Իրավիճակի նկարագրություն
1․ Ժողովուրդն առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների՝ հանրային օրակարգ մտնելու հետ
Որտեղի՞ց մեր գլխին ընկավ սահմանադրական փոփոխությունների թեման: Այս հարցը գրեթե միշտ առաջանում է սահմանադրական փոփոխությունների խնդիրը շոշափելիս: Հայաստանում փորձե՞լ են երբևէ գործարկել Սահմանադրությունը, ինչո՞ւ է այն թերի աշխատում կամ չի աշխատում ընդհանրապես, ինչու՞ հիմա էլ նորը պիտի ընդունվի: Սահմանադրությունը փոփոխելու կարիք կլիներ թերևս այն դեպքում, երբ երկրում առաջացած լիներ սահմանադրական ճգնաժամ, օրինակ՝ հնարավոր չլիներ տևական ժամանակ կառավարություն կամ խորհրդարան ձևավորել: Հայաստանում նման խնդիր երբևէ չի եղել: Խնդիրը սահմանադրականության սկզբունքները գործի դնելն է, ոչ թե սահմանադություն փոփոխելը, եթե հարցը դիտարկենք ներկայացուցչական դեմոկրատիայի տրամաբանության շրջանակում:
Կարևոր է հիշել, որ սահմանադրական փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց 2013-ի սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպումից հետո, երբ, ի զարմանս նաև ՀՀԿ-ականների, անսպասելիորեն հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցելու է Եվրասիական միությանը: Սա հուշում է այն մասին, որ փոփոխությունները կապված են Սերժ Սարգսյանի ու տարբեր միջազգային խաղացողների (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա) հարաբերությունների, և մյուս կողմից էլ՝ նրա դիրքի վերարտադրման հետ, և հանդիսանում են մեկ մարդու ավտորիտար գործունեության հետևանք: Ժողովուրդն ամենևին առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների` հանրային օրակարգ մտնելու հետ:
2․ Սահմանադրության փոփոխություն
Կիսանախագահական կառավարման համակարգի փոխարինումն իբր խորհրդարանականով արդեն բավարար է, որ գործընթացն անվանենք «Սահմանադրության փոփոխություն» և ոչ թե՝ «սահմանադրական փոփոխություններ» կամ, առավել ևս, «սահմանադրական բերեփոխումներ»: Եթե հաշվի առնենք, որ ժողովուրդը զրկված է լինելու ուղիղ հանրաքվեով նախագահ ընտրելու հնարավորությունից (բայց նախագահը շարունակելու է օժտված լինել լայն լիազորություններով), որ խորհրդարանական ընտրություններն անցնելու են կայուն մեծամասնություն ձևավորելու անհեթեթ դրույթից ելնելով, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այս նախագծի գլխավոր նպատակներից մեկն ընտրությունների ինստիտուտի վերացումն ու պարտոկրատիայի ստեղծումն է. ընտրությունները խնդիրներ են առաջացնում Սերժ Սարգսյանի իշխանության համար: Հավանաբար, Սարգսյանի թիմը միտումնավոր է գնացել այսպիսի խորամանկության, որպեսզի մարդկանցից թաքցնի փոփոխության մասշտաբն ու բնույթը: Ուրեմն՝ անվանենք ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ:
3․ «Փոփոխությունները» նրա համար է, որ ոչինչ չփոխվի
Սահմանադրության փոփոխությունը միտված է մի կողմից թղթի վրա օրինականացնել Հայաստանում տիրող հակաժողովրդական իրավիճակն ընդհանրապես, մյուս կողմից՝ լուծել կոնկրետ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հարցը, ինչն արգելված է գործող Սահմանադրությամբ: Սարգսյանն ինքը տարբեր իրավիճակներում խաբել է Տեր-Պետրոսյանին (1996-97թ.) և Քոչարյանին (2008թ.) ու քաջ գիտակցում է, որ «ժառանգորդ» պլանին անցնելու դեպքում ժառանգորդը կարող է խաբել և իրեն: Ուրեմն՝ Սահմանադրության փոփոխությունը միտված է սպասարկել կայուն հետընթացը և թույլ չտալ որևէ փոփոխության հնարավորություն մինչև Սերժ Սարգսյանի մահը (տեղին է հիշել Լեոնիդ Բրեժնևին) կամ բռնի հեռացումը իշխանական լծակներից:
4․ Իշխանության առավելագույն կենտրոնացում և անպատասխանատվություն
Եթե չշոշափենք սահմանադրական փոփոխությունների նախագծի իրավական կողմը և փորձենք կարճ ամփոփել դրա էությունը, ապա կարող ենք ասել. իշխանության առավելագույն կենտրոնացում Սերժ Սարգսյանի ձեռքում և պատասխանատվության ցրում ՀՀԿ-ի «երկայնքով»: Արդյունքում քաղաքացիները չեն կողմնորոշվելու, թե իրացվող քաղաքականության համար ումից պատասխան պահանջեն: Այդ փաստաթուղթը նաև այնքան անգրագետ և հակաժողովրդական է, որ Հայաստանի համար կարող է քայքայիչ դեր ունենալ նաև Սարգսյանի հեռացումից հետո:
5․ Սպառնալիք ոչ միայն ընդդիմությանը, այլև ՀՀԿ- ական օլիգարխներին
Կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթը և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու պայմանը հուշում են , որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գոյությունն անիմաստ է դառնալու, մինչև բռնի իշխանափոխություն տեղի չունենա: Այդ կուսակցությունները հնարավորություն չեն ունենա ընտրությունների միջոցով հասարակական կյանքի վրա ազդող լծակներ ձեռք բերել, իսկ 5 տոկոս ձայն ստացածները կարող են Ազգային ժողովում փրփուրը բերանին քննադատել իշխանություններին: Ակնհայտ է, որ դա ոչինչ չի փոխի: Կուսակցությունները զրկված են լինելու իշխանությունը վիճարկելու լծակներից: Այս ամենը խախտելու է եղած հավասարակշռությունը և ՀՀԿ-ական օլիգարխ-պաշտոնյաներն այլևս հնարավորություն չեն ունենա ԲՀԿ կամ որևէ այլ կուսակցություն տեղափոխվելու ենթադրվող սպառնալիքով զսպել Սերժ Սարգսյանին: Ամենայն հավանականությամբ Սահմանադրության փոփոխությունից հետո առաջին հարվածը ստանալու են հենց Սարգսյանի շրջապատի օլիգարխները, քանի որ փախչելու տեղ չեն ունենալու, և դա կլինի Հայաստանի բիզնես դաշտի նկատմամբ Սարգսյանի ամբողջական վերահսկողության սահմանման վերջին փուլի սկիզբը:
6․ Սերժ Սարգսյանը վերացնում է քաղաքականությունը
Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց Սահմանադրության փոփոխությունը որպես քաղաքական մարմին լիկվիդացնում է նաև ՀՀԿ-ն: Այն վերածվելու է միջազգային խաղացողների և խոշոր ընկերությունների կամակատար վարչական կառույցի, որն ընդամենն ունակ է լինելու որոշել, թե տվյալ պահին ավելի շատ ում վասալն է նախընտրում լինել: Հայաստանն այդքան ուժեղ պետություն չէ, որ իշխանությունը կարողանա իր դիրքը պահել միջազգային ասպարեզում նույնպես: Այսօրվա աշխարհում Հայաստանի շանսը պայքարող հասարակություն, կարող ընդդիմություն և հնարավորինս անկախ բիզնես ունենալն է, ինչը և բանակցային ռեսուրս կստեղծի միջազգային ասպարեզում: Ընտրական ինստիտուտի կայացումը նույնպես կարող է սահմանափակել իշխանությանը՝ դրսի ուժերին հնազանդվելիս և կպարտադրի որոշ հարցերում ասել՝ մենք չենք կարող անել ձեր ուզածը, որովհետև ժողովուրդը թույլ չի տալիս: Խորհրդարանում մի քանի տոկոս ստացած կուսակցություններով դիվանագիտական հարթությունում ոչ ոքի չես խաբի:
Քաղաքական աշխարհի փոխակերպումը վարչական աշխարհի, ցավոք, արագ ընթացքի մեջ է, բայց Հայաստանում այդ անցումն առավել կոպիտ միջամտությամբ և անհեռանկար կերպով է արվում:
7․ Կենսունակ ընդդիմություն ձևավորելը առավել բարդ է լինելու
5-րդ կետի սկզբնամասում գրվածին հավելված. Սերժ Սարգսյանը լուսանկարվելու է հրավիրում զանազան կառույցների ներկայացուցիչների՝ իբր նոր Սահմանադրության նախագիծն են քննարկում: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի խանդավառությամբ են կլիենտները գնում նախագահական. Սարգսյանը ժամանակին բոլորին խաբել է և հաջորդը իրենք են լինելու, եթե բանն իհարկե քաղաքական խոստումների մասին է, իսկ եթե խոսքը բնակարանի վարկ փակելու, ամառանոցի կամ մի կրպակի մասին է, ապա Սարգսյանն իր խոստումը գուցե կպահի: Այդ խավի այսրոպեական շահը կարող է թանկ արժենալ. Հայաստանում կենսունակ ընդդիմություն ձևավորելը բարդ և չլուծված խնդիր է, սակայն Սահմանադրության փոփոխությունից հետո ավելի է բարդանալու:
Պայքարին ընդառաջ
8․ Քաղաքական VS քաղաքացիական թակարդը
Հասարակության ընդդիմադիր հատվածը քաղաքականի և քաղաքացիականի բաժանելն ու դրանք իրար հակադրելն իշխանությունների հին հնարքներից է, որն օգտագործում են իրենց դեմ լայն մոբիլիզացիա թույլ չտալու համար: Հարց է առաջանում՝ ո՞րն է պայքարի սուբյեկտը: Անգլերենում կան «political activist» և «human rights activist» հասկացությունները, որոնք գուցե և տարբերվում են, բայց հակադրելի չեն. «civic activist» չի շրջանառվում: Դժվար է միանշանակ պնդել, բայց հավանաբար այստեղ նշանակություն ունի նաև այն, որ արևմուտքում իրենք իրենց մասին այլ բառապաշարով են խոսում, իսկ Հայաստանի նման երկրների մասին՝ այլ: Ներմուծված հասկացությունները այստեղ այլ նշանակություն և կիրառում են ստանում:
Քաղաքական-քաղաքացիական հակադրությունը, կարծեմ, միայն Հայաստանին է հատուկ (այլ դեպքեր չգիտեմ) և դրանից շահում են իշխանությունները: Եթե նպատակ է սահմանվել թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն (ինչը հեշտ գործ չէ), ապա հարկավոր է ստանձնած դերերը զանցել, որովհետև փորձը ցույց է տալիս՝ մինչ հիմա գրանցված հաջողությունները փոքր են, իսկ գլխավոր խնդիրները մնում են անլուծելի: Թե ինչպես զանցել, արդեն քաղաքական մտքի արտադրության հարց է: Միանգամից նշեմ, որ խոսքը պարզապես համագործակցության մասին չէ, այլ նոր դասավորություն ստեղծելու:
9․ Մարդ ներդնել, հետո բանակցությունների հրավիրել
Կանխավ պարզ է, որ իշխանությունները դիմադրության ճակատ մարդիկ են ներդնելու, հետո հրահանգելու են գնալ իրենց հետ փակ բանակցությունների և այդպիսով արտահոսք ապահովել: Այստեղ անելիքները շատ չեն. պարզապես նման մարդկանց անվանել իրենց անունով և շարունակել հետևողական աշխատանքը:
10․ Չարձագանքել մեդիաձեռնածություններին կամ արձագանքել համապատասխան կերպ
Մինչև հանրաքվեի պահն իշխանությունները փորձելու են լրահոսը լցնել զանազան շեղող թեմաներով, որպեսզի իրենց սև գործը հնարավորինս աննկատ անեն: Կարևոր է միշտ հիշել, որ մեդիա սյուժեները հատուկ նպատակով են ստեղծվում՝ ինչքան էլ դրանք հուզականորեն ազդեն մեր վրա: Գլխավորը, իհարկե, Ադրբեջանի հետ սահմանին լարվածություն ստեղծելն ու ակտիվորն լուսաբանելն է: Այո, շատ ցավալի է, երբ սահմանին մարդ է մահանում կամ վիրավորվում, բայց դա, ակնհայտորեն, չի մտահոգում իշխանություններին. ներքին խնդիրներ լուծելու համար նրանք պատրաստ են նույնիսկ նման քայլերի: Այս հարցը վերջնական լուծում չի գտնի, քանի դեռ որոշումներ կայացնողը Սերժ Սարգսյանն է: Կարող ենք նաև հիշել, թե նա ինչպես ժամանակին «Արմենիկում»-ով հիմարեցրեց շատերին՝ 2008-ի ընտրություններից առաջ: Շատ նեղն ընկնելու դեպքում իշխանամերձ լրատվամիջոցները նորից կփորձեն ակտուալացնել կրոնական, սեռական փոքրամասնություններին ստորացնող թեմաներ կամ մարդկանց կողմից դաժանորեն ծեծվող գայլերի մասին տեսանյութեր կտեղադրեն համացանցում: Այս բոլոր դեպքերում շատ կարևոր է հիշել, թե ո՛վ է անողը ու ի՛նչ նպատակով, և համապատասխան կերպ արձագանքել կամ չարձագանքել:
11․ Միջազգային հանրությանը և մամուլին հավաստի տեղեկատվություն փոխանցել
Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս փորձելու է Սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես ժողովրդավարական առաջընթաց և դրանով իսկ ապահովել լեգիտիմությունը միջազգային հանրության առաջ: Շատ կարևոր է միջազգային հանրությանը և մամուլին հավաստի տեղեկատվություն փոխանցել Սահմանադրության փոփոխության թաքուն նպատակների մասին և ցույց տալ, որ ժողովուրդը իրականում մերժում է այդ նախագիծը: Սա կօգնի քողազերծել իրական նպատակը և զրկել Սարգսյանին դրսից տրամադրվող աջակցությունից:
12․ Ներգրավել սփյուռքը
Սարգսյանը փորձելու է օգտագործել ՀՅԴ-ն և եկեղեցին՝ սփյուռքում Սահմանադրության փոփոխության շուրջ դրական մթնոլորտ ձևավորելու համար: Կարևոր է հասկանալի կերպով բացատրել արտերկրում բնակվող հայերին, թե իրականում ինչ է ուզում անել Սարգսյանը, և այդպիսով զրկել նրան սփյուռքի աջակցությունից: Ավելին, եթե հաջողվի սփյուռքը ներգրավել պայքարի մեջ, ապա դա կարող է դառնալ հաջողության գրավականներից մեկը:
13․ Սերժ Սարգսյանը թույլ է
Սահմանադրության փոփոխության համար աշխատող չինովնիկներն ու կազմակերպությունները դա անում են փողի կամ կոնկրետ շահի համար: Դժվար գտնվի գոնե մեկը, ով գաղափարական իմաստով կողմ լինի Սահմանադրության փոփոխությանը: Իսկ ծանր առճակատումների ժամանակ վարձկանները սովորաբար նահանջում են: Այստեղ է Սարգսյանի գլխավոր թուլությունը:
14․ Լինել հավատարիմ
Սահմանադրության փոփոխության դեմ պայքարողների մեջ դժվար գտնվեն մարդիկ, ովքեր համոզմունքներով կողմ չեն ՈՉ-ին: Հետևաբար, եթե գտնվի նույնիսկ փոքր խումբ, որը հավատարիմ է իր դիրքորոշմանը և չի զիջի ոչ մի դեպքում, ապա հաղթանակն իրատեսական կդառնա: Սահմանադրության նման փոփոխությունը սահմանափակելու է բոլորիս ազատությունները և, ենթադրաբար, պայքարի փորձառություն ունեցողներից շատերը կմասնակցեն գործին՝ գաղափարական հակասությունները թողնելով ապագային:
15․ Միայն ժողովուրդը կարող է հաղթել Սերժ Սարգսյանին
Հաղթանակի գլխավոր գրավականը հասարակական լայն խավերին դիմադրության գործի մեջ ներգրավելն է: Սոցիալական, իրավական, հարկային և այլ բնույթի խնդիրներ ունեցողներին հարկավոր է հասկանալի լեզվով բացատրել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո այդ բոլոր խնդիրներն ավելի կխորանան: Միայն համախմբված ժողովուրդը կարող է հաղթել Սերժ Սարգսյանին:
Դավիթ Ստեփանյանը, ծնված 1981 թվականին, ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը: 2004 թվականից սկսած բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների և սոցիալական ու քաղաքացիական թեմաներով 8 ֆիլմերի հեղինակ է: Աշխատել է «Երկիր Մեդիա» և «Կայմ» հեռուստաընկերություններում: 2012-ից աշխատում է Ուտոպիանա մշակութային ՀԿ-ում որպես ռեժիսոր: Նախաձեռնել է ACTV առցանց հարթակը: Դավիթ Ստեփանյանը «Քաղաքական դիսկուրսի» խմբագրակազմի անդամ է։
Դիտվել է 1725 անգամ