Սարգսյանին թույլ կտա երրորդ անգամ առաջադրվել և մնալ իշխանության: Որոշիչն այն է, որ նոր սահմանադրության նախագիծը ձգտում է վերացնել ՀՀ սահմանադրության մեջ մնացած սոցիալ-դեմոկրատական անկյունաքարային տարրերը, որոնք սահմանափակում են կապիտալի բացարձակ ուժը: Անվերապահ տնտեսական և սոցիալական իրավունքները վերացվում են: Դա ներառում է հոդված 32-ը, որը երաշխավորում է աշխատողների իրավունքները, հոդված 34-ը, որը երաշխավորում է բնակարան և բավարար կենսամակարդակ՝ որպես սոցիալական իրավունք, և հոդված 38-ը, որը երաշխավորում է անվճար բժշկական օգնություն՝ որպես սոցիալական իրավունք: Գործող սահմանադրության այս հոդվածները նշված իրավունքների իրականացման համար պահանջում և ակնկալում են ոչ շուկայական լուծումներ:
Ի տարբերություն վերոշարադրյալի՝ նոր սահմանադրության նախագծի հոդված 85-ը «առողջության պահպանման իրավունքի» և «յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդու» «արժանապատիվ գոյության իրավունքի» համար ավելացնում է «օրենքին համապատասխան» պայմանը: Այլ խոսքերով՝ տնտեսական և սոցիալական համընդհանուր սահմանադրական իրավունքները այլևս անվերապահ չեն, այլ կախված են որոշ պայմաններից. դրանք, ըստ էության, ժողովրդավարական «անհրաժեշտություններից» վերածվել են (սոցիալ)-լիբերալ «ցանկալիի», որը կախված է նրանից, թե արդյո՞ք մասնավոր կապիտալիստական տնտեսությունից հարկերի միջոցով ստացված պետական եկամուտները և խորհրդարանական մեծամասնությունը դրանց իրականացումը թույլ կտան:
Այդուհանդերձ, ըստ իս, նոր սահմանադրության հակաաշխատավորական և հակաժողովրդավարական բովանդակությունն ավելի հեռուն է գնում: Կարելի է նկատել, որ այն թույլ է տալիս գործադուլի իրավունքի սահմանափակում: Բայց սա կենսական է, որովհետև աշխատողների համար գործադուլն ընդհանուր շահերի իրագործման ամենաարդյունավետ զենքն է, քանի որ կապիտալը շահույթ ստանալու իր նպատակին հասնելու համար ամբողջովին կախված է աշխատողներից, ինչն աշխատողներին տալիս է արտադրական գործընթացի վերահսկման հսկայական հնարավորություն: Հոդված 58-ով սահմանված «գործադուլի իրավունքը» փոփոխվելու է այսպես. «գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել […] միայն օրենքով՝ հանրային շահի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության ապաքաղաքականացմանը, ինչի մասին դու նշեցիր, իմ ուշադրությունը գրավել է հետևյալը. որոշիչ ձևակերպումը հոդված 86-ի առաջին նախադասությունն է «պետության քաղաքականության հիմնական նպատակների» մասին, որն այսուհետ պետության դերը տնտեսության մեջ համարում է ոչ թե «նպաստելը բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը», այլ «գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը»: Դրան հաջորդող նպատակները ձևակերպված են «խթանել» և «նպաստել» բայերով: Այլ խոսքերով՝ տնտեսության մեջ պետության դերն այլևս չի ենթադրվում․ այլևս չի թույլատրվում, որ այն լինի պրոակտիվ` վերաբաշխման քաղաքականության առումով, ուր մնաց տնտեսության հրամանատարական բարձունքների ազգայնացման կամ սոցիալականացման առումով։ Այսինքն՝ նոր սահմանադրության նախագիծը բացառում է այնպիսի քաղաքականություն, որը ժողովրդավարական պետությանը թույլ կտա երաշխավորել տնտեսական և սոցիալական իրավունքներ՝ հանրային ծառայության, հանրային ներդրումների և հանրային բարեկեցության ապահովման միջոցով: Այժմ պետությունը պետք է որ ստեղծի գործարարության համար բարենպաստ միջավայր, որը համաշխարհային կապիտալիզմի և կապիտալի շարժունակության պայմաններում կգրավի համաշխարհայնորեն շարժական կապիտալ՝ ազգային, տարածաշրջանային և նույնիսկ տեղական մակարդակներում հարկային արտոնությունների և պետական հատկացումների, ինչպես նաև հարկային, աշխատանքային և բնապահպանական կարգավորումների միջոցով։ Ավելին, կարծես թե նոր սահմանադրությամբ լիովին օրինական կլինի մնացյալ «անվճար» հանրային բարիքները (տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթություն, հանրային բուժօգնություն, պետական թոշակներ, սոցիալական ապահովություն, և այլն) ամբողջությամբ ուղղել շահույթ հետապնդող մասնավոր ոլորտ: [Նոր սահմանադրության մեջ] «Սեփականության իրավունքի» մասին հոդված 60-ով սեփականության իրավունքը ենթադրաբար առավել ամրապնդվելու է:
Այսպիսով՝ ՀՀ նոր սահմանադրությունն, իրոք, անգլիացի-կանադացի քաղաքագետ Սթիվեն Գիլլի կողմից 1991թ. ձևակերպված «դիսցիպլինար նորազատականության (նեոլիբերալիզմ) նոր սահմանադրականություն» հանրահայտ երևույթի մեկ այլ ձևն է։ Նա ի նկատի ուներ սահմանադրականացման քաղաքականություն, որը, շարունակ ներդրման նոր հնարավորություններ փնտրող կապիտալի շահից ելնելով, ամրապնդում և պարտադրում է շուկային միտված/նորազատական տնտեսական քաղաքականություն: Այսպիսով՝ ժողովրդավարական ինքնիշխանությունը սահմանափակվում է, և տնտեսական քաղաքականության վերաբերյալ որոշումների ընդունումը՝ ապաքաղաքականացվում՝ այն առումով, որ դուրս է մնում ժողովրդական ազդեցության ոլորտից: Այսպես՝ նոր սահմանադրականությունը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ դեռևս անցկացվում են համընդհանուր խորհրդարանական ընտրություններ, և ստեղծվում է ժողովրդական ինքնիշխանության պատրանք, բայց իրականում խորհրդարաններն իրական նշանակություն ունեցող նյութական խնդիրների դաշտում, ըստ էության, իշխանազրկված են:
ԴՍ․ – Հաշվի առնելով Հայաստանում ձախական նոր ուժերի համեմատաբար թույլ լինելը՝ կարելի է նկատել, որ կառավարության հանդեպ քննադատության մեծ մասը կենտրոնանում է բարոյական և ռազմահայրենասիրական հարթության վրա։ Ակտիվ մարդկանց զգալի մասն իշխանություններին մեղադրում է ազգային արժեքներին դավաճանելու, անկիրթ լինելու, լեգիտիմ չլինելու և այլ արատների մեջ։ Քաղաքականության սահմանափակումն ի օգուտ անպատասխանատու տնտեսության չի ընկալվում որպես ժողովրդավարության սահմանափակում։ Բանկերի գործունեության անխաթարությունն ու անապահովների համար բարեգործության միտումն ավելի կարևոր են, քան արդար սոցիալական քաղաքականությունը։ Ըստ էության, անցնելով նման տիպի խորհրդարանական կամ կոլեկտիվ անպատասխանատվության համակարգի, կառավարող քաղաքական խումբը հույս ունի, որ իրեն ավելի ապահով կզգա դրսից եկող տնտեսաքաղաքական օրակարգն առաջ մղելու և ժողովրդական ընդվզումը սանձելու գործում։
ԻՍ․ – Ճիշտ է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարության և խորհրդարանի ինքնիշխանության այս սահմանափակումը դիտավորյալ է արվում, քանի որ ծառայում է հզոր ուժերի: Խնդիրն այն է, որ մենք հակված ենք մտածել, որ կապիտալիզմն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են կամ, նույնիսկ, նույնական, սակայն վերջին համաշխարհային ճգնաժամը և դրա հաճախ ավտորիտար կառավարումը տարբեր կապիտալիստական պետությունների կողմից, ինչպես նաև ծայրահեղ աջական քաղաքական ուժերի աճը, մեզ սովորեցրել են, որ միշտ չէ այդպես։
19-րդ դարում հիմնական կապիտալիստական երկրներում (որոնց այժմ կոչում ենք «արևմուտք») «դեմոկրատը» համարվում էր պետության ավելի մեծ թշնամի, քան «սոցիալիստը» (ով պարզապես համարում էր, որ ամենաթող կապիտալիզմը և սոցիալական ապահովության բացակայությունը լավագույն տարբերակը չէին): Եւ չնայած 20-րդ դարի առաջին կեսին ազատականությունը (լիբերալիզմ) ժողովրդավարացավ՝ կապիտալիզմի և ժողովրդավարության հարաբերությունը դեռ մնացել է հակասական և լարված։ Ազատականությունը երբեք չի կորցրել իր խորը հակաժողովրդավարական արմատները և ժողովրդական ինքնիշխանության ու զանգվածների վերաբերյալ իր կասկածը:
Մի խոսքով՝ նոր սահմանադրականությունը նշանակում է, որ մենք քվեարկում ենք, բայց դա ոչինչ չի նշանակում և ոչինչ չի փոխում։ Ավելին՝ ամբողջ իմաստն էլ հենց այն է, որ դա ոչինչ չի նշանակում և ոչինչ չի փոխում։ Ժողովրդավարության և դրա սոցիալ-դեմոկրատական բովանդակության դատարկումն այն է, ինչ բրիտանացի քաղաքագետ Քոլին Քրաուչն անվանել է «հետժողովրդավարություն»։ Բայց Քրաուչը թյուրիմացության մեջ է, որովհետև պատմական կապիտալիզմը միշտ եղել է «հետ-» կամ, ավելի ճիշտ, ոչ ժողովրդավարական այնքանով, որքանով մասնավոր սեփականությունն ի սկզբանե գտնվել է բուրժուական պետության բարձրագույն հովանու ներքո, և «արևմտյան» քեյնսական բարեկեցիկ պետությունը կապիտալիզմի պատմության մեջ ժամանակի և տարածության մեջ բացառություն էր և ոչ կանոն․ այն պայմանավորված էր Սովետական Միության պես հակադիր մոդելի գոյությամբ։
Ամեն դեպքում, Հայաստանի իրավիճակը թվում է համաշխարհային կապիտալիզմի ընդհանուր, ավելի լայն միտումի մի օրինակ: Դա, ինչպես այն անվանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «շուկային հարմարեցված ժողովրդավարության» հաստատման միտումն է։ Այն «տափակ աշխարհի» տեսլականն է, որտեղ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացները չեն խաթարում կապիտալի ազատ շարժը։
ԴՍ․ – Հայաստանում, ըստ էության, լիակատար ապաքաղաքականացման պայմաններում միտում կա որոշումների ընդունումը դարձնել զուտ վարչական գործընթաց․ ստեղծել մի դաշտ, որում մասնագետներն ու տեխնոկրատներն առանց քաղաքական մասնակցության ճիշտ որոշումներ կկայացնեն և չեն խանգարի երկրում ներդրումների իրականացմանը կամ գործարարների շահերին՝ անկախ նրանից, թե այդ տնտեսական գործընթացներն ինչպես են ազդում լայն խավերի բարեկեցության վրա։ Ընդհանուր առմամբ ապաքաղաքական են դառնում նաև կուսակցությունները, իսկ նրանց դիրքորոշումների միջև տարբերությունները՝ չնչին և համակարգի տրամաբանության սահմաններում։ Պատահական չէ, որ սահմանադրական փոփոխությունը նախաձեռնող ՀՀԿ-ն հայտարարում է, որ սահմանադություն փոխել կարող է միմիայն վերնախավը, որը պետք է ժողովրդին հասու լեզվով բացատրի այդ փոփոխությունների անհրաժեշտությունը։
ԻՍ․ – Այո՛, դա ծանոթ երևույթ է: Հետժողովրդավարական կապիտալիզմի պայմաններում քաղաքականությունն իջեցվում է իբր այլընտրանք չունեցող, այսպես կոչված, անհրաժեշտությունների վերաբերյալ տեղեկություն հաղորդելու մակարդակի: Էական հարցն այն է, թե ինչու են պետության ղեկավարները պատրաստակամորեն ընդունում իրենց իսկ իշխանազրկումը, բայց հիմա չարժե դա քննարկել։
Հայկական դեպքը բավականին առանձնահատուկ է, որովհետև Հայաստանի կառավարությունը, կարծես, ուզում է սահմանափակել իր իսկ ժողովրդավարական հաշվետվողականությունը և օպերատիվությունը։ Հարցն այն է, որ այլ պետություններ, ինչպիսիք են ԵՄ-ի անդամ պետությունները, նման նոր սահմանադրականության կարիք չունեն, որովհետև տեխնոկրատ վերնախավի նոր տնտեսական կառավարման քաղաքականությունը եվրագոտում ազգային սահմանադրությունների նկատմամբ բազմաթիվ ձևերով գերակայություն ունի։ Այդուհանդերձ, Հայաստանից բացի այլ երկրներ էլ կան, որոնք այժմ փորձում են վերևից հիմնովին փոխել իրենց սահմանադրությունը։
Ինձ համար հետաքրքիր է, թե ինչի՞ են ՀՀԿ-ն և նրա ներկայացրած սոցիալական ուժերը փորձում հասնել՝ հանկարծ նոր սահմանադրություն մշակելով։ Ակտիվորեն նման գործընթաց նախաձեռնելու համար նրանք պետք է կա՛մ ներքևից ճնշում զգան, կա՛մ դա համարեն իրենց, այսինքն՝ իրենց ներկայացրած ուժերի, կենսական շահը։ Հնարավո՞ր է, որ դա կապված լինի «արևմուտքի» և Ռուսաստանի իմպերիալիստական հակամարտության և նրանց ներկայացրած՝ կապիտալիզմի տարբեր մոդելների հետ։ Արդյո՞ք դրան պետք է նայել ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու չեղարկման համատեքստում, որոնց շուրջ բանակցություններն ավարտվեցին 2013թ․ հուլիսին, բայց նույն տարվա սեպտեմբերին կասեցվեցին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ բանակցությունների պատճառով։ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ առևտային գործընկերն է։ Կարո՞ղ է պատահել, որ Սարգսյանի վարչակազմը մտածում էր, որ կկարողանար բարելավել իր քաղաքական դիրքը՝ անվտանգ ձևով հարաբերվելով զուգահեռաբար ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսասատանի հետ, և պարզապես չէր սպասում հետխորհրդային տարածքում ԱՄՆ/ԵՄ-ի և Ռուսաստանի միջև այնպիսի իմպերիալիստական հակամարտություն, որպիսին սկիզբ առավ 2013-2014 թթ․ Ուկրաինական ճգնաժամի ժամանակ։
Արդյոք նոր սահմանադրությունը կարո՞ղ է հայկական կապիտալի և օլիգարխների կողմից ԵՄ-ի վերնախավերին և եվրոպական կապիտալին ուղղված ազդանշան լինել, որով փորձում են արտահայտել անդրազգային կապիտալի ամենահեռուն գնացող երազներն իրականացնելու՝ իրենց վճռականությունը և հասկացնել, որ ռուսական «պետական կապիտալիզիմին» դիմելը հավանական չէ։
ԴՍ․ – Ոչ թե կարծում եմ, այլ ամեն ինչ հուշում է, որ սահմանադրական փոփոխությունները թելադրվել են արևմուտքից՝ որպես հակակշիռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությանը։ Նախագիծն ընդունվելու դեպքում Հայաստանը կառավարման համակարգով տարբերվելու է ԵՏՄ-ի բոլոր երկրներից և Ռուսաստանի համար ավելի դժվար վերահսկելի է դառնալու։ Պատահական չէ, որ Սարգսյանը փոփոխությունների մասին առաջին անգամ խոսեց 2013 թ.-ի սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպումից հետո, որտեղ նրան պարտադրեցին անդամակցել ԵՏՄ-ին։ Փոփոխությունները փոխզիջում են արևմուտքի հետ, բայց բոլորովին այլ հարց է, որ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, անկախ արևմուտքից, նախագիծ խցկեցին դրույթներ, որոնք միտված են պաշտպանել իրենց նեղ խմբային շահը։ Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ հայաստանյան հասարակությունն իր շահը պաշտպանելու և այս գործընթացին ներգործուն մասնացություն ունենալու տարբերակ առայժմ չի գտնում։ Հետխորհրդային բեռի տակ կքած հասարակությունը մնացել է իր անցյալի և լայն թափով ծավալվող սպառողականության արանքում։ Սակայն ինձ մի հակասություն է գրավում․ (ինչքան էլ ցավալի լինի) նախագիծն անցնելու դեպքում Հայաստանում թղթին կամրագրվի այն, ինչ կա սոցիալական իրականության մեջ, և յուրաքանչյուրը կկորցնի արդարության հույսը, որը իրականում գոյություն չուներ, բայց ամրագրված էր գործող սահմանադրության մեջ։ Իսկ քննադատական միտք կրող մտավորականությանը մնում է միայն մտածել, թե ի՞նչ կարելի է անել, երբ արդարության տեսլականը կորցրած ժողովուրդը ոտքի կանգնի։
1․ Էնթրիզմ՝ գործելակերպ, որի համաձայն ինչ-որ քաղաքական խմբավորման անդամներ նոր կուսակցություն ձևավորելու փոխարեն միանում են առկա որևէ քաղաքական կուսակցության՝ նպատակ ունենալով ներսից փոխել դրա քաղաքականությունը և սկզբունքները։ (ՔԴ)
Այս զրույցի անգլերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ։
Դավիթ Ստեփանյանը, ծնված 1981 թվականին, ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը: 2004 թվականից սկսած բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների և սոցիալական ու քաղաքացիական թեմաներով 8 ֆիլմերի հեղինակ է: Աշխատել է «Երկիր Մեդիա» և «Կայմ» հեռուստաընկերություններում: 2012-ից աշխատում է Ուտոպիանա մշակութային ՀԿ-ում որպես ռեժիսոր: Նախաձեռնել է ACTV առցանց հարթակը: Դավիթ Ստեփանյանը «Քաղաքական դիսկուրսի» խմբագրակազմի անդամ է։
Ինգար Սոլթին, ծնված 1979 թվականին, գերմանացի քաղաքագետ է, որն աշխատում է Յորքի համալսարանում։ Նա հանդիսանում է «Das Argument» պարբերականի սոցիալական շարժումների և քաղաքականության գծով խմբագիրը։ Ինգար Սոլթին քաղաքատնտեսության, ԵՄ և ԱՄՆ քաղաքականության, քաղաքական տեսության մասին բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։ Կարևոր աշխատանքներից են՝ «Նեոլիբերալիզմ, նավթային պետություններ և նոր կայսերապաշտություն․ Արաբական գարնան քաղաքատնտեսությունը, ՆԱՏՕ-ի 2011թ․միջամտությունը և նոր քաղաքացիական պատերազմը Լիբիայում» (2015), «ԱՄՆ Օբամայի օրոք․ Խարիզմատիկ կառավարում, սոցիալական շարժումներ և կայսերապաշտական քաղաքականություն համաշխարհային ճգնաժամի պայմաններում» (2013), «Քննադատական մտավորական ներգրավվածությունն այսօր» (2009)։
Դիտվել է 2362 անգամ