Այս հրապարակումով մենք ներկայացնում ենք քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությանն առնչվող որոշ խնդրահարույց հարցերի վերաբերյալ մեր կարծիքը՝ որպես տարբեր նախաձեռնությունների մասնակիցներ։ Մասնավորապես, ուզում ենք քննարկել «ակտիվիզմ» եզրույթի օգտագործման նպատակահարմարությունը, տարբեր նախաձեռնությունների գաղափարական և արժեքային հիմքերը, դրանց ձեռքբերումների և ձախողումների գնահատման չափանիշները։
«Ակտիվիզմ» եզրույթի թյուրըմբռնումը
Նախ անդրադառնանք մամուլում անվերջ շրջանառվող «ակտիվիստ» հասկացությանը։ Մի կողմ թողնելով բառի գիտական նշանակությունը և հանդես գալով հանրային կյանքում ակտիվություն դրսևորող մարդու դիրքից՝ ինչ-որ պահից սկսած մեր գործունեության ընթացում մենք մեզ այդ բառով անվանելը մտահոգիչ ենք համարել։ Մենք ինքներս մեր շփումներում, այդ թվում՝ լրատվամիջոցների հետ, խնդրում ենք մեզ որպես «ակտիվիստ» չներկայացնել, այլ՝ անհրաժեշտության դեպքում հանդես ենք գալիս որպես ինչ-որ նախաձեռնության մասնակից։ Պատճառները մի քանիսն են։ Կարծում ենք, որ բոլոր ակտիվ քաղաքացիներին «ակտիվիստ» անվանելը բացասաբար է ազդում քաղաքացիական հասարակական գործընթացների վրա։ Նախ՝ դա նրանց առանձնացնում է ընդհանուրից՝ նրանց կարծես դարձնելով ընտրյալներ ու հատուկ առաքելություն ունեցող անձինք, ումից երբեմն ակնկալվում է հերոսացում ու մարտիրոսացում: Այդ մարդկանց առջև, հաճախ սեփական պատասխանատվությունից խուսափելու մտայնությամբ, դրվում են պահանջներ, և նրանց պատվիրակվում են խնդիրներ, որոնց լուծման պատասխանատվությունն այդ մարդիկ չեն ստանձնել։ Դա խորացնում է տարածված այն թյուրըմբռնումը, թե «ակտիվիստն» այլ գործ ու զբաղմունք չունեցող մարդ է, ում մշտական աշխատանքն ու պարտականությունը հանրային նշանակության խնդիրներով զբաղվելն է։
Իրականում Հայաստանում հանրային դաշտում ակտիվ մարդկանց մեծ մասն, այդ թվում՝ մենք, ունենք մեր մասնագիտությունն ու աշխատանքը, որոնք կապ չունեն մեր հանրային գործունեության հետ և զբաղեցնում են մեր օրվա մեծ մասը։ Ինչպես յուրաքանչյուր մարդ, ունենք ընտանեկան, ընկերային, ֆինանսական պարտավորություններ։ Մինչ օրս մենք միջամտել ենք այն խնդիրներին, որոնց համար համարել ենք, որ կարող ենք պատասխատվություն ստանձնել՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները։ Մենք երբևէ չենք ստանձնել Հայաստանում առկա բոլոր խնդիրների լուծման պատասխանատվությունը, ավելին՝ միշտ շեշտում ենք հանրային կյանքում բոլոր քաղաքացիների մասնակցության կարևորությունը։ Կարծում ենք, սա վերաբերում է ոչ միայն մեզ, այլ հանրային ակտիվություն դրսևորող բազմաթիվ մարդկանց։ Հետևաբար՝ մեկ ընդհանուր «հայկական ակտիվիզմի» անվան տակ բոլորին նույնացնելն ու նրանցից բոլոր խնդիրների համար լուծում պահանջելը, դա չանելու կամ վատ անելու համար նրանց դատապարտելը, ճիշտ չենք համարում։ Մենք մեզ պատասխանատու ենք համարում այն կոնկրետ խնդիրների ուղղությամբ մեր կատարած քայլերի համար, որոնք բարձրաձայնել ենք և փորձ ենք արել լուծել։
«Ակտիվիստ» կոչումը նաև անուղղակիորեն սահմանափակում է իրենց «ակտիվիստ» չհամարող քաղաքացիների մուտքը հանրային դաշտ, ինչպես նաև պատասխանատվությունից ազատում է այն մարդկանց, ում առնչվում է այդ կոնկրետ խնդիրը։ Հաճախ «ակտիվիստներին» դիմում են լուծելու համար այս կամ այն խնդիրը, երբեմն նույնիսկ անձնական, որովհետև իրենք «ակտիվիստ» չեն։ Օրինակ, եթե որևէ բակի հարակից շենքերի բնակիչները բակը կառուցապատումից փրկելու հարց են ունենում, ապա դիմում են «ակտիվիստներին», փոխանակ ստանձնելու իրենց բաժին պատասխանատվությունը և լուծելու անմիջականորեն իրենց առնչվող խնդիրը։
Ավելին՝ բոլոր ակտիվ քաղաքացիներին մեկ ընդհանուր «կոչման» ներքո նույնացնելը թույլ չի տալիս հասկանալ քաղաքացիական խմբերի և անհատների միջև գաղափարական տարբերությունները, անհրաժեշտության դեպքում հեշտացնում է բոլորին միասին թիրախավորելը, որոշ դեպքերում՝ վարկաբեկելը։
Գաղափարախոսություն և արժեքներ
Իրականում մեզ ծանոթ քաղաքացիական նախաձեռնությունները համասեռ հանրույթ չեն, դրանք ձևավորվում են այս կամ այն խնդրի շուրջ նույն մտահոգություններն ունեցող մարդկանցից, ում դրդապատճառները և քաղաքագիտական գիտելիքները ևս տարբեր կարող են լինել։ Այդ մարդիկ շատ հաճախ ունեն տարբեր քաղաքական հայացքներ ու գաղափարախոսական կողմնորոշումներ, ոմանք կուսակցությունների անդամներ կամ համակիրներ են, ոմանք առհասարակ որևէ քաղաքական գաղափարախոսության կրողը չեն։ Օրինակ՝ Մաշտոցի պուրակում ի սկզբանե ներկայացված են եղել լիբերալներ, ձախեր, կանաչներ, ազգայնականներ կամ որևէ գաղափարախոսություն չունեցող մարդիկ։ Մեկ այլ, օրինակ, «Վճարում ենք հարյուր դրամ» նախաձեռնության դեպքում հազարներով մարդիկ են ներգրավված եղել, ինչի պայմաններում գաղափարական տեսակետից պարզապես անհնար է խոսել մեկ ընդհանրության մասին։ Այնուամենայնիվ, վերջին երկու-երեք տարում Հայաստանում աչքի ընկած մի շարք նախաձեռնությունների, օրինակ՝ Թեղուտի պաշտպանության, Մաշտոցի պուրակի, «Վճարում ենք հարյուր դրամ», «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարի» նախաձեռնությունների գործունեության ուսումնասիրությունը, դրանց հրապարակած տեքստերին և հռչակագրերին ծանոթանալը, թույլ կտա նկատել, որ դրանց հիմնական արժեքային առանցքները (որոնք ճիշտ են նաև մեր դեպքում) եղել են հանրային բարիքի (հանրային տարածքներ, հանրային հարստություն), սոցիալական արդարության և իրավունքի գերակայության գաղափարները՝ հակադրելով դրանք շահագործող, հարստահարող, ավտորիտար, անարդար համակարգին։ Դրա մասին վկայում են նաև մասնագիտական ուսումնասիրությունները։
Հանրային քննարկումներում «ակտիվիզմի» նմանատիպ թյուրընկալումների շարքում մեզ մտահոգեց մեդիաներում հնչող այն կարծիքը, որի համաձայն Հայաստանում կա միատարր «հայկական ակտիվիզմ», որի գաղափարախոսությունը նույնացվում է «քաղաքական վերնախավի հաճույքի գաղափարախոսության» հետ, ինչի հետ մենք համաձայն չենք։ Օրինակ, վերջերս հրապարակված մի հոդվածում1 որպես «ակտիվիզմի» հաճույքի գաղափարախոսության բնորոշիչ մեջբերվում է մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցի հետևյալ միտքը․ «Պետք է ապրել, հաճույք ստանալ, լինել երջանիկ, կողքից մասնակցել նաև հանրային կյանքին, շարունակական ինչ-որ բան փոխելու ակնկալիքով»։ Նախևառաջ՝ խոսքը մեջբերված է կիսատ։ Ամբողջական խոսքը հետևյալն է. «Համակարգ փոխելը դա մշակույթ փոխել է, իսկ մշակույթը դա տարիներ շարունակ պիտի աշխատես, որ ինչ-որ բան փոխես, երկար տարիների գործ ա դա, և դրան զուգահեռ պետք է ապրել, հաճույք ստանալ, լինել երջանիկ և կողքից նաև մասնակցել հանրային կյանքին շարունակական ինչ-որ բան փոխելու ակնկալիքով»։
Չնայած նշված միտքը չի եղել քաղաքացիական նախաձեռնություններից և ոչ մեկի գաղափարափախոսությանը վերաբերող հարցի պատասխան, ոչ էլ՝ երջանկության ընկալումների, այսինքն՝ համատեքստից դուրս է ներկայացված, կարծում ենք, որ մեջբերվածի ամբողջական խոսքից պարզ է դառնում, որ այդ խոսքերի հեղինակը՝ անձնականն ու հանրայինը համարում է փոխկապակցված՝ առանց մեկը մյուսին ստորադասելու։ Սակայն, մեկնաբանելով այդ խոսքը, բառին ընտրողաբար միայն մեկ նեղ իմաստ վերագրելը և բացասական հարանշանակությամբ կիրառելն աղավաղում է մտքերի իրական իմաստը։ Մյուս կողմից, այն հաճույքը, որի մասին խոսում է մեկնաբանողը սպառողական կամ ունենալու հաճույքն է, որի հիմքում տվյալ դեպքում զուտ նեղ անձնական շահն է` հարստանալու և հղփացած կյանք վարելու մոլուցքը։
Նորություն չէ, որ իշխանական օղակները, ավելի հեռուն գնալով, մեր դրդապատճառներին անհեթեթ բացատրություններ են տալիս, օրինակ բացատրում են «օրավարձով», այսինքն՝ անձնական ֆինանսական շահով։ Մեզ համար մտահոգիչ է այն, որ, փաստորեն, հանրության շրջանում ևս մեր գործունեությունը երբեմն արժանանում է մեր իրական դրդապատճառները չարտացոլող մեկնաբանությունների։
Երջանկություն և հաճույք
Այս թեման բարձրաձայնելը մեզ տվեց մեր արժեքների ու դրդապատճառների մասին լրացուցիչ մտածելու և վերլուծելու առիթ, որի արդյունքում ներկայացնում ենք մեր պատկերացումները հաճույքի և երջանկության վերաբերյալ։ Մենք չենք տեսնում մեր անձնականի և հանրայինի միջև որևէ հակադրություն, ավելին՝ անձնական ու հանրային երջանկության և հաճույքի բաժանումը համարում ենք արհեստական։ Մենք պայքարում ենք մեր պատկերացմամբ հանրային բարիքի, բարեկեցության և երջանիկ միջավայրի ստեղծման համար։
Վերլուծելով այն անհարմարությունները և տհաճությունները, որոնք հաճախ կրել ենք ինչ-որ խնդրի համար պայքարելիս, օրինակ, առողջական վնասները, ոստիկանության բռնությունները, այդ թվում՝ մեզ և մեր ընտանիքի անդամներին հետապնդելը, երբեմն ահաբեկելու փորձերը, մշտական ձգձգվող դատական գործընթացները, սեփական միջոցների հաշվին արվող ծախսերը, աշխատանքը կորցնելու վտանգը, արձակուրդը և ազատ ժամանակը պայքարին հատկացնելը, ամիսներ ձգվող նստացույցերը՝ հաճախ գիշերը և ձմռան սառնամանիքին, մենք գիտակցեցինք, որ իրականում հաճույք ստանում ենք մեր անհատական ու կոլեկտիվ, ստեղծագործ աշխատանքից, դրա հանրօգուտ արդյունքներից ու մեր գաղափարները կյանքի կոչելուց։ Մենք չենք ընկալում անձնական երջանկությունն ու հաճելին անարդար, անհավասար, անհարմար միջավայրում, երբ քո կողքի մարդիկ դժբախտ և ճնշված են։ Միևնույն ժամանակ, նկատել ենք, որ առավել արդյունավետ հանրային գործունեություն ենք ծավալում, երբ մեր անձնական կյանքում հանգիստ ու երջանիկ ենք, որովհետև հանրային դաշտ կարողանում ենք բերել դրական լիցք և ստեղծագործականություն։ Այսինքն մեզ համար չկա կոպիտ սահման անձնականի ու հանրայինի միջև, մենք ձգտում ենք ներդաշնակության։
Հանրային գնահատականի վերանայում
Ուզում ենք անդրադառնալ նաև քաղաքացիական խմբերի գործունեության գնահատման չափանիշներին։ Տարածված միտում է. նախաձեռնությունները գնահատել ըստ դրանց կոնկրետ տեսանելի հաջողության կամ ձախողման, օրինակ, Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժումը դիտվում է որպես պարտություն։ Սակայն, ըստ մեզ, բարդ ու բազմաշերտ գործընթացները բինար հակադրությունների միջոցով գնահատելը՝ հաղթանակ-պարտություն, հաջողության հասնել-տապալվել, անձնական-հանրային, հնարավորություն չի տալիս խորանալ և հասկանալ բարդ հասարակական հարաբերությունները և դրանց շերտերը։
Օրինակ, Մաշտոցի պուրակում զուտ կրպակների կառուցման կանխումը որպես պայքարի հաղթանակ դիտարկելը պարզունակացնում է և թույլ չի տալիս տեսնել դրա ձախողումները (օրինակ, արդարադատության և պատասխանատվության ինստիտուտի չձևավորելը, հանրային տարածքների քաղաքականության մեջ համակարգային փոփոխությունների չհասնելը) և հաջողությունները (հանրային ոլորտը զարգացնելը, հանրային տարածքները և սեփականությունը մասնավորին ստորադասման խնդիրները հանրային օրակարգ բարձրացնելը և այլն)։
Մեկ այլ օրինակ։ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը քայլեր ձեռնարկելով հանքարդյունաբերության ոլորտում քաղաքականության փոփոխությունների, իրավական բարեփոխումների, տնտեսվարման նոր մոդելների ստեղծման ուղղությամբ, դեռևս չի կարողացել դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ հանքարդյունաբերության խնդիրը պարզապես Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակով պայմանավորված տեղային խնդիր չէ։ Այն համաշխարհային տնտեսական և քաղաքական վերազգային շահերով պայմանավորված բարդ շղթայի մի օղակ է, որի ամբողջական լուծումը դժվար է պատկերացնել միայն քաղաքացիական նախաձեռնության ջանքերով ու պահանջում է համատեղված ջանքեր։ Հետևաբար՝ նախաձեռնության հաջողությունները քաղաքական, տնտեսական և իրավական դաշտերում կարող են այդքան էլ ակներև չլինել խնդրի բարդության ու ծանրության պատճառով, պահանջում են ավելի խորքային ուսումնասիրություն։
Մեր գնահատմամբ քաղաքացիական նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Վճարում ենք հարյուր դրամ» նախաձեռնության, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Մաշտոցի պուրակում հանրային, բաց քննարկման հարթակի ստեղծումն էր, որը մինչ օրս մշտապես օգտագործվում է տարբեր նախաձեռնությունների և քաղաքական ուժերի կողմից։ Այս հարթակը տալիս է հանրային փաստարկված երկխոսության և ընդհանուր հանրային կարծիքի ձևավորման հնարավորություն հավասարության և հորիզոնականության պայմաններում՝ հակադրվելով իշխող ավտորիտար, ուղղահայաց, բացառող հարաբերություններին։
Այս բոլոր օրինակները ցույց են տալիս, որ տարբեր նախաձեռնություններ հանրային դաշտում շարունակաբար ստեղծում են հարաբերվելու և իշխանության իրացման նոր, ժողովրդավարական պրակտիկաներ՝ նպաստելով խորքային մշակութային փոփոխություններին։ Այդ փոփոխությունները հասկանալու համար կարիք կա իրականացնել վերջին քսանհինգ տարում բոլոր նախաձեռնությունների մասնագիտական հետազոտություններ։ Կարծում ենք արդյունավետ կլինի այս հարցերի շուրջ անցկացնել առերես քննարկումներ, մեկս մյուսի դիրքորոշումն ավելի ճիշտ պատկերացնելու և տարբեր հասկացությունները ճշգրտելու համար։
- Վահան Իշխանյան, Հայկական ակտիվիզմ. «երջանիկ լինես», http://www.tert.am/blog/?p=11283 :
ՀԳ. Առաջարկում ենք ծանոթանալ քաղաքացիական նախաձեռնությունների վերաբերյալ կատարված հետևյալ հետազոտություններին:
- Աղասի Թադևոսյան, Քաղաքացիական նախաձեռնությունները եվ նոր տեխնոլոգիաները հայաստանում http://www.osf.am/wp-content/uploads/2014/05/Aghasi_Tadevosyan_Policy_Paper.pdf
- Արմինե Իշխանյան, Civic Society, Development and Environmental Activism in Armenia http://eprints.lse.ac.uk/54755/1/Ishkanian_Civil_Society_Development_Enviromental_Activism_America_2013.pdf
- Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ, Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը. անավարտ http://organize-now.am/am/2012/12/09/3507/
- Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ, Վերլուծական. Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն http://organize-now.am/am/2012/11/12/3476/
- Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ, Վերլուծական. Պահպանենք Թռչկանի ջրվեժը http://organize-now.am/am/2012/11/12/3461/
Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ծնված 1987 թվականին, ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության բաժինը: 2010 թվականին ավարտել է Կանադայի ՄակԳիլլի համալսարանի իրավաբանության մագիստրոսական ծրագիրը: 2010-ին Գայանե Մելքոմ Մելքոմյանը մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: Նա մասնակցել է 2012 թ. Մաշտոցի պուրակի պաշտպանության նախաձեռնությանն ու քաղաքացիական օրակարգի ստեղծմանը:
Ռուզաննա Գրիգորյանը, ծնված 1982 թվականին, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: 2008 թվականից աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնում որպես գիտաշխատող և ծրագրի համակարգող: 2012 թվականից ակտիվորեն մասնակցել է սոցիալական փոփոխությունների միտված տարբեր քաղաքացիական գործողությունների և հարթակների ձևավորմանը:
Դիտվել է 1189 անգամ