Ֆրանսիացի փիլիսոփա Ալեն դը Բենուան ասում է, որ աշխատանքի գաղափարը սկիզբ է առնում Աստվածաշնչից: «Մարդու գործունեությունը կանխորոշված է հենց իր իսկ արարման պահից, և այդ գործունեության օբյեկտը բնությունն է. «աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան»: Աստված մարդուն տալիս է դրախտը, որպեսզի նա մշակի այն»:1 Ալեն դը Բենուայի մեկնաբանությամբ՝ աշխատանքը մեղքի հետևանք չէ, ինչպես հաճախ ասում են, այլ՝ մեղքի պատճառով է, որ աշխատանքը դառնում է տաժանակիր. մեղք գործելուց հետո, այսուհետ, մարդը պետք է սեփական քրտինքով վաստակի հացը:
Աշխարհի մասին մեր պատկերացումը, հակասում է այն ընկալումներին, որոնք գերիշխում էին անտիկ հանրույթներում: Հին հույների և հռոմեացիների համար աշխատանքն ատելի էր, քանի որ պարտադրում էր ենթարկվել անհրաժեշտությանը, մինչդեռ ազատությունը, այն ժամանակի ընկալումներով, չէր կարող գոյատևել պարտադրանքի տիրույթում: «Հնարավոր չէ, որ արհեստավորի կյանք վարող մարդն ունենա առաքինություն (բարոյական հատկանիշներ)»:2 Հույն փիլիսոփա Արիստոտելի կարծիքով լավագույն պետությունը քաղաքացիական իրավունքներ կտա միայն աշխատանքից ազատված անձանց: Իսկ քաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքի համար կային ստրուկներ. աշխատանքն անազատների զբաղմունքն էր: Հին հույների ատելությունը տարածվում էր այն տեսակ գործունեության վրա, որը չէր ստեղծում մնայուն բան, ավելի ուշ, մերժվեց նաև այն գործունեությունը, որը կապ չուներ քաղաքականության հետ: Եվ միայն 5-րդ դարի վերջում պոլիսն առաջին անգամ սկսեց գործունեությունը որակավորել մարմնի կողմից ներդրած ջանքի չափով: Արսիտոտելը ստորադաս էր որակում այն խավի մարդուն, ում մարմինը հյուծվում էր աշխատանքից:
Հրեական ծագումով փիլիսոփա Հաննա Արենդտը3 բավականին հետաքրիքր է մեկնաբանում անտիկ ստրկության ինստիտուտի իմաստը:«Անտիկ շրջանում ստրկությունը չի դիտարկվել որպես էժան աշխատուժի միջոցով շահ ստանալու ձև, ինչպես եղավ հետագայում: Այն եղել է կյանքի պայման հանդիսացող անհրաժեշտությունը բացառելու միջոց»: Հայտնի է, որ Արիստոտելը մահից առաջ ազատություն տվեց իր ստրուկներին. նա չէր վիճարկում ստրուկների՝ մարդ լինելու փաստը, սակայն, մերժում էր մարդ անունով կոչելու այն էակներին, ովքեր ամբողջությամբ ենթարկված են անհրաժեշտությանը և, հետևաբար, ազատ չեն: Հին հույները շահագործում էին ստրուկի աշխատանքը՝ կյանքի պայման համարվող անհրաժեշտությունից ազատ լինելու համար:
Միջնադարում քրիստոնեությունը սկսեց ջանքեր գործադրել աշխատանքի հանդեպ արմատացած ատելությունը վերացնելու ուղղությամբ: Նույնիսկ առաքյալներին սկսեցին մեծարել որպես տարբեր մասնագիտություններ հովանավորող սրբերի: «Ով աշխատի, նա կուտի» արտահայտությունն ամենևին էլ ժողովրդական չէ, այն դարձել է ժողովրդական ըստ II Թեսալոնիկեցիներ 3:10-ի, որտեղ Պողոս առաքյալն ասում է. «Երբ ձեզ մոտ էինք, ձեզ պատվիրում էինք, որ ով չաշխատի, թող չուտի, հետևաբար՝ ով աշխատի, նա կուտի»։
Բրիտանացի սոցիոլոգ Զիգմունդ Բաումանը բացատրում է, թե ինչպես առաջացավ արդյունաբերական կարգը. «Եղել է աշխատավորների անջատում իրենց գոյության միջոցներից՝ հողից, ինչն էլ ծնեց արդյունաբերական կարգ: Աշխատանքը դիտարկվեց ընդամենը որպես ապրանք և հավակնեց համապատասխան վերաբերմունքի: Կարելի է ասել, որ այս նոր անջատումը, ապահովեց ազատություն՝ աշխատանքը կիրառելու ընտրության հարցում: Հնարավորություն տվեց մարդկանց լինել որոշակի համաձայնությունների կողմ և մարմնի ու մտքի լարումը վերածել ինքնուրույն երևույթի, առարկայի, որին կարելի է վերաբերվել ինչպես ցանկացած այլ իրի, այսինքն՝ այն կարելի է կառավարել, տեղափոխել, միավորել այլ իրերի հետ և հակառակը տարանջատել այլից: Եթե չպատահեր այս անջատումը, աշխատանքը շատ քիչ հնարավորություն կունենար մարդկանց գիտակցության մեջ բաժանվել այն համընդհանրությունից, որին այն բնականորեն պատկանում էր, և վերածվել ինքնուրույն օբյեկտի: Մինչ արդյունաբերական դարաշրջանը, հարստության մասին պատկերացումներում, հողն անբաժան էր այն մարդկանցից, որոնք մշակում էին այն և հավաքում բերքը: Մարդկանց, ովքեր մշակում էին հողը, նախևառաջ, պետք էր անջատել հողից, որպեսզի դրանից հետո հնարավոր լիներ նրանց դիտարկել որպես օգտագործման համար պատրաստ աշխատուժի կրողներ, իսկ այդ ուժը համարել պոտենցիալ հարստության աղբյուր: Այս նորահայտ գործազրկությունը ժամանակակիցների կողմից ընդունվեց որպես աշխատանքի ազատագրում, որպես մարդկային կարողությունների ազատում անիմաստ և ծանր բեռից: Սակայն, ինչպես արդեն հայտնի է, աշխատանքի ազատագրումը բնության հետ կապից չվերածեց աշխատանքը կրողին ազատագրված, ինքնորոշված, ազատ իր ճանապահը ընտրող և հետևող սուբյեկտի: Հաստատվեց, որ աշխատանքը հարստության աղբյուր է, խնդիր առաջացավ գտնել և օտագործել այս աղբյուրը երբևէ չտեսնված արդյունավետությամբ: Տեղից պոկված բոլոր օբյեկտները պետք էր նորից ամրացնել, ընդ որում, ավելի ամուր քան նախկինում էին: Այս արդյունաբերական կարգը ոչ թե կույր փնտրտուքների արդյունք էր կամ պատմության սխալ, այլ՝ ռացիոնալ մտքի և գործողությունների արգասիք»:
Աշխատանքի թեման տարբեր ժամանակներում ուսումնասիրել են բազմաթիվ տեսաբաններ:4 Նրանցից կանդրադառնանք միայն երկուսին. բրիտանացի սոցիոլոգ Զիգմունդ Բաումանը «Անհատականացված հասարակություն» գրքում գրում է արդյունաբերական կարգի հաստատման վաղ շրջանի՝ ռոմանտիկ մոդեռնի,5 աշխատանքային հարաբերությունների մասին և նկարագրում նոր շրջանի՝ իրատեսական մոդեռնի, անցման փուլերի հասարակության տագնապներն ու մտահոգությունները: Ֆրանսիացի փիլիսոփա Անդրե Գորցի «Աննյութականը. գիտելիք, արժեք» գիրքը պոստմոդեռն կամ Բաումանի բնորոշմամբ իրատեսական մոդեռնի ժամանակի աշխատանքային հարաբերությունների, ձևերի և խնդիրների բացահայտումների մասին է:
Զիգմունդ Բաումանն իր՝ «Անհատականացված հասարակություն» գրքում գրում է, որ արդյունաբերական կարգի (նկատի ունենալով ռոմանտիկ կամ ծանր մոդեռնը)6 ժամանակ աշխատանքային հարաբերությունների երկու կողմն էլ լավ գիտեին, որ իրենց սպասվում է երկարաժամկետ համատեղ գոյատևում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մյուսի կարիքն ունի։ Այդ ժամանակ պարտականությունները փոխադարձ էին։ Ֆորդյան գործարաններում, Հենրի Ֆորդի հարստությունն ու իշխանությունը կախված էին իր աշխատողներից, իսկ վերջիններիս ապահովվածությունը՝ Ֆորդից ու իր օգնականներից։ Երկու կողմն էլ գիտեին, որ իրենք կրկին հանդիպելու և համագործակցելու են ինչպես հաջորդ օրը, այնպես էլ տարիներ շարունակ։ Այդ երկարատև ժամանակային համատեքստը թույլ էր տալիս նրանց հարաբերությունները դիտարկել որպես հետաքրքրությունների կոնֆլիկտ (կարճաժամկետ հանդիպումների դեպքում չի կարող կոնֆլիկտ լինել) և անկեղծորեն ձգտել հարթել այն, գտնել փոխշահավետ լուծումներ:
Ռոմանտիկ մոդեռնիզմի ժամանակն իսկապես եղել է կապիտալի և աշխատանքի կապի ժամանակը, որն ամրացված էր նրանց փոխադարձ կախվածությամբ:
Աշխատավորները կախված էին իրենց աշխատանքից, որը նրանց գոյատևման միջոցն էր, իսկ կապիտալը՝ աշխատողներից, առանց որոնց նա չէր կարող վերարտադրվել և մեծանալ: Նրանց հանդիպման վայրը նախանշված էր, կողմերից ոչ մեկը չէր կարող հեշտությամբ տեղաշարժվել և գործարանի հսկա պատերը ներառել էին այս երկու գործընկերներին՝ դառնալով բանտ նրանց համար: Կապիտալն ու աշխատավորները միասին էին և՛ աղքատության, և՛ հարստության մեջ՝ մինչև մահը չբաժանի նրանց: Գործարանը նրանց ընդհանուր ապաստանն էր, միևնույն ժամանակ, պատերազմի դաշտն ու նաև երազանքների և հույսերի տեղը: Որպեսզի աշխատանքն ու կապիտալը կարողանային գոյատևել, յուրաքանչյուրը կարիք ուներ պահպանելու իր ապրանքային տեսքը: Կապիտալը տնօրինողը պետք է կարողանար մշտապես գնել աշխատանքը, իսկ աշխատանքի տնօրինողը պետք է միշտ լիներ համապատասխան վիճակում՝ առողջ, ուժեղ և այլ տեսանկյուններից գրավիչ, որպեսզի գրավի հավանական գնորդներին: Կողմերից յուրաքանչյուրն ուներ հստակ շահագրգռվածություն, որպեսզի իր կողակիցը լինի լավ վիճակում:
Քաղաքական գործիչների և պետության կարևորագույն գործառույթն այս երկուսի բարեկեցության ապահովումն էր: Գործազուրկներն էլ պահուստային բանակ էին, զինվորներ, որոնք միշտ պետք է լինեին պատրաստ վիճակում՝ ո՛չ գեր, ո՛չ նիհար, այն դեպքում, երբ հարկ կլինի նրանց կանչել ծառայության: Այս իմաստով համընդհանուր բարեկեցության պետությունը հակված չէր բաժանվել աջերի և ձախերի, այն տեղ էր հենման համար, առանց որի ո՛չ կապիտալը, ո՛չ էլ աշխատանքը չէին կարող գոյատևել, էլ չասած, որ չէին կարող տեղաշարժվել և գործել:
Ստանալով իր առաջին աշխատանքը Ֆորդի գործարանում՝ երիտասարդ մասնագետը կարող էր վստահ լինել, որ կավարտի իր աշխատանքային կենսագրությունը նույն տեղում: Ժամանակային հորիզոնները ծանր մոդեռնիզմի շրջանում երկարաժամկետ էին: Այդ ժամանակային սահմաններն աշխատավորների համար նախանշում էին զբաղվածություն մի ընկերությունում ամբողջ կյանքի տևողությամբ: Այդ ընկերությունը կարող էր չլինել անմահ, բայց կունենար այնքան երկար կյանք, որը կտևեր աշխատողի կյանքից ավելի: Միևնույն ժամանակ, կապիտալիստների համար ընտանեկան հարստությունը նախապես համարվում էր ավելի երկարարաժամկետ, քան՝ ընտանիքի անդամի կյանքը:
Եվ ուրեմն, քանի դեռ մեկի և մյուսի գոյատևումը միևնույն տեղում ենթադրում էր երկարաժամկետ համագործակցություն, գործում էր համատեղության կանոներ գտնելու ձգտումը: Այդ ժամանակ էլ արհմիություններն առանձին աշխատողների թուլությունը վերածեցին կոլեկտիվ ուժի և պայքար սկսեցին նրանց իրավունքների պաշտպանության համար:
Ծանր մոդեռնիզմի հանրության ամենաբնորոշ հատկությունը վստահությունն էր. մարդու վստահությունն իր հանդեպ, ուրիշ մարդկանց հանդեպ, հասարակական հաստատությունների հանդեպ: Վստահության այս երեք բաղկացուցիչ մասերը փոխպայմանավորված էին. եթե վերացնեին մեկը, կվերանար՝ մյուսը: Եթե ծառայողները պայքարում էին իրենց իրավունքների համար, ապա միայն այն պատճառով, որ վստահ էին այն շրջանակի ամրության վրա, որում գտնվում էին: Նրանք հավատում էին, որ ձեռնարկությունն իրենց իրավունքների պաշտպանության ապաստանն է և չէին կասկածում դրա ամրության վրա:
Այդ նույն Հենրի Ֆորդը մի անգամ կրկնապատկեց իր աշխատավորների աշխատավարձը՝ բացատրելով դա ձգտմամբ, որ նրանք հնարավորություն ունենան ձեռք բերել իրենց արտադրած մեքենաները: Իհարկե, սա ասված չէր առանց նենգության. մեքենաները, որոնք պետք է գնեին Ֆորդի գործարանի աշխատողները, ընդհանուր վաճառքի ծավալի չնչին մասն էին կազմում, այն դեպքում, երբ աշխատավարձի կրկնապատկումը ծանր բեռ էր գործարանի համար: Այս ոչ ավանդական քայլի իրական պատճառն այն էր, որ Ֆորդը ձգտում էր քչացնել աշխատուժի հոսունությունը: Նա ուզում էր, որ աշխատողները մնային գործարանում մեկընդմիշտ, և ստիպել, որ այն կապիտալը, որը ներդրվել էր մասնագետների պատրաստման համար, տար եկամուտ նորից և նորից՝ աշխատողի աշխատանքային ողջ կյանքի ընթացքում: Այս արդյունքին հասնելու համար Ֆորդը պետք է կանգնեցներ կադրերի հոսունությունը: Նա պետք է այնպես աներ, որ աշխատողները նույնքան կախված լինեին իր գործարանից, որքան իր հարստությունն ու իշխանությունն էր կախված աշխատավորներին շահագործումից: Լավագույն տարբերակն էր կապել կապիտալն ու աշխատանքը իրար հետ, այնպես, որ ոչ մեկ ի վիճակի չի լինի բաժանել դրանք:
Այսօր արդեն իրավիճակն այդպիսին չէ կամ շատ արագ դադարում է այդպիսին լինելուց:
Հիմա7 ոչ մի գիտակից մարդ չի ենթադրում իր ողջ կյանքը, նույնիսկ իր կյանքի նշանակալի մասը, անցկացնել մի կազմակերպությունում. ամեն օր նույն աշխատավայրում հանդիպելու ենթադրությունը շատերին թվում է կասկածելի։ Գործող անձինք գալիս ու գնում են, և, անկասկած, պիտի կորչեն և փոխարինվեն ուրիշներով։ Թատերաբեմը, որի վրա ծավալվում են գործողությունները, անընդմեջ տրանսֆորմացվում է, ընդ որում, այնքան արագ, որ հետևել բոլոր փոփոխություններին և պահել այն հիշողության մեջ հաճախ շատ դժվար է, երբեմն էլ՝ անհնար: Մեր օրերում մարդիկ իրենց աշխատավայրերում արդեն չեն զբաղվում կարիերայով, այլ՝ պարզապես մի ծրագրից անցնում են այլ ծրագրի: Ընդ որում, մեկի հաջող ավարտը բացում է դուռ հաջորդի համար:
Գործընկերներն այլևս չեն ենթադրում լինել միասին երկար ժամանակ: Ժամանակի կարգախոսը դարձել է ճկունությունը, ինչը նշանակում է, որ վերջանում է աշխատանքային գործունեության այն ձևը, որը եղել է հայտնի և սովորական մեզ համար: Անցում աշխատանքին՝ կարճաժամկետ պայմանագրերով կամ առհասարակ առանց պայմանագրերի և երաշխիքների: Իհարկե, կարելի է ասել, որ այս իրավիճակում ոչ մի նոր բան չկա և, որ աշխատանքային կյանքը լի է անորոշություններով անհիշելի ժամանակներից, այնուամենայնիվ, ժամանակակից անորոշությունը բացարձակ նոր որակի անորոշություն է: Արհավիրքների հեռանկարները բացարձակ այնպիսին չեն, որ հնարավոր լինի խուսափել դրանցից կամ հաջողությամբ դիմագրավել դրանք մինչև վերջնական հաղթահարումը՝ ընդ որում ձեռնարկելով համատեղ ջանքեր, գրավելով միասնական դիրք, կոլեկտիվ քննարկելով, գալով համաձայնության և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ: Ամենասարսափելի արհավիրքները գալիս են անսպասելի, ընտրելով զոհին տարօրինակ տրամաբանությամբ կամ էլ առանց տրամաբանության, հարվածները գալիս են կարծես թե ինչ-որ մեկի անհասկանալի կամակորությունից, այնպես որ հնարավոր չէ պարզել ո՞վ է դատապարտված և ո՞վ է փրկվում:
Այն պայմաններում, երբ զբաղվածությունը դառնում է կարճաժամկետ և զրկվում է հստակ հեռանկարներից և դրանով իսկ վերածվում է դրվագային մի բանի, երբ փաստացի բոլոր կանոնները, որոնք վերաբերվում են կարիերային, առաջընթացին կամ աշխատանքից ազատմանը, չեղարկվում են կամ ունեն միտում փոփոխվելու մինչև խաղի ավարտը, շատ քիչ տեղ և հնարավորություն է մնում փոխադարձ սոլիդարության ամրացման համար: Ի տարբերություն այն ժամանակի, որն աչքի էր ընկում երկարաժամկետ փոխկախվածությամբ, այսօր գրեթե չկա դրդապատճառ, որպեսզի լուրջ, առավել ևս քննադատական հետաքրքրություն լինի պայմանավորվածությունների ուսումնասիրության համար, որոնք, միևնույն է, ժամանակավոր են:
Աշխատավայրը հիշեցնում է հյուրանոց, որտեղ մարդը մնում է մի քանի գիշեր և որը կարելի է լքել ցանկացած պահին, եթե տրամադրված չեն խոստացված հարմարությունները կամ եթե տրամադրվածներն այլևս գրավիչ չեն: Աշխատատեղը չի ընկալվում որպես տուն, որտեղ յուրաքանչյուրը պետք է իր վրա վերցնի աշխատանք՝ համատեղ բնակության համար:
Այսօրվա տարալուծվող, շարժուն, բաժանված, պառակտված մոդեռնզիմի տարբերակը դեռ չի ենթադրում հարաբերությունների վերջնական խզում, սակայն, այն որոշակիորեն կանխատեսում է կապիտալի և աշխատանքի պառակտում, անջատում: Եթե համատեղ գոյությունը եղել է փոխադարձ կախվածության արդյունք, ապա բաժանումը միակողմանի է: Կողմերից յուրաքանչյուրը ստանում է ինքնիշխանություն, որի մասին նախկինում անգամ ակնարկ չկար: Կապիտալը վերացրել է իր կախվածությունը աշխատավորից՝ ազատորեն տեղաշարժվելու միջոցով, որի մասին նախկինում անգամ երազել հնարավոր չէր: Կապիտալի վերարտադրումն ու աճը դարձել է մեծ հաշվով անկախ տեղայնացված աշխատանքի հետ համաձայնեցումից: Ձերբազատվելով սարքավորումների հսկայական բեռից և բազմամարդ աշխատակազմից, կապիտալը ճամփորդում է հեշտությամբ մի ճամպրուկով, համակարգչով և բջջային հեռախոսով: Այս թեթևությունը երկրաժամկետ համաձայնությունները դարձրեց ավելորդ և, միևնույն ժամանակ, ոչ խելամիտ: Դրանք կարող են դժվարացնել տեղաշարժը՝ դրանով կաշկանդելով մրցունակությունը: Ֆոնդային բիրժաներն ու ընկերությունների տնօրեններն ամբողջ աշխարհում պատրաստ են դրականորեն արձագանքել այն քայլերին, որոնք վերաբերում են աշխատակազմի կրճատմանը և միանգամից պատժում են, եթե կազմակերպությունը ներգրավվում է երկարաժամկետ պայմանավորվածությունների ծրագրերում: Խուսանավելու մարտավարությունը և անհրաժեշտության դեպքում արագ անհետանալու կարողությունը՝ նոր քաղաքականության հիմքն են:
Նման անկախությունը, իհարկե, դեռ ամբողջական չէ, և կապիտալը դեռ այնքան էլ ազատ չէ, որքան նա ուզում ու ձգտում է լինել: Տարածքային, այսինքն տեղական, գործոնները դեռ պետք է հաշվի առնվեն, իսկ տեղական կառավարությունների լիազորությունները դեռևս կարող են ծնել խոչընդոտող սահմանափակումներ այդ ազատության համար: Այնուամենայնիվ, կապիտալն արդեն իսկ աննախադեպ չափով դարձել է ապատարածքային, անկշիռ, կոմպակտ, չկպած որոշակի տեղին, և իր ճկունության աստիճանը լիովին բավարար է տեղական քաղաքական ինստիտուտներին շանտաժ անելու՝ ստիպելով նրանց հրաժարվել առաջ քաշած պահանջներից: Կապիտալի սպառնալիքը կտրել է բոլոր կապերը և տեղափոխվել այլ տարածք, այն իրենից ներկայացնում է այնպիսի մի բան, որի հետ ցանկացած կառավարություն պետք է լրջորեն հաշվի նստի և ձևափոխի, համապատասխանեցնի իր գործունեությունը:
Անգամ այսօրվա ինքնիշխան պետությունները շատ քիչ բան կարող են ձեռնարկել, իսկ կառավարությունները գրեթե չեն փորձում դիմադրել համաշխարհային կապիտալին: Եթե անգամ քաղաքացիները պահանջեն իրենց ղեկավարներից վերականգնել նախկին կանոնները և արդարության նորմերը, երկրների կառավարությունները ստիպված կլինեն հայտարարել, որ չեն կարող ոչինչ անել, քանի որ չեն ցանկանում վախեցնել ներդրողներին: Հիմնականում փոքր պետությունների կառավարությունները հաշտվում են իրավիճակի հետ և սկսում մարդկանց ներշնչել, որ այլընտրանք չկա, որ անվտանգությունը ենթադրում է կախվածություն, իսկ պետության կողմից պաշտպանությունը՝ զրկում է մարդկանց ինքնուրույնությունից: Մեծանում է պետությունների՝ խնդիրներ լուծելու անկարողությունն անգամ իրենց երկրի սահմաններում, ինչպես նաև անկարողությունը՝ հաստատելու անվտանգության կանոններ, համատեղ երաշխիքներ, էթիկական սկզբունքներ և արդարության մոդել, որոնք կարող էին մեղմացնել անապահովության և անորոշության զգացումը, ինչը խափանում է մարդու վստահությունը, որն էլ անհրաժեշտ պայման է հասարակական կյանքում մասնակցության համար: Այս ամենի արդյունքում ակնհայտորեն նկատվում է մարդկանց հետաքրքրության նվազումը համատեղ և ընդհանուր գործերի հանդեպ:
Կառավարություններին ոչինչ չի մնում, քան խնդրել, որ կապիտալը հոսի երկիր, և եթե այն արդեն երկրում է, ապա կառուցում է երկնաքերեր գրասենյակների համար, որպեսզի նրանք չմնան հյուրանոցներում: Գործնականում սա ենթադրում է ցածր հարկեր, քիչ կարգավորումներ կամ առհասարակ դրա բացակայություն և ամենից առաջ աշխատանքի ճկուն շուկա: Ընդհանուր իմաստով, սա ազդում է անպաշտպան բնակչության վրա, որը ընդունակ չէ և չի ցանկանում ցուցաբերել կազմակերպված դիմադրութուն իր համար անշահեկան որոշումների դեմ, որը կարող է թելադրվել կապիտալի կողմից: Իսկ կառավարությունները կարող են հուսալ, որ կպահեն կապիտալը տեղում, միայն եթե կարողանան փարատել նրանց կասկածները, որ վերջիններս ազատ են իրենց գործողություններում:
Ինչ վերաբերում է աշխատավորներին, ապա նրանք, չկարողանալով փոխել իրենց բնակության վայրը, ազատորեն տեղաշարժվող կապիտալին զուգահեռ, հայտնվում են անշահեկան իրավիճակում: Կապիտալը, գնալով ավելի շատ է գլոբալացվում, իսկ աշխատավորները մնում են լոկալ. նրանք շատ անպաշտպան են և անզեն անտեսանելի հարձակումների առջև, որոնք բխում են առեղծվածային ներդրողներից և բաժնետերերից, ինչպես նաև պակաս հասկանալի շուկայական ուժերից, առևտրի պայմաններից: Այն, ինչ որ նրանք այսօր ձեռք են բերում, կարող է խլվել նրանցից առանց զգուշացնելու: Նրանք չեն կարող հաղթել: Այս իրավիճակում, լինելով գիտակից մարդիկ, նրանք չեն ուզում իրենց պայքարի վտանգի ենթարկել և դժվար թե նրանք իրենց բողոքները վերածեն քաղաքական խնդրի և դիմեն իշխանություններին՝ փոխհատուցման համար:
Տեղաշարժունակության բացակայությունը դառնում է մեր օրերում սոցիալական անազատության և անարդարության չափանիշներից մեկը: Այն ինչ ուրախություն է վերևում կանգնածների համար, վերածվում է տառապանքի այն մարդկանց համար, ովքեր գտնվում են համակարգի ամենաստորին մասում: Գրավիչ և ուրախ թեթևությունը վերածվում է դաժան ճակատագրի անեծքի, երբ իջնում ենք սոցիալական աստիճաններով: Ժամանակն ու տարածությունը տարբեր կերպ են բաշխված գլոբալ բուրգի տարբեր աստիճաններին կանգնածների համար: Այն մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ՝ ապրում են ժամանակում: Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում՝ բնակվում են տարածությունում:
Եկամուտի գլխավոր աղբյուրը հատկապես խոշոր կապիտալի դեպքում, դառնում է գաղափարը, այլ ոչ թե նյութական իրերը: Գաղափարը ծնվում է մեկ անգամ, ինչից հետո սկսում է եկամուտ բերել և կախված է հաճախորդներից և այցելուներից, այլ ոչ թե այն մարդկանց քանակից, ովքեր զբաղված են արտադրական գործում: Երբ խնդիր է դրվում գաղափարները եկամտաբեր դարձնելու՝ մրցակցության պայքարը մղվում է սպառողների և ոչ թե արտադրողների համար: Եվ ուրեմն, զարմանալի չէ, որ ժամանակակից կապիտալը, նախևառաջ, ձգտում է կապեր հաստատել առաջին հերթին սպառողների հետ: Միայն այս հարցում փոխադարձ կախվածության մասին դատողությունները զուրկ չեն իմաստից: Կապիտալի արդյունավտությունն ու եկամտաբերությունը կախված է սպառողներից, իսկ դրա տեղաշարժերի ուղիները կողմոնորշված են սպառողների առկայությամբ, կամ էլ սպառողներ ստեղծելու հնարավորությամբ՝ առաջարկվող գաղափարի հանդեպ պահանջարկ ձևավորելու միջոցով: Կապիտալի տեղաշարժման կազմակերպումը և տեղի ընտրությունը շատ քիչ է պայմանավորված աշխատողների առկայությամբ:
Հեղինակը, նկարագրելով պոստմոդեռն կամ իր բնորոշմամբ «իրատեսական մոդեռն» ժամանակը, գրում է, որ մարդն, ով, թեկուզ անգիտակցաբար, ձգտել է ազատագրման արտաքին աշխարհի ճնշումներից (Մեծ Եղբոր հսկողությունից), չէր կարող կանխատեսել, որ ազատության այս կերպը, որի մասին նա երազում էր, գին ուներ և այդ գինն անվտանգությունն է, կամ ավելի շուտ՝ անվստահությունը, որն իր մեջ ներառում է անորոշություն և անպաշտպանվածություն: Այն, իրոք, բարձր գին է, եթե հաշվի առնենք, թե քանի տարբերակի ընտրության առաջ է կանգնում ազատ անհատն ամեն օր: Ընդ որում, այդ ընտրությունն իրականացվում է առանց վստահության, որ ձեռնարկվող քայլերը կհանգեցնեն սպասվող արդյունքների, որ այսօրվա ծախսերը կվերածվեն վաղվա ձեռքբերումների, իսկ սխալ թվացող տարբերակը՝ կորուստ չի համարվի:
Հասարակությունը, որը պայքարում էր, որպեսզի աշխարհը դառնա թափանցիկ, անխոցելի և անակնկալներից զերծ, այժմ հայտնաբերում է, որ իր հնարավորություններն ամբողջությամբ կախված են փոփոխվող և անկանխատեսելի գաղտնի ուժերից: Իրերը, և ամենից առաջ՝ ամենակարևորները, դուրս են գալիս վերահսկողությունից, ինչն իր հերթին հանգեցնում է հավատի կորստի, որ միացյալ ուժերով հնարավոր է հասնել ինչ-որ նշանակալից փոփոխությունների, իսկ համերաշխ և համաձայնեցված գործողությունները կարող են բերել վճռական փոփոխություններ մարդկանց կյանքում: «Հասարակության փրկակար առաքելության հանդեպ հավատն այսօր մեռած է և՛ դղյակներում, և՛ խրճիթներում» (Բաուման):
Այն ժամանակ (ռոմանտիկ մոդեռն) աշխատողի և գործազուրկի միջև կար ներքին նմանություն. այն մարդկանց համար, ովքեր աշխատում էին գործարանում դժվար չէր հասկանալ գործազուրկի կարգավիճակը: Եթե նրանից երկուսն էլ դժբախտ էին, ապա նրանք դժբախտ էին նույն պատճառներով, ընդհանուր պատճառներով և նրանց տառապանքը տարբերվում էր չափով, այլ՝ ոչ թե բնույթով: Այսօր մարդիկ տարբեր պատճառներով են դժբախտ: Մեր խնդիրները տարբերվում են միմյանցից և հեշտությամբ չեն դառնում հասկանալի շատերի համար:
Հիմա մարդիկ համարում են, որ իրենց հաջողության կամ պարտության պատճառը միայն իրենք են: Համարվում է, որ մարդիկ կարող են շահել այնքան, որքան կկորցնեն ուրիշները: Նմանապես ուրիշների շահումները կդառնան մեր կորուստները: Այսպիսով, անիմաստ է մեկտեղել ջանքերը, եթե իհարկե խոսքը չի վերաբերում ժամանակավոր միավորման մասին, որը կդիտարկվի որպես աստիճան՝ վեր բաձրանալու համար, որը կկորցնի իր նշանակությունը, երբ կգրանցվի առաջընթաց: Մեծ Եղբայրը, ով հաստատում էր խաղի կանոնները, հիմա գաղտնի էակ է, որը հազվադեպ, երբ ցանկանում է դիմում է մեզ: Բայց մենք չենք կարող նրան պատասխանել, համենայն դեպս՝ դա մեզ ի՞նչ կտա: Նա իրապես անտեսանելի է: Ցանկացած ոք գիտի, որ նա գոյություն ունի, սակայն, այդ իմացությունից հնարավոր չէ որևէ ենթադրություն անել, որը կունենա գործնական նշանակություն: Այս պայմաններում մարդը կարող է շատ ավելի անգամ կախված լինել շուկայական ուժերի գործողություններից, որոնց մասին նույնիսկ չի էլ կասկածում, նա կարող է չիմանալ այդ ուժերի բնույթը կամ չկռահել դրանց ազդեցությունը, բայցևայնպես, չնայած դրան, նա, միևնույն է, պետք է անձամբ վճարի իր ընդունած և անգամ չընդունած որոշումների համար: Այսօր մարդիկ իրենք են որոշում իրենց կյանքի կերպը, սակայն, այն պայմաններում, որոնք կախված չեն նրանցից:
Մարդիկ վերածվում են անհատների (միայնակների): Բայց այս անհատականացումը ճակատագիր է, ո՛չ թե ընտրություն.մարդիկ (մեծամասնությունը) դե յուրե անհատականություններ են, բայց ո՛չ դե ֆակտո։ Ինքնորոշման, ինքնատիրապետման և ինքնահաստատման խնդիրների լուծումը դառնում է յուրաքանչյուրի անձնական պարտականությունը, և այդ ամենը պահանջում է նրանցից ինքնաբավություն, անկախ նրանից, ունեն արդյոք նրանք այդ պարտականութունները կրելու ռեսուրսներ՝ կարողություններ, հմտություններ։ Մարդկանցից շատերը անհատականացված են՝ գործնականում չլինելով անհատականություններ: Այսպիսով, առաջանում է փակ շղթա. անհատականություն համարվելու համար անհրաժեշտ է ընդամենը հայտնվել անհատականացված հասարակությունում, բայց անհատականություն լինելու համար հարկավոր են հնարավորություններ և ռեսուրսներ, որոնք ակնհայտորեն բացառվում են այդ նոր կարգով։ Դե ֆակտո անհատականություն լինելու համար էլ անհրաժեշտ է ունենալ իրավիճակի վերահսկման հնարավորությոններ, այդ վերահսկան համար պահանջվող ռեսուրսներ, ապագայի մասին քիչ թե շատ հուսալի պատկերացումներ, որոնք թույլ կտան խուսանավել խութերի միջով: Ժամանակակից պետությունների ենթականերն անհատականություններ են բախտի կամոք:
Անհատականացված հասարակությանը բնութագրող երեք գլխավոր ցուցանիշ է նշում հեղինակը. առաջին՝ երբ մարդը կորցնում է վերահսկողությունը կարևոր սոցիալական գործընթացների հանդեպ, երկրորդ՝ սրանից բխող և ահագնացող անորոշությունը և անպաշտպանվածությունն անվերահսկելի փոփոխությունների հանդեպ: Եվ վերջապես երրորդ՝ այս պայմաններում առաջացող մարդու ձգտումը հրաժարվել հեռանկարային նպատակների իրականացումից հանուն անմիջապես արդյունքների ստացման:
Հեղինակը գրում է, մեր կյանքը լի է անհանգստություններով և վախերով, և միայն շատ քչերը կցանկանային ինչ-որ բան փոխել, եթե նրանք ունենային այդ հնարավորությունը: Կարելի է անգամ որոշակի ցինիզմով ասել, որ մեր հոգեկան հավասարակշռությունը, կյանքի անարդարությունների հետ հաշտվելու և անգամ կյանքից հաճույք ստանալու կարողությունը, հոգեբանորեն կախված է աղքատների տառապանքի և չքավորության աստիճանից: Որքան դժվար, տառապալից և դժբախտ է նրանց կյանքը, այնքան պակաս դժբախտ ենք մենք մեզ զգում: Եվ սա վատ նախանշան է աղքատների հետ սոլիդարություն հաստատելու համար: Վախերը, որոնք ամեն օր հետապնդում են աշխարհում ապրող մարդկանց մեծամասնությանը, ծագում են անապահովածությունից, անվստահությունից, անպաշտպանվածությունից, անկայունությունից: Չքավորները, հակառակը, շատ ավելի վստահ են իրենց աղքատության մեջ, քանի որ այդ վիճակը կայուն և անփոփոխ է: Այսօր միայն աղքատները կարող են վստահ լինել, որ իրենց կյանքն անփոփոխ է: Եթե մենք տառապում ենք, ապա այն պատճառով, որ մեր կյանքը շարժուն և փոփոխական է, կայուն չէ, մինչդեռ անկայունությունն ամենավերջին բանն է, ինչից դժգոհում են աղքատության մեջ խրված մարդիկ:
Այս իրավիճակում աղքատների մեծ բանակը և լայն տարածված չքավորությունն առկա կարգի համար ունի կարևոր և հնարավոր է նաև վճռորոշ հավասարակշռող գործոն: Որքան մարդկանց ընկալմամբ անելանելի է ուրիշ երկրում կամ հարևան փողոցում ապրող աղքատների վիճակը, այնքան լավ են նրանք խաղում իրենց դերն այն խաղում, որի սցենարը նրանք չեն գրել: Միայն իսկ աղքատների տեսքը բավարար է, որ ապահովված մարդկանց պահի վախի մեջ և ենթարկի նրանց՝ պահելով նրանց կյանքն անորոշության մեջ: Այս պայմաններում ճկուն աշխարհի վտանգները ու ցմահ երկիմաստությունները ներկայանում են պակաս վանող և անտանելի: Զարմանալի չէ, որ այս մարդկանց դասել են որպես անդրկլաս: Նրանք արդեն ոչ թե ժամանակավոր անոմալիա են, որոնք սպասում են կարգավորման, այլ՝ մարդկանց խումբ, որը գտնվում է սոցիալական համակարգից դուրս, առանց որոնց մնացած մյուսներն իրենց շատ լավ կզգային և հարմար:
Մարդիկ զրկվում են արտաքին օբյեկտիվ հանգամանքներին դիմադրելու նպատակով միացյալ ուժերով գործողություն նախաձեռնելու վերջին հնարավորությունից: Մարդկանց մոտ գերակշռում է այն զգացումը, որ բացակա են ոչ միայն արդյունավետ գործողություններ իրականացնելու մեխանիզմները, առավել ևս համատեղ արդյունավետ ու հատկապես երկարաժամկետ գործողությունները, այլև բացակայում են այդպիսի մեխանիզմների վերագտնման կամ ստեղծման ուղիները, ուժերը և միտումները: Հնարավոր է արդյոք կարծել, որ թիկունք թիկունքի քայլելը կարող է լինել փրկություն: Արդյոք հնարավոր է պառակտված ուժերի միավորում, կոլեկտիվ դիրքորոշում և գործողություն: Խնդիրն այն է նաև, որ մեր օրերում մարդկային դժբախտությունները, նույնիսկ ամենատարածվածները, այլևս հնարավոր չէ համադել: Դրանք պարզապես չեն գումարվում որպես ընդհանուր: Խնդիրները կարող են լինել նման, բայց ի տարբերություն անցյալ ժամանակների, դրանք չեն ամբողջանում, դրանց չեն վերաբերվում որպես ընդհանուրի: Ուրիշ տառապողների հետ մի համայնքում գտնվելու միակ առավելությունն այն է, որ անախորժությունների հաղթահարմամբ զբաղված են բոլորը և թուլացող վճռականությունն ամրացնելու համար, հարկ է շարունակել անել այն, ինչ անում են բոլորը՝ պայքարել միայնակ:
Համընդհանուր շահերի գաղափարը դառնում է աղոտ և, վերջի վերջո, նաև անհասանելի: Այսօրվա վախերը, անհանգստություններն այնպես են կառուցված, որ մարդիկ տառապում են մենակության մեջ: Սա բոլորովին չի նպաստում այն կազմակերպությունների ստեղծմանը, որոնք պաշտպանում են աշխատավոր դասի իրավունքները: Եվ ուրեմն գերիշխում է այն մտայնությունը, որ եթե մարդիկ հիվանդանում են, ապա միայն այն պատճառով որ չեն եղել բավարար չափով հետևողական առողջության պահպանության համար, եթե նրանք անգործ են մնում, ապա պատճառն այն է, որ չեն սովորել հարցազրույց անցնել կամ բավարար ջանք չեն գործադրել աշխատանք գտնելու համար, եթե վստահ չեն իրենց կարիերայի աճի վերաբերյալ կամ ապագայի հանդեպ հավատ չունեն, ապա միայն այն պատճառով, որ հակված չեն ընկերներ ձեռք բերել կամ ծանոթնալ ազդեցիկ մարդկանց հետ:
Այս ամենի արդյունքում ամենից առաջ կտրուկ ընկնում է հետաքրքրությունը, քաղաքական շարժումների, քաղաքական կուսակցությունների և քաղաքական ծրագրերի հանդեպ: Լղոզվում են քաղաքական համոզմունքները, նվազում է մարդկանց մասնակցության մակարդակն այն միջոցառումներին, որոնք ավանդապես համարվում էին քաղաքական: Ժամանակի ոգուն համապատասխան կարելի է ենթադրել, որ քաղաքացիներին կարող է հուզել միայն հարկերի նվազումը, հիվանդանոցներում և փողոցներում մուրացկանների պակասումը, որ բանտերում ավելի շատ հանցագործներ լինեն, իսկ մթերքների վնասակար ազդեցությունն հնարավորինս արագ հայտնաբերվի:
Այս գործընթացների ամբողջական պատկերն այն է, որ լայնանում է հանրայինի և մասնավորի միջև անդունդը, շարունակական կերպով կորում է խնդիրների մասնավոր բնույթը հասարակականի փոխակերպելու կարողությունը: Բաումանն ասում է, որ մասնավորը գաղութացրել է հանրայինը: Եվ իսկապես, մարդիկ մեծամասամբ չեն կարողանում իրենց մասնավոր խնդիրները փոխակերպել համընդհանուրի, հանրայինի: Կորսված է երբեմնի հավասարակշռությունը հանրայինի և մասնավորի միջև, որի հաշվին պահպանվում էր սոցիալական կարգի կայունությունը: Հանրային հետաքրքրությունը սահմանափակվում է հանրային գործիչների մասնավոր կյանքի հանդեպ հետաքրքրությամբ: Իսկ հասարակական խնդիրներն ընդհանրապես դադարում են հասկանալի լինել:
Ֆրանսիացի փիլիսոփա Անդրե Գորցն ասում է, որ այսօր աշխատանքում արժեքի ակունքն ինտելեկտն է և երևակայությունը: «Անհատի կենդանի գիտելիքը կարևոր է, քան մեքենայի աշխատանքային ժամանակը»: Սրանում է թեյլորյան համակարգով ղեկավարվող մանուֆակտուրաների և գործարանների աշխատողների տարբերությունը՝ պոստոմոդեռն ժամանակի աշխատողներից: Առաջինները պետք է մի կողմ դնեին իրենց կարողություններն ու հմտությունները, որպեսզի կատարեն բթացնող աշխատանքի անվերջ կրկնվող գործողությունը: Պետք էր հասնել նրան, որ աշխատողն առանց հարցերի, ավտոմատի պարբերականությամբ ենթարկվի արտադրող սարքերի առաջադրած արագության ռիթմին: Մինչդեռ պոստմոդեռնի աշխատողից պահանջվում է արտադրական պրոցես բերել իր ողջ մշակութային պաշարը, որը ձեռք է բերվել թիմային խաղերի, սպորտային մրցումների, քննարկումների, թատերական, հասարակական, քաղաքական կամ այլ տեսակի գործունեության ժամանակ:
Անդրե Գորցն առանձնացնում է երկու տեսակի գիտելիք՝ ֆորմալիզացված և կենդանի: Ֆորմալիզացվածը մասնագիտական գիտելիքն է, որը ձեռք է բերվում ուսումնարաններում կամ ինստիտուտներում: Այն կապված է օբյեկտիվացված բովանդակության հետ, որը չի կարող լինել առանձին մարդու սեփականությունը: Այսօր ցանկացած ֆորմալիզացված գիտելիք կարելի է աջատել իր նյութական/մարդկային կրիչներից և կրկնօրինակելով համակարգչային ծրագրերի ձևով՝ առանց սահմանափակումների օգտագործել ունիվերսալ մեքենաներով: Որքան լայն է այն տարածվում, այնքան մեծ է դրա հանրային օգուտը, իսկ ապրանքային գինը, տարածման չափին զուգընթաց, ընկնում է՝ ձգտելով զրոյի: Այն դառնում է բոլորի սեփականությունը: Այդ պատճառով, որպեսզի մասնավոր ընկերությունների հետազոտական կենտրոնների ստեղծած ֆորմալիզացված գիտելիքը հնարավոր լինի վաճառել, այն պետք է սեփականաշնորհել և պահել փակի տակ, ինչը թույլ կտա գոնե կարճ ժամանակով պաշտպանվել շուկայի մրցակցույթունից: Սովորաբար այս դեպքերում ակնկալվող եկամուտը շատ ավելի կարևոր է, քան ստեղծված գիտելիքի հանրային օգտակարությունը: Այնուամենայնիվ, ընկերությունը չի կարող մշտապես ունենալ մենաշնորհ գիտելիքի հանդեպ. դա շատ դժվար, թանկ և վերջնական հաշվով անիրականանալի է. միշտ գտնվեն մարդիկ, ովքեր կստեղծեն նմանատիպ գիտելիք:
Կենդանի գիտելիքը բաղկացած է առօրյա փորձից և հմտություններից, որը դարձել է ինտուիտիվ ակնհայտություն և սովորություն: Այն այնքան է մտնում մարդու մեջ, որ նա չի կարողանում հիշել, թե ինչպե՞ս կարող էր երբևէ չիմանալ դա անել: Կենդանի գիտելիքը հնարավոր չէ ուսուցանել. դրան սովորում են գործնականում: Այն առաջանում է սուբյեկտի ինքն իր վրա աշխատելու և ինքն իրեն ստեղծելու արդյունքում: Սակայն, ինչպես նշում է Գորցը, այդ ինքնաստեղծումը չի լինում դատարկ տեղում. այն զարգանում է ընդհանուր մշակույթի և գիտելիքի հիման վրա՝ մարդու սոցիալականացման գործընթացի ժամանակ: Ծնողները, դաստիարակությունը, դպրոցը և հետագա ուսուցումը մասնակցում են ընդհանուր ինտելեկտի ստեղծմանը, նրանք հասանելի են դարձնում գիտելիքը, ինֆորմացիան, ինչպես նաև բացատրելու, լսելու, հասկանալու, խոսելու, ընդհանուր լեզու գտնելու կարողությունները, որոնցից բաղկացած է առօրյա մշակույթը: Այնուհանդերձ, անհատը պետք է ինքնուրույն յուրացնի այդ գիտելիքը. հանրությունը չի կարող ստեղծել ինքնուրույն անհատներ, այն կարող է միայն ստեղծել շրջանակներ, որոնց ներսում անհատը սոցիալականացման գործընթացի ժամանակ ստեղծում է ինքն իրեն: Սուբյեկտն է ստեղծում է ինքն իրեն և պետք է դառնա այն, ինչ ինքը կա: Ոչ ոք չի կարող նրան ազատել այդ պարտավորությունից և, միևնույն ժամանակ, ոչ ոք չի կարող ստիպել նրան կատարել այդ պարտականությունը:
Ավստրիացի փիլիսոփա Իվան Իլիչը կենդանի գիտելիքն անվանում է ժողովրդական գիտելիք: «Մշակույթը հարուստ է, եթե կարողանում է հեշտությամբ կենդանի գիտելիքի փոխակերպել նոր գիտատեխնիկական հայտնագործություններն ու բացահայտումները: Եվ հակառակը՝ մշակույթն աղքատանում է, եթե կենդանի գիտելիքը վերածվում է ֆորմալիզացված գիտելիքի և դառնում անհասանելի շատերի համար»:
Անդրե Գորցն ասում է, որ հիմա աշխատանքում աճել է մարդկային կապիտալի նշանակությունը: Մարդկային կապիտալը մարդու ինտելեկտն է, երևակայությունն ու կենդանի փորձառությունը:
Ի տարբերություն մարդկային կապիտալի՝ գիտելիքի կապիտալը նոր բան չէ: Գիտելիքի կիրառումը որպես կապիտալ գոյություն ունի դեռևս արդյունաբերական կապիտալիզմի ժամանակից: Միայն թե այդ ժամանակ գիտելիքը «մեռած» էր. այն առարկայացած էր մեքենաների, գործիքների և գործընթացների մեջ, իսկ մարդը ներկայանում էր որպես հոգնած ու անպաշտպան էակ, որին անհրաժեշտ էին քիմիական և էլեկտրական պրոթեզներ, որպեսզի կարողանա գլուխ հանել տեխնիկական շրջակա միջավայրից:
Այժմ, ըստ Գորցի, արժեք ստեղծում է մարդկային կապիտալը:
Գերմանական ավտոմեքենաշինության հայտնի Daimler Chrysler ընկերության կադրերի բաժնի տնօրեն Նորբերտ Բենզելը միջազգային «Օգտակար է իմանալ. Հղումներ գիտելիքահենք հասարակության թեմայով» կոնֆերանսում իր ելույթի ժամանակ ասել է, որ իրենց ձեռնարկության կապիտալի մի մասը՝ իրենց աշխատողներն են: «Նրանց մոտիվացիան և know how-ն, ճկունությունը, նորարարությունը և միտվածությունը դեպի հաճախորդներն այն հումքն է, որից ծառայությունների տեսքով ստեղծվում են նոր ապրանքներ»: Այստեղ խոսքը չի վերաբերում համակարգված գիտելիքին և պրոֆեսիոնալ որականերին, ինչը նույնպես կարևոր է, սակայն, աչքի է ընկնում այն, որ աշխարհի խոշորագույն կորպորացիներից մեկի համար աշխատակիցների կարևորագույն որակներն են վարքը, խոսքի զարգացվածությունը, երևակայությունը, շրջահայցությունը, ինքնանվիրումը նախանշված խնդիրների լուծման համար: Այսպիսով, գիտելիքը, որը դարձավ ապրանքի արժեքի աղբյուրը, առաջին հերթին հենց կենդանի գիտելիքն էր:
Դեռևս Կարլ Մարքսը համարում էր, որ մարդկային կապիտալը պետք է դառնա արտադրության խոշորագույն ուժը և հարստության կարևորագույն աղբյուրը: «Քանակապես չափվող և գնահատվող աշխատանքը պետք է դադարի լինել հարստության չափման միավոր: Հարստությունը պետք է կախված լինի քիչ չափով աշխատանքի վրա ծախսված ժամանակից և առավել չափով գիտելիքի ընդհանուր զարգացվածության աստիճանից և տեխնոլոգիաների առաջընթացից»: Մարդկային կապիտալի գաղափարն այս տեսքով հանյտնաբերվում է նրա 1857-1858թթ.-ի ձեռագրերում:
Եվ այսպես, քանի որ մարդն է դառնում է ձեռնարկության կապիտալը՝ արժեքը, առաջանում է ձգտում տիրել մարդուն ամբողջությամբ և դարձնել նրան հասանելի: Դա արվեց հետևյալ կերպ. հանվեց աշխատաժամանակը և նախանշնվեց նպատակը: Եվ քանի որ աշխատողն ուներ մենեջերների լեզվով ասած մոտիվացիա և սահմանափակված չէր աշխատանքը կատարելու մեթոդներով և միջոցներով, նա հնարավորություն ստացավ նպատակին հասնելու համար ներդնել իր ողջ սուբյեկտիվությունը՝ ինքն իրեն: Եվ ուրեմն, որպեսզի աշխատողն ունենա հաջողություն, նա պետք է իր աշխատանքի սուբյեկտը դարձնի ինքն իրեն, ապահովի ինքն իր արտադրությունը, գտնվի մշտական ինքնաստեղծման գործընթացում: «Աշխատողի ձեռքբերումը չափվում է ոչ թե նրա ներկայությամբ ձեռնարկությունում, այլ՝ հասած նպատակներով և արդյունքների որակով» (Ն. Բենզել): Աշխատավորները ձեռնարկության մեջ դառնում են «մարդ — ձեռնարկություն» և նրանցից յուրաքանչյուրը նպատակ ունի ավելացնել ձեռնարկության շահութաբերությունը: Անհատը պետք է դառնա ինքն իր ձեռնարկությունը, իրեն դիտարկի որպես մշտական կապիտալ, որը պահանջում է անվերջ վերարտադրություն, մոդեռնիզացում, ընդլայնում և օգտագործում: Մարդն արդեն ենթարկված չէ արտաքին հպատակմանը, ընդհակառակը՝ նա վերածվել է ինքն իրեն արտադրողի և ստիպված է ինքնակամ ստանձնել բոլոր հարկադրանքները, որոնք անհրաժեշտ են իր ինքնակերտ ձեռնարկությունը մրցակցության մեջ պահպանելու համար: Սրա մասին էր Նորբերտ Բենզելի ասածը, երբ նա գործարանի աշխատակիցներին կոչեց ձեռնարկատերեր: Նրանք ձեռնարկատերեր են ոչ միայն այն պատճառով, որ ձգտում են հաղթահարել նախանշած մարտահրավերները, այլև՝ առաջին հերթին այն պատճառով, որ իրենք են տնօրինում իրենց աշխատուժը, աշխատանքային պոտենցիալը և աշխատանքային ժամանակը՝ անկախ նրանից, թե որ տեղում են հիերարխիայի համակարգում: Ցանկացած աշխատող պետք է ինքը հոգա իր առողջության, փոփոխվող աշխատանքի, ինչպես նաև իր գիտելիքների շատացման մասին: Մարդիկ պետք է ղեկավարեն իրենց կյանքը ինչպես կապիտալը, մշտապես ներդրումներ անեն (օրինակ գնան վերապատրաստման դասընթացների) և հասկանան, որ իրենց աշխատանքի գինը կախված է այն անտեսանելի և անվճար աշխատանքից, որոնց միջոցով նրանք անընդհատ վերստեղծում են իրենք իրենց:
Այստեղ արդեն աննկատելիորեն շահագործումը վերածվում է ինքնաշահագործման: Այսպիսի ինքնաձեռնարկատիրությունը տանում է նրան, որ մասնավոր կյանքի և աշխատանքի սահմանները լղոզվում են, որովհետև աշխատանքային և ոչ աշխատանքային գործունեությունը պահանջում է մարդուց միևնույն կարողություններն ու հմտությունները: Արդեն ոչ միայն ղեկավար դիրքերում գտնվող մարդիկ են հայտնվում իրենց կյանքը ձեռնարկության վերածելու պահանջի առջևը, այլ՝ բոլորը աշխատողները: «Ինքնա» նախածանցն ավելանում է բոլոր տեսակի գործունեությանը՝ ինքնաղեկավարում, ինքնակազմակերպում, ինքնաինտեգրում, ինքնանվիրում, ինքնավաճառք, ինքնագովազ և վերջապես ինքնաշահագործում:
«Վարձու աշխատողները դառնում են անհատ ձեռնարկատերեր, որոնք տնօրինում են իրենց կարիերան ինչպես փոքրիկ ֆաբրիկան և մշտապես պատրաստ են համապատասխանել նոր միտումներին: Մարդը դառնում է ֆաբրիկա: Ո՛չ ընտանիքը, ո՛չ ազգը չի կարող դիմակայել սրան: Համենայն դեպս, այսպես եմ տեսնում նեոլիբերալ աշխարհում աշխատանքի ապագան. ինքնաձեռնարկատիրություն, մարդուն և մարդու ամբողջ կյանքը կապիտալի վերածում» (Ա. Գորց):
Այն փաստի գիտակցումը, որ ոչ թե գործիքավորումն ու հպատակեցումը, այլ ազատ մարդկային դրսևորումներն իրենց բոլոր անփոխարինելի հնարավորություններով դարձան արտադրողականության ուժի հիմքը, փոխեց աշխատանքի բնույթը:
Քաղաքներում ապրող միջին և դրանից ցածր տարիքի մարդիկ, ովքեր մի քանի տարի արդեն գտնվում են մրցունակ ոլորտների աշխատանքային շուկայում հաճախ չգիտեն և չեն էլ նկատում այն փաստը, թե ե՞րբ են գտնվում աշխատանքից դուրս, ե՞րբ է ավարտվում աշխատաժամը և ի՞նչ կպահանջի աշխատանքը: Որքան էլ խղճուկ լինի աշխատանքն ու դրա նպատակները, այն հավակնում է ստանալ անհատի ողջ էմոցիանոալ և ինտելեկտուալ էներգիան: Այլևս ոչ մեկը չի կարող գլուխ պահել գործից, քանի որ ստիպված է (կամավոր) աշխատանքի մեջ ներդնել իր ստեղծագործական շնորհները: Եվ ուրեմն, աշխատանքի խնդրում առաջանում են նոր հարցեր՝ ինչպե՞ս խուսափել կամավոր ստրկությունից կամ ինչպե՞ս խուսափել ներդնել սեփական արժանապատվությունը ոչ արժանապատիվ աշխատանքի մեջ:
Եվ ուրեմն, ի՞նչպես փրկվել աշխատանքային (ինքնա)շահագործումից: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ որքան շատ է աշխատանքն աշխատողից պահանջում ներդնել նրա անհատականությունը, այնքան շատ են այդ կարողությունները ձգտում դուրս գալ առաջադրված խնդրի լուծման սահմաններից: Աշխատողը մշտապես փորձում է ապացուցել, որ ինքը կարող է անել ավելին, քան իրենց պահանջում են աշխատավայրում: Նա կցանկանա իր կարողությունները դրսևորել աշխատանքից դուրս ժամանակում՝ առանց նպատակի: Այսինքն անել մի բան, որը դուրս է եկամուտ բերելու տրամաբանությունից: Սա, իհարկե, նույնպես ինքնաստեղծում է, բայց այն ինքնպատակ է և հաճախ դառնում է ավելի կարևոր՝ քան աշխատանքը:
Բոլորի համար կարևոր է փրկել իրենց հոգին և կյանքը տոտալ ուտիլիզացիայից: Այդպես, օրինակ, լրագրողները գրում են գրքեր, գովազդային դիզայներները դառնում են նկարիչներ, համակարգչային ծրագրավորղները՝ հակերներ կամ ազատ ծրագրային ապահովման մասնակիցներ:
Անգլերենում freelancer բառը տալիս է նաև «մարդ, ով ունի անկախ կարծիք» իմաստը, բայց գործնականում ճիշտ հակառակն է. չունենալով մշտական աշխատանք, մարդը զրկվում է ինչ որ բան գնահատելու (քննադատելու) հնարավորությունից. ֆրիլանսերները չունեն սոցիալական ապահովություն և չեն կարող իրենց թույլ տալ բացահայտել իրենց սեփական կարծիքը, որովհետև նրանց պետք են պատվերներ:
Ֆրիլանսերները մտածում են, որ ազատ են, բայց մշտական պայմանագրի բացակայությունը ստիպում է նրանց ավելի շատ աշխատել: Նրանք շատ կախված են ուրիշ մարդկանցից. պետք է մշտապես լինել տեսանելի և բոլորի հետ ծանոթանալ, մասնակցել միջոցառումներին և լինել գրավիչ, որպեսզի գտնվեն նոր ծրագրեր: Ֆրիլանսերներն աշխատում են ծրագրից ծրագիր, տեղափոխվում են աշխարհով՝ հետևելով փողին և ոչ մի տեղ չեն մնում երկար ժամանակ: Տնտեսական միգրացիան նման է սերֆինգի. մի կողմից նման կառուցվածքը հեշտացնում է ծրագրերի իրականացման գործընթացը, որովհետև բոլորը բոլորին գիտեն, բայց մյուս կողմից քանդում է սոցիալական կապերը՝ ընկերությունը, հարևանությունը, ընտանիքը՝ ավանդական պատկերացմամբ: Քանի որ նրանք մշտապես գտնվում են «ավարտվող պայմանագրի» ազդեցության տակ, ֆրիլանսերներն անընդհատ փորձում են գտնել նոր պատվերներ: Նրանք անգամ չունեն մտածելու ժամանակ, մինչդեռ դանդաղ ժամանակը միակ ժամանակն է, երբ հնարավոր է մտածել կոնցեպտուալ: Եվ երբ նրանց առաջարկում են բարձր վարձատրությամբ աշխատանք, թեկուզ սկզբունքներին հակասող (խոսքը ոչ բոլորի մասին է), ֆինանսական անհրաժեշտությունը ստիպում է նրանց կատարել այդ աշխատանքը:
Ֆրիլանսեր կարգավիճակն ակտիվորեն խրախուսում են մասնավոր ընկերությունները, որովհետև այդպես ավելի էժան է: Հաճախ ենք լսել, որ նրանք առաջարկում են հետաքրքիր աշխատանք, բայց ասում են, որ չեն կարող շատ վճարել, և շեշտը դնում են նրա վրա, որ առաջարկվող ծրագիրը կօգնի հայտնի դառնալ և ստանալ ուրիշ աշխատանք, որը կլինի ավելի բարձր վարձատրվող: Ստեղծագործ դասը համաձայնվում է, որովհետև նրանց մոտ կա զգացողություն իբր նրանք ներդրումներ են անում ապագայի մեջ: Եվ ողջ մշակութային ինդուստրիան, նույնիսկ ամենաբարձր մակարդակում, որտեղ, ինչպես մեզ թվում է, մարդիկ լավ են վաստակում, խաղում են այս խաղը: Այս խաղում բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ունեն փող և իշխանություն, որովհետև նրանք կարող են մանիպուլացնել մարդկանց. նրանք գիտեն, որ ֆրիլանսերներին պետք է փող:
Կապիտալիզմը հաշվում է և վաճառում է նաև ստեղծագործականությունը: Ստեղծագործականությունը մի ոլորտ էր, որն արդյունաբերական արտադրության ժամանակ չէր համարվում տնտեսական բարիք: Ինչպես ասում է սոցիոլոգ Պասկալ Գիլենը «Ֆորդի ժամանակ հնարավոր չէր պատկերացնել, որ փող կարելի է աշխատել խոսելով կամ լռելով»:8
Ճշմարտությունն այն է, որ մեզ ինչպես միշտ պետք են լինելու մեքենաներ, սնունդ, ինչ որ մեկը պետք է արտադրի հագուստ, բայց սա դառնում է պակաս գրավիչ: Նյութական իրերի արտադրությունը տեղափոխվում է այն երկրներ, այդ թվում և Հայաստան, որտեղ քիչ են հարկերն ու աշխատողների աշխատավարձերը ցածր են:
1․ Ален де Бенуа, “Идеология труда”, http://www.nb-info.ru/revolt/ideology_du_travail.htm ․
2․ Արիստոտել, «Պոլիտիկա», (335—322 մ.թ.ա)
3․ Hannah Arendt, “Vita Activa”, 1957․
4․ Karl Marx, Michael Hardt, Antonio Negri, Manuel Castells, Maurizio Lazzarato, Ulrich Beck, Hannah Arendt, Charles Handy, Jeremy Rifkin, Ulrich Beck, Jean Baudrillard
5․ «Ռոմանտիկ մոդեռն» և «իրատեսական մոդեռն» արտահայտությունները հեղինակի բնորոշումներն են։
6․ «…ոչնչացնել անհոգ դասակարգի՝ արիստոկրատների ամենաթողությունը, ապահովել մարդկանց հավասարությունը, վերջապես յուրաքանչյուրին տալ ազատություն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Այս կարգախոսների կյանքի կոչման պայքարում էլ ծնվեց մոդեռնիզմը: Մոդեռնի դարաշրջանը վկայակոչեց անհատի ազատագրումը, հարկադրանքի մերժումը և դասակարգային ավանդույթների ոչնչացումը»: Ժամանակի այսպիսի փոխակերպումը չարժե անվանել հեղափոխություն, քանի որ այն իր մեջ մարմնավորել է ոչ թե մոդեռնի մերժում կամ ավարտ (պոստմոդեռն), ինչպես այսօր նորաձև է համարել, այլ ընդհակառակը՝ դրա ամբողջական և վերջնական հաստատում. պարզապես ռոմանտիկ մոդեռնիզմն իր տեղը զիջել է իրատեսական մոդեռնիզմին, որի շրջանակներում մոդեռնիզմի բոլոր հիմնական բաղադրիչները՝ անհատականությունը, ոչնչով չսահմանափակվող ազատությունը, ծայրահեղ փոփոխականությունը և այլն, ձեռք են բերել հստակ, ոչնչով չքողարկված արտահայտում», հատված «Անհատականացված հասարակություն» գրքից:
7․ Զ. Բաումանը նկատի ունի իրատեսական մոդեռնը կամ պոստմոդեռնը։
8․ Паскаль Гилен, “Будьте ленивыми и не выдавайте все свои мысли разом”․
Ներկայացված հոդվածը հատված է «Մի տեղ լինի՝ գնանք աշխատենք» դիպլոմային աշխատանքից:
Լուսանկարը՝ Էվարդ Մունքի կտավը «Աշխատավորները տան ճանապարհին», 1913թ.
Լենա Նազարյանը,ծնված 1983թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանը և «Ժամանակակից արվեստի ինստիտուտը»: 2009թ.-ից աշխատում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ծրագրի համակարգող: 2010թ.-ից ներգրավված է եղել տարբեր քաղաքացիական խմբերում, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ է:
Դիտվել է 1554 անգամ