Ռուսական դեսպոտիզմի ասիական ծագման մասին աշխատանքը Կարլ Մարքսը գրել է 1856 թվականին «The Free Sheffield Press» անգլիական թերթի համար։ Ամբողջական աշխատանքի վերնագիրն էր «18-րդ դարի դիվանագիտական պատմության բացահայտումներ»։ Չնայած Մարքսի գործն ուսումնասիրողները, որոնցից էր Ստալինի կողմից գնդակահարության դատապարտված Դավիդ Ռյազանովը, ժամանակին կարդացել են այս տեքստը և մեջբերել որոշ հատվածներ, սակայն Խորհրդային Միությունում լույս տեսած Մարքսի գործերի ամբողջական հրատարակության մեջ այն բացակայել է։ Ստորև հրապարակվող 4-րդ և 5-րդ գլուխները (կրճատումներով) լույս են տեսել 1977 թվականին գերմանական «Շպիգել» ամսագրում և առնչվում են Իվան 3-րդի և Պետրոս Մեծի գործունեությանը։ Հայերենով տեքստն առաջին անգամ է թարգմանվում։
Իր կառավարման սկզբում (1462 — 1505թթ․) Իվան 3-րդը դեռևս տուրք էր վճարում թաթարներին։ Ֆեոդալ իշխանները տակավին վիճարկում էին նրա հեղինակությունը։ Ռուսական հանրապետությունների գլուխը՝ Նովգորոդը, իշխում էր Ռուսաստանի հյուսիսում, լեհ-լիտվական միությունը ձգտում էր գրավել Մոսկովիան, իսկ լիվոնյան ասպետները դեռ զինաթափված չէին։
Կառավարման վերջում Իվան 3-րդին տեսնում ենք՝ անկախ գահին բազմած, նրա կողքին՝ Բյուզանդիայի վերջին կայսեր դուստրը, Կազանը՝ նրա ոտքերի տակ, իսկ Ոսկե Հորդայի մնացորդները շարքերով հոսում էին դեպի իր արքունիք։ Նովգորոդը և Ռուսական մյուս հանրապետությունները արդեն ենթարկեցվել էին, Լիտվան թուլացած էր, իսկ վերջինիս թագավորը դարձել էր գործիք Իվանի ձեռքում, լիվոնյան ասպետներն էլ մատնվել էին պարտության։
Զարմացած Եվրոպան, որը Իվանի կառավարման սկզբում գրեթե անտեղյակ էր Մոսկվայի գոյությանը, որն էլ իր հերթին սեղմված էր թաթարների և լիտվացիների միջև, այժմ ապշած էր իր արևելյան սահմաններին այս հսկայական կայսրության հանկարծահաս հայտնության փաստից։ Մոսկվացիների վերամբարձ խոսքը առաջին անգամ ստիպված էր լսել սուլթան Բայազետը, որից դողում էր Եվրոպան։
Իսկ ինչպե՞ս Իվանին հաջողվեց հասնել այս ամենին։ Արդյո՞ք նա հերոս էր։ Իրենք՝ ռուս պատմաբանները, նրան ներկայացնում են որպես բացահայտ վախկոտի։
Իվանն ազատագրեց Մոսկվան թաթարական լծից ոչ թե մեկ համարձակ հարվածով, այլ 20 տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Նա չտապալեց այդ լուծը, այլ քողարկված ձևով ազատվեց դրանից: (…) Սովորաբար, յուրաքանչյուր ժողովրդի բնավորությունն ուժեղանում է օտար լծից ազատագրվելու միջոցով։ Իվանի ձեռքում Մոսկվան ավելի շուտ հոգևոր անկում ապրեց։ Կարելի է համեմատել Իսպանիայի տարած պայքարը արաբների դեմ և Մոսկվայի պայքարը թաթարների դեմ։
Իվանի գահին բարձրանալու պահին Ոսկե Հորդան արդեն վաղուց թուլացած էր, ներսից՝ թեժ միջցեղային վեճերից, դրսից՝ Նողայան թաթարների բաժանումից, Թիմուր Թամերլանի հանկարծահաս հայտնությունից, կազակության վերելքից և Ղրիմի թաթարների թշնամական գործողություններից։ (…)
Ոսկե Հորդայի դեմ ապստամբելու համար մոսկվացին նոր բան հորինելու կարիք չուներ, այլ պարզապես պետք է ընդօրինակեր թաթարներին։ Սակայն Իվանը չապստամբեց։ Նա խոնարհ հնազանդությամբ ընդունեց Ոսկե Հորդայի ստրուկ լինելը։ Թաթար մի կնոջ կաշառելու միջոցով նա այնպես արեց, որ խանը Մոսկվայից ետ կանչի այնտեղ հաստատված մոնղոլ կառավարիչներին։ Նման խորամանկ քայլերով և խաբեությամբ նա խանից գնալով ավելի մեծ զիջումներ կորզեց, որոնք, ընդհանուր առմամբ, աղետալի դարձան վերջինիս իշխանության համար։ Այդպիսով, նա ոչ թե գրավեց իշխանությունը, այլ գողացավ այն։
Նա իր թշնամուն ոչ թե դուրս մղեց իր ամրոցներից, այլ խորամանկությամբ դուրս բերեց այնտեղից։ Մինչ նա դեռ շարունակում էր խանի պատվիրակների ներկայությամբ խոնարհվել մինչև գետին և ծառայել նրան որպես հարկատու, այդ ընթացքում նա սուտ պատճառաբանություններով շրջանցեց տուրքերի վճարումը՝ օգտագործելով անկայուն բնավորությամբ ստրուկի բոլոր հնարավոր հնարքները, չհամարձակվելով հակադրվել սեփական տիրոջը և գողանալով միայն անհասանելի հեռավորության վրա։
Վերջում մոնղոլները արթնացան իրենց թմբիրից և հասավ պայքարի ժամը։ Իվանը, որը զենքի գործադրման մասին նույնիսկ միայն մտածելիս էր դողում, ձգտում էր թաքնվել սեփական վախի ետևում և խուսափել իր թշնամու զայրույթից՝ վերջինիս զրկելով այն թիրախից, որը կարող էր վրեժի առարկա դառնալ։ Նա փրկվեց միայն իր դաշնակիցների՝ Ղրիմի թաթարների միջամտության շնորհիվ։
Հորդայի երկրորդ հարձակման դեմ նա ցուցադրական նպատակով այն աստիճան գերազանցող զորքեր էր հավաքել, որ սոսկ նրանց գլխաքանակի մասին լուրը կանխեց այդ հարձակումը։ Երրորդ հարձակման ժամանակ նա պատվազուրկ դասալիքի պես փախուստի դիմեց` լքելով իր 200 հազարանոց զորքը։
Սեփական կամքին հակառակ ստիպված լինելով վերադառնալ՝ նա փորձեց սակարկել ստրկության պայմանները, և վերջապես այն բանից հետո, երբ նա ստրկական վախով վարակեց նաև իր բանակին, վերջինս նույնպես մատնվեց համընդհանուր անկանոն փախուստի։
Մոսկվան այն ժամանակ տագնապով սպասում էր Իվան 3-րդի վերջնական անկմանը, երբ հանկարծ լուր հասավ, որ Ոսկե Հորդան ստիպված է եղել նահանջել՝ սեփական մայրաքաղաքի վրա Ղրիմի խանի հարձակման արդյունքում։ Իսկ նահանջի ժամանակ Ոսկե Հորդան ոչնչացվել է կազակների և Նողայան թաթարների կողմից։
Այդպես պարտությունը վերածվեց հաջողության։ Իվանը Ոսկե Հորդային հաղթեց ոչ թե սեփական ուժերով, այլ, պատերազմելու կեղծ ցանկություն ցուցադրելով, գայթակղեց նրան հարձակման, ինչն էլ հյուծեց վերջինիս կենսական ուժերի մնացորդները և նրան դրեց սեփական ռասայի ցեղերի մահացու հարվածների տակ, որոնց Իվանին հաջողվել էր դաշնակից դարձնել։ Նա թաթարներից մեկին պարտության մատնեց մյուս թաթարի օգնությամբ: (․․․)
Սակայն եթե այս խաբեբան նաև այնքան խելացի էր, որպեսզի իր նվաստացման ականատեսների մոտ նվաճողի դիրք ընդունի, միաժամանակ լավ հասկանում էր նաև, թե հեռավորության վրա ինչպիսի ցնցող ազդեցություն կարող է թողնել և փառքի ինչպիսի շղարշով կարող է իրեն պատել թաթարների կայսրության տապալումը, և թե ինչպես դա կարող է նպաստել, որպեսզի նա փառապանծ կերպով մուտք գործի եվրոպական տերությունների շրջանակ։
Այդպիսով, նա արտաքին աշխարհի համար ընդունում էր նվաճողի թատերական դիրք, իսկ նրան իսկապես հաջողվել էր հպարտ նեղացկոտության և դյուրագրգիռ մեծամտության դիմակի տակ թաքցնել մոնղոլական ստրուկի համառությունը, բայց նաև մշտապես գիտակցել ու չմոռանալ, որ ժամանակին համբուրել էր խանի ամենաստորին պատվիրակի ասպանդակը։
Նա առավել զուսպ տոնով նմանակում էր իր նախկին տիրակալների ձայնը, որը դեռ սրտի թրթիռ էր առաջացնում նրա մոտ։ Ռուսական ժամանակակից դիվանագիտության կողմից օգտագործվող մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են «մեծահոգությունը» կամ «տիրակալի վիրավորված պատիվը» փոխառվել են Իվան 3-րդի դիվանագիտական հրահանգներից։
Կազանի գրավումից հետո նա ձեռնարկեց վաղուց ծրագրված արշավը Նովգորոդի դեմ, որը ռուսական հանրապետությունների գլուխն էր։ Եթե թաթարական լծի տապալումը նրա աչքերում հանդիսանում էր Մոսկվայի մեծության ապահովման առաջին նախապայմանը, ապա երկրորդ նախապայմանը՝ ռուսական ազատության տապալումն էր։ Քանի որ Վյատկայի հանրապետությունը Մոսկվայի և Ոսկե Հորդայի միջև չեզոք դիրք էր զբաղեցնում, իսկ Պսկովի հանրապետությունն իր տասներկու քաղաքներով դժգոհության նշաններ էր ցույց տալիս, Իվանը սկսեց քծնել վերջինիս և ձևացրեց, թե մոռացել է առաջինին։ Բայց այդ ամբողջ ընթացքում նա հավաքում էր իր բոլոր ուժերը Մեծ Նովգորոդի դեմ, որի անկման հետ նա կապում էր ռուսական մյուս հանրապետությունների ճակատագրի վերջնական որոշումը։
Ֆեոդալ իշխաններին նա իր կողմը գրավեց` այդ հարուստ ավարից մասնաբաժին ստանալու հեռանկարի շնորհիվ, մինչդեռ բոյարներին նա գայթակղեց՝ կոչ ուղղելով և օգտագործելով նրանց կույր ատելությունը Նովգորոդի դեմոկրատիայի հանդեպ։
Այդպես նրան հաջողվեց երեք զորաբանակներով շարժվել Նովգորոդի ուղղությամբ և նման գերազանցող ուժերով գրավել այն։ Բայց հետո իշխաններին տված իր խոստումը չպահելու, իր անփոփոխ «Vos non vobis»1 սկզբունքին չդավաճանելու համար և միաժամանակ Նովգորոդը առանց նախնական նախապատրաստության դեռևս մարսելու անընդունակության մտահոգությամբ, նա անհրաժեշտ համարեց անսպասելի չափավորություն ցուցաբերել և բավարարվել փրկագնի վճարումով և իր գերիշխանության ճանաչմամբ։ Սակայն հանրապետության ենթարկեցման փաստաթղթում նա ներմուծեց մի քանի երկիմաստ բառեր, որոնց շնորհիվ նա այդ հանրապետության գերագույն դատավոր և օրենսդիր պետք է դառնար։
Այնուհետև նա սկսեց թշնամանք սերմանել պատրիկների և պլեբեյների միջև, որոնք ցնցում էին Նովգորոդը նույն կերպ, ինչպես Ֆլորենցիան։ Նա որպես առիթ օգտագործեց պլեբեյների որոշ բողոքներ, քաղաքում կրկին հայտնվելու, քաղաքի ազնվականությանը, որի իր նկատմամբ ունեցած թշնամական վերաբերմունքին նա տեղյակ էր, շղթայված Մոսկվա տեղափոխելու համար։ (…)
Կաշառելով հանրապետության պատվիրակներից մեկին, որպեսզի վերջինս հանրային ընդունելություններից մեկի ժամանակ իրեն մեծարի որպես սուվերեն՝ Իվանը անհապաղ պահանջեց իրեն տալ բռնակալի բոլոր իրավունքները և հանրապետության ինքնալուծարումը։
Ինչպես նա կանխատեսել էր, Նովգորոդը նրա կողմից ուզուրպացիային պատասխանեց ապստամբությամբ, ազնվականության ջարդով և ճանաչելով իր ենթակայությունը Լիտվային։ Այդժամ Մաքիավելիի մոսկովյան այս ժամանակակիցը, վիրավորվածությամբ և առաքինի դիրք ընդունելով, սկսեց բողոքել․
«Նովգորոդցիներն իրենք են որպես սուվերեն նախապատվությունը տվել իրեն, և երբ նա ի վերջո նրանց ցանկություններին ընդառաջ է գնացել և ընդունել այդ պատիվը, այնուհետև հրաժարվել են իրենից, հանդգնություն դրսևորել ու ամբողջ Ռուսաստանի առջև իրեն մեղադրել խաբեբայության մեջ, նրանք համարձակվել են իրենց հավատարիմ հայրենակիցների արյունը թափել և դավաճանել աստծուն և սուրբ ռուսական հողին՝ իր սահմաններից ներս կանչելով օտար կրոն և օտար տիրակալ։»
Նա Մոսկվայի և դրա վասալների միավորված զորքերը շարժեց հանրապետության դեմ։ Այն բանից հետո, երբ հանրապետությունը մերժեց անվերապահ կապիտուլյացիան, նա հիշեց թաթարների կողմից կիրառվող հայտնի հնարքը՝ վախեցնելու միջոցով զավթելը։ Մի ամբողջ ամիս շարունակ նա Նովգորոդի շուրջը կրակի և ավերածությունների սեղմվող շրջանակ էր գծել, իր թուրը մշտապես մերկացրած պահելով և հանգիստ սպասելով մինչև ներքին բաժանումներով մասնատված հանրապետությունը կանցնի վայրի հուսահատության, դաժան ճնշվածության և անհույս անզորության բոլոր փուլերով։ Նովգորոդը ստրկացվեց նույն կերպ, ինչպես մյուս ռուսական հանրապետությունները։
Մեր օրերում հիշատակման արժանի է նաև, թե այն ժամանակվա Մոսկվան, ինչպես նաև ժամանակակից Ռուսաստանը, ինչ մեծ ջանքեր են գործադրել հանրապետությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Ամեն ինչ սկսվել էր Նովգորոդով ու դրա գաղութներով, այնուհետև շարունակվել Կազակների հանրապետությամբ և ավարտվել Լեհաստանով։
Կարծես Իվանն արձակել էր մոնղոլների կողմից Մոսկվան կապած շղթաները, միայն այն բանի համար, որպեսզի դրանցով միմյանց փաթաթեր ռուսական հանրապետությունները։ (…)
Որպես իր գործողությունների թիրախ նա ընտրեց ռուսական վասալներից ամենահզորին՝ Տվերի իշխանին։ Սկզբում նա ստիպեց հարձակման անցնել նրան և դաշինք կազմել Լիտվայի հետ, այնուհետև նրան պիտակավորեց որպես դավաճան, ճնշում գործադրեց նորանոր զիջումներ ստանալու համար, որոնք իշխանին զրկելու էին պաշտպանվելու ունակությունից։ Այնուհետև նա օգտվեց այն երկակի իրավիճակից, որում այդ զիջումների արդյունքում հայտնվել էր իշխանն իր ենթակաների դիմաց և սպասեց մինչև ինտրիգների այս դասավորությունը սկսի ազդեցություն գործել։ ( ․․․)
Հունական ուղղափառ դավանանքը նրա ամենաուժեղ գործիքներից մեկն էր։ Բայց ո՞ւմ էր ընտրել Իվանը, որպեսզի հավակներ Բյուզանդիայի ժառանգորդը լինելուն, որպեսզի մոնղոլական ստրուկի պիտակը թաքցներ արքայական թիկնոցի տակ, որպեսզի մոսկվացի դուրսպրծուկի իր գահը կապեր սուրբ Վլադիմիրի փառապանծ կայսրության հետ և որպեսզի հանձինս իրեն հունական եկեղեցու համար նոր աշխարհիկ գլուխ հռչակեր։ Որպես Հռոմի պապ։
Պապի արքունիքում ապրում էր Բյուզանդիայի վերջին արքայադուստրը։ Իվանը հրապուրեց նրան՝ երդվելով դավանափոխ լինել։ Երդում, որից նա իր արքեպիսկոպոսին հրամայեց ազատել իրեն։
Անհրաժեշտ է պարզապես փոխարինել մի շարք անուններ և տվյալներ, որպեսզի պարզ դառնա, որ Իվան 3-րդի և մերօրյա Ռուսաստանի քաղաքականությունները ոչ թե նման են, այլև նույնական են։ Իր հերթին Իվան 3-րդը միայն կատարելագործեց ավանդական մոսկովյան քաղաքականությունը, որը նա ժառանգել էր Իվան 1-ինից։ Իվան 1-ին Կալիտան՝ մոնղոլական ստրուկը, փառք էր ձեռք բերել այն բանի շնորհիվ, որ կարողացել էր իր ավելի մեծ թշնամու՝ թաթարների ուժն ուղղել ավելի փոքր թշնամիների՝ ռուս իշխանների դեմ։ Միայն խաբեությունների շնորհիվ նրան հաջողվեց ուղղորդել թաթարների իշխանությունը։
Հասնել առավելության թշնամական իշխանությունը խաբեությամբ օգտագործելու միջոցով, թուլացնել այդ իշխանությունը՝ այն օգտագործելու միջոցով, և վերջապես տապալել այն նույն այդ պատճառով, քանի որ այն թույլ է տվել իրեն գործիք դարձնել․ այս քաղաքականությունը Իվան Կալիտային թելադրված էր տիրապետող և միաժամանակ ենթարկեցված ռասայի առանձնահատուկ բնույթով։ Նրա այդ քաղաքականությունը փոխանցվել էր նաև Իվան 3-րդին։
Եվ այսօր դա Պետրոս Մեծի և մերօրյա Ռուսաստանի քաղաքականությունն է, ինչպես էլ որ փոխված լինեն նրանց կողմից օգտագործվող թշնամական իշխանության անունը, երկիրը և բնույթը։ Պետրոս Մեծը, իսկապես, ժամանակակից ռուսական քաղաքականության հիմնադիրն է, սակայն նա այդպիսին դարձել է միայն շնորհիվ այն բանի, որ «հավակնությունների միջոցով ընդարձակման» հին մոսկովյան մեթոդից հանել է դրա զուտ տեղային բնույթը և այն ձերբազատել պատահական խառնուրդներից, այդ մեթոդը տեղավորել է մի վերացական բանաձևի մեջ, սահմանել է ավելի լայն նպատակներ և ընդլայնել դրա առարկան՝ իշխանության որոշակի հայտնի սահմանների զուտ չեզոքացումից անցնելով անսահման իշխանության ձգտման։
Ամփոփենք։ Մոսկվան մեծացել և դաստիարակվել է մոնղոլական ստրկության սարսափելի և թշվառ դպրոցում։ Այն հզորություն է ձեռք բերել միմիայն ստրկության հմտությունների գործում հանճարեղության հասնելու շնորհիվ։
Նույնիսկ ինքնազատագրումից հետո Մոսկվան շարունակել է խաղալ տիրակալ դարձած ստրուկի իր նախկին դերը։ Միայն Պետրոս Մեծն էր, որն ի վերջո մոնղոլական ստրուկի քաղաքական արհեստը միավորեց մոնղոլ տիրակալի հպարտ ձգտման հետ, որին Չինգիզ խանն իր վերջին ցանկությամբ ավանդել էր նվաճել ամբողջ աշխարհը։
Սլավոնական ռասայի բնութագրական գծերից մեկը պետք է անմիջապես զարմանք պատճառի կողմնակի դիտորդին։ Գրեթե ամենուր այն սահմանափակվել է ցամաքային երկրամասերով և թողել ափամերձ գոտիները` ոչ սլավոնական ժողովուրդներին։ Ֆիննական ու թաթարական ցեղերը պահել են սևծովյան ափամերձ տարածքները, լիտվացիներն ու ֆինները՝ բալթյան և սպիտակծովյան ափերը։
Բոլոր այն վայրերում, որտեղ սլավոններն առաջխաղացում են ունեցել, օրինակ՝ Ադրիատիկ ծովի և Բալթիկ ծոցի որոշ հատվածներում, նրանք ստիպված են եղել շատ շուտով ծնկի գալ օտար երկրների տիրապետությանը։ Ռուս ժողովուրդը կիսում է սլավոնական ռասայի այս ընդհանուր ճակատագիրը։ (…)
Կարծես վկայելով սլավոնների այս հակածովային ինքնատիպության մասին՝ ռուսական ազգությունը այդպես էլ հիմնովին չի յուրացրել Բալթիկ ծովի ափը, ինչպես նաև Սև ծովի արևելյան՝ չերքեզական և մենգրելական ափամերձ տարածքները։ Միայն Սպիտակ ծովի որոշ մերձափնյա հողեր, որոնք մշակման համար բարդություն են ներկայացնում, Սև ծովի հյուսիսային ափի որոշ հատվածներ և Ազովի ծովի ափի մի մասը յուրացվել են ռուս բնակիչների կողմից։ Սակայն, ի հակառակ այս նոր պայմաններին, որոնցում նրանք հայտնվել են, այդուհանդերձ, ձեռնպահ են մնացել ծովային արհեստով զբաղվելուց և համառորեն հավատարիմ մնացել իրենց նախնիների ցամաքային ավանդույթներին։
Սկզբից ևեթ Պետրոս Մեծը հրաժարվեց սլավոնական ռասայի բոլոր ավանդույթներից․ «Ռուսաստանին անհրաժեշտ է ջուր…»։ Տեղային նվաճումների համար ցամաքը բավարար էր, սակայն համաշխարհային ագրեսիայի համար ջուր ունենալը անհրաժեշտություն էր դարձել ։
Միայն Մոսկվայի վերափոխումը բացառապես ցամաքային պետությունից ծովերով ողողված կայսրության հնարավոր դարձրեց մոսկովյան քաղաքականության դուրս բերումն իր ավանդական սահմաններից և հանգումն այն համարձակ սինթեզին, որը համադրելով մոնղոլական ստրուկի աննկատ ներխուժման մեթոդն ու մոնղոլ տիրակալի աշխարհանվաճ միտումները, կազմեց ժամանակակից ռուսական դիվանագիտության շարժիչ ուժը։ (…)
Ցարի գահը Մոսկվայից Պետերբուրգ տեղափոխելը նշականակում էր նրան այնպիսի վիճակում դնել, որում նա ապահովագրված չէր լինի նույնիսկ անսպասելի հարձակումներից, քանի դեռ ամբողջ ափը՝ Լիբաուից մինչև Տորնեա նվաճված չէր։ Այս խնդիրը ամբողջությամբ լուծվեց միայն 1809 թվականին Ֆինլանդիայի գրավմամբ։ «Սանկտ Պետերբուրգը պատուհան է, որից Ռուսաստանը կարող է նայել Եվրոպային», ասում էր Ալգարոտտին2։ Սկզբից ի վեր, դա մարտահրավեր էր եվրոպացիների համար, իսկ ռուսների համար՝ հետագա նոր նվաճումների համար խթան։
Մեր ժամանակներում ռուսական Լեհաստանում գտնվող ամրոցները հերթական քայլերն են այդ նույն գաղափարի իրագործման համար։ Մոդլինը, Վարշավան և Իվանգորոդը ավելին են, քան լոկ ցիտադելներ, որոնք պետք է վերահսկողության տակ պահեն ապստամբ երկիրը։ Դրանք նույն կերպ վտանգ են ներկայացնում Արևմուտքի համար, ինչպիսի վտանգ հարյուր տարի առաջ ներկայացնում էր Պետերբուրգը Հյուսիսի համար՝ անմիջական հարևանության դիրքի պատճառով։ Այդ ամրոցները պետք է Ռուսաստանը վերափոխեն Պանսլավոնիայի, ինչպես բալթյան երկրամասերը Մոսկվան վերափոխեցին Ռուսաստանի։
Մայրաքաղաքի տեղափոխմամբ Պետրոսը խզեց այն բնական թելերը, որոնք հին մոսկովյան ցարերի աննկատ ներխուժման համակարգը կապում էին ռուսական մեծ ռասայի բնական ընդունակությունների և ձգտումների հետ։ Իր մայրաքաղաքը տեղափոխելով ծովափնյա տարածք, նա բացահայտորեն ծաղրի ենթարկեց այդ ռասայի հակածովային բնազդները և իջեցրեց այն սեփական քաղաքական մեխանիզմի լոկ շարժանիվի մակարդակի։
Եթե մոսկովյան ցարերը, որոնք իրենց տարածքային նվաճումները հիմնականում իրագործում էին թաթար խաների օգնությամբ, ստիպված են եղել թաթարացնել Մոսկվան, ապա այդ նույն կերպ Պետրոս Մեծը, որը վճռել էր գործել Արևմուտքի օգնությամբ, ստիպված է եղել քաղաքակրթել Ռուսաստանը։
Յուրացնելով բալթյան երկրամասերը՝ նա մեկ հարվածով ձեռք բերեց այդ գործընթացի համար անհրաժեշտ բոլոր գործիքները։ Այդ երկրամասերը նրան ոչ միայն տվեցին դիվանագետներ և գեներալներ, այսինքն գլուխներ, որոնց կարիքը նա ուներ դեպի Արևմուտք քաղաքական և ռազմական կողմնորոշման իր համակարգն ի կատար ածելու համար, այլ միաժամանակ ձևավորեցին բյուրոկրատների, դպրոցական ուսուցիչների և ենթասպաների մի բանակ, որը պետք է քաղաքակրթության սկզբնական դասեր տար ռուսներին, արևմտյան ժողովուրդների տեխնիկական ձեռքբերումները փոխանցեր՝ առանց նրանց վարակելու այդ ժողովուրդների գաղափարներով։
1․ «Օգտագործել ձեզ, բայց ոչ ձեզ համար» (լատիներեն)։
2․ Ալգարոտտի, Ֆրանչեսկո (1712 — 1764), իտալացի գրող։ Աղբյուրը՝ Lettres du comte Algarotti sur la Russie. Lnd. 1769, p. 64
Թարգմանությունը գերմաներենից և նախաբանը՝ Վահրամ Սողոմոնյանի
Նկարում՝ Իվան 3-րդը պատռում է թաթարական խանի փաստաթուղթը
Կարլ Մարքսը (1818 -1883) եղել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ-տեսաբան, քաղաքական լրագրող, աշխատավորական շարժման ջատագով և բուրժուական հասարակության ու կրոնի քննադատ։ Նա ծնվել է 1818 թվականին ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում, որը 1822 թվականին դավանափոխ է եղել՝ բողոքականություն ընդունելով։ 1835 թ․-ից Մարքսը իրավաբանություն է սովորել Բոննի համալսարանում և 1841 թ․-ին պաշտպանել է իր դոկտորական աշխատանքը։ 1842-43 թվականներին աշխատել է բուրժուական ձախ-ազատական կողմնորոշում ունեցող «Ռայնիշե Ցայտունգ» թերթում։ 1845 թ․-ին նա հանդես է եկել հեգելականության քննադատությամբ։ 1847 թ․-ին հրապարակել է հանրահայտ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ 1849 թ․-ին Կարլ Մարքսը վտարվել է Բելգիայից և Պրուսիայից և մինչև կյանքի վերջն ապրել Լոնդոնում։ 1864 թ․-ին նա հիմնադրել է 1-ին Ինտերնացիոնալը։ 1867 թ․-ին լույս է տեսել նրա ամենաճանաչված աշխատանքը՝ «Կապիտալը»։
Դիտվել է 1585 անգամ