Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմը հիմնականում դրսևորվում է քաղաքացիական նախաձեռնությունների ձևով: Դրանք գլխավորապես դիմադրողական բնույթի են և ուղղված են կլանային սկզբունքով կառուցված իշխող դասակարգի և դրան ծառայող կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների այնպիսի գործողությունների դեմ, որոնք կառուցված են ծայրահեղ անարդարության և հասարակության մնացած խավերի շահերը ոտնահարելու վրա: Այդ նախաձեռնությունները ոչ միշտ են պսակվում հաջողությամբ, քանի որ կառավարությունը, տեղական ինքնակառավարումը և ընդհանրապես պետական կառավարման ողջ համակարգը ընդգծված հակակրանքով է վերաբերվում քաղաքացիական ակտիվիզմին և քաղաքացիական նախաձեռնություններին, մասնավորապես: Պետական իշխանության և տնտեսական լծակները մենիշխանորեն տիրող կլանային համակարգը դիմադրում ու հիմնականում չեզոքացնում է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք դուրս են իր շահերի շրջագծից: Ցանկացած նախաձեռնություն, բախվելով իշխանության պատին դատապարտված է անհաջողության: Չնայած, դրան, քաղաքացիական բևեռ ձևավորող ուժերը անցած մի քանի տարում ցույց տվեցին, որ այնուամանայնիվ համառ պայքարի դեպքում որոշ հաջողությունների կարելի է հասնել: 2011 թվականից ի վեր քաղաքացիական նախաձեռնությունները դրական արդյունքներ գրանցեցին Երևանի «Վիշապների պուրակի», Թռչկանի ջրվեժի պաշտպանության, Մաշտոցի պուրակի պաշտպանության և ուղեվարձերի գների թանկացման դեմ պայքարի և մի շարք այլ դեպքերում:
Մեծ արձագանք ստացան հատկապես վերջին երկուսը: Մաշտոցի պուրակի պաշտպանությունը ստեղծեց մի շարք կարևոր արդյունքներ, որոնցում կարևոր է առանձնացնել հատկապես հանրային միջավայր կամ տարածք ձևավորելու նախադեպը: Սա, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ առաջին նման տարածքն էր, որը ձևավորվում էր քաղաքացիների կողմից: Սրա կարևորությունը շատ խորքային բնույթ ունի: Հայաստանում ձևավորվեց մի ֆենոմեն, ինչը մոտ էր քննադատական տեսության հայտնի ներկայացուցիչ Յուրգեն Հաբերմասի “public sphere” ձևակերպմանը: Վերջինս այնպիսի մի տեղ է, ուր կարող են հավաքվել մարդիկ և իրականացնելով խոսքի փոխանակում, ռացիոնալ փաստարկման հիման վրա հասնել փոխըմբռնման: Հենց նման երկխոսության ունակ մարդկանց էլ նա անվանում է քաղաքացիներ (Habermas, Lennox, Lennox 1974. 49):1 Այսինքն, հանրային միջավայրը կամ տարածքը դա մի տեղ է, որտեղ ձևավորվում և որտեղից տարածվում է քաղաքացիական մշակույթը, որը երկխոսության ու կոնսենսուսի կայացման մշակույթն է: Ուղեվարձերի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը շարունակեց հանրային տարածքի ձևավորման գործընթացը: Ավելին, այն մի քայլ առաջ էր քննարկումներ կազմակերպելու և կոնսենսուս ձևավորելու մեթոդաբանության առումով: Նախաձեռնության ամեն օրվա արդյունքները քննարկվում էին Մաշտոցի պուրակում: Մասնակցությունը բաց էր բոլորի համար, խոսք ասելու հավասար իրավունք և պայմաններ ունեին բոլոր մասնակիցները անկախ նրանց ով լինելուց:
Չնայած քաղաքացիական նախաձեռնություններից շատերը չեն հասել իրենց դրած նպատակի վերջնական լուծմանը, սակայն դրանք թողել են կարևոր դասեր:
Շատ դեպքերում քաղաքացիական նախաձեռնությունների անհաջողությունների հիմնական պատճառը հասարակությունում քաղաքացիական թույլ մշակույթը և քաղաքացիների պակասն է: Քաղաքացիների պակասը ձևավորել է իշխանության դիսբալանս՝ հօգուտ իշխանության այն տեսակի, որը կլանային է: Կլանային իշխանությունը հաջողում և գերակայում է հասարակությունում լայն առումով հենց այն պատճառով, որ հասարակության մեջ տարածված իշխանության պրակտիկաները նույնպես կլանային են: Դրանք հենվում են նույնպես կլանային բնույթ ունեցող հայկական ժամանակակից պատրիարխալ ընտանիքի, ազգարյունակցական ու թաղային համայնքների վրա, որոնք առաջնորդվում են տղամարդակենտրոնության, տղամարդկային բիրտ ուժի գործադրմամբ կառուցվող ուղղահայաց ու հիերարխիկ իշխանության իրացման սկզբունքներով: Հայաստանում ոչ միայն պետական կառավարման, այլ հենց հասարակության մեջ լայն առումով տիրապետող է իշխանության կլանային տիպը, այլ՝ ոչ քաղաքացիական: Դա նշանակում է, որ հասարակությունում խոսքի փոխանակումը հիմնականում իրականացվում է ոչ հանրային տարածքներում, ինչը նպաստում է իշխանության կլանային տիպի վերարտադրությանը: Ի դեպ, սա այն հիմնական պատճառներից է, որը լճացնում է քաղաքացիական նախաձեռնություններից շատերը: Հատկապես, այն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են համայնքային միջավայրերում, որտեղ գերակայում է անձնական ճանաչողության սկզբունքը, իսկ խոսքի փոխանակությունը ներփակված է ընտանիքի, ազգարյունակցական մեծ ընտանիքի, հարևանական կամ թաղային միջավայրերում:
Շատ քաղաքացիական նախաձեռնություններ ավելի նկատելի դարձրեցին արդի հայաստանյան հասարակության ներսում իշխանության երկու տարբեր տեսակների՝ կլանային իշխանության և նոր կազմավորվող քաղաքացիական իշխանության ձևերի բախման փաստը: Շատ ակտիվիստներ և մամուլի հրապարակումներ կարծիքներ հնչեցրեցին Երևանի քաղաքապետարանի վարչական կառույցի, ազգակցական կլանների և թաղային խուժանի համագործակցության մասին, որի փաստացի դրսևորումը համարվեց նստացուցավորների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունների և ծեծի դեպքերը: Բռնությունների այդ աստիճան դրսևորումները նույնիսկ դատապարտվեցին միջազգային կառույցների կողմից: Քաղաքային իշխանության, ազգակցական կլանային ու թաղային կլանային իշխանության տիպերի միջև կապի մարմնավորումը կարելի է համարել նստացուցավորներին ծեծողների հնչեցրած «դուք ում հերերին եք ուզում գործից հանեք» հայտնի արտահայտությունը:
Կարելի է ասել, որ խոսքի փոխանակության ձևերի փոփոխությունը անմիջական ազդեցություն է ունենում իշխանության ձևերի փոփոխության վրա: Այս առումով նշված խնդրի կարևորումը քաղաքացիական նախաձեռնությունների մարտավարությունում կարող է համարվել հիմնականներից մեկը: Քաղաքացիական նախաձեռնությունները իրենց գործողությունների փաթեթում կարևոր է որ ունենան խոսքի փոխանակությունը փակ միջավայրերից հանրային միջավայր տեղափոխելուն ուղղված միջոցառումներ: Սա թույլկտա
- ձևավորել հանրային միջավայրեր, որտեղ իշխանության կլանային պրակտիկաների ազդեցիկությունը թուլանում է,
- ձևավորել քաղաքացիներ, ովքեր խոսքի փոխանակումը իրականացնում են հանրային միջավայրերում, ինչի շնորհիվ նրանք փոխում են իշխանության մասին իռացիոնալ փաստարկի հիման վրա կառուցվող դիսկուրսները ռացիոնալ փաստարկի վրա կառուցվող դիսկուրսի,
- սա կարող է նպաստել որպեսզի խոսքի փոխանակումը ձեռք բերի երկխոսության բնույթ,
- նշվածը կարող է նպաստել հանրային տարածքներում ռացիոնալ փաստարկի հիմքի վրա կառուցվող փոխըմբռնման պրակտիկաներ ձևավորելուն,
- հանրային միջավայրերում նոր դիսկուրսիվ պրակտիկաների կիրառումը կարող է նպաստել փոխելու հասարակությունում իշխանություն իրացնող ու ձևավորող սուբյեկտին: Ընտանեկան, թաղային հարևանական ազգարյունակացական կլանի անդամին, հակադրել քաղաքացուն՝ որպես իշխանություն իրացնող ու ձևավորող նոր սուբյեկտ:
Ինչպես սկզբում նկատեցի, Հայաստանում ներկայումս քաղաքացիական ակտիվության տիրապետող ձևը քաղաքացիական նախաձեռնությունն է: Սակայն ակնհայտ է, որ քաղաքացիական ակտիվության ոլորտում կան այնպիսի կարևոր խնդիրներ, որոնց իրագործումը վեր է քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության ձևաչափի հնարավորություններից: Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քաղաքացու ձևավորումը, հանրային միջավայրերի ձևավորումը, երկխոսության մշակույթի ձևավորումը, ռացիոնալ փաստարկի հիման վրա խոսքի փոխանակության կազմակերպումը դժվարությամբ են տեղավորվում քաղաքացիական նախաձեռնության ֆորմատում: Այս առումով, անհրաժեշտ է, որ քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին ձևավորել քաղաքացիական ակտիվության նոր ձևաչափեր, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել վերը նշված խնդիրները:
Նոր ձևաչափերի ձևավորումը հնարավոր չէ առանց համապատասխան մարդկային ռեսուրսների, ինչի համար կարևոր միջոցառումներից են կարողությունների ու հմտությունների զարգացման դասընթացները:
Ինչ վերաբերում է քաղաքացու ձևավորման առանցքային կարևորության խնդրին, ապա դրա համար միայն հանրային միջավայրերի ձևավորումը բավարար չէ: Անհրաժեշտ է հասարակական տեսանկյունից ազդու հանրային միջոցառումների իրականացում: Թե ինչպիսի՞ միջոցառումներ, կարելի է քննարկել հենց քաղաքացիական նախաձեռնությունների անդամների և ակտիվիստների տարբեր խմբերի հետ: Սակայն ակնհայտ է, որ քաղաքացու ձևավորումն այնպիսի կարևոր ու ընդգրկուն խնդիր է, որը հնարավոր չէ իրագործել քաղաքացիական նախաձեռնության ֆորմատում:Նման նպատակ իր առջև կարող է դնել քաղաքացիական շարժումը, ինչը շատ ավելի մեծ խնդիրներ կարող է լուծել, ընդհուպ մինչև քաղաքացու իրավունքների իրացմանը խոչընդոտող համակարգի փոփոխությունների իրագործումը:
Քաղաքացիական շարժմանը, անշուշտ, կարող են միանալ ինչպես անհատ քաղաքացիներ, այնպես էլ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ցանկանում են իրենց առջև դրված կոնկրետ նպատակների իրականացմանը զուգահեռ լուծել ավելի ռազմավարական բնույթի խնդրներ, ինչպիսին ասենք քաղաքացու ձևավորումն ու իշխանության սուբյեկտի փոփոխությունն է: Թե ինչպիսի կառուցվածքային մարմին կարող է ունանալ այդ շարժումը, դա հետագայի որոշելիք խնդիր է: Կարելի է պարզապես նկատել, որ այն կարող է կառուցված լինի հանրային միջավայրի ձևավորման սկզբունքով: Այն (հանրային միջավայրը) մի տեղ է, որտեղ կարող է ռացիոնալ փաստարկման հիման իրականացվել խոսքի փոխանակություն և հասնել փոխընբռնման, կոնսենսուսի: Վերջինիս նպատակը քաղաքացիական հասարակության սուբյեկտների կողմից իշխանության դիսկուրսներին ու պրակտիկաներին ալտերնատիվներ ձևավորելն ու փոխելն է, որոնք իվերջո կարող են հանգեցնել իշխանության իրականության փոփոխությանը և քաղաքացիականության հիմքի վրա նոր հասարակական իրականության կառուցմանը:
Կարևոր է նաև քաղաքացիական նշանների ռեպրեզենտացումը հանրայնորեն նշանակալի վայրերում և այդ վայրերի քաղաքացիականացումը: Այս առումով կարևոր միջոցառումներից կարող է լինել քաղաքացիական նշանների արտադրության ու դրանց ռեպրեզենտացման վայրերի ու ձևերի որոշակիացումը: Վայրի ու ձևի ընտրության համար կարևորը արդյունք ստանալն է: Եթե վայրն ու ձևը չեն նպաստելու որպեսզի մարդիկ ընկալեն ու յուրացնեն ռեպրեզենտացվող քաղաքացիական նշանները, ապա անհրաժեշտ կլինի դրանք անընդհատ փոխել, մինչև կգտնվեն առավել ընդունելի նշանային ձևերն ու վայրերը: Դրանք կարող են լինել շատ բազմազան: Սկսած, ասենք օրինակ, նկարների կամ քանդակների ներկայացումը, վերջացրած ֆիլմերի բացօթյա ցուցադրումները, փողացային ներկայացումները, սրճարանային կամ հրապարակային քննարկումները և այլն: Այստեղ սկզբունքային կարևորություն ունի մարդկանց ներգրավվման խնդիրը և իր կենցաղային ընտանեկանից դուրս հանրային ոլորտ մտնելը:
Քաղաքացիական շարժումների, նախաձեռնությունների և ակտիվիզմի այլ ձևերի զարգացման գործում առանցքային նշանակություն ունի գաղափարների, արժեքների հստակեցման և ինքնության ձևակերպման խնդիրը: Այս առումով Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները նույնպես զգալի անելիքներ ունեն: Մասնավորապես, կարևոր բացերից մեկը դա քաղաքացիական ոլորտում կոլեկտիվ ինքնությունների ձևավորման խնդիրն է: Քաղաքացիական շարժումները կամ նախաձեռնությունները դրանք կոլեկտիվ կամարտահայտմանն ուղղված գործողություններ են, որոնց նպատակը ցանկալի փոփոխությունների հասնելն է: Եթե կոլեկտիվ գործողություն իրականացնողները չունեն ձևակերպված ինքնություն կամ դա հստակ չէ, ապա դրա արդյունավետությունը չի կարող ազդու լինել:
Որպես հանրային միջավայրերի և քաղաքացու ձևավորման կարևոր տարածքներ կարող են ծառայել նաև սոցիալական նոր տեխնոլոգիաների միջոցով ստեղծվող վիրտուալ տարածքները: Այս առումով, դրանք նպաստավոր են քանի որ հիմնականում բաց են: Դրանց գործադրումը կարող է նպաստել ռացիոնալ փաստարկի հիման վրա խոսքի փոխանակման հանրային միջավայրերի ձևավորման գործընթացներ ներգրավել մարդկանց ովքեր, տարբեր պատճառներով ֆիզիկապես չեն կարող հայտնվել իրական տարածքներում:
Այսինքն, սոցիալական ցանցերը կարող են ծառայել քաղաքացու ձևավորման գործընթացին և քաղաքացիական շարժումը կարող է նաև իրականացնել նոր տեխնոլոգիաների կողմից ստեղծված վիրտուալ տարածքներում: Այս առումով պարզապես անհրաժեշտ է վիրտուալ տարածքում նույնպես պահպանել այն հիմնական պայմանները, որոնք խոսքի փոխանակումը վեր են ածում ռացիոնալ փաստարկման հիման վրա իրականացվող երկխոսության: Դրանք հետևյալներն են.
- քննարկման մասնակիցներից ոչ ոք չպետք է հեռացվի դիսկուրսից
- դիսկուրսի մասնակիցներից բոլորը իրենց խոսքը ներկայացնելու և ճշմարիտ ու արդար ճանաչվելու հավակնության հավասար իրավունքներ ունեն,
- մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի ընդունելու մյուսի արդար լինելու հավակնությունը
- մասնակիցների միջև իշխանության տիրապետման տարբերությունները պետք է չեզոքացվեն այնպիսի եղանակով, որ տարբերությունը չազդի կոնսենսուսի կայացման վրա,
- մասնակիցները պետք է թափանցիկ կերպով հայտարարեն իրենց նպատակները և ձեռնպահ մնան ստրատեգիական բնույթի գործողություններից: Կարևոր է նաև, որ չլինեն ժամանակային սահմանափակումներ (Habermas 1993. 31; Habermas 1990. 65-66 ).2
- Habermas J., Lennox S., Lennox F. 1974 The Public Sphere: An Encyclopedia Article. New German Critique, No. 3. (Autumn, 1974), pp. 49-55.
- Habermas J. 1990. Moral Consciousness and Communicative Action. Cambridge, Mass: MIT Press․Habermas J. 1993. Justification and Application: Remarks on Discourse Ethics. Cambridge, Mass: MIT Press․
Այս հոդվածը հատված է ավելի ամբողջական մի վերլուծության, որն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի» աջակցությամբ: Ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ՝ http://www.osf.am/wp-content/uploads/2014/05/Aghasi_Tadevosyan_Policy_Paper.pdf
Աղասի Թադևոսյանը, ծնված 1966 թվականին, ավարտել է Երևանի պետական Համալսարանի պատմության ֆակուլտետը: Մասնագիտությամբ մշակութային մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու: Զբաղվում է Հետխորհրդային Հայաստանի հասարակական ու մշակութային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Գիտական հետազոտությունների շրջագիծն ընդգրկում է նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացները: Ունի հրապարակած 11 մենագրութjուն, ավելի քան 40 գիտական հոդվածներ տեղական ու միջազգային գիտական հանդեսներում:
Դիտվել է 1009 անգամ