Ալեն Բադյուն ժամանակակից փիլիսոփայության կենտրոնական դեմքերից է՝ 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի ինտելեկտուալներից շատերի պես (Սարտր, Ֆուկո) քաղաքականորեն ներքաշված։ Եղել է Միացյալ սոցիալիստական կուսակցության մարտիկներից մեկը, այնուհետև Էկոլ Նորմալի շրջանակներում միացել է Ալթյուսերի ստեղծած Սպինոզա խմբին։ Ակտիվորեն մասնակցելով 68-ի մայիսին՝ մեկ տարի անց նախաձեռնել և դարձել է Ֆրանսիայի մարքս-լենինյան Կոմունիստների միության հիմնադիրներից մեկը՝ մինչև 1980թ ներառյալ լինելով մաոիստական այդ խմբավորման ղեկավարներից մեկը։ Ֆրանսիայի ինտելեկտուալ միջավայրի քաղաքական խիստ մասնատվածության մասին են վկայում նաև փոխադարձ այն քննադատությունները, որ միմյանց ուղղում էին մի կողմից Բադյուն, մյուս կողմից` Լիոտարը և Դըլյոզը։ Եթե Բադյուն Լիոտարին ու Դըլյոզին անվանում էր գրեթե ֆաշիստ, սրանք էլ իրենց հերթին Բադյուի մեջ տեսնում էին բոլշևիզմի և ստալինիզմի ջատագով։
Բադյուի փիլիսոփայական հիմնական ներդրումները ձևակերպված են իր երկու հիմնական Սուբյեկտի տեսությունը (1982) ու Կեցությունը և իրադարձությունը (1988) գրքերում: Ճշմարտության կատեգորիան, որ այս գրքերում զարգացվող գոյաբանության շրջանակներում մեկից ավելի է, համադրելով մասնավորապես բազմությունների տեսության հետ, Բադյուն ուրվագծում է ճշմարտության չորս առանձին հարթակներ՝ արվեստ, գիտություն, սեր, քաղաքականություն։
Ներկայացվող տեքստը փիլիսոփայի սեմինարներից մեկի սղագրության թարգմանությունն է։ «Ճշմարտությունների ներհատուկությունը» խորագրի ներքո, այդ սեմինարները անցկացվում են սկսած 2012 թվականից։ Սա վերոնշյալի թվով երկրորդ՝ 2013-2014 թթ. թողարկման մարտի 12-ին անցկացված սեմինարն է։ Այն աշխարհի ոչ արևմտյան երկրներում բռնկված քաղաքական վերջին ընդվզումների քննադատական մեկնաբանությունն է։ Բայց նրա խոսքը մեկնաբանի պարզ հայեցողական խոսք չէ։ Սա ավելի շուտ ջատագովական խոսք է:
Բադյուի միտքն առաջ մղող գաղափարը պատմությունն արթնացնելը, ժամանակն իր ընդարմացումից հանելն է։ Փիլիսոփան, մեջբերելով Մալարմեին, ասում է, որ ներկան գոյություն չունի իբրև անցյալի և ապագայի արանքում զետեղված ժամանակային հոծ միավոր, այն գոյություն ունի միայն իբրև անցյալից հասած նյութական ու տարածական պայմանների մեջ իրականացվող մի գործողություն, որի ծավալման վեկտորը միտված է ապագային։
Բադյուն վերջին տարիներին հրապարակները (տարածությունը) գրավելու և պահելու պրակտիկայի մեջ ժամանակը հետ տալու, գլոբալացված կապիտալիստական աշխարհը փոխելու հնարավորություն է տեսնում։ Ճիշտ այնպես, ինչպես մեկ անգամ ժամանակը կանգ էր առել ներկայի մեջ՝ փոխակերպվելով տարածության, նույն կերպ էլ հիմա հնարավոր է հակառակ մի շարժումով վերադարձնել պատմությունը։ Բայց դրա համար անհրաժեշտ է իրական հռչակում։
Բադյուն հռչակման այդ դրսևորումները քննադատում է և նրա քննադատությունը ունի երկու հասցեատեր։ Դրանցից առաջինը բուն ընդվզողներն են (Թահրիր, Մայդան) և պայքարի սխալ նպատակները (Եվրոպային միանալու կողմնակիցներ են) և պառակտվածությունը։ Մյուս հասցեատերը այդ ուժերի հանդեպ Արևմտյան հասարակության մեջ առկա աջակցության և քաջալերումի պատրաստակամությունը դրսևորողներն են այդ ընդվզումների մեջ։
Տեքստը թարգմանելիս կանգնած եմ եղել երկընտրանքի առջև, մնալ բանավոր խոսքի շարադասությանը հավատարիմ, որ հայերենով հաճախ չէր ստացվում, թե փորձել հանգեցնել գրավոր խոսքի շարադասությանը։ Ի վերջո, կանգ առա միջանկյալ մի դիրքի վրա։
Նազարեթ Կարոյան
Սեմինարների շարք (2013-2014), 12-ը մարտի, 2014
Հիշեցնում եմ ևս մեկ անգամ, որ ժամանակակից հալածանքի հիմնարար ֆիգուրը, ըստ իս, վերջավորությունն է։ Այս սեմինարի ռազմավարական առանցքն է տալ միջոցները ժամանակակից աշխարհի քննադատության՝ այն մեկուսացնելով իր քարոզչության, իր արարքի և այլ մասերով, [տալ] մի բան, որի միջուկը վերջավորություն հարկադրելն է, այսինքն անվերջի բացառումը մարդկության հնարավոր հորիզոնների ամբողջությունից։ Մինչև այս տարվա վերջը, ամեն անգամ, կցանկանայի ձեզ բերել եղանակի, մշտապես օգտագործվող կատեգորիայի, կամ համընդհանուր պատկերացման մի օրինակ, թե ինչպես այն ամենը, ինչն այսօր վրա է հասնում, ինչը, որ պատահում է, կարող է վերաներկայացվել իբրև դեպի վերջավորությունն ուղղված ֆիգուր կամ հանգեցման գործողություններ։ Այսպիսով, բանը միավորված է հիմնական ճնշող տեսլականին վերջավորության միջոցով։
Այսօր կցանկանայի բերել Ուկրաինայի օրինակը, այն եղանակը, որով աշխատում է ուկրաինական պատմական գործը քարոզչական կոնսենսուսի տեսանկյունից, որը դրա հաստատումն է և միաժամանակ՝ շրջափակումը (…)։
Ինչն ինձ ապշեցնում է ուկրաինական գործում, երբ նկատի ունենք այն, թե ինչ է հասկանում մեկն, ով կարդում է մամուլ, լսում է ռադիո կամ [անում] մեկ այլ բան, այն է, որ դա ըմբռնվում ու հասկացվում է համաձայն մի գործողության, որը կկոչեի ժամանակակից աշխարհի ավարտուն լճացումը։ Հիմնական նկարագրությունը հետևյալն է. Ուկրաինան տենչում է միավորվել ազատության Եվրոպային՝ խզելով Պուտինի դեսպոտիզմի հետ։ Կա ժողովրդավարական ու ազատական ըմբոստացում, որի դրույքը միավորվելն է մեր թանկագին Եվրոպայի հետ՝ հիրավի հայրենիքը խնդրո առարկա ազատության և, ընդդեմ այս այդքան բնական տենչի, հառնում են Կրեմլի մարդու` սարսափելի Պուտինի անբարո և արխայիկ մանևրները։ Առավել ապշեցուցիչն այստեղ այն է, որ ամեն ինչ շարժվում է ստատիկ հակասության մեջ։ Ուկրաինական գործից շատ ավելի առաջ կա մշտապես գործող, հիմնարար սխեմա, մի սխեմա, որը տարբերակում է ազատ Արևմուտքը մնացյալից։ Ազատ Արևմուտքն ունի մեն մի առաքելություն՝ միջամտել ամենուրեք, որտեղ կարող է` պաշտպանելու համար նրանց, ովքեր ուզում են միանալ իրեն։ Ուրեմն այս ստատիկ հակասությունը չունի ոչ անցյալ և ոչ էլ ապագա։
Այն չունի անցյալ, և Ուկրանիայի դեպքում սա մասնավորապես տիպիկ է, քանի որ, ոչինչ էլ չի ենթադրվում, անվանվում կամ նկարագրվում նրա իրական պատմությունից։ Ո՞վ էր մտահոգ Ուկրաինայով մինչև վերջին շաբաթը։ Շատ մարդիկ անգամ շատ լավ չգիտեին, թե որտեղ է այն գտնվում։ Ուկրաինան՝ Եվրոպական ազատության չեմպիոնը, մեկ հարվածով բարձրանում է Պատմության բեմահարթակ և, եթե դա դարձավ հնարավոր, ապա միայն շնորհիվ նրա, որ կարելի է նկարագրել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ ստատիկ հակասության ներսում, ազատության հայրենիք, ժողովրդավարության, ազատ ձեռներեցության և այլ փայլերի Եվրոպայի ու՝ մնացյալի, ներառյալ պուտինյան բարբարոսության և դրան ուղեկից դեսպոտիզմի միջև։ Չկա անցյալ, քանի որ չգիտենք, թե որտեղից է գալիս այս ամենը, օրինակ, որ Ուկրաինան բաղկացուցիչ մասն է նրա, ինչը դարեր ի վեր կոչվում էր Ռուսաստան և միայն վերջերս, շատ կոնկրետ պատմական գործընթացի՝ Խորհրդային Միության ամբողջության մասնատման շրջանակում էր, որ մենք որոշեցինք Ուկրաինան որպես անկախ։ Նույնպես էլ չգիտենք, որ Ուկրաինան ունեցել է անջատողական միտում և դա մշտապես վերաակտիվացել է, այսինքն` հենվել է բացահայտորեն ռեակցիոն, կամ ավելի վատ զորություններին։ Ուկրաինական ուղղափառ կղերականությունը, ում համար Կիևը սուրբ քաղաք է, որոշիչ դերակատարում ունի, և քիչ է ասելը, թե դա երկրագնդի վրա առավել ռեակցիոն կղերականությունն է իբրև կայսերական ուղղափառության մեգալոման կենտրոն։ Այդ անջատողականությունը որոշ ժամանակ դիմեց մի շարք ծայրահեղությունների, և ոչ ոք, մասնավորապես ռուս ժողովուրդը, չի կարող մոռանալ որ Ռուսաստանի տարածքից դուրս եկած բանակները, որոնք զինել ու կազմակերպել էին նացիստները, մեծամասնաբար կազմված էին ուկրաինացիներից։ Վլասովի բանակը, ուկրաինական բանակ էր: Այսօր էլ դեռ կարելի է կարդալ պատմություններ՝ ամբողջ, այդ թվում, նաև ֆրանսիական գյուղեր արյան ու կրակի մատնող ուկրաինացիների մասին: Կենտրոնական Ֆրանսիայի պարտիզանների նկատմամբ հալածանքները կատարել են ուկրաինացիները. մենք այստեղ հանդես չենք գալիս ինքնության դիրքից, չենք ասում` «ուկրաինացիները որքան տականք են», բայց այս ամենը հիմք է դնում պատմության, Ուկրաինայի ներսում առկա մի շարք քաղաքական սյուժեների պատմությունը։
Ավելին, սա նաև ապագա չունի, քանի որ ապագան նախասահմանված է. ուկրաինացիների ցանկությունը կլիներ գեղեցիկ Եվրոպային, ազատության այդ նախագո, արդեն այդտեղ առկա ամրոցին միանալը։ Իրադրության վերջավորություն ստեղծելու այդ գործողություններն այստեղ դրվում են ժամանակի վրա։ Եթե ժամանակը ավարտված է, ապա այն պատճառով, որ այն կանգնեցված է։ Քարոզչության ժամանակը անշարժ ժամանակ է։ Շատ դժվար է անել քարոզչություն կայացող ժամանակի համար։ Կարելի է քարոզել լինելու համար, ոչ թե՝ դառնալու։ Եվ այստեղ ունենք ուկրաինական ըմբոստացման ստատիկ լինելու քարոզչությունը, որքանով որ այն ելնում է ոչնչից և՝ գնում դեպի այն, ինչը կա արդեն, այսինքն Ժողովրդավար ու ազատական Եվրոպան։
Ֆրանսիայում այս ամենի էական մի պերսոնաժ կա՝ Բեռնար Անրի Լևին։ Յուրաքանչյուր անգամ, երբ առկա է վերջավորության ստեղծում, նա իրեն պահում է թեկնածուի պես, նա վերջավորության աշխատավորն է։ Կարելի կլիներ ասել, որ երբ ԲԱԼ-ը վրա է հասնում, ապա միայն՝ վերջավորության շեփորը աշխատացնելու համար։ Բայց հիմնարար գործողությունը ոչ մի կերպ չի վերաբերում Ուկրաինային։ Այդ գործի ֆրանսիացի քարոզիչները ծաղրում են Ուկրաինան, ինչպես կծաղրեին իրենց վերնաշապիկը, հավատացեք ինձ։ Իրենց հետաքրքրողը գեղեցիկ Եվրոպան է, որ ուկրաինացիների ամեն արածի մեջ ողջ աշխարհը կարողանա տեսնել համախմբումը վիթխարի այն արժեքի, որ ունենք ողջ մարդկության համար։ Եթե նույնիսկ ուկրաինացիները, որոնց ոչ ոք չգիտի, թե ովքեր են և որոնց, իբրև կերպարներ, մենք պատկերացնում ենք բավականին հեռվից ու թեթևակիորեն աղոտ, եթե նրանք նման ուժով, իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով՝ և դա ճիշտ է, քանի որ Մայդանի հրապարակում եղան սպանվածներ, ցանկանում են գալ Եվրոպա, նշանակում է, որ ժողովրդական Եվրոպան, ամեն դեպքում, ոչինչ չէ։ Արևմուտքի [համար արվող] այդ ջատագովությունն է, որը ստեղծում է Արևմուտքի տենչ, ի դեպ մասամբ իրական՝ դրան կվերադառնամ, որն էլ համախմբում է մեր սեփական գաղափարական, քաղաքական, ինստիտուցիոնալ և այլ դիրքերը։
Կարելի է նաև ասել, որ Ուկրաինան ամենևին էլ բռնված չէ ճշմարիտ ներկայի մեջ, այլ՝ միայն քարացած ներկայի։ Իմ սեմինարի հիմնարար մի թեմա է Ներկա ժամանակի պատկերը, որն առաջիկայում դուրս կգա [ցույց է տալիս], որ յուրաքանչյուր ներկա կազմված է իբրև անցյալի մի գալար [ուղղված] դեպի ապագա։ Ներկան այն չէ, ինչն, իբրև համասեռ բլոկ, ներգծված է անցյալի և ապագայի միջև, այլ այն, ինչը հռչակված է, քանի որ որսում է անցյալից եկող մի կրկնություն և ճկում, ոլորում է այն՝ պրոյեկտելով դեպի ապագա, այնպես, որ ներկան կրողն է պոտենցիալ անվերջության։ Եթե ուկրաինական ապստամբության ներկան քարացած ներկա է, ապա միայն այն պատճառով, որ դրանում չկա անցյալ, իսկ ապագան արդեն այնտեղ է։ Սրա համար է, որ դուք այստեղ ունեք բացակայությունը որևէ իրական հռչակման՝ որը նշումն է որևէ իրական ներկայի։ Այլ կերպ ասած, այս ամենի վերջավորության ստեղծումն արտահայտվում է նրանում, որ անում ենք այնպես, ասես, իրականում, նոր ոչինչ չէր հռչակվել ուկրաինական ապստամբությամբ։ Իսկ եթե ոչինչ նոր չի հռչակվել՝ ոչինչ չի հռչակվել։ Մալարմեն խիստ զորեղ խոսք ունի․ — Ներկան բացակայում է, եթե անգամ հռչակվի ամբոխը։ Ներկան դա հռչակում է։ Ուկրաինացիների ասածը ուրիշ բան չէ, քան այն, ինչը կասեր այստեղի որևէ պրոպագանդիստ, այսինքն` 1. Ես ուզում եմ մտնել սքանչելի Եվրոմիություն և 2. Պուտինը մութ բռնակալ է։ Բայց ասելով սա՝ նրանք շատ բան չեն ասում, նրանք չեն ասում մի բան, որ Ուկրաինայի հետ, մարդկանց իրական կյանքի հետ, նրանց ունեցած մտքի հետ ունենար պատմական առնչություն։ Նրանք այլ բան չեն անում, քան ասել այն, ինչը մենք ենք ուզում, որ իրենք ասեն, նրանք այլ բան չեն անում՝ քան խաղալ իրենց դերը կոնֆլիկտային ու բարդ հարաբերությունների մեջ գլոբալացված կապիտալիզմի տեղական ինստիտուցիոնալ միջնորդությունը բերող Եվրոպայի և Պուտինի միջև, ում մասին ասում են, թե շատ ժողովրդավար չէ (ինչը Պուտինն անձամբ, չի էլ նույնիսկ ձգտում լինել, դա իր խնդիրը չէ)։ Խոսքն, ուրեմն, նախա-կազմավորված պիեսի մասին է։
Մեր ասելիքը սա է. հռչակման ժամանակակից ատյանը դա մի հրապարակում հավաքվելն է։ Միշտ չէ, որ դա եղել է այդպես։ Եղել են դեպքեր, որի ընթացքում հռչակումը հանրային որևէ շինության վրա գրոհով վերցնելն էր, մեծ երթը և այլն։ Բայց որոշ ժամանակ է ինչ, ժողովրդական կոլեկտիվ պատմականությունը ստանում է որևէ հրապարակ (Թահրիր, Թաքսիմ, Մայդան) երկարատև գրավելու ձևը։ Սա այնպիսի գրավում է, որով կազմավորում է առանձնահատուկ ժամանակ։ Ժամանակը և տարածությունը խորապես միասնական են, ինչպես Պարսիֆալում՝ «այստեղ ժամանակը դառնում է տարածություն»: Սա մի ժամանակ է, որը թույլ է տալիս, որ գրավումը, իրապես ասած, չունենա վերջ։ Ցույցը սկսվում և վերջանում է, ապստամբությունը հաջողում կամ ձախողում է, և այսպես շարունակ։ Երբ դուք գրավում եք հրապարակ, շատ էլ լավ չգիտեք, որ դա կարող է տևել և երբեմն տևում է շատ երկար։ Ամեն ինչ անցնում է այնպես, ասես, ծնվելիս լինի հռչակումի նոր ֆիգուրը կամ ամեն դեպքում հնարավորությունը հռչակման, որը տեղի է ունենում քաղաքի մի բաց տարածություն գրավելու մեջ։ Կարծում եմ` սա բավականին փոխկապակցված է այն փաստի հետ, որ մենք այժմ քաղաքների բացարձակ ինքնիշխանության դարաշրջանում ենք։ Դրանք գյուղական ժակերիաներ չեն, երկար քայլերթեր։ Քաղաքը հավաքական կեցության գերակա եղանակն է, ներառյալ, մեգապոլիսների հրեշավոր ձևի ներքո՝ խիստ աղքատ երկրներում։ Քաղաքի գրավումը, քաղաքի մեծ հրապարակի՝ նրա ուրբանիստական սրտի գրավման սահմանափակ ֆիգուրի մեջ ավելի ու ավելի շատ է դառնում, — և սա որևէ մեկի հայտնագործությունը չէ, սա պատմական ստեղծագործություն է, — հնարավոր հռչակումի խտացված ֆիգուրը։ Մյուս կողմից, և ես սա պնդում եմ, դա հռչակումի ձևական, խարխափող ու աղոտ վիճակ է։ Հրապարակում տեղի ունեցածը ժխտական հռչակումն է։ Մարդիկ, ովքեր հավաքվում են այնտեղ, երբ ինչ-որ բան ունեն ընդհանուր ասելու, ասելու են՝ «Մուբարաք, հեռացիր» կամ «Բեն Ալի, ռադ էղի» կամ, Ուկրաինայում՝ «այս կառավարությունը, մենք այն այլևս չենք ուզում»։
Ուրեմն կոլեկտիվ դրականություն ունենք տրված նոր տիպի վայրում, մեծ քաղաքների մեծ հրապարակի գրավումը գործերի երկարատև կազմակերպմամբ, որն, իրականում, ամենանշանակալից ենթաշերտն է, քանի որ այդտեղ է, որ ստեղծվում է մարդկանց միությունը (հրապարակում երկարաժամկետ գոյատևելու համար պետք է կազմակերպել գործերը. պետք է ուտել, պետք է ունենալ զուգարաններ և այսպես շարունակ)։ Պարզապես հռչակումը չի գալիս հաղթահարելու իր ժխտական կերպարը այն փաստի պատճառով, որ հանրահավաքը, որ զբաղեցնում է հրապարակը, բաժանված է արդիություն-ավանդույթ առանցքով։
Եգիպտոսը կանոնական դեպքն է։ Ինչպես գիտեք, Մուբարաքին այլևս չուզող հատվածի, որը նրա հին թշնամին էր՝ պատմականորեն կազմակերպված, այսինքն Մուսուլման եղբայները, և այն հատվածի միջև, որն այլևս չէր ուզում Մուբարաքին, քանի որ, իրականում, իր մեջ կրում էր Արևմուտքի որոշակի տենչը, նաև չէր ուզում կրոնական ճնշումներ, ռազմական ճնշումներ չէր ուզում և ձգտում էր մի շարք ազատությունների, որոնք ֆետիշացնում ենք իբրև «Եվրոպական ազատություններ», այս երկու հատվածների միջև չկար իրական հաստատական միություն։ Ի՞նչ է տեղի ունենում այդ դեպքում։ Հռչակման ելքը ամբողջովին փխրուն է, քանի որ ունենք լոկ կես հռչակում։ Խստորեն ժխտական հռչակումը, իրոք, հաղթական լինելու համար, ենթադրում է բացարձակ միասնությունը նրանց, ովքեր որ հռչակում են։ Սա, ճիշտն ասած, եղել է Լենինի մեծ գաղափարը։ Նա ասել է՝ առանց երկաթե կարգապահության տեղ չես հասնի, որովհետև, եթե չունենք հաստատական ու կազմակերպված միություն, ժխտական միությունը գալիս է անմիջապես փլուզվելու, ցրվելու ու բաժանվելու։ Մենք լենինիզմի մեջ չենք, բայց շատ լավ տեսնում ենք, որ լինի Մայդանի հրապարակում, թե՝ մեկ ուրիշ, որոնց մասին խոսեցինք, «մենք այլև չենք ուզում….» հռչակողական պարզ հաստատումից անդին ընկնում ենք անդարմանելի բաժանման մեջ։ Ճիշտ սա է, որ տեղի է ունենում Ուկրաինայում։ Դուք մի կողմից, իսկապես, ունեք մարդիկ, ժողովրդավարներ, ազատականներ՝ ովքեր շարժվում են Արևմուտքի որոշ տենչով (սրանք նրանք են, ում մամուլն այստեղ անվանում է «ուկրաինացիներ»), իսկ մյուս կողմից ունենք միմյանցից խիստ տարբեր մարդիկ՝ հարվածային խմբերի մեջ կազմակերպված, զինված՝ ուկրաինական անջատողականության պատմական ավանդութով, ում աշխարհայացքը, ավել թե պակաս բացահայտ, բայց, անկասկած, ֆաշիստոիդ է։ Ցանկանում են Եվրոպայի հետ լինելու ձև անել, պայմանով, որ դա նրանց ազատի ռուսներից։ Դա բացարձակորեն ինքնութենական բաղադրիչ է՝ հնաձև ուկրաինացի ազգայնականներ, ովքեր իրենց ապագան ամենևին էլ չեն տեսնում «եվրոպական ազատությունների մեջ»։ Խնդիրն այստեղ նրանում է, որ հրապարակի ակտիվիզմի տեսանկյունից դա գերիշխող զորությունն է, իսկ մյուսները, իրականում քաջարի մարդիկ՝ մեծ մասամբ անկազմակերպ են (երբ նրանք կազմակերպված են, ապա միայն ընտրական ժամկետները պահելու համար)։
Կարելի է ի վերջո ասել հետևյալը. հրապարակում հռչակողական հավաքների ժամանակակից բոլոր այդ իրադրություններում ունենք խաղ՝ երեքով։ Մի կողմից կառավարությունները, ինստիտուցիոնալ իշխանություններ, կուսակցություններ, բանակի և ոստիկանության ստորաբաժանումներ և այլն, որոնք պետական գործող զորությունն են և ունեն գլխավորապես օտարերկրացի քավոր. Մուբարաքի օտարերկրացի քավորը տասնամյակներ ի վեր, հիմնականում, Միացյալ Նահանգներն էին և, ճիշտն ասած, Արևմտականների համույթը։ Մյուս կողմից՝ հրապարակում է ժխտական հռչակումով միավորված երկու և՝ ոչ թե մեկ բաղկացուցիչ։ Մեկն ինքնութենական բաղկացուցիչն է (Մուսուլման Եղբայրները, ուկրաինական ազգայնականները), մյուսը՝ «ժողովրդավարները», այսինքն՝ նրանք, ովքեր աշխուժացնում են արևմտյան արդիության տենչը, այսինքն ավանդույթ-արդիություն բևեռացումը՝ իմանալով, որ արդիությունն այսօր համաշխարհայնացված կապիտալիզմի բթի տակ գտնվող արդիությունն է։ Չենք պատկերացնում դրանից բացի մեկ ուրիշ արդիություն, հատկապես, որ դրանից չենք էլ օգտվում։ Երեքով խաղացվող այդ խաղը, եթե խոսքը չվերաբերի վերջավորություն ստեղծելուն, թույլ չի տալիս կրճատվել երկուսով խաղի։
Բոլորս պետք է խորհենք եգիպտական պատմության շուրջ, որը կախարդիչ պատմություն է։ Եգիպտոսում ևս առկա էր երեքով մի պարտիա. կար Մուբարաքը, եգիպտական ռազմական ապարատը, կամակատար ցանցերն ու հաճախորդները, իսկ Թահրիր հապարակում՝ երկու բաղկացուցիչները. դեպի Արևմտյան կապիտալիստական արդիությունը ձգվող բաղկացուցիչը մի կողմից և, մյուս կողմից, Մուսուլման եղբայրների բաղկացուցիչը, որը ժողովրդի մեջ, պետք է ասել, կազմում էր լայն մեծամասնություն և ներկայացնում էր առանձնահատուկ ավանդույթ։ Միությունը ստեղծվեց ժխտականորեն («Մուբարաք հեռացիր») և հետո, երբ, մեկ անգամ, սկսվեց հանգուցալուծումը, հարկ եղավ առաջարկել ինչ-որ բան։ Դրանք ընտրություններն էին, ընտրություններ, որոնք իրականում լինելու էին կեղծ բեմահարթակ, որտեղ համաձայնեցվում են հարաբերությունները երկու բաղկացուցիչների, որոնց միությունը զուտ ժխտական է։ Ինչ տեղի ունեցա՞վ։ Դե ինչ, Մուսուլման եղբայները՝ ձեռքերը թափ տալով շահեցին ընտրությունները և արևմտյան, ժողովրդավար, ուսյալ բաղկացուցիչն օգտագործվեց հետույքից։ Եգիպտական մանր բուրժուազիան բացահայտեց, որ եգիպտացի ժողովրդի հետ իր հիմնարար կապը թույլ է։ Օրինականորեն կատաղած, ասես, ընդվզած էր եղել ոչնչի համար` եգիպտական հասարակության արդիական այս հատվածը վերսկսեց իրադրությունը թափահարել. այս վերջին հունիսի ցույցերն էին դրանք, երբ նա կրկին ընդվզեց, բայց այս անգամ միայնակ։ Այնինչ միայնակ, նա այնքան էլ կշիռ չուներ ու հաճույքով ընդունեց ու՞մ միջամտությունը… Դե իհարկե, զինվորականների։ Մանրբուրժուական անպատասխանատվությունը, ներեցեք կոպիտ բառարանի համար, արտադրեց արտառոց երևույթ։ Նույն անձինք, ովքեր դեռ մի քանի ամիս առաջ բղավում էին «Մուբարաք հեռացիր», բղավեցին՝ «Մուբարաք վերադարձիր»։ Նրա անունն էր Ալ Սիսի, փոխել էր իր անունը, բայց դա ճիշտ նույն բանն էր, դա Մուբարաք կրկին ռեժիմն էր։ Նա սկսեց տրվել բավական ապշեցուցիչ գործողությունների, այդ մասին ասելու դեպքն է սա, այսինքն բանտարկել ամբողջ կառավարությունը, որն ընտրվել էր լայն մեծամասնությամբ (այդ ժամանակ, այստեղ, մամուլը խուսափում էր խոսել պետական հեղաշրջման մասին, որովհետև, հասկանում եք, եթե մուսուլման եղբայրներին ես բանտ նստեցնում, դա պետական հեղաշրջում չէ իրապես …) և երբ նրանց կողմնակիցները բողոքեցին՝ իրենց վրա կրակեցին։ Բանակը կրակեց առանց սահմանափակումների, Փարիզյան Կումունայի մոդելով, և պետք է գիտենալ, որ մեկ օրվա մեջ արևմտյան դիտորդների կարծիքով, սպանեցին 1200 մարդու։ Վերջավորության միջոցով ստերիլացումը արտառոց է եգիպտական իրադրության մեջ, քանի որ, ի վերջո, մենք ունենք, շրջանաձևություն։ Երեքով խաղը եղել էր շրջանաձև խաղ։ Հակասությունը բողոքող ուսյալ մանր բուրժուազիայի և Մուսուլման եղբայրների և նրանց ժողովրդական հաճախորդների միջև եղել էր այնպիսին, որ առաջ էր բերել երրորդ եզրը ։
Դուք տեսնում եք այն, ինչը ներգրավված է ներսում. գոյություն ունեցող բռնատիրական կառավարությունների դեմ հակասական, ժխտական միավորումներով բաղադրյալ այս հավաքներում կա՞ արդյոք իրական գալիք՝ հռչակողական այն ձևի մեջ, որին ծանոթ ենք հիմա արդեն տարիներ ի վեր։ Նաև՝ հարցը պարզապես ինքդ քո առջև դնելու համար, պե՞տք է արդյոք սկսել ամեն ինչ հանգեցնել նախա-կազմավորված մի վերջավորության, ինչը նշանակում է, որ այս ամենը, ի վերջո, լինելու է պատմական պայքարը դեմոկրատների և դիկտատորների միջև։ Հատկապես, երբ Եգիպտոսի դեպքում, եթե կարող եմ այսպես ասել, մեզ հաճույք պարգևեցինք շատ էլ չանհանգստանալ դիկտատորների վերադարձի համար։
Առաջանալու համար պատմական հայտնագործություն, արարում, այսինքն մի բան, որն օժտված է իրական անվերջությամբ, անհրաժեշտ է հռչակողական նոր ձև, որը լինի մտավորականների և ժողովրդական լայն հատվածի միջև դաշինքի հռչակման ձևը։ Ուրեմն այդ նոր դաշինքը չկար հրապարակում։ Ողջ խնդիրը, ինչը որ սխեման է ցույց տալիս, նոր քաղաքականության միջոցով համաշխարհայնացված կապիտալիզմի արդիությունից տարբեր մեկ այլ արդիության հայտնագործությունն է։ Այնքան ժամանակ քանի դեռ չունենք այս ուրիշ արդիության նախասկզբունքները, կունենանք այն, ինչը տեսնում ենք, այսինքն շրջանաձևությամբ ավարտվող ժխտական միություններ։ Եվ քարոզչության կողմից էլ՝ կրկնությունը այն փաստի, որ խոսքը լավերի մասին է՝ ընդդեմ վատերի, պայմաններում, որոնք ծաղրանկարային են իրական դրության հանդեպ։
Երեք եզրով այդ խաղը խեղաթյուրված է, քանի որ արդիություն եզրը գերի եզր է։ Այն նշանակում է սպառման, արևմտյան ժողովրդավարական ռեժիմի «ձգտում», այսինքն ձգտում ինտեգրվել տիրապետությանը, ինչպիսին, որ այն կա։ Քանի որ, ի վերջո, Արևմուտքը համաշխարհայնացված կապիտալիզմի հեգեմոնիայի կոկիկ անվանումն է։ Եթե ուզում եք ինտեգրվել դրան, ձեր գիտենալիքն է, բայց հարկ կլինի ընդունել, որ խոսքը հայտնագործության, նոր ազատության մասին չէ։ Եթե ուզում եք այլ բան, պետք է ոչ միայն լինել անտիկապիտալիստ, ինչը մասամբ վերացական է, այլև՝ հայտնագործել և առաջարկել կենդանի արդիության մի կերպար, որը չլինի համաշխարհայնացված կապիտալիզմի բթի տակ։ Դա արտառոց թափի ջանք է, որ հենց նոր է սկզբնավորվել։ Հիրավի դասական մարքսիզմը կարծեց, որ նա դառնալու է կապիտալիստական արդիության պատմականորեն լեգիտիմ ժառանգը։ Նա տեսավ, որ կապիտալիստական այդ արդիությունը տանում էր բարբարոսության, կամ ինքնին բարբարոսություն էր, բայց նա կարծում էր, որ այդ բարբարոսության գլխավոր ներքին շարժումը պիտի արտադրեր քաղաքակրթության ժառանգություն, որի ժառանգները կլինեին հեղափոխականները։ Խնդիրը ոչ ամբողջովին էր այդպես։ Կարելի է կատարելապես պատկերացնել, որ կապիտալիստական արդիությունը արդիություն է, որը չունի մի այլ ժառանգորդ՝ եթե ոչ ավերումը։ Ինչին էլ գնում է, սա իմ տեսակետն է։ Այն, ինչին որ ձգտում են, առանց այդ մասին գիտենալու, այդ դրոշի ներքո հավաքված ժողովուրդները, իրականում, կազմավորված նիհիլիզմն է։ «Քաղաքակրթության անհանգստություն»-ը, որի մասին խոսում էր Ֆրոյդը, շատ ավելի խորն է, քան կարծում էր մարքսիզմը։ Ֆրոյդը շատ ավելի խորն էր այս կետի վերաբերյալ, քան Մարքսը, քանի որ նա շատ լավ տեսավ, որ անհանգստությունը քաղաքակրթության մեջ ներգործում էր ինչ-որ բանի վրա հենց խորհրդանշականի մեջ։ Միայն վերաբաժանման հարց չէր դա, մասնաբաժանման, կամ քաղաքակրթության կողմից տրամադրված բարիքների հարց չէր, նաև կրթության հարց էլ չէր դա (մեծ գաղափարը այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին Տոլստոյը կամ Վիկտոր Հյուգոն, վերաբերում էր այն բանին, որ եթե կրթությունը սփռեինք համընդհանուր ձևով, քաղաքակրթություն կտայինք բոլորին և այն կվերահայտնագործվեր նրանց կողմից, ովքեր դա ստացել էին) — գաղափարներ, որոնք նախորդ դարի վերջում դեռևս կենսունակ էին։ Թվում է, թե ձեռնարկումը պահանջում է հատուկ մի հայտնագործություն, որը դիպչում է խորհրդանշականին։ Խոսքը քաղաքակրթության նոր պարամետրեր հայտնագործելու մասին է։
Ահա սա էր, որ տեսնում էի այդ հրապարակներում, որտեղ հավաքվում էին ամբոխները։ Ներկան բացակայում է, եթե անգամ հռչակվի ամբոխը։ Գուցե մի փուլում ենք, երբ ամբոխը կուզենար ինքն իրեն հռչակել, այն փուլում՝ ինչը, ես, լավատեսորեն, կոչել եմ «պատմության զարթոնքը»։ Բայց այդ հռչակումը չունի խոհրդանշացման աղբյուրներ։ Քաղաքականորեն բավականին հստակ է՝ կապիտալիստական արդիությունը ինչ-որ կերպ ենթադրում է, որ բոլոր տեսակի միջոցները լինեն գործադրված, որ ազգաբնակչության ուսյալ հատվածը (քաղաքային մանր բուրժուազիան, միջին դասակարգերը և այլն) մնա խորապես անկապ ժողովրդական հիմնական զանգվածներից։ Կարելի էր ոտքի հանել քարոզչության օպերատորներին, ովքեր գնում են այդ ուղղությամբ, բայց պետք է ասեմ, դժբախտաբար «աշխարհիկությունը» դրա մասն է կազմում։ Քաղաքականությունը այդ գործողությունները հաղթահարելու և դրանից այն կողմ գնալու մեջ է։ Այն, ինչը որ հին լեզվով կոչվում է մտավորական զանգվածի կապը, այսինքն մտավորականների ընդունակությունը պահանջել ոչ թե պարզապես իրենք իրենց համար, այլև՝ հանուն փոխակերպված արդիության, նաև ուրիշների համար, նրանց ընդունակությունը ասելու, թե՝ հավաքվելով այստեղ՝ հրապարակում, ինչու են բողոքում, ինչու չեն պահում դրա մոնոպոլինան՝ մյուս բաղկացուցչին հանկարծ թույլ տալով տանել վերջնականորեն, լինի դա ընտրության, թե բռնության ճանապարհով, նրանց միավորող ժխտական ակտիվության ներսում ներառյալ։ Եգիպտոսը, դա, մի համընդհանուր դաս է, Ուկրաինան կլինի նույն բանը՝ տարբերակների մեջ, որ ես չգիտեմ։
Մենք պատմական արդյունավետ իրավիճակների կրճատման քարոզչական գործողությունները կկոչեինք «վերջավորություն» և կկոչեինք «անվերջացում» վերջավորության մերկացումները, այն պահը, երբ հռչակման պարամետրերը իրապես միավորված են, պահը, երբ կարելի է հռչակել աներկբայորեն՝ «Մուբարաք հեռացիր», բայց նաև ինչ-որ մի այլ բան ևս։ Ի՞նչ, ուրեմն։ Դա ամեն դեպքում Արևմուտքի տենչը չէ, նա չէ, որ կարող է փակել անցքը։ Մենք էական պատմական հաշվեկշռի մեջ ենք, պահ, որն արդեն գոյություն է ունեցել 19-րդ դարում, երբ հստակ էինք ժխտման հաշվով, բայց ոչ՝ դրա հաստատական առնչվողին։ Եվ հին աշխարհը վերահայտնվում էր այդ ճեղքում, քանի որ ուներ այդտեղ գտնվելու առաքինությունը։
Աղբյուրը` http://www.entretemps.asso.fr/Badiou/13-14.htm
Դիտվել է 1078 անգամ