Էռնեստո Չե Գևարան ծնվել է 1928 թ. Արգենտինայի Ռոզարիո քաղաքում: Նրա ընտանիքը դասվում էր երկրի հին ավանդական ազնվականների խավին: Սակայն ծնողներն առանձնապես հարուստ չէին և բոհեմը լքողների թվին էին պատկանում: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նրանք անցան հանրապետության և ձախերի կողմը: Էռնեստոյի վաղ մանկությունից երկու տպավորիչ հիշողություն է մնացել: Դեռ երկու տարեկան հասակում նա ունեցավ իր առաջին ասթմատիկ նոպան: Նա ամբողջ կյանքի ընթացքում ստիպված էր դեղորայքի և մարմնամարզության միջոցով պայքարել այդ հիվանդության դեմ: Բացի այդ, նաև այդ հիվանդության պատճառով նա չափազանց սերտ կապվեց իր մոր՝ Սելիայի հետ:
Չկա մեկ այլ հեղափոխական, որը մինչև օրս ոչ միայն ձախ շարժումների հերոս է համարվում, այլ նաև որին երկրպագում են փոփ աստղի պես՝ օգտագործելով նրա նկարը որպես ազատության և քաջության խորհրդանիշ:
2-րդ համաշխարհային պատերազմից հետո 50-ականներն առանձնացան ամբողջ աշխարհում գաղութատիրական համակարգերի դեմ պայքարով: Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներ ձգտում էին ապագաղութացման: Այդ նորանկախ երկրների շատ լիդերներ իրենց սոցիալիստ էին անվանում, քանի որ անկախությունը համարում էին առաջին քայլը, որից հետո անհրաժեշտ էր տնտեսական քաղաքականության միջոցով ազատվել կախվածությունից ու թերզարգացումից կամ զանգվածային աղքատությունից: 1945 թ.-ից հետո ԱՄՆ աջակցում էր նման հակագաղութատիրական շարժումներին, սակայն 60-ականներին Վիետնամում վերջնականապես կորցրեց վստահությունն իր հանդեպ՝ չնայած դեռևս 19-րդ դարից սկսած սեփական «ետնաբակում»՝ Լատինական Ամերիկայում կայսերապաշտական քաղաքականություն էր վարում:
Հեղափոխության նախադրյալները
1902 թվականի անկախացումից ի վեր Կուբան գտնվում էր ծայրահեղ կախյալ վիճակում ԱՄՆ-ից: Երկրում ծայրահեղ աղքատություն էր տիրում: Գյուղատնտեսական հողերի 70 տոկոսը գտնվում էր խոշոր սեփականատերերի ձեռքում: Այդ ոլորտի 800 000 աշխատողները չունեին սեփական հողատարածք: Հատկապես 20-ականներին մեծացավ ԱՄՆ կապիտալի ազդեցությունը՝ տիրելով Կուբայից շաքարի արտահանման մեծ մասին: Ամերիկյան ընկերություններին էին պատկանում ծխախոտային ընկերությունները, երկաթուղին, էներգետիկ համակարգը, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտը: Իր բազմաթիվ կազինոներով և հասարակաց տներով Կուբան դարձել էր ԱՄՆ արևելյան ափի զվարճանքի կենտրոնը և գրեթե ԱՄՆ-ի գաղութը:
Մեծ էր ԱՄՆ ռազմական ներկայությունը: Մինչ այժմ էլ ԱՄՆ շահագործում է 99 տարով վարձակալած Գուանտանամոյի ծոցում գտնվող ռազմաբազան: Մինչև դարի կեսերը Կուբան աչքի էր ընկնում կեղծվող ընտություններով, կոռուպցիայի բարձր մակարդակով և մշտական կոնֆլիկտներով, ինչի պատճառով ԱՄՆ ժամանակ առ ժամանակ ներխուժում էր կղզի կարգուկանոն հաստատելու նպատակով: Գյուղատնտեսական և հանքային պաշարների արտահանման արդյունքում հարստանում էին տեղի էլիտաները և օտարերկրյա կոնցեռնները, որոնց շահույթները հոսում էին դեպի մետրոպոլիաներ: Այդպես ձևավորվել էր հարուստ կոմպրադորների, [1] ազդեցիկ մոնոպոլիստների և մեծ հողատերերի քաղաքական և սոցիալական կոալիցիա, որը շահագրգռված էր նշված ֆեոդալական-շուկայական կարգերի պահպանմամբ:
Մի կողմից համարվում է, որ հեղափոխության համար բավարար պատճառ կարող են հանդիսանալ հասարակության հակասությունների խորացումը և կազմակերպման ընդունակությունը, իսկ մյուս կողմից էլ կարևոր է կամավորական ներուժը: Շատ հաճախ պատմության մեջ հեղափոխության հերոսները այդ հեղափոխությունների զոհ են դառնում: Այս փաստը կապվում է այն հանգամանքի հետ, որ հեղափախություն իրականացնելը և երկրի իշխանությունը ստանձնելը բոլորովին տարբեր մարդկային հատկանիշներ են պահանջում:
Հեղափոխականի ճանապարհը
1947 թ.-ին Չե Գևարան սկսեց բժշկություն ուսանել Բուենոս Այրեսում և 1953-ին ավարտեց պաշտպանությամբ: Դեռևս ուսման տարիներին ճամփորդում էր Հարավային Ամերիկայում: [2] Որպես բժիշկ հետաքրքրվելով հիվանդությունների հիմնախնդիրներով՝ նրա ուշադրությունը գրավեց ծայրահեղ աղքատության, հիվանդությունների տարածման կապը այդ երկրներում օլիգարխների ծայրահեղ հարստության հետ: Բացի այդ, նա նկատեց, որ ԱՄՆ քաղաքականությունը, պաշտպանելով ամերիկյան մեծ ընկերությունների շահերը, մեծապես նպաստում է այդ օլիգարխիկ ռեժիմների պահպանմանը, որոնք իրենց հերթին պաշտպանվում էին ճնշողական պետության կողմից:
Չե Գևարան ավելի ցայտուն քաղաքական կողմնորոշում ձեռք բերեց 1954-1956 թթ. Գվատեմալայում, հատկապես երբ առնչվեց առաջին խոշոր կոնֆլիկտային իրավիճակի հետ: Երկրի դեմոկրատական եղանակով ընտրված նախագահ Արբենցը 1952-ին որոշեց ագրարային բարեփոխում անցկացնել, որն ուղղված էր մեծ հողատարածքներ ունեցող օլիգարխիայի (բնակչության 2 տոկոսը տիրում էր հողային պաշարների 70 տոկոսին), ինչպես նաև ամերիկյան United Fruit Company ընկերության շահերի դեմ: Ըստ այդմ, ընկերությունները պետք է կրկնապատկեին աշխատողների աշխատավարձը: Բացի այդ ընկերությունները զրկվեցին իրենց պատկանող, բայց չօգտագործվող հողերի մի մասից: Հետևում է ԱՄՆ խիստ բացասական արձագանքը: Ամերիկյան զորքերը ներխուժում են Գվատեմալա: Արդյունքում տեղի է ունենում իշխանափոխություն, իսկ նշված օրենքը կրկին չեղյալ է համարվում:
Իր կնոջ՝ պերուացի Հիլդայի շնորհիվ Չե Գևարան շատ էր շփվում ձախ շրջանակների հետ: Գվատեմալայի հեղաշրջումից հետո նա տեղափոխվում է Մեքսիկա, որտեղ ծանոթանում է բազմաթիվ կուբացիների՝ այդ թվում Ֆիդել Կաստրոյի հետ, որոնք վերստին ապստամբություն էին նախապատրաստում Կուբայում: 1956թ.-ին նավով 82 հեղափոխականներ մեկնում են Կուբա և միայն բարեբախտության շնորհիվ կարողանում են դիմագրավել ամերիկյան օդուժի հարվածներին ու ծովի փոթորիկերին՝ հասնելով կուբայական ափ: Այստեղ գյուղական բնակավայրերի բնակչության աջակցությամբ սկսվում է դաժան պարտիզանական պատերազմ դիկտատոր Բատիստայի ռեժիմի դեմ: 1959 թվականի հունվարի 2-ին ապստամբները գրավում են Հավանան և տիրում իշխանությանը:
Ըստ Չե Գևարայի և Ֆիդել Կաստրոյի, հեղափոխականի պարտքն է չսպասել, որպեսզի հասունանա այն սոցիալական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը, որի արդյունքում կարելի է հեղափոխություն իրագործել, այլև սեփական ձեռքերով նախաձեռնել և ավարտին հասցնել հեղափոխությունը: Չե Գևարան 1963-ին գրեց «Պարտիզանական պատերազմ» գիրքը, որը պետք է որպես ուղեցույց ծառայեր հեղափոխականների համար: Ըստ այդմ, հեղափոխական պայքարի կիզակետը և հենակետը պետքէ միշտ լինի գյուղական ռեգիոններում: Այդ տեսության զոհը դարձավ ինքը՝ Չե Գևարան, որը 1967 թվականին Բոլիվիայում պարտիզանական պատերազմում գերի ընկավ կառավարական զորքերին և այնուհետև սպանվեց: Հենց այդպիսի մահը անմահացրեց նրան՝ դարձնելով հետագա սերունդների համար պայքարի ոգեշնչման խորհրդանիշ և հերոս: Չե Գևարայի առասպելը մինչև օրս էլ թևածում է աշխարհով մեկ՝ ամենուր, որտեղ սոցիալական շարժումներ և արժանապատիվ աշխատանքի համար պայքար է ծավալվում: Հարավամերիկյան սոցիալիստ ղեկավարները մեծարում են նրան որպես վայրի կապիտալիզմի դեմ պայքարող հերոս: Չե Գևարայի նկարը հատկապես 60-ականներից հետո երիտասարդների անբաժանելի խորհրդանիշն է:
- Կոմպրադորական կապիտալ է անվանվում օլիգարխիկ կապիտալի այն հատվածը, որը գործում է արտաքին առևտրի ոլորտում և սեփական երկրում ներկայացնում է օտարերկրյա կապիտալի շահերը:
- Դեռ երիտասարդ տարիներից Չե Գևարան շատ էր կարդում: Իր ուսապարկում մշտապես գրքեր էր պահում. համաշխարհային գրականություն, մարքսիստական աշխատանքներ և այլն:
Դիտվել է 3583 անգամ